AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5281, Տպվել է` 367, Ուղարկվել է էլ.փոստով` 224

ԽԱՉԱԳՈՂ 41

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Դու խնդիրը վերջից ես լուծում,- ասաց,- դե, լուծիր մեր խնդիրը»: Վերջնական դրությունն իրենց բակում էր, դա էր պատկերը, նախնական դրությունը կամ խնդրի սկիզբը նախորդ հանդիպումն էր: Դրանից հետ գնալն անիմաստ էր, չէ՞ որ ամեն ինչ հրաշալի էր: Քնքշալի եւ զվարթ առավոտյան ժամերը, տոնավաճառի նրա խանդավառությունը, երբ նվերներ էր ընտրում, ինչպե՜ս էր ուրախացել մորս վերարկուի համար: Այդ երկու դրությունների միջեւ ոչ մի կերպ կապ չէի գտնում, բացի վերջին կցկտուր խոսակցությունից, երբ տոնավաճառից գալիս էինք արահետով, Տանյան ու Գամբիտը ընդհատեցին: Ամոթի մասին էր խոսում, զղջալու... Արդեն այլ կերպ էի հասկանում... Ուրեմն ես իրադրությունը ճիշտ չեմ ընկալում ՙ ի տարբերություն շախմատի: Տախտակի վրա կարողանում եմ գնահատել դիրքը, գտնել պարտության պատճառը կամ ճիշտ շարունակությունը: Եվ նրա վերաբերմունքն եմ սխալ ընկալել, գունազարդված, անիրական... Թվում էր, թե պաշտում է ինձ... Չհավատայի՞ աչքերիս...

Սակայն կար ծրարի մեջ գրանցված գաղտնի քայլը, որը Փայլակն էր բացել: Չէի համարձակվել հարցնել նրան, թե Ինան ում հետ էր եղել կինոյում... Գուցե ոչ Կիռայի... Եթե նրանք հանդիպեին, պիտի հարաբերություն պարզեին, խոսեին, կինո չէին մտնի... Իսկ եթե մինչ այդ խոսել էին եւ... հանգստանում էին դահլիճումՙ նախկին օրերը հիշելով...

Բացի դրանից, ինչ իմանայի, թե ինչ է տեղի ունեցել շաբաթվա ընթացքում, լրիվ անտեղյակ էի մնացել: Գուցե կապվել էին նորից... Սա սպանում էր ինձ, չէի կարողանում մտածել...

Նա փոփոխամիտ էր եւ անկայուն, Նինայի զգուշավոր, հետեւողական միտքը չուներ, կարծես լավ էի ճանաչում: Նրանից պակաս փոփոխամիտ չէի, միայն հաստատ գիտեի, որ սիրում եմ նրան, մնացածն անորոշ էր... Երբեմն մտածում էի վատ տպավորություն թողնել, կռվել, հայհոյել, որ բաժանվելիս ցավ չզգա, անգամ ուրախանա, որ հեռանում եմ, հեշտությամբ համակերպվի... Կանխե՞ց ինձ...

Ինչ որ է, անդամահատություն էր նրա համար, կտրեց եւ գցեց...

Որոշել էի ճաշարան չգնալ, գուցե մի առիթ էլ գտնեի կամ ստեղծեի: Բայց ինքը դուրս եկավ եւ գնաց փողոցով:

Գնացինք կենտրոնի ճաշարան, ավտոբուսի միջից նրան էի փնտրում, իզուր: Ափսոսում էի, որ շուտ հեռացա նրանց բակից:

Արսենի բրիգադի մնացորդն էր ճաշարանում, երեք հոգիՙ ինքը, Աշոտը, Խաչիկը: Ողջ ամառը կիրակի պահում էին, բայց այսօր գործի շորերով էին:

- Գալի՜ս է, գալիս,- բթամատով վերեւ ցույց տվեց Արսենը,- պոկվելու ժամանակն է:

- Վերջացնո՞ւմ եք,- զարմացավ Դավիթը,- տո՞ւն եք գնում:

- Հա, բա ինչ, սեպտեմբերը հանենք ու վերջ...

- Շուտ չէ՞,- միացավ Փայլակը,- օրերը լավ են...

- Լա՞վ են,- ծիծաղեց Արսենը,- քամին փոխվել է: ես Դիվինոյի քամին լավ եմ ճանաչում:- Նրանք արդեն դուրս էին գալիս, Արսենը կանգնեց մեր սեղանի մոտ,- հը, ո՞նց է, տղերք, յոթ-ութ ունեք, չէ՞...

- Յոթ-ութ,- Դավթի աչքերը թռան ճակատին,- հազա՞ր...

- Դու հո լոռեցի չես, այ տղա,- հեգնեց Արսենը,- լոռեցուն հարցնում ենՙ քանի՞ տարեկան ես, ասում էՙ հիմիի՞...

- Դուք էդքան ունե՞ք,- Դավթին փրկեց Փայլակը,- որ տուն եք գնում:

- Դե որ բան-ման առած չլինեին, էդքան կմնար,- Խաչիկը գլխի շարժումով հաստատեց նրա ասածը,- բայց դուք շա՜տ էիք աշխատում, տասն էլ քիչ է ձեր գործի դիմաց...

- Լսեցի՞ք,- ապշահար շշնջաց Դավիթը նրանց դուրս գալուց հետո,- յոթ-ութ առել են մարդիկ, իրավունք ունեն տուն գնալու...

- Ինչ ասեմ, Դավո ջան,- ես կեսից եմ եկել...

- Ռա՞զ,- շուռ եկավ Դավիթը,- հավատո՞ւմ ես...

- Ոնց չհավատամ, իր տղերքի մոտ ասաց,- պատասխանեց Ռազմիկը,- բայց մերն էլ վատ չէ, սեպտեմբերի փողը որ ստանանք, արդեն կերեւա, հլը հոկտեմբեր կա...

Ճաշարանի մոտ չսպասեցինք ավտոբուսին, քայլեցինք մինչեւ խանութների հրապարակ, կիրակի էր, կարելի էր մի քիչ զբոսնել Դիվինոյի կենտրոնում:

Մթերային խանութ մտա, սիգարետ գնելու, Ինան գնումներ էր անում հենց նույն բաժնում: Կանգնեցի մոտըՙ իմ հերթին սպասելով, կողքանց նայեց եւ իսկույն ուղղեց հայացքը:

- Շաքարավազ էլ տուր, Տոմա,- ասաց վաճառող աղջկան:

- Եթե կարելի է, ինձ սիգարետ տվեք, խնդրում եմ,- դիմեցի վաճառողուհուն:

- Կարող եք սպասել,- մերժեց նա, սակայն նայեց Ինային:

Ինան գլխով արեց, թե տուր, թող գնա...

- Յոթ տուփ «Օպալ»,- խնդրեցի:

- Յո՞թ,- զարմացավ աղջիկը,- մի բլոկ տամ:

Բլոկի մեջ տասը տուփ էր:

- Ոչ, խնդրում եմ, յոթ տուփ:

Ինան շուրթերը սեղմեց, որ թաքցնի ժպիտը: Սա հիշեցնում էր նրանից գրքեր գնելու պահը:

Մինչ աղջիկը պատռում էր ստվարաթուղթը, որ առանձին տուփեր հանի, ասացի Ինային.

- Երեկոյան կգաս, պիտի խոսենք:

- Դու ինքնասիրություն չունե՞ս,- քամահրեց նա:

- Որտեղի՞ց, ամբողջ սերս քեզ տվեցի, ինձ չմնաց:

Գլուխը կախ վաճառողուհին չկարողացավ ծիծաղը զսպել, արդեն ինքն էր ձգձգում:

- Կգաս,- պնդեցի,- եթե չեկար, ձեր տանը կսպասես ինձ:

- Լավ,- զիջեց Ինան, սպառնալիքս ազդել էր,- կգամ ակումբ:

- Քանիսի՞ն:

- Օֆ, ժամ էլ պիտի ասե՞մ,- նորից անցավ ամբարտավանության:

Աղջիկը վերջապես բերեց «Օպալի» տուփերը:

- Ուրիշ սիգարետ չե՞ք ուզում,- առաջարկեց նա ժպիտով:

- Ոչ, շաքարավազ կգնեի...

- Դե սա արդեն չափից ավելի է,- բողոքեց Ինան:

- Պիտի սպասեք,- լրջացավ վաճառողուհին:

- Չեմ կարող,- նայեցի նրան,- շնորհակալություն:

Փայլակը պատուհանի մոտ ձեռքերն էր շարժում, երեւի ավտոբուսը մոտենում էր:

Ինան խանութում սպասեց, ավտոբուսը հեռացավ կանգառից: Նա եկավ մի ժամից: Երեկոյան կհարցնեի, թե փաթեթները ձեռքին ուր է գնացել:

Երեկոյան չկարողացա շուտ դուրս գալ, Սաքոն պահեց:

- Խոսելու բան կա,- ասաց:

Նստեցի մահճակալիս սիգարետ վառելով: Փայլակն ու Ռազմիկը փակեցին նարդին, Դավիթը պառկած էր, շտկվեց: Նա տեղափոխվել էր Հրանտի մահճակալին, որպեսզի երկու կողմից ազատ լինի: Իմ եւ նրա միջեւ Շուլայի մահճակալն էր:

- Ես նոր գործ չեմ վերցնում,- հանկարծակիի բերեց մեզ Սաքոն,- եղածը վերջացնենք, գնանք տուն:

- Իյա, Սաքո,- վեր թռավ Փայլակը,- ոնց թե, ախպեր ջան...

- Չեմ կարող,- խոստովանեց բրիգադիրը,- պիտի բուժվեմ, ստամոքսս հանգիստ չի տալիս... Երեք-չորս օր սվաղը կքաշի, գարաժը, ավտոպարկի գործը պիտի վերջացնենք... Քիչ գործ չէ, հոկտեմբերի մեջ կպրծնենք: Ձյուն կգա հաստատ, բան եմ ասում: Վերջացնենք գործերը, եթե օր եղավ, կգտնեմ մի քանի օրվա թեթեւ գործ... կամ ես կգնամ, դուք կմնաք...

- Առանց քեզ ի՞նչ պիտի անենք,- շողոմքորեց Փայլակը:

Դավիթն էլ էր անհանգստացել, նույնիսկ Ռազմիկը: Հասուն, փորձված մարդիկ էին, խուճապահար էին եղել, առանց Սաքոյի չէի՞նք կարող մի գործ գտնել, աշխատել...

- Լավ, ես գնամ,- կանգնեցի, ուշանում էի արդեն:

- Ո՞ւր ես գնում,- ջղայնացավ Փայլակը,- մնա, որոշենք, կարեւոր հարց ենք քննում, թե՞ էլի...

- Հանգիստ,- կտրեցի նրա խոսքը,- որոշելու ի՞նչ կա, կաշխատենք, հետո կերեւա, թե ինչ անենք... եթե ձյունը նստեց, ի՞նչ պիտի որոշես... Իսկ եթե շատ ես ուզում անպայման որոշել, ես համաձայն եմ...

- Ինչի՞ն ես համաձայն...

Արդեն դուրս էի եկել, ուսանողական տարիներից չէի սիրում որոշումները...

Սառն էր օդը, ցուրտ քամի էր փչում, այ քեզ Դիվինո, տժժացնող ամառն արագորեն անցավ, աշուն գրեթե չտեսանք, այստեղ ամեն ինչ կարճ էր տեւում, նույնիսկ սերը... կարճ եւ հանկարծակի անցումով...

Երկրորդ սեանսը դեռ չէր սկսվել, բայց կարծես կեսգիշեր լիներ: Սպասողները փողոցից տեղափոխվել էին նախասրահ, որի մի կողմում կինոյի դահլիճի մուտքերն էին, մյուս կողմումՙ պարասրահի: Ինան հավանաբար պարասրահում էր սպասում, եթե եկել էր...

Եկել էր եւ պարում էր... Կիռայի հետ:

Ինձ էր սպասում եւ պարում էր նրա հետ, ուրեմն վերջին հարվածն էր հասցնում, վերջնականապես էր խզում ամեն ինչ: Իսկույն դուրս գալու եւ հեռանալու միտքը բռնեց ինձ, հեռանալ ոչ միայն ակումբից, այլեւ այս գյուղից, թքած բոլոր որոշումների վրա... Տեսավ ինձ, ձեռքը դրել էր Կիռայի ուսին եւ ժպիտով լսում էր նրան, ակնհայտ կեղծիք... Եթե նա իմ աչքին ներկայացում է սարքում, ես թատրոնը նրա գլխին կբերեմ...

Ճիշտ այնպես, ինչպես շան կողքով էի անցնում, դանդաղորեն առաջացա պարողների արանքներով: Շատ ուժեղ էին այս աղջկա բոլոր մղիչները... Կիռան իմ կյանքի միակ մղձավանջն էր, եւ Ինան անգթորեն ու անմտորեն բորբոքում էր բացված վերքս...

Երաժշտությունը փոխվեց, բարեբախտաբար ոչ լամբադա, ափսոս էր այդ մեղեդին: Եվս մի զույգ, եւ նրանց կողքին էի: Կիռան նոր միայն տեսավ ինձ, ձեռքերը թողեց: Ինան պապանձվել էր:

Այս անգամ հարբած չէի եւ տիրապետում էի ինձ, այդպես էի կարծում, բայց պիտի սկսեի խոսել, որ կուլ գնայի կատաղությանը:

- Ես քեզ զգուշացրել էի, որ այս մարդը պիտի ջնջվի իմ կյանքից,- ասացի Ինային ատամներս հազիվ իրար չսեղմելով,- եւ քո կյանքից նույնպես...

Ինան ապուշ էր կտրել:

- Չեմ հասկանում,- կարծես թե խեղճացած խոսեց Կիռան,- չի կարելի՞ պարել նրա հետ:

- Ոչ:

- Ինչո՞ւ,- իներցիայով շարունակեց նա:

- Ես արգելում եմ:

- Դու արգելո՞ւմ ես,- Ինան ուշքի էր գալիս,- դու ո՞վ ես, որ արգելես...

- Դու ո՞վ ես,- նրա հետեւից կրկնեց Կիռան:

- Դու ձայնդ կտրիր,- ասացի Կիռային:

ՉԷի նայում դեմքին, որ չխփեի:

Կիռան քմծիծաղեց,- դուրս գանք, խոսենք,- եւ հայացքով ու ճակատով մեկին նշան արեց:

Գնացի դեպի դուռը, գոնե մղձավանջից կազատվեմ... Մկաններս պրկվել էին, միայն հանգիստ... Ամենակարեւորըՙ հանգիստ, խրատում էր Գնելը, հանգիստ եւ ուշադիր, երբեք ամբողջ ուժով չխփես...

Արագորեն անցա նախասրահով, Կիռան գալիս էր, նրա հետեւիցՙ Ինան:

- Արի,- դրսում ասաց Կիռան քայլելով դեպի ակումբի հետեւը:

Մեկն էլ դուրս եկավ ակումբից, բարձրահասակ, ձեռքերը գրպաններում:

Երեքով մեկի դեմ:

Առջեւից Կիռան էր գնում, Ինան փորձում էր հասնել նրան, իմ հետեւից Ցիգն էր գալիս: Ակումբի հետեւում Կիռան շրջվեց, Ինային մի կողմ հրեց, Ցիգը մոտեցավ:

- Էյ, Ցիգ,- լսվեց Պետրոյի ձայնը, նա ոչ մի ներկայացնում բաց չէր թողնում,- թող իրար հետ խոսեն:

Ցիգը զարմացած շրջվեց,- դու պաշտպանո՞ւմ ես նրան:

- Ես նրան չեմ պաշտպանում,- Պետրոն թքեց:

Ցիգը հասկացավ, որ կամ պիտի ենթարկվի, կամ կռվի Պետրոյի հետ: Վերջինը չընտրեց:

- Դու գնա,- Ինային ասաց Պետրոն:

- Ես կմնամ:

- Ինչպես կուզես:

- Սա եկել է մեր գյուղը եւ խլում է ինձնից իմ աղջկան,- սկսեց ճառել Կիռան:

- Սա գյուղի հարցը չէ,- ասաց Պետրոն,- եթե գյուղի հարցը լիներ, ես կլուծեի: Սա ձեր երեքի հարցն է:

- Եթե մեր հարցն է, ես կսպանեմ նրան...

- Սպանիր, եթե կարող ես...

Պետրոյի խմբի օղակը մեզ էր դիտում, Ինան քարացել էր...

Ես անվախ եմ, եթե աղջիկն ինձ սիրում է, մտածում էի աչքերս Ինայից չկտրելով, եթե նա չի սիրում, ո՞ւմ է պետք իմ անվախությունը... Սա հրաժեշտ է, հրաժեշտի կռիվ... վերջին տպավորություն...

Արդեն Ինային չէի տեսնում, Կիռայի գարշելի դեմքն էր աչքերիս առաջ: Նա միայն մի փրկություն ուներՙ իմ կյանքից հեռանալ, սակայն չօգտվեց այդ հնարավորությունից...

Անցած կիրակիՙ տոնավաճառի օրը քանի ժամ տատի տանը սիլի-բիլի էինք անում, մերժեց ինձ, որովհետեւ երեկոյան հանդիպում ուներ, պահում էր իրեն սրա համար... Խաբխբելով ինձ հանեց տնից, տարավ նկարվելու, տոնավաճառում հարազատներիս համար նվերներ, ընտրելով հուզեց սիրտս, հաջորդ շաբաթ գիշերվա ժամադրությամբ էլ խելքս լրիվ առավ, ուղարկեց տունՙ օգտվելով Տանյայի ու Գամբիտի հայտնվելուց, եւ երեկոյան գնաց... Այս անգամ քույրը չկար, որ արգելեր... Այ թե ինչու էր Կիռան համբերությամբ հետեւում մեզ եւ սպասում... Իսկ ես ծիծաղում էի նրա վրա...

Չար, գիշատիչ հաճույքն էր բարձրանում խելագարության պես, լցվում թեւերիս մեջ, երբեն թվում էր, թե կարող եմ բռունցքի ուղղակի հարվածով քանդել պատը, եւ հիմա կխփեմ ամբողջ ուժով, կջնջխեմ այդ գարշելի դեմքը, կսպանեմ նրան...

- Վերջացրե՜ք,- ճչաց Ինան, ապա մոտեցավ ինձ եւ սուր ձայնով ասաց,- գնա՛ այստեղից...

Ոչինչ չէի կարող ասել, գամվածի պես նայում էի նրան, հարցն անխուսափելի էր, չէի հավատում նրան ու կատարվածին, ինչո՞ւ...

- Ինչո՞ւ,- կրկնեցի բարձրաձայն:

- Գնա,- կրկնեց նա արդեն խնդրանքով:

Օղակը բացվեց, ինձ ճանապարհ էին տալիս...

Ավելի լավ էր ծեծվեի:

Դա երեւի իմ վերջին գիշերային վերադարձն էր Դիվինոյի Կենտրոնական փողոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.