AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5395, Տպվել է` 351, Ուղարկվել է էլ.փոստով` 214

ԽԱՉԱԳՈՂ 50

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Երեք հրաժեշտ մեկ օրում, Գալինա Իվանովնային, Ինային, գնչուհի Շուգային: Խոպանային կյանքի ամենաերկար եւ գերհագեցած օրն էր, երեք կին, երեք հրաժեշտ: Ինան իմ սերն էր, ես անընդհատ զգում էի նրան, բայց այս երկուսն էլ մտան կյանքիս մեջ, եւ նրանց համար տեղ գտնվեց... Երեւի իրոք հիվանդ եմ եւ շեղված... Եվ Ինան դրա համար էր փախչում ինձնից:

Կայարանում Շուգայենց գնչու տղաներ դիմավորեցին: Մարդկանց հորձանքի մեջ անցա աստիճաններով, թունելներով, խառը ճանապարհներով եւ կորցրեցի նրանց:

Գարնանն այս կայարանի մեծությունը չէի տեսել: Մի կերպ դուրս եկա բազմամարդ սրահներով: Օդանավակայան գնացող ավտոբուսներն իրար հետեւից կանգնում էին, մի քանիսը բաց թողեցի Շուգային տեսնելու հույսով: Անիմաստ էր, գնչուհին ինձ հրաժեշտ տվել էր: Վերջին պահին անունս հարցրեց:

- Արամ,- կրկնեց,- ոնց որ գնչուի անուն լինի:

- Համարյա գնչուի,- ասացի:

Ծիծաղեց Շուգան եւ գնաց չնաշխարհիկ դստեր ու մյուս գնչուների հետ:

Վերջապես նստեցի ավտոբուս, սկսվեց Երեւանի ճանապարհը, կարծես թե ամեն ինչ մնաց հետեւում:

Շտապել էի, Սիբիրն ինձ դեռ տուն չէր ուղարկում: Ինձնից հետո տոմսարկղին մոտեցողները, լսելով, որ Երեւան կարելի է թռչել միայն չորս օր հետո, Թբիլիսիի տոմս գնեցին: Չէի ափսոսում, որ այդ հնարավորությունը մտքովս չէր անցել: Ես զբաղմունք կգտնեի անծանոթ ու մեծ քաղաքում:

Օդանավակայանը գերծանրաբեռնված էր... հայերով: Ամեն քայլափոխի հայերի էի տեսնում եւ հայերենը լսում: Խոպանիստներ էին, «գրաչները» տուն էին վերադառնում: Հոկետմբեր-նոյեմբերը վերադարձի ամիսներ էին: «Զվարթնոց» օդանավակայանում այդքան հայեր չէին լինի, որքան «Տոլմաչովոյում» կային:

Ճամպրուկս եւ պայուսակս տասնհինգ կոպեկանոց պահախցիկում դնելուց հետո դուրս եկա օդանավակայանից զբոսանքի եւ հյուրանոցում տեղավորվելու մտադրությամբ:

Օդանավակայանի հյուրանոցում տեղ չկար, չէի էլ ուզում այնտեղ մնալ: Ավտոբուսը վերադարձրեց ինձ կենտրոն, երկու հյուրանոցներից հետ մղվեցի: Մի խմբի խոսակցությունից «Սիբիր» անունը լսեցի, հետեւեցի: «Սիբիրում» խորհուրդ տվեցին գնալ «Հյուսիսային» հյուրանոց եւ նույնիսկ ավտոբուսի համարն ասացին: Այնտեղից ուղարկեցին մոտիկ հանրակացարանը: Խորհուրդների շղթան երկու ժամից ավելի տեւեց եւ նորից ինձ կենտրոն բերեց, կայարանի մոտ գտնվող շուկայի հյուրանոցը: Այստեղ նույնիսկ աստիճաններին մարդիկ էին պառկած:

Վերջապես հանգեցի միակ մտքինՙ գիշերել կայարանում:

Օրն անցել էր հյուրանոցի փնտրտուքովՙ զբոսանքի փոխարեն:

Գիշեր-ցերեկը Նովոսիբիրսկի մեծ կայարանի համար նշանակություն չուներ: Այստեղ միշտ բազմամարդ էր, գիշերը նաեւ բոմժերն էին կուտակվում: Նրանք հավաքվում էին մուտքերի մոտ, ներքնահարկի անկյուններում, սպասասրահներ չէին թողնում, կամ իրենք չէին համարձակվում բարձրանալ: Շատ էին, մենակ եւ խմբերով, հազվադեպՙ ընտանիքներով, հարբած կամ խմիչքի փող մուրալիս:

Կայարանի սրահները անմաքուր տպավորություն էին թողնում, թեեւ հավաքարարներն անընդհատ մաքրում էին: Մարդիկ էին չափազանց շատ, հոգնած, քնատ, չսափրված... Ինչեւէ, փողոցից լավ էր, բոմժերն էլ էին այդ կարծիքին երեւի:

Մոտ կես ժամ հերթ կանգնեցի կարկանդակի համար, ձկով էր, դուր չեկավ, չկերա: Հետո նստելու տեղ գտա սրահներից մեկում: Շախմատային էտյուդների գիրքը մոտս էր, անբաժան ուղեկից էր դարձել, քիչ էի օգտվում, բայց պետք է ձեռքերիս մեջ լիներ: Ալբոմը չէի հանում գրպանից, չէի համարձակվում կարծես, եւ մտքիս պատկերները չէի բացում...

Քնել չհաջողվեց: Երբեմն գլուխս գցում էի կրծքիս, աչքերս փակվում էին մի քանի րոպեով, բայց ինչ-որ ձայնից կամ շարժումից վեր էի թռչում... կամ գեղեցիկ դեմք էր գրավում ուշադրությունս: Նույն տեղում երկար չէի մնում, թարմանում էի բուտերբրոդով կամ հյութով, շրջում սրահներով:

Վերջապես լույսն այնքան բացվեց, որ կարող էի դուրս գալ: Գնեցի քաղաքի ուղեցույց¬քարտեզը, որի վրա եւս երկու հյուրանոց գտա: Ապարդյուն փորձ էր, միայն ժամանակ անցկացրի: Ուր գնում էի, վերադառնում էի կայարան եւ նոր ուղղություն ընտրում: Քնելու տեղ ճարելուց ձեռ էի քաշել, գնացի կենտրոնական հանրախանութ, որը, ինչպես պարզվեց քարտեզից, մոտ էր:

Աստիճաններով հերթ էր բարձրանում մինչեւ երրորդ հարկ: Հասա վերեւ եւ գլխապատառ վերադարձա: Տաք, երկարաճիտ կոշիկներ էին վաճառում, արտասահմանյան ըստ երեւույթին: Չնայած ահռելի հերթին, մարդիկ հանգիստ, անշտապ փորձում էին, տնտղում, ընտրում: Երեք տեսակ էր, յուրաքանչյուրին մեկ զույգ էին տալիս: Երկու ժամից ավելի տեւեց կրիայի ալպինիզմը, երբեմն ընդմիջում էի հանրախանութի բաժինները ուսումնասիրելով, մի քանի զույգ գուլպա գնեցի, նոր կոշիկներըՙ նոր գուլպաներով: Արժեր այդքան հերթ կանգնել: Շատ լավ կոշիկներ էին, առնվազն երկու համար մեծ էին ոտքերիս, սակայն այդպես ավելի հարմար էր նույնիսկ:

Շուգայի մի գուշակությունն իրականացավ:

Այգու պես մի տեղ գտա: Ծառեր կային եւ նստարան: Հին, մաշված կոշիկներս եւ գուլպաներս գցեցի աղբամանը, թարմացած ոտքերով շարունակեցի շրջագայությունը քաղաքում, այսօրՙ կայարանի մերձակայքում:

Այդ գիշերը նույնպես կայարանում անցկացրի եւ չքնեցի:

Եթե Շուգային գտնեի, ինձ գոնե քնելու տեղ կտար: Կայարանում գնչուի նման բազմաթիվ մարդկանց էի տեսնում, որոնք հավանաբար գնչու չէին: Եթե գնչուներին չէի տարբերում, ուրեմն նրանց չէի տեսնում:

Առավոտյան սկսվեց հերթական պտույտը Նովոսիբիրսկի փողոցներով: Կենդանաբանական այգի մտա, եկեղեցի, կինո, «Գրքերի աշխարհ» հսկայական խանութը:

Մի հասարակ գարեջրատուն կամ սրճարան չգտա, ճաշարաններ էին, թթվասերով բորշչով եւ նման ճաշերով: Նովոսիբիրսկը կարծես մի մեծ շրջկենտրոն լիներ, քաղաքային հետաքրքրություն չկար: Գուցե եղանակից էր, գուցե կային գրավիչ անկյուններ... Օրինակՙ գնչուների բնակավայրը, եթե գտնեի: Այստեղ էլ չգործեց վերջին մղիչը: Շուգան ինձ երկու օր առաջ էր հրաժեշտ տվել եւ չէր հրավիրել, ուրեմն այդպես էր պետք: Հրավիրել էր, ես էի մերժել:

Երեկոյան տեղափոխվեցի օդանավակայան: Կայարանի չոր նստարաններից հետո այստեղի փափուկ աթոռները հարմարավետություն էին խոստանում, բայց տեղ ճարելն ավելի դժվար էր, հատկապես գիշերային ժամերին: Ով աթոռ էր զբաղեցնում, չէր ազատում մինչեւ թռիչքը: Աչքիս առաջ մոտ հիսուն տարեկան մի հայ տղամարդ վերարկուն փռեց հատակին եւ պառկեց: Ընկերները ծիծաղեցին, բայց հետեւեցին նրա օրինակին:

Ես դեռ առույգ էի: Որոշ ժամանակ մի տեղ նստելուց հետո աթոռը գրաված չէի պահում, շրջում էի օդանավակայանում, ուսումնասիրում բոլոր անկյունները:

Մի հայ կին լաց էր լինում: Անծանոթ հայ տղամարդիկ էին մոտեցել նրան, հարցուփորձ էին անում: Կինը հանկարծակի մենակ էր մնացել օդանավակայանում, չգիտեր ինչ անել, ինչպես շարունակեր թռիչքը: Տղամարդիկ օգնեցին նրան, ուղեկցեցին: Հազարավոր մենակ կանայք էին անցնում օդանավակայանով, ուղեբեռի մի քանի կտորով, ամեն ձեռքին երկու իր, ուսից գցած, երբեմն երեխան էլ հետեւից: Ոչ մեկն այդպես չէր խեղճանա, անճարանա:

Առաջին հարկում միշտ ժխոր էր, երկու հակադիր կողմերից անընդհատ մարդկանց հոսանքներ էին մտնում եւ դուրս գալիս: Կենտրոնում, ուղեբեռի բլրակի մոտ հայկական մի մեծ բրիգադ էր հավաքվել: Տասներկու հոգի էին, թռիչքի էին սպասում: Ամենափոքրը դպրոցը նոր ավարտածի տեսք ուներ, երկուսն առնվազն Փայլակի տարիքին էին, մնացածներն այդ սահմաններն էին լցնում: Զարմանալի էր, որ բրիգադը այդպիսի մեծ կազմով էր սեզոնն ավարտել, կամ կռիվ չէր եղել, կամ ավելի մեծ քանակով էին սկսել: Բարձր ձայնով մագնիտոֆոն էին միացրել, տխրահռչակ «Արա վայ-վայ»-ն էր, զզվելի:

Անկյունում մարդիկ էին հավաքվել: Մեջտեղում երեք տղա էին հսկա շան հետ ու միլիցիայի լեյտենանտը: Երեքն էլ հայի նման էին եւ վիճում էին լեյտենանտի հետ, որը նրանց նախատում էր առանց դնչկալի շուն տանելու համար:

- Ինչ անշնորհքություն են անում,- հայերեն ասաց մի հոգի,- հա՞յ են...

- Բա ով են,- պատասխանեց ընկերը,- հայի անուն են խայտառակում:

- Ա դե հիմի,- մեջ ընկավ մեկ ուրիշը,- շուն, էլի, ի՞նչ է անում իրենց...

Լեյտենանտի գործը դրանով չավարտվեց: Դրսում, ապակե դռների մոտ երկու խմած հայ տղաներ էին աղմուկ գցել:

- Արա, տի պանիմայե՞շ,- գոռում էր մեկը, վերարկուի կոճակներն արձակ, ճոճվելով եւ ձեռքերը թափահարելով լեյտենանտի քթի տակ,- մենյա Կավկազ ժդյոտ...

Վերեւում հայերը գրավել էին հեռուստացույցները: «Արարատն» էր խաղում «Սպարտակի» հետ Մոսկվայում: Հեռուստացույցներից մեկը փչացել էր, մի կարճահասակ տղա կանգնեց ընկերոջ ուսերին, ձգվեց, մի ձեռքով կախվեց ձողից, մյուսով հանեց կափարիչը, քչփորեց, բզբզեց, ներքեւից խորհուրդներ էին տալիս, «Գագո ջան» էին ասում, եւ սարքեց:

Ռեստորան մտա, զբաղվելու համար: Համապատասխան տեսք չունեի, երեսս էլ մազակալած էր, բայց երեւի օդանավակայանում կարելի էր: Ռեստորանում համեմատաբար հաճելի մթնոլորտ էր, թեեւ այստեղ նույնպես հայ խոպանիստներ կային: Համենայն դեպս կողքի սեղանը տպավորիչ էրՙ ծովային սպա երկու շիկահեր գեղեցկուհիների հետ: Նրանց սեղանին սուրճի գավաթներ կային:

Մատուցողուհին շուտ չմոտեցավ: Վերջապես եկավ, ներկված եւ անորոշ տարիքիՙ քսանհինգից քառասուն տարեկան: Կրե-Մարյանի աֆորիզմներից մեկը սա էր. եթե կնոջը ինչ-որ տարիք ես հատկացնում, ասենք, քսանից երեսուն, ընտրիր վերջինը եւ չես սխալվի:

- Դուք մենա՞կ եք,- հարցրեց մատուցողուհին,- խնդրում եմ տեղափոխվեք ահա այն երկուսի մոտ:

Այն երկուսը սեւամազ էին, բայց դա նշանակություն չուներ:

- Ես մենակ եմ ուզում նստել,- ասացի,- եթե ազատ սեղան չունեք, կարող եմ հեռանալ:

- Լավ,- համակերպվեց նա,- ի՞նչ կպատվիրեք:

- Գարեջուր, եթե կարելի է:

- Գարեջուր բուֆետներում է լինում, մենք չունենք:

- Երեւի սեւ սուրճ էլ չունեք:

- Սեւ սուրճ կարող եմ բերել, ուրի՞շ:

- Սուրճի գավաթով,- ճշտեցի:

Բուֆետում ինձ սուրճ էին տվել թեյի բաժակով:

Կինը վերեւից նայեց,- ուրի՞շ,- կրկնեց նա սպասողաբար:

Միայն խորհրդային խմիչքների անուններ էի կարդացել, բայց ասացիՙ վիսկի:

- Չունենք... Դուք չե՞ք նայել:

- Լավ, օղի... մի շիշ:

- Միայն հարյուր գրամ: Ուտելիք ի՞նչ կվերցնեք:

Ծանոթ անուններից բիֆշտեքսը հարմար թվաց, եւ էլի մի բան, ենթադրեցի, որ ձուկ պիտի լիներ:

Պարզվեց, որ ծխել չի կարելի: Երբ սիգարետը վառեցի, մատուցողուհին հեռվից ինձ նայելով գլուխն օրորեց, իսկ ես դեմքս շրջեցի հարեւան սեղանի կողմը, ծովայինի շիկահերները լավ էլ բքում էին:

Մատուցողուհին շուտ համոզվող էր երեւում:

Ձուկն անհամ էր, բիֆշտեքսն էլ բանի նման չէր, օղին էր լավ: Բուֆետներում ավելի ախորժելի ուտելիքներ էին եւ ամեն ինչ աչքի առաջ էր, ինչ հավանում էի, վերցնում էի եւ երբեք սոված չէի մնա:

Մատուցողուհին սուրճը բերեց եւ հարեւան սեղանի հաշիվը ստանալուց հետո ինձ հարցրեց.

- Սուրճի նմա՞ն է... Ես գիտեմ հայերն ինչ են ուզում, պատվիրում եմ, որ ճիշտ սարքեն:

- Իսկականն է, շնորհակալություն,- թեեւ դեռ չէի հասկացել, թե ինչ եմ խմում:

Նրա ուշադրությունը պետք է գնահատեի, ի դեպ, գոգնոցի գրպանը շատ ներքեւում էր կարված, բայց ինձ այնտեղ քաշելու համար հարյուր գրամը քիչ էր...

- Օղի բերե՞մ էլի,- ցածրաձայն հարցրեց մատուցողուհին:

Կրե-Մարյանն ասում էր. «Եթե կինը այնքան էլ գեղեցիկ չէ, տղամարդուն գրավում է նրա ցանկությունները կռահելով»: Մեծ մասնագետ էր: Երկրորդ հարյուր գրամից հետո չէի ասի, թե մատուցողուհին «այնքան էլ գեղեցիկ չէ», ներկն էր մի քիչ շատ: Եվ տարիքային տատանումն էր նեղացելՙ երեսունից երեսունհինգ: Կարծես իմ նախընտրած տարիքին էր դառնում...

- Կարելի՞ է, ապե ջան,- մի բարձրահասակ, նիհար, տարեց մարդ հարցրեց հայերեն եւ անմիջապես նստեց,- հայ ես, չէ՞,- ապա պարծեցավ,- մի հայացքով հայերին կճանաչեմ: Ուզո՞ւմ ես ասեմՙ որ սեղանի մոտ են հայեր նստած:

- Ոչ, չեմ ուզում,- ասացի հանգիստ,- որովհետեւ պիտի գնամ...

- Իյա՛... Էդ ինչի՞ գնացիր,- մարդը զարմացած էր:

- Սպասող կա,- ջանացի մեղմել տպավորությունը,- հաճելի ժամանց եմ ցանկանում,- եւ ընդառաջ գնացի մատուցողուհուն:

- Տասնինը ռուբլի քսան կոպեկ,- ասաց թերթիկը ցույց տալով եւ ավելացրեց,- երեկոն փչացա՞վ:

Նա հայերին լավ էր ճանաչում:

- Միգուցե դա փրկություն էր,- ասացի, ապա քսանհինգանոցը ծայրից բռնած, որ մատներս չդիպչեն մարմնին, դրեցի գոգնոցի գրպանը:

Եթե տասնվեց ռուբլի ասեր, էլի քսանհինգանոց էի տալու, այնպես որ երեք ռուբլի խնայեցի:

Վարսավիրանոց էի ուզում մտնել, միշտ հերթ էր լինում: Բուֆետում առատ ուտելիք վերցրեցի: Ծխելուց հետո ազատ աթոռ գտա, բացեցի էտյուդների գիրքը եւ պատրաստվեցի քնելու, վերջապես պիտի քնեի...

- Ներեցեք...

Կողքիս նստած տղամարդն էր, կարճ, սեւ մորուքով:

- Դուք կարծես... ըը... հետաքրքրվում եք շախմատով, միգուցե կխաղայի՞նք...

- Խնդրեմ,- ասացի,- հաճույքով:

Մորուքավորի ընկերուհինՙ նկատելի երիտասարդ նրանից, գոհ ժպտաց եւ պայուսակից գիրք հանելով առանձնացավ:

Խաղում էինք գրպանի շախմատով, կենտրոնանալը դժվար էր, գերադասելի էր մտովի խաղալ երբեմն խաղատախտակին աչք գցելով: Կիրթ մարդ էր անկասկած, թերեւս պրոֆեսոր կամ ակադեմիկոս, խոսելիս դանդաղում էր եւ ֆիգուրներն էր զգուշությամբ շարժում: Ենթադրում էի, որ լավ կխաղա: Իսպանական պարտիա խաղացինք:

Երբ երրորդ քայլում փիղը փոխեցի ձիու հետ, տարակուսանքով հարցրեց.

- Այստեղ փոխո՞ւմ են...

- Ֆիշերը փոխում էր,- ասացի:

- Ա՜,- չգիտես համոզված, թե հեգնանքով ձգեց նա:

Հեշտությամբ հաղթեցի:

- Չէ՞ որ փոխելը սխալ է,- ասաց դեռեւս ոչ վստահ, որ իր տարվելը պատահականություն չէ:

- Ինչո՞ւ է սխալ, Ֆիշերը այդ տարբերակով հաղթել է Ռեշեւսկուն, Պորտիշին, Գլիգորիչին...

- Ինչպես Դուք ինձ... Դուք կարգ ունե՞ք:

- Նախկին վարպետ եմ,- ասացի, որպեսզի հանգստացնեմ նրա ինքնասիրությունը:

Իսկապես նշանակություն ունեցավ: Բարեբախտաբար չխորացավ, թե ինչ է նշանակում նախկին վարպետ: Շախմատային հիվանդ չէր, որ ձգտեր ռեւանշի, քաղաքակիրթ անձնավորություն էր, ընդունեց համապատասխան չափաբաժինն ու կողքի քաշվեց: Կինը խոսակցություն սկսեց, փսփսում էր, ծխելու ժամանակն էր:

Ծխողները ներքնահարկում էին հավաքվում, զուգարանների բաժնում: Ես դուրս էի գալիս: Ցրտից պաշտպանված էի հուսալիորեն... Ինայի, թերեւս նաեւ Շուգայի շնորհիվ... Ինչո՞ւ սիրեցի տարբեր կանանց... Ինային իրոք խելագարի պես էի սիրում, նա իմ մշտական տենչանքն էր, թեկուզ ամբողջ գիշերը միասին անցկացնեինք: Երեւի այդ սերը միայն տարիները կթուլացնեին, երկարատեւ կապը... եթե հնարավոր է ձանձրանալը... կամ հիասթափվելը: Նա ամբողջովին իմ մեջ էր, հարազատ եւ սիրելի: Այդպիսի խելահեղ սիրով բռնված ես գնացի Գալինա Իվանովնայիՙ միանգամայն անծանոթ կնոջ մոտ: Նա՞ ինձ գայթակղեց, քաշեց տարավ, ի՞նքս գնացի, ճանապարհին արդեն ձգտելով, տարբերություն չկար... Երկուսս էլ ուզում էինք, երկուսս էլ ձգտում էինք... Ինչո՞ւ ինձ մղեցիր ուրիշ կնոջ մոտ, Ինա... Վերջին մղիչ ուրիշ կնոջ համար...

Ափսոս, ամառ չէր, կարելի էր ամբողջ ժամանակը դրսում անցկացնել: Սառը քամին խփում էր ճակատիս, բացի դրանից, միլիցիոներները դրսում մնացողներին կասկածանքով էին նայում, գիտեին, որ հարբածներն են սիրտ հովացնում:

Կայարանի չոր նստարաններից դժգոհ էի, բայց այնտեղ կարելի էր պառկել, որը ես չէի անում, կամ գոնե թեք ընկնել, եթե տեղ լիներ: Օդանավակայանի աթոռները միայն նստելու համար էին: Աթոռի վրա էլ կարելի էր հարմարվել: Սահում էի առաջ, բաճկոնը ծալած դնում էի ուսիսՙ որպես բարձ: Յոթ-ութ րոպե եթե քնեի, արդեն հաջողություն էր:

Մորուքավորի մոտ չվերադարձա, ձանձրալի խաղընկեր էր:

Մի ամբողջ շարք ազատվել էր, արագորեն եզրի աթոռը գրավեցի, որ գոնե մի կողմից ազատ լինեմ: Դա տարածքային զգալի առավելություն էր տալիս: Հարեւաններս աղջիկներ էին այս անգամ, լավ էր, շախմատ խաղացող չէր լինի: Նրանք նորեկներ էին, այսինքն թարմ էին եւ քնելու մասին չէին մտածում: Եթե ուղղակի չդիմեին ինձ, աղմուկը չէր խանգարի, կարող էի բաց գիրքը ձեռքերիս մեջ կամ բաճկոնն ուսիս առանձնանալ եւ խորասուզվել...

Այս օրերին Նովոսիբիրսկում թրեւելու եւ հոգնատանջ գիշերներ անցկացնելու փոխարեն կարող էի գնալ Դիվինո եւ վերադառնալ: Գնացքով ուղեւորությունը լավագույն զբաղմունքը կլիներ:

Ինային տեսնեի եւ վերադառնայի: Շուգան ասացՙ եթե խոստովանես, կհանգստանաս: Գրեթե խոստովանել էի Ինային, եւ նրա համար պարզ էր: Բայց գրեթեն կասկածի կամ հույսի տեղ թողնում է... Երեւի այդ գրեթեի պատճառով չէի հանգստանում: Շուգան այդպես չասաց: Ճշգրտորեն հիշեցի նրա բառերը. «Ազատվիր գաղտնիքից, քանի չես մոռացել, հետո կխեղդի քեզ»: Իրոք, մենք լավ գործընկերներ կլինեինք: Մինչեւ հիմա միայն Ինայի հետ էր հաջողվել միմյանց հոգի կարդալ: Շուգայի ասածով, ոչ թե խոստովանությունը հանգստացնելու էր ինձ, այլ չխոստովանելու դեպքում հետագան էր սարսափելի դառնալու: Ավելի սարսափելի, քան հիմա՞: Շուգայի գուշակություններին հարկավոր էր լրջորեն վերաբերվել, ոտքերս տաքացան, չէ՞... Ափսոս, չհաջողվեց նրա հետ երկար խոսել: Նա Բելովից ավելի խորագիտակ մասնագետ էր անշուշտ, հոգու մասնագետ: Գուցե պիտի ընդունեի նրա առաջարկը, միայն թե ազնվորեն, խաբելու փորձ չանելով, գնչուհին խաղ չէր հանդուրժի: Շուգան հանելուկ էր, խորհրդավոր գնչուհի, կախարդ, Գալինա Իվանովնան նույնպես բարդ կին էր, նա թերեւս լրիվ անկեղծացավ միայն բազմոցի վրա... Ինչպե՜ս էր ծիծաղում. «Աստված իմ, կարծես քսան տարեկան լինեմ»: Կամ գուցե ոչ մի բարդություն չկար, ես էի ստեղծում... Ինան էր ամենապարզը եւ հասարակը: Բաց հոգի, իր հակասականությամբ, երկվությամբ ու անբացատրելի, հանկարծահաս տատանումներով հանդերձ...

Քաշեց նրա դեմքի կարոտը, ցավագին ցանկությունը համակեցՙ տեսնել աչքերը, շուրթերը, մազերը, ուսերը... Տեսնում էի այդ պահին պարզորոշ, ձայնն էի լսում... եւ լացը... Վերադառնար հուլիսը, ամենալավ ամիսը... Կարծես արգելում էր մեր սերը, վախենում, խուսափում եւ հասնում նույնիսկ տարօրինակ ջղաձգումների... Ինչ-որ սոսկալի տաբո՞ւ էր հաղթահարում, թե՞ զգում էր վիշտն ու դառնությունը, որ պիտի պատճառեի նրան: Հրաշալի եւ տարօրինակ սեր...

Բարձրաձայն եւ տաքացած խոսելով հայեր անցան: Ֆուտբոլի խաղն էին քննարկում, ոչ-ոքի էր ավարտվել: Մեկը հայհոյեց մրցավարին: Նա, իհարկե, գիտեր, որ ամբողջ երկիրը լավ հասկանում է այդ հայկական հայհոյանքը: Աղջիկները գուցե եւ չգիտեին, դեռատի էին: Նրանք իրենց բուտերբրոդներն էին ուտում: Ինչ նստել էին, ուտում էին եւ ծիծաղում:

Ճակատագրական մի բան կար: Ես Ինային ժամացույց նվիրեցի, Գալինա Իվանովնանՙ ինձ: Եթե տեսներ ժամացույցը թեւիս, կկռահեր անկասկած: Օծանելիքի հոտից արդեն գժվել էր, ժամացույցը կասկածի տեղ չէր թողնի...

Ժամանակը չհերիքեց մեզ, ինչպես սիրելու, բացատրվելու, խոսելու, այնպես էլ ներելու եւ ներվելու համար... Ամառն անցավ ցայտնոտի մեջ, տենդագին աշխատանքի եւ բուռն սիրո հերթագայությամբ... Այնուամենայնիվ հասցնում էինք հաշտվել, բավական էր մի քանի րոպե մնալ իրար հետ... Եթե վերջին հանդիպումը չլիներ, գուցե էլի հաշտվեինք... հեռակա... Այդ օրն էինք հաշտվում, արդեն համբուրվում էինք, չարաբաստիկ օծանելիքը ամեն ինչ փչացրեց...

Դիմացս նոր մարդիկ էին տեղավորվել: Նրանցից երիտասարդը դժգոհությամբ ինձ էր նայում, տարեցը զսպում էր նրան: Չհասկացա, թե ինչու էին դժգոհ:

- Դու գիտես նա մենա՞կ է,- ասաց տարեցը,- քսան հոգի կհայտնվի...

Շրջեցի գրքի թերթը եւ աչքերս հառեցի հաջորդ էտյուդին: Սակայն թարմանալ էր պետք: Ծխել եւ տեղափոխվել, սուրճ խմել:

Ռեստորանի կողմը գնալիս տեսա, որ վարսավիրներն ազատ են, երկու երիտասարդ կանայք էին այս հերթում, նույնիսկ երեսուն-երեսունհինգից երիտասարդ, պարապ նստած ծխում էին:

Առաջին անգամ էի վարսավիրանոցում սափրվելու եւ որոշակի տհաճություն էի զգում: Նոր սայր հանեց, թե չէ զգուշացնելու էի: Լավ էր աշխատում աղջիկը, թեթեւ եւ վստահ, ազդրերով հաճախակի դիպչում էր արմունկներիս:

Ես ուսումնասիրում էի մեծադիր հայելու մեջ հայտնված անծանոթին, որը նմանվում էր վեց ամիս առաջ այս օդանավակայանում իջած երիտասարդին, այն ժամանակ թմբլիկ, այժմ մաշված այտերով, անքնությունի՞ց սառած ու անարտահայտիչ հայացքով, ամենեւին էլ ոչ պատանեկան տեսքով:

Աղջիկը մաքրում էր դեմքսՙ նկատելիորեն ինքն էլ հաճույք զգալով իր աշխատանքի արդյունքից: Շոյելու պես շոշափեց կզակիս տակը եւ կոկորդս:

- Խնդրում եմ, առանց որեւէ անուշահոտության,- հասցրեցի կանխել նրան:

- Բացարձակապե՞ս,- զարմացավ վարսավիրուհին:

- Այո:

- Իսկ մազերը չե՞ք ուզում կարգի բերել:

- Եթե տեսնում եք, որ կարիք կա, կտրեք, խնդրեմ:

Հաճելի էր այդպես նստել հանգիստ, մեծ, հարմար բազկաթոռի մեջ, առանց հարեւանների, հանձնվելով ճարտար ձեռքերին:

Հետո լվաց գլուխս, ամենահաճելի գործողությունն էր եւ անհրաժեշտ: Թարմացած դուրս եկա վարսավիրանոցից:

Աղջիկներն իմ աթոռը գրավել էին, պայուսակ եւ վերարկու էին դրել, այդպիսով տեղս պահելով: Դրա հույսով չէի վերադարձել, անցնում էի ազատ աթոռ փնտրելով:

Նինայի տարիքի աղջիկներ էին, իսկ կողքինս նրա նման մազեր ուներ եւ հաճախ էր թեթեւակի ցնցումով հետ գցում ճակատից... Ինայի երազանքը...

- Խնդրեմ,- ասաց առաջին հայացքից ինձ չճանաչելով,- նստեք, կվերցնեմ...

- Չէ, ոչինչ,- ասացի,- ուրիշ տեղ կգտնեմ:

Այնուամենայնիվ նստեցի, չէի կարող անտեսել նրա բարեհաճ վերաբերմունքը:

- Եթե կարելի է, մի հարց տամ:

Աղջիկը պատրաստակամորեն շրջվեց:

- Նրանք ինչո՞ւ էին դժգոհում ինձնից:

Դիմացի նստածները չկային, բայց ամեն աթոռին մի ամսագիր էր դրված, զբաղված էին:

- Նա Ձեզ հարցրեցՙ աթոռներն ազա՞տ են, իսկ Դուք չպատասխանեցիք:

- Ցավալի է,- ասացի,- չեմ լսել:

- Ինձ էլ այդպես թվաց,- հաստատեց աղջիկը,- թեեւ ուղիղ իրեն էիք նայում:

Նինայի պես փթթուն աղջիկ էր:

Ես Նինային էլ էի սիրում... բայց որպես Ինայի լրացման: Ճիշտ էի ասել: Քույրերը նման էին իրար, բայց Նինան էր Ինային լրացնում եւ ոչ թե հակառակը: Նրա միջոցով ավելի լավ էի տեսնում Ինային, ինչպես Շուգան ինձ ավելի դուր եկավ, հենց որ տեսա նրա աղջկան: Աղջիկն էլ նրան էր լրացնում: Ավելի շուտ, դա ոչ թե լրացում էր, այլ հավելյալ բացահայտում, քանզի նրանքՙ Շուգան եւ Ինան, երկուսն էլ գեղեցիկ էին... Ինչպես նաեւ Գալինա Իվանովնան: Գոնե առայժմ ամաչելու տեղ չունեի, միայն գեղեցիկ կանայք էին ինձ գրավում, գրավիչ եւ հետաքրքիր: Շուգային չէի կարող նրանց հետ համեմատել, նա ուրիշ աշխարհի կին էր, իրոք խորհրդավոր, մեր հպանցիկ շփումը չնչին էր նրան ճանաչելու համար: Չէի կարող համեմատել նաեւ Գալինա Իվանովնային եւ Ինային: Առաջ հաճախ էի մտածել, որ պետք է ստուգել... ուրիշի հետ համեմատել... Վերջապես ստեղծվել էր այդ հնարավորությունը: Եթե Գալինա Իվանովնան եւ Ինան ինչ-որ կերպ զգային մտքերս, գուցե կատաղեին անամոթ երիտասարդի լկտիությունից... Թեեւ յուրաքանչյուրին, ինչքան հասկացել էի, հետաքրքրում եւ նույնիսկ տանջում էր այդ հարցըՙ ինձ համար լա՞վ էր իր հետ: Իսկ ես, չգիտեմ ինչու, կարծում էի, թե դա հիմնականում տղամարդու մտահոգություն պիտի լինի: Քանի անգամ զգացել եմ Ինայի վախը, թե ինքը գուցե չի բավարարում ինձ: Նույնը եւ Գալինա Իվանովնան, ընդամենը մի գիշերվա մեջ նման հարց տվեց: Չէի կարող համեմատել, որովհետեւ միանգամայն տարբեր բաներ էին, ճիշտ էի ասել Գալինա Իվանովնային, սակայն ոչ մանրամասնությամբ: Ինան անհամեմատելի էր: Գալինա Իվանովնայի հետ վարվում էի փորձված տղամարդու պես, որը գիտի գործողությունների հերթականությունը եւ սցենարըՙ հարմարվելով նրա ցանկություններին: Պարզորոշ հիշում էի պահերը, հպումները, մարմնի բույրը, տպավորությունները... Իհարկե, լավ էր ամեն ինչ... Ինայի հետ անցկացրած ողջ ժամանակը ինքնամոռաց այրում էր, միասին քայլելը, խոսակցությունը, երբեմն միմյանց հպվելը, թռուցիկ կամ գողունի համբույրը, առանձնանալը, մերձեցումը, հետո գրկախառնված պառկելը, նույնիսկ կռվելու պահերը... Այդ ամբողջը անբաժանելի էր, այդ ամբողջը մերձեցում էր... Մատչելի կանայք շուտ են ձանձրացնում: Ինա՞ն էր մատչելի ինձ համար, թե՞ եսՙ նրա համար: Գետափի խորովածի օրը զգացել էի այդ մատչելիությունը, հետո որ այդպես էր թվում: Սակայն հետզհետե եւ անընդհատ ավելի ու ավելի ուժգնորեն գրավեց ինձ... անսպառ հմայքով... նույնիսկ վերջին պահին, հիվանդ եւ խեղճացած, չար եւ ուժասպառ, կարծես զրկված կանացիությունից... Չէինք ուզում իրար նվիրվել անմնացորդ եւ չէինք ուզում թեթեւորեն բաժանվել: Սիրո՞ւմ էր նա ինձ: Բայց ինչո՞ւ էր փախչում... Քեզ խաբողը կանկեղծանա... Մի՞թե Շուգայի գուշակությունն Ինային էր վերաբերում... Խաբելը սիրելն էր, անկեղծացավ եւ ցույց տվեց ճշմարտությունը...

Դիմացինները վերադարձան խմած, նստեցին աղմուկով, այս անգամ տարեցը նախահարձակ եղավ:

- Լսիր, դու,- դիմեց ինձ,- որտե՞ղ լողացար...

Պետք էր ծխել: Կանգնեցի, գիրքը դրեցի գրպանս: Աղջիկը տագնապով հետեւում էր: Մի բան պիտի ասեի, որ փախուստի նման չլիներ:

- Շնորհակալություն,- ասացի աղջկան,- շատ հաճելի հարեւանություն էր:

Նա ժպտալով գլխով արեց:

Ապա զգուշորեն անցա ճամպրուկների ու կապոցների արանքովՙ չնայելով դիմացի բթամիտ եւ անբարյացակամ տղամարդկանց, փակ շնչառությամբ խուսափելով «Տրայնոյ» հայտնի օծանելիքի հոտից: Բարեբախտաբար չշարունակեցին կամ չհասցրեցին, արդեն չէի լսում:

Մի պտույտ գործեցի շատ երկար ու կորավուն սրահով: Թերթերի եւ մյուս կրպակները գիշերը փակվում էին, բացի մի երկուսից: Բուֆետները, թեկուզ ոչ բոլորը, անընդմեջ աշխատում էին, դա լավ էր եւ ճիշտ: Մշտապես գործում էր նաեւ խոսակցական կետը: Մտադիր էի վերջին օրը զանգահարել Երեւան: Շատ ուշ էր, երեք ժամվա տարբերությամբ հանդերձ, Երեւանում կեսգիշերն անց կլիներ:

Առաջին հարկում Երեւանի ինքնաթիռի ուղեւորները շարվել էին: Զննեցի հերթը, ծանոթ դեմք չկար, բայց կարծես բոլորը ծանոթ լինեին: Հայը կճանաչվի նույնիսկ ոչ հայկական դիմագծերով: Ահա մի շեկ տղա, կապույտ աչքերով, ամենեւին էլ ոչ հայկական քթով, ցածրահասակ, փոքրակազմ եւ... ամբարտավան, դեմքի սպառնագին արտահայտությամբ, թե փորձի մեկնումեկը ինձ բան ասել... Մականունն էլ հաստատ Կյաժ է կամ Կյաժո եւ խոսելիս բերանը ծռում է...

Լայն հերթ էր, կույտով էին առաջ շարժվում: Ոչ մի չվերթի ուղեւորներ այդպես խուռներամ չէին լցվում:

Հաջորդ գիշեր իմ թռիչքն էր լինելու:

Մեկ օր դեռ անցկացնելու էի Նովոսիբիրսկում:

Ճանապարհեցի ուղեւորներին, երկրորդ հարկի բաց պատշգամբից հետեւեցի ինքնաթիռի բարձրանալուն, վերադարձա քնելու... Այսինքնՙ Ինային տեսնելու: Ազատվել էի լղրճուկ վերլուծությունից եւ լպիրշ համեմատությունից: Քնելու դիրքով տեղավորվում էի աթոռի վրա, գիրքը բացում էի, աչքերս փակում եւ տեսնում Ինային: Ալբոմը բացելու կարիք չկար, նա աչքերիս մեջ էր, ամենայն պարզությամբ տեսնում էի նրան: Նախադասություններ էին ձեւավորվում մտքիս մեջ եւ վերածվում տողերի: Ամբողջ պատմությունն էր գրվում, գիրքը պատրաստ էր, մնում էր ավարտը: Չէ՞ որ ես եմ ճակատագրեր տնօրինողը, ինչպես ուզեմ կվերջացնեմ այս պատմությունը: Գրքում հեշտ է, կարելի է ուժեղ լինել, համարձակ, շռայլ, վեհանձն, կարելի է անսպասելի զարգացումներ հրամցնել եւ խաչաձեւել: Կարող էի վերադառնալ Դիվինո, Ինայի մոտ, կամ նրան հետս տանել Երեւան, եթե գար, ասաց, որ բացառվում է: Դրանք տարբերակներ էին, որ նաեւ կյանքում էին հնարավոր: Ամեն դեպքում պիտի գործեր վերջին մղիչը, ես սպասում էի նրա թելադրանքին, որ ավարտեի պատմությունը: Այսինքն ոչ թե ես էի տնօրինում, այլ թողնում էի ճակատագրին եւ ենթարկվում... Ի վերջո պարտադիր չէ որոշակի ավարտը, ինչ-որ հանգրվանում, սովորաբարՙ ամուսնություն կամ մահ: Դա կոչվում է հանգուցալուծում... Բայց ինչո՞ւ անպայման լուծել, թող ընթերցողը զբաղվի շարունակությամբՙ կյանք ավարտից հետո: Գալինա Իվանովնան սիրում էր ինքը զարգացնել գործողությունները, բայց տրամաբանական զարգացում, ոչ թե քմահաճույքով, այսինքն նույնպես ենթարկվում էր ճակատագրին... Այդպիսի ընթերցասերները շատ են: Ինչո՞ւ հեղինակը նրանց պարտադրի իր լուծումը: Գիրքը հեղինակինն է, նա ստեղծում է իր աշխարհը, բայց եթե ուրիշների է հրավիրում այնտեղ, թող նրանց նույնպես ազատություն տա, թեկուզ որոշ չափով: Ցավալի է, որ տրամաբանական զարգացումըՙ գրքի հոգուց բխող շարունակությունը երբեք միակը չի լինում:

Վերջին օրը քաղաք չգնացի: Օդանավակայանում ավելի լավ էի զբաղվում, քան մեծ Նովոսիբիրսկում: Միայն ափսոսում էի Շուգային գտնելու հնարավորությունը բաց թողնելու համար: Ինային եւ Գալինա Իվանովնային տեսնելն ինձնից էր կախված: Եթե վերջին մղիչը գործեր, Երեւան թռչող ինքնաթիռի փոխարեն հարավ գնացող գնացքի մեջ կհայտնվեի: Ավելի շուտ կհասնեի Դիվինո, քան Երեւան: Շուգան գաղտնի գեղեցկուհի էր, սակայն ի վերջո նրան էլ կգտնեի օրեր, շաբաթներ շարունակ հերթապահելով կայարանում կամ հարցուփորձով:

Բոլոր բաժանումներն առանց պայմանավորվածության էին: Եթե հանդիպելու ենք, կհանդիպենք, ասաց Շուգան: Սիրահարները հանդիպում են առանց պայմանավորվելու, ասում էի Ինային: Գալինա Իվանովնան լռելյայն նույնն էր արտահայտում: Տեսնում էի նրա աչքերումՙ այս տղան գարնանը կվերադառնա: Նինան իմ հետեւից ջուր ցփնեց: Դա ոչ միայն բարի ճանապարհի, այլեւ վերադարձի մաղթանք էր, նա չգիտեր այդ իմաստը:

Իսկ ես ազատ քամի էի, անհայտ էր ապագան:

Վերջին զույգ գուլպան հագա: Էտյուդների գիրքը դրեցի պայուսակս, լրիվ թեթեւ եւ ազատ: Եթե զբաղմունք փնտրեի, ալբոմը, ծոցագրքույկս եւ գրիչս բավական էին: Զբաղմունքի պակաս չէի զգում, այս օրերը նույնպես հագեցած էին:

Շրջում էի ներսում, դրսում, ավտոմատներից գազով ջուր խմում, հանգստանում բուֆետներում, երեկոյան կմտնեի վարսավիրանոց, եթե նույն աղջիկը լիներ կամ թեկուզ ուրիշը: Ռեստորանում էի հրաժեշտ տալու Սիբիրին: Կարծես որոշված էր արդենՙ վերադառնում եմ Հայաստան:

Զանգահարեցի Երեւան, քրոջս: Մանեն անհանգստացած էր, իսկույն սկսեց նախատել.

- Ո՞ւր ես, ձեր բրիգադից բոլորը եկել են, ի՞նչ ես անում... Արդեն ուզում էինք հետախուզում հայտարարել...

Ամուսինը Երեւանում միլպետ էր:

Հանգստացրի նրան, որ ամեն ինչ կարգին է, տոմս չկար, թռիչքի ժամն ասացի:

Ժամից ավելի սպասել էի պատվերին, Երեւան դժվարությամբ էր միանում:

Վարսավիրանոցն ու ռեստորանը հետաձգեցի:

Երեկոյան տասին թերթիկի վրա լրացրի պատվերս եւ մոտեցա խոսակցական կետի պատուհանին:

- Երեւա՞ն,- վախով հարցրեց աղջիկը, դեմքս հիշել էր,- անհնար է, գիծը ծանրաբեռնված է:

- Ես Երեւան չեմ պատվիրում: Ալթայ կարելի է հավանաբար:

- Օ՜, Ալթա՜յ... խնդիր չկա, մի քանի րոպեից կմիանա:

Երկու համար էի գրել, տատի տան եւ իրենցը, որ չպատասխանելու դեպքում միացնեն: Առաջինը տատի տան համարն էր, ենթադրում էի, որ այնտեղ կլինի... կամ կլինեն:

Մի քանի րոպեից աղջիկն ասաց.

- Հենց առաջին համարն է, երկրորդ խցիկ:

Մտա, փակեցի դուռը, վերցրեցի խոսափողը:

- Ալլո, լսում եմ, ո՞վ է,- լսեցի Ինայի ձայնը:

Չկարողացա խոսել:

- Ձայն չկա,- շարունակում էր Ինան, երեւի Նինային էր ասում,- ո՞վ պիտի լինի...

- Խոսեք, երիտասարդ, կապ կա, համարը միացրած է,- ինձ ձեռքով արեց աղջիկը:

- Ինա,- ասացի:

- Ո՞վ է խոսում,- կրկնեց Ինան, ձայնս չէր ճանաչել իհարկե:

- Ես եմ...

Լռելու հերթը նրանն էր:

- Ինա,- ձայն տվեցի:

Պատասխան չկար:

- Արամ, դո՞ւ ես,- Նինան էր:

- Այո, ես եմ, բարեւ, Նինա:

- Բարեւ...

- Ի՞նչ եղավ Ինային:

- Դուրս եկավ,- ասաց քույրը,- ահավոր է, ահավոր վիճակում է, չգիտեմ, թե ինչ է լինելու,- երեւի չպիտի զանգահարեիր: Ահավոր բան է կատարվել... գնացել է Գալինայի մոտ...

Սարսափելի էր... քրտինքը ծածկեց կուրծքս:

- Դու ստորություն արեցիր, Արամ,- բորբոքված շարունակեց Նինան,- դու քրոջս գցեցիր այդ գարշելի կնոջ ոտքերի տակ: Գիտե՞ս ինչ է ասել Ինային... «Բայց եւ լավն է քո տղան»: Ահա, հրճվիր, հպարտացիր...

- Նինա...

Խզված ձայնով հազիվ ընդհատեցի, վախենում էի, որ կսկսի հայհոյել...

- Ի՞նչ, էլ ի՞նչ կարող ես ասել...

- Կանչիր Ինային:

- Ի՞նչ պիտի ասես նրան:

- Կանչիր, խնդրում եմ:

Քիչ անց լսվեց Ինայի հանգիստ ձայնը:

- Ասա, լսում եմ:

- Ես քեզ սիրում եմ,- ասացի միանգամից:

- Վերջացրի՞ր:

- Ոչ:

- Շարունակիր:

- Ես քեզ սիրում եմ:

- Արդեն լսեցի, ինչքա՞ն ես կրկնելու:

- Անընդհատ:

- Դու սարսափելի դավաճան ես,- հանգիստ էր խոսում,- ուրիշների համար դա սովորական է, բայց դու դավաճանում ես սիրելով... Ես չէի հավատում սիրո գոյությանը եւ... չհավատացի... որովհետեւ դու գողացար սերը... Քեզ միայն հաճույքն է պետք, ամեն ինչում...

Լռեց:

- Շարունակիր,- խնդրեցի,- ուզում եմ ձայնդ լսել:

Միշտ ինքն էր ասումՙ խոսիր, ուզում եմ ձայնդ լսել:

- Ձայնս հաճելի՞ է:

- Այո, շատ...

- Ես քեզ հաճույք չեմ պատճառի:

Դրեց հեռախոսը:

Միայն դրսի ցուրտը եւ սիգարետը կփրկեին:

Մի՞թե այդ քնքուշ եւ բարի կինը նման բան էր ասել: Ուրեմն կանանց չեմ ճանաչում ամենեւին եւ երեւի երբեք չճանաչեմ: Պատկերացնում էի, թե ինչպես են ծառացել միմյանց դեմ, ինչ թույնով եւ ատելությամբ: Հենց հայտնի դարձավ, որ Ինան իմացել է, ահավոր ցավն ու ամոթը բռնեցին ինձ: Մինչ այդ առանձնապես չէի տանջվում, լոկ խղճի խայթ կար, սակայն նաեւ թաքուն ինքնագոհություն: Մի՞թե մոտեցել, հոտ է քաշել կամ ուղղակի հարցրել է, սպասելի էր նրանից: Ուրեմն ինչքան է սիրել ինձ, որ այդպիսի նվաստացման է դիմել, կատաղությունից: Եթե չսիրեր, կարհամարհեր ու մոռացության կտար... Ե՛վ սիրում էր, եւ՛ փախչում...

Քանի անգամ ինձ թվացել էր, թե հասել եմ վերջին, բայց չգիտեի, որ վերջն ինքնաբերաբար է լինելու: Սա վերջն էր, այո, կյանքիս մի հատվածի վերջը, գուցե լավագույն հատվածի... Եվ իսկույն ճշտեցիՙ մինչ այժմ ապրած կյանքիս...

Վարսավիրանոց չմտա, ոչ էլ ռեստորան: Չէի ուզում շփվել կամ խոսել որեւէ մեկի հետ, շարժումն ամենից լավ էր առանձնացնում, սրահում, ամբողջ երկայնքով, առաջին հարկի ժխորի մեջ, դրսում, ծխելով: Մի քանի րոպե նստում էի աչքերս փակ, նորից սկսում պտույտը...

Թռիչքի ժամը մոտենում էր, հայերն արդեն շարվում էին, ամենից անհամբերները:

Հանեցի իրերս, ճամպրուկս հանձնելու էի, պայուսակը հետս կվերցնեի: Կանգնեցի հերթի վերջում, եթե դա կարելի էր հերթ անվանել: Ես չէի շտապում, մյուսներն ուզում էին անպայման վայրկյան առաջ գրանցվել եւ հանձնել բեռը: Գիտեի, որ բոլորս միաժամանակ ենք հասնելու Երեւան: Անկանոն հերթը, անկարգապահ եւ կոպիտ ուղեւորներն ինձ չէին խանգարում: Ես կարողանում էի անջատվել շրջապատից, պարփակվել եւ սառը դիտորդի պես լոկ հետեւել: Այդ մարդիկ հայրենակիցներ էին, այսինքնՙ հարազատներ ինչ-որ չափով:

Ինքնաթիռը ցրում էր բոլոր կասկածներըՙ վերջնականապես հաստատելով, որ իրոք աշխատել եմ խոպանում եւ վերադառնում եմ Հայաստան: Առջեւում երկար թռիչքն էր, որը մեկ ժամով ընդմիջվելու էր Սվերդլովսկում: Հարկ եղած դեպքում կարող եմ ասել, որ եղել եմ այդ քաղաքում:

Ինքնաթիռում ավելի ահավոր վիճակ էր, քան օդանավակայանի հերթում: Խոպանիստները, ինչպես եւ գարնանը, գրեթե լիովին գրավել էին սրահը: Նույն մարդիկ էինՙ չսափրված, անխնամ, կոշտ ու կոպիտ, գոռգոռացող: Մի նկատելի տարբերությամբՙ գարնանը կուշտ տեսք ունեին, նոր դաշտ դուրս եկած եզների պես, ձմեռվա պարապ կյանքի գիրությամբ, հիմա նիհարած էին, մաշված, տանջված: Եվ խոսակցություններն էին որոշ չափով փոխվել: Էլի լսում էիՙ ցեխ, բետոն, ասֆալտ, պայմանագիր, բայց ավելի շատ խոսում էին հիմնարկների պետերի խաբելու, բրիգադիրների խարդախության, ընկերների դավաճանության, կռիվների, վաստակած գումարների կամ ձախողված սեզոնի մասին:

Բոլոր ծխողները ծխում էին, չծխողներըՙ նույնպես: Աղմուկ, հռհռոց, իրար ձայն տալ... Այդ ամենը տեսել էի գարնանը, այժմ սակայն տուն վերադառնալու ուրախությունը սաստկացնում էր ժխորը... Այդ մարդիկ ինձ այլեւս չէին խանգարում եւ չէին հետաքրքրում, ինչպես նաեւ չէր հետաքրքրումՙ ուղեկցորդուհին գեղեցի՞կ է, թե՞ ոչ... Ես պիտի քնեի, գոնե մինչեւ Սվերդլովսկ: Քնելը առանձնանալու եւ փակվելու լավագույն հնարավորությունն է:

Դիվինոյից դուրս գալուց հետո հետաձգում էի վերլուծությունը, ամփոփումը, ավտոբուսում, գնացքում, Նովոսիբիրսկի փողոցներում, օդանավակայանում: Ինքնաթիռը կարծես ամենահարմար տեղն էր: Սակայն դեռ պատրաստ չէի դրան, ինչպես որ ներվելուն պատրաստ չէի: Ես հանձնվում էի ժամանակի ընթացքին: Միայն ժամանակն է տալիս պատասխանը: Կողքից լավ է երեւում, ասում են շախմատիստները: Ես պետք է դուրս գայի դրությունից եւ կողքից նայեի, որ պատկերացնեի ու լավ հասկանայի կատարվածը: Երեւանի ծխոտ փողոցների կարիքն էի զգում, Երեւան-Լենինական ճանապարհի, մեր գյուղի քարափների: Միայն այնտեղ կհասկանամ...

Հոկտեմբերի քսանվեցն էր լուսանում: Ճիշտ վեց ամիս առաջՙ ապրիլի քսանվեցին թռել էի Երեւանից:

Սեզոնն ավարտվեց...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.