AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5438, Տպվել է` 368, Ուղարկվել է էլ.փոստով` 208

ԽԱՉԱԳՈՂ 40

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղանակը դարձյալ փոխվեց:

Երկուշաբթի օրը անձրեւ եկավ եւ կտրվեց, բայց ամպամածությունը մնաց մշտական սպառնալիք եւ հաճախ էր արտահայտվում: Արագորեն վարժվեցինք թաց եղանակին, ստիպված էինք, հաջորդը ձյունն էր: Չհասկացանք, թե ինչպես եկավ աշունը, եւ արդեն զգացվում էր ձմռան շունչը: Անձրեւից հետո փչող քամին սառնություն էր բերում: Փաստորեն այստեղ աշունը մի ամիս էլ չտեւեց: Կարճ ամառ, կարճ աշուն... Տեղացիների հագուկապում իշխող դարձան ռետինե սապոգները եւ բամբակամած բաճկոնները, ինչպես սկզբի օրերին:

Սովխոզի տունն էինք սվաղում, թաց աշխատանք թաց եղանակին: Մալայից աջ ձեռքիս ցուցամատին վերք էր առաջացել, չէր լավանում: Այդ մատս անընդհատ ցեխի մեջ էր: Աշխատանքի մեջ ռետինե սապոգները հարմար չէին, բայց գնալ-գալու համար անհրաժեշտ էին, նույնը եւ բամբակամած բաճկոնը, տելոն, ինչպես ասում էինք: Դրանով դժվարությամբ էի սվաղում, բայց անձրեւի ժամանակ պիտի հագնեի, որ ջուրը չհասներ մեջքիս: Իհարկե հասնում էր: Ամռանը, անձրեւի ժամանակ գործը թողնում էինք եւ պատսպարվում որեւէ տեղում, իսկ եթե երկար էր տեւում, գնում էինք տունՙ սեկա խաղալու: Աշնանը օր կորցնելու իրավունք չունեինք:

- Դեռ կբացվի եղանակը,- հուսադրում էր Սաքոն,- ձմեռը շուտ է գալիս, բայց ոչ էսքան շուտ: Հենց անձրեւները կտրվեն, կբացվի...

Դրա հետ մեկտեղ հակառակն էր ասում: Կարող էինք տեղափոխվել Անտառային, ներսի գործ անելու, զգուշացնում էր. «Ինչ իմանանք, թե ինչ օրեր են լինելու»:

Նորից երեկոները կինո էի գնում: Ինային տեսնելու հույս չկար, այդ եղանակին չէինք հանդիպի մեր կիսակառույցներում: Իսկ նա հավանաբար դպրոցից գալիս ու խրվում էր իր տետրերի մեջ: Ութին տանն էինք: Ինն անց կես դուրս էի գալիս, բաճկոն հագնեի, թե պիջակ, ռետինե սապոգները պարտադիր էին: Ծալում էի վզերը, որ շատ բարձր չերեւային, եւ այդպես քայլելը հեշտ էր, փողքերը խրում էի դրանց մեջ ու ամենագնացի պես գնում ցեխածածկ Կենտրոնական փողոցով: Ակումբի մոտ ջրով տաշտ էին դրել, ավելը մեջը, խնամքով լվանում էի սապոգներս եւ մտնում:

Դիվինոյի ջահելությունը փախել էր այգուց: Ակումբում նաեւ պարի սրահն էր: Այնտեղ մտնում էի կինոյից առաջ եւ հետո, համենայն դեպս: Նախասրահում մի անգամ Պետրոյին հանդիպեցի, ձեռքը մի աղջկա ուսին գցած պարասրահից դուրս եկավ: Իրար կողքով էինք անցնելու... Բարեւեցի:

- Ողջույն,- պատասխանեց նա առանց զարմանքի նշույլի,- ամեն ինչ կարգի՞ն է:

- Ոնց որ,- ասացի, եւ անցանք:

Դա նշանակում էր ակումբում, այգում եւ ընդհանրապես Դիվինոյում ազատ պտտվելու թույլտվություն:

Վերադառնում էի փողոցով: Այդ ցեխին գետափի արահետը երեւի անանցանելի էր դարձել:

Կարծես Ինան այս գյուղում չէր ապրում:

Արդեն խոսք կար կիրակի օրն աշխատելու մասին: Սպասում էի, որ Ռազմիկը կընդդիմանա, ձայն չէր հանում: Սաքոն չէր միջամտում, ոչ էլ ինքն էր պահանջողը, որ աշխատենք, թողել էր մեր հայեցողությանը: Ընդվզեցի, ի վերջո բրիգադի առնվազն լիարժեք անդամ էի, սվաղն ու շարքը չհաշված` բետոնի եւ բանվորության գործի մեջ անհամեմատ գերազանցում էի նույն Փայլակին ու Դավթին:

- Կաշխատենք, եթե լավ եղանակ լինի,- հայտարարեցի:

- Ճիշտ է,- վերեւ նայելով հաստատեց Ռազմիկը:

Ըստ երեւույթին նա էլ հույս ուներ, որ այս եղանակը բացվող չէ:

Առարկող չեղավ, Փայլակն էր փնթփնթում հետեւից, մի քանի բառ լսեցի:

- Ջահել տղա է, պե՞տք է իրեն... ինքը գնում է իր...

Փայլակը երբեմն առանց մտածելու էր խոսում, բայց չարություն չկար ներսում:

Ուրբաթ օրը ավարտեցինք սովխոզի տան աշխատանքը: Արեւ էր բացվել Դիվինոյի վրա, ամպերն անհետացել էին, պարզ, մաքուր երկինք էր: Շաբաթ օրը մնացինք գյուղտեխնիկայում, «Վիլիսների» գարաժի պատերը բետոնով էինք անելու: Այս գործի արհեստավորը Փայլակն էրՙ Հրանտից ընդունելով հյուսնի ուրագը եւ հայհոյանքը, որոնք աշկերտի մակարդակով էր բանեցնում, թեեւ, իր ասելով, շինարարության մեջ էր ճերմակել:

- Շարքից ու սվաղից հետո բետոնի գործը լավ է,- ասաց Ռազմիկը,- բահը ձեռքերը մաքրում է:

Լավ եղանակն էր նպաստել, թե՞ գործի փոփոխությունը, շատ արագ էինք աշխատում: Առանց քարի, ժամանակ չկար: Մեծ կալ էինք սարքում, ծխում ու լցնում: Երեք մետր էր լինելու պատի բարձրությունը, կարող էինք մինչեւ վերջ գետնի վրայից լցնել, մի պատն էլ կար:

Փայլակը մեզ չհասցրեց: Այդ օրվա լցրած բետոնը պիտի ամրանար, նոր տախտակները հանեինք վերեւ, փաստորեն կիրակի օրը այդտեղ գործ չունեինք, ինչքան էլ արեւը պայծառ փայլեր... Բայց կար Անտառայինի 28 համարը...

- Պարտադի՞ր է անձրեւի տակ սվաղենք,- ասաց Փայլակը,- գնանք առաջ գցենք...

- Քանիսի՞ն ենք վեր կենալու,- ճշտեցի ես:

- Ութին գործի տեղն ենք,- պատասխանեց Փայլակը:

Մեկ ժամից ճամփին էի, կոշիկներով: Երկու օրվա մեջ Դիվինոն հասցրել էր չորանալ:

Դիմովիչի տան մոտից սկսեցի աչքերիս չհավատալ, տատի տան լույսը չէր վառվում: Առաջացա, մտա բակ, բետոնե մայթի վրայով մոտեցա պատուհանին, ոչ մի ձայն, շարժում... Կասկած չկար, չէր եկել, անհավատալի էր: Տատանվելով բացեցի լուսամուտը եւ մտա, վառեցի լույսը, նույն դրությունն էր: Անհանգստանում էի, միգուցե հիվանդացել է:

Այնուամենայնիվ չզանգահարեցի: Եթե հիվանդ էր, ինքը չէր վերցնի, եթե հիվանդ չէր, ուրիշ ոչ մի պատճառ ներելի չէր: Մոտ մի ժամ նստեցի այդտեղՙ սպասելով նրա զանգին, գիտեր, որ այդ ժամին գալու եմ: Ապարդյուն: Դուրս եկա փողոց, գնացի ակումբ, պարասրահ մտա, թեեւ վստահ էի, որ այնտեղ չէ: Վերադարձա տատի տուն, ինչո՞ւ, չգիտեմ, եւ նույն անորոշությամբ հեռացա: Կրկին մտա ակումբ: Մոլորված եւ ապշահար փնտրում էի արդեն ոչ թե նրան, այլ պատճառըՙ ինչո՞ւ չեկավ... Արագորեն, գրեթե վազելով բարձրացա Կենտրոնական փողոցով եւ թեքվեցի դեպի Անտառային: Պատուհանները լուսավոր էին, հեռուստատեսային հաղորդումները չէին ավարտվել: Նա ասել էր, որ մայրն ու տատը մինչեւ վերջ դիտում են: Քսանութ համարի ներսում, իրենց կողմի պատուհանի մոտ կանգնած ծխեցի, որ սիգարետի կրակը տեսներ, երկրորդը, երրորդը... Անջատեցին լույսը: Գամբիտը ընդօրինակում էր տիրուհու վերաբերմունքը եւ զգացմունքները, տիրուհին չէր եկել, ինքն էլ չերեւաց:

Դիվինոյի ամենածանր գիշերն էր: Եղել էին դժբախտ գիշերներ, բայց գոնե ինչ-որ բան իմացել էի, իսկ այս անգամ անորոշության մեջ էի: Ինչեւէ, բոլոր գիշերներն ի վերջո լուսանում են... բացի մեկից, որն ինձնից շատ հեռու էր...

- Իյա՛, Արա՞մ,- առավոտյան զարմացավ Փայլակը, իբր գիշերը գալս չէր իմացել,- շախմատ չխաղացի՞ք...

- Չէ,- ասացի,- դաշտը թաց էր...

- Չի էլ չորանա,- ծաղրեց նա եւ հանկարծ չարախնդալով ավելացրեց,- տոնավաճառի օրը ուրիշի հետ էր կինո եկել:

Յոթին վեր էինք կացել, հաց կերանք եւ ճամփա ընկանք:

Ներսում էինք սվաղում: Հարեւանները քնած էին իհարկե: Ես ու Ռազմիկը, մի-մի խուց մտած, ծեփում էինք: Փայլակի ասածից հետո ուշքի չեք եկել: Ընդմիջման մի պահի, երբ նոր կալ էին սարքում, իսկ ես պատուհանի մոտ ծխում էի, Ինան դուրս եկավ առմուտք, տեսավ ինձ եւ կանգնեց: Առաջին հերթին ուրախացա, որ հիվանդ չէ: Ակնապիշ նայում էի, ջանալով այդ հեռավորությունից հայացքս եւ հարցս հասցնել նրան: Շրջվեց եւ մտավ ներս:

Հիվանդ չէր եւ չէր ուզում ինձ տեսնել: Եթե ինձ չեն ուզում տեսնել, կարող եմ եւ չերեւալ աչքերին... Հետաքրքրասիրությունը ցավից ուժեղ էր: Ցավն անհասկանալի էր, դեռ չէի հավատում, որ չի եկել հանդիպման եւ կինո գնացել է Կիռայի հետ, բայց հարցը տանջում էրՙ ինչո՞ւ... Ե՞րբ բացատրություն կստանայի, անհնար էր թվում, ստիպված պետք է մտնեի նրանց տուն, եթե այդքան շատ էի ուզում իմանալ պատասխանը: Սիգարետը գցեցի, ցատկեցի լուսամուտից եւ դուրս եկա փողոց, հասա նրանց դռնակի մոտ: Երկու անգամ անցել էի այդ դռնակից, երկու անգամ էլ շունը ինձ հետ էր դարձրել: Այս անգամ նույնպես դեմս ելավ... գռմռալով: Նա ինձ հանդուրժում էր դրսում, իր տարածքում ես թշնամի էի, անկոչ հյուր, որին պետք է վռնդել:

- Հանգիստ, Գամբիտ,- ձեռքս մեկնեցիՙ կարծես շոյելու էի գլուխը:

Ժանիքները բացեց: Չարությունը ոչ միայն մարդկանց է տգեղացնում, այլեւ շներին:

Դուռը բացվեց, Ինան երեւաց, վախով նայում էր, բայց չսաստեց շանը:

«Եթե նա չի հավատում ինձ, ուրեմն վրացուն ես եմ սպանել», ակնթարթորեն վերապրեցի միլիցիայի պահը... Եթե շանը չես սաստում, ուրեմն կանցնեմ այդ կենդանու մոտով եւ կմոտենամ քեզ, թող ինձ հոշոտի, չեմ փախչի եւ չեմ դիմադրի, չեմ իջնի դրա մակարդակին... Շատ-շատ պիտի ատամները խրի ոտքիս մեջ, իսկ ես դանդաղ ու հանգիստ, բացարձակապես ուշադրություն չդարձնելով, ոտքիս հետ շանը քարշ տալով կհասնեմ քեզ... Ո՞ւր ես փախչելու, տուն մտնես, կհետեւեմ քեզ, որպեսզի հարցնեմՙ ինչո՞ւ... Պատասխանն արդեն չէր հետաքրքրում, համարյա չէր հետաքրքրում, հարցն էի ուզում տալ...

Գամբիտն ամեն կերպ ցույց էր տալիս, որ կատաղած է, կատակ չի անում եւ չի ճանաչում ինձ, չփորձեմ առաջանալ եւ այլն: Մի ուրիշ հարց հետաքրքրեցՙ մի՞թե այս շունը այդքան նվիրված է իր տիրուհուն, որ իսկույն զգում է նրա ներաշխարհի փոփոխությունները:

Ինան առաջ եկավ եւ ձեռքը դրեց բազրիքին:

- Գամբի՛տ,- ձայն տվեց նա, բայց անորոշ էր, սաստո՞ւմ էր, թե՞ պատրաստ լինելու հրահանգ էր տալիս:

Բոլոր հարցերի պատասխանները կարող էի պարզել միայն իրեն հասնելով եւ մոտենում էի, ոչ մի պահ չէի կանգնել, պարզապես դանդաղորեն էի առաջանում, ոչ թե զգուշությունից, այլ դեմքին նայելով ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում: Երկուսն էլ հանդուգն տղանե՞ր էին, ասում ես... Անցա շան կողքով, Գամբիտն այդպիսի անարգանքի երեւի չէր ենթարկվել երբեք, ամոթահար մի կողմ քաշվեց տիրուհո՞ւն անսալով, թե՞ իմ լկտիությունից էր ապշել:

Առմուտքը մի մետրի չափ էր բարձր գետնից, չորս փայտե աստիճաններ էին, ոտքերը պարզորոշ գծագրվել էին, իրանը թեթեւակի ճկվել էր, ձեռքերը դրել էր բազրիքին: Նրա ձեռքերը չոր էին եւ կոշտ, երբեք չէի ասել: Ժամացույցը չէր կապել:

- Դու խելագար ես,- ասաց նա:

- Ոչ միայն խելագար, այլեւ մոլագար եւ... անհասկացող ու հարբեցող պատանի,- ձայնս անճանաչելի էր,- եւ յուրատեսակ հարցասեր, որին պատասխանը չի հետաքրքրում, միայն հարցնելու համար է եկել եւ հարցնելու է անպայմանՙ ինչո՞ւ...

Ձայն չհանեց:

- Շա՞տ էինք մնացել սիրով, կռվելու ժամանակը հասե՞լ էր:

- Սա կռիվ չէ, սա վերջն է:

- Ինչո՞ւ:

- Չգիտեմ, դու խնդիրը վերջից ես լուծում, դե, լուծիր մեր խնդիրը:

Վերջ, առաքելությունն ավարտված էր, հարցը տվել էի, նույնիսկ երեք անգամ, կարող էի հեռանալ, պետք չէր պատասխան պահանջել, իսկ խնդիրը լուծելու համար առանձնություն էր անհրաժեշտ եւ հանգիստ միտք:

Հենց այնպես չէի շրջվի եւ դուրս գա բակից... Բայց ի՞նչ ասեի, ցտեսությո՞ւն, սիրելիս, թե՞ մնաս բարով... Այդ խնդիրը ինքը լուծեց ներս մտնելով:

Ձեռքի շարժումով ողջունեցի Գամբիտին եւ դուրս եկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.