AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5326, Տպվել է` 373, Ուղարկվել է էլ.փոստով` 218

ԽԱՉԱԳՈՂ 38

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Շաբաթը սկսվեց անձրեւով: Գիշերը փակված երկինքը կտրվելու հույս չէր տալիս: Գետինը դեռ պինդ էր, ցեխի չէր վերածվել: Եվ մենք չէինք վախենում թրջվելուց, ամռան տված տաքությունը շատ ամուր էր:

Դարձյալ սովխոզի տանն էինք: Կեսօրին Սաքոն փող բերեց, ստացել էր ավտոպարկից եւ սովխոզից, յուրաքանչյուրիս` 500 եւ 300:

- Բաժանում եմ, որ չխառնեմ գյուղտեխնիկայի փողի հետ,- ոչ առանց պարծենկոտության ասաց,- գնացողների փողը պիտի հավաքենք... Առարկող չկա, չէ՞...

- Չէ, դե, մարդիկ աշխատել են,- ասաց Ռազմիկը:

Սաքոն շարժվեց, բայց մի քանի քայլից վերադարձավ:

- Չէի ուզում ասել... Վարդանին են բռնել, բանտում է...

- Մեր Վարդանի՞ն,- վեր թռավ Ռազմիկը,- որտե՞ղ...

- Երեւանում... Կնկա մասին վատ բան էր իմացել, դրա համար գնաց... Խփել է դանակով, սպանել...

Սաքոն իբր թե վատ լուր էր հաղորդում, բայց պակաս հաճույք չէր զգում, ինչ փող բաժանելիս: Նա գնաց: Վերջերս էինք գյուղտեխնիկայի կանանց կատակներից իմացել, որ Սաքոն ամեն օր խոսում է կնոջ հետ: Չէր հասնում փոստատուն, գրասենյակից էր զանգահարում, ընդ որում տարբեր ժամերի:

Երեքով նստած ծխում էինք, Փայլակն էր չծխող, կալ էր պատրաստում:

- Կյանքն ինչ է բերում մարդու գլխին,- ասաց Ռազմիկը,- գնաց, կորավ... Ով իմանա իր ճակատագիրը, թող գլուխ գովի:

Դավիթը մտքի մեջ էր:

- Ռազ,- հարցրեց,- քո կարծիքով ինչքա՞ն կլինի գնացողների փողը:

Ռազմիկը գլուխը տարուբերեց, կարծես գնացողների արածն առջեւը դրված էր եւ աչքերով պիտի չափեր:

- Մոտ հինգ հարյուր,- վերջապես որոշեց,-- Ոսկանին ու Կամոյին էլ պիտի մի բան տանք:

Դավիթը շարունակեց հաշիվը,- երեք հոգունը` 1500 ռուբլի, հինգ հոգով որ հավաքենք, ամեն մեկս` 300: 500 մնում է: Գյուղտեխնիկայից ոնց էլ լինի, հազար կստանանք, չէ՞... Օգոստոսին հազար հինգ է լինում,- ինքն իրեն չհավատաց Դավիթը,- ուր է, թե սկզբից գործը կպներ,- ապա դիմեց ինձ,- Արամ ջան, ինչքա՞ն ենք ստացել:

Այնքան էի ասել, որ անգիր գիտեի.

- Մայիսին` 600, հունիսին` 870, հուլիսին` 1000, չհաշված մասնավոր գործերը:

- Ընդհանուրն, ուրեմն, 2500, գումարած 1500, 4000: 1500 էլ ասենք թե սեպտեմբերին` 5500: Մի հազար հոկտեմբերին չե՞նք հասցնի... Նոյեմբերին էլ որ մնանք...

- Հոպ, հասանք,- ձեռքով արեց Ռազմիկը,- ելանք, ցեխ բեր, թե չէ դու մինչեւ Նոր տարի մեզ կպահես խոպանում:

Աշխատանքը չշեղեց Դավթին:

- Ուրեմն մարդ պիտի խոպան գա օգոստոսին,- հայտարարեց նա,- համ քիչ ես աշխատում, համ փողն է շատ...

- Հա,- հեգնանքով հաստատեց Ռազմիկը,- գաս, նստես ուրիշի արածի վրա...

Փայլակի՞ն էր ակնարկում, որն այդ պահին ցեխ էր բերում նրա համար: Փայլակը չլսելու տվեց, ինչպես ասում են` իրեն էշի տեղ դրեց: Նա էլ պակաս ուրախացած չէր:

Ճաշը միշտ խթանում է ոգեւորությունը: Այդ օրը արտակարգ գործ եղավ, թաց եղանակն ամենեւին չէր խանգարում, երկուսս էլ եռանդով էինք աշխատում:

Եթե Սաքոն խելացի գործարար լիներ, ավելի մեծ եկամուտ կստանար մեր այդպիսի ոգեւորված աշխատանքից, քան թե խաբեաբար վերցներ գումարից: Բայց ո՞վ գիտեր, թե չէր վերցրել սովխոզի կամ ավտոպարկի փողից... Կամ մի՞թե պակաս ոգեւորությամբ էինք աշխատում հունիսին, հուլիսին:

Այդ օրը Սաքոն գյուղտեխնիկայից աշխատավարձ չէր ստացել, որովհետեւ մենք պիտի ստորագրեինք, ստանայինք: Սա էլ նորություն էր:

- Իսկ ինչքա՞ն է,- չհամբերեց Դավիթը:

- Առավոտյան կստանանք, կիմանանք,- խուսափեց բրիգադիրը,- Արամի փողը պիտի մենք ստանանք: Ինչի՞ համար անզավակության հարկ տանք:

Առավոտյան մնացինք գյուղտեխնիկայում, բայց ոչ պարապ: «Վիլիսների» համար գարաժ էինք սարքելու, գիտեինք այդ գործի մասին, տեղանքը մաքրեցինք: Ես էքսկավատորի աշխատանքին էի հետեւում, մինչեւ վերադարձան գրասենյակից: Նկատելի էր դեմքերին ուրախությունը: Տվեցին ինձ 900 ռուբլի, գնացողների փողն արդեն վերցրել էին: Երեկոյան Սաքոն էլ 500 առաջարկեց, եւ այդքանՙ Ոսկանին ու Կամոյին միասին:

Օգոստոսի փողը կազմեց 1700 ռուբլի: Երկու օր առաջ անհավատալի կթվար: Գուցե «Պրավդայի» հոդվածն էր նպաստելՙ հակառակ մեր մտավախությանը, կամ Չուլկինի պաշտոնանկությունը:

Այդ օրն ավելի շատ գործ արեցինք:

Հաջորդ օրը շարունակեցինք նույն ոգեւորությամբ: Հավանաբար սովխոզի տունն ավարտին հասցնեինք, նոր տեղափոխվեինք: Ավտոպարկում դեռ գործ ունեինք, գյուղտեխնիկայի գարաժը ձեռնարկեցինք... Այդպես մինչեւ հոկտեմբեր Անտառային չէինք վերադառնա: Հորդառատ անձրեւն էր հույսս, սակայն եղանակը բացվեց: Այս մի քանի օրվա անձրեւոտ եղանակը սոսկ նախազգուշական կրակոց էր, թե քիչ մնաց, հարկավոր է նորից արագացնել: Սաքոն էլ էր այդ կարծիքին: Հիմա նա օրվա ընթացքում հինգ-վեց ժամ աշխատում էր մեզ հետ, թեեւ միշտ գանգատվում էր ստամոքսի ցավերից, չէր կարողանում կարգին ուտել:

Ոչ միայն արագացրել էինք, այլեւ աշխատանքային օրն էինք ընդլայնել, տանն էինք թեթեւակի նախաճաշում: Նույնիսկ խոսակցություն բացվեց կիրակի օրն աշխատելու մասին: Շունչս պահեցի: Դավիթն էր առաջարկողը, որը միշտ կիրակու պահանջատեր էր: Օգոստոսի 1700 ռուբլին բացել էր ախորժակը: Ռազմիկը համաձայն չէր, ըստ երեւույթին նույնպես ժամադրված էր:

- Գոնե շարքը պրծնենք,- պնդեց Դավիթը:

- Շարքը կպրծնենք... Ի՞նչ կասես, վարպետ Արամ,- մեծարեց ինձ Ռազմիկը,- երկու օրում չե՞նք պրծնի...

Մեր շահերը համընկնում էին:

- Իհարկե կպրծնենք,- գոռոզացա,- վաղը ժամը չորսին պրծած ենք, եթե ցեխ ու քար հասցնեն...

- Հասցնե՞ն,- փնչացրեց Դավիթը,- լսեցի՞ր, Փայլակ:

Փայլակը սպառնագին գլխով արեց,- ես ցեխը կտանեմ, եթե չշարեց, գլխին եմ լցնելու...

Մինչ նրանք կալը կպատրաստեին, ես ու Ռազմիկն աղյուս լցրեցինք ներս: Միջնորմներն էինք շարում: Ապա ծխեցինք, որպեսզի մինչեւ ճաշ այլեւս չկանգնենք: Ահավոր արագություն էր, իսկ արագությունն ինձ միշտ ստիպում է ի մի բերել բոլոր ուժերը: Ճաշից հետո Սաքոն աշխատեց, առանձնապես գործ չէր անում, համենայն դեպս մի պատ մեջտեղից վերացրեց: Երեկոյան պարզ էր, որ իմ պատահաբար նշանակած ժամկետից շուտ կավարտենք շարքը:

- Գժի պես շարում է,- Դավթին գանգատվեց Փայլակը, որն ամբողջ օրը վազքի մեջ էր,- մի հոգի մենակ ցեխ հասցնի հազիվ... Էդ քո շնորհքը չէ, Արամ, չիմանաս, ֆիզկուլտի դասատուն է թռցնում քեզ...

Հունիսյան օրվա գործ էր ստացվել:

Շաբաթ օրը հանգիստ էինք աշխատում, ճաշից հետո շարքը վերջացրինք եւ անմիջապես անցանք սվաղի: Եթե ավելի ուշ վերջացնեինք շարքը, շուտ բանթող կանեինք, այսպես ձգվեց մինչեւ ութը: Ինչքան էլ ջանայինք երկար աշխատել, ութից հետո չէր ստացվում, ամռան օրերը չէին, մենք էլ առաջվանը չէինք:

Շտապելու տեղ չունեի, հազվադեպ շաբաթ երեկոներից մեկն էր, որ տանն էի մնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.