AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5311, Տպվել է` 371, Ուղարկվել է էլ.փոստով` 205

ԽԱՉԱԳՈՂ 48

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Տասներկուսին դուրս եկա: Առավոտյան տեսնողները բնականաբար պիտի կասկածեին, իսկ այս ժամին հնարավոր էր ենթադրել, որ Գալինա Իվանովնային այցելել եմ, ասենք, տասը րոպե առաջ:

Նա պատուհանից հետեւում էր ինձ, ժպիտը դեմքին, վարագույրը բռնած:

Իրերս տեղում էին:

- Իսկ մենք անհանգստանում էինք,- ասաց աշխատողը, որը երեկվա կինը չէր:

Ժամը չորսի ավտոբուսի տոմս կար: Եթե գիշերային որեւէ ուղերթ լիներ, պիտի կրկնեի երեկվա պտույտը եւ... գուցե նորից չմեկնեի: Երեք ժամից ավելի մնում էր, ասենք թե կես ժամ ճաշարանում զբաղվեցի, ծխելով հասա ակումբի մոտ, վերադարձա, ծխեցի: Հիշողության զբաղմունքը հետաձգում էի երկա՜ր ճանապարհի համարՙ ավտոբուս, գնացք, օդանավակայանում... Չի կարելի շտապել թեկուզ ամենալավ բանի համար, չի կարելի կորցնել կյանքի թանկարժեք վայրկյանները, ուրեմն պետք չէ ձանձրանալ եւ ցանկանալ, որ շուտ անցնեն տհաճ պահերը... Դրանք նույնպես պետք է ապրել... Ամեն մի սպասում հաճելի զբաղմունք է, եթե նույնիսկ ցուրտ է եւ անհրապույր, եթե աղջիկները թաքնվել են տձեւ վերարկուների եւ գլխաշորերի մեջ, իսկ դու փախչում ես այստեղից...

Ժամացույց ունեցողի համար ժամանակն ավելի դանդաղ է անցնում: Այդպես էր մինչեւ ժամը երեքը, հետո ժամանակը սկսեց սլանալ, որովհետեւ հասկացել էիՙ ինչ էլ լինի, առանց հրաժեշտի հեռանալն առնվազն խոզություն է: Նրա հետ ես երջանիկ եւ անմոռաց պահեր էի ապրել, ոչ միայն պահեր, իմ երեք ամիսները լցված էին նրանով, քնած թե արթուն, միասին թե մենակ, նա միշտ մտքիս մեջ էր... Կկարողանա՞մ մոռանալ նրան կամ... ապրել առանց նրա, սիրո հիշողության եւ անորոշ խանդի մշտական ուղեկցությամբ: Խուսափեց պատասխանից, փախավ փաստորեն: Մի՞թե հանդիպել էր Կիռայի հետ եւ ինձ ու նրան համեմատելով իր հող ու ջրի տղային էր ընտրել, իսկ ես օտար մասնիկ էի, ժամանցիկ հաճույք...

Ճակատագիր էր, երբ արդեն իրերս էի վերցնելու, գյուղի ավտոբուսից Նինան իջավ: Ավելի էր գեղեցկացել, ձգվել, նրբացել: Արագ քայլեց: Մի՞թե չէր նայելու... եթե չշրջվեց, թող գնա... Սակայն անունը տվեցի ցածրաձայն, կարծես մի երկու քայլ էր հեռու: Լսեց... կամ առանց լսելու շրջվեց, նկատեց եւ ուղղակի վազելով մոտեցավ:

- Դու այստե՞ղ ես,- չհասած խոսեց նա,- չե՞ս գնացել, որտե՞ղ էիր գիշերը...

Երբ հարցերը շատ են, կարելի է ոչ մեկին չպատասխանել: Նա պատասխանի չէր էլ սպասում:

- Արի գնանք,- բռնեց ձեռքս,- Ինան ահավոր վիճակում է...

- Ներողություն,- ասացի,- ես մեկնելու եմ, ահա այս ավտոբուսով...

- Տոմսը հետ տուր, գնանք, խնդրում եմ... Մի՞թե դու չես հասկանում, նա սիրում է քեզ...

- Սիրում է... Նա ինքը լքեց ինձ, կարելի է ասելՙ վռնդեց...

- Ես դա չեմ հասկանում, չգիտեմ, թե ինչ է կատարվում... բայց հիմա դու պետք ես, ես քեզ աղաչում եմ... Ուզո՞ւմ ես ծնկի գամ փողոցում...

Դա չափից ավելի էր, կաներ:

- Որտե՞ղ է նա:

- Այստեղ, տատի տանը,- Նինան հասկացավ, որ համոզել է ինձ, հանդարտվեց:

Մոտեցա տոմսավաճառին:

- Ինձ ավելի ուշ ժամի տոմս կտա՞ք:

- Քանիսի՞ համար,- հարցրեց նա:

Ես Նինային հարցրեցի,- ժամը ինը հարմա՞ր է:

- Երեւի,- ժպտաց նա:

- Եթե դուք չորսի ավտոբուսով չեք մեկնելու, ահա այն աղջիկը տոմս էր ուզում,- ասաց տոմսավաճառ կինը եւ ավելացրեց ժպտալով,- ոչ մի կերպ չի՞ հաջողվում հեռանալ մեր գյուղից...

Նինան քիթը կնճռոտեց, ձայն չհանեց, բայց քիչ հետո ինձ նախատեց.

- Ինչո՞ւ տոմսի փողը չվերցրիր, դա ի՞նչ կովկասյան ցուցամոլություն է:

- Լսիր, փոքրիկ,- անցա հակահարձակման,- ինձ կովկասցի չանվանեսՙ մեկ, երկրորդՙ դու ես մեղավոր մեր բաժանման համար...

Զարմանքն այնքան ուժգին էր, որ պետք է երկրորդից սկսեր, բայց որպես շախմատիստ նախորդը չէր անտեսի:

- Նախ եւ առաջ ինձ փոքրիկ չանվանես...

Միանգամայն ճիշտ էր, շտապեցի խոսքս հետ վերցնել:

- Իսկ հիմա ասաՙ ինչո՞ւ եմ ես մեղավոր:

- Շատ անպատեհ պահի զանգահարեցիր, դրանից հետո ամեն ինչ փոխվեց...

- Դուք կռվում եք, ի՞նձ եք մեղավոր համարում,- բորբոքվեց նա,- մի՞թե ձեզ համար առիթը կպակասեր,- ճիշտ էր ասում փոքրիկը, ինչպես միշտ:- Որոշել էի ձեզ առանձին թողնել, որ խոսեք, բայց կգամ, դուք երեւի սպանեք իրար...

Մոտենում էինք իրենց փողոցին: Ի՞նչ էի անելու, եթե Գալինա Իվանովնան հայտնվեր դեմից: Ձեռքս գրպանում կամացուկ ազատվեցի ժամացույցից, Ինայի աչքից չէր վրիպի: Ես դեռ պետք է պատասխանեի ամենասարսափելի հարցին:

Հասանք, մտանք բակ, միջանցք, Նինան բացեց սենյակի դուռը, գլխով արեց: Անցա ներս, նա փակեց դուռը եւ մնաց միջանցքում:

Ինան կծկված, շորերով պառկել էր թախտի վրա, կիսով չափ ծածկված, դեմքըՙ պատին:

- Նին, եկա՞ր,- հարցրեց խզված ձայնով, առանց շրջվելու:

- Ես եմ,- ասացի:

Գլուխը թեքեց, դանդաղորեն շուռ եկավ, չէր երեւում, թե մեռնում է ինձ համար, տնքալով նստեց, ինչպես մեջքը բռնված հիվանդ կին, իջա եւ գլուխս սեղմեցի ծնկներին:

- Ինչո՞ւ ենք փախչում իրարից,- գլուխս բռնելով ասաց նա:

Ձայնը թաց էր, հաստատ աչքերը լցվել էին, եւ քիթն էր ֆսֆսացնում: Այդ հարցը մեզնից մեկն էլի տվել էր, ես որ մի հազար անգամ ինքս ինձ ասել էի:

Չպետք է համբուրեի: Սահմռկած ինձ էր նայում:

- Օծանելի՜ք,- շշնջաց նա:

- Ի՞նչ օծանելիք,- հարցրեցի ակամա:

Նինան բացեց դուռը եւ գլուխը մտցրեց: Ստուգում էր, թե ինչ ենք անում:

- Օծանելի՜ք,- կրկնեց Ինան նրան նայելով:

- Ի՞նչ օծանելիք,- զարմացավ քույրը:

- Նրանից օծանելիքի հոտ է գալիս:

- Երեւի ինձնից է,- ասաց Նինան,- ես մի թեթեւ փաթաթվեցի նրան,- եւ դուռը փակեց:

- Կներես, պետք է ծխեմ,- վեր կացա:

- Այստեղ ծխիր,- աչքերը կասկածով լեցուն էին: Մտածածը եթե չասեր, դեմքին կարտահայտվեր անմիջապես:- Որտե՞ղ էիր գիշերը:

Նստեցի աթոռին, սիգարետ վառեցի: Ի՞նչ էի անելու, եթե ծխող չլինեի:

- Իսկ դո՞ւ որտեղ էիր,- հարցրեցի:

- Ես ամբողջ գիշերը զանգահարում էի:

- Զանգահարում էիր... Ինչո՞ւ գնացիր:

- Լավ,- սթափվեց նա,- անիմաստ խոսակցություն է: Ինձ էլ տուր սիգարետ:

Հապաղեցի:

Նինան նորից բացեց դուռը, որոշել էր րոպեն մեկ հետեւել իրադրությանը: Կարծում էի, թե կհանդիմանի ծխելու համար, բայց մոխրաման բերեց:

- Տուր սիգարետ,- նրա գնալուց հետո կրկնեց Ինան:

- Ստուգո՞ւմ ես:

- Ոչ, իրոք ուզում եմ:

- Ես էլ եմ շատ բան ուզում:

- Օրինակ:

- Պարզություն, հասկանալ, թե ինչ է կատարվում:

- Գրել էիր, թե հասկացել ես:

- Հասկացել եմ, բայց այդ հասկացածը ոչ մի կերպ չեմ հասկանում:

Իրոք անիմաստ խոսակցություն էր դառնում: Սպասում էի, որ նորից գիշերվա մասին կհարցնի:

- Գրամեքենադ ինչո՞ւ էիր թողել:

Ուշ թե շուտ այն հարցը տալու էր, ոչ միայն ինքը, քույրն էլ էր բացատրություն պահանջելու:

- Նվիրել եմ քեզ:

- Առատաձեռն տղա ես, շռայլ, սիրուհուդ ողողում ես նվերներով... Ինձ պետք չէ քո գրամեքենան...

- Պետք չէ, թափիր...

- Ուրեմն քեզ համար ոչ մի արժեք նշանակություն չունի՞... Նույն ձեւի էլ ինձ կթափես...

Նրա ձայնի վրա Նինան հայտնվեց.

- Ի՞նչ է պատահել, չեք կարո՞ղ հանգիստ խոսել:

- Ինձ ինչո՞ւ բերեցիր այստեղ, քույրդ կռիվ է անում:

Ինան ավելի բորբոքվեց,- ես գիտեմ, թե ինչ է գրամեքենան նրա համար, իսկ նա թողնում է ինձ, ինչ էՙ մի անգամ ասել եմ, թե առանց գրամեքենայի չէր գնա...

- Ի՞նչ կա դրա մեջ,- ասացի,- տեղ չունեմ դնելու: Բացի դրանից, ափսոս են ռուսերեն տառերը, Երեւանում ես հայկականը կճարեմ...

- Ինչո՞ւ գնեցիր... որ Գալինա Իվանովնայի՞ն նվիրես...

- Նա ճանաչո՞ւմ է Գալինա Իվանովնային,- զարմացավ Նինան:

- Ճանաչո՞ւմ է... Տեսնեիր, թե ինչ հիացմունքով էր խոսում նրա մասին... Գրամեքենան հենց նրա համար էր գնել:

Ինչ խոսք, գրամեքենան Գալինա Իվանովնայի համար չէի գնել, բայց ի՞նչ տարբերություն, նա ճիշտ էր: Կնոջ զգացողությունը հոտն առել էր, ոչ միայն օծանելիքի...

- Ինչպե՞ս թե նրա համար...

- Այո՜... Հենց սիրուն դեմք տեսավ, խելքն իրենը չէ...

- Ավտոկայանում էլ տոմսը ձրի տվեց մի աղջկա,- Նինան ակամա յուղ լցրեց կրակին:

- Ո՞վ էր, գեղեցի՞կ էր,- իսկույն հետաքրքրվեց Ինան:

- Վալյա Սավելեւան էր:

- Ա՛հ, նա տգեղ է:

Իմ կարծիքովՙ տգեղ չէր:

- Բայց ինչո՞ւ,- հիմա էլ Նինան սկսեց,- ես ի՞նչ կմտածեմ, եթե մեկը հենց այնպես ինձ տոմս տա եւ փողը չվերցնի... Չէ՞ որ դա վիրավորական է:

- Դու տոմսն ես ասում, իսկ նա գրամեքենան էր տալիս անծանոթ կնոջը... մի կիսատ ժպիտի համար, պատկերացնո՞ւմ ես, եթե նա...

- Ձեզ ի՞նչ է եղել,- էլ չդիմացա,- դուք իմ ճանաչած քույրերը չեք... Ինչո՞ւ եք ինձ մեղադրում: Ես ութ հազար ռուբլի եմ վաստակել ձեր գյուղացիների համար տներ կառուցելով, ի՞նչ է գրամեքենայի գինը այդ գումարի մեջ կամ ավտոբուսի տոմսը, ծիծաղելի է, երկու ռուբլի հիսուն կոպեկ...

- Հարցը գումարը չէ,- ասաց Ինան,- հարցն ինչուն է...

- Քեզ ա՞յդ ինչուն է հետաքրքրում,- ընդհատեցի նրան,- ինձ միանգամայն ուրիշ ինչու է հետաքրքրում:

- Ո՞րը,- սառեց Ինան:

- Ինչո՞ւ դու, ինձ սիրելով հանդերձ, փախչում էիր ինձնից, քանի՜ անգամ է եղել... Մեկ պաշտում էիր ինձ, մեկ վանում, ինչո՞ւ, ասա... Նույնիսկ մտածել եմ, որ Նինան էր ազդում...

Նինան անհանգիստ շարժվեց նախատալի հայացքն ինձ ուղղելով:

- Նաստասյա Ֆիլիպովնայի հիվանդությո՞ւնն էր քեզ բռնել, մտածում էիր, թե արժանի կամ հարմար չե՞ս ինձ... Նինա՞ն է ավելի հարմար...

- Այս ի՞նչ է կատարվում,- Նինան գլուխը բռնեց,- ինձ ինչո՞ւ եք խառնում ձեր պատմության մեջ...

- Կամ մտածում էիր, որ մոլագար անասո՞ւն եմ, սեռական հիվա՞նդ, որ միայն իր հաճույքի գերին է...

- Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը... Դրանք եղել են, բայց սկզբում,- ասաց Ինան ձեռքը ճակատին սեղմելով,- ես կասեմ... հիմա չեմ կարող, գլուխս պայթում է...

- Այստեղ մի ծխիր,- ի վերջո դիտողություն արեց Նիան,- գնա վառարանի մոտ:

- Բայց ժամանակ չկա,- հուսահատվում էի,- Ինա, ես գնալու եմ, գուցե այլեւս չհանդիպենք:

- Եթե չենք հանդիպելու, ինչո՞ւ պիտի քեզ բացատրություն տամ: Եթե անհետանալու ես իմ կյանքից, ինչո՞ւ ես բացատրություն պահանջում:

Դուրս եկա սենյակից: Նինան վառել էր վառարանը, գվվում էին կեչու փայտերը: Նստեցի ցածրիկ աթոռին, բաց դռնակի մոտ: Գրեթե իրար հետեւից էի ծխում, ահավոր է, իսկ գրելիս ինչքան կծխեմ... Կրե-Մարյանն ասում էր, որ նկարիչների ստեղծագործական կյանքը երկար է, որովհետեւ բնության մեջ են աշխատում, իսկ գրողները սենյակում փակված, սեղանին հակված ծխում են, հա ծխում...

Նինան թրջոց էր սարքում, տարավ եւ վերադարձավ:

- Մի՞թե չես կարող չծխել,- հանդիմանեց,- գիշերը չի քնել, խեղդվում էր...

Թոքաբորբը մոռացել էի, միայն թե չկրկնվի: Իսկույն սիգարետը գցեցի վառարանի մեջ, բացեցի դրսի եւ սենյակի դռները:

- Ծածկիր նրան, օդափոխենք տունը,- ասացի Նինային:

Լուսամուտները նույնպես բացեցի, մի քանի րոպեից օդը մաքրվեց:

Ինան աչքերը փակ պառկած էր: Վերադարձանք խոհանոց: Այստեղ Նինան ինձ բռնեց:

- Որտե՞ղ էիր գիշերը:

- Միասին էինք,- փորձեցի կատակել,- մոռացե՞լ ես, քո օծանելիքի հոտն է:

- Ես նրան խղճացի... Մի շտապիր, Ինան գիտի, որ ես օծանելիք չեմ օգտագործում,- Նինան մոտեցավ, հոտոտեց օձիքս, կուրծքս,- ես ոչինչ չեմ զգում...

- Չէիր կարող զգալ,- սիրտ առա:

- Ինչո՞ւ, չի՞ եղել:

- Իհարկե չի եղել:

- Իսկ որտե՞ղ էիր գիշերը:

- Ես կասեմ, երբ քույրդ կխոսի: Եթե այլեւս չենք հանդիպելու, ինչո՞ւ բացատրություն տամ:

- Ի՞նչ պատահեց ձեզ,- տխրեց Նինան,- չէի հավատում, որ հնարավոր է այդպիսի սեր: Նույնիսկ նախանձել եմ... Ոչ թե Ինային,- փութաց ճշտել,- երկուսիդ էլ, որ այդպես սիրում եք, սիրահարված եք...

- Իսկ դու կարո՞ղ ես բացատրել նրա արածը, այդ փոփոխությունները, հակասությունները...

- Ոչ, բայց համոզված եմ, որ սիրում է քեզ:

- Այո,- Ինան դուռը բացեց,- սիրել եմ եւ սիրում եմ... ինչպես որ ինքն է ինձ սիրում, գիտեմ...

- Ես գնամ,- շարժվեց Նինան:

- Ոչ,- արգելեց քույրը,- մնա, որ... չնախանձես...

Նինան մնաց: Նա հոգատար էր քրոջ հանդեպ, բայց միայն սրտացավությունը չէր, հետաքրքրասիրությունն էլ էր պահում նրան: Բետոնի օրը մեզնից պոկ չէր գալիս:

- Բայց ես չեմ կարող խոսել,- Ինան առաջացավ,- մինչեւ չիմանամ, թե որտեղ ես գիշերել: Եթե ուրիշի հետ ես եղել, իմ խոստովանությունը ծիծաղելի կթվա...

Ինչքա՞ն կարող եմ խուսափելՙ մինչեւ ութը... կամ մի քիչ անց: Խուսափելուց բացի... թաքցնելը դեռ փրկություն չէր, անհրաժեշտ էր կասկածի տեղ չթողնել, բայց ինչպե՞ս...

Ինան գրկեց քրոջը, համբուրեց:

- Քեզնից օծանելիքի հոտ չի գալիս, քույրիկս, ես գիտեի: Եթե համբուրած էլ լինեիր նրան, մի թեթեւ փաթաթվելուց այդպիսի թույլ բուրմունքը չէր անցնի... Ես քեզ շա՜տ լավ եմ ճանաչում, դու քո հերթական փրկարար քայլն արեցիր:

Մոտենում էր ինձ, գիտեի, թե ինչ է անելու: Հոտոտեց վիզս, պիջակս հետ տարավ, դեմքը սեղմեց կրծքիս, երկար պահեց խոր շունչ քաշելով:

- Անընդհատ ծխում էիր, որ կորցնե՞ս հոտը,- գլխի ընկավ նա,- բայց էլի զգում եմ... Ոչ միայն դա, ահավոր է, քո հոտն է փոխվել, սա քո հոտը չէ,- լացակումած շշնջաց:

Նինան ապշած նայում էր:

- Ես հո՞տ ունեմ,- զարմացած էի ձեւանում, խուսափելու հնարավորություն էր,- ինձնից հո՞տ էր գալիս...

- Ես քեզնից հոտ էի առնում, դա քո ինքնությունն էր, սեփական հոտը, որն արդեն կորել է, խառնվել է,- ինձ բաց չէր թողնում,- մեկ-մեկ կհոտոտեմ գյուղի բոլոր կանանց, կգտնեմ,- սպառնաց,- այսպիսի օծանելիք ամեն մեկը չի օգտագործի...

Մոտենում էր, եթե շարունակեր, շուտով անունը կտար:

Իսկապես, եթե անե՞ր... Գալինա Իվանովնային փողոցում բռներ ու հոտոտեր...

- Բավական է,- ուսերը բռնեցի,- պատճառը քո մեջ փնտրիր, ինչո՞ւ ես հոտոտում, ներսդ հոտոտիր...

- Ինչ ամոթ է,- Նինան ձեռքերով դեմքը փակեց եւ մտավ սենյակ:

- Տասներեք օր բացակայեցի, գյուղում չէի,- շարունակեցի ձայնս ցածրացնելով,- չհարցրեցիր, թե որտեղ եմ եղել, ինչ եմ արել: Հենց այս գիշե՞րը քեզ հունից հանեց... Իսկ որտե՞ղ մնայի, երբ դու ինձ վռնդեցիր փաստորեն...

- Որտե՞ղ էիր գիշերը,- մատները խրեց ուսերիս մեջ, մինչեւ չպարզեր, չէր հանգստանա,- գնայիր ձեր երկիրը, ինչ ուզում էիր անեիր հայուհիների հետ, ինչո՞ւ այստեղ... Չէ՞ որ ամբողջ գյուղը գիտեր մեր մասին...

Ձեռքերը մարմնին սեղմելով գրկեցի, համբուրեցի դեմքը քանի անգամ, ոչ մի համ, համբույրի ոչ մի զգացողություն կամ տպավորություն, չարացած, կատաղած կին էր: Գրկած պահեցի ցնցումները զսպելով, թպրտում էր, փորձում ազատվել, թուլացավ, գլուխը գցեց ուսիս, լաց եղավ:

Նինան նայեց դռան արանքից, հետ քաշվեց:

Եթե Նինան չլիներ, կտանեի ներս, գուցե մոռանար... Այստեղ մնում էր կանգնած գրկել, համբուրել, շոյել, բայց անկողինը կհանգստացներ: Թեեւ Նինայի ներկայությունը նաեւ փրկություն էր, գիշերն ուրիշ կնոջ հետ անցկացնելուց հետո սիրած աղջկան մերձենալն անթույլատրելի եւ անհնար թվաց:

Խոսքի հորձանք էի զգում: Կարծես կարող էի, նույնիսկ ճշմարտությունն ասելով, նորից հասնել սիրո: ժամանակ չկար, որը մեզ երբեք չէր հերիքում: Ամբողջ գիշեր միասին պառկած չէինք հասցնում իրար ամեն ինչ ասել, մի չնչին մաս ընդամենը:

Իրոք փոխվել էի: Հաստատ էր, որ սիրում էի նրան, բայց մինչ այդ սերս նաեւ վայելք էր եւ կիրք, իսկ հիմաՙ ցավ եւ կարեկցանք: Նիհար, խեղճացած ուսերը գրկելով ցավ էի զգում, որ նրան վիշտ եմ պատճառում:

- Դու ես փոխվել,- շշնջացի ականջին,- դիմագծերդ չեմ ճանաչում, աղճատվել են, կներես, նիհարել, խեղճացել ես, ինչո՞ւ... Ինչո՞ւ ես քեզ տանջում, ինձ էլ հետդ: Պատճառն այս գիշերը չէ, երեկ նույնպես հոգիդ հանգիստ չէր, այլապես չէիր գնա, կմնայիր: Նինան չհայտնվեր, մեկ ուրիշ պատրվակով կփախչեիր... Ինչո՞ւ խուսափեցիր պատասխանից, մի՞թե հանդիպել եք... Եթե ուրիշը կա, ես կարող եմ պայքարել եւ հաղթել, բայց քո դեմ ես անզոր եմ, եթե դու ես ինձ մերժում, ես թույլ եմ... Բայց երջանիկ ենք եղել, անմոռաց օրեր ունեցել... Քեզ տեսնելուց հետո միայն քեզնով եմ ապրել: Ինչ ազատ ու թեթեւ աղջիկ էիր, մի՞թե իմ սերը քեզ տառապանք բերեց: Աչքիս առաջ էՙ ինչպես էիր հեծանիվով գալիս փողոցով: Պայծառ արեւի տակ մազերդ ու ոտքերդ փայլում էին: Ձայն տվեցիր Նինային եւ քշեցիր անցար... Իսկ Նինան ինձ դուր էր գալիս, դեռատի աղջիկ, չարաճճի եւ հմայիչ: Ճաշարանում ինձ ձեռ էր առնում ընկերուհու հետ: Հետո տեսա, որ լրջախոհ շախմատիստ է եւ հոգատար քույր: Մորդ հետ եկավ ցեմենտ տանելու: Սիրահարվում էի նրան, սկսում էի սիրահարվել: Եթե մի երկու հանդիպում էլ լիներ, առիթ, շփում, կբոցավառվեի: Բայց սերն ինձ պետք չէր, եւ ես սիրո համար չէի: Ինձ պետք էր մեկը, որ հեշտությամբ տրվեր ու ոչինչ չպահանջեր: Քսաներեք տարեկանում կույս մնալն ամոթ էր պարզապես, թեկուզ կույսի նշանի տակ ծնված լինես... Էլ չեմ խոսում ծվատող գիշերային տենչի մասին: Լավ խայծ էի, մնում էր սպասել մինչեւ մեկը կտցեր: Ստիպված էի սպասել, որովհետեւ անփորձ էի եւ ամաչկոտ:

Եկավ հուլիսը, հայտնվեց պեպենոտ աղջիկը եւ կուլ տվեց խայծը: Երկուսս էլ իրար պետք էինք, երկուսս էլ ուզում էինք օգտվել ուրիշից: Հետո արդեն պարզ չէրՙ ով էր խայծը, ով էր զոհը... կամ կա՞ր զոհ...

Հրաշալի էր հուլիս ամիսը: Մինչ այդ օգոստոսն էի սիրում եւ աշունը, հուլիսն ավելացավ եւ գերիշխեց: Արեւ, գետ եւ սեր, կիրք եւ մարմնի պաշտամունք, լիակատար վայելք լիակատար ներդաշնակությամբ եւ երկուսի ներքին համաձայնությամբ: Ամեն ինչ հրաշալի էր, քանի դեռ չէր ծնվել... սերը: Երկուսն էլ գոհ էին, ինքնագո՜հ... Շաղակրատում էին միասին, տրվում եւ գգվում իրար, ձեւացնելով, թե սերը հենց դա է կամ իրոք չգիտեին, որ դեռ սեր չէ... Չէ՞ որ երկուսն էլ մինչ այդ չէին սիրել...

«Եվ բռնեց սերը նրանց, չարախնդալով հպարտ», երգում էր ամեն ինչ տեսած մարդը: Սիրախաղը վերածվեց սիրո, իսկական, տանջալի սիրո: Ճահիճն էին խրվել եւ օրեցօր շարունակում էին ընկղմվել... Չէին ուզում ճահիճ, ուզում էին վայելք եւ ճախրանք: Դեռ չէին ուզում հավատալ, որ զրկվել են ազատությունից, որ պետք է ապրեն միայն իրար համար, իսկ դա պահանջում էր նվիրում, անձնազոհություն եւ կատարյալ մաքրություն: Եթե սիրում ես, նվիրվելը հեշտ է, նույնիսկ հաճելի, հոգատար ես, կարեկից, ընդառաջող, զիջող: Ուժգին, իսկական սերը հասցնում է անձնազոհության, դա նույնպես բխում է հոգուց, առանց պարտադրանքի: Ամենադժվարը, եթե ոչ անկարելին, վերջինն էՙ մաքրությունը, սուրբ սիրո առհավատչյան, միակ սիրո...

Անձնազոհությունը պիտի անհավատալի թվար, բայց համոզվել եմ, որ հնարավոր է, շատ եմ զգացել քո մասին մտածելիս: Քո մասին մտածում էի միշտ, անընդհատ: Երբ հետս չէիր եւ երբ միասին էինք: Երբ սիրում էիր ինձ եւ երբ ատում էիր, թերեւս չէիր ատում, փախչում էիր կամ ինձ վանում... Այնքան ուժեղ էր սերը եւ անսպասելի... Դու սիրուց էիր փախչում...

Դու գիտե՞ս, թե ինչու Բելովը քեզ հիվանդանոց բերեց: Նրան վկա էր պետք, որ վրացու ցուցմունքը հաստատի, եթե վրացին հայտներ, որ ես եմ իրեն խփել, եւ մահանար: Դու եւ Բելիկովը վկայություն կտայիք: Դու անմիջապես կհաստատեիր: Վերջ ի վերջո դու ինձ չէիր զրպարտում, դու պարզապես հաստատում էիր, որ վրացին այսպիսի բան է հայտարարել, կկատարեիր քո քաղաքացիական պարտքը եւ կսպանեիր ինձ: Դու մինչեւ հիմա էլ համոզված չես, որ վրացուն ես չեմ խփել, ինչպես եւ Բելովը: Որովհետեւ դու ինձ չես ճանաչում: Դու իմ կեսն ես տեսել միայնՙ շաղակրատելիս, սրամտելիս, անկողնում եւ հանուն քեզ կռվի նետվելիս կատաղած... Այդ կատաղությունն իմ մյուս, անծանոթ ու մութ կեսի լոկ ստվերն էր քեզ համար եւ արդեն վախեցնում էր... ապշեցնելուց հետո... Ինչպե՜ս կարելի է սպանել բռնաբարողին: Ինչպե՞ս պաշտպանեմ խեղճ Կիրյուխարին այս գազանից, մարդասպանից... Իմ մի կեսը հասկանալի եւ հարազատ էր քեզ համար, մյուս կեսըՙ անծանոթ եւ սարսափելի... ուրիշ մտածողություն եւ պատկերացում, խորթ, անսովոր, խորհրդավոր... Երեւի սկզբում ավելի լավ էիր ճանաչում ինձ... կամ ավելի սիրելի էի... օրինակՙ կղզում: Պարզ տղա, անփորձ եւ ենթարկվող, ամենակարեւորըՙ միանգամայն հասկանալի եւ կանխատեսելի, մաքո՜ւր... եւ հնազանդ... Բայց դու ինքդ մեծացրիր այդ տղային, չափից ավելի... Այնպիսի զգացում առաջացրիր նրա մեջ, որ երկուսիդ էլ չէր ենթարկվում... Վախենալու եւս մի պատճառ, որովհետեւ այդ զգացումը քո ներսում էլ էր բռնկվել: Անհավատալի էր... Մտածում էիր մի երկու ամիս զվարճանալ մանչուկի հետ, թեթեւ տխրությամբ ճամփել նրան եւ շարունակել կյանքըՙ սպասելով հաջորդ ամռանը... Կամՙ ձմեռն էլ իր հրապույրներն ունի: Համենայն դեպս հորիզոնը երեւում էր...

- Ափսո՜ս կղզու տղան,- մրմնջաց Ինան:

Հազիվ լսեցի, դեմքը սեղմել էր ուսիս, ոչ թե փարվել էր իրեն հատուկ թեթեւությամբ, այլ ուղղակի ընկել էր ինձ վրա, զգում էի, որ հազիվ է դիմանում: Նրա ճկուն բարեկազմությունը չորչորուկ նիհարության էր վերածվել:

- Ես էլ եմ ափսոսում, քանի որ դա իմ անցյալն է, անկրկնելի եւ անդառնալի, կորուստ: Ի վերջո ամեն ապրած պահ կորուստ է եւ անցյալ, քանի դեռ չի սկսվել կուտակումը: Սերը ջնջում է անցյալը եւ տալիս է իր ժամանակը: Նա մաքրում է անցյալի մեղքերը, բայց իր ժամանակում մեղքեր չի հանդուրժում: Եթե սիրում ես, տրվիր ամբողջովին, ե՛ւ մարմնով, ե՛ւ հոգով... Ոչ մի մութ ծալք եւ գաղտնի ցանկություն, հատուցումն անխուսափելի է, ոչինչ գաղտնի չի մնում երկուսի միջեւ...

- Որտե՞ղ էիր գիշերը,- ուժասպառ հարցրեց Ինան:

Հենց նոր անընդհատ խոսում էի ականջի ու մազերի մեջ, առաջվա պես... Սակայն առաջվա շարունակությունը չկար, հետ էինք քաշվել իրարից, թեեւ ուսերը գրկած էի պահում:

Ուրիշ ոչինչ չէր ուզում լսել, այդ հարցն էր տանջում նրան, ինչպես որ ինձ տանջում էր Փայլակի ասածը...

- Իսկ դու որտե՞ղ էիր տոնավաճառի գիշերը,- պոռթկացի.- ինձ խաբելով տուն բերեցիր, որ վերադառնաս նրա մո՞տ... Կինոյո՞ւմ էիք հանգստանում...

- Ես մի անգամ եմ կինո գնացել,- հետ գնալով շշնջաց գունատված,- եթե հիշում ես... Բայց դա ինչ կարեւոր է... Դու որտե՞ղ էիր գիշերը, ասա, դու չես կարող ինձ խաբել...

- Ասենք թե պնդեցի, որ գետափին էի, ծառին նստած շախմատ էի խաղում, որ քանի անգամ պտտվել եմ գյուղում, Կենտրոնական փողոցով, ձեր փողոցով, գետափով, ամբողջ գիշեր մի վայրկյան աչք չեմ փակել... Թեկուզ հավատաս, կասկածը կա եւ կմնա, կասկածից ազատվե՞ս, ինքդ քեզ կմեղադրես...

- Ե՞ս եմ մեղավոր...

- Մեղավո՞ր ես փնտրում: Ասում էիրՙ եթե կարողացար պահել, կմնամ: Ես չկարողացա քեզ պահել... Կամ հակառակըՙ դու չկարողացար ինձ պահել, ի՞նչ տարբերություն: Ուրախացել էիր, որ ինձ աշխատանք են առաջարկել, առանց աշխատանքի չէի՞ կարող մնալ...

Նինան դուռը բացեց:

- Կներեք, եթե գնալու ես, ժամանակ չմնաց:

Եթե գնալու եմ...

- Պե՞տք է գնալ,- հարցրեցի:

- Գնա,- ասաց Ինան:

Ահա վերջը: Եթե պետք է գնալ, անիմաստ է խոսակցությունը, որ անվերջ է: Ոչ մի բացատրություն եւ պարզաբանում, դրանք ոչինչ չեն լուծի, որովհետեւ սոսկ բառեր են: Հինգ րոպե հետո նրան այլեւս չեմ տեսնի, գուցե եւ ընդմիշտ:

Մոտեցա, կարծեց, թե համբուրելու եմ, ձեռքերը պահեց դեմս:

- Ուզում եմ դեմքիդ նայել... ընդամենը... Ինչքան որ ժամանակ ունեմ, Նինան կասի:

Չարությունն անցել էր, տխուր, հոգնած կին էր, սառած, ուսերը կքած, գուցե սպասում էր հեռանալուս, որ պառկի, հանգստանա, եւ ասաց թույլ, անկիրք ձայնով.

- Ինչո՞ւ փրկեցի քեզ...:

Ձեռքերը բռնելով սեղմեցի դեմքիս, չոր, կոշտ, տաք ձեռքերը... Հրաժեշտ կամ ներողություն... թողեց մի քանի վայրկյան:

- Նստիր ճանապարհից առաջ,- ասաց Նինան:

Նստեցի ցածրիկ աթոռին, վառարանի մոտ:

- Մեզանում ջուր են լցնում գնացողի հետեւից,- ասացի Նինային:

Դռան մոտ կանգնեցի, որ վերջին անգամ նայեմ Ինային: Գլուխը կախել էր, ձեռքերըՙ ագուցել: Դուրս եկա, Նինան հետեւեց ինձ: Եթե չգար, խնդրելու էի:

- Չթողնես հիմարություն անի:

- Ի՞նչ նկատի ունես,- խստացավ Նինան:

- Այդ հոտոտելը... Չնվաստանա գյուղում:

- Վե՞րջ,- հարցրեց նա:

- Վերջ... Ուզում եմ համբուրել քեզ:

Նա գլուխը թեքեց, որ համբուրեմ այտը:

- Արագացրու,- ասաց,- տասնհինգ րոպե մնաց:

Այնուամենայնիվ մազերն էլ շոյեցի:

- Քեզ ինչպե՞ս գտնենք, եթե պետք լինի, ոչ մի տվյալ չես թողել:

- Ես հասցե չունեմ, Նինա, կուղարկես ցպահանջ, Երեւան-1...

Ընկերս էր Աբովյան փողոցի փոստատանը ցպահանջ նամակներ ստանում:

- Ազգանո՞ւնդ...

Գրքույկից թերթիկ պոկեցի եւ իմ տվյալներ կոչվածն արագորեն գրելով տվեցի նրան:

Վերջ, գնացի, վերջին անգամ այս մայթի վրայով: Դռնակին չէի հասել, հետեւից ջրի շպպոց լսեցի: Նինան դատարկ թասը ձեռքին ժպտալով ինձ էր նայում:

Մեր գյուղում ջուր ցփնում էին հայրենի տնից գնացողի հետեւից, որ նշանակում էՙ բարով գնաս, բարով վերադառնաս:

Փողոցում սրընթաց քայլեցի, դա ինձ համար նորություն չէր: Դիմովիչը դրսում կանգնած ծխում էր:

- Ողջույն, Դիմովիչ,- ձեռքս թափահարեցի գոլ խփող ֆուտբոլիստի պես,- կներես, ուշանում եմ ավտոբուսից:

- Հեռանո՞ւմ ես,- բղավեց նա,- մյուս տարի գալո՞ւ ես:

Ինքն այդ հարցին կպատասխաներ իր հայհոյանքներից մեկով, ես միայն ձեռքերս տարածեցի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.