AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-03-03 23:12:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4578, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 159

ԿՅԱՆՔԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱ

Հանրահավաքները սկսվեցին միանգամից: Դա մի ժամանակ էր, երբ խորհրդային մարմիններն առաջվա եռանդով չէին աշխատում եւ կամաց-կամաց կազմալուծվում էին, ավելի ճիշտ` աշխատում էին իներցիայով, կենտրոնից դեռեւս հրահանգներ ստանալով եւ կես-կատարելով, կես-չկատարելով. Հայաստան էր եկել ով ասես` հարեւան պետությունների լրտեսներ, լոկալ հայրենասերիկներ, որոնք հրահանգ չունեին իրենց երկրների հատուկ ծառայություններից, բայց ջանում էին Հայաստանում ինքնագլուխ խժդժություններ հրահրելով` իրենց երկրներում փառավորվել: Ով ասես կար` հսկողությունը թույլ էր, սահմանները բաց, Սովետը շատ էր թուլացել` վերահսկելու համար, մերոնք էլ` զգացմունքի գերի, հավատները չէր գալիս, որ հայերեն խոսող մեկի մտքին վատ բան կարող է լինել:

Հանրահավաքները տանել չէր կարող: Ճիշտ է, դրանց ասում էին ազգային զարթոնք, բռունցքները միասնական վեր էին պարզում, հրապարակով մեկ շուրթերը սեղմած որեւէ ազգային մեղեդի մռմռում` էներգիան հոսանքի խփելու նման էր փոխանցվում: Երբ այնտեղ էիր` դառնում էիր նրանցից մեկը, սիրտդ խփում էր մյուսների սրտերին համաչափ, ուրիշ անգամ պարզունակ թվացող միտքը հանրահավաքի հարթակից բարձրաձայնվելով` հնչում էր որպես աներկբա մարգարեություն: Բայց լինում էր, որ մարդիկ իջնում էին միասնության բարձր ոլորտներից եւ վերածվում ամբոխի. ողջամիտ մեկի խոսքը եթե դուր չգար, չհասկանային պարզապես` ծեծում էին տեղնուտեղը: Մի անգամ Մարինկան իր ռեժիսորին հազիվ փրկեց ստույգ ծեծից. էս Տատինցյանը ռուսախոս էր, սովորել էր ասիստենտների բաժին հրամայական տոնին ու չպահանջարկված ժյուրիականի իր գնահատականները հնչեցնում էր տեղի-անտեղի. թե միտինգավարներից որ մեկի միտքը տխմարություն անվանեց նա` իդիոտիզմ, Մարինկան ուշադրություն չդարձրեց, բայց այդ բառը լսած կանանց մի խումբ անմիջապես սկսեց քաշքշել նրան: Լավ է, դրանց մեջ հարեւանուհուն` ՀՀՇ-ական Սիրուշին տեսավ, որը Մարինկային նկատելուց հետո անմիջապես իրեն հավաքեց եւ կարգի հրավիրեց հաստաբազուկ ընկերուհիներին: Հանրահավաք չէր սիրում, բայց Տատինցյանի պեդանտիզմն էլ տեղին չէր: Այդպես երբեմն իջնում էին հանրահավաքի` երեքշաբթի եւ ուրբաթ, եթերից հետո, ողջ ստեղծագործական խմբով. մեքենան իջնում էր ԱԴՐԻ (ռուսերեն հապավում էր` արվեստի աշխատողի տուն), օպերայի մոտ, ուր առաջ «Միջանցահովիկ» սրճարանն էր: Ամռանը դեռ լույս էր լինում, իրենց քաղաքային հեռուստածրագիրը սկսվում էր յոթին, տեւում էր մեկ ժամ, հետո մինչեւ հավաքվում էին, մեքենան Նորքից քաղաք էր իջեցնում` լինում էր իննի կողմերը. 88-ին հանրահավաքները հենց այդ ժամին իրենց բարձրակետում էին, կամ էլ երթ էր սկսվում` պրոսպեկտով, հրապարակով մարդիկ գալիս-անցնում էին ՊԱԿ-ի մոտով, մի երկու բերան գոռում էին «Ամոթ» եւ շարունակում էին երթել, մինչեւ մութն ընկնում էր: Եթերի օրերին Մարինկայենց ստեղծագործական խումբը նույնպես այդ իրադարձությունների մասնակիցն էր դառնում: Հանրահավաքներն ավելի էին ահագնանում շաբաթ օրերին: Շաբաթ օրերին արդեն բոլորն էին հանրահավաք գնում: Մարինկան երբեմն բաց էր թողնում հանրահավաքները, բայց այդ մասին բարձրաձայն չէր ասում, որովհետեւ նա էր ավելի հայրենասեր համարվում այդ ժամանակ, ով ոչ մի հանրահավաք բաց չէր թողնում: Նույնիսկ եթե հանրահավաքները վարող կիսաստվածներից մեկին էիր եթեր հրավիրել` դա էլ արդարացում չէր որեւէ բացատրություն լսելու ժամանակ ու հավես չունեցող, իրեն վերջապես հայ ու լիարժեք քաղաքացի զգացող միտինգավորի համար` այնքան որ տարիներ նրան արհամարհել էին, պահել երեսպաշտ ու կեղծ արժեքների հարկադիր կրունկի տակ: Արծաթե զարդերի սալոնի մոտ միշտ մի երիտասարդ տղամարդ էր կանգնած լինում` անշարժ, ոչինչ չարտահայտող դեմքով, ոտքերը լայն դրած` ասես մի կերպ պահելով մետրիննսունանոց հաստուպինդ մարմինը: Մարինկան շաբաթ օրերին մեկումեջ միտինգ էր գնում, ու այդ տղամարդուն նկատեց էմոցիայից զուրկ դեմքի պատճառով, մեկ էլ` ամեն անգամ նույն տեղում էր կանգնած լինում, միտինգի հապարակից մի փոքր հեռու, արծաթի սալոնի - Խնկո Ապոր գրադարանի մայթերի հատույթում: Հուզմունք, ուրախություն, ոգեւորություն արտացոլող մարդկանց ֆոնին` այս մեկն անտարբերության հուշարձան էր թվում, թեեւ բաց չէր թողնում հարթակի խոսափողներից հնչող եւ ոչ մի բառ: «Հերն էլ անիծած, մի ապուշ կլինի էլի», մտածում էր:

Երեխային հանրահավաք չէր բերում, չէր ուզում խաղից կտրել, առաջին դայակ ունեցողներից մեկը հենց ինքն է եղել: Մի օր միտինգն ավարտվում էր արդեն` մեկ էլ տեղատարափ անձրեւ սկսվեց. ժողովուրդը նստում էր ինչ պատահի, անցնող մեքենաների վարորդները պատուհանից բղավում էին իրենց գնալիք ուղղությունը, ու ով հասցնում էր` նստում էր անհրաժեշտը: Չիմացավ, թե ոնց լսեց` Ավան եւ ուրիշ չորսի հետ խցկվեց մեքենա: Այդպես ծանոթացան:

Սկզբում հանդիպում էին հանրահավաքների ժամանակ, լսում կարեւոր ելույթները, անկարեւորների ընթացքում խոսում դեսից-դենից: Երբեք որեւէ մեկի հետ չէր լինում, բայց մենակ մարդու տպավորություն էլ չէր թողնում: Մեքենան կանգնեցրած էր լինում մոտակայքում, ընդ որում` այն ամեն անգամ նույնը չէր լինում. մի երեք մեքենա կինն արդեն մտապահել էր: Մի օր իր տված պարզ հարցին, թե ինչ մեքենաներ են, անտարբեր ու անբռնզբոս պատասխան էր հնչել. «Տղերքի հետ հավեսի համար փոխում ենք»: Սակայն այդ պատասխանը չէր համոզել մասնագիտության բերումով ամեն ինչին կասկածով վերաբերվող կնոջը: Ու երբ պատահում էր, որ հանրահավաքից հետո այդ մեքենաներից մեկով էր բարձրանում Ավան` ուշադիր զննում էր ներսը, մտովի իրար կողք դնում ամեն մանրամասն: Շուտ նկատեց, որ խաղի կանոնները Ռոմիկն (այդպես էր ներկայացել) էլ է ընդունել. նա չնկատելու էր տալիս կնոջ կասկածամիտ հայացքները, բայց միշտ զգոն էր ու ոչ մի հարց նրան հանկարծակիի չէր բերում, նույնիսկ, նկատելի էր, նրան հաճույք էր պատճառում այդ մուկնուկատուն: Ընդ որում` իրեն պահում էր ջենտլմենաբար, երբեք չէր անցնում քաղաքավարության սահմանը, բոլորին հուզող թեմաներից դուրս որեւէ այլ թեմայից չէր խոսում: Կինն անորսալի ինչ- որ առոգանություն էր որսում նրա խոսվածքում, բայց այնքան աննշան, որ հնարավոր չէր տարբերակել: Տարբեր բառբառներով խոսող հայերին մինչդեռ հեշտ է տարբերակելը: Մարինկան ինքը մի օր փորձեց ճշտել.«Որտեղացի՞ է»: Կնոջը թվա՞ց, թե այդպես էլ կար` շփոթմունքի մի ստվեր սահեց նրա դեմքի վրայով: Պատասխանը, սակայն, առավել քան աներեր ու հաստատուն էր. «Ծնունդով Ալավերդուց է, ծնողներից զրկվել է մանկուց, մեծացել է Մոսկվայի մանկատներից մեկում»: Հաջորդ հարցը ծագում էր ինքնին` ի՞նչ է անում Երեւանում, հյու՞ր է, թե վերադարձել է ապրելու: Սակայն տղամարդը բարեհաջող խուսափեց հարցերից` խախտում թույլ տալով եւ 3 ռուբլիանոցը վարորդական իրավունքի մեջ խոթած դեպի ավտոտեսուչն ուղղվելով: Խուսանավումները նա բարեհաջող կրկնում էր նաեւ հետագայում:

ՄԱՐԻՆԿԱՅԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

«Ինչ էլ բառ է` օրինապահ: Ես , օրինապահ քաղաքացիս, հրաժարվում եմ այս բառից: Եթե օրինապահը ներկած մազերով, մանր սրիկայի փախչող աչքերով, մի քանի հարյուր կանաչի համար գործ սարքող, քրեականի պետի տեղակալ էս խարդախն է` ես հրաժարվում եմ «օրինապահ» բառից: Եթե հաստամարմին, նստելուց ու վերկենալուց տնքացող, քեզանից մի գաղտնիք փախցնելու համար իշխանավորից բամբասող էս «օպերն» է օրինապահը` չուզեցինք էդ օրինապահ բառը: Եթե կավատի արտաքինով մատնագիր գրող ու քաղաքացու վզին փաթաթող էս քննիչն է օրինապահը` ես, օրինապահ քաղաքացիս իրավունք ունեմ ինձ այլ մակդիրով անվանել` հակաօրինապահ: Կա, չէ՞ Արմեն Շեկոյանը, որ զանազան պատվիրված «բարձր» ու չկարդացվող-անպետք պոեզիաների կողքին ստեղծում է իր կարդացվող եվ պահանջարկված անտիպոեզիան»:

ՄԻՋԱՆԿՅԱԼ. ՕՐԸ ԵՐՐՈՐԴ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ

Հետ նայելը դժվարացավ: Թվում էր` ինչ է, հետ կնայես մի երկու-երեք տարի, շատ հեռու չէ, քեզ կզգաս այդ տարիների մեջ, ընթացք ու շարունակություն կընկալես, տիեզերական ժամանակի անընդհատությունը կհասկանաս, սերնդի ոգին կըմբռնես: Բայց` չէ, ընդհատումներ կան, որ տեսադաշտ են փակում, ու երբեմն սարսափեցնում է շղթայի կտրվելու վախը: Այդպիսի պահերին կորչում է այն կետը, որին նայելով ուշքդ պիտի հետ բերես: Լավ է, որ մի քանի վայրկյանով: Լավ է, որ հազարից մեկ: Իսկ այնպես` օր է էլի, լավ-վատ անցնում է: Զարթնում ես` Աստված կանչելով, որ մի վատ բան չպատահի, քնելիս շնորհակալ ես լինում Աստծուց, որ ոչ մի վատ բան չպատահեց` լավ բանի գլուխն էլ քարը:

ՄԻՋԱՆԿՅԱԼ. Times Armenian

(Լեւոն Ջավախյանի ու Արմեն Շեկոյանի ականջը կանչի)

Թաթը, որն անընդհատ իր խելոք լինելն ինքն իրեն ապացուցելու կարիք ունի: Թագուշը, որ նախանձում է ալամ-աշխարհին: Խմբագիրը, որ առանց շշի ոչինչ է: Գագոն, որ ներքինի է: Վազգեն Մանուկյանը, որ շատ խելոք է, բայց մեր ժողովուրդը թքած ունի: Որդիս, որ դրամական մրցանակ ստանալու համար կարող է նստել եւ բանաստեղծություն գրել: Ռուզանը, որ համարյա դասական է: Աղասը, որ քաղաքագետ է, բայց լրագրող է ձեւանում: Կարապետիչը, որ ոչ լրագրող է, ոչ էլ քաղաքագետ, ձեւանում է` գեղից մարդ չկա: Հայրիկյանը, որին այդպես էլ չգնահատեցին` մարգարեն իր գյուղում մարգարե չէ: Մերին, որ իրեն Քոնդոլիզա Ռայսի տեղն է դրել: Ջրի հսկիչը, որ համոզում է մի խորանարդ մետր ջուր ավել գրել` չգիտեմ թե ինչու: Լույսի մարդը, որ ամեն ամսի 3-ին գալիս ու շենքի հաշվիչները հետ ու առաջ է «ֆռռացնում»: Սամվելը, որ շեֆի հրամանով մի անգամ շալվարը հանեց` «Խաղալիքը» ֆիլմի հայկական տարբերակն էին փորձում: Քա-ղա-քա-պետի օգնական մի գավառացի: Մարիետան, որի մասին անեկդոտ կա, թե Բեն Լադենի մամլո քարտուղարն է: Տաթ-ը, որ Օստապ Իբրահիմովիչի փաստաբանն է: Էդոն, որ միաժամանակ չորս տարբեր հիմնարկներում է գտնվում, ու, ոչինչ, մինչեւ հիմա չի մասնատվել: Պետական մրցանակ ստացած մի տղամարդ, որ այդ արժանահիշատակ իրադարձությունից հետո շարունակ գլուխ է տալիս ինքն իրեն: Նյուզ Արթուրը, որի գյուղից ընդամենը մեկ մարդ է մնացել, եւ դա ինքը Նյուզ Արթուրն է: Տղամարդու անուն ունեցող ընկերուհիս, որ գրքերից արտագրում, հաղորդում է ռադիոյով ու տուն պահում: «Սերյա՛ն»,- իր որդու անունը մշտապես սխալ բղավող հարեւանուհիս: Լրագրողներին ծեծող Վարյանը: Թիկնապահների երկիր Հայաստանս: Բոլորիս շատ վաղուց մահացու հոգնեցրած ընդդիմության - իշխանության կորիֆեյները: Անցյալի պաթոսը վառ պահած մի կոմսոմոլ: Մի քանի բոցավառ պոպուլիստ: Անճաշակ ու թանկարժեք-վառվռուն փողկապներով մեծափոր պատգամավորներ` ճիշտ ժամը տասներկուսին «լանչ» անող իրենց տուտուզաբաց քարտուղարուհիներով: Հայացքով անընդհատ լրագրող փնտրող, բեղերը սրած «անկախներ», որ մոտերքում լրագրող չլինելու հանգամանքից թոռոմում են անջուր ծաղկի պես: Մերձքաղաքական ու մերձպատգամավորական բալզակյան տարիքի կանայք, որոնց ամեն ինչ տեսած հայացքը անորոշ թափառում է Ազգային ժողովի ոստիկանների, երիտասարդ լրագրողուհիների, ճամարտակող փրփրաբերանների վրայով ու կանգ առնում տաղտուկից փրկող բուֆետ տանող միջանցքի ուղղությամբ: Էդպես մի սուրու քաղաքագետներ, կուսակցապետներ, բոչկա գլորողներ` «ախպրտիք եւ ախպոր տղերք»: Չուզողի հերն էլ անիծած: Հայաստանը մի երկիր է դարձել, ուր ոչ ոք չի ասում այն, ինչ մտածում է: Հասարակ միտքն անգամ փոքրիկ պաշտոնյան հայտնում է բառերն ընտրելով, ու լսողը գիտե դրա տակ թաքնված իսկական ճշմարտությունը: Պաշտոնյաները պայքարում են կոռուպցիայի դեմ, իսկ մարդիկ հասկանում են, որ նրանք իրենց փայ կաշառքն են ուզում: Դատարաններում ոչ մի գործ չի քննվում` առանց գումար ձեռքից ձեռք փոխանցելու, բայց երկրի բարձր ատյաններից անընդհատ խոսում են օրենքի երկիր կառուցելու մասին: Բնակչությանը խաբում եւ միջին օղակի տարբեր պաշտոնների համար մրցույթներ են անցկացնում, իրականում այդ քննություն-մրցույթները լավ վարագույր են` ծածկելու Սովետի ժամանակից ավելի թունդ հովանավորչական պաշտոնավաճառությունը, որի մասին իրականում բոլորն էլ գիտեն: Բայց միշտ էլ գտնվում են մի քանի իրենք իրենց խաբողներ, որ մասնակցելով եւ դուրս մնալով` կայացնում եւ լեգիտիմ են դարձնում այդ մրցույթները: Այս երկրում այլեւս ամեն ինչ վաղուց դրված է վաճառքի, եւ ամոթալին այդ առքուվաճառքին չմասնակցելն է` հիմարի ու ծակգլխի անուն վաստակելով: Ըմբոստացողին միշտ էլ որեւէ ազգական բաժին կհանի Հայաստանում այժմ ամենից շատ լսվող խոսքերը. «Արա, չես կարում ապրես, ուրիշին խի՞ ես վատություն անում, մի կողմ քաշվի` թող մենք ապրենք»: Միաժամանակ այդ նույն մարդիկ եւ ժողովրդավարություն են կայացնում, եւ ազգային արժեքներ են պահպանում (եւ դրանց կրո"ղն են նախ եւ առաջ) . Եվրոպա են ուզում մուտք գործել` ումի՞ց են պակաս: Ազգային արժեքը սրանց կարծիքով խնջույքի սեղանին մի քանի կենաց բարբաջելն է` մարդասիրության, հարազատասիրության, ծնողասիրության վերաբերյալ, դրսի սովածների ջգրու: Էհ, Խորենացուն տվինք անցանք:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱ

Տղան հորական տատիկի մոտ էր` գոնե ամռանը կինն իրեն մեկ-մեկ թույլ էր տալիս այդպիսի շքեղություն. մի երկու օր միայն, ավելի Վահիկը չէր մնում: Վահիկի տատիկը հայոց լեզվի ուսուցչուհի էր. թոռնիկին շատ էր սիրում, իր հետ սառն էր, բայց չափազանց քաղաքավարի` ձեւ էր անում, թե հասկանում է սեփական կենսաձեւ ընտրելու կնոջ իրավունքը: Ամառ էր, տատ ու թոռ այս երկու օրը միասին էին հանգստանում դպրոցից, իսկ ինքը դեռ մինչեւ օգոստոս աշխատելու էր. մտմտում էր` Գառնի, աշխատողների հետ խնջույքի, գնա, թե՞ չէ: Կյանքը շրջվել էր գլխիվայր, թվում էր հեղեղի բերան է ընկել, ու թե ձեռքը չգցի մի հաստատուն բանից բռնելու` հեղեղը տաշեղի նման տանելու է իրեն: Աչքին ոչ Գառնի էր երեւում, ոչ էլ շեֆի պարտադրող հայացքը: Շեֆն ավերակ էր: Ամեն օր կես շիշ կոնյակը երեկոյան 8-ից 10-ի արանքում կում- կում ցամքեցնում էր, աչքերը նայում էին մշուշված, բոլոր հարցերը քննարկում էր անհարկի բորբոքվելով: Էլիտար հարբեցողի դասական օրինակ էր, ու դրա մեջ ոչ մի վատ բան չէր լինի, եթե տարրական հարցերում իսկ սեփական իրավացիությունը հաստատելու համար խմբագրության յուրաքանչյուր աշխատողից գերմարդկային ճիգեր չպահանջվեին: Երբեմն բանը հասնում էր իսկական սկանդալների, իսկ ամենասարսափելին այն էր, որ հարաբերությունները պարզելու գործընթացը արդեն բարդացած վիճակում տեղափոխվում էր հաջորդ օրվա առավոտյան ժամեր, ու արդեն շատ էր դժվարացած լինում շշից բաց թողնված ջինն իր ամանը վերադարձնել: Այդ բոլորից ավելի սարսափելին այն էր, որ ոչ մի լավ նյութ, ոչ մի տաք թեմա այդ խմբագրին չէր հետաքրքրում. նա իր թերթով աշխատում էր աչքի չընկնել, հատկապես իշխանավորների աչքին չընկնել, կամաց ու «տիխարի»` տերերին գովերգող նյութերը դեմ անել ընթերցողին, եւ առհասարակ, ինչքան երկար դիմանար այդ տաքուկ ու ձեռքը երկար տեղում առանց ղեկավարությանը չարացնելու` այնքան լավ: Այդպես էլ ապրում էր` խմբագրության աշխատողների նյարդերի վրա , վարչապետի հետ անցյալներում ինչ-որ ժամանակ ընկերությունը տեղի-անտեղի հիշելով, զայրանալիս ձեռքին եղածը գետնին շպրտելով, խմբագրության ներսում սիրուհիներ փոխելով:

88-ին ժողովուրդը ոտքի կանգնեց` նաեւ այս տեսակին ապագայում բացառելու համար, սակայն հեղափոխությունների այբուբենին մարդիկ տեղյակ էին միայն խորհրդային դասագրքերից, որոնցում ոչինչ չէր ասվում հեղափոխության փլատակների տակ չմնալու ձեւերի մասին: Ու հիմա այդ տեսակն էր օրվա տերը: Մարինկան հաճախ էր հետ նայում` անցյալի իր սխալները նորից կրկնելուց խուսանավել փորձելով: Չնայած շատ բաներ այդպես էլ չպարզված մնացին` մտովի համադրումներն այսօր նոր հայտածումներ էին մատուցում Մարինկային: Ափսոսում էր, որ շատ բան գրի չի առել այն օրերի իրադարձությունների ֆոնին, որովհետ- շատ բան էր մոռացվել այլեւս, կտրվել համատեքստից. մարդիկ ընդհանրացնում էին անցյալն` ըստ իրենց պատկերացումների եւ համոզմունքների, հաճախ ժամանակի համապատկերից դուրս: Մարինկան փորձում էր համադրել իր եւ ուրիշների ապրածն այդ ժամանակ` այդ եւս առանձնապես չէր ստացվում:

Հեռուստատեսությունում աշխատելու մասին Ռոմիկին այն ժամանակ չէր ասել: Ասելու հարկ էլ չկար, քանի որ անկապ հարաբերություններ էին` հանրահավաքային, թվում էր նրանց միայն հանրահավաքն է կապում: Եվ ուրիշ շատ մարդիկ էլ ընկերանում ու բարեկամանում էին Թատերական հրապարակում: Տղամարդը շաբաթներով անհետանում էր, հետո անսպասելի երեւում. անունից բացի նրա մասին ոչինչ չգիտեր` ինչո՞վ է զբաղվում, որտեղ բնակվում: Ենթագիտակցության մեջ ինչ-որ բան մղում էր Մարինկային չվստահել տղամարդուն, հեռու մնալ նրանից, եւ սկզբում դա նրան հաջողվում էր. նա սկսեց խուսափել տղամարդուց, հանրահավաք էր գնում պրոսպեկտի կողմից, նույն կողմից էլ տուն գնում, ավելի հաճախ աշխատում էր ընկերուհու հետ լինել: Մի քանի ամիս այդ մարդուն տեսադաշտից կորցրեց: Հեղափոխության եւ երկրաշարժի դժվար ժամանակ էր հաղթահարում հայ մարդը, հոգսն ու գործը շատ էր բոլորի համար, Մարինկան էլ ոգեւորված էր ամենուր եւ հեռուստատեսությունում եւս սկսված փոփոխություններով: Ուղիղ եթերները, որ մի երկու տարի առաջ չլսված-չտեսնված բաներ էին, ամբողջովին կլանել էին նրան: Զանգը հնչեց մայիսի քսանիննին, աշխատանքային հեռախոսահամարով, որը փախչող տողով միշտ գրվում էր էկրանի ներքեւում, Մարինկայի հաղորդման ընթացքում: Տվեցին Մարինկայի անունը եւ խնդրեցին հանդիպել շատ կարեւոր գործով: Մինչեւ մոտեցավ` անջատեցին: Բայց հասկացավ, որ Ռոմիկն է վերջապես տեսել իր եթերը:

Հանդիպեցին ռադիոտան հարեւանությամբ գտնվող «Եթեր» սրճարանում, որին ռադիոյի ժողովուրդը «Երկրորդ հարկ» էր ասում: Հետկեսօր էր, սրճարանում մեկ-երկու հաճախորդ կար: Տղամարդը շփոթահար ու մոլորված թվաց Մարինկային, անգամ հիվանդ: Մի քանի րոպե նստել էին, եւ նա ոչ մի բառ դեռ չէր արտասանել: Հետո վերջապես գրպանից մի ճմրթված նկար հանեց, դրեց սեղանին. Սերոբ Աղբյուրի հանրահայտ նկարն էր` գլխին չալմա: Կինն ուսերը թոթվեց:

- Երեկ ինչ-որ բան էիր ասում եւ այս մարդու նկարը ցույց տվեցիր:

Մարինկան նախորդ օրը հաղորդում ուներ, եւ քանի որ մայիսի 28-ն էր, հայ ազատագրական շարժման հերոսների մասին պատմելով` նաեւ Սերոբի մասին էր մի քանի խոսք ասել: Տղամարդու հարցերին պատասխանելով` Մարինկան պատմեց Սերոբի մասին ինչ որ գիտեր: Տղամարդը գլուխը ձեռքերի մեջ առնելով` մի երկու րոպե մտքերի մեջ ընկավ, հետո առաջվանից ավելի շփոթահար` շնորհակալություն հայտնեց հանդիպման համար եւ հրաժեշտ տվեց: Վերեւից նայելով, թե ինչպես է նա արագ իջնում աստիճաններով` կինը զարմանքից չգիտեր, թե ինչ մտածեր:

Մի քանի օր անց տղամարդը նորից զանգեց, որից հետո մի քանի անգամ հանդիպեցին: Իր մասին այնպիսի անհավանական, արկածային վեպերին արժանի մի պատմություն էր պատմում, որը Մարինկայի` նախ որպես լրագրողի քննական հայացքին ոչ մի կերպ չէր դիմանում, հետո ընդհանրապես` հայերիս ապրած բարի-միամիտ , սպիտակ-սեւ այդ ժամանակի մեջ չէր տեղավորվում: Եւ ավելի շատ` դա վառ երեւակայություն ունեցող մի սուտասանի հորինվածքի էր նման, քան իրականության: Մի ձեռքով արած հոլիվուդյան վատ կինոֆիլմերի թույլ սյուժեներից ավելի թույլ էր, եւ գլխավորը` ինչու՞ էր հանկարծ այդ ամբողջը Մարինկային պատմում:

- Հիշողությունս բացված լինի կարծես` երկարատեւ քնից հետո, միակ մարդը, ումից վտանգ չեմ տեսնում` այդ դու ես,- այդպես բացատրեց:

Հետագա հանդիպումները Մարինկային առավել էին պարուրում տարօրինակ զգացումներով:

Այդ մարդը պատմում էր, որ ծնողներին չի հիշում` իրեն ասել են, որ ծնողներ չունի: Նրան երեք տարեկանում իր հետ տարել է ամբողջ Խորհրդային Միությունով մեկ շրջող գնչուական խմբերից մեկը: Իրեն մեծացնող ծեր գնչուհին` Բաբա Եսկան, երբ ծանր հիվանդացել է` երեւի խիղճը տանջել է. իրեն մահից հետո լրիվ անտեր չթողնելու համար 7 տարեկանում հանձնել է մոսկվայամերձ մանկատներից մեկը: Միակ ունեցվածքը եղել է իր մոտի չալմայով մարդու լուսանկարը եւ այն մի քանի խոսքը, որը երկտողով նկարի հետ իրեն է փոխանցել Բաբա Եսկան.«Այս նկարը լավ կպահես, քո հայրն այս մարդու տղան է, նա փրկվել է թուրքի ձեռքից, ուրիշի անունով ապրել Ռուսաստանում, մայրդ եղել է ռուս հանրահայտ երգչուհի. քեզ գողացել են նրանցից, իսկ հետո հայրդ ու մայրդ միասին չեն ապրել. ահա այն բոլորը ինչ ես գիտեմ, բայց քեզ ինձ տվող կինն ասել է, որ ինչ-որ ժամանակ դու այս նկարով կգտնես քո անցյալը»:

Մարինկան նրան հավատացնում էր, որ այդպիսի բան հնարավոր չէ, որ Սերոբի երկու դեռահաս որդիներն էլ զոհվել են նրա հետ, բացի այդ էլ` Սերոբի կին Սոսեն, որ մինչ- 1953 թվականը, այսինքն` ամուսնու եւ որդիների զոհվելուց հետո 60 տարի ապրել է, կյանքի վերջում` նաեւ Երեւանում, կիմանար այդ մասին: Եթե անգամ նրա որդուն իրենից գաղտնի փրկած լինեին` այդ 60 տարում որեւէ ձեւով որեւէ մեկը նրան հայտնած կլիներ: Ռոմիկն իրենն էր պնդում, ասում էր, որ ծեր գնչուհին իզուր չի տվել իրեն այդ նկարը` մի երկտողի հետ միասին, բացի այդ` սրտով է զգում, երկար տարիներ թմրած սիրտը կարծես արթնացած լինի, Մարինկան թող ուշադիր նայի նկարին` միթե՞ ակնհայտ նմանություն չի զգում: Աչքերն, այո, նման էին` թրատող ու հանդուգն նույն հայացքը: Սակայն նկարից նայող թուխ մաշկով Սերոբի համեմատ` սպիտակ մաշկով, կանոնավոր քթով տղամարդ էր Ռոմիկը, բավական բարձրահասակ եւ բռնքամարտիկի նման մկանուտ, իսկ պատմածըկա՞ն չէ մարդիկ, որոնք իրենց համար լեգենդներ են հորինում, ու հավատում դրանց իրականությունից ավելի:

Մարինկայի կյանքի մեջ նոր` անիրական-անհասկանալի երանգ մտավ. նա շարունակում էր առաջվա նման վարել իր հաղորդաշարը, որդուն դասերից հետո լողի տանել, միաժամանակ Ռոմիկի հետ ոչ հաճախադեպ հանդիպումների ընթացքում նրա խնդրանքով պատմել հայոց պատմության արժանահիշատակ դեպքերի ու մարդկանց մասին, անգամ հայերեն գրել սովորեցրեց: Մարինկան կարծես ապրում էր զուգահեռ, իրար հետ կապ չունեցող երկու տարբեր աշխարհներում: Տղամարդը կամաց-կամաց սկսեց խոսել առանց թեթեւակի առոգանության, համարյա երեւանցու նման: Նա խնդրում էր Մարինկային գրքերում նորից կարդալ Սերոբի կյանքի բոլոր մանրամասները եւ պատմել իրեն: Մի անգամ Սերոբի մահվան պատմությունն անելիս Մարինկան այդ հսկա տղամարդու աչքերում արցունք տեսավ: Մարինկան բացատրություն չուներ, բայց եթե համեմատում էր տղամարդու հետ ծանոթության սկզբի ամիսները ավելի ուշ ժամանակի հետ` ակնհայտ էր, որ իր համար անտես պատճառներով անշարժ դիմակե պատից տղամարդը վերածվել էր ուրիշ` հուզվող, զգացմունքները ցուցադրելուց չամաչող մարդու:

ՄԱՐԻՆԿԱՅԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

Մթության մեջ տարածվող խուլ ոտնաձայնից միայն կարելի է գլխի ընկնել, որ շուրջը շատ մարդ կա: Երբեմն հազ ու փռշտոց, ցածրաձայն խոսակցություն է լսվում, կարծես մթությունից ճնշվելով` մարդիկ շշնջոցով են խոսակցում: Նյութն իրենց ամենօրյա քայլքն է քաղաքակիրթ թվացող քաղաքի կենտրոնից մինչեւ արվարձան` ամեն երեկո, տունդարձին: Անծանոթ մարդկանց միավորում է շատ բան` բենզին չլինելը, ուտելիքի պակասը խանութներում, արժեզրկված ռուբլին, անճարակ կառավարություն ունենալը եւ հույսի ավելցուկը: Օտարին, սակայն, անհասկանալի է միայն հույսով կերակրվելու այս դասական տեսարանը` մթության մեջ Նորքի զանգված տանող ճամփան բռնած մարդկանց շարասյունը, որոնց երբեմն լուսավորում են բենզին ունեցող , մարդկանցով ճխտված հատուկենտ մեքենաների լուսարձակները: Օտարին անհասկանալի է մարդկանց համակերպումը եւ հույսը, հույսըգոնե էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու:

Ձյունապատ, մութ եւ տեղանքին ծանոթների համար միայն հաղթահարելի փողոցում , սակայն, էթնիկ միատարրություն է, օտարներն այդ տարիներին քիչ էին լինում Հայաստանում: Հայ մարդը մնացել էր մենակ իր հույսի հետ, բայց չէր հուսալքվում. Ղարաբաղ կար, երկրաշարժի վերքերն էին բաց: Խռնվում էին օդանավակայաններում, հացի ու նավթի հերթերում, լուռ եւ ցավակցաբար դիտում էին Երեւանի կրթական կենտրոններում սովորող արտասահմանցի ուսանողների «Լույս եւ ուտելիք` մենք անասուն չենք» պաստառով ցույցը` դե, հայ չէին, ո՞նց կարող էին դիմանալ եւ ինչու: Նաեւ իծաշարուկ երկար հերթեր էին գոյացնում «ՕՎԻՐ»-ի դռներին` գնացողը գնում էր: Գնացողը մնացողին անվանում էր խանգարված եւ օրապակաս, մնացողը տարակուսանքով թոթվում էր ուսերը` հիշեցնում թոքախտավոր, հյուծված, բայց երկիր պահող Նժդեհի, սպիտակ կոստյումով ու սպիտակ դրոշով գյուղերով ոտնաքարշ շրջող Թումանյանի, Ղարաբաղում զոհված տղերքի մասին, ուչէին հասկանում իրար, գնացողը գնում էր, մնացողը` մնում: Գնացողները ինքնաթիռ նստելիս անպայման հրում էին միմյանց, տրորում իրար ոտք, գոռգոռում, որ բեռների գոնե կեսը մի կերպ ինքնաթիռ խցկեն: Հետո գերբեռնված ինքնաթիռը ճռռոցով, օդային սայլի պես ԱՊՀ որեւէ երկրի որեւէ քաղաք էր տեղափոխում կոշիկ, կոնյակ, միկրոսխեմա եւ էլ ինչով որ դեռեւս հայտնի էր Հայաստանը: Օտար օդանավակայաններում նորից հրհրելով` ստանում էին բեռները, հետո ցրիվ գալիս խանութներով ու շուկաներով: Ծախում էին, փող սարքում, տուն ուղարկում, հետո գնում ուրիշ քաղաքներ, եւ այդպես շարունակ: Տեղափոխվելուց կամ տուն դառնալուց առաջ հիշում էին, որ հյուրասեր ազգի ներկայացուցիչ են, ռուս ժլատ տանտիրոջ համար մի կարգին խորոված էին անում, հյուր լինելով` էլի իրենք էին հյուրասիրում, հաշվում էին օգուտն ու վնասը, ու, հայդե` կամ մի ուրիշ քաղաք, կամ մի ուրիշ երկիր: Հետ եկողներն ավելի շատ «տակ տալուց» էին խոսում, իսկ մնացած-չգնացածները գլուխները քորելով ու երազանքով հեռուն նայելով` լսում էին նրանց: Եվ այդպես դանդաղորեն հոսում էր հայկական ժամանակն անցումից անցում` դեպի շատ հեռու գտնվող ժողովրդավարություն, ինտեգրում, բարեկեցիկ անհասանելիություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱ

Կադրում նստած է մի բանաստեղծ` համարյա տաղանդավոր: Վերեւից ներքեւ չափում է Մարինկային, ստուդիան, միկրոֆոնը. «Հետամնաց սարքեր են, նախնադարյան բազկաթոռ»,- քրթմնջում է նա` ասես Մարինկան ոչ կարող էր այսքան ժամանակ գլխի ընկնել, ոչ էլ իր չափ խելք ուներ:

- Սցենար գրել չգիտեն, մեզ էլ տանջամահ են անում,- ի հավելումն գարշելի իրավիճակի` քրթմնջում է կիսագրագետ ռեժիսորը:

Դերասանուհին, որ բանաստեղծություններ է կարդալու, հագել է ամենաանճաշակ կապույտ` ի հեճուկս ստուդիայի երկնագույն ձ-ավորման: Գավառական հաղորդում, գավառական մասնակիցներ` ինֆարկտ ստանալու մաքուր միջավայր` ինչպես դասընկերուհին` բժշկուհի Սրբուկն էր սիրում ասել:

- Մի քանի րոպեից կադրում ենք,- ռեժիսորը չթթացնում է բթամատով եւ ցուցամատով, այսինքն թե` գնացինք, ամեն ինչ հալած յուղի պես է, եւսկսում է սուլել` սպասելով «Միկրոֆոն» լուսանշանի միանալուն: Մարինկայի սիրտը խառնում է այն բանից, որ քիչ հետո այդ ինքնասիրահարված բանաստեղծին վարողը տալու է իր գրած շաբլոն հարցերը. «Ի՞նչ ստեղծագործական մտահղացումներ ունեք», «Մեր կյանքում ի՞նչն է մտահոգում ձեզ» եւ այլն: Ատում է այդ բոլորը` միջակ բանաստեղծին, որին տաղանդ են հռչակել, դերասանուհու վճարովի ծեքծեքումները, Գլավլիտով անցած տեքստից դուրս չգալու պարտադրանքը: Միակ արդարացումը կադրն է` եթերային հիվանդություն, որով վարակվել էր նա քաղաքային ծրագրի ուղիղ եթերները վարելիս, եւ որի ազարտն ու կադրում ազատ աշխատելու արբեցումը ոչ մի բանով համեմատելի չեն այս հնաոճ «Այս երեկո, այս ժամին»-ների հետ: Ինչ արած` թարմ շունչը դանդաղորեն էր մտնում խորհրդային ոսկրացած ավանդույթներով ներծծված հեռուստատեսության խմբագրասենյակները, իսկ քաղաքային ծրագիրը, որը համեմատաբար ազատ էր ուղիղ հեռարձակման շնորհիվ, դեռեւս փորձարարական էր եւ ամուր ոտքերի վրա չէր կանգնել: Ու հենց այդ փորձարարությունն արբեցնում էր Մարինկային: Եւ ոչ թե այս քնած հաղորդման պես

Կադրից դուրս կյանքն էր` ամենօրյա աղտեղություն. շուրջը ժխոր, կեղծիք, երեսպաշտություն: Սրբերի կերպարանքով դավաճաններ, իրենց մորն անգամ երեսուն արծաթի համար ուրացողներ, հայրենիքից ու Ղարաբաղից խոսող անբաններ: Բայց կադրից դուրս նաեւ այն երիտասարդ տղամարդիկ էին, որոնք հենց այդ նույն շրջապատին իրենց արժեքներն էին պարտադրում` մասնակցելով առաջին կռիվներին եւ հայրերի հողի համար արյուն չխնայելով: Ճառ ասողները ճառ էին ասում ու դրանք շատ էին, բայց զանգ կախողներ էլ գտնվեցին, ու դրանք էլ քիչ չէին, իսկ ժողովրդի բարոյականության հաշվեկշիռը քչից-շատից ձեւավորվող անկախ երկիրն էր` առանց Սովետի:

Չլսելով, թե դեմքի խելացի արտահայտությամբ 35 րոպե ինչ են խոսում բանաստեղծը, դերասանուհին եւ այն ժամանակ մոդայիկ հաղորդավար Վարուժան Օլքինյանը, Մարինկան մտովի արդեն դուրս էր գալիս ստուդիայից, բարձրակրունկ կոշիկներով անձայն սլանում էր քսանմետրանոց միջանցքի նեղ ուղեգորգերով, աստիճաններով իջնում շենքից դուրս, ուր ափիդ մեջ ասես երեւում է ողջ քաղաքն` իր գիշերային լույսերով. Նորքի անտառն ու հեռուստաստուդիան իրարից բաժանող երկաթե բարձր ճաղերին հենված տղամարդը նյարդային ծխում էր սիգարետ սիգարետի հետեւից ու սպասում Մարինկային:

Չսպասելով ռեժիսորին եւ հաղորդման մասնակիցներին` Մարինկան հաղորդման վերջին ներդիրը տեսնելուց հետո իսկապես էլ վազում է իր սիրած գորգերի վրայով եւ սպասող տղամարդու թեւքը մտնելով ոտքով քայլում մինչեւ խաչմերուկ` լիցքաթափվելով տտիպ օրվանից եւ ներս քաշելով ամառային գիշերվա անանուն օդը: Կամաց-կամաց հարազատացել էին: Մարինկան սովորել էր նրա` շաբաթներով անհետանալուն եւ անսպասելի հայտնվելուն, կոպիտ քնքշանքին, հավատարիմ շան հայացքին: Մեծ մասամբ տղամարդը խոսում էր իր դժվար մանկության մասին, իսկ թե ինչով էր զբաղվում երկարատեւ եւ խորհրդավոր անհետացումների ժամանակ` Մարինկային մնում էր միայն ենթադրություններ անել, կցմցել իրենց երկարատեւ, խաչաձեւ հարցաքննություն հիշեցնող երկխոսությունների պատառիկները: Մարինկայի ենթադրությունները սարսափազդու էին, բայց եւ թեական` հնարավոր դարձնելով նոր հանդիպումները: Մարինկայի սեւ մտքերը գուցե միայն իր վառ երեւակայության արդյունք էին, որոնք կառուցվում էին այս կամ այն փաստի վրա: Օրինակ` անվտանգության նախկին պետի սպանության օրն առավոտյան 9 անց 10, երբ Մարինկան նոր էր մտել աշխատավայր` Ռոմիկը զանգահարեց եւ հարցրեց, թե ի՞նչ են խոսում այդ սպանության մասին: Մարինկան չէր լսել այդպիսի լուր, եւ ողջ ռադիոյում (հեռուստատեսությունն ու ռադիոն այն ժամանակ միասին էին) չէին լսել, ինչն էլ առիթ տվեց կնոջ գլխում սեւ մտքերի կուտակմանը. անվտանգության ծառայության նախկին պետեր չեն լինում, սովորաբար նրանք ցմահ տիրապետում են մարդկանց, պետության, այլ պետությունների ու նրանց միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ գաղտնիքների: Երկրի ներսում մինչեւ այդ պահը նրան ոչ ոք չի ուզեցել սպանել. այնքան վտանգ չի զգացել, որ ամեն առավոտ թոշակառու մարդն ինքն իր համար վազում էր ծառուղում, իսկ այդ առավոտ, փաստորենԵվ մինչ լուրի` քաղաքում տարածվելը Մարինկան այն լսեց իր ընկերոջից«Տարածաշրջանի երկրների հատուկ ծառայությունները,- մտածում էր Մարինկան,- կարող են, օրինակ, այդպես ազատորեն եւ լկտիաբար մարդ վերացնել` գաղտնիքներ, նպատակահարմարություն, դեպի տեղական իշխանությանն ուղղված սադրանք, էլ ինչ գիտեմ` ուրիշ այլ դրդապատճառներով: Ռոմիկը կարո՞ղ է»: Մտքի այդ հատվածում կինը շունչը պահում էր, չէր համարձակվում շարունակություն մտածել, սպասում էր, որ Ռոմիկը գա, ու ինքը հարցախեղդ անի նրան: Բայց նա մի երեք ամիս ոչ եկավ, ոչ էլ զանգեց, մինչեւ որ Մարինկայի կասկածները բթացան ու առաջ մղվեց իրենց անկանոն հարաբերությունների առաջ բերած ցավը: Իսկ հետո արդեն` կարճատեւ հանդիպումները ժամանակ չէին տալիս իր կասկածները վերակենդանացնելու: Մի առիթ էլ էր եղել, որի հետագա վերլուծությունը լավագույն մտքերի տեղ չէր թողնում: Երկաթուղային կայարանի սադրանքի օրը, երբ անհասկանալի փոխհրաձգությունից հետո ռուսները փորձում էին տանկեր մտցնել քաղաք, Մարինկան անսպասելի դեմ առավ այդ տանկերին. Էրեբունի թանգարանի կանգառում փոխադրականի էր սպասում` Նուբարաշենի կողմը, մոր գերեզման այցելելու, մեկ էլ ամեն ինչ միանագամից խառնվեց: Քաղաքի կողմից մարդկանց բազմություն էր գալիս` սուլոց, գոռգոռոց, հակառուսական կոչեր: Նուբարաշենի կողմից գալիս էին տանկերը. Մարինկան հասցրեց նկատել գույնը գցած քաղաքապետին` Գեղամյանին, որը փորձում էր հանգստացնել ռուս զինվորականին: Ու մեկ էլ այդ խառնափնթորության մեջ Մարինկայի աչքին մի պահ ընկավ Ռոմիկի հսկա կերպարանքը, աչքն աչքին դիպավ: Կինը փորձեց մարդկանց հրհրելով նրա կողմը գնալ, բայց նրան էլ չտեսավ: Հետո, երբ Մարինկան հարցուփորձում էր, Ռոմիկը ժխտեց` ինքն այդ օրերին անգամ քաղաքում չի եղել, աչքին է երեւացել: Մարինկան իրեն զգում էր ճահճում սուզվողի նման: Էս ու՞մ հետ է հանդիպում ինքը` գոնե իմանար: Կինը փորձեց հետեւել նրան. տաքսի էր վարձում եւ սրճարանում հանդիպումից հետո գնում Ռոմիկի ետեւից, բայց ոչ մի անգամ հաջողության չհասավ. տղամարդը հավանաբար շատ արագ նկատում էր «պոչը» եւ ընթացքում ծածկվում անշնորհք տաքսիստի տեսադաշտից: Մարինկան ոչինչ պարզել չկարողացավ, իսկ կասկածները կրծում էին սիրտը: Բացի այդ էլ` կնոջ ու տղամարդու հարաբերություններում միմյանց հանդեպ անվստահության ստվեր սահեց` անշուշտ Ռոմիկը նկատել էր, որ Մարինկան է իր ետեւից տաքսիով չափ ընկնում: Հանդիպումները հազվադեպ դարձան, եւ մի ողջ տարի Ռոմիկը չերեւաց: Մարինկան նույնիսկ պատահաբար չտեսավ նրան:

Մարինկան այդ ժամանակ տեղափոխվել էր գլխավոր լրատվական ծրագիր եւ ամեն օր ռեպորտաժներ էր պատրաստում երկրի տարբեր շրջաններից, սահմանամերձ կիսապատերազմական գոտուց, մի քանի անգամ Ղարաբաղ գնաց. առաջին անգամ իրեն լիարժեք լրագրող էր զգում, աշխատանքն ամբողջովին կլանել էր նրան: Անցումը խորհրդային լրագրությունից անկախ երկրի հեռուստատեսության մեկնաբանի աշխատաոճին մի կարճ ժամանակ նրան բերկրանք էր պատճառում, քանի որ նոր, անփորձ ղեկավարները, ավելի ուշ ժամանակի նման, դեռ գլխի չէին ընկել լրագրողին նորից իրենց ձեռքերում պահել եւ թույլ էին տալիս ինքնուրույն կողմնորոշվել` բավական ճշմարտացի լրատվական պատկեր ներկայացնելով: Ցավոք` դա կարճ տեւեց, մեկուկես-երկու տարի, բայց Մարինկան հասցրեց վայելել արեւմուտքի լրագրողների մենաշնորհ ստեղծագործական ազատության հմայքները: Այնպես որ անձնական կյանքի մասին մտածելու ժամանակ չկար, անհասկանալի եւ անհորիզոն սիրո ցավն աստիճանաբար բթանում էր, բացի դասերից` որդուն լողի եւ այն ժամանակ մոդայիկ կառատեի էր տանում, իսկ երեկոյան այնպես էր հոգնում, որ գլուխը բարձին չդրած` անմիջապես քնում էր:

Ռոմիկը զանգեց մի տարի հետո: Հանդիպեցին, սուրճ խմեցին, լռեցին: Առաջվա անկեղծությունը մի տեսակ կորել էր: Տղամարդը կարծես վախեցած լիներ` սրճարանում ուշադիր նայում էր նստածներին, դուրս գալուց առաջ սրճարանի երկրորդ հարկից մի լավ տնտղում էր շուրջը, հետո իջնում: Մարինկային հրաժեշտ էր տալիս հենց սրճարանում: Պատահում էր` զանգում էր, մի քիչ խոսում, հետո հանդիպման մասին խոսք չէր բացում: Պատահում էր` պայմանավորվում էր, իսկ երբ Մարինկան սպասում էր սրճարանում, պատահական մեկը մոտենում էր ու տեղեկացնում, որ կինը տուն գնա-չսպասի: Մարինկան բացատրություն պահանջեց:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱ . ՄՅՈՒՍԸ

Ցուրտն ու քամին մնացին հետեւում: Քարե քառագագաթ վիժվածքը հետ էր մնում: Միացված վառարանը չէր հաղթահարում մեքենայի ծակուծուկերից ներս խցկվող կտրող սառնությունը: Տղամարդն աշխատում էր որքան կարելի է շուտ ընկնել օդի համասեռ շերտերը` ականջները խլացել էին վերելքի ժամանակ, մարմինն էլ ջարդվում էր հոգնածությունից:

Քիչ անց քամին թուլացավ, ցուրտը տանելի դարձավ: Մի կիլոմետրի չափ ներքեւ էր իջել, բայց դեռ ճամփի կեսն էլ չէր անցել` լույսը չբացված քաղաք պետք է մտներ: Վառարանն իր գործն արեց` մարմինն ընդարմացավ եւ չէր հաշտվում իրականության հետ: Մինչեւ վերջին ջիղն ու նյարդը հոգնել էր, կատվի նման ճկուն, ուժեղ մարմինը չէր ենթարկվում, ձեռքերը կառավարում էին բնազդով, աչքերը թմրած ուղեղի պատուհաններն էին` պիտի ահազանգեին վտանգի մասին, բայց դրանցով ոչինչ չէր երեւում: Երբեմն սթափվում էր` զարմանալով, թե ինչպես չի գլորվում զառիթափ ոլորաններից: Այս շուտ հոգնող մարմնին ինչպե՞ս է հարմարվում մարդկային անսանձ հոգին: Այս անգամ էլ էդ գիշատիչների ձեռքից պրծավ: Ո՞վ գիտե, կլինի՞ մյուս անգամը, թե վաղուց արդեն գլխի են ընկել իր խոտորման մասին, ու այսօրն իր ողջ մնալու վերջին շանսն է: Ինչպե՞ս վաստակեց այս կյանքը, մի՞թե չի կարելի հետ դառնալ ու ամեն ինչ սկսել նորից` սովորական, հասարակ մի տղայի պես, միթե հնարավոր չէ կորչել, մկան նման խցկվել մի անցք, եւ ոչ ոք չիմանա քո մասին, ոչ ոք չկանչի հաշիվ տալուՈչ ոք չսպառնա. «Թանկ արժես` միլիոն դոլար, մեր ջանքերն ենք ափսոսում, թե չէ հիմա վաղուց դիակ էիր: Բայց մտքովդ չանցնի, որ անվերջ կարող ես քո քեֆին ման գալ. հրաման եղավ` կսպանենք»:

Լավ, էս երկրի մարդիկ չե՞ն տեսնում սարի վրայի լույսերը, չե՞ն հասկանում, որ հովիվների բանը չէ երկուսուկես կիլոմետր բարձրության վրա այդպիսի եռուզեռ անելը:

Մտքերն անկապ` համարյա քնած քշում էր մեքենան: Դիմացն անընդհատ նկարվում էր Մարինկայի դեմքը` միակ հարազատն այս կյանքում: Ոնց էր վախենում նրա համար` շեֆը հենց այդ մասին էր ակնարկում.« Կարծում ես մեզանից թաքուն սիլի-բիլի ես անու՞մ, տես, հա».«սիլի-բիլի»-ից բացի` մնացածը ռուսերեն ասաց: Վախեցնու՞մ էր: Տապալել էր օպերացիան, երկու գործակիցներն անհետ կորել էին: Բոսը կասկածով ու քննաբար երկար նայեց աչքերին` Վիդոկը (այդպես էր նրա «աշխատանքային» անունը) միակ մարդն էր, ում անվերապահորեն վստահել էր նա: Բոլոր նրա հրամանները մշտապես կատարել էր 100 տոկոսով, երբեք չքննարկելով: Ի՞նչ էր պատահել, ի՞նչ փոխվեց այս քնձռոտ, փոքր երկրում, որ իրենց սեփականություն այս մարդ-ռոբոտը մի տեսակ անկանխատեսելի է դարձել, նույնիսկ աննախադեպ բան` գործ է տապալում, հո դիտմամբ չէ՞

Ռոմիկն ինքն էլ զարմանում էր իր վրա. որ ապրում էր ու մեծ քաղաքի փողոցներում չմեռավ սովից` հենց այդ մարդկանց է պարտական. ստույգ չգիտե` ովքե՞ր են, մինչեւ հիմա իրեն մի կարգին հարց չի տվել` ինչու՞ են այդ կարգի գործեր իրեն հանձնարարում: Այսինքն` հարց տալիս է, պատասխանն էլ ինքնի պարզ է, բայց իրերի դրությունն այլեւս փոխել չի կարող: Նրանց մոտ էր հայտնվել տասներկու տարեկանում, երբ փախել էր մանկատնից, ու ներքնահարկերում իրեն փնտրողներից թաքնվելու պատճառոց սարսափելի մրսել էր: Հիվանդ ու սոված, համարյա դիակ` հայտնվել էր այսմարդկանցից մեկի ձեռքում. առողջացրին, ոտքի կանգնեցրին ու դրանից հետո ինչ հիշում է` իր կյանքը մարզադահլիճներում եւ մասնավոր դասերում է անցկացրել: Վեց լեզու գիտե` մոլդավերեն, ուկրաիներեն, հայերեն, թուրքերեն, ռուսերեն եւ անգլերեն: Ռեժիմով ապրելակերպը, լավագույն սնունդն ու ամիսը մեկ զվարճանքները նրա գծված կյանքի անբաժան մասն են կազմել: Նրանով զբաղվողները ամեն ինչ արեցին, որ նա ոչինչ չհիշի իր անցյալից` մի քանի ամիս հիպնոսի սեանսներ էր ընդունում, իսկ թե քնելուց հետո ինչ կարգի հրահանգավորում էր ստանում իր ուղեղը` չգիտեր: Գիտեր, որ բոլոր հանգամանքներում, ինչպես էլ դրանք դասավորվեին, կարեւորը գործն էր, եւ ինքը մեքենայի պես, ավտոպիլոտով եւ անթերի կատարում էր դրանք: Խիստ անձնական փոքրիկ գաղտնիքը Բաբա Եսկայի մի քանի տողանոց նամակն էր, որը մի կտոր կաշվի մեջ անպայման տեղավորում էր գոտու տակ, եւ կարդում հարյուրավոր անգամներ` կարծես մրցակցության մեջ մտնելով հիպնոսողների հետ. անհայտի դեմ վերջիններս պայքարել չէին կարող, այդ մի գաղտնիքը մնաց` որպես Ռոմիկի միակ անձնական սեփականություն: Կարծես բնազդով իմանար, որ գալու է այդ գաղտնիքի բացահայտման ժամանակը: Մինչեւ հիմա Հայաստան գալու առիթ չէր եղել եւ ճիշտն ասած` չէր էլ ձգտել: Բանավոր հայերենը չէր մոռացել` շնորհիվ ծագումով հայ Գոգայի, որը պարբերաբար հայտնվում էր նրա ղեկավարների շրջապատում, ինչ-որ գործեր անում, իսկ երեկոներն իր հետ բիլյարդ էր խաղում: «Հայաստան» բառն իր համար մշուշով էր պատած եւ ոչ մի զգացողություն չէր առաջացնում: Առաջին անգամ ինքնաթիռից իջնելուց հետո անցել էր չորս տարի, ճիշտ է` տարին 4-5 ամիս հազիվ էր լինում Հայաստանում, այն եւս` ընդհատումներով: Մեկ էլ նկատեց, որ սկսել է չհայհոյել, զանազան մանրուքներ անհանգիստ են անում միտքը: Օրինակ` անցած վերելքին լեռան ամենաբարձր գյուղի արոտում մի տարիքով կթվոր կնոջից կաթ ուզեց (մանկատնից դեռ սիրում էր կաթը, որը մի կիսատ բաժակ տալիս էին շաբաթը մեկ, եւ հասուն տարիքում էլ երբեք առիթը բաց չէր թողնում` թարմ կաթը լիտրով գլուխը քաշելու), խմելուց հետո պարզեց թղթադրամը: Կինը չվերցրեց.

- Հաշվի իմ տղեն ես` խմեցիր, առողջությունդ,- ասաց` կնճիռների արանքից բարությամբ ժպտալով:

Ռոմիկը գլուխը քորելով մեքենա նստեց, ու երկար հիշում էր այդ կնոջը: Պատկերացնում էր այդ կնոջ տղային` տարբեր օրհասական իրավիճակներում` անմեղ զոհված, ու պատճառը իրենք` ինքը, իր բոսը, իր հետի անուղեղները,ու սիրտը ծակում էր. շատ էր զարմանալի, որ կյանքում տեսած բազմաթիվ դաժանություններից հետո սիրտ էր մնացել, այդպես նրբացել ու ծակում էր, որշան պես սիրահարվել էր այդ լրագրող կնոջը` Մարինկային: Մինչեւ հիմա կանանց հետ առնչությունները զվարճանքներից այն կողմ չէին անցել: Սարն էր շատ դուր գալիս, որի երկուսուկես կիլոմետրի վրա մի հարմար փոսում վրան էր խփել իրենց սակավամարդ խումբը, իսկ կողքի տափարակը գիշերով դրսից եկողների եւ մինչեւ առավոտ վերադարձողների համար ուղղաթիռի վայէջքատեղի էր: Մի օր Մարինկային խնդրել էր գիշերը նայել այդ սարին, իսկ ինքը խարույկներ վառելով` հայերեն «Մ» տառն Էր պատկերել: Մարինկան, սակայն, դա ոչ թե որպես քնքշանքի դրսեւորում ընդունեց, այլ երկար հարցաքննում էր, թե հո Ռոմիկը չի՞ հրդեհել-փչացրել լեռան գաճաճ անտառները:

Հիմա արդեն անընդհատ-ամենուր իրեն հետապնդում էր լուսանկարի չալմայով եւ սրահայաց տղամարդու պատկեր-տեսիլքը: Նկարը Եսկայի գրության հետ է եղել, բայց չորս տակ ծալած գցում էր իրերի հետ ու չէր պահում նամակի նման. իր տերերը երբեք ուշադրության չէին արժանացնում դրան` մտածելով, թե մի «բոեվիկ» ֆիլմից ինչ-որ պատանեկան կուռք դերասանի է, որ սովորաբար դեռահաս տղաները սիրում են կտրել ժուռնալներից: Այդպես տարիներ փոխադրում էր պայուսակից պայուսակ, ճամպրուկից ճամպրուկ` լրիվ ճմրթվել ու կեղտոտվել էր: Մարինկան պատմեց դարառաջ ապրած այդ հայդուկի մասին, որը, դատելով Եսկայի այն ջանադիր հոգածությունից, որ նկարը պահպանվի եւ մնա նրա մոտ ու նամակի վկայությունից` իր ազգականը, ավելի հավանական է` իր հորական պապն է եղել: Կինը պատմեց, եւ ինքը միշտ կհիշի հայդուկի կյանքի այն դրվագը, որը շատ էր հուզում նրան, խտխտացնում սիրտն ու հոգին` երեւի այդ մարդու արյունն այդ պահերին խշխշում է իր երակներում ավելի ուժգին, խոսել ու բացատրել չկարողանալով: Թշնամին, ուրեմն, բաց դաշտում հետապնդել էր այդ մարդուն մինչեւ լեռը, բղավել էր ուրախացած, թե` ահա, ընկար մեր ձեռքը, սակայն այդ մարդը, մենակ հարյուրի դեմ, կանգ չի առել, նույնիսկ շփոթված չի եղել ու սկսել է բարձրանալ ահարկու սարը: Հետապնդողները տարակուսել էին, պպզել ձյունե լեռան փեշերին եւ ժամերով նայել` մինչեւ սարվորը կորել էր ձյունամրրիկի մեջ. վստահ էին` գտել էր իր վերջը, քանի որ այդ սարը (Մարինկան ասաց` Նեմրութը) հայտնի էր իր կայծակներով, ձնաբքերով, եւ նրա անունն էլ նրա սատանայական բնույթի մասին էր վկայում` Նեմրութ կամ Նեբրովթ, էդ էլ, բացատրեց, հայերի «Հայկ ու Բել» առասպելի Նեբրովթն է` Բելը, թշնամին, սատանան, որին Հայկը հաղթում է: Նրա անունով էլ էդ սարին հայերը Նեմրութ են կոչել, այսինքնէ սատանայական սար: Բայց թշնամին չգիտեր, որ սարի սատանայություններն իր բնիկ ժողովրդին ոչինչչեն կարող անել: Հայդուկը, որ գիտեր իր ծննդավայրի լեռան գաղտնիքը, դժվարին վերելքից հետո հայտնվել էր մի քանի տաք խառնարաններից մեկում, ուր լեռը մոր նման պատսպարել ու տաքացրել էր նրան, ու հետո բաց թողել բազմապատկված ուժով: Հենց այդպես բանաստեղծական էլ ասաց Մարինկան` բազմապատկված ուժով:

Ո՞նց անի, որ պոկվի այդ մարդկանցից եւ կենդանի մնա: Ողջ մնա, եւ Մարինկային էլ ոչինչ չպատահի: «Աղջկան մատով չկպնեք, նա ոչնչից տեղյակ չէ».- գազազեց ինքը` շեֆի ակնարկին ի պատասխան` շատ զարմացնելով նրան: Չէ, դա լսված բան չէ, իր զբաղմունքի մարդիկ մի ելք ունեն միայն` մինչեւ կյանքի վերջ անել այն, ինչի համար իրենց պատրաստել են: Մյուս տարբերակը մահն է: Ուրեմն ի՞նչն է ընտրում ինքը` ի՞նչ կընտրեր Սերոբն իր փոխարեն: Բայց չէ, Սերոբն իր փոխարեն չէր լինի, նա նպատակ ուներ, երկիր, ծննդավայր, իրեն փայփայող սարՈ՞վ է ինքը` ոչ ոք, անհայրենիք, անընտանիք, անբարեկամ, մարդ-գործիք, ում բանեցնում են մեծ քաղաքականությամբ զբաղվողները. հարեհաս օգնություն, խժդժություններ, սադրանք` նայած թե ինչ է պահանջում քաղաքականության շահը, ահա իր զբաղմունքը: Գլխավոր պայմանը սեփական համոզմունքների, հետաքրքրությունների եւ խղճի բացակայությունն է, վերջիններիցս որեւէ մեկի դրսեւորմամբ դու անբարեհույս կդառնաս տերերիդ աչքինմինչեւ այն պահը, երբ հանդիպես ավելի արժեցող բանի, քան ծառայության դիմաց առաջարկվող «գեղեցիկ» կյանքն է: Անտերուդուրս իր շեֆն ունեցե՞լ է Մարինկայի նման քնքուշ ու խելացի մեկը: Ունեցե՞լ է այնպիսի նախնի, որի` կեղտոտ թղթից անգամ իրեն նայող աչքերը բարկանում են իր վրա ու դատապարտում իր ապրելու ձեւը, հրավիրում իր հետեւից: Երեւի Սերոբի երկիրը պիտի գար, որ հասկանար մինչեւ հիմա անահասկանալին. առաջին անգամ ձեռքը չի բարձրանում անել այն, ինչն այս եկրի մարդկանց շատ հոգս կպատճառի, առաջին անգամ փողոցների մարդկանց հայացքներն իրեն մի տեսակ հարազատ են թվում, մի տեսակ ծանոթ աչքերով են նայում: «Հենց տեսնում ես, որ ինչ-որ մեկին խղճում ես` ուրեմն վատ մարզավիճակում ես»,-սովորեցնում էր շեֆը: Առաջին անգամ համաձայն չէ նրա հետ:

Էս երկիրն, ուրեմն, իրենն էր, եւ այդ մասին իր ականջների մեջ բղավում էր ամեն ինչ` ներսի մարդը, որ մինչեւ հիմա խոր քնած էր ու զարթնել էր հանկարծ, ծառ ու թուփը, որ առաջ բացակա էին, բայց հիմա ասես քսվում-շոյում էին իրեն, կինը, որի համար պատրաստ էր մեռնել, մարդիկ, որ նայում էին ծանոթ ու հարազատ հայացքով: Սարն էլ` վրադիր, որի բոլոր ծակուճեղքերին սիրահարվել էր էս երեք տարի: Ու հիմա ժամանակ էր շահում` ելք որոնելով: Օպերացիան մի անգամ կարելի էր տապալել: Երկրորդ անգամը` սեփական մահվան դատավճիռ է: Էլ չասած, որ երկու գործակիցներին էլ, որ իր հետ տաս տարի միասին էին աշխատել եւ իր ենթականերն ու հավատարիմներն էին, թաքցրել էր ղարաբաղյան կռիվներին մասնակից մի տղայի` Բակուրի քաղաքամերձ փոքրիկ հողամասում.«Այդպես է պետք»,- բացատրել էր, ու քանի որ նրանք հրամաններն առանց քննարկման կատարողներ էին ` ենթարկվել էին: Բակուրը Հայաստանում չէր, ուրիշ շատերի նման ընտանիքը չէր կարողացել պահել ու առել-գնացել էր Կրասնադար, իսկ նրա տնակից օգտվելու իրավունքը Ռոմիկը վաստակել էր դեռ այն ժամանակ, երբ պետք էր Հայաստանում տեղայնանալ եւ զենք էր հասցնում կռիվներին մասնակից տղաներին:

«Լոկալ միջադեպ ատոմակայանում». այս էր օպերացիայի անվանումը, որ պիտի գլուխ բերեր Ռոմիկը, ասենք` փոքրիկ, անվնաս պայթյուն ատոմակայանին մերձ տարածքում կամ ատոմակայանի անվտանգության գոտում գտնվող ջրի արտահոսում կամ մի ուրիշ անվտանգ գործողություն, որը, սակայն , տարածելիք իբր վթարի մասին լուրի համակցումով` խուճապ կստեղծեր մարդկանց մոտ, բնակչությունն իրեն վտանգված կզգար, կառավարության, երկրի անվտանգության մարմինների հանդեպ անվստահություն կտածեր, ինչն էլ կթուլացներ վերջիններիս, կստիպեր տրվել արտաքին ճնշումների. ինչպիսի՞, Ռոմիկը չէր պատկերացնում, ոչ էլ գիտեր, թե հատկապես ու՞մ էր դա պետք: Իր գործն անմիջական վերադասի հրահանգը կատարելն էր: Բայցհանկարծ հասկացել էր, որ ինքն էլ է մարդ, Բակուրի նման` սեփական հողի զգացողություն կարող է ունենալ, որ սիրտը կարող է ցավել անշարժ ու շարժվող ամեն քար ու թփի, շունչ արարածի համար. էս ի՞նչ նոր վիճակ է, ու դրա դեմն առնել էլ չի կարող, իր ուժերից վեր է, իր ձեռքում չէ.«Աստծո».- առաջին անգամ խոստովանեց մտքում: Ու իր փրկությունն էլ Աստծո ձեռքում է:

Չէ, մի խոսքով` իր ուժերից վեր է այս երկրում մարդկանց վնաս տալը. փողոցում ամեն մեկի աչքերից նրան են նայում Սերոբի, Սերոբի ընկերների որդիներն ու թոռները: Էս մարդկանց գործերին խառնվելը նրան անարդար էր թվում հիմա: Առհասարակ` արդեն սկսել էր իրեն այս մարդկանց տեղը դնել, նրանց դիրքից նայել ամեն ինչին, Մարինկայի աչքերով տեսնել ամեն ինչ: Մեքենայի մեջ «գողականների» սիրելի Բոկայի երգերն էր միացնում, իսկ Մարինկան ծռմռում էր գեղեցիկ շուրթերը` մինչեւ որ մի օր մի կասետ բերեց ու ասաց,

- Դիր ու տես, թե հայը ինչ ու ոնց է երգում:

Տղամարդու առնական ձայնը երգում էր տարօրինակ մարդ արարածի մասին: Մի քառյակ կար` շատ դուր եկավ.

Երեկ տխուր, այսօր ուրախ`

Ալիքի պես ծափ եմ տալիս,

Երեկ դեպի անհայտություն,

Այսօր դեպի ափ եմ գալիս

Իր մասին էր, ու ոնց էր երգում այդ կայտառ ձայնը, ինչ լավ բառեր էր ասում կյանքից ավելի կարեւոր բաների մասին: «Արթուր Մեսչյանն է».- ասաց Մարինկան: Վերջ, պետք է որոշում կայացներ: Երկու օր ուներ ընդամենը. կամ-կամ` իր գործում ուրիշ տարբերակ չկար, այլապես իրեն էլ կսպանեին` որպես այլեւս փչացած գործիքի, Մարինկային էլ` անգամ եթե 100 տոկոսով վստահ լինեին, թե իր ով լինելու վրա չի կասկածում: Ինքն ընտրում է Մարինկայի կյանքը, իրենը` ջհանդամը: Դաժան ընտրություն է, բայց ընտրություն է վատի ու վատթարի միջեւ. եթե այս խմբից որեւէ մեկը կենդանի մնա` ոչ ինքը կպրծնի, ոչ Մարինկան: Ճիշտ է, նրանց վերադասը եւս իրեն ճանաչում է, բայց Մարինկայի մասին հազիվ թե տեղեկացած լինեն` շեֆը դեռ հասցրած չի լինի: Այդպիսով ` ինքը դժվար թե պրծնի, եթե պրծնի էլ` միայն կարճ ժամանակով, բայց Մարինկան կփրկվի եւպայթյուն էլ, թեկուզ լոկալ, չի լինի: Իր հետի մարդիկ երկար ժամանակ են ներդրվել Հայաստանում, մինչեւ նորերը գան-ներդրվեն` շատ կեղտոտ ջրեր կպարզվեն, էս երկիրը գուցե իսկապես անկախանա եւ կուժեղանա, մաքրվի ամեն տեսակ խաժամուժից: Իսկ իր հետ աշխատող մարդիկ այսպես, թե այնպես` իրենք են վաստակել իրենց ճակատագիրը, ինչպես եւ ինքը. որեւէ երկրի անվտանգության հասարակ աշխատակիցն անգամ պայմանագիր է ստորագրում երեսուն տարի լռելու մասին, իսկ իրենց մասին ոչ մի տեղ որեւէ տեղեկություն չկա. սեւ գործն անող մարդիկ են իրենք` անտոհմ, անհասցե, առանց ազգության, մեծ մասը ժամանակին մանկատներից ընտրված, որոնք որեւէ թղթի վրա գոյություն չունեն: Ստվերներ, որոնց կյանքը երաշխավորված է մինչեւ այնքան, որքան պետք կլինեն եւ կաշխատեն: Նրանց մասին ոչ ոք ոչ մի տեղից, ոչ մի մարդուց չի կարող տեղեկանալ` այս է դրվածքը: Ինքնասպանության եւ սպանության միջեւ ընտրություն կատարելիս ինքն ընտրում է երկրորդը. հետո կանցնի սահմանը Արտաշատին մոտիկ ստորգետնյա ջրային թունելով, որի մասին ինքը գիտի, մեկ էլ շեֆը: Կանցնի Թուրքիայով, կգնա հարավային Աֆրիկա` ինչքան ապրեց-ապրեց, մինչեւ գտնեն եւ ուղարկեն այն աշխարհը: Իրենը կլինի այդ փախցրած ժամանակը, հիշողությունը Մարինկայի ու Սերոբի երկրի մասին, որոնց սիրո դիմաց իր դեպքում կարելի է վճարել միայն կյանքով: Վերջին անգամ կհանդիպի Մարինկային, մի լավ երեկո կանցկացնի. ոչ մի բանով չի մատնի իր հոգեվիճակը, իսկ եթե իր ծրագիրը հաջողվի` մեկնելուց առաջ Մարինկային պատվիրված նամակ կթողնի` ներում կխնդրի եւ ընդմիշտ հրաժեշտ կտա: Ճիշտ է, կա հույսը, որ եթե փրկվի ու հայտնվի Աֆրիկայում` կկարողանա երբեմն զանգահարել ու լսել Մարինկայի սիրելի ձայնը:

***

Մարինկան Ռոմիկին տեսնելուց հինգ օր հետո պատվիրված նամակի անդորրագիր ստացավ. գնաց Չարենցի փողոցի վրայի փոստ ու ստացավ նամակը:

Բացեց ու տեսավ` ռուսերեն գրված թղթերի բավական ստվար մի խուրձ, իսկ ծրարի անկյունից մի բարալիկ ու բազմանիստ եզրերով ոսկյա մատանի դուրս եկավ.

«Մարինկա, սիրելիս, գրում եմ քեզ առաջին ու վերջին անգամ: Քանի որ դու ապրել ես նորմալ կյանքով, քո երկրում` ծնողներիդ ու հարազատներիդ հետ, ուրեմն չես կարողանա պատկերացնել, թե ինչ ես նշանակել դու ոչինչ չունեցողիս համար: Քո գոյությունն օգնեց ինձ հասկանալ, որ մինչեւ այժմ ես ապրել եմ բույսի կյանքով` ինչպես խոտ: Չգիտեմ` գլխի ընկար, թե ոչ` բայց ես այն մարդը չեմ, ինչ ներկայացել եմ: Ինչ որ ես եմ արել` սովորական մարդու հայացքով աններելի է, բայց տեղավորվում է աշխարհի հզորնեno ու զանազան հատուկ ծառայությունների գործելակերպում, որոնք ինձնմանների բազմություն ունեն իրենց նպատակների համար` որպես սեփականություն: Ես արժանի չեմ Սերոբի հետնորդը կոչվելու, չնայած իմ մեղքը չէ այդ: Մխիթարում է գոնե, որ մի շատ ստույգ դժբախտությունից (այդ մասին էլ չեմ կարող պատմել) հեռու պահեցի այն երկիրը, որը Սերոբինն ու քոնն է: Իմն էլ, բայց այն իմը կոչելու իրավունքը չեմ վաստակել:

Ներիր, որ խաբել եմ քեզ երկար ժամանակ: Ճշմարտությունը քեզ համար անվտանգ չէր, եւ հիմա էլ իմաստ չունի քեզ պետք չեկող ինչ-որ բաներ իմանալ: Քո կյանքն այնքան իմաստավորված է` որ հերիք է քեզ ու քո մերձավոր մարդկանց: Ներիր հեռանալս: Ուրիշ ելք չկար: Հեռանալով միայն կարող եմ քո անվտանգությունն ապահովել եւ շատ փոքրիկ հույս փայփայել, որ եթե ստացվի ու ողջ մնամ` շատ տարիներ հետո գուցե թե կարողանամ վերադառնալ իմ նախնիների երկիր: Աշխատիր երջանիկ լինել»:

Ստորագրություն չկար: Մնացածը ռուսերենով Մարինկային ձոնված միջակ բանաստեղծություններ էին` նույնպես անստորագիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.