AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5413, Տպվել է` 384, Ուղարկվել է էլ.փոստով` 208

ԽԱՉԱԳՈՂ 42

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Նորից կատաղի վազք սկսվեց: Չէինք կարող ամառային օրվա ժամերով աշխատել, բայց լույսը բացվելուն պես գործի տեղում էինք, գյուղտեխնիկայում: Անտառայինի սվաղը դարձյալ մնաց ամենավատ օրերի համար: «Վիլիսների» գարաժի պատերը մի պտույտ էլ լցրեցինք, ապա երկու օրով տեղափոխվեցինք ավտոպարկ, ցանկապատը վերջացրինք, մի օրում պատերի վերջին ծիրը պտտվեցինք եւ նորիցՙ ավտոպարկ: Ջերմուղի սարքեցինք: Էքսկավատորը փորել էր, փոսի մեջ կես մետր բարձրությամբ պատերը շարեցինք եւ սալիկներով փակեցինք, ապա տրակտորը ծածկեց մեր օգնությամբ, ահա ջերմուղին: Երկու օր տեւեց, մեկ ամառային օրվա աշխատանք էր: Ամռանը երեւի այդքան փող չտային, 1500 ռուբլի, հրաշալի գործ, յուրաքանչյուրս օրական 150 ռուբլի վաստակեց: Երկու օր գարաժի ծածկի վրա գնաց, երկու օրում սվաղեցինք, հատակը բետոնեցինք բոլոր հարմարություններով հանդերձ, դարպասներն ամրացրին, գարաժը պատրաստ էր:

Կիրակի չէինք պահում: Ողջ ձմեռ կիրակի է, հա՜, ձգում էր Փայլակը:

Աշխատանքն ինձ փրկեց: Անընդհատ շարժման մեջ, մի գործը վերջացնելու եւ մյուսն սկսելու վազքով: Մտածելու ժամանակ չէր մնում, գոնե ցերեկը, չէի էլ ուզում մտածել, մեխանիզմի էի վերածվել, պրոֆեսիոնալ խոպանիստի պես էի աշխատում, ոչ մի ավելորդ շարժում, ճշգրիտ հաշվարկ ընթացքում եւ արագություն:

Վեցից հետո տանն էինք, դուրս չէի գալիս եւ մտքովս չէր անցնում: Լվացվում էինք, մաքրվում, սեկա էինք խաղում կամ նարդի, կամ փռվում էինք մահճակալներին ու ծխելով զրուցում: Զարմանալի է, Ռազմիկն էլ չէր գնում: Ամռանը ժամը տասին էինք վերջացնում, իսկույն պոկվում էր, հիմա երեկոն դեմն էր, մնում էր տանը: Ձանձրացե՞լ էր, թե՞ տան կարոտն էր քաշում, իսկական տան:

Հրանտը դեռ գարնանը լավ վառարան էր սարքել, ազբեստի կարճ խողովակի վրա հզոր պարույր էր փաթաթել: Երեկոները կարտոֆիլ էինք խորովում, շորեր էինք չորացնում: Հոտը տարածվում էր, հատկապես փաթաթանների:

Այդ օրերին վարորդական վկայականի տեր դարձա: Վարել սովորել էի, իհարկե ոչ վկայական ունենալու չափ: Վկայականները Սաքոն բերեց Դոսաֆիցՙ հարյուրական ռուբլի տվեցինք, միայն Փայլակը չուզեց:

Մնացել էր Անտառայինի 28 համարի սվաղը: Հոկտեմբերի մեկին ձյունը եկավ վերջապես: Ե՛վ ուրախացել էինք, ե՛ւ տխրել: Ձյունը նշանակում էր սեզոնի վերջ, տուն, բայց եւ պետք է բավարարվեինք ձեռք բերածով:

Երեկոյան սափրվել էի, առաջին անգամ բաժանումից հետո: Չէի ուզում աչքին երեւալ դժբախտ եւ անհույս սիրահարի տեսքով:

Չէի հավատում կատարվածին, երազ էր թվում, ինքն էր երազ, եղե՞լ էր նա իմ կյանքում, գետը, տատի տունը, ինչ հիմար ավարտ... Մի քանի օրից հեռանալու էի Դիվինոյից, դրան էլ չէի հավատում: Վերացել էի իրականությունից...

Ձյունը չէր կարող մեզ տանը պահել: Անմեղ եւ ամաչկոտ առաջին ձյուն: Փոքր-ինչ ուշ դուրս եկանք: Հույս ունեի ճանապարհին հանդիպել, մի վերջին գործ էր մնացել, մեր նկարը պիտի խնդրեի, հիշատակի համար:

Անտառային փողոցով Տանյան էր գալիս, գլխարկով, վերարկուով, ձեռնոցներով, խնամքով հագնված: Եվ սա երեւի դեռ նրա ձմեռային հանդերձանքը չէր:

- Դուք դեռ այստե՞ղ եք,- զարմացած ձայն տվեց նա,- իսկ ես կարծում էի, թե արդեն գնացել եք:

- Շուտով, Տանյա,- ասացի,- գործերը պետք է ավարտենք:

Երբ մերոնք առաջ ընկան, հարցրեցի.

- Մենա՞կ ես գնում:

- Այո, հիմա Իրինա Գրիգորեւնան ինձ հետ չի գալիս:

Խելամիտ աղջիկը հասկացավ, թե ինչու այդ հարցը տվեցի:

Քանի դեռ Ինան դպրոցում չէր աշխատում, Տանյան նրան այդպես էլ անվանում էր: Հիշում եմ, ասաց. «Ինայից գլուխ չես հանի»:

Ես գլուխ հանում էի եւ հասկացա, թե ինչու Տանյայի հետ չի գնում դպրոց: Տանյան իմ ընկերուհին էր, Ինան վերացնում էր բոլոր առնչությունները:

Անմիջապես անցանք աշխատանքի:

Խորհրդանշական ձյուն էր, շուտով կտրվեց, բայց իր գործն արել էր, տրամադրել էր մեզ, համոզել, որ սեզոնն ավարտված է:

Լիովին տրվեցի արագ աշխատանքին, գնա՞ց դպրոց, վերադարձա՞վ, չէի նկատել: Գնացինք ճաշարան, եկանք եւ շարունակեցինք նույն արագությամբ:

Հաջորդ օրը տեսա նրան, առավոտյան, այս անգամ ինքն էր մենակ գալիս իրենց փողոցով:

Գրողը տանի, սիրտս սկսեց արագ բաբախել: Սիգարետ կպցնելու պատրվակով հետ ընկա: Գալիս էր արագ, գլուխը կախ: Երկար, թեթեւ վերարկու էր հագին, ձեռնոցներով էր, չէի տեսնումՙ ժամացույցը կապե՞լ էր: Նայեց, բարեւեց, պատասխանեցի, ուզում էր անցնել, ասացիՙ սպասիր:

Կանգնեց:

- Նկարը չե՞ս ուզում տալ,- հարցրեցի եւ անմիջապես շարունակեցի,- հիշատակի համար:

- Նինայինը բավական չէ՞,- պատասխանեց առանց մտածելու:

Մի՞թե պատճառը քույրն էր:

- Չկա, վառել եմ,- ավելացրեց:

- Ճիշտ չես ասում,- իրոք չէի հավատում:

Ուսերը թոթվեց եւ շարժվեց: Բռնեցի ձեռքը:

- Թող,- ջղայնացավ նա,- տեսարան մի սարքիր:

- Մենք այդպես էլ չխոսեցինք:

- Որովհետեւ գազանությունդ բռնել էր: Ի՞նչ էիր երեւակայում... Նա պարզապես նորից բանտ ընկնելուց է վախենում:

- Իսկ ես չեմ վախենում, այնպես որ նրա հետ դեռ չեմ ավարտել...

- Ի՞նչ ես անելու:

- Կարեւոր չէ: Մի քանի օրից գնալու եմ, չե՞ս ուզում հանդիպել, խոսենք...

- Ինչի՞ մասին:

- Թե ինչու այսպես արեցիր:

- Ոչ:

- Ասա միայն, ինչո՞ւ...

- Քեզ ավելի շատ ինչո՞ւն է հետաքրքրում... Դու չմտածեցի՞ր, չգտա՞ր...

- Ես չեմ կարող գտնել մի բան, որը գոյություն չունի...

- Ես ուշանում եմ,- ասաց ու գնաց:

Նորից խրվեցի, կարծես ազատվել էի:

Վերարկուով ավելի բարձրահասակ էր երեւում, ավելի բարեկազմ, վայելուչ տիկին, երիտասարդ ուսուցչուհի:

Սվաղն էր ինձ սպասում, Փայլակը զույգ դույլը դատարկել էր տաշտակիս մեջ: Մի քանի բառ էինք փոխանակել, կարծես երկու-երեք րոպեից ոչ ավելի, ե՞րբ հասցրեցին կալը պատրաստել:

Այդ օրն անցավ սվաղով, նաեւ հաջորդը: Չէինք հանդիպում, խուսափում էր, առավոտյան շուտ էր գնում երեւի:

Եվս մի օր, ավարտեցինք սվաղը եւ... սեզոնը: Ե՞րբ անցավ այդքանը... Ինչ տանջալի դանդաղությամբ էին անցնում բետոնի առաջին օրերը, հունիս-հուլիսըՙ կատաղի աշխատանքի մեջ, օգոստոսյան օրերըՙ Ինայի վերադարձին սպասելիս: Օրերը դանդաղ էին անցնում, ամիսներնՙ արագ... Թռավ-անցավ տառապալի սեզոնը... եւ իմ սերը...

Փողն էր ձգձգվում, երեք տեղից վերջնահաշիվ էինք ստանալու, գյուղտեխնիկայից, ավտոպարկից, սովխոզից: Սաքոն առաջարկեց շաբաթ-կիրակի գնալ Ռուբցովսկ քաղաք, որտեղ մեծ տոնավաճառ էր լինում: Երկար ճանապարհ էր, չէին կարող նույն օրը գնալ եւ վերադառնալ: Ուրբաթ երեկոյան գնացին, մեկ կամ երկու գիշեր մնալու էին Սաքոյի ծանոթի տանը:

Ես չգնացի, գնումների պլանը կատարել էի եւ ուզում էի վերջին ազատ օրերը վայելել Դիվինոյում: Ոնց էլ լիներ, կհանդիպեի Ինային, վերջ ի վերջո պիտի խոսեինք:

Շաբաթ առավոտյան, տասի կողմերը, դեռ պառկած էի, դուռը թակեցին: Բացեցի ու աչքերիս չհավատացի, Շուլան էր:

- Հը, Մոծակ,- ծիծաղեց նա ուսիս խփելով, հաջորդ պահին ինքը պիտի զարմանար դատարկ մահճակալները տեսնելով,- մենա՞կ ես, տղերքն ո՞ւր են

- Ռուբցովսկ են գնացել, տոնավաճառ...

- Փող ունե՞ն, որ տոնավաճառ են գնացել...

- Հա,- ասացի,- գործերը լավացան ձեզնից հետո:

- Իյա՛... Մենք էի՞նք խանգարողը,- աչքը ճտեց Շուլան:

Նրանցՙ Շուլային ու Հրանտին կայարանից հետ էր դարձրել Վանովոյի կոլտնտեսության նախագահը: Այդ գյուղում դիլիջանցիներն էին աշխատում, գործը կիսատ էին թողել կամ նախագահն էր վռնդել: Համոզել էր, որ գան, աշխատեն... Մի գործ, երկուՙ հարմարվել էին: Գիքորը գնացել էր Երեւան:

- Եկել եմ քո հետեւից,- շարունակեց Շուլան,- բետոնի գործ կա, անպայման պիտի անենք, թե չէ մեր փողը չեն տա: Բայց շատ լավ մարդ է, չվախենաս: Մեր ուզած փողից ավել է տալիս: Ներսի գործ է, տաք տեղ, ավազը թափած, ցեմենտն ու ջուրը մեջը... Տասը օրվա 2000 ռուբլի կառնենք...

- Ամեն մեկիս 600, հա՞...

- Ի՞նչ 600, Մոծակ, 2000 ամեն մեկիս...

Գայթակղիչ գործ էր, արտակարգ:

- Բա ոնց է էդքան փող տալիս:

- Տալիս է, պիտի արվի: 1200 քառակուսի բետոն է, մետրին հինգ ռուբլի տալիս է... Ու մաքուր, գիտե՞ս, առանց պահումի:

Խոպանի ոսկե օրենքներից մեկն էրՙ գործը խոսել մաքուր գումարով, պահումները դուրս եկած:

- Սաքոն երեքով էր բետոնը խոսել, չարեցինք,- շարունակեց Շուլան,- մարդը հինգ է տալիս, չլսված գին է, Մոծակ ջան, օրական 100 քառակուսի չենք փռի՞...

- Հարյուրն ի՞նչ է,- արդեն ոգեւորվեցի,- տասը օրից շուտ կպրծնենք:

- Դե հագնվի, հավաքի ունեցածդ, ավտոն դուռը կանգնած է:

Դժվար էր միանգամից ամեն ինչ հավաքել: Բանվորական շորերիս ու սապոգներիս տեղ չեղավ, Շուլան լցրեց իր ծածկոցներից մեկի վրա, փաթաթեց...

- Ըհը, թող մի հատ էլ պակաս լինի, հանձնելու ժամանակ չպիտի հաշվեն...

Մի թղթի վրա գրեցի. «Ես գնում եմ Վանովոՙ Շուլայի ու Հրանտի հետ աշխատելու: Չորս-հինգ օրից կվերադառնամ: Եթե դուք գնաք, փողս կթողնեք ինժեների մոտ: Բարեւներ Շուլայից ու Հրանտից»: Գրությունը թողեցի սեղանին, դուռը փակեցի, մի բանալին նրանց մոտ էր, սա էլ ես վերցրեցի, նստեցինք Վանովոյի «Վիլիսը»:

Ինչպես հանկարծակի խոպան էի եկել, այդպես էլ հեռացա Դիվինոյից, դեռեւս ոչ վերջնական:

«Վիլիսը» հենց գյուղտեխնիկայի մոտից դուրս եկավ ճանապարհ, կարծում էի` գոնե գյուղի միջով կգնանք:

Նույն շրջանում աշխատել էին, օգոստոսից, այսքան ժամանակ չէինք լսել նրանց մասին:

- Հա ուզում էինք գալ, չէր ստացվում,- արդարացավ Շուլան,- չիմացանք օրերը ոնց թռան...

- Ձեր փողը Սաքոյի մոտ է,- ասացի,- Սաքոն շատ է փոխվել, Շուլա, ոնց որ մարդ է դառնում:

- Իյա՛,- աչքը ճտեց,- կարմիր կովը կաշին կփոխի՞...

Հրանտն ինձ ջերմորեն դիմավորեց եւ անմիջապես սկսեց նախատել Շուլային.

- Ինչի՞ ես մենակ Արամին բերել, այ տղա...

Նույն Հրանտն էր իր հանդիմանական-կռվարար խոսելաձեւով: Շուլան ասում էր, որ կռվի կեսից է խոսում:

- Ո՞նց են տղերքը,- հարցրեց Հրանտը,- ի՞նչ կա-չկա, Բազազը ո՞նց է...

- Լավ էր, բարեւեց...

Հրանտն այնպես վեր թռավ, կարծես Շուլան անպատվել էր նրան...

- Հանգստացի, այ մարդ, Բազազին չեմ տեսել, գնացել են Ռուբցովսկ...

Շուլան գնաց ինձ համար տեղաշոր ստանալու: Նրանք տեղավորվել էին դիլիջանցիների լքած կացարանում: Գուցե հենց Մնացի մահճակալն էր փոխանցվել ինձ: Ընդարձակ սենյակ էր: Կոլտնտեսության ճաշարանում էին սնվում, անվճար: Ճաշեցինք եւ արդեն փոխված շորերով գնացինք գործի: Մեծ գարաժ էր, գրեթե գյուղտեխնիկայի գարաժ-արհեստանոցի չափ, բայց ոչ այդքան բարձր: Անցած տարի էին կառուցել եւ առանց հատակը կարգի բերելու օգտագործել էին: Ինչպես Շուլան էր ասել, ամեն ինչ պատրաստ էր, մնում էր միայն աշխատել:

- Մի շաբաթում պիտի պրծնենք,- ասաց Հրանտը:

Շուլայի տասը օրը նա դարձրեց մի շաբաթ: Ավելի լավ: Ավազի կույտերը մոտ-մոտ էին, իրար գրեթե կպած, ուրեմն բետոնի շերտը հաստ էր լինելու: Գարաժը ջեռուցվում էր, տաք էր այդտեղ, կարելի էր ձմռանն էլ աշխատել:

Սկսեցինք, մնացած խոսքուզրույցը, հարցուփորձը աշխատելիս կանեինք: Բետոնը տեղում փռելը երեւի ամենահեշտն էր իմ փորձած շինարարական աշխատանքներից կամ ինձ համար էր հեշտ. հարմարվել էի, բահով լավ էի աշխատում: Հսկա կալ էինք սարքում, ջուրը լցնում, ծխում եւ փռում: Առանձնապես լարված չէինք աշխատում, համաչափ, լավ կազմակերպված աշխատանք էր:

- Մի քիչ կամացեք,- լրջորեն անհանգստացավ Հրանտը,- շատ շուտ պրծնենք, խայտառակ կլինենք:

Նա էլ էր վստահեցնում, որ նախագահը փողը կտա, խաբող մարդ չէ: Պարզապես նրանց նախորդ գործի համար չէր վճարել, որ այս գարաժի բետոնը անպայման անեին:

Գարաժում հոսանք կար, կարող էինք մթանն էլ աշխատել, բայց ժամը յոթին վերջացրինք:

- Շատ լավ է,- ասաց Հրանտը,- մեզ չկոտորենք, մենք խանգարող բան չունենք, փոթորիկ էլ անի, կվերջացնենք...

Իրոք, իդեալական պայմաններ էին, իսկ Շուլան ու Հրանտը այն մարդիկ էին, որոնց հետ ե՛ւ տանն էր հաճելի, ե՛ւ աշխատանքի մեջ: Մտքովս անցնում էր, որ մեր այս կորիզով լավ բրիգադ կարելի էր ստեղծել: Հրանտն էլ էր այդ կարծիքին, հատկապես երբ իմացավ, որ արդեն շարում եմ եւ սվաղում:

- Մյուս տարի միասին գանք,- առաջարկեց,- նախագահը մեզ հավանել է, գործեր ունի:

- Դու նրա հետ ինչ գործ ունես,- հեգնեց Շուլան,- նա բարձրագույնավարտ տղա է, ասաՙ թող լավ աշխատանք գտնի...

- Թող գտնի, չուզողը ե՞ս եմ,- բարկացավ Հրանտը,- բայց ինչ գործ էլ գտնի, Երեւանում երեք հարյուրից ավել չպիտի ստանա... Մեկն էլ իմ տղան, ես եմ նրան պահում, իր ռոճիկով ընտանիք կպահի՞... Լավ, բարով էս տարի վերջացնենք... Իմացի, Արամ ջան, հենց մտքովդ անցնի, երբ էլ գաս, մեր աչքի վրա տեղ ունես...

- Հա, բա ոնց,- հաստատեց Շուլան:

Ընթրեցինք տանը, սննդից նեղություն չէին քաշում:

Ամբողջ երեկոն դեմն էր, հանգիստ դասավորեցի ունեցվածքս: Շորերը, նվերները եւ չինուհու արձանիկն արդեն վերջնական տեղավորեցի ճամպրուկի մեջ, գրքերը, շախմատի ժամացույցը եւ դեռ օգտագործելու իրերըՙ պայուսակում: Բաճկոնս կախեցի նրանց շորերի հետՙ սավանով ծածկված:

Մինչեւ կեսգիշեր արթուն մնացինք, ինձ էին խոսեցնում ավելի շատՙ բրիգադից, Սաքոյից, Վարդանից, Դիվինոյից...

- Դու էլ ես լավ բքում,- դիտողություն արեց Հրանտը,- առաջ մեկ-մեկ փստացնում էիր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.