AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 5136, Տպվել է` 307, Ուղարկվել է էլ.փոստով` 235

ԽԱՉԱԳՈՂ 43

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաջորդ օրը ձյուն եկավ, եկավ ու դրեց: Մեզ բացարձակապես չէր խանգարում: Հիշեցի Դելկինոյի ձյունը, խղճալի օրերը: Այն ժամանակ Դիվինոն վերադարձիս հարազատ թվաց, այժմ էլ էի կարոտ զգում... Ընդամենը մի օրվա բացակայություն...

Բետոնի պլանը օրական 150 քառակուսին էր, հեշտությամբ կատարում էինք: Եթե հուպ տայինք, հինգ օրում կանեինք, բայց, Հրանտի ասածի պես, ամոթ էր թվում այդքան շուտ վերջացնելը: Թեեւ նախագահը, որ ամեն առավոտ հանդիպում էր մեզ, ուրախանում էր նախորդ օրվա արածը տեսնելով:

- Մեզ հլը պրեմիա պիտի տան շուտ պրծնելու համար,- ի պատասխան Հրանտի զգուշացումների ծիծաղում էր Շուլան:

Այնուամենայնիվ ձգձգեցինք: Իրոք ամոթ էր այդպիսի կարճ ժամանակում այդքան գումար աշխատելը:

Ցեմենտը չհերիքեց: Գարաժի անկյունում եղածը օգտագործել էինք, պահեստինը խոնավացել էր, փչացել: Ասացի, որ գյուղտեխնիկայի պահեստում ցեմենտ է մնացել, հավանաբար կուզենային ազատվել դրանից, որ ձմռանը չփչանա: Նախագահը հեռախոսով պայմանավորվեց Իվանովի հետ, ես ու Շուլան գնացինք բերելու: Մերոնք գնացել էին, փողս թողել էին Իվանովի մոտ, 1500 ռուբլի: Օգոստոսն ու սեպտեմբերը շռայլ էին:

Ցեմենտի պատճառով մի օր կորցրինք, մի օր էլ աշխատավարձին սպասեցինք, հոկտեմբերի 20-ին նախագահը հաշիվը փակեցՙ շնորհակալությամբ եւ հաջորդ տարվա հրավերով հանդերձ:

Սեզոնի վերջում 6000 ռուբլուց ավելի փող մնաց ձեռքիս: Ստացածըՙ բոլոր գործերի համար, 8000 ռուբլի էր: Հրանտն ու Շուլան նույնպես գոհ էին: 6000-ը վիթխարի գումար էր, հարյուրները չէի հաշվում: Մտածում էի Երեւանում սենյակ վարձել եւ ողջ ձմեռը գրել: Այդքանով տուն չէի կարող առնել իհարկե, գյուղում հնարավոր էր:

Երեկոյան լողացանք, գոմերից մեկում բաղնիք կար, գիշերը շատ ուշ քնեցինք: Հրանտն ու Շուլան իրերն էին կապկպում, խոսում էինք, հիշում, ծիծաղում, նույնիսկ Սաքոյի մասին խոսելիս հիշաչարություն չկար:

Առավոտյան հանձնեցինք գույքը: Բանվորական շորերս եւ սապոգներս ուզում էի թափել, Հրանտը չթողեց, մահճակալների ու ներքնակների, իրենց շորերի հետ դրեց պահեստում:

Նախագահը «Վիլիսը» տվեց, որ մեզ բերի շրջկենտրոն: Դիվինոյում տեղ-տեղ ձյուն կար, բարակ շերտով: Իջանք ավտոկայանում: Ավտոբուսը մեկնելու էր մեկ ժամից: Ես կանգնեցի հերթի, գնեցի երկու տոմս եւ տվեցի իրենց:

- Բա դու,- աչքը ճտեց Շուլան:

- Ես մի օր կմնամ,- ասացի,- մարդկանց պիտի հրաժեշտ տամ:

- Մենք էլ մնանք,- առաջարկեց Հրանտը,- մի օր չէ՞, վաղը իրար հետ գնանք...

Չէի համաձայնի, որ անհամբերությամբ տուն շտապող մարդիկ իմ պատճառով օր կորցնեն:

Ճամպրուկները հանձնեցինք պահասենյակ, գնացինք խնայդրամարկղ: Շուլան ասում էր, որ փողերը պիտի ակրեդիտիվ անենք:

- Արի,- ասաց ինձ,- էդքան փող գրպանդ ճամփա չգնաս, ակրեդիտիվով ամեն տեղ կստանաս:

Ես 5000 ռուբլի հանձնեցի ձեւակերպելու, այդքան էլ: Հրանտն ու Շուլան: Բաժանումը նրանց համար նույնպես օգտակար էր եղել:

- Չհասցրինք հաց ուտել,- Շուլան նայեց ժամացույցին,- քսան րոպե մնաց ավտոբուսին:

- Հասցնենք-չհասցնենք,- անհոգ շպրտեց Հրանտը,- սոված ավտոբուս չեմ նստի:

- Դուք մտեք ճաշարան,- առաջարկեցի,- ես գնամ ավտոկայան, որ ավտոբուսը առանց ձեզ չշարժվի:

Երեքով, ինչպես միշտ, աշխատանքը լավ էինք դասավորում:

«ՊԱԶ» փոքր ավտոբուս էր, հետեւի նստարանների մոտ ազատ տարածությամբ: Այդտեղ տեղավորեցի նրանց իրերը, վեց կտոր:

- Այդքանը մենակ ինչպե՞ս է տանելու,- ծիծաղեց մի աղջիկ:

Հիշեցի ճաշարանը, երբ բրիգադի համար ուտելիք էի վերցնում, Նինան ու ընկերուհին ծիծաղում էին, թե այդքանը մենակ ինչպե՞ս եմ ուտելու:

Վարորդին զգուշացնելու անհրաժեշտություն չեղավ, Հրանտն ու Շուլան իրենց գործը լավ գիտեին:

- Հը, Արամ ջան,- վերջին պահին նորից առաջարկեց Շուլան,- արի գնանք, մենակ չմնաս:

Հրանտը չփորձեց համոզել,- շատ չմնաս,- ասաց,- ծնողներդ քեզ են սպասում... Տնից լավ տեղ չկա:

Հրաժեշտ տվեցինք, ավտոբուսը շարժվեց:

Միայն պայուսակն էի վերցրել, ճամպրուկը թողեցի պահասենյակում: Գնացի Կենտրոնական փողոցով: Կարծես երկար ժամանակով էի բացակայել: Ակումբն անցա, միլիցիայի շենքը, դպրոցն այդ հատվածում էր, խորքում, փողոցից չէր երեւում: Թերթերի կրպակը բաց էր, Վերան տեսավ ինձ, բարեւեցի եւ շարունակեցի:

Հյուրանոց էի գնում, որը փոստատան փողոցում էր:

Հյուրանոցը գրեթե դատարկ էր, գարնանն էր լեփ-լեցուն: Երբ լրացնում էի տվյալներս, մի կետ մտածելու տեղիք տվեցՙ ժամանելու նպատակը: Ապրիլին ես չէի լրացրել: Գրեցիՙ հեռանալ: Հերթապահուհին, երիտասարդ կին, աչքի անցկացրեց, տարօրինակ պատասխանը գրավեց ուշադրությունը:

- Ձեր ժամանելու նպատակը հեռանա՞լն է,- ծիծաղեց նա:

- Ես եկել եմ այս շրջանի գյուղերից մեկից, որպեսզի մեկնեմ,- բացատրեցի,- ճիշտ չե՞մ գրել:

- Ճիշտ է,- համաձայնեց,- բայց առաջին անգամ եմ նման ձեւակերպում տեսնում:

- Կարեւորը ճշմարտությունն է,- ասացի:

Հյուրանոցում կենվոր չկար կարծես թե, բայց ինձ երկտեղանոց համարում տեղ տվեցին: Գուցե միտեղանոց չունեին կամ պահում էին հատուկ հյուրերի համար:

Արդեն կարող էի դուրս գալ: Որոշել էի մի օր մնալ, զբոսնել, գրախանութ մտնել, երեկոյանՙ կինո, Դիմովիչին, Բելիկովին հրաժեշտ տալ, գուցե նաեւ Բելովին, Տանյային կուզենայի տեսնել:

Դպրոցը երկհարկանի մեծ, տարածված շենք էր, հին, դրսից նորոգելու անհրաժեշտությունը զգացվում էր, ներսն էլ չէր փայլում: Մի կնոջ, ըստ երեւույթին ուսուցչուհու, հարցրեցի, թե որտեղ կարող եմ տեսնել Անդրեյ Պետրովիչին:

- Նա այլեւս դպրոցում չէ,- հայտնեց կինը,- տեղափոխվել է շրջկոմ:

Այդ պատասխանը հաստատեց, որ Ինան կա, իրականում գոյություն ունի, եւ ես մտել եմ դպրոց նրան տեսնելու:

Տանյան էր իջնում աստիճաններով, աղջիկների հետ, պայուսակը ձեռքին: Ինձ տեսնելով ուրախացած մոտ վազեց:

- Ինչ լավ է, որ քեզ տեսա, Տանյա,- ոչ պակաս ուրախացած ասացի,- չէի ուզենա առանց քեզ հրաժեշտ տալու գնալ:

- Այսօ՞ր եք գնում,- հարցրեց նա:

- Երեւի վաղը:

Տանյան մոտ գալով շշնջաց.

- Ինան վերեւում է, միջանցքում, պատուհանի մոտ:

Ժամանակ չկար մտածելու, թե նա երբ է Ինա ասում, երբՙ Իրինա Գրիգորեւնա: Որպես հրաժեշտի նշան ձեռքս հպեցի ուսին,- ես քեզ միշտ կհիշեմ, Տանյա,- ասացի ու բարձրացա աստիճաններով:

Նրան անմիջապես տեսա, միջանցքի ծայրին, պատուհանի մոտ կանգնած դուրս էր նայում: Դասամիջոցն ավարտվել էր, ուրեմն դաս չուներ, որ կանգնել էր այդտեղ:

Արդեն որերորդ անգամ նույն դրությունն էր ստացվումՙ դանդաղորեն մոտենում էի նրան ինչ-որ բան հաղթահարելով կամ վճռելով: Այս անգամ որեւէ խոչընդոտ կամ վտանգ չկար... Ճամփի կեսին ծլեց մեկը, հարցրեց.

- Դուք ո՞ւմ եք ուզում:

- Անդրեյ Պետրովիչին,- պատասխանեցի չկանգնելով:

- Բայց նա հիմա շրջկոմում է...

- Իրո՞ք,- միայն գլուխս թեքեցի,- շատ շնորհակալություն,- եւ շարունակեցի:

Ձայնս լսելով Ինան շրջվեց:

Մի տասը մետր էր մնացել, պարզորոշ տեսնում էի դեմքը, արտահայտությունը, ամենաչնչին շարժումը, ինչպես նկատել էի ուսերի ցնցվելը: Չէի կարող նրան անվանարկել, բամբասանքի առիթ տալ, դպրոցում էի այնուամենայնիվ, կինը դեռ դռան մոտ կանգնած հետեւում էր ինձ, էլի մարդիկ կային միջանցքում:

- Բարեւ Ձեզ,- հասնելով Ինային կանգնեցի:

- Բարեւ Ձեզ,- հազիվ գլխով արեց նա:

- Անդրեյ Պետրովիչը վաղո՞ւց է գնացել դպրոցից,- կարծես ուշք ու միտքս հենց դա էր:

- Արդեն երկրորդ շաբաթն է:

- Որեւէ բան չի՞ խնդրել հայտնել ինձ,- սա ասվեց զուտ խոսակցությունը լրացնելու համար, քանի դեռ հետեւողներ կային:

- Ամենեւին,- նա ուշքի էր եկել:

Հանդիսատեսներն անհետացել էին:

- Ինչի՞ համար է այս ամենը,- ասացի աչքերին նայելով,- չէ՞ որ ես քեզ սիրում եմ... դու էլ ինձ...

Նա գլուխն օրորեց:

Նորից սխալ թույլ տվեցի, այսպիսի կցկտուր խոսակցություններով ոչնչի չէի հասնի: Ուր որ է մարդիկ կհայտնվեին միջանցքում, նա դաս կամ ինչ-որ գործ պատճառաբանելով կհեռանար:

- Վերջ ի վերջո մենք խոսելո՞ւ ենք...

Կանգնել էր ձեռքերը կրծքին ծալած, երկար շրջազգեստը հասնում էր մինչեւ սրունքները, կիսով չափ ծածկելով կոշիկների ճտքերը: Մազերը նորից շատացել էին, բայց նախկինի պես տնկված չէին: Դեմքն արդեն հանգիստ էր, ինձ չէր նայում, հայացքը խոնարհել էր:

- Ես դուրս եմ գալիս,- ասաց,- կգնանք մինչեւ կանգառ:

Եթե ազատ էր, ինչո՞ւ էր մնացել դպրոցում: Ավելորդ հարցասիրություն:

- Հաջորդ դասի ուսուցչուհին ուշացել էր, սպասում էի, որ եթե չգա, աշակերտներին զբաղեցնեմ: Բավարարվա՞ծ ես:

- Այո:

Արդեն պայմանավորվել էինք, շտապեցի դուրս, որպեսզի ծխեմ մինչեւ իջնելը:

Շուտ եկավ, վերարկուն էր հագել եւ պայուսակը վերցրել: Արդեն տաք վերարկուով էր, մորթե օձիքով, թեթեւ գլխարկով:

Մոտիկ կանգառը ակումբի դիմաց էր, մի քանի քայլ:

- Ժամանակ է պետք, հանգիստ տեղ,- բողոքեցի, երբ անմիջապես քայլեց նեղ փողոցով: Փողոց էլ չէր, երկու շենքերի նեղ արանք:

- Իսկ դու կարճ կապիր:

Անճանաչելի էր դարձել:

- Կանգնիր,- բռնեցի ձեռքը, ենթարկվեց, բաց չթողեցի, ձայն չհանեց,- կարող եմ կարճ կապել, շատ կարճ... Դու սիրո՞ւմ ես ինձ:

Կոշիկի քթով գետինն էր քչփորում:

- Մենք տարբեր մարդիկ ենք,- ասաց գլուխը կախ,- տարբեր ժողովուրդներ...

Մյուս ձեռքս դրեցի ուսին, ապա օձիքի հետ վիզը բռնեցի:

- Ինա, ուշքի արի,- ասացի,- ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես անում...

Եթե այդ պահին համբուրեի նրան, ամեն ինչ կլուծվեր, բայց դպրոցի մոտ էինք, աշակերտներ կհայտնվեին... Ուրիշ տեղում կարող էի հանդուգն ու համարձակ լինել, դպրոցն ինձ կաշկանդում էր, զգուշանում էի նրան վնաս հասցնելուց:

- Լավ, քայլենք,- ասաց,- խոսենք, բայց որտե՞ղ, տեղ չկա այս գյուղում...

- Տատի տուն չե՞ս ուզում գնալ:

- Ո՜չ... բացառված է:

- Եթե համաձայն ես, կգամ ձեր տուն, առանձին սենյակ կունենաք երեւի:

Աչքերի մեջ ժպիտ երեւաց, արդեն նվաճում էր, սակայն գլուխն օրորեց:

- Մտնենք այգի:

- Հիմա՞:

- Այո:

- Ոչ... երեկոյան կգամ:

Ձեռքը չէի թողնում:

- Եվս մի վայրկյան,- խնդրեցի, ես պետք է մի բան պարզեի, դա ինձ հանգիստ չէր տալիս: Վերարկուի թեւքը հետ տարա, ժամացույցը դաստակին էր:

- Եթե իմանայի, որ քեզ տեսնելու եմ, չէի կապի,- մրմնջաց նա,- համոզված էի, որ արդեն գնացել ես...

Համբուրեցի այդ փոքրիկ բացվածքը: Կզակից մինչեւ կոշիկները փակ էր մարմինը:

- Ինչ հրաշալի էր ամառը,- ասացի շուրթերս հազիվ, ոչ առանց իր միջամտության պոկելով մաշկի այդ կտորից,- վիզդՙ բաց, ուսերդՙ բաց, սիրտդՙ բա՜ց, մաքո՜ւր, ոչ մի թույն, էլ չեմ ասումՙ գետափին...

- Լավ, մի ոգեւորվիր հիշողություններով,- կարծես ուզում էր ծիծաղել, բայց զսպեց,- դու ինձ հիշելու շատ ժամանակ կունենաս, ամբողջ կյանքդ...

Չպատասխանեցի, թող գա, այն ժամանակ կխոսեմ:

Դուրս եկանք ակումբի մոտ:

- Այսօր Ֆելլինիի ֆիլմն է,- ասաց նա,- ուսուցչանոցում խոսում էին:

- Չեմ սիրում նրա հիվանդագին ֆիլմերը:

- Չե՞ս սիրում,- զարմացավ նա,- էլ ուրիշ ո՞ւմ չես սիրում:

- Չեմ սիրում, օրինակ, Բուլգակովի գրքերը:

- Եթե դու իմ դասարանում լինեիր, ես քեզ քննությանը կկտրեի:

- Իսկ ես դիտմամբ կկտրվեի, որ դպրոցը չավարտեի:

Վերջապես ծիծաղեց:

Ավտոբուսը գալիս էր:

- Ժամ չեմ կարող հաստատ ասել,- ասաց նստելուց առաջ,- դու ակումբում երեւի զբաղմունք կգտնես:

Թող գա, իր համար նույնպես զբաղմունք կգտնեմ, միայն թե գա...

Չքվեց այդ բոլոր օրերի թուխպը սրտիս վրայից, ամենադժվարն արված էր, մնացածն ինձնից էր կախված, ասում էրՙ եթե կարողացար պահել...

Ժամանակ անցկացնելու համար մտա գրախանութ, թեեւ չէի կարող գիրք գնել: Ճամպրուկս ու պայուսակս լցված էին բերնեբերան: Բարեւեցի աշխատողներին, բոլորն ինձ ճանաչում էին: Մեկը տոնավաճառում Ինայի հետ գիրք վաճառողներից էր:

- Օ՜, Արամ,- ժպտաց նա,- իսկ մենք կարծում էինք, թե գնացել եք:

«Մենք» ասելով ո՞ւմ նկատի ուներ, խանութի աշխատողների՞ն, թե՞ իրեն ու Ինային...

- Չէի կարող առանց ձեզ ցտեսություն ասելու գնալ,- կատակեցի:

- Ցտեսությո՞ւն... ուրեմն մյուս տարի գալո՞ւ եք,- քննախույզ հայացքը ինձ հառած հարցրեց նա:

Երբեմն կարողանում եմ եւ պետք է հարցերին չպատասխանել, հատկապես որ հրաշալի հնարավորություն ծագեց: Գրենական պիտույքների բաժնում գրամեքենաներ էին երեւում, երկուսըՙ մեծ, գրասենյակային, մեկըՙ փոքրիկ, դյուրակիր, կարմիր ու սեւ, սպիտակ կափարիչը կողքը դրված, ուղղակի հրաշք: Այդքան փող էր ընկել ձեռքս, մտքովս գրամեքենա չէր անցել, մինչդեռ միշտ երազել էի:

Մոտեցա, թղթերը նայեցիՙ հարավսլավական արտադրության, գերմանական արտոնագրով:

- Ի՞նչ արժե այս գեղեցկուհին,- հարցեցի:

Մի կնոջ նույնպես հետաքրքրեց գրամեքենան, հիացած նայելով մոտ եկավ: Այդպիսի կնոջ չէի տեսել Դիվինոյում, կարծես հին ռուս կոմսուհի լիներ, բարեկազմ, վայելուչ եւ ազնվաշուք... Միանգամից երկու գեղեցկուհի...

- 230 ռուբլի,- հայտնեց Նադյանՙ Ինայի ընկերուհին:

- Այս մե՞կն է,- հարցրեց կինը:

- Այո, Գալինա Իվանովնա:

Կինը վարժ շարժումով թուղթ տեղադրեց եւ մի քանի բառ մեքենագրեց:

- Հրաշալի մեքենա է,- գովեց նա:

- Դուք ուզո՞ւմ եք, խնդրեմ,- առաջարկեցի:

- Ո՜չ,- նա ժպտաց,- չեմ ուզում վշտացնել Ձեզ, այնպես հմայված էիք նայում... Բացի դրանից, ես դեռ չեմ որոշել...

- Այդ դեպքում ես գնում եմ,- դիմեցի Նադյային:

Նա հագցրեց կափարիչը, որի վրա բռնակ կար, ինքնին պայուսակ դարձավ, փաթաթել պետք չէր:

Դուրս գալով ուղղվեցի դեպի ճաշարան, կինը նույնպես այդ կողմն էր գնում: Նման կազմվածքով կանայք ինձ հետաքրքրում էին, անկախ տարիքից: Ասենք, ինչպիսին կլիներ Ինան տասը տարի անց...

Ճաշարան չմտա, ավտոկայանն էլ անցա, տատի տան փողոցը... Ձախ կողմում, մի փոքր խորքում շրջկոմի սպիտակ, եռահարկ շենքն էր: Գալինա Իվանովնան մտավ այնտեղ, իսկ ես գնում էի Բելիկովի մոտ:

Մուտքի դիմաց լայն ու սպիտակ աստիճաններն էին, Գալինա Իվանովնան բարձրանում էր: Մտածելով, որ քարտուղարները վերեւի հարկերում կլինեն, հետեւեցի նրան: Երկրորդ հարկում թեքվեց միջանցքով:

- Դուք ո՞ւմ մոտ եք եկել,- տեսնելով, որ դռներին նայելով եմ առաջանում, ինձ դիմեց մի կին, ապա ցույց տվեց այն դուռը, որով մտել էր Գալինա Իվանովնան:

Երբ մտա, հանել էր վերարկուն եւ նստել էր, աջ կողմում առանձնասենյակի դուռն էր:

Ուշադիր նայեց ինձ, հավանաբար ուզում էր բարկանալ, բայց դեռ համբերում էր, որպեսզի ամեն ինչ ճշտի:

- Ես Անդրեյ Պետրովիչի մոտ եմ եկել,- շտապեցի ասել:

- Իսկ ես կարծեցի, թե որոշել եք գրամեքենան ինձ նվիրել,- ժպտաց:

- Հաճույքով:

- Կնվիրե՞ք,- թեթեւակի ձգեց հոնքերը:

- Առանց վայրկյան իսկ տատանվելու:

- Ինչո՞ւ եք անծանոթ կնոջը գրամեքենա նվիրում, ոչ այնքան էժան:

Բելովի պես էր խոսում, բայց այստեղ ավելի համարձակ էի, քան միլիցիայում:

- Հանուն գեղեցկության:

- Ի՞նձ նկատի ունեք,- ճշտեց նա:

- Անշուշտ:

- Այսինքն, եթե գեղեցիկ չլինեի, չէիք նվիրի:

- Իհարկե չէի նվիրի:

- Եվ ի՞նչ ակնկալիքով եք նվիրում:

Սա արդեն ազնվաշուք կոմսուհու ոճ չէր:

- Եթե նվեր է, ի՞նչ ակնկալիք:

- Վստա՞հ եք:

- Միանգամայն:

- Դե, նվիրեք:

- Մեծ հաճույքով: Թույլ տվեք, Գալինա Իվանովնա, այս գրամեքենան նվիրել Ձեզ, հանուն Ձեր գեղեցիկ աչքերի,- եւ գրամեքենան հանդիսավորությամբ դրեցի նրա սեղանին:

- Շնորհակալություն,- նվերն ընդունեց նա,- Անդրեյ Պետրովիչը տեղում չէ, Դուք ի՞նչ գործով...

- Ուզում էի հրաժեշտ տալ նրան:

- Հեռանո՞ւմ եք այստեղից:

- Այո:

- Դուք շախմատի՞ստն եք:

Հիմա նա սկսեց զարմացնել ինձ:

- Այո...

- Եվ խելագարի պես սիրահարված...

Ուշադրությամբ ուսումնասիրում էր ձախ ձեռքի մատները, գեղեցիկ ձեռքի...

- Այո, ես մանկուց եմ տարվել շախմատով...

- Անշուշտ,- հեգնեց նա:

Բելովը ընդհատեց մեր խոսակցությունը:

- Օ՜, Արամ, դու դեռ այստե՞ղ ես,- մտավ ու ինձ դիմեց,- բարեւ Ձեզ, Գալինա Իվանովնա, տեղո՞ւմ է...

- Երեւի պետք էր սկզբից բարեւել,- ժպիտը դեմքին դիտողություն արեց կինը:

- Իհարկե, ներողություն...

- Դուք գտա՞ք սպանողին,- հարցրեցի ես:

- Ոչ,- Բելովը ժպտաց,- ինձ թվում է, միայն դու կարող էիր լինել, ուրիշ ոչ մի հետք...

Կատակելիս Բելովն ավելի վտանգավոր էր:

- Ուրեմն անհրաժեշտ է շտապ հեռանալ այստեղից,- ջանացի ժպտալ:

- Վտանգավոր հանցագործները չեն փախչում կասկածից,- ասաց Գալինա Իվանովնան,- նրանք ընդառաջ են գնում...

- Հանցագործները, բայց անմեղ մարդը միայն փախչելով կփրկվի մեր միլիցիայից...

- Ո՞ւր փախչես,- ծիծաղեց մայորը,- Միությունից չես փախչի:

Բելիկովը եկավ:

- Արա՞մ, ինձ ասացին, որ ձեր բրիգադը մեկնել է,- ուրախացավ նա,- միասի՞ն եք եկել...

- Պատահաբար,- պատասխանեց մայորը,- ես նրան չեմ ասել:

Բելիկովը նայեց ժամացույցին:

- Գնալու եք արդեն,- զգուշացրեց Գալինա Իվանովնան:

- Արագորեն առաջարկդ հայտնիր Արամին, հետո կգնանք,- ասաց Բելիկովը մայորին:

- Նախ հարկավոր է պարզելՙ նա գալո՞ւ է մյուս տարի կամ ընդհանրապես կմնա՞ այստեղ:

- Ես պետք է նախ իմանամ, թե ինչ առաջարկ է, որ մտածեմ գալու կամ մնալու մասին,- պատասխանեցի անմիջապես:

- Իհարկե, արագ, պարզ եւ հստակ,- ծիծաղեց Բելիկովը,- խոսիր Վասիլեւիչ, քեզ երկու րոպե մնաց:

- Վերջին տարիներին չափազանց սրվել են դրսեկ շինարարների եւ տեղացիների հարաբերությունները,- սկսեց մայորը,- շատ են բախումները, կռիվները, կոնֆլիկտները... Տասնհինգ դագաղ են տարել այս տարի երկրամասից, երեքըՙ մեր շրջանից. միայն գյուղիցՙ երկուսը:

- Մեկը խեղդվել էր,- ճշտեցի:

- Մոսկվայում դագաղների թիվն են տեսնում, չի երեւում, թե ով է խեղդվել, ովՙ սպանվել: Կարճ ասեմ, եթե համաձայն լինես, հետո կզրուցենք հանգամանալից: Մեզ մի մարդ է պետք, մեր եւ շինարարների միջեւ կապող օղակ, որպեսզի կարողանանք կանխել հանցագործությունները, գոնե սպանությունները...

- Այո, ամենակարեւորըՙ սպանությունները,- հաստատեց Բելիկովը:

- Ներեցեք,- ասացի,- ես պետք է դառնամ, այսպես ասած, միլիցիայի գործակա՞լ...

Սարսափը նկատելի էր դեմքիս, Բելիկովը քրքջաց:

- Ինչո՞ւ միլիցիայի,- հանգստացրեց նա ինձ,- կարող ենք ձեւակերպել շրջկոմում: Ես այդ աշխատանքն ավելի շատ պատկերացնում եմ հանդիպումներ, շփումներ, զրույցներ...

- Այսինքն պետք է ընդունվեմ կուսակցության շարքե՞րը...

Քրքջալու հերթը Բելովինն էր: Գալինա Իվանովնան երկու դեպքում էլ թեթեւակի ժպտաց:

- Դե լավ,- հանգստացավ մայորը,- շատ չվախեցնենք մեր երիտասարդ ընկերոջը: Ոչ միլիցիան է այդքան սարսափելի, ոչ կուսակցությունը: Ինչպես ասում են, սատանան այնքան սարսափելի չէ, որքան անունն է...

Բելիկովը հանդիմանական նայեց նրան:

- Վաղը արի միլիցիա, կխոսենք,- շարունակեց Բելովը,- կամ, եթե ուզում ես, հիմա գյուղեր ենք գնալու, ճանապարհին կարող ենք քննարկել:

- Ոչ,- Բելիկովը չհամաձայնեց,- ուշ ենք վերադառնալու:

Վեր կացանք, անսպասելի շրջադարձ էր:

- Համենայն դեպս,- ասաց Բելիկովը,- հենց սկզբից գայթակղեմ: Քանի որ գյուղերը պիտի շրջես եւ անընդհատ կապի մեջ լինես, մեքենա կհատկացնենք, «Վիլիս», ճիշտ է, առանց վարորդի...

Խոսքը որ գալիս է, պիտի ասես:

- Իսկ քարտուղարուհի՞...

Հիմա երկուսով քրքջացին, իսկ Գալինա Իվանովնայի հոնքերի շարժումն ավելի նկատելի էր:

Բելիկովն ու Բելովն շտապում էին, նրանց հետեւից ուղղվեցի դեպի դուռը, որպեսզի Գալինա Իվանովնան հանկարծ չմտածի, թե գրամեքենան հետ ստանալու հույս ունեմ:

- Արամ,- ձայն տվեց նա վերջին պահին:

Արագորեն շրջվեցի եւ հավանաբար մատնեցի ինձ, որովհետեւ կարծում էի, թե այնուամենայնիվ կատակ է անում:

- Արամ է, չէ՞, Ձեր անունը,- հարցրեց նա ժպիտով,- ուզում էի իմանալՙ կարելի՞ է այդպես դիմել Ձեզ:

Այս կինը խաղեր էր տալիս:

Քանի որ հետ էի դարձել, հուսախաբված չերեւալու համար ասացի.

- Ես էլ հարց ունեմ, եթե կարելի է:

- Խնդրեմ,- խրախուսեց գլխի շարժումով:

- Դուք ինչո՞ւ ասացիքՙ խելագարի պես սիրահարված...

Նա հանգիստ նայեց ինձ, հրաշագեղ կին էր:

- Դե, ձեր սիրո մասին ամբողջ գյուղը գիտի... Ձեր եւ... ռուսերենի ուսուցչուհու...

- Դուք որտեղի՞ց գիտեք:

- Կարեւոր չէ... Ես ձեզ տեսել եմ...

Այսինքնՙ այնպիսի պահի էր տեսել, որ ամեն ինչ պարզ էր եղել:

- Կներեք, ստիպված եմ հեռանալ,- ասացի նորից դեպի դուռը գնալով:

Եվ կրկին վերջին պահին ձայն տվեց.

- Գրամեքենան վերցրեք, Արամ:

- Նվերը հետ չեն տալիս:

- Ես հետ չեմ տալիս, ես նվիրում եմ Ձեզ:

- Այդ դեպքում չեմ կարող մերժել:

- Մի՞թե կհեռանայիք առանց գրամեքենայի,- չէր հավատում նա,- չէի՞ք ափսոսա:

- Կափսոսայի... որ երկրորդը չկա խանութում:

- Դուք գրո՞ւմ եք:

- Այո, արձակ:

- Ռուսերե՞ն եք գրում:

- Ոչ... Տառերը պիտի հայերեն փոխել տամ, մեզ մոտ այդպես են անում: Հայատառ մեքենա խանութից անհնար է գնել:

- Իսկ ռուսերեն չե՞ք կարող գրել: Մեր թերթում նույնպես աշխատանքի տեղեր կան, վերջերս խմբագրի հետ էի խոսում:

- Շնորհակալություն: Ես պետք է դեռ մնալու մասին մտածեմ, շատ անսպասելի էր...

- Այո, անշուշտ:

Ցտեսություն ասելուց հետո հապաղեցի դռան մոտ, հանգիստ եւ ուշադիր հայացքը սպասում էր:

- Դուք իրոք գեղեցիկ եք,- ասացի, նա դեռ սպասում էր, հավանաբար այդքանը քիչ համարեց: Մնացածը հայացքով արտահայտեցի:

Գալինա Իվանովնան թեթեւակի գլխով արեց եւ ժպտաց:

Երբ Ինան ժպտում էր, աչքերը կայծկլտում էին: Այս կնոջ աչքերը սառն էին, մի՞թե տարիքից էր:

Փողոցում գրեթե վազում էի: Նախՙ գրամեքենայի պարգեւած ուրախությունը, հետոՙ այդ անսպասելի առաջարկը, եւ բացի դրանցից ու առանց այդ ամենիՙ երեկոյան հանդիպումը Ինայի հետ:

Մնում էր օրը լցնել մինչեւ երեկո: Ինչքան էլ ոգեւորված լինեի, ճաշարանի մոտով անցնելիս կհիշեի, որ առավոտից ոչինչ չեմ կերել: Կես ժամ այդտեղ անցավ: Նորից մտա գրախանութ, թուղթ գնեցի եւ պատճենահան: Որակյալ թուղթ էր, բարակ եւ ամուր:

Մտածում էի մինչեւ երեկո չխկչխկացնել, բայց չկարողացա մնալ հյուրանոցում: Պիտի տեսնեի Ինային: Գրամեքենան թողեցի համարում եւ դուրս եկա: Արագ քայլելուց ճակատս սառեց: Արեւոտ, բայց սառը օր էր, նույնիսկ Անտառային փողոցում:

28 համարի կտուրն էին կապում:

Իմ բախտից Ինան բակում էր, այսինքնՙ իր բախտից, որովհետեւ եթե դրսում չլիներ, տուն էի մտնելու: Տագնապած մոտեցավ ցանկապատին:

- Արի գնանք,- ասացի,- չկարողացա մինչեւ երեկո համբերել, պատմելու բան կա... Գետափին կսպասեմ:

Ջրի մոտ ձեռքս արդեն սովոր շարժումով գրպանս մտավ, բայց սիգարետ չհանեցի, համբուրելու էի: Գրեթե անմիջապես իմ հետեւից եկավ, հետաքրքրությունը շարժել էի, անհանգիստ էր երեւում: Անհարթ գետնի վրա քայլում էր արագ, ձեռքերը գրպաններում սեղմած, որ երկար, չկոճկած վերարկուի փեշերը չբացվեն, թույլ քամին խաղացնում էր մազերը, աչքերը չէր կտրում ինձնից, երկու անգամ ոտքը դեմ առավ: Վստահ էի, որ չի ընկնի, որովհետեւ մեր հայացքները ձգում էին իրար: Հենց հասավ ինձ, գրկեցի ու համբուրեցի, կարծես մարդ չէր երեւում:

- Սրա համա՞ր կանչեցիր,- նախատեց նա ազատվելու փորձ չանելով, նույնիսկ շուրթերը չհեռացրեց, որոնք մի երկու անգամ քսվեցին երեսիս:

- Ինչ հիմար ենք,- ասացի դեմքս մորթե օձիքին ու սառը այտին սեղմելով,- ինչո՞ւ ենք փախչում մեր սիրուց, ինչո՞ւ ենք խրտնում մեր իսկ ստվերից... Եթե երկուսը սիրում են իրար, նրանց ոչինչ չպիտի խանգարի, բայց մեզ մենք ենք խանգարում, միայն մենք...

- Լավ, հանգստացիր,- ինձնից ավելի հուզված էր, արագորեն համբուրեց իրար հետեւից,- քայլենք, կխոսենք... Ի՞նչ ես պատմելու:

Վաղուց չէի գնացել այս արահետով: Բակերը եւ ցանկապատերը մերկացած էին թվում, տները մոտեցել էին, գետի ձայնը ուժեղացել էր: Նեղ արահետում, ինչպես միշտ, իրար քսվելով էինք քայլում:

- Սկզբի՞ց պատմեմ, հերթով, թե՞ ամենակարեւորն ասեմ...

- Ամենակարեւորն ասա, ապա մանրամասն պատմիր,- որոշեց նա:

Սիրում էր որոշումներ ընդունել:

- Բելիկովն ու Բելովն ինձ աշխատանք են առաջարկում:

Ինան կանգնեց, աչքերը եւ ամբողջ դեմքը միանգամից փայլեցին, չէր հավատում, պահանջեց կրկնել:

- Այո, ինձ աշխատանք են առաջարկում, եւ ոչ միայն նրանք: Բելիկովի քարտուղարուհին, երբ իմացավՙ գրում եմ, ասաց, որ շրջանային թերթում աշխատանքի տեղ կա...

- Գալինա՞ն... Նա Բելիկովի օգնականն է, սովորական քարտուղարուհի չէ: Նա ինչպե՞ս իմացավ, որ գրում ես:

- Հիմա կպատմեմ սկզբից,- մինչեւ խնձորի ծառը բավական ճանապարհ կար, այնտեղ համբուրելու էի նրան: Սկսեցի,- երբ քեզնից բաժանվեցի, գնացի գրախանութ, այնտեղ մի փոքրիկ, սքանչելի գրամեքենա տեսա: Գալինա Իվանովնան գրախանութում էր...

- Ա՜... Դուք ծանոթացե՞լ եք,- զննեց ինձ Ինան:

- Այո, գրամեքենան նրան դուր էր եկել:

- Նա գեղեցիկ է, չէ՞...

- Այո, գեղեցիկ է,- զգալով նրա անհանգստությունըՙ ավելացրի,- բայց գեղեցիկ կանայք շատ կան:

- Աչքդ բարձր խավի՞ն ես գցում,- ձգեց Ինան չլսելով վերջին բառերս:

- Հավանաբար կատակում ես:

Ավելի լավ, առիթ տվեց, որ նորից գրկեմ:

- Այո, կատակում եմ... բայց նա չտեսնված գեղեցիկ կին է:

- Չէի ասի չտեսնված,- արդեն մտել էի ականջի հետեւը,- իսկ նա քեզ է նախանձում...

- Ի՞նձ է նախանձում,- Ինան խույս տվեց համբույրից,- ի՞նչ ես դուրս տվել, ասա...

- Չես թողնում պատմեմ, ես ի՞նչ անեմ...

- Ասա, ինչպե՞ս թե նախանձում է:

- Ոչ, ես կպատմեմ սկզբից, իսկ դու կընդհատես ինձ միայն... համբուրելու համար: Այլապես չեմ պատմի:

- Լավ, պատմիր,- ենթարկվեց նա,- սա էլ կանխավճար, որ դադար չտաս,- անհամբեր էր դարձել:

- Այդ ամենը, նրանք մեզ պետք չեն,- գրկեցի նրան բռնկվելով,- հետո կպատմեմ, գնանք, կամրջով անցնենք գետը, գնանք մեր տեղերը, քայլենք, պտտվենք, դուրս գանք գյուղից, մտնենք անտառ, չշեղվենք ուրիշների պատմություններով, թող միայն քեզ զգամ, միայն քեզ եւ բնությունը...

- Երեխաներ են գալիս,- ընդհատեց նա:

Չեմ սիրում կցկտուր խոսակցություններ:

- Ստիպված պետք է պատմես,- ծիծաղեց նա:

Ամեն ինչ առաջվա պես էր:

Շուտով կհասնեինք խնձորի ծառին:

- Մի խոսքով, գրամեքենան ես գնեցի:

- Չթռա՞ր... ամեն ինչ պատմիր,- պահանջեց Ինան:

Եվս մի Բելով:

Եվ ես պատմեցի ամենայն մանրամասնությամբ, ինչպես ինքն էր պահանջել, բաց չթողնելով ե՛ւ նվերի պահը, ե՛ւ որ վերջում Գալինա Իվանովնային հաճոյախոսություն եմ արել: Ինան կլանված լսում էրՙ հաճախակի խոսքով կամ համապատասխան ձայնակցությամբ մեջ մտնելով:

Երբ հիշեցի Բելիկովի խոսքերը, որ պետք է շրջել գյուղերը, շփվել շինարարների հետ, զրուցել, ասաց.

- Դե դու խոսելուց լավ ես:- Մեքենայի մասին լսելով ուրախացավ,- ես վարել գիտեմ, կսովորեցնեմ քեզ:- Ամենից շատ դուր եկավ, որ քարտուղարուհի եմ պահանջել, հրճվեց,- այդպես, թող չերեւակայի...

Վերջում, խնձորի ծառի մոտ հարցրեց զարմացած.

- Իսկ ո՞ւր է նախանձը:

- Դա թողել էի, որ առանձին պատմեմ: Նա գիտեր, թե ես ով եմ, կամ նոր կռահեց: Հարցրեցՙ Դուք շախմատի՞ստն եք: Այոՙ պատասխանեցի: Ապա շարունակեց. «Եվ խելագարի պես սիրահարված»:

- Խելագարի պես սիրահարվա՞ծ,- ապշած կրկնեց Ինան,- նա ի՞նչ գիտի...

- Ասաց, որ ամբողջ գյուղը գիտի մեր սիրո մասին, իմ եւ... ռուսերենի ուսուցչուհու... Իսկ ինքը տեսել է մեզ...

- Սատանա, քո ի՞նչ գործն է,- պոռթկաց Ինան,- եւ ինքն իրեն արիստոկրատ է երեւակայում, մինչդեռ գնչուհու պես ամեն ինչ հոտոտում է... Չհասկացա, ի՞նչ կապ ունի նախանձը...

- Երեւի կուզեր, որ մեկն էլ իրեն սիրեր խելագարի պես, ինչպես ես եմ քեզ սիրում...

Նշանակություն չուներՙ մարդ երեւո՞ւմ էր արահետի որեւէ կողմում, հասել էինք խնձորի ծառին, իսկ ես միշտ խոսքս պահում եմ...

- Խելագարի պե՞ս,- կրկնեց Ինան կիսաբաց շուրթերը մոտեցնելով,- այսինքն գրեթե ինձ պես...

- Դա դեռ հարց է, թե ով ում պես...

Սովորության համաձայն խոսքն անպատասխան չէի թողնում:

- Աստված իմ, սա հեքիաթ է,- շշնջաց Ինան բերանիս մեջ,- ուղղակի հեքիաթ է... Երբեք չէի հավատա, որ էլի գետափով կքայլենք միասին, այսպես...

- Այո, այսպես... Եվ սա իրականություն է,- ասացի դեմքը բռնելով...

Մենք միշտ համբուրվում էինք առաջին անգամ...

Արահետով գնացողները շատ էին, մարդիկ, հատկապես երեխաները մոռացել էին փողոցը:

- Այդ Գալինան տիպ է,- Ինայի մտքերը նորից Բելիկովի օգնականուհու կողմն էին ուղղվում,- ասում են, որ նա ամեն ինչ կարող է: Փաստորեն հիմա նրանք են շրջանը ղեկավարում: Իսկ մի քանի տարի առաջ սովորական ուսուցչուհի էր...

- Բելիկո՞վն է տարել նրան շրջկոմ:

- Կարծում եմ, նա է Բելիկովին տարել:

- Կապվա՞ծ են իրար հետ:

- Ես չգիտեմ, թե ով ինչպես է հասկանում կապվածությունը,- ծիծաղեց Ինան:

Անհավատալի էր, չէ՞ր եղել մեր սիրո պարապուրդը... Իսկ եթե Հրանտի ու Շուլայի հետ նստեի ավտոբուսն ու հեռանայի՞ Դիվինոյից...

Այգուց մինչեւ Անտառային փողոց գիշերները երկու ժամում էինք հասնում, հակառակ ուղղությունը պակաս դանդաղկոտ չէր: Հավանաբար գնում էինք դեպի տապալված ծառը, իսկ հետո՞...

- Ինչո՞ւ ենք դրսում թափառում,- ասաց Ինան,- գնա, հյուրանոցից իրերդ վերցրու, արի տատի տուն...

Այդ պայմանով անմիջապես կբաժանվեի նրանից:

Դուրս եկանք այգուց, նա գնաց դեպի աջ, եսՙ ձախ, Վերայի կրպակի խաչմերուկից թեքվելու եւ հյուրանոց գնալու համար:

- Ավելի լավ տե՞ղ գտաք,- հարցրեց հերթապահուհին, երբ իջա պայուսակով եւ գրամեքենայով:

- Այո,- անկեղծորեն պատասխանեցի:

Մինչեւ ավտոկայան տեսնողները կմտածեին, որ հեռանում եմ գյուղից, հետո, բնականաբար, պիտի զարմանային, թե այս հայը ձմռանը ինչո՞ւ է գալիս Դիվինո... եւ ո՞ւր է գնում:

Ձյուն-ձմեռ չէր Դիվինոյում, բայց աշուն էլ չէր, մոտավորապես երեւանյան դեկտեմբեր:

Ակումբի մոտ մարդիկ չէին երեւում, Ֆելլինիի սիրահարները Դիվինոյում շատ չէին, եթե կային: Պարելու համար շուտ էր:

Ինան վառարանը վառել էր, փոքր տունը տաքությամբ էր լցվել:

Հենց մտա ներս, ձեռքը գցեց գրամեքենային:

- Ինչ փոքր է,- ասաց եւ դրեց սեղանին,- ինչպե՞ս է բացվում:

Սեղմեցի փոքրիկ, սեւ ելուստը, կափարիչը թուլացավ, իսկ երբ բացեցի, գեղեցիկ մեքենան փայլեց անարատ շքեղությամբ:

- Գեղեցիկ է,- հիացավ Ինան,- սա՞ ինչ է:

Թուղթը, որի վրա Գալինա Իվանովնան մի քանի բառ էր մեքենագրել, ծալված մնացել էր:

- Տառերը կարմի՞ր են...

- Երկգույն ժապավեն է: Դա Գալինա Իվանովնան գրեց: Հիմա կփորձարկենք, ես դեռ ձեռք չեմ տվել:

- Անկապ տառեր է շարել, անիմաստ կին,- քրթմնջաց Ինան: Նա երկու թուղթ վերցրեց եւ պատճենահան:- Մի թղթով չի կարելի մեքենագրել, թմբուկը կվնասվի: Ինչ փափուկ է աշխատում:

- Դու գիտե՞ս մեքենագրել:

- Դպրոցում խմբակ կար, գնում էի:

Ինան մեքենագրում էր, ես չէի նայում թղթին, թեեւ գլուխս ուսի վրա էր: Գիտեի, թե ինչ է գրելու, բացի դրանից, շատ էի տառապել եւ համբերել, չափազանց շատ: Ծոծրակից երեք կոճակ էր իջնում, երեքն էլ արձակեցի: Վիզն արդեն հեշտությամբ բացվում էր, մինչեւ ուսը, ճերմակ, քնքուշ եւ տաք, բուրավետ եւ համով, պեպեններն էին խլվլում... Ձեռքերս սողացին փորի վրա, ապա բարձրացան վերեւ... չէի ուզում խանգարել նրան... Վերջացրել էր մեքենագրելը, բայց չէր կարողանում շրջվել, վերջապես հաջողվեց... Այնուամենայնիվ աչքի ծայրով նայեցի գրածին, չէի սխալվել. «Ես քեզ սիրում եմ»: Զգում էի, թե համբուրվելով ինչպես է հետ-հետ գնում ինձ տանելով: Ես էլ էի նույն ուղղությամբ շարժվում... Ամեն ինչ իր ժամանակին, խոսելու ժամանակը հետո է... եւ սկզբում... Այս անգամ առանց դրա սկսեցինք, ժամանակի եւ համբերության մեծ վատնում կլիներ... Իսկ եթե խոսես մի մարմին եւ հոգի դարձած ժամանակ, ոնց որ ինքդ քեզ հետ խոսես, որը, ինչպես շատերն են կարծում, գժերին է հատուկ...

«Փողոցո՞վ, թե՞ գետափո՞վ» երկընտրանքը միակը չէր, տատի տանը տատանումը թախտի եւ մահճակալի միջեւ էր: Այդքան գիժ չէինք, որ, ասենք, գետափով գնալուց հետո վերադառնայինք եւ մի անգամ էլ փողոցով փորձեինք, բայց այստեղ հեշտությամբ կարելի էր թախտն ու մահճակալը փոխարինել իրարով: Առայժմ թախտի հերթն էր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.