AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5399, Տպվել է` 352, Ուղարկվել է էլ.փոստով` 257

ԽԱՉԱԳՈՂ 49

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Եթե ավտոբուսից ուշանայի, վերադառնալու էի, ո՞ւր, չգիտեմ: Նինան ժամանակը լավ էր հաշվել, փրկել էր ինձ երկմտանքից: Եվ ծխել հասցրեցի:

Գնաց ավտոբուսը Կենտրոնական փողոցով: Ակումբի մոտ հավաքվածներ կային: Հազար տարվա ֆիլմ էր ցուցադրվում, բայց կնայեի նախնադարյան գեղեցկուհիներին ժամանակակից տեսքով, «Մեկ միլիոն տարի մեր թվարկությունից առաջ»: Սեւ օտարականը հեռանում է շիկահերների երկրից, միայն թե առանց շիկահեր գեղեցկուհու: Ինձ այստեղ բարեկամաբար եւ նույնիսկ սիրով ընդունեցին, բայց վտարեցին, երբ արդեն յուրային էի դարձել, գրեթե յուրային եւ փորձում էի հարմարվել իրենց:

Ավտոբուսը փոստատան փողոցով դուրս եկավ ճանապարհ: Մութ էր, պատուհանից ձյուն էի տեսնում եւ քամու ձայնը լսում: Ավտոբուսային ուղեւորության սովոր էի եւ սիրում էիՙ հոգնության հետ նաեւ հաճույք գտնելով: Գիրք կարդալու կամ անկողնում արթուն պառկելու պես բան էր ինձ համար Երեւան-Լենինական երեքժամյա ճանապարհն անցնելը, անշուք բնության եւ ներքին պատկերների վազանցով, խորասուզված, երբեմն շրջապատի շփումով... Մոտավորապես նույնչափ ճանապարհ էր:

Պայուսակից հանեցի Ինայի շարֆը եւ գցեցի վզիս, տաք էր, հաճելի հպումով: Ապա կապեցի Գալինա Իվանովնայի նվիրած ժամացույցը, ճամփորդ եմ, պետք կգա ճանապարհին: Դրանք իրար չէին խանգարում: Ես ուրիշ հիշատակներ ունեիՙ շախմատի պատվոգիրը, գետափից մնացած սիգարետի տուփը, ակնաբույժի գրած տեղեկանքը, չինուհու արձանիկը, Ինայի մեքենագրածը, մի ալբոմը գրպանումս էր, մուսըՙ մեծը, մտքիս մեջ:

Վերջում էի նստել: Երեքտեղանի նստարանը հարբեցող թափառաշրջիկներ էին զբաղեցրել, բոմժեր: Խոսակցությունից որոշեցի, որ Դիվինոյում աշխատել են եւ ինչ-որ վաստակով հեռանում են: Մեկը շատ էր խոսում, նրան առաջնորդ անվանեցի, բարձրահասակ էր, նիհար, անկյունավոր ուսերով եւ կզակով, ձեռքը թափահարելով էր խոսում: Երկրորդը բարակ ձայնով հիմար քչախոս էր: Մի անգամ միայն ոգեւորվեց եւ ասաց հպարտությամբ. «Ես մայր ունեմ, կին էլ ունեմ»: Երրորդն էր հետաքրքիր, հիսունն անց, կաղ (ձեռնափայտով էր), գնդլիկ, խոսում էր զվարճալի մռթմռթոցով եւ ոչ մի բառ ճիշտ չէր արտասանում:

Ընդհանուր փողը եւ ճամփի պաշարը Անկյունավորի մոտ էին, նկատելի կախման մեջ էին նրանից, բայց Մռթմռթը երբեմն արտահայտվում էր: Անկյունավորը պատմում էր, թե ինչպես է չորս հոգու ծեծել, իսկ Մռթմռթը հեգնանքով շարժում էր ուռած փորը:

- Դե, փչիր, փչիր...

- Ե՞ս եմ փչում,- բղավեց Անկյունավորը,- ես քեզ համար թոռնիկիս արկղը դատարկեցի՞:

- Դե,- ստիպված էր հաստատել Մռթմռթը:

- Դատարկեցի ու փչո՞ւմ եմ...

Անկյունավորը երկար ճառ սկսեց, որ չեն գնահատում իսկական ընկերական ծառայությունը, ինքն ընկերոջ համար կյանքը կտա, իսկ նրա՜ն, ով չի հարգի իրեն, կուտի եւ չի գնա զուգարան, կկորցնի ոտքի տակ, հողմացրիվ կանի...

Նա ձգվում էր վերեւ ու արդեն համարյա կանգնել էրՙ ձեռքը ընկերոջ վրա տարածելով, իսկ Մռթմռթը, արմունկին հենված, ուշադիր լսում էր, ինչպես դասախոսը ուսանողին, սխալ բռնելու համար:

- Էյ դու,- շուռ եկավ մի պնդակազմ տղա,- մի աղմկիր, թե չէ պատուհանից դուրս կթռչես:

Անկյունավորը կծկվեց վիշապի պես, թվաց, թե իսկույն կնետվի վիրավորողի վրա եւ կխժռի նրան, բայց նստեց ու քնքշանքով ժպտաց:

- Ճիշտ ես ասում, տղաս, իհարկե ճիշտ ես ասում: Մենք ընկերաբար մի քիչ տաքացանք:

- Ամեն ինչ հասկանալի է,- Մռթմռթը նույնպես շտապեց իր հնազանդությունը հավաստիացնել:

Սսկված ընկերները քիչ հետո աշխուժացան: Մռթմռթը արմունկով բզեց Անկյունավորին: Վերջինս ոտքերի տակից քաշեց սեւ, հին պայուսակը: Ծնկներին դրած պայուսակում էր լցնում բաժակը, երեք անգամ: Իբր թե կոնսպիրացիա էր:

Ավտոբուսը ցատկոտելով գնում էր անհարթ ճանապարհով: Երբեմն լույսեր էին երեւում:

Բոմժերը ճանապարհը քնած շարունակեցին: Ավտոբուսում որեւէ հետաքրքիր դեմք չկար:

Ես դեռ հետաձգում էի հիշողության ամփոփումը, գնացքում ավելի հարմար կլիներ հավանաբար:

Կայարանում մոտ երկու ժամ անցկացրի: Բուֆետն աշխատում էր: Հետո էլ զբաղմունք կար, սպասասրահը սակավամարդ չէր: Այս հեռավոր ու փոքրիկ կայարանում էի զգում թափառական կյանքի առաջին տպավորությունները, մենակ, գիշերը գնացքի սպասելիս: Ավտոբուսը եւ ինքնաթիռը հաշիվ չէին, ոչ էլ գարնանային մեր ուղեւորությունը բրիգադով Նովոսիբիրսկից մինչեւ այս քաղաքը:

Գիշերվա երկուսին նստեցի Տաշքենդ-Նովոսիբիրսկ գնացքը: Միայն ընդհանուր վագոնի տոմս կար: Լավ է, հաջողվեց նստելու տեղ գտնել: Կարծում էի, եթե տոմս ունես, տեղդ ապահովված է: Կողքի տեղում էի նստել: Շախմատային էտյուդների ռուսերեն գիրքը եւ Չարենցի փոքրիկ հատորյակը դրեցի սեղանիկին, որն անհրաժեշտության դեպքում նույնպես նստարանի պիտի վերածվեր: Դիմացս տարեց կին էր, համակրելի դեմքով: Ձախ կողմում, որ բաժանված էր մեզնից անցումով, գնչուների խումբ էր տեղավորվել: Ամեն նստարանինՙ կին եւ երկու երեխա, իսկ տղամարդիկ վերեւում էին փռվել, մեկի ոտքերը տեսա: Ներքեւում իրար հենված քնել էին, մի երեխա էլ մեր վերեւում էր քնած, ութ-տասը տարեկան աղջիկ: Երբ իրերս տեղավորում էի երրորդ հարկում, քնի մեջ բլբլացրեց: Կանայք տգեղ էին եւ անհրապույր, զուրկ կինոների գնչուական ռոմանտիկայից, որ այնպես շռայլորեն օժտում են նրանց ռեժիսորները:

Երկու խցիկ այն կողմ մի կին էր երեւում, առայժմ միակ հետաքրքրությունը շրջակայքում: Նստած կարծես ջահել աղջիկ լիներ, երբ անցավ կողքովս, տպավորությունը փոխվեց: Անմիջապես հետո խոշորակազմ կապիտանը եկավ, որին տեսել էի նրա հետ խոսելիս:

- Էյ, կապիտան,- ձայն տվեց գնչու կանանցից նիհարը, նրա բերանը ծռված էր, ականջներին չափազանց մեծ օղեր էին, հարբած էր:

Զինվորականը չլսելու տվեց:

- Լսիր, դո՛ւ,- շարունակեց գնչուհին եւ հայհոյեց:

Դեմիս կինը դեմքը շրջեց պատուհանի կողմը:

Գնացի ծխելու:

Վագոնի ուղեկցորդը իր կուպեի մոտ խոսում էր կապիտանի հետ, համարյա նրա կազմվածքի ուզբեկ էր, վերնաշապկի արանքից երեւացող մազոտ փորով: Կապիտանը փող դրեց նրա գրպանը:

Կինը հարթակում էր: Սիգարետ վառելով կանգնեցի մյուս դռան մոտ: Կապիտանը բացեց դուռը:

- Արի,- ասաց ցածրաձայն:

Քիչ հետո հինգ-վեց տարեկան մի աղջիկ փորձում էր բացել կուպեի դուռը:

- Ի՞նչ ես ուզում,- մյուս կողմից գալով հարցրեց ուզբեկը:

- Ես տեսա, որ մամաս այստեղ մտավ,- թոթովեց երեխան:

- Նա քո մաման չէր,- ուզբեկը փոխեց դեմքի արտահայտությունն ու ժպտաց ինձ:

Աղջիկը գլխիկոր հետ դարձավ:

Սպասում էի, թե երբ է բացվելու դուռը, զբաղմունք էի գտել: Ինձ հետաքրքրում էրՙ նրանք ամուսիննե՞ր էին, ծանոթնե՞ր, թե՞ պատահական պատմություն է: Երեխայի արարքը հուշում էր, որ կապիտանը նրա հայրը չէր:

Վերջապես կինը դուրս եկավ: Հավանաբար երկար նայեցի նրան, քմծիծաղեց: Գնաց իրենց խցիկը, անհետացավ խորքում, քնած երեխային էր նայում, նորից երեւաց ու նստելով անմիջապես գլուխը գցեց կրծքին: Կապիտանը իջավ, նա ավելի էր ուռեցրել այտերը:

Փոփոխություններ լինում էին. նոր բարձրացողները, ջանալով չխանգարել քնածներին կամ ամենեւին ուշադրություն չդարձնելով, տեղ էին զբաղեցնում, որից հետո քնում էին կամ նստում պաղած տեսքով, ինչպես ես:

Գիշերային ընդհանուր վագոնը վատ հոտ արձակող պահածոյի էր նման:

Այնուամենայնիվ մի էտյուդ լուծեցի:

Երկրորդ գիշերը չէի քնում:

Բառնաուլում տարեց կնոջը մի աղջիկ փոխարինեց: Եկավ ցրտից շիկնած դեմքով, միայն գլխաշորը հանեց, ազատելով շեկ մազերը:

- Այստեղ ազա՞տ էր,- հարցրեց նստելուց հետո:

Ես գլխով արեցի:

Լուսավոր դեմք ուներ, Նինայի պես: Նա էլ կսկսի հաճախակի գնացքով գնալ, գիշերային ուղեւորություններ, պատահական մարդիկ... Չէր սիրում գնացքը, ամեն կարգի մարդ լցվում է... Ինան համարձակ է, նա հավանաբար խոսակցություն կբացեր դիմացը նստած երիտասարդի հետ, հենց այնպես, ժամանակը լցնելու համար, գուցե եւ ուշադրություն չդարձներ, նայած տրամադրության... Գուցե այդ պահի տրամադրությունը որոշիչ լիներ նրա կյանքում: Խոսեր, ծանոթանար, կապ հաստատեր, սիրահարվեին... Եթե անտարբեր մնար, ասենք, հոգնած էր, քնատ, կամ սեւամազ երիտասարդը չարժեր ուշադրության, կիջներ իր կայարանում, եւ երկուսն էլ կշարունակեին իրենց կյանքը տարբեր ուղղություններով... Հիմա էլ ենք շարունակում տարբեր ուղղություններով... Կարծես չէին եղել բուռն սիրո ամիսները, ոչինչ չէր եղել...

Հանկարծ տեսա, որ աղջիկը ձեռքը շարժում է աչքերիս դիմաց, կույրի տպավորությո՞ւն էի թողել:

- Տարօրինակ է,- ասաց նա պարզորեն,- ինչո՞ւ եք այդպես սեւեռուն ինձ նայում:

- Ներեցեք,- հանկարծակիի եկա,- շախմատային խնդիր էի լուծում:

- Բայց գիրքը Ձեր առջեւում է,- թերահավատությամբ նայեց աղջիկը:

- Ես մտքիս մեջ էի լուծում, ներեցեք, տարվել էի ամբողջովին:

- Զարմանալի է,- արտաբերեց աղջիկը եւ լռեց:

Թերեւս ավելի զարմանալի էր, որ ինքը խոսակցության առիթ է տալիս, իսկ այս սեւամազը չի շարունակում:

Դուրս եկա հարթակ:

Ծուռբերան գնչուհին եկավ, այսինքն ամբողջ դեմքն էր ծուռ:

- Սիգարետ տուր,- պահանջեց:

Շատ տգեղ կին էր:

Տվեցի, վառեցի, շնորհակալություն չհայտնեց, հորանջում էր, ծխում, գլուխը քորում:

Սիգարետը կեսից գցեցի եւ վերադարձա:

Աղջիկը գրքերս էր նայում:

- Կներեք,- ասաց,- կարելի էր, չէ՞:

Մի հատկություն արդեն դրսեւորել էր, անում էր, հետո էր հարցնում:

- Իհարկե,- ասացի,- շախմատ խաղո՞ւմ եք:

- Ինձ այս մյուսի տառերը հետաքրքրեցին, ի՞նչ լեզու է:

- Հայերեն:

- Դուք կովկասցի՞ եք:

- Ոչ, հայ եմ:

- Հայերը կովկասցի չե՞ն,- զարմացավ նա:

- Ամենեւին:

Գնչուհին վերադարձավ օրորվելով: Որոշել էր փոխհատուցել սիգարետի դիմաց: Նստեց իրենց նստարանի ծայրին, ոտքերն անցումի մեջ:

- Արի բախտդ նայեմ,- ասաց ինձ,- դու ոնց որ համարյա գնչու լինես, ի՞նչ ազգ ես:

- Հայ եմ:

- Օ՜... Հայերն էլ հին ժողովուրդ են: Դուք վերջապես պարզեցի՞քՙ եվրոպացի՞ եք, թե՞ ասիացի:

- Մենք ոչ Եվրոպա ենք, ոչ Ասիա,- պատասխանեցի ծիծաղով,- իսկ դուք գտա՞ք ձեր հայրենիքի տեղը...

- Օ՜, խոսքի տակ չես անում... Ո՞ւր ես գնում:

- Եթե բախտ բացող եք, առանց իմ ասելու կիմանաք:

Աղջիկը ժպտաց:

- Գնացքը Նովոսիբիրսկ է գնում, բայց դու այնտեղ չես մնա,- շարունակեց գնչուհին:

- Իհարկե, հավանաբար Հայաստան եմ գնում:

Կարելի էր մի քիչ թարմանալՙ աղջկա ներկայությամբ:

- Դու Հայաստան չես գնում,- գնչուհին զննեց ինձ,- ես չէի կարող գուշակել, թե ուր ես գնում, որովհետեւ ինքդ էլ չգիտես:

Համենայն դեպս հարմարեցրեց:

- Ես Հայաստան եմ գնում,- պնդեցի վստահորեն,- կիջնեմ Նովոսիբիրսկում, ինքնաթիռի տոմս կառնեմ եւ կթռչեմ Երեւան:

- Հնարավոր է,- համաձայնեց գնչուհին,- բայց մի պնդիր, դու դեռ հաստատ չգիտես, թե ուր ես գնալու... Հայաստանՙ հնարավոր է... Գուցե իջնես այս գեղեցկուհու հետ... կամ վերադառնաս այնտեղ, որտեղից եկել ես,- գնչուհու ուշադիր հայացքը զննում էր ինձ,- չգիտես, թե մի ժամ հետո ինչ կկատարվի:

- Եթե ամեն ինչ բխում է պատահականությունից, ուրեմն գուշակությունը սուտ է կամ անհնար:

- Ես չեմ գուշակում, ես տեսնում եմ: Ահա, ես տեսնում եմ, որ այս աղջիկը Նովոսիբիրսկ չի գնում: Ճի՞շտ է, գեղեցկուհի:

Աղջիկը ժպտալով գլխով հաստատեց:

- Դա ես էլ տեսա,- ասացի ծիծաղելով,- առանց ճամպրուկի գնացք նստեց, մի փոքրիկ պայուսակով, վերարկուն չհանեց, ուրեմն կարճ տարածություն է գնում:

- Դու չտեսար, դու ենթադրեցիր, իսկ ես տեսնում եմ դեմքիդ, աչքերիդ մեջ... Դու չզգացիր էլ, որ ցնցվեցիր, երբ ասացի վերադառնալու մասին, ուրեմն այդ միտքը քո ներսում կա... կամ հեռանում ես կամքիդ հակառակ:

Զգաստացա, գնչուհին վատ չէր խաղում:

Զարմանալի է, որ բացում էր այդ կարեւոր խաղաթուղթը, կարող էր դրա հիման վրա կառուցել իր գուշակությունը եւ ապշեցնել պարզապես:

- Բայց դա էլ է ենթադրություն: Դուք մի երկու տարբերակ կրակեցիքՙ ուշադիր հետեւելով, թե որին ինչպես կարձագանքեմ... Հետո արդեն Ձեր փորձված աչքը կորոշեր, թե որի մեջ խորանաք: Այսինքն ոչ գուշակություն, ոչ էլ պայծառատեսություն... ընդամենը դիտողականություն եւ տրամաբանություն:

- Ուզում ես ասել, որ այս գեղեցկուհին քեզ դուր չի՞ եկել:

- Իսկ դա արդեն սադրանք է:

Աղջիկը կարճ ծիծաղեց:

- Դու ինձ հետաքրքրեցիր, երիտասարդ,- գնչուհին թարմանում էր,- եթե մի սիգարետ էլ հյուրասիրես. գուցե կարողանամ հոգիդ տեսնել:

- Դուք էլ ինձ հետաքրքրեցիք,- ընդառաջեցի միանգամից,- մի տուփ կտամ, որովհետեւ մինչեւ հիմա դա ինձ չի հաջողվել:

Թեեւ օրական մի տուփ չէի ծխում, գրպանում երկուսը պահելը սովորություն էր դարձել, չհաշված պայուսակինը:

- Օ՜... այսքանով սիրուհուդ հոգին էլ կտեսնեմ... հեռվից հեռու:

Նորից կրակոց:

Աղջիկը նույնպես նկատելիորեն հետաքրքրվել էր: Գուցե քնածներին խանգարում էինք, բայց ոչ ոք դիտողություն չէր անում:

- Իսկ վճարելո՞ւ ես,- չարաճճի ժպիտով հարցրեց գնչուհին, ինչքան որ հնարավոր էր այդպիսի տգեղությամբ չարաճճի երեւալ:

Նա Բելովի պես տնտղում էր ինձ, ամեն մի հարցով ջանում էր ինչ-որ բան պարզել: Չէի զարմանա, եթե շուտով կյանքս պատմեր ինձ:

- Փող տեսնում եմ... Ոչ շատ: Շատ փող ունեցողը մենակ չի ճամփորդի,- մեկնաբանում էր իր ենթադրությունները,- գնչուհուն տալու համար կճարվի, սրտում տեղ լինի: Թողնում եմ քո կամեցողությանը... Համաձա՞յն ես, փող կտաս, եթե զգաս, որ ճիշտ եմ ասում: Դու ժլատ չես, կամեցող ես, բարի...

- Եթե մարդկանց հաճելի խոսքեր ասեք, հեշտությամբ կհավատան Ձեզ:

- Վատ մարդիկ ուրիշներին չեն հավատում, բայց իրենց սրտինը գիտեն... Ես ասում եմ իրենց սրտի եղածը, ինձ չեն կարող չհավատալ...

- Ինքնախաբեության մեջ ընկածները նո՞ւյնպես:

- Կան կույր մարդիկ, նրանց ուժեղ դոզա է պետք, որ հավատան... Սակայն ես չեմ փորձում ապացուցել, ես ճշմարտությունն եմ ասում, մնացածն իր գործն է, ինձ չի հետաքրքրում: Եթե ինձ չի ուզում հավատալ, իր հոգում արդեն կռիվ է սկսվում,- քրքջաց գնչուհին:

Գարշելի կնիկ էր, ահավոր տգեղ, միայն բերանը եւ վերեւի ցցուն ատամները կայլանդակեին ամենագեղեցիկ դեմքը, քորվելը, մատը քիթը մտցնելը, կարծես դիտավորյալ ավելի էր այլանդակվում եւ խոսում էր ծամածռվելով, բառերը բերանից գլորելով:

Աղջիկը զզվանքից սեղմվել էր պատուհանին, բայց հետաքրքրությամբ հետեւում էր: Այնուամենայնիվ զբաղմունք էր, գիշերային ճամփորդությունը կարճելու հնարավորություն: Գնչուհին այլանդակ էր, բայց դատել եւ կռահել կարողանում էր, գուցե եւ հոգին տեսնել:

- Հրաշալի տարիք է,- շարունակեց գնչուհին,- քսանհինգ էլ չկաս, այդ ներքին կռիվը դժվար թե սպառնա քեզ... Թեեւ խելացի ես... Խելացի մարդիկ սիրում են հոգեկան պայքար, իրենք իրենց տանջել... հիմարաբար: Խելացի մարդը միշտ տանջանք կգտնի: Ձեռքերդ եւ գլուխդ իրար չեն համապատասխանում... Ագռավները աշնանը վերադառնում են: Հարավ գնալու համար հյուսիս ենք գնում: Հակասությունները շատ են, դեռ պատանի ես, բայց ինքնավստահ եւ ուժեղ, անհոգ... Չքնեցիր: Կա՛մ զգուշավոր ես, կա՛մ մտքերդ չեն թողնում...

- Երրորդ տարբերակ,- ընդհատեցի:

Աղջիկը հայացքը լարեց... Նրան մեկ Ինային էի նմանեցնում, մեկՙ Նինային:

Գնչուհին բարձրացրեց գլուխը:

- Անսովորությունից է, երկրորդ անգամ եմ գնացք նստում:

- Մի ժամը բավական է գնացքին հարմարվելու համար... Բայց դու շախմատիստ ես, ճիշտ է, բոլոր տարբերակները պետք է հաշվես... Այստեղ էլ հակասություն, շախմատային գիրք եւ բանաստեղծություններ, հաշվարկ եւ զգացմունք...

- Առաջին նշանները երբեմն սխալ են լինում,- նորից ընդհատեցի,- ուղեւորվելիս վեպ չէի վերցնի հետս...

- Մի շտապիր ամեն ինչի բացատրություն գտնել եւ տալ, կարիք չկա, բացատրությունները նույնքան սխալ են լինում, որքան ենթադրությունները:

- Կամ հակառակը:

- Այս դեպքումՙ այո, որովհետեւ էական չէ: Դու կարծում ես, թե խանգարո՞ւմ ես ինձ, իրականում քո ընդհատումներն օգնում են ինձ:

- Այո, զգացի սխալս, ինֆորմացիա եմ մատակարարում:

- Ոչ միայն: Բնավորությունդ ես բացում, իսկ բնավորությունը հոգու դուռն է:

- Եթե ապակողմնորոշո՞ւմ եմ:

- Ինչո՞ւ ապակողմնորոշես, թաքցնելու բա՞ն ունես:

- Հետաքրքրության համար:

- Մի՞թե չի հետաքրքում ճշմարտությունը... քո մասին:

- Եթե ճշմարտությունն ասեք:

- Դու կասկածո՞ւմ ես:

- Առայժմ հակառակը չի ապացուցվել:

- Ազատվիր գաղտնիքից:

- Ի՞նչ:

- Ազատվիր մտատանջությունից եւ կքնես:

- Չքնելը մանկուց իմ երազանքներից է եղել:

- Հարցի կեսին պատասխանելը խուսափելու նշան էՙ հաստատելով մյուս կեսը:

Գնչուհին կարծես այնքան էլ տգեղ չէր, աչքերը որ գեղեցիկ էին, եթե ուղիղ էր նայում:

- Առայժմ միայն անցյալդ եմ տեսնում,- չսպասեց պատասխանիս, երեւի արդեն նշանակություն չուներ նրա համար,- կյանքդ հարուստ չէ, բնական է, շատ բան չկա... նորից հակասություն,- հորանջեց, սկսեց ձանձրանա՞լ,- ազատվիր գաղտնիքից, քանի չես մոռացել, հետո կխեղդի քեզ... Ճամփադ չի երեւում... Ոտքերդ կտաքանան շուտով...

Ցուրտ եղանակի համար ամեն ինչ ունեի, բացի ձմեռային կոշիկներից: Ինան ինձ համար տաք կոշիկ չգտավ...

- Շարունակությունը խառն է, չեմ տեսնում, չի երեւում... Դու ապագա չունես...

- Օ՛յ,- ակամա ձայն հանեց աղջիկը,- սարսափելի է...

- Այս պահին չունես,- շարունակեց գնչուհին,- ձեւավորումը դեռ չի ավարտվել, ջուրը շատ է... միայն տարիքային չէ... տարիքը չէ պատճառը... հոգնեցի,- գնչուհին նորից գարշելի էր դարձել,- անցյալդ աղքատ էր, բայց այստեղ ինչ-որ հզորություն կա, չեմ կարող հաղթահարել... Դա ինձ ճնշում է, բայց ուժ է տալիս, զարմանալի է... Քեզ խաբողը կանկեղծանա, եթե կին է, եթե տղամարդ է, կսպանի... Ինչ որ շատ ունես, տուր... թեթեւացիր... քամու պես...

Դու իմ ազատ քամի... Ասում էր Ինան սիրով...

- Ի՞նչ պատահեց,- փաղաքշաբար հարցրեց ծուռժպիտ գնչուհին,- խնայիր աչքերդ, շատ խոսուն են...

- Երեւի սկսեմ մուգ ակնոց դնել,- կարողացա հանգիստ խոսել, նույնիսկ ժպիտով,- գնամ ծխեմ, քնել չի հաջողվի,- կանգնեցի եւ ձեռքս տարա պիջակիս վերեւի գրպանը, որտեղ ծախսի փողն էի դնում,- քո բախտից, սիրուն գնչուհի, ինչ որ դուրս եկավ...

- Բախտս այսպես երբեք չէր բերել,- ուրախացավ գնչուհին քսանհինգանոցը տեսնելով,- շռայլ երիտասարդ... Կուզեի քեզ տեսնել մի քանի տարի հետո:

Գնացքը շարժվում էր լուսաբացին ընդառաջ: Հավանաբար դեռ շատ կար մինչեւ Նովոսիբիրսկ: Ուզբեկը չէր երեւում, որ հարցնեի: Ծխելուց հաճույք չէի զգում, պարզապես փոփոխություն էր, զբաղմունք:

Ինչ-որ կայարանի էինք մոտենում, աղջիկը եկավ, իջնելու էր:

- Ի՞նչ տեղ է,- հարցրեցի:

- Չերեպանովո,- պատասխանեց եւ իսկույն սկսեց նախատել,- ինչո՞ւ այդքան փող տվեցիք այդ զզվելի կնոջը...

Ապշած մնացել էի, երեւի երրորդ քույրն էր, չէի իմացել...

- Սկզբում կարծեցի, թե Դուք էլ եք նրանցից,- շարունակեց աղջիկը պատասխանիս չսպասելով: Դա Ինային էր հատուկ, Նինան ճշգրիտ էր եւ պահպանում էր քայլերի հերթականությունը:- Տղամարդն արթնացել էր, ուզում էր Ձեր պայուսակը բացել, չհասկացաՙ ինչ էին խոսում, կինը չթողեց: Նրա անունը Շուգա է... Գնացեք, գուցե հիմա կողոպտում են Ձեզ:

Շատ արագ էր խոսում, մի քանի վայրկյանում հասցրեց այդքանը շարել: Բայց բառերը հստակ էր ասում եւ դուրեկան էր:

Իսկ ես որոշել էի գնչուհուն ստուգել, եւ իմ տպավորությունը: Ինձ թվում էր, թե նա վերջում բարյացակամությամբ լցվեց: Սակայն ճամպրուկիս մեջ առնվազն երկու բան թանկ էր ինձ համար, կորուստը ցավ կպատճառեր: Մորս վերարկուն եւ չինուհու արձանիկը: Շուգան խելացի կին էր, աղջկա ներկայությամբ չէր թողել, որ իրերս քրքրեին, առանց վկայի միգուցե հենց ինքը մի բան թռցներ:

Աղջկան հաջողություն մաղթեցի եւ վերադարձա:

Նրանց վերեւում շարժում չէր զգացվում, Շուգան իր տեղում էր, ոտքերն էր ներս տարել: Ճամպրուկս բանալիով էր փակվում, չէին կարող հապճեպորեն բացել եւ փակել: Պայուսակս իջեցրի, լայն բացեցի, որ Շուգան տեսնի պարունակությունը, երկու տուփ սիգարետ հանեցի եւ պայուսակը դրեցի տեղը:

- Տեղեկացրե՞ց,- քմծիծաղեց գնչուհին:

- Ոչ, Շուգա,- պատասխանեցի ուշադիր նրան նայելով,- ես քո խոսքը հիշեցի. «Քեզ խաբողը կանկեղծանա»: Չէ՞ որ դա քեզ էր վերաբերում:

- Չկա գուշակություն, կա հարմարեցում,- ասաց Շուգան,- եւ դու այդ գործում լավ ես: Մենք միասին կարող էինք աշխատել:

Եվս մի աշխատանքի առաջարկ, գուցե ամենալավը... եթե Շուգան կինոնկարների գնչուհիների պես գեղեցկուհի լիներ: Շուգան տեղափոխվեց դիմացս եւ... աչքերիս առաջ կերպարանափոխվեց, բերանն ուղղվեց, եւ դեմքը: Լեզվով մաքրեց ատամները, ամեն ինչ իր տեղն ընկավ: Շրթներկը մնաց, որ բերանի աջ անկյունը կարծես ճեղքի էր վերածում: Գալինա Իվանովնայի վայելուչ գեղեցկությունը չէր, բայց նրա հագուստով եւ մաքրությամբ շատերին կգերազանցեր: Համենայն դեպս դեմքն արժանի էր աչքերին:

Սա արդեն լուրջ առաջարկ էր:

- Գիշերային թարմություն,- շշնջացի:

Շուգան շոյված ժպտաց:

- Բայց ինչո՞ւ, մի՞թե այս տեսքով ավելի հաջողակ չես լինի:

- Ե՛վ այսպես, եւ՛ այնպես,- Շուգան ցույց տվեց, որ ժպիտը աչքերից պակաս հմայիչ չէ:- Այլանդակությունը ձգում է: Կանանց դա հաճույք ու ինքնագոհություն է պարգեւում, եւ տղամարդիկ են հանգիստ թողնում:

- Ափսոս է գեղեցկությունդ, թաքցնում ես...

- Ես ուրիշ կյանք էլ ունեմ, ոչ միայն մեկը... Եթե գաս, ամեն ինչ կիմանաս:

- Իսկ նրա՞նք,- գլխով ցույց տվեցի ձախ կողմը:

- Նրանք ժամանակավոր են: Ես նրանց Նովոսիբիրսկ եմ տանում:

Անշուշտ, մերժելու էի, բայց հետաքրքրում էր, թե այդ ինչ կյանք է, շարունակեցի հարցուփորձը: Շուգան միամիտ չէր իհարկե, կտրեց խոսքս:

- Ամեն ինչ կիմանաս որոշելուց հետո:

- Ինձ ուրիշ կյանք է սպասում,- ասացի անկեղծորեն,- ես զբաղմունք ունեմ եւ ամբողջովին նվիրված եմ դրան:

- Ի՞նչ գործ ես անում... Գրաչի նման չես, թեեւ նրանց տուն դառնալու ժամանակն է:

- Գրաչներն ովքե՞ր են:

- Ուկրաինայում հայ շինարարներին էին գրաչներ անվանում:

- Հենց նրանցից եմ, բայց միայն այս տարի: Իմ գործն ուրիշ է, ես մարդկանց ճակատագրերն են տնօրինում:

- Դատավո՞ր ես,- հարցրեց ծիծաղով,- շատ ջահել ես...

- Ես գրող եմ... Եվ դու էլ կմտնես իմ գրքերի մեջ:

- Զգում էի, որ դու էլ ինձ պես ճակատագրերի հետ գործ ունես... Կոլեգաներ ենք ինչ-որ չափով... Քո իշխանությունն ավելի ուժեղ է, անսահմանափակ է...

Արանքով մի կին էր գալիսՙ ակնհայտորեն Շուգայի տեղը աչքի առաջ ունենալով:

- Այստեղ կարո՞ղ եմ նստել,- հարցրեց նա:

Շուգայի իրական տարիքիՙ երիտասարդ կին էր, վերարկուն գրեթե ամեն ինչ ծածկում էր, համենայն դեպս հաստ չէր: Չէր տեսել, թե ինչ միջավայր է մտնում:

- Հո՜,- միանգամից բոռաց գարշելի գնչուհին,- դա իմ տեղն է... Դու այստեղ նստիր, բայց տե՜ս, աչք չգցես մեր ջահելին...

- Ձեր ջահելին պահեք ձեզ,- սառեց կինը հայացքով ուրիշ տեղ փնտրելով:

- Չեմ կարողանում,- քրքջաց Շուգան,- շատ կատաղած է:

Կինը գրեթե սարսափահար էր երեւում:

- Նստեք, խնդրում եմ,- շտապեցի հանգստացնել նրան:

- Այ թե ինչ,- Շուգայի գարշելի դեմքը ցասումով ողողվեց, մինչդեռ աչքերի մեջ կայծեր էին խաղում: Ինայի պես աշխույժ աչքեր ուներ, սակայն սեւ:- Գեղեցիկ կի՞ն տեսար...

- Հանգիստ մնա, իմ այլանդակ գնչուհի (Ինան էր ասումՙ այլանդակ եմ, չէ՞, ես),- ձեռքս մեկնեցի, դրեցի ուսին, փորձեցի շոյել այտը:

Շուգան իրոք կատաղեց, խփելով հետ մղեց ձեռքս:

- Դուք չանհանգստանաք,- դիմեցի կնոջը, որը մի կերպ տեղավորվել էր իր անկյունում,- նա չար չէ, արտակարգ բարի էակ է, հրեշտակ, քնքուշ հոգի... Սարսափելի խանդոտ է, դրա համար է չարացել: Հենց հանգստանում է, ուրիշ մարդ է դառնում: Իսկ եթե Ձեր բախտը գուշակի, արդեն կսիրեք նրան...

- Ես փող չունեմ,- միանգամից հայտարարեց կինը, որպեսզի հանգիստ թողնենք իրեն:

- Փողը պարտադիր չէ, նա իր հաճույքի համար է գուշակում, դա նրա համար ստեղծագործական լիցքաթափում է...

- Ինքդ դատարկվիր,- չարախնդաց Շուգան,- ի՞նչ ես ուրիշի հաշվին լավություն անում, լկտի դավաճան...

- Ինձ պետք չէ,- նորից անհանգստացավ կինը հայացքը շարունակ պտտելով, ազատ տեղ էր փնտրում:

- Ուշադրություն մի դարձրեք, նստեք, ես խնդրում եմ,- անախորժ տպավորությունը ցրելու համար սկսեցի խոսել,- Ձեզ ոչ ոք տհաճություն չի պատճառի: Կարող եք չլսել, ինչպես չեք լսում գնացքի ձայնը, հարեւանների խոսակցությունը, այս քնածների խռմփոցը, խանդոտ կնոջ ցասումնալի հառաչանքը... Ինչո՞ւ հենց այս տեղն էր ազատ, ինչո՞ւ հենց այս կայարանում աղջիկն իջավ եւ Դուք նստեցիք: Ուրեմն Դուք պատասխաններ ունեք ստանալու: Իհարկե, չեք հավատում գուշակությանը կամ պայծառատեսությանը: Դուք ողջամիտ կին եք, երիտասարդ եւ հրապուրիչ: Դուք հավատում եք հաջողությանը, թեեւ գուցե ուրիշ բառ կգերադասեիք...

Ամենակարեւորն արված էր, կինը զարմանքից լռել էր եւ անշարժ նստել: Հետաքրքրությամբ էր նայում ինձ, թեթեւ, անորոշ ժպիտով, թերեւս տրամադրվել էր լսելու: Կարող էի բարի գիշեր մաղթել նրան եւ Շուգայի հետ գնալ ծխելու: Ուզում էի նորից տեսնել գնչուհու իսկական դեմքը: Սակայն Շուգայի հայացքը դրդեց շարունակել:

- Գուցե Ձեր բախտը բերեց, որ ընկերուհիս չզբաղվեց Ձեզնով, քանի որ նա ոչ միայն գուշակում է եւ տեսնում, այլեւ ազդում է ճակատագրի վրա: Դա միայն նրանից չի կախված, հազար ու մի մանրուքի համադրում է անհրաժեշտ, մեկը պահի տրամադրությունն է, երկուսի տրամադրությունը... Ձեր երկուսինն էլ բացասական էր այդ պահին: Նրանըՙ չարություն, Ձերըՙ վախվորած զգուշություն, կասկած, անհանգստություն... Հիմա լավ է, երկուսդ էլ հանգիստ եք, բայց թույլ եք, այժմ ձեր միջեւ կապ հնարավոր չէ: Գրգիռների բացակայությունը սպանում է միտքը, բայց հաճախ փրկում է ամենասարսափելի վտանգից: Չկա կապՙ չկա վտանգ: Դուք կարող եք անվրդով քնել օձի կամ մոլագար մարդասպանի հետ նույն սենյակում: Մեռած հոգին է հաղթանակը, ո՛չ տանջանք, ո՛չ հիշողություն, ո՛չ ցանկություն ու երազանք: Միայն այդպես կարելի է անցնել սահմանը, որն իրական է եւ ոչ թե կախարդական հայելի կամ օդի շերտ: Անցնել ու տեսնել ամեն ինչ, նույնիսկ սեփական մահը եւ դրանից հետո... Ահա մումիայի երջանկությունը: Եվ որը սարսափելի էՙ անցյալի խուսափումները, թե ինչից ես փրկվել կամ զրկվել ակնթարթի շեղվելու պատճառով...

Ցածր էի խոսում, գրեթե շշնջալով, առանց դադարի, պարզ ու դանդաղ, կարծես թելադրելով ու հապաղելով, որ հասցնեն գրել:

Խոսելու շնորհը կամ հիվանդությունը բացահայտվել էր Ինայի շնորհիվ, եւ ես ստուգում էի, թե առանց նրա կարո՞ղ եմ նույն ազատությամբ խոսել, ինչպես Նեմիսն էի կտրել-անցել նրան առջեւում չտեսնելով: Կինը ապշած լսում էր, ձեռքերը վերարկուի գրպաններում, գլուխը առաջ բերած: Այդպես ես ու Նինան էինք նստել իրար դիմաց, մտովի շախմատ խաղալիս: Սա էլ էր շախմատային պարտիա, հանգիստ քայլերն էի անում առանց ինքնամոռացության կամ ոգեւորության: Պարզապես պետք էր բառերը շարել իրար հետեւից, անընդհատ: Քանի որ պարտիա էր, շատ լավ էի զգում դրությունը, գիտեի, թե ինչպես է զարգանալու, եւ շարժվում էի այդ ուղղությամբ: Անկապ խոսքից հասնել մոտավոր իմաստի եւ վերջացնել անհեթեթությամբ... Դա է բախտագուշակի գաղտնիքը: Ում ինչ հետաքրքրում է կամ տանջում, կգտնի դրա մեջ:

Նայում էի դիմացսՙ կնոջը, աչքս որսում էր Շուգային, նրա համար էի խոսում: Անշարժ նստել էր ձեռքերը կրծքին խաչած, գլուխը թեքած ուշադիր լսում էր չմոռանալով, որ բերանը պիտի ծուռ պահի եւ երբեմն ատելությոան ու արհամարհանքի ձայներ հանի:

- Մումիան անխռով է, նա վեր է ժամանակի չափից եւ տեսնում է ամեն ինչ: Տեսնում է, բայց չի միջամտում, որովհետեւ դա կնշանակի հույզ եւ զգացմունք... Եվ չի հայտնում: Ահա ամենադժվարըՙ իմանալ նրանից տեսածը: Նրան պետք է հուզել անցյալով: Գալիքը նրա համար նշանակություն չունի բացարձակապես: Անցյալը նրան կխոսեցնի, բայց դեռ շատ շուտ է գաղտնիքին հասնելու համար: Ստացվում է բարդությունների շղթա, ամեն մի քայլը առաջշարժում է կամ փոփոխություն, պարզություն չկա, խարխափանք է, ափսոսանք սկսելու համար... Ցավ, որովհետեւ հասել ես ներքին պատնեշին: Մումիան խորասուզվեց իր դարավոր անշարժության մեջ, բացահայտումը միայն քեզնից է կախված, եթե համարձակություն ունենաս խոստովանությանՙ ինքդ քեզ, քանի դեռ չես գտել մեկինՙ կյանքի մասնագետին, որը կհասկանա, թող չմխիթարի, մխիթարողն ուրիշ է լինելու, բայց բացատրի կատարվածը: Այնուամենայնիվ ինքնախոստովանությունն է սկիզբը: Նախՙ ուշադրություն, սեւեռում, խորացում, հրաժարվել ինքնապաշտպանությունից, մենակ եւ մերկ: Ոչ մի դատապարտում եւ արդարացում: Դրանք անօգուտ են, ավելորդ եւ ճղճիմ: Մաքրություն չկա, լոկ թուլացման համար հսկայական ժամանակ է պետք: Նույնիսկ ներումը վերականգնում չէ: Երբեք ոչինչ չի վերականգնվում լիովին: Ահա մումիայի սարսափը...

Թեթեւակի դադար էի տվել, կինը միջամտեց, կարելի էր դրանից օգտվելով չշարունակել:

- Դուք չե՞ք վախենում մումիաներից, նրանց մասին չի կարելի խոսել: Ես կարդացել եմ: Հայտնվում են եւ դաժանորեն պատժում:

- Նա մումիաներից չի վախենում,- բառերը գլորեց Շուգան,- ավելի հզոր ուժեր կան:

- Օրինա՞կ,- կինը շրջվեց նրա կողմը, թեեւ դեմքին նայելուց խուսափում էր՛:

- Օրինակՙ սերը,- պատասխանեցի ես արդեն բարեկիրթ երիտասարդի ժպիտով,- իսկական սերը:

- Կա՞ այդպիսի սեր,- նա թերահավատությամբ նայեց ինձ: Քիչ առաջվա սարսափահար կինը չէր, աչքերն այլեւս չէր պտտում աջ ու ձախ եւ դեմ չէր խոսակցության:

- Այդ հարցին ուրիշը չի կարող պատասխանել,- ճռճռան ձայնով ծիծաղեց Շուգան:

Կինը չէր ուզում խոսել նրա հետ, նորից ինձ դիմեց:

- Դուք թատերականո՞ւմ եք սովորում:

- Ես ուսանող չեմ:

- Բայց դերասա՞ն եք... Եթե հաշվենք, որ քիչ առաջ դեր էիք ասում:

- Դե՞ր... Եթե իմ ասածների մեջ Ձեզ վերաբերող որեւէ բան չգտաք, շատ լավ է:

- Ես մումիայի կարիք չեմ զգում,- ժպտաց:

- Զգուշացեք,- հիշեցրի նրա իսկ նախազգուշացումը, ապա Շուգային ասացի,- չգնա՞նք ծխելու, իմ սիրելի այլանդակ...

Ամեն մի խոսք Ինային էր հիշեցնում, ինչպես էինք «ծխում»...

- Հիմա ծխելու համար ամենատհաճ ժամն է,- անսպասելիորեն մերժեց Շուգան,- դու գնա, ծխիր, որ հանգստանաս...

Ծխելու ցանկություն չէի զգում, նույնիսկ տհաճ էր թվում, Շուգայի հետ էի ուզում մնալ, որ դեմքը տեսնեի: Այնուամենայնիվ դուրս եկա: Նախորդ գիշերվա փորձից գիտեի, որ ամենադժվար ժամերն են սկսվում: Երկար մնացի սառը հարթակում: Սրընթաց գնացքը մութ ապակու անդրադարձով հիշողության ալբոմ էր դառնում...

Երբ վերադարձա, կինը խաչբառ էր լուծում, Շուգան ասաց.

- Շատ ուշացար, քանի՞ հատ ծխեցիր:

Ընդամենը մի սիգարետ էի ծխել:

Լուսանում էր:

Կնոջ ճանապարհը կարճ էր, իջավ երկրորդ կայարանում: Կանգնեց, ուղղեց վերարկուն, թեթեւակի շարժեց ձեռքը եւ գնաց:

Դիմացի տեղում ուղեւորները փոխարինում էին իրար եւ անհետանում: Այդպես իմ կյանքում հայտնվեցին եւ անհետացան Ինան, Նինան, Գալինա Իվանովնան... Ոչ, ես հայտնվեցի նրանց կյանքում եւ անհետացա...

Շուգան կողքի երեխային բերեց իր տեղը, նստեց դիմացս:

- Դեմքդ ցույց տուր,- խնդրեցի անհապաղ:

Գուցե հենց դրա համար էր տեղափոխվել: Ձեռքը հենեց քունքին, դեմքը կողքից ծածկելով, եւ ժպտաց... անկեղծ հմայքով...

- Մենք միմյանց համար ենք ստեղծված,- ասաց նա եւ ավելացրեց ժպիտով,- աշխատանքը նկատի ունեմ:

- Միայն աշխատա՞նքը:

- Դա ամենակարեւորն է:

Եթե ուզբեկը կուպեն տրամադրեր, Շուգան համաձայներ, կգնայի՞ նրա հետ... Դեմքը տեսնելու պահանջը զգում էի, բայց շարունակությունը... Վերջին մղիչը չէր գործում:

- Ուզո՞ւմ ես ասեմ, թե ինչ ես մտածում,- հարցրեց Շուգան:

- Իհարկե... Թեեւ ես գիտեմ, թե ինչ ես ասելու...

Իրար էինք նայում, գնչուհու սեւ աչքերն անհատակ էին: Կարծես մտովի շախմատ էինք խաղում, ինչպես ես ու Նինան: Համոզված էի, որ հասկանում ենք միմյանց: Լուռ երկխոսությունն այսպիսին էր, իմ կարծիքով:

- Դու մտածում էիր ուզբեկի կուպեի մասին,- ասում է Շուգան:

- Ես գիտեի, որ դա ես ասելու:

- Դու կուզեի՞ր:

- Իհարկե:

- Անկեղծորե՞ն:

- Դու գեղեցիկ ես:

- Իսկ ինչո՞ւ չես անում:

- Ուզբեկը չկա:

- Նա քնած է, բայց հանուն քսանհինգ ռուբլու հաճույքով կզրկվի քնից... Ես էլ չեմ ուզում:

- Գիտեմ:

- Ինչո՞ւ չեմ ուզում:

- Չես ուզում այսպիսի տեսքով եւ վիճակով:

- Հնարավոր է: Իսկ դու ինչո՞ւ չես ուզում:

- Ես սիրո փորձություն եմ անցել, ինձ ժամանակ է հարկավոր... Գուցե շատ երկար ժամանակ:

- Զգացի քո պատմածից, իսկ այն ապուշը ոչինչ չհասկացավ...

Չհասցրեցի շարունակությունը կարդալ նրա աչքերի մեջ, վերեւի աղջիկը գանգրահեր գլուխը կախեց եւ պլշած ինձ էր նայում: Շուգան նորից մտավ տգեղության մեջ: Գնչուներն արթնանում էին, վագոնում էր շարժում երեւում:

- Շուտով կհասնենք,- ասաց Շուգան:

- Դու Նովոսիբիրսկո՞ւմ ես ապրում:

- Գնչուհուն նման հարց չեն տալիս,- արդեն դերի մեջ էր:

Քիչ անց, երբ աղջիկն անհետացել էր, դեմքը մոտեցրեց եւ ցածրաձայն ասաց.

- Նովոսիբիրսկում գնչուները շատ չեն, բայց կայարանում միշտ կտեսնես նրանց: Եթե երբեւէ լինես այնտեղ, հարցրու որեւէ մեկին...

Անհապաղ օգտվեցի նրա խորհրդից.

- Էյ, գնչուհի, դու գիտե՞ս որտեղ կարող եմ գտնել Շուգային...

- Ոչ հիմա,- ծիծաղեց նա,- հետո... Եթե հանդիպելու ենք, կհանդիպենք...

Հանդիպման հույս առանց պայմանավորվելու:

Մյուս գնչուհին ուռած աչքերը տրորելով հորանջեց, ձեռքերով հարդարեց մազերը եւ գնաց: Երեխաներն իրար արթնացնելով ուղղվեցին: Իմ վերեւի աղջիկը կախվեց, իջավ, վագոնն անմիջապես ղժղժոցով լցվեց: Մի տղամարդ իջավ, ցածրահասակ ու լայն, մազոտ, տհաճ դեմքով, ուշադրություն չդարձրեց ինձ, գնաց անցումով: Ըստ երեւույթին Շուգայի ուղեկիցները ընտանիք էին, ամուսիններ եւ հինգ երեխա: Վերեւում մեկն էլ կար, ծածկված պառկել էր:

Շուգայի ասած «շուտովը» չէր հասել: Գնացքը դեռ բաց տարածության մեջ էր սլանում: Աչքերս փակվում էին, կարող էի վերեւում պառկել, բայց քնելն անիմաստ էր թվում:

Ուզբեկը հայտնվեց, թեյ էր առաջարկում: Ամուսինները խմեցին, երեխաներին թխվածք տվեցին:

Ֆռշտոցներից փախչելու համար կարելի էր գնալ ծխելու, բայց ուզում էի վերջին րոպեները Շուգայի հետ անցկացնել: Արդեն տգեղ դիմակով նույնիսկ գեղեցիկ էր:

- Նովոսիբիրսկը լա՞վ քաղաք է,- հարցրեցի նրան:

- Ոչ, չեմ սիրում:

- Ինչո՞ւ ես այդտեղ ապրում:

- Չէ՞ որ դու ամեն ինչ տեսնում ես եւ գիտես,- ծուռ ժպտաց Շուգան,- ինչո՞ւ ես հարցեր տալիս:

Երկուսս էլ շշուկով էինք խոսում, հազիվ էինք լսում իրար: Նա աչքը հաճախ վերեւ էր գցում: Ի վերջո այնտեղից մի աղջիկ իջավ, երկար, անորոշ զգեստով փաթաթված, ոչ խալաթ էր, ոչ վերարկու, երկար, սեւ մազերը ծածկել էին դեմքը երկու կողմից: Նստեց Շուգայի նախկին տեղը, մազերը ձեռքերով հետ տարավՙ գեղեցկափայլ դեմքը բացելով, եւ ժպիտով նայեց Շուգային: Եթե Շուգան գիշերային թարմություն էր, աղջիկն առավոտյան փայլատակում էր: Աներեւակայելի գեղեցկություն էր: Կարող էի համոզված ասել, որ այդպիսի գեղեցիկ դեմք չէի տեսել: Ճերմակամորթ գնչուհիՙ արտակարգ սեւ մազերով, տասնչորս-տասնհինգ տարեկան հավանաբար: Նմանությունն ակնհայտ էր, Շուգայի աղջիկն էր:

- Սա քո ամենամեծ կախարդությունն է,- ասացի նրան:

Շուգան ժպտաց, իսկական ժպիտով:

- Դե, կարո՞ղ ես գուշակել նրա բախտը,- ասաց ինձ:

- Իհարկե չեմ կարող... որովհետեւ նա շլացնում է,- պատասխանեցիՙ զգուշությամբ աղջկան նայելով, իսկ նա անմիջականորեն ժպտաց, երեւի զգացել էր մոր համակրական վերաբերմունքը:

Գնչուներն սկսեցին իրերը հավաքել, տեղավորել: Գնացքը մտնում էր Նովոսիբիրսկ, մեծ եւ սառը քաղաք, անհրապույր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.