AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5657, Տպվել է` 461, Ուղարկվել է էլ.փոստով` 237

ԽԱՉԱԳՈՂ 39

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Տենդագին շտապողականությունը առավոտյան էր համակել ինձ: Ժամը տասին դուրս եկա, դրանից շուտ անիմաստ էր, այդքան էլ հազիվ դիմացա: Գրպաններումս ամեն ինչ տեղում էր, բացի դանակից, մնաց Ինային նվեր: Դանակի փոխարեն այս անգամ աքցան էր:

Եթե Փայլակը տեսներ, թե ինչպես եմ սլանում բանջարանոցների արանքներով, կհասկանար, որ ես շարելիս կամ սվաղելիս իմ բոլոր ունակությունները չեմ դրսեւորել: Շուտ էի գնում, որ մինչեւ Ինայի գալը ապակին գցեի, բայց եկել էր, մայթն էր ավլում: Նրան տեսնելու ամեն մի պահը տպավորվում էր, ալբոմի պատկերներն էի ավելացնում: Ավելը ձեռքին, թեթեւակի կորացած, ծնկները փոքր-ինչ ծալած, ջինսի մեջ թեթեւ ու նրբագեղ, ինքն էլ ոսկեգույն աշնան մի մասնիկ, ժպտուն հայացքով ինձ էր սպասում, մինչեւ արագորեն մտա բակ եւ մոտենալով գրկեցի:

- Կամա՜ց,- ծիծաղեց նա,- արդեն չե՞ս վախենում, որ կտեսնեն փողոցից:

Զննել էի շրջակայքը, փողոցում մարդ չէր երեւացել, բակն էլ փակ, ամփոփ տեղ էր:

Երբ համբուրում էի, ձեռքը կպավ գրպանիս: Այդ ստուգիչ շարժումը սովորություն էր դարձրել:

- Սա ինչ է,- զարմացած ասաց աքցանը հանելով,- դանակի փոխարե՞ն ես պահում:

- Բերել եմ մեխերը հանելու համար:

- Այս տանը մի գործիք չէ՞ր ճարվի: Մտնենք ներս, թե չէ հիմա ամբողջ գյուղը կհավաքվի:

Ապակին կար նույն չափով, հանեցի Ինայի դրած ստվարաթուղթը, չորացած մածիկը քերելը եւ շրջանակը մաքրելը որոշ ժամանակ խլեցին: Շուտով բոլոր գործերը ավարտեցինք միասին: Ինան բետոնի ժամանակ համեստ էր, բայց այսօր ցուցումներ էր տալիս: Դա ինձ չէր խանգարում, առիթ էր, որ երբեմն գրկեմ կամ համբուրեմ, իսկ ապակին գցելուց հետո լիովին դրան նվիրվեցի: Կարծես այնքան էլ պատրաստակամ չէր:

- Չե՞ս կարող հանգիստ մնալ,- ի վերջո նախատեց ինձնից պոկվելով:

- Կարող եմ,- պատասխանեցի սառած,- եթե քեզ համար տհաճ է:

Կարճ ծիծաղեց:

- Ավելին,- շարունակեցի,- խոստանում եմ քեզ ձեռք տալ, երբ ինքդ խնդրես:

- Ե՞ս... խնդրե՞մ,- Ինան լրջացավ:

- Չես խնդրիՙ ձեռք չեմ տա... Դե, սիրելիս, ինչպե՞ս են անցնում դասերը:

- Լավ, կարգավորվում է ամեն ինչ,- ընդունել էր պայմանը եւ մտել խաղի մեջ:

- Կուզենայի դասիդ ներկա լինել, չի՞ կարելի մի անգամ:

- Արի, խնդրեմ:

Կատակ էր համարում, բայց շարունակությունը վախեցրեց նրան:

- Բելիկովին կասեմ, որ ուսուցիչ եմ աշխատելու եւ փորձի փոխանակման համար ուզում եմ այստեղ հետեւել որոշ առարկաների դասավանդմանը:

Ինան գիտեր, որ անհեթեթ գաղափարները կարողանում եմ մոտեցնել իրականությանը, օրինակՙ տատի տունը գնելու հնարավորությունը: Իսկ սա ավելի հեշտ էր իրականացնել:

- Հանկարծ չանես,- անկեղծորեն վախեցավ,- ես չեմ կարողանա քո ներկայությամբ նայել աշակերտներին:

Եթե չէինք համբուրվում, պիտի ինչ-որ բան անեինք: Տեղավորվեցի թախտի վրա, կիսահենված, Ինան մոտեցավ, բայց միտքը փոխեց եւ նստեց աթոռին:

- Ի դեպ, Բելիկովը դպրոցից գնում է շրջկոմ, երկրորդ քարտուղար: Նա առաջ էլ էր շրջկոմում աշխատում, նույնպես երկրորդ: Այս անգամ, խոսում են, առաջին են դարձնելու: Կենտրոնում ճանաչված է նա:

- Բառնաուլո՞ւմ:

- Այո, եւ Մոսկվայում կապեր ունի:

- Նա ինչպիսի՞ մարդ է:

- Արդար է եւ բծախնդիր, բայց արդար է իր պատկերացրած արդարությամբ: Բացառված չէ, որ դա ուրիշներին անարդարություն թվա: Համենայն դեպս, շատ զուսպ է, կիրթ, կարողանում է լսել:

- Նրան դպրոցում սիրո՞ւմ են:

- Ուսուցիչները վախենում են, աշակերտները սիրում են:

- Իսկ քե՞զ:

- Ինձ առայժմ զննում են: Գրեթե բոլոր ուսուցիչներին ճանաչում էի, բայց հիմա նոր հարաբերություններ են, կարծես ուրիշ մարդիկ լինեն:

- Աշակերտները... տղաները քեզ ուրիշ հայացքով չե՞ն նայում:

- Անձնական փորձի՞ց հիշեցիր:

- Այո: Երբ նոր ուսուցչուհի էր գալիս, նորավարտ եւ գեղեցիկ, մենք մանրամասնությամբ քննարկում էինք նրա կազմվածքը:

- Իսկապե՞ս... մի՞թե ինձ էլ են այդպես նայում... Մի քանիսն ուղղակի հանդուգն տեսք ունեն, ինձնից բարձրահասակ տղաներ կան... Չէ, չեմ կարծում, կզգայի երեւի: Մաքուր, անմեղ երեխաներ են, քո աչքերով մի նայիր...

- Ուրեմն դու չգիտես այդ տարիքի տղաներին... Ինչպե՞ս կարելի է ամեն օր տեսնել քեզ, շփվել եւ չսիրահարվել:

- Դու ինձ գերագնահատում ես, ուրիշների համար ես երեւի տգեղ եւ անդուր աղջիկ եմ, ինչպիսին եմ իրականում:

- Իհարկե տգեղ ես, եթե տգեղ չլինեիր... կսիրահարվեի՞ քեզ:

Առիթ էի տալիս, որ իմ կապած պայմանը խախտեր, բայց կարճ ծիծաղեց ու մնաց տեղում, ապա վեր թռավ:

- Ես ձեր նկարն եմ բերել, քո եւ Նինայի...

- Տեղեկություն կա՞ նրանից:

- Գրեթե ամեն օր զանգահարում է, մորաքրոջս տանն է մնում... Նայիր, արտակարգ նկար է ստացվել: Սիրահարների պես իրար եք նայում հմայված...

- Ի՞նչ ես ասում, չէ՞ որ շախմատ էինք խաղում:

- Բայց ո՞վ կկռահի, ո՞ւր է տախտակը:

Շշերն էին երեւում, ափսեներ, Նինան կզակը ձեռքերին հենած ակնդետ ինձ էր նայում, ես էլՙ նրան, իրոք, սիրահարներ...

- Ինչո՞ւ այդ օրը ես ու դու չնկարվեցինք,- հարցրեցի:

- Կարծեցի չես ուզում... իրեղեն ապացույց թողնել:

- Գնանք նկարվենք, ֆոտոն աշխատո՞ւմ է:

- Մեզ մոտ սպասարկման կետերը ազատ օրերին աշխատում են, հատուկ կարգադրություն է:

- Ուրեմն կնկարվենք:

- Այսպե՞ս, անպատրա՞ստ...

- Բայց դու ե՞րբ ես շպարվում կամ շուրթերդ ներկում, չեմ տեսել ոչ մի անգամ...

Նկարը բերելիս մոտեցել էր, ծիծաղելով նստեց թախտի ծայրին:

- Դու գիտե՞ս, որ երկրորդ անգամ ես փրկվել միլիցիայից,- մի լեյտենանտ էր եկել, բաժնի անունն ասաց, ահավոր երկար անուն էր, պետական ունեցվածքի չգիտեմ ինչ եւ ինչ: Հարցնում էր, թե ցեմենտն ու ավազը որտեղից ենք բերել: Ըստ երեւույթին հայտնող էր եղել:

- Հետո՞, իրենց ինչ գործն է:

- Դա կոչվում է պետական ունեցվածքի վատնում, յուրացում, գողություն, ինչպես կամենան: Բարեբախտաբար փողոցում էինք խոսում, Նիկոլայ Իվանովիչն այդ պահին անցնում էր, Տանյայի հայրը: Լսեց, մոտեցավ: Անկեղծ ասած, չէի սպասում նրանից, զարմացրեց ինձ: Հանգիստ բացատրեց, որ հիմնարկը օգնում է իր տարեց աշխատակիցներին, ներկա եւ նախկին: «Ձեւակերպում կա՞»,- հարցրեց լեյտենանտը: Անպայման, պատասխանեց: Ճի՞շտ է ասում:

- Հաշվապահի մոր տունն ենք նորոգել, բայց ես միայն մեր բրիգադիրին էի ասել: Դա իմ նախաձեռնությունն էր, ոչ մի հիմնարկ...

- Հանգստացիր,- ծիծաղեց Ինան ձեռքը ծնկիս դնելով,- նա փաստորեն փրկեց քեզ եւ մեզ առնվազն տհաճությունից: Եվ ինչպե՞ս արագորեն գլխի ընկավ ու կողմնորոշվեց: Իսկ ես կարծում էի, թե բթամիտ է:

- Եթե հիմնարկն օգնում էր, թող առաջ մտածեր,- քրթմնջացի:

Գյուղտեխնիկան ուզում էր փառքս խլել: Շատ էի հպարտանում իմ արածով: Տխրելու մի ուրիշ պատճառ կար: Լավ ծրագիր էի կազմել ու ճշտորեն իրականացրել, բայց միլիցիան մտքովս չէր անցել, եւ որ ես պետական ունեցվածք եմ հափշտակում: Վրիպումներ եմ թույլ տալիս:

- Ի՞նչ կապ ունեք դուք գյուղտեխնիկայի հետ:

- Պապս գյուղտեխնիկայի պետ է եղել մինչեւ մահանալը: Տատս էլ է աշխատել այնտեղ: Գուցե վարորդն է հայտնել...

- Տոլի՞կը... նրան երկու շիշ օղի եմ տվել:

- Եթե չտայիր, կկարծեր, թե ձեր գործերից է, իսկ այդպես կասկածի տեղիք ես տվել: Լավ, ինչ որ է, դա էլ անցավ: Կներես, մեր պատճառով անախորժության մեջ էիր ընկնելու:

- Ձեր գյուղացիներն այդքան օրինապա՞հ են... Իսկ ես ուզում էի ձեր այն տան բակում էլ սարքել:

- Ո՜չ... ի սեր աստծո: Այնտեղ ամեն ինչ հարմար է... Տատս եկավ այստեղ, շատ ուրախացավ, օրհնեց քեզ: Նա քեզ սիրում է: Չգիտի... կամ իրեն պառավի տեղ է դնում, իբր ոչ տեսնում է, ոչ հասկանում... Լավ էլ ամեն ինչ տեղը բերում է: Մայրս... չգիտեմ, չեմ հասկանում... Գուցե ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում... ինչպես եւ ես... Նա գիտի, որ այստեղ միասին ենք եղել, Նինան էր ասել, հենց առաջին գիշերը:

- Քույրիկդ ուզում էր քեզ փրկե՞լ:

- Այո՜... Հետո նախատում էր ինձ, կինոյի գիշերվա համար: Ասում էրՙ խախտեցիր խոստումդ, գնացիր մոտը պառկեցիր: Ասացիՙ լոկ պառկել եմ: Ի՞նչ տարբերություն, ասում է, մի՞թե չդիմացար... Այդ ի՞նչ անհաղթահարելի ցանկություն է, որ չդիմացար, իմ ներկայությամբ խցկվեցիր նրա անկողինը... Այսքան ժամանակ չծխեցիր, մի՞թե ցանկություն չես զգում,- փութով եւ մի շնչով ավելացրեց նա:

- Ծխե՞լ ես ուզում, խնդրեմ,- համարելով դա խնդրանք, այսինքն պայմանի խախտում, արագորեն բռնեցի ուսերից եւ պառկեցրի կողքիս: Չպիտի այդքան մոտենար ինձ, արդեն չէր կարող վիզը փախցնել:

- Բայց ես խնդրեցի՞,- շնչակտուր հարցրեց:

- Դու չառաջարկեցի՞ր ծխել... Ես էլ մարդ եմ, չէ՞, ինձ նույնպես անհաղթահարելի ցանկություն է համակում... միշտ, երբ մոտս ես:

- Մի՞շտ...

- Այո, քո ներկայությամբ ամեն ինչ մոռանում եմ: Բացի դրանից, մոռացել ես, որ դու ոչ միայն դու ես, այլեւ ես եմ, ուրեմն նաեւ ինձ ես պատկանում:

- Ես քե՞զ եմ պատկանում, չգիտեի:

- Վիզդ որ հաստատ իմն է... Միայն վիզդ եւ... մնացած ամեն ինչ:

Վերջապես համակերպվեց:

- Շարունակիր այսպես խոսել, կարծես ավելի հարմար է... բայց չոգեւորվես:

Զսպվելով էր համբուրվում, կարծես ինձ չմերժելու համար, եւ կրկին ընդվզեց:

- Դե հասկացիր վերջապես, որ այսօր չեմ ուզում... չի կարելի...

- Ներիր,- հասկացա վերջապես,- այդպես էլ կասեիր...

- Լավ, լավ,- նորից փաթաթվեց,- դու ներիր:

- Ի դեպ, ես շատ լավ զգում եմ քո վիճակները, տրամադրությունը, ցանկությունը... Հենց նիհարես կամ գիրանաս, ձեռքերով կզգամ անմիջապես...

- Ցանկությունը ո՞նց ես զգում...

- Քո շուրթերից, կրծքից, մաշկդ շնչում է եւ բուրում, համբուրվում է կարծես, ամբողջովին ջերմություն ու փայլ ես դառնում...

- Իսկ հիմա՞...

- Հիմա՞... Եթե ինձ վստահես, ամեն ինչ լավ կլինի, միայն ասաՙ չե՞ս ուզում, թե՞ չի կարելի...

- Մեկ չէ՞...

- Այո, երեւի,- ես էլ սառեցի,- էլի՞ է եղել...

- Ե՞րբ, զգացե՞լ ես:

- Գետափին, երբ սպասում էինք ձերոնց:

- Տհաճ օր էր,- ցնցվեց:

- Այդ օրը դուք նաեւ ինձ սպանեցիք: Հիշո՞ւմ ես քո խոսքերը... Ալինայի արտահայտությունը. «Որովհետեւ շատ ես երես տալիս նրան: Թող իր գործն անի եւ հեռանա»:

- Ասե՞լ է... Հիշում եմ նման բան, բայց հենց այդպե՞ս...

- Այո, ես լավ եմ հիշում, որովհետեւ միշտ ցավ եմ զգացել: Եվ չէի կարողանում ներել, մինչեւ այդ պատմությունը, նրա մասին... Հետո արդեն խղճում էի նրան: Բայց, անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչ է եղել:

- Ես նույնպես լավ չգիտեմ,- խոստովանեց Ինան,- ակնարկներով բացատրեց, թե ինչու չի կարող ամուսնանալ: Ասացՙ Սաշային հայտնել է ճշմարտությունը, ես էլ ենթադրեցի...

- Իսկ եթե խաբել է... կամ սխալվել ես...

- Ինչո՞ւ... Նա սիրում էր Սաշային:

- Չգիտեմ, անհասկանալի է... Սաշան սիրո՞ւմ էր նրան:

- Նա հիմա էլ է սիրում Ալինային:

- Ինչո՞ւ էր թողնում, որ ուրիշ տղամարդ ձեռք տա նրան:

- Ինձ թվում է, այդ ժամանակ նա արդեն գիտեր, շատ տարօրինակ էր այդ օրերին... Դու էլ գայթակղվեցիր, հիշում եմ...

- Ի՞նչ եմ արել:

- Իբր չես հիշում:

- Ես հիշում եմ Նինային, այն էլ ձեր ասելուց հետո...

- Հրաժեշտի ժամանակ էլ այնպես սիրով էիր խոսում Նինայի հետ, քնքշանքով...

- Խանդեցի՞ր:

- Չխանդեցի, ցավ զգացի, որ ուշ եմ հանդիպել քեզ... Միշտ մտածել եմ, որ նա է քեզ հարմար... ամեն ինչով:

- Խնդրում եմ, դու մի որոշիր իմ փոխարեն, թե ով է ինձ հարմար... Ամեն կերպ ջանում էիր աչքերս բացել, թե ահա սա է իսկական հրաշքը, նա է քեզ հարմար... Ինչպես «Ապուշի» մեջ: Միայն թե ես Ապուշը չեմ: Իշխան Ապուշին ես գրքի մեջ սիրում եմ, բայց կյանքում ինքս էլ կծիծաղեի նրա վրա: Գուցե չծիծաղեի, բայց չէի ուզենա նրա նման լինել:

- Եվ լավ է, որ չես ուզում: Ես քեզ եմ սիրել, ինչպիսին որ դու կաս:

- Հիշո՞ւմ ես, դու ասել ես. «Գնա: Դու ինձ այդպիսին պետք չես»: Երբ ասացիր, թե անցած տարի հայի հետ ես ման եկել:

- Սուտ եմ ասել: Ուզում էի խայթել քեզ, ծաղրել: Ախր շատ միամիտ էիր եւ մաքուր, անհավատալի էր:

- Հիմա մաքուր չե՞մ:

- Դու միշտ մաքուր ես: Գուցե միամիտ եւ անմեղ չես, բայց մաքուր ես, առողջ եւ ուժեղ: Սկզբում կարծում էի, թե մաքուր ես, որովհետեւ անմեղ, անարատ պատանի ես: Հիմա զգում եմ, որ մաքրությունը հոգուցդ է գալիս:

- Իսկ ես կարծում էի, թե... այնքան ես լպստել ինձ, որ միշտ մաքուր եմ մնում:

- Երեսառած, որ ասում եմ, շփացած...

- Դու ինձ երես տվեցիր...

- Զարմանալի է,- ծիծաղեց Ինան,- այդպես Նինան էր փոքր ժամանակ ասում, դու ինձ շատ ես շփացնում, դժգոհում էր... Չե՞ս սիրում նրանՙ ասում ես...

- Ես սիրում եմ նրան որպես քո մասնիկի, ինչպես տատիդ, եղբորդ, այս տունը: Ում եւ ինչի մեջ, որ դու կաս, ինձ համար սիրելի է: Խոստովանում եմ, նրան ավելի շատ եմ սիրում, քան մյուս մասնիկներիդ:

- Եվ Սաշայի՞ն ես սիրում:

- Անշուշտ: Նա Նինային ավելի է նման, քան քեզ:

- Ճիշտ ես նկատել... Սաշային տանում են Աֆղանստան:

- Մի՞թե պատերազմ է սկսվում:

- Ասում էրՙ դեռ ոչ, բայց հնարավոր է: Իրենց փոքր խմբով են տանում: Հայրս այսօր գնաց նրա մոտ: Ինքն ուզում է գնալ: Շատ փոխվեց Սաշան վերջին տարում:

- Ալինայի պատճառո՞վ:

- Երեւի:

- Այդ աղջիկն ինձ նորից անհասկանալի է թվում:

- Չեմ ուզում խոսել նրա մասին,- նա շրջվեց, գրկվեց եւ շշնջաց,- պատմիր...

Թիկունքը սեղմել էր կրծքիս եւ գլուխը հետ էր գցելՙ ականջը մոտեցնելով, որ շշնջամ:

- Այս դիրքով խոսելիս ներշնչանքը պարզապես խեղդում է ինձ,- շտապ խոսեցի, որ ազատվեմ բառերից,- թեեւ հագնված ենք, եւ ոգեւորությունը սահմանափակվում է: Քեզ համար ես կարող եմ անվերջ խոսել, որովհետեւ երբեք չեմ հասցրել ասել այն ամենը, ինչ կա ներսումս, որ կուտակվել է այս երկու ամիսներին, չհաշված մինչ այդ եղածը, որ նույնպես պիտի ասեմ: Սակայն խոսելը նաեւ վտանգավոր է, անընդհատ խոսելով կարծես աստիճաններով եմ բարձրանում, որոնք առաջնորդում են դեպի ազատություն կամ... ոգեւորություն, որտեղից սկսվում է ազատ անկումը: Այն ժամանակ ամեն ինչ վերանում է, բայց դա վերջում է լինելու: Որպես շախմատիստ ես տեսնում եմ վերջը, շախմատային խնդրի կամ էտյուդի լուծումը պետք է սկսել վերջնական դիրքից, ապա վերադառնալ սկիզբ եւ գտնել ճանապարհը: Իմ սկիզբը շատ հեռու է քեզնից, թեեւ այնպիսի տպավորություն է, կարծես այդ բոլոր տարիներին կողքիս ես եղել, միայն թե չեմ տեսել քեզ: Դու մանկությունից ես եղել ինձ հետ: Հիմա արդեն վստահ եմ, որ Լադեժայի մեջ էիր: Նա գիրուկ էր, թմբլիկ, բայց քեզ նման ծիծաղկոտ էր, ժպտուն: Հենց ինձ տեսնում էր, ժպիտը ծաղկում էր: Մեր դասարանի աղջիկների մեջ էիր, ոչ բոլորի, գեղեցիկների մեջ, եւ ոչ միայն դասարանցիների, հատկապես մեկի մեջ:

Համոզված էի, որ սիրահարված եմ, եւ մինչեւ հիմա մնում է այդ սերը, գուցե հետո, երբ ժամանակ մնա, բացատրեմ տարբերությունը: Բարեկամ էր այդ աղջիկը, իսկ մեզանում, օ՜, դա սրբապղծություն է, չի կարելի: Ինքն էլ ասացՙ փչացած, այլասերված, հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում... երբ համբուրեցի նրան: Բայց երբ գրկում էի, չասաց, համբուրելու պահին էլ ձայն չհանեց, հետո շարեց այդ բառերը: Հիմա եմ հասկանում, որ եթե բաց չթողնեի, ոչինչ էլ չէր ասի: Բայց ինքս էի անակնկալի եկել, որ հանդգնել էի գրկել ու համբուրել նրան: Հետո հաճախ էր հոգուս հետ խաղում, նույնիսկ սեթեւեթում էր... միամտորեն: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացավ, հայրն ամուսնացրեց, անծանոթ տղայի հետ: Ինչ-որ մեկը միջնորդ էր եղել, եկան ուզելու: Իրենք էլ հարցուփորձ արեցին մի քանի հոգու, իմացան, որ կարգին ընտանիք է, աշխատող տղա է, տվեցին... Դու ինձնից հեռացար, երկար ժամանակ չէի գտնում քեզ: Գյուղում կորցրել էի, Երեւանում էի փնտրում: Երեւանում շլացուցի՜չ աղջիկներ, գեղեցիկ, գրգռիչ բազմաթիվ աղջիկներ, ամեն քայլափոխի, ամեն տեղ, բացի իմ խեղճ ու անշուք վարձով սենյակից... Լուսիկին ուղարկեցիր, որպեսզի սփոփի ինձ ժամանակավորապես: Դու միշտ ձախողված սերեր էիր ուղարկում ինձ, չէիր թողնում, որ իրենցով անեն, քեզ համար էիր պահում: Նրանք քո մասնիկներն էին, ամեն մեկը մի քիչ ուներ քեզնից, բայց այդքանը բավական չէր ինձ խելքահան անելու համար: Այդքանն ինձ չէր ստիպի խափանել նրանց ամուսնությունը: Ես նույնիսկ ուրախ էի, դեմս բաց էր, ազատ քամի էի... Ինձ դժբախտություն էր պետք, արդեն վայելել էի: Մտածում էի եւ համոզված էի, որ երբեք չեմ ամուսնանա: Միայն գրելն էր երեւում որպես ապագա... տանը փակված գրեմ, գրեմ, գրեմ... Այդ դժբախտ սերը լավագույն հումք էի համարում, ինչպես նաեւ ամեն մի փորձ կամ տրանսպորտում լսած պատահական նախադասություն եւ որեւէ դեմք: Ես պաշտում էի գեղեցկությունը, տենչանքն ու կիրքը ինձ հանգիստ չէին տալիս, բայց դրանք եւ մնացած ամեն ինչ պիտի ծառայեին գրելուն: Գրածիս լրջորեն չէի վերաբերվում: Պարզապես ձեռք էի վարժեցնում սպասելով հասունացման: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ էր ապրելՙ հումք հավաքել, գիտելիքներ յուրացնել, եւ դարձյալ ամեն ինչ ի սպաս գրելու: Ամենը ստացվում էր, բացի ապրելուց: Գիշերըՙ երկար, գրքերըՙ շատ եւ բազմազան, կարդա, գրիր, խելոք մանուկ, ռուսերենդ կատարելագործիր, գերմաներենը, որ անցնես ուրիշ լեզուների, շախմատ խաղա, դա էլ է միտքը հարստացնում: Ճարտարապետություն, հին աշխարհի պատմություն, աշխարհագրություն, ինչքա՜ն բան պետք է սովորել գրելու համար, մեքենա վարել, գյուղատնտեսություն, քաղաքականություն, էլեկտրականություն, արվեստ, ինչպես նաեւ սեռական հարաբերություն... Այդ ամենն իմանալը լավ է անշուշտ, բայց դրանք օժանդակ, լրացնող բաներ են, երբեմն պարտադիր, երբեմն ավելորդ եւ խանգարող: Հիմնականը չկարՙ կյանքը:

Ճակատագիրը առիթ մատուցեցՙ պատահական հանդիպում մեր բրիգադիր Սերգեյի հետ: Ալթայ անունը դուրեկան հնչեց ականջիս: Իմ կատակով արված առաջարկությունըՙ գա՞մ ձեզ հետ, նա լուրջ համարեց, հաջորդ պահին ես եւս լրջացա, մի քանի օրից հրաժեշտ տվեցի Երեւանին, խղճուկ աշխատավարձիս ու վարձով սենյակիս, որը պիտի ազատեի առանց այդ էլ:

Նաեւ մեծ գումար վաստակելու ակնկալիքով մտա շինարարական բրիգադ, մեզանում ասում ենՙ խոպանիստներ: Կորցնելու բան չունեի, ստացած փողը տան վարձին եւ հաց-երշիկ-պանրին էր հերիքում...

Ինան ձեռքս սեղմեց:

- Քնո՞ւմ ես, սիրելիս:

- Այո,- մրմնջաց:

- Բայց սա սկիզբն է դեռ:

- Հենց այդ պատճառով եմ ընդհատում, որ շարունակությունը լավ վիճակում լսեմ: Ես միշտ ձգձգում եմ լավ գրքի ընթերցանությունը:

- Իսկ ես կլանում եմ միանգամից:

- Դա քեզ հատուկ է... ամեն ինչում բուռն... Դու էլ քնիր, շատ խոսեցիր, հետո կգնանք նկարվելու:

- Էլի՞ սկսեցիր իմ փոխարեն որոշել...

- Եթե դու քնես, ես էլ հանգիստ կքնեմ,- նա շրջվեց քնելուց ձեռ քաշելով,- տաքացրիր, թուլացրիր, հիմա էլ չես թողնում քնեմ:

Վաղուց էի ուզում կուրծքը հոտոտել, իսկ նրան հոնքերս էին զբաղեցրել:

- Շատ գեղեցիկ են,- երկու մատով հոնքս բռնած շոյեց,- թխահոն... խիտ են, բայց տնկված, ավելորդ մազ չկա: Հոնքերդ շատ եմ սիրում: Իսկ իմ հոնքերը, տես, գրեթե մազ չկա, բարակ, անգույն... Նինայի հոնքերն են գեղեցիկ: Նինան միայն մի թերություն ունի, գիրության է հակված, ինձ պես մարզված չէ: Հիմա կասեսՙ էլի քրոջն է գովերգում... Իսկ գլխիդ մազերը խիտ են եւ կոշտ, նույնիսկ այսպես երկար:

- Հայրս միշտ խուզում էր գլուխս, Երեւանում էի երկար մազ պահում, քանի անգամ ռազմագիտության դասերից հանել են ինձ, մի կերպ էի ստուգարք ստանում:

- Իսկ Սաշան լավ սպա է, կադրային, եւ շատ ճարպիկ է ու համարձակ: Դեռ դպրոցում էր հայտնի, հանկարծ մեկն ինձ վիրավորեր, չէր նայումՙ իրենից մեծ է, ուժեղ, կամ քանի հոգի են... կռվի էր նետվում, աներկյուղ... Պետրոյի հետ ընկերացավ, երկուսն էլ թոկից փախած, հանդուգն տղաներ...

- Դու կարո՞ղ ես ասել, ինչո՞ւ փոխվեց նրա վերաբերմունքը իմ հանդեպ: Սկզբից ինձ չէր հանդուրժում, սպասում էի, որ պիտի կռվի: Հետո կարծես անտարբեր դարձավ, վերջում ջերմացավ: Ե՞րբ սկսվեց փոփոխությունը, դու ինչ-որ ձեւով ազդե՞լ ես:

- Քո մասին չենք խոսել: Սաշան սիրում է անվախներին:

- Ես անվա՞խ եմ:

- Իհարկե: Ինչպես ասացի՞ր այգում, Պետրոյի դիմաց. «Իմ բոլոր թշնամիներն այստե՞ղ են»: Այդ պահին Պետրոյի աչքերի մեջ կայծ նկատեցի, ուզում էր ժպտալ:

- Ասե՞մ ճշմարտությունը:

- Ասա:

- Ես անվախ եմ դարձել քո շնորհիվ: Գետափին եթե մենակ լինեի, երեւի գլուխ չդնեի նրանց հետ, հեռանայի: Իսկ այգում մտքիս մեջ հնչեց. «Եթե իմ սիրած աղջիկն ինձ անվախ է համարում, ես իրոք կդառնամ այդպիսին»: Այնպես որ, դու իմ մղիչն ես ամեն ինչում...

- Իսկ ուտելու մղում չե՞ս զգում: Ճաշի ժամ է արդեն, առավոտից սոված եմ պահել քեզ... Ուտենք եւ գնանք:

- Նկարվելո՞ւ: Իսկ հետո՞:

- Հետոն ինքնիրեն է գալիս,- ծիծաղեց Ինան եւ նստեց,- նկարը վերցրու, քեզ համար եմ բերել:

Գնացինք խոհանոց, կարագ ու մեղր դրեց սեղանին, պանիր: Միջանցքի վերջում, հատակի վրա նկուղի դուռն էր, այնտեղից ուզում էր ինչ-որ բաներ հանել, ինչ ունեին-չունեին, չթողեցի: Սուր հոտով մեղր էր, ծաղկաբույր, ասաց, որ Լեռնային Ալթայից է բերել հայրը, մարդիկ դեղի տեղ են օգտագործում: Միանգամից հացի երկու կտորի վրա կարագ ու մեղր էր քսում, ինձ ու իր համար, արագ-արագ էր ուտում, մանր-մունր կծմծելով, սկյուռիկի պես, նույնիսկ գլուխն էր թեթեւակի շարժում աջ ու ձախ, ճիշտ եւ ճիշտ սկյուռիկ:

- Արդեն տասը տարի այս մեղրն եմ ուտում, նույն տեղի, ամեն տարի հայրս բերում է: Փոքր տարիքում թոքաբորբ եմ տարել, տասնմեկ-տասներեք տարեկանում հիվանդ եմ եղել...

- Եվ դու ծխո՞ւմ էիր...

- Հա, ինչ... եւ ծխում էի, եւ խմում էի... Գիտես, ոնց էի խմում,- մեղմացրեց,- ծխելը նույնպես չեմ չարաշահել, օրական հինգ-վեց հատ սովորաբար: Բայց ես կատարելապես առողջ եմ եղել եւ առողջ եմ: Ինստիտուտում բասկետբոլի թիմում էի խաղում: Ժամերով կվազեմ, ոչ մի խզզոց, ոչ մի հեւոց...

- Ճիշտ է,- հաստատեցի գոհունակությամբ,- թոքերդ մաքուր են, երբեք ամենաթույլ իսկ ձայն չեմ լսել...

- Ահա, քեզնից լավ ով կիմանա: Մայրս դողում է հենց մի թեթեւ տաքություն եմ ունենում կամ մրսում եմ... Հետո վերադարձանք այստեղ, արդեն բուժվել էի, բայց ինձ մեր գետը վերջնականապես ապաքինեց, քիչ էի լողում, բայց շատ էի լինում գետափին, անտառում, ափսոս, կարճ է մեր ամառը, պաշտում եմ մեր գետը, մարգագետինը...

- Ես էլ,- իսկույն ասացի,- հրաշք է...

Ինան արագորեն հավաքեց սեղանը, կանգնեց հայելու դիմաց, արդեն պատրաստվում էր նկարվելու:

- Չծխե՞նք դուրս գալուց առաջ,- գրկեցի նրան,- օ՜, մեղրոտ շուրթեր...

Լուսանկարչատունը ավտոկայանի մոտ էր: Այստեղ եղել էի եւ հազիվ էի համոզել լուսանկարիչ աղջկան, որ նկարի ինձ բանվորական տեսքով, այն էլ ցեմենտի գործ անելուց հետո: Նա ճանաչեց ինձ:

- Այ, այսպես ուրիշ է, խնդրեմ, հաճույքով կնկարեմ... գեղեցիկ աղջկա հետ:

Նա Ինայի տարիքին էր, բայց չխոսեցին իրար հետ:

Նստեցինք կողք կողքի, իրար հպված, բայց աղջիկը դա քիչ համարելով ավելի մոտեցրեց մեզ, մատների ծայրով փոքր-ինչ թեքեց գլուխս, Ինան ծուռ նայեց: Նկարվելու պահին նայեցինք իրար, ինքնաբերաբար, աղջիկը բողոքեց.

- Դուք նկարվում եք մարդկանց համար, նրանք պիտի տեսնեն ձեր հայացքը: Իրար աչքերի մեջ կարող եք տանը նայել:

Մի անգամ էլ նկարեց, նաեւ պատմության համար, ասաց որ հինգշաբթի օրը կարող ենք վերցնել:

Դուրս եկանք եւ դանդաղորեն, իհարկե ոչ մեր գիշերերթերի պես, հասանք խանութների հրապարակ:

Գարեջրատան մոտ տղաներ էին խմբված: Կիռան նրանց մեջ էր, անցողակի նայեց մեզ ու գլուխը շուռ տալով սկսեց կողքինի հետ խոսել: Անցանք:

Առաջարկեցի մտնել հանրախանութ, բայց անմիջապես նայեցի ձեռքին, ժամացույցը նկատվում էր:

- Արդեն տեսել են,- ասաց,- եթե ուզում ես ինչ-որ բան գնել, գնանք այգի, այնտեղ տոնավաճառ է, այսօր բերքի տոնն է: Իսկ վերեւում, կամրջի մոտ հավանաբար սեղաններ են բացել, անցած տարվա պես:

Հուլիսյան տոնավաճառի պես ճոխ չէր, բայց էլի բազմաթիվ մեքենաներ էին շարված, մարդիկ նույնպես չափազանց շատ չէին, ամենայն հավանականությամբ կամրջի մոտի տարածքն ավելի բազմամարդ էր:

Ոչ այնքան ապրանք էինք փնտրում, որքան զբոսնում էինք, միասին էինք եւ շտապելու տեղ չունեինք: Նման դեպքում մի բան հանդիպում է:

- Ինչ լավ վերարկու է,- հայացքով ցույց տվեց Ինան,- մայրդ փարթա՞մ կին է:

- Հենց վաճառողուհու նման:

- Չե՞ք փորձի,- խնդրեց Ինան:

Վաճառողուհին պատրաստակամորեն հագավ, որոշ ժամանակ ինքն իրենով հիանալով:

- Արտակարգ է,- ասաց նա:

Գովելու կարիք չկար, պիտակը բավական էր, անգլիական արտադրության:

- Ափսոս բարակ է,- ասաց Ինան:

- Բարա՞կ... մայրս հենց բարակ վերարկու էր ուզում,- հիշեցի: Իրենը հաստ էր եւ ծանր, տրտնջում էր երբեմն:

280 ռուբլի արժեր:

- Թանկ է, բայց արժե,- ասաց Ինան,- գեղեցիկ է եւ որակով...

Սովորաբար մոտս 200-300 ռուբլի պահում էի: Այս անգամ, կիրակի օրվա հնարավոր անակնկալները ենթադրելով, 500 էի վերցրել:

Ինան գոհ էր: Նրա աչքը հաջորդը ինձ համար գտավ, տաք բաճկոն, գրեթե կիսավերարկու:

- Շատ լավն է,- ասաց,- եւ առանձնապես թանկ չէ: Ձմռանն էլ կարելի է հագնել... քո ներքին տաքությունը հաշվի առնելով:

Ինձ գրպանների առատությունը դուր եկավ, իսկ ներսի գրպաններից ամենամեծում գիրք կտեղավորվեր: Ինան փայլում էր ուրախությունից: Ես դժգոհ էի, բայց քիչ անց նույն կտորից ձեռնոցներ, գլխարկ եւ շարֆ տեսա:

- Գեղեցիկ է,- հաստատեց Ինան,- փոքր քրոջդ համա՞ր ես ուզում, անպայման վերցրու:

Երբ հեռացանք այդ ավտոկրպակից, ասացի.

- Սա քեզ համար է, մենք ասում ենքՙ բարով մաշես:

- Ո՜չ,- ընդվզեց Ինան,- անհարմար է:

- Բարով մաշես,- կրկնեցի:

Մի տոպրակը եւ այդ փաթեթը իր մոտ էին:

- Հիմա ինձ լսիր,- կտրուկ ասաց նա,- սա կտանես քրոջդ, իմ կողմից... եւ վե՛րջ:

Նա համառ էր, բայց ես նրան չէի զիջում, ինքն էր ինձ համառ դարձրել:

- Իսկ հիմա դու ինձ լսիր,- ասացի թեւը բռնելով,- սա քոնն է, եթե մեկ էլ փորձես հակաճառել, հենց այստեղ, բոլորի աչքի առջեւ դրանք կհագցնեմ: Եվ գոհ կմնաս, որ ներքնազգեստ չեմ գնել... Իսկ քրոջս համար կգտնենք... Ահա, խնդրեմ,- եւ ցույց տվեցի մի կարմիր վերնաշապիկ:

- Կարելի է, բայց միգուցե չշտապենք,- դեռ ծիծաղելով ասաց Ինան:

- Չենք շտապի, սա գնենք...

- Մյուսներին նվեր չե՞ս տանելու:

- Ո՞ր մեկին, հազար հոգի են:

- Գիտե՞ս ինչ,- ոգեւորվեց Ինան,- դու երեխաների տարիքը եւ սեռը ասա, ես ամեն մեկի համար նվեր կգտնեմ:

- Լավ, բայց երկու հանգամանք նկատի ունեցիր: Նախՙ մոտս մնացել է հարյուր ռուբլի:

- Ես էժան բաներ եմ գնելու,- ծիծաղեց Ինան,- երկրո՞րդը...

- Ծավալուն չլինեն: Առանց այդ էլ մտածում եմ, թե այդքանը ոնց եմ տանելու:

Ինան փոքր գումարով նվերներ ընտրեց: Միայն Կորյունի համար ոչինչ չգտանք:

Գնումներն ավարտեցինք եւ դուրս էինք գալու այգուց:

- Ափսոս,- ասացի հառաչանքով:

- Ինչ-որ մեկին մոռացե՞լ ենք:

- Գրավաճառները չկային...

Նա կողքանց նայեց,- հատկապես ո՞ւմ էիր ուզում տեսնել:

- Պեպենոտ աղջիկ էր մեկը: Սկզբում չէր ուզում գրքեր տալ, հետո, երբ երկրորդ անգամ մոտեցա, ինձ ծաղրեց... Լիմոնադի շիշը ձեռքին ասացՙ ուրիշ հարցեր կա՞ն... Կարծես ուզում էր շիշը գլխիս ջարդել:

- Վախեցա՞ր:

- Չվախեցա, բայց մտածեցի, չար աղջիկ է, ամեն ինչի ընդունակ, եւ չկարողացա ինձ հետաքրքրող հարցը տալ, որը նրան տեսնելու պահից հանգիստ չէր տալիս: Ուզում էի իմանալՙ պեպեններ կա՞ն արդյոք կրծքի վրա...

- Հարցնեիր, - քրքջաց Ինան զրնգուն ձայնով,- կպատասխաներ երեւի կամ ուղղակի ցույց կտար...

- Այդ մեկը մտքովս չէր անցել, թե չէ առիթը բաց չէի թողնի... Իսկ եթե հանկարծ շիշը տար գլխիս... Այսինքն երկու դեպքում էլ նույն հետեւանքն էր լինելու:

- Միգուցե տվել է գլխիդ, դրա համար ես այդպես շեղված:

- Ո՞ր մեկով:

- Ի՞նչ տարբերություն, ինքդ չէի՞ր ասում, որ հետեւանքը նույնն է: Հետո պարզեցի՞ր քո այդ մեծ առեղծվածը:

- Իհարկե, ամեն ինչ պարզեցի, սակայն մի ուրիշ հարց սկսեց հետաքրքրել: Պեպենները սկզբում շատ էին եւ ընդգծված, հիմա կարծես վերացել են, թե ձուլվել են, շատ չեն նկատվում, զարմանալի է:

- Գարնանը եւ ամռանը դրանք ավելի ցայտուն են երեւում... Ուրեմն օգուտ տվել է,- ուրախացավ Ինան,- իսկ ես չէի հավատում:

- Դրանք քեզ խանգարո՞ւմ են:

- Այո, շատ:

- Իսկ եթե անհետանան, բայց տեղերում բծեր մնա՞ն:

- Վերջացրու, դու ինձ գժվեցնում ես...

- Հիմա ասե՞մ գաղտնիքը, թե ինչու պեպենները վերացան:

- Նախ եւ առաջՙ ոչ բոլորն են վերացել, գունաթափվել են: Չլինի՞ քո շնորհիվ է եղել:

- Իհարկե: Ինչ ժամացույց կապել եմ, ամենաշատը մի ամսից փչացրել եմ: Մեծ եղբորս դա հետաքրքրեց: Նա դպրոցի լաբորատորիայում քրտինքիս կաթիլների մեջ խիստ ազդեցիկ եւ ներգործուն տարրեր հայտնաբերեց: Նույնը, կներես, թքիս մեջ...

- Հետո՞:

- Պարզ չէ՞, այնքան եմ համբուրել վիզդ, որ պեպենները մաշվել են, իսկ եթե շարունակենք կուրսը, լիովին կվերանան:

- Քո բախտը բերել է, որ այն ժամանակ գրավաճառին չես հարցրել: Հիմա զգում եմ, որ այդ աղջիկը պետք է շիշը տար գլխիդ:

Խոսելիս նույնպես տարվում էինք միմյանցով եւ կտրվում շրջապատից: Մեզ շրջանցող աղջիկների ծիծաղից սթափվեցինք, ծիծաղը մեզ էր վերաբերում: Եթե նրանք չլինեին, երեւի չնկատեի Կիռային, մի ավտոխանութի մոտ մորթե գլխարկ էր փորձում:

- Իններորդ դասարան,- անհանգստացավ Ինան,- վերջ, ես քեզ հետ այլեւս չեմ երեւա դրսում...

- Ավելի լավ... ներսում, գիշերները եւ ծածուկ տեղերում... Այսօ՞ր...

- Այսօր դուրս չգանք...

Երեւի նա էլ էր տեսել Կիռային:

Երկրորդ անգամ մեր տեսադաշտում հայտնվելը դժվար թե պատահականություն լիներ:

- Շաբաթ գիշեր,-շարունակեց Ինան:

Դե թող Կիռան հերթապահի տոնավաճառում եւ գետափին կամ որտեղ ուզում է:

Դուրս եկանք գետափի արահետ, որն այսօր մարդաշատ էր, չէինք կարող սովորական դանդաղությամբ գնալ: Ճանապարհը կես գցեցինք խոսելով: Վերջապես հարմար պահ ստացվեց:

- Մարդ չի երեւում,- հետ նայելով ասաց Ինան, ինչպես դպրոցական չարաճճի աղջիկ:

- Այ քեզ հաջողություն,- անհապաղ գրկեցի նրան:

- Ոչ այդպես ամուր,- կչկչաց նա,- որ հասցնենք բաժանվել:

Զառիթափի ներքեւից ձայներ լսվեցին: Մինչեւ կամրջի փողոցը մի արահետ էլ ներքեւով էր անցնում:

- Գարնանը դա մնում է ջրի տակ,- ասաց Ինան,- ահարկու է գետը գարնանը, աշնանն էլ չեմ սիրում, արդեն սկսել է ուռչել: Ինչքան որ սիրելի է ամռանը, այնքան սարսափելի է վաղ գարնանը, սրընթաց, սառցախառը, կատաղի...

Արահետը լայնանալով աջ էր թեքվում, դեպի Կենտրոնական փողոցի կամուրջը, այնտեղ գյուղը բերքի օրն էր տոնում: Մենք շարունակեցինք գետափով:

- Զարմանալի է, ոչ մի անգամ չծխեցիր,- նորից նկատեց Ինան:

- Ծխե՞նք,- մոտեցա հաշվի չառնելով, որ անցորդներ են երեւում:

- Ո՜չ, մյուս ծխելը նկատի ունեմ:

- Ինչո՞ւ ծխեմ, երբ քեզ հետ եմ եւ երջանիկ: Ես կծխեմ, եթե դու ինձ վշտացնես:

- Դու երջանի՞կ ես ինձ հետ,- հարցրեց կարծես զարմանքով:

- Իհարկե... Իսկ դո՞ւ...

- Ես էլ... Բայց երբեմն...

Ծիծաղեց եւ լռեց:

- Շարունակիր,- լրջացա,- ինչո՞ւ լռեցիր:

- Երբ միասին ենք, ես երջանիկ եմ,- խոսեց արագ,- ոչ միայն երջանիկ... Հանրակացարանում աղջիկներ կային սրսկվող... Հիմա եմ հասկանում նրանց վիճակը եւ... նմանությունը... Հաճույք, զղջում, ամոթ եւ... պահանջ...

- Դու ամաչում ես ինձ հետ լինելու համա՞ր:

- Ոչ, չգիտեմ.... Ես ամաչում եմ ինձ համար, որ չեմ կարողանում ճիշտ վարվել... Դու լավ ես բացատրում ամեն ինչ, իմը չի ստացվում... Պահեր են լինում, երբ դու փոխվում ես, անճանաչելի դառնում... Անհասկանալի, ոչ թե անճանաչելի... Չվիրավորվես, խնդրում եմ,- դիմեց աղաչաբար,- մենք անկեղծ խոսում ենք... Դու անկե՞ղծ ես ինձ հետ...

- Միշտ, նույնիսկ չափից ավելի:

- Չափից ավելի՞.... Անկեղծությունը չափ ունենո՞ւմ է: Օրինակ, կարո՞ղ ես երդվել, որ վրացուն դու չես սպանել:

Ինան խոսքն ընդհատում էր ծիծաղի կարճ հնչյուններով, կարծես առանձնապես լրջություն չհաղորդելու համար: Բայց նա այդպես խոսում էր հուզված ժամանակ: Տեղը չէի բերում, թե որ պահից փոխվեց խոսակցությունը, ինչու այսպես լրջացանք, սիրային դատարկախոսությունից անցանք հոգեզննության: Շարունակում էինք քայլել ուսախառը, հպվելով եւ քսվելով, մոտիկից իրար աչքերի ու շուրթերի նայելով, բայց ոչ թե համբուրվելու, այլՙ պատասխան ստանալու կամ գտնելու ակնկալիքով:

- Ես երբեք չեմ երդվի քեզ համոզելու կամ ապացուցելու համար,- պատասխանեցի,- դու պիտի հավատաս ինձ:

- Իսկ եթե չհավատա՞մ,- նորից ծիծաղով:

Տանյան եւ Գամբիտը գալիս էին գետափով: Գամբիտը տիրուհուն տեսնելով վազեց առաջ, քսմսվեց ոտքերին, հարեւանցի իմ կոշիկներն էլ հոտոտեց: Տանյան արդեն տաք հագուստով էր, բարալիկ եւ լուսերես, շեկ մազերը գլխարկի տակից ուսերին սփռած:

- Բարեւ Ձեզ,- գլխով արեց նա:

- Բարեւ, Տանյա,- պատասխանեցի:

- Այս ո՞ւր երկուսով,- հարցրեց Ինան:

- Ուզում ենք գնալ տոնախմբության տեղը:

- Այնտեղ մուժիկները խմում են:

Կարծես ասերՙ գայլը սարի հետեւն է:

- Մեզ ի՞նչ կանեն,- հարցրեց Տանյան:

- Ոչինչ, կարծում եմՙ տհաճ է:

- Այդ դեպքում վերադառնանք, Գամբիտ: Դեմ չե՞ք, եթե ձեզ հետ քայլենք:

- Իհարկե դեմ չենք,- ասացի ժպտալով,- շատ հաճելի կլինի:

- Շնորհակալություն,- թեթեւակի ռեւերանսով ասաց Տանյան:

Հասանք Անտառային, մի քանի քայլից իրենց տունն էր: Ինան փաթեթը թեւատակին մտավ բակ, Գամբիտը նայեց մեզ, ծմծմացրեց եւ հետեւեց տիրուհուն:

Տանյայի հայրը կանգնած էր դռնակի մոտ:

- Տոնավաճառի՞ց,- հարցրեց նա գնումներս տեսնելով:

- Այո:

- Իսկ դո՞ւ, Տանյա:

- Ես եւ Գամբիտը ուզում էինք գնալ տոնախմբության տեղը, բայց Արամը եւ Իրինա Գրիգորեւնան զգուշացրին, որ այնտեղ մուժիկները խմում են:

Տանյայի խոսքը, ինչպես միշտ, հստակ էր եւ հանգամանալից:

Մեր տների մոտ եւ ներսում շարժում չէր երեւում: Տանտերերը կամ վերջացրել էին իրենց գործերը, կամ չէին էլ սկսել: Հավանաբար այստեղ ձմեռելու միտք չունեին: Մեր գյուղում ընտանիքով գիշեր ու ցերեկ կաշխատեին, որ շուտ տեղափոխվեն:

Տանը Փայլակն ու Դավիթն էին: Սաքոն ու Ռազմիկը վերջին կիրակիներից մեկը բաց չէին թողնում:

- Էս ինչ լավ բաներ ես առել,- Փայլակն աչքը գցեց գնումներիս ու պահանջեց բացել,- տոնավաճառ կա՞ր... Վեր, արա,- դիմեց մահճակալին փռված Դավթին: Գրեթե միշտ երկուսով տանը մնալով մտերմացել էին ստիպված:- Գնանք մի բան էլ մենք առնենք: Էս ինչ ընտիր վերարկու է, Արամ, արտիստոկրատի բան է: Մորդ համա՞ր է, ապրես, տղա եմ ասել... Էսքանն էլ ճուտիկ-բուլիկների՞ն... Ո՞նց ես տանելու...

Գնումներս Դավթին ոգեւորեցին, արագորեն փոխեց շորերը եւ ինքը սկսեց բզել Փայլակին, թե շուտ արա, ուշացանք...

Նրանց գնալուց հետո մի կերպ տեղավորեցի գնածս: Սեղանին ուտելիք կար, խոհանոցից հազվադեպ էինք օգտվում: Ամենեւին վշտացած չէի, բայց կարելի էր հանգիստ ծխել պառկած, մենակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.