AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5148, Տպվել է` 324, Ուղարկվել է էլ.փոստով` 282

ԽԱՉԱԳՈՂ 46

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Եթե վերջը չէր, վերջի սկիզբն էր: Իսկ Դիվինոյում ամեն ինչ շատ արագ էր կատարվում եւ կարճ էր տեւում: Կռվում էինք, հաշտվում, գժտվումՙ գժտության սկիզբն ու պատճառը չգտնելով, առանց կռվելու խռովում, ինքնաբերաբար նորից միանում: Այս անգամ հաշտվելու ժամանակ չմնաց: Նույնիսկ մնալ չառաջարկեց, ասացՙ մնա ինչքան ուզում ես: Թողնում էր իմ հայեցողությանը: Եվ մի կարճՙ կզանգահարեմ: Այսինքն ես հերթապահ էի, եթե բարեհաճեր հեռախոսով մի երկու բառ փոխանակել կամ գիշերն այցելել, նայած տրամադրության: Ալինայի ռեպլիկը, որ լսած պահից անբաժան էր իմ մտածմունքներից, նույն հաջողությամբ կարող էի նրան վերագրել: Գործն արված էր, պիտի հեռանայի: Սիրո ցույցերը եւ արտահայտությունները սոսկ կրքի եւ խանդավառության դրսեւորումներ էին, բուտաֆորիա: Եթե սա է ճշմարտությունը կամ նրա ուզածը, խնդրեմ, գործնական հարաբերությունները երկկողմ համաձայնությամբ են հաստատվում:

Չէի զղջում, որ մնացել եմ: Չէր կարելի այդպես հապճեպ հեռանալ Դիվինոյից: Այս գյուղը միայն Ինան չէր: Ես սիրում էի այստեղ անցկացրած վեց ամսվա կյանքս, սիրելի էր հենց գյուղըՙ Կենտրոնական փողոցը, ակումբը, այգին, գետափը, Նեմիսը, գիշերային երթերը, աղջիկները, սրամիտ ու կատակասեր աղջիկները, ընդհանուր առմամբ բարյացակամ մարդիկ... Գյուղից պետք է հեռանայի պատշաճ վերաբերմունքով, հարգալից հրաժեշտով:

Մի թաս գտա, որը օգտագործելուց հետո կարող էի թափել, սափրվեցի:

Գրամեքենան չէի տանելու, չէր հավատում, որ կթողնեմ: Այրված էջերի փոխարեն այդ պահին կարող էի մի ամբողջ գիրք գրել, մի քանի բառ մեքենագրեցի, կարմիր տառերով. «Կարծես հասկացա, թե ինչու...»:

Շարֆը վերցրեցի, որպես հիշատակ, դրեցի պայուսակս:

Վերջ, կարելի էր հեռանալ:

Դուռը ներսից փակեցի եւ դուրս եկա պատուհանից:

Մոտավորապես նախանշել էի անելիքս: Առաջին հերթին Դիմովիչին էի այցելելու: Մի շիշ օղի էի վերցրել: Դիմովիչը տանը չէր, ավելի լավ, չեմ խմի ճամփից առաջ: Օղու պիտակի վրա գրեցի. «Մնաս բարով, Դիմովիչ», դրեցի դռան մոտ, հարմար տեղում, նկատելի եւ համեմատաբար ապահով: Եթե չնկատեց կամ ջարդեց մթության մեջ, կամ մեկ ուրիշի բաժին դարձավ, դա էլ իր բախտից:

Հետո պետք էր պայուսակից ազատվել: Ավտոկայանում չվացուցակը ուսումնասիրեցի, ժամը իննի ուղերթը հարմար թվաց: Տոմս գնեցի, պայուսակը նույնպես հանձնեցի պահասենյակ, որը նույնՙ տոմսավաճառի սենյակն էր:

Արդեն ազատ ձեռքերով, զբոսնելով գնացի ճաշարան, հաճելի ընթրիք էր: Խանութներ չմտա, գարեջրատունը ձգեց: Ցրտին սառը գարեջուրը յուրահատուկ համ ունի: Ներսում ժխոր էր, թեեւ ոչ բոլոր սեղաններն էին զբաղված: Խմեցի մի գավաթ, դանդաղ, ծխելով: Նույն դանդաղկոտությամբ քայլեցի Կենտրոնական փողոցով: Ակումբի եւ այգու մոտ չկանգնեցի, վերադառնալու էի: Ամերիկյան ֆիլմ էր, «Հետապնդում»: Դաժան ֆիլմ էր, տեսել էի Երեւանում, երկրորդ անգամ չէի նայի: Շարունակեցի, հանգիստ, անշտապ: Հաջորդ սիգարետը կամրջից հետո էի ծխելու: Այստեղ էին բերքի օրը տոնախմբություն անում: Փայտաշեն, խարխուլ կամուրջ, Սաքոյի ասելովՙ ամեն տարի ուզում էին նորոգել, շինարարները մեծ գումար էին ուզում: Սաքոն երեք հազար ռուբլի էր ուզել, էլի չէին տվել:

Հասա Անտառայինի խաչմերուկը, «Բելուխա» խանութը, ճաշարանը, սովխոզի տան փողոցով դուրս եկա գետափ: Տունը ծածկել էին, բայց ուրիշ գործ չէին արել:

Չանցա կամրջով, կղզի, գետափի խորշ գնալու միտք չունեի, տհաճ էր Նեմիսը, պղտոր եւ սառնաշունչ, չար պառավ էր դարձել:

Իջա գետափի արահետով ավելի արագ, քան փողոցում էի քայլում: Խնձորի ծառը մերկացել էր: Այգին ամայի էր, անշունչ: Արդեն կարելի էր ակումբ գնալ:

Ութի սեանսի համար սպասողներ կային: Ծխեցի դրսում: Պատուհանից երաժշտություն լսվում էր, բայց շուտ էր: Այգու տաղավարն ավելի լավ էր, շրջակայքով եւ գետափով իհարկե:

Սեւագլուխներ չէին երեւում, երեւի ես վերջինն էի:

Պարելու ցանկություն եւ ժամանակ չունեի, ոչ էլ նոր սիրախաղ սկսելու: Մի քիչ երաժշտություն կլսեի եւ կգնայի: Մի քիչը բավական ձգվեց, երկու անգամ լամբադա միացրին: Հրաշալի էր բրազիլական մեղեդինՙ արդեն հուշերի տրամադրող:

Հեռացա, երբ ֆիլմը սկսվեց: Երեկոյան քամին ուժեղացրել էր ցուրտը, բայց դեռ չէր կարելի սառնամանիք համարել:

Ճաշարանի մոտ ծանոթ կերպարանք նկատեցի: Գալինա Իվանովնան էր իր նրբաշուք վերարկուով եւ կազմվածքով: Շեղ նայեց գլխարկի տակից, հոնքերը չէին երեւում, հավանաբար ձգել էր: Թերեւս այդ շարժումն անում էր ոչ թե զարմանքից, այլ գեղեցիկ, մեծ աչքերն ավելի ընդգծելու համար:

- Բարի երեկո, Գալինա Իվանովնա,- ասացի:

- Արա՜՜՞մ...

Գալինա Իվանովնան միանգամից երկու նշան գործածեցՙ բացականչական եւ հարցական:

- Բարի երեկո, Արա՜մ,- նորից ձգեց երկրորդ ա-ն,- իսկ ինձ թվաց, թե Դուք կինո եք մտնելու:

Ինչպե՞ս չէի նկատել նրան:

- Այդ ֆիլմը ծանր տպավորություն է թողել, երկրորդ անգամ չեմ դիտի:

- Մի՞թե կարելի է ենթարկվել ֆիլմին, ուրեմն Դուք խորությամբ եք ընկալում կինոնկարը:

- Ո՜չ... Եթե կինոն ինձ չի հետաքրքրում, սովորաբար այդպես էլ լինում է, արդեն տեսարաններն են գրավում, բնությունը, լեռներ, անտառ, դաշտեր...

- Ծով...Գեղեցիկ աղջիկներ...

- Իհարկե,- ծիծաղեցինք միասին,- չեմ սիրում գիշերային տեսարաններ:

Ավտոկայանի դիմաց նա հարցրեց.- հանդիպեցի՞ք Բելովի հետ:

- Գնացի միլիցիա, նա չկար:

- Ընդունելո՞ւ եք առաջարկը:

- Դեռ չգիտեմ: Այդ առաջարկի մեջ միակ հրապուրիչն առայժմ ավտոմեքենան է:

- Այն էլ հարց է, կտան, թե ոչ,- ծիծաղեց:

- Եթե չեն տալու, ինչպե՞ս եմ աշխատելու, մի՞թե ոտքով պիտի պտտվեմ գյուղերով: Այդ աշխատանքը, հենց իրենց պատկերացրած աշխատանքը առանց մեքենայի հնարավոր չէ:

- Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր է արդյունքի հասնել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք անելու, կներեք:

- Պատկերացնում եմ, իրագործելն է դժվար, անհնար:

- Այսինքն չեք հավատում:

- Այո:

- Բելովը զարմանալի օրինակներ էր բերում: Ասենք, հանցագործությունները միշտ կատարվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ինչո՞ւ, Ձեր կարծիքով: Այստեղ ինչ-որ հոգեբանական բացատարությո՞ւն կա:

- Բացատրությունը պարզ է եւ հաստատ: Մայիս, հունիս, հուլիս ամիսներին շինարարներն աշխատում են չափազանց շատ, առավոտվա վեցից մինչեւ գիշերվա տասը, տասնմեկը: Տառացիորեն ժամանակ չի մնում տնից դուրս գալու: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արդեն ազատ ժամանակ է ստացվում... եւ լիցքաթափվելու անհրաժեշտություն:

- Դուք այդքան շա՞տ էիք աշխատում:

- Աշխատել եմ:

- Իսկ ինչպե՞ս էիք կարողանում հարմարվել Ձեր ընկերներին, չէ՞ որ պարզ է, թե ինչպիսի մարդիկ են:

- Իմ բախտը բերել էր, մեր բրիգադում լավ մարդիկ էին:

Տատի տան փողոցի մոտ նա ասաց.

- Դուք կարծեմ այս փողոցն եք գնում,-շեղ նայեց: Դեմքը գրեթե ծածկված էր, քիթն ու աչքերն էին երեւում միայն:

- Եթե կարելի է, Ձեզ կուղեկցեմ ու կվերադառնամ:

- Խնդրեմ,- գլխով արեց,- քայլենք: Սովորաբար երեկոները ես այսպես զբոսնում եմ, մինչեւ կուլտուրայի տուն եւ հետ:

- Կինո չե՞ք մտնում:

- Հազվադեպ, եւ կիսատ եմ թողնում, սիրում եմ ինքս զարգացնել գործողությունները:

- Ես էլ եմ տարվում դրանով: Կինոնՙ ոչ, որովհետեւ իրոք չեմ խորանում, բայց գիրքն ընթերցելուց հետո միշտ մտածել եմ հերոսների հետագա կյանքի մասին:

- Իսկ ես ֆիլմն եմ շարունակում,- ծիծաղեց Գալինա Իվանովնան,- ոչ թե այնպես, ինչպես կուզեի, այլ տրամաբանական շարունակությամբ: Կինոն հեշտ է, մի դրվագ է կյանքից, ընդամենը պատմվածք: Իսկ գիրքը... Ենթադրենք, «Պատերազմ եւ խաղաղությունը» շարունակվի մինչեւ մեր օրերը եւ հետո... Կոմսերի եւ մուժիկների սերունդները հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի ժամանակ իրար դեմ կռվեին, առաջինները փախչեին Եվրոպա, Փարի՜զ... Հետո որպես տուրիստ գային Յասնայա Պոլյանա...

- Եվ այդպես բոլոր գրքերը,- ծիծաղեցի:

Արդեն ստացվում էր, հենց մեկս ծիծաղում էր, մյուսը միանում էր:

- Գրամեքենան փորձեցի՞ք, Արամ, գո՞հ եք:

- Այո, հրաշալի մեքենա է:

- Գրամեքենաներին երկար կյանք չի մնացել, տասը տարի, գուցե ավելի քիչ: Կոմպյուտերները կգրավեն դրանց տեղը: Մեր երկրում ավելի ուշ իհարկե: Դրա համար եմ տասը տարի ասում:

- Տասը տարին ինձ համար լրիվ բավական է:

- Երիտասա՜րդ, տասը տարին այնպե՜ս արագ կանցնի, չեք զգա եւ հանկարծ կտեսնեք, որ ոչինչ չեք արել: Ի՞նչ եք մտադիր անել այդ տարիներին:

- Գոնե չորս կամ հինգ գիրք կտպագրեմ:

- Աստված տա,- բարեսրտորեն մաղթեց Գալինան Իվանովնան:

Թեքվել էինք Կենտրոնականից:

- Ահա, հասանք,- կանգնեց բակի դռնակի մոտ,- մտեք, Արամ, կտաքանաք... Թե՞ Ձեզ սպասում են...

- Ոչ,- պատասխանեցի,- ինձ չեն սպասում,-կարծես հատուկ շեշտով հնչեցին այդ բառերը,- չեմ ուզում նեղություն տալ:

- Եթե հրավիրում եմ, ինչ նեղություն տալու մասին է խոսքը,- Գալինա Իվանովնան ձեռնոցով ձեռքը հպեց թեւիս,- ոչ ոքի չեք խանգարի, աղջիկս շաբաթ-կիրակի գիշերը տատի տանն է անցկացնում, ես մենակ եմ մնում: Խնդրեմ, մտնենք:

Արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվելու: Երբ ավտոկայանն անցանք, ապա եւ տատի տան փողոցը, այն ժամանակ էի հասկացել: Անտոմս ուղեւորներից մեկի բախտը բերեց:

Մտանք բակ, շունը առաջացավ, ցույց տվեց, որ քնած չէ, ոչ էլ ցրտից փախել է ու տաք տեղում պատսպարվել, եւ անհետացավ: Գուցե սխալվում էի, քաղաքավարի, բարյացակամ կին էր, անկեղծորեն հրավիրեց տաքանալու:

Գիշերն էլ ավտոբուս կար:

Միջանցքում, որն արժանի էր նախասենյակ կոչվելու, հանեց վերարկունՙ ինձ առաջարկելով հանվել:

- Ինձ մոտ տաք է,- ասաց ժպիտով:

Մտանք մի մեծ սենյակ:

- Ինչ հաճելի է,- ասացի անկեղծորեն,- առաջին անգամ եմ այստեղ այսպիսի ընդարձակ սենյակ տեսնում, բարձր առաստաղով՚

Գեղեցիկ ու ճաշակով կահավորված, պետք է ավելացնեի: Ամեն ինչ գեղեցիկ էր, կոկիկ եւ հարմարավետ: Իրոք տաք էր:

Հավանաբար սխալվել էի: Կանաչավուն, երկար, մարմնի վրա թույլ նստող շրջազգեստով Գալինա Իվանովնան միանգամայն զուսպ եւ համեստ տեսք ուներ: Գեղեցիկ կին, որն ամենեւին չի ցուցադրում իր բարեմասնությունները: Ասենք, դեմքը բավական էր գրավելու համար: Ինչպես ողջ արտաքինին, դեմքին նույնպես հատուկ էր առաջին հերթին վայելչությունը: Իր բնակարանի պես կոկիկ եւ գեղեցիկ...

- Նստեք, խնդրեմ,- ցույց տվեց բազկաթոռը,- կխմե՞ք...

- Ոչ, շնորհակալություն:

- Ես էլ խմիչք չեմ սիրում, հատկապես գիշերը... Կուզե՞ք թեյ:

- Նեղություն մի քաշեք, խնդրում եմ:

Գալինա Իվանովնան նստեց դիմացս, բազմոցին:

- Այնուամենայնիվ պետք է մի բան հյուրասիրեմ,- հաճելի համառությամբ շարունակեց նա,- միգուցե սովա՞ծ եք:

Ծիծաղս չկարողացա զսպել:

- Ինչո՞ւ եք ծիծաղում,- ժպտաց,- մի՞թե չեք ձանձրացել ճաշարաններից:

Ժպիտը գրեթե միշտ խաղում էր դեմքին, հոնքերն էին թեթեւակի արտահայտիչ, բայց աչքերը հանդարտ էին, հանգիստ եւ ուշադիր հայացք...

- Կարող եք ծխել,- սեղանիկի բաց դարակից սիգարետ եւ մոխրաման հանեց,- ես միայն շաբաթ երեկոյան եմ հանգիստ ծխում, երբ աղջիկս տանը չէ:

- Դրանք հավանաբար թույլ սիգարետներ են:

- Այո, թույլ են եւ բուրավետ:

- Իսկ իմը կոպիտ է,- հանեցի «Օպալի» տուփը,- եթե ծխեմ, տհաճ հոտ կլցվի այս հրաշալի տանը:

- Հանգիստ ծխեք: Տվեք ես էլ դրանից փորձեմ:

Տեղափոխվեցի բազմոցի վրա եւ մոտեցրի տուփը: Հանկարծ նա զարհուրեց:

- Աստված իմ, այս ի՞նչ է ձեր ձեռքի վիճակը:

- Ներեցեք,- ակամա հետ քաշեցի:

Գալինա Իվանովնան սիգարետը դրեց սեղանին եւ բռնեց ձեռքս: Ցուցամատիս վերքը չորացել էր, բայց կարմիր երիզը մնում էր: Մյուս մատներիս ճաքերը եւ ափիս կոշտուկները նույնպես տպավորիչ էին:

- Ինչ մեղք եք, Արամ,- ինքնաբուխ կարեկցանքով արտաբերեց նա:

Չէի կարծում, թե այդքան սարսափելի տեսք էր: Եթե հուլիսին տեսներ, ինչ էր ասելու:

- Մյուսն է՞լ է նույն վիճակում:

Ձախս համեմատաբար մաքուր էր:

- Սոսկալի է,- շարունակեց նա ձեռքս բաց չթողնելով,- ձեռքերը շատ արտահայտիչ են, դրանք պետք է խնամքով պահպանել:

Ինքը հենց այդպես էր անում, արտակարգ գեղեցիկ եւ խնամված ձեռքեր ուներ, տեսնում էի եւ զգում էի, որ ոչ միայն արտահայտիչ են, այլեւՙ հաղորդիչ:

Կտրուկ շարժումով թողեց ձեռքս, կանգնեց եւ մոտեցավ պատուհանին:

Սա ազդանշան էր, անցավ մտքով, մինչ այս ինչ որ արվում էր, խաղ էր, բուն գործին չառնչվող, բայց անհրաժեշտ եւ հաճելի:

Տուփը եւ վառիչը դրեցի սեղանին, գրպանում դրանք ավելորդ ծանրություն կլինեին, վեր կացա եւ շարժվեցի: Երբ պետք է գրկեի ուսերը, դեմքը թեքեց, հավանաբար նկատեց կամ զգաց ձեռքերիս շարժումը, եւ հարցրեց.

- Դուք ե՞րբ եք գնալու, Արամ:

- Այս գիշեր պետք է գնայի:

Ձեւացրի, թե խոսքը գյուղից գնալու մասին է:

- Ես դա նկատի չունեի,- խուլ հնչեց նրա ձայնը:

- Ձեր տնի՞ց...

Գլխով արեց:

Մի քանի սանտիմետր էին հեռու ուսերը եւ վիզը, բաց շագանակագույն մազերը, որ չէին հասնում ուսերին: Բավական էր ձեռքերս մի փոքր առաջ տանեի, այդ նուրբ ուսերը կհայտնվեին գրկիս մեջ, հետո կհամբուրեմ վիզը... Ինչո՞ւ մյուս կանայք չեն ձգում ինձ, չէ՞ որ գեղեցիկ կին էր, շա՜տ ավելի գեղեցիկ, քան Ինան կլիներ այդ տարիքում: Ինան իրեն ամենեւին չէր հետեւում, իսկ ձեռքերը կոշտ էին, կարող էր ձեռքն անփութորեն մտցնել դույլի մեջ եւ բռով տաշեղ լցնել վառարանը կամ մատներով քանդելով կարտոֆիլ հանել հողի միջից... Ոչ շրթներկ էր օգտագործում, ոչ մանիկյուր...

Երեւի ուշացրել էի գրկելը, Գալինա Իվանովնան շրջվեց, վերջապես խախտվել էր աչքերի հանդարտությունը:

- Ի՞նչ է պատահել, Արամ,- ձայնը հանգիստ էր,- ինչի՞ մասին եք մտածում:

- Մտածում եմ, որ ճիշտ եք ասում,- սթափվում էի,- հարկավոր է գնալ:

- Ներեցեք, ես կատակեցի, անկեղծ:

- Իհարկե կատակեցիք: Եթե թույլ կտաք, ծխեմ եւ կգնամ:

Դանդաղ մոտեցա բազկաթոռին եւ նստեցի: Սիգարետ հանեցի տուփից, նա իրենը վերցրեց եւ մոտեցավ, որ վեր չկենամ վառելու համար:

- Հիմա Ձեզ վիսկի կտամ,- ասաց,- շատ լավ է հանգստացնում:

- Իսկ ինչո՞ւ պիտի հանգստանամ,- խոսելացավս բռնեց,- ինձ հետ ինչ-որ բա՞ն է կատարվել:

- Ամենեւին,- ծիծաղեց նա,- պարզապես վիսկին լավ խմիչք է:

Կրե-Մարյանի մոտ վիսկի խմել էի... Սա լրիվ ուրիշ համ էր, իրոք հաճելի էր:

Ինքը նույնպես խմեց:

- Դուք է՞լ եք ուզում հանգստանալ:

Եթե հեռանալու էի, կարելի էր թեթեւակի խայթել:

Ծիծաղեց: Համենայն դեպս կարողացա աչքերի սառնությունը վերացնել:

Դատարկեցի բաժակս:

- Էլի՞,- հարցրեց:

- Հաճույքով:

Լցրեց բաժակս եւ իր համար: Նստեց մյուս բազկաթոռին, ասաց.

- Չէի հավատում, երբ ասում էին, թե խելագարի պես եք սիրահարված:

Հայացքը նորից հանգիստ էր:

- Այս գյուղում ոչ մի բան գաղտնի չի մնում:

- Ո՜չ մի բան,- ծիծաղելով հաստատեց Գալինա Իվանովնան:

- Ուրեմն հավանաբար կիմանան բոլորը, որ այս գիշեր Ձեր տանն եմ եղել:

- Հավանաբար:

- Եվ դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

- Իմ խիղճը մաքուր է,- ծիծաղեց:

Հրաշալի պատասխան:

- Ձեր կենացը,- ասացի բաժակը բարձրացնելով,- Ձեր հմայքի կենացը:

- Շնորհակալություն,- ժպտաց նա:

Խմեցի: Գիտեի, թե վիսկին թունդ խմիչք է, Կրե-Մարյանը սոդայաջրով էր բացում, բայց սա այնպես լավ էր խմվում, ո՛չ նպաստավոր պայմաններ էին պետք, ո՛չ համապատասխան տրամադրություն: Թեեւ դրանք կային:

- Վախենում եմ չարաշահել Ձեր համբերությունը,- կանգնելով առաջացա:

Գալինա Իվանովնան հենվեց արմունկներով, որ բարձրանա, շրջանցեցի բազկաթոռը եւ ձեռքերս դրեցի ուսերին: Կանացի մարմինը բուժում էր մատներիս վերքերը: Եթե մերձեցումը հոգեկան անդորր էր պարգեւում, սոսկ հպումն արդեն քնքշություն էր հաղորդում... Երեւի երկար էի պահել այդպես, Գալինա Իվանովնան փորձեց շարժվել... Արագ է հարկավոր անել, որ նորից կանգ չառնեմ: Միայն թե ոչ վիզը... Դիրքն այնպիսին էր, որ հենց վիզն էր հարմար համբուրելու համար, փափուկ ու քնքուշ մազերի հետ... Ինայի խուճուճները միշտ խուտուտ էին տալիս քիթս...

Փորձված սիրաբանի պես էի գործում, միգուցե նրան անփորձ պատանյակ էր պետք, չէի կարող ձեւանալ:

- Օ՛յ,- խեղդված բացականչեց նա,- թողեք, խնդրում եմ...

Ավելորդ էր, որովհետեւ շինծու էր... կամ անակնկալի էր եկել... Վերջինը քիչ հավանական էր:

Օծանելիքի անասելի նուրբ բույրը համբուրելիս զգացի: Նրբաճաշակ կին էր, ամեն ինչը պիտի ընտիր լիներ: Կկարողանա՞մ արդարացնել նրա ճաշակը: Ձեռքերս իջան ներքեւ կուրծքը շոշափելով: Ստինքները փոքր չէին, բայց ինչո՞ւ էր քողարկում: Չթողեց, որ ձեռքերս պահեմ դրանց վրա, այսինքն կարող էր դիմադրել կամ ուղղորդել: Դրանից ներքեւ հանդուրժում էր կամ ենթարկվում: Ստուգելու համար նորից փորձեցի, նորից արգելեց: Հասկացա, որ կուրծքն անձեռնմխելի է: Վիզը եւ ուսերը հանձնել էր շուրթերիս, իրանը եւ կոնքերըՙ ձեռքերիս: Շարունակությունը ստուգելու ժամանակն էր: Երբ տեղափոխեցի բազմոցի վրա, գլուխն օրորեց, ինչպես երեխային են մերժում, եւ մատով դուռը ցույց տալով ասաց.

- Միայն անկողնում:

Եվ աչքերը փակեց: Այսինքն վստահում էր, որ կգտնեմ ննջարանի ճանապարհը:

Ձեռքերս անցկացրի ազդրերի եւ մեջքի տակով, ավտոկռունկի ճոպաններով այդպես տախտակների դարսակն էի փաթաթում, որ վերեւ հանի, բարձրացրի եւ գրկած տարա...

Այդպես մեկ էլ Ինային էի գրկել եւ տարել մեր սարքած շենքը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.