AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-03-03 23:12:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 4543, Տպվել է` 382, Ուղարկվել է էլ.փոստով` 173

ՏԵՐՏԵՐԱՆՑ ՈՍԿԻՆ

Երրորդ մաս

Ստեփանի օրագիրը

«Որքան էլ զարմանալի` ես վերադարձա: Զարմանալի, որովհետեւ մտքումս ես արդեն վաղուց հրաժեշտ էի տվել Հայաստանին, ու իմ կյանքն օտար երկրում անդունդի եզրին էր (Սելինջերը կասեր` տարեկանի արտում, անդունդի եզրին), որտեղ ոչինչ, անգամ անունդ չես հիշում ու միայն ու միայն մտածում ես խորքը չգլորվելու մասին: Ամեն ինչի եւ ամեն մարդու հանդեպ անտարբեր էի, մի քանի տարի առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո հիվանդությունների մի փունջ հարձակվել էր ինձ վրա: Ոչինչ այլեւս ինձ չէր ուրախացնում: Օրվա մի կտոր հացը, որ գտնում էի նախկին ծանոթներիս մոտ, էլի անտարբերությամբ էի ընդունում. երբ ես ջահել ու հաջողակ էի` նրանց բոլորին բաժին էի հանել իմ վաստակածից, իսկ երբ ես հաշմանդամ դարձա, նրանք կողոպտեցին ինձ, եւ չգիտեմ` մարդկային մեծահոգությունից (մեծահոգությունից նրանք ինձ կողոպտեցին), թե, այնուամենայնիվ, աստծո հանդեպ վախից նրանք մի կտոր հաց, ձմռան ցրտին` անկյուն եւ մի քանի գրիվեն էին տալիս` իմ բազմաթիվ հիվանդությունները դարմանելու:

Քույրս անհավանական դժվարություններ հաղթահարելով` ինձ Հայաստան բերեց, եւ հիմա Հայաստանն այս փոքրիկ սենյակն է քրոջս երեքսենյականոց տանը, ուր ես պառկած, քրոջս բառերով` վերականգնվում եմ, եւ որպեսզի չձանձրանամ` քրոջս խնրանքով գրում եմ մեր ընդհանուր ազգականների մասին այն բոլորը, ինչ մայրս է ինձ պատմել: Քրոջս այդ խնդրանքի առիթը հեռուստալրատվական ծրագրերից մեկի այն հաղորդումն էր, որտեղ պատմվում էր, թե Մուսայելյան գյուղի հին եկեղեցու բակում հնագետները բազմաթիվ մարդկանց միատեղ թաղման դեպք են հայտնաբերել, եւ գյուղի հնաբնակներից մեկը տեսախցիկի առաջ ասել էր, որ դա Տերտերանց Գրիշի, այսինքն` մորական պապիս բակն էր:

Ահա` գրում եմ այն բոլորն, ինչ լսել եմ մորիցս.

«Սկզբում եղել է Տեր Սահակը (մորական կողմիս ազգանունը նախ Տեր-Սահակյան է եղել, բոլշեւիկների վախից հետագայում սկսել են գրվել Սահակյան), նա կարսեցի էր, ապրում էր Կարսում, նրա կալվածքները ձգվում էին Կարսից մինչեւ Մեծ Քափանակ (Մեծ Մուսայելյան): Այսինքն` Հայաստանի հյուսիս-արեւելյան վերը նշված հատվածի տարբեր բնակավայրերում նա կալվածքներ ուներ, եւ հետագայում թուրքերի ջարդերից ու ապօրինություններից առավել ապահով լինելու համար Տեր-Սահակյանները, կամ ավելի շուտ` Տերտերանք, ինչպես կոչում էին նրանց իրենց կալվածքներում, կամաց-կամաց տեղափոխվում էին դեպի Ալեքպոլի կողմերը, եւ արդեն ավելի ուշ, մինչեւ բոլշեւիկների գալը նրանց հիմնական կալվածները Մեծ Մուսայելյան գյուղի ու հիմիկվա Աշոցքի մարզի տարածքներում էին: Տեր-Սահակի որդին Բագրատն էր, Բագրատի որդին` Տեր Գրիգորը, որը ծնվել էր 1875 թ.: Վերջինս սովորել է ոչ միայն Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այլեւ Բեռլինում եւ Լոզանում, հնչակյան կուսակցության անդամ էր: Նրա Տեր-Սահակ պապն ասել է.«Սա մեզ տղա չի լինի, կգնա ապրելու Պետերբուրգ, Եվրոպա: Բերեք դրան օծենք, որ մնա»: Այդպես էլ անում են: Տեր Սահակի ժամանակներից մի ընտանեկան լեգենդ է պահպանվել: Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, երկրով մեկ ճանապարհորդելիս, Տեր Սահակի կալվածքի տարածքում հիվանդանում եւ հիվանդ պառկում է Տեր Սահակի տանը, որտեղ նրան խնամում են: Նրանք Խրիմյան Հայրիկին պատմում են, թե սերում են Կամսարականներից: Խրիմյան Հայրիկը քննում է Տեր Գրիգորին, որը մի քանի լեզու գիտեր, գոհ է մնում այդպիսի զարգացած հոգեւորական ունենանալու փաստից, հանում է իր վզի ոսկե խաչն ու հագցնում Տեր Գրիգորի վզին` ասելով. «Որդիս, արժանի ես սրան»: Տեր Գրիգորի մասին պատմություն կա, որ նա շատ յուրահատուկ հոգեւորական էր ու, խաչի ու աստվածաշնչի հետ միասին, միշտ մոտն էր պահում սուր, 2 ատրճանակ եւ կարաբին: Ուղեւորության էր մեկնում անպայման այս բոլորն իր հետ ունենալով եւ նստելով իր արաբական նժույգը, իր հետ 30 զինյալ (մեր օրերում դրանց թիկնապահ են ասում) վերցնելով: Նրա կնոջ անունը (եկեղեցում թուրքերի այրած իրիցկնոջ) մայրս ասել է, բայց մոռացել եմ, նա եւս ավարտել էր Լազարյան ճեմարանը: Տեր Գրիգորը հեղափոխական թարմ գաղափարների մարդ է համարվել, եւ ցարական կառավարությունը նրա գլխի համար 10 հազար ոսկի է խոստացած եղել: 1904 թվականին մի կիրակի Տեր Գրիգորն իր թիկնապահներին տուն է արձակած լինում: Ինչ-որ բարեկամներ հարեւան գյուղից խնդրում են (ինչպես հետո է պարզվում` ծուղակ լարելու նպատակով), որ նա գա հարսանիքի ու պսակի հարսուփեսին: Եւ նա մեկնում է` առանց թիկնապահների: Վերադարձին մի ձորում նրան շուրջկալում եւ թունավոր գնդակով վիրավորում են կրծքից: Երբ նա ձիուց ընկնում է` մոտենում են, որ գլուխը կտրեն (պիտի պարգեւի ներկայացնեին), նա ոտքի է կանգնում եւ շատ ուժեղ մարդ լինելով` լարում է ուժերն ու երկու հարձակվողների թեւքերից բռնելով` ողջ թափով խփում է իրար: Սրանք տեղում մահանում են, իսկ մյուսները վախից փախչում են: Տեր Գրիգորը փորձում է ոտքով տուն հասնել, բայց մի քանի քայլ անելով` ընկել եւ մահացել է: Երբ հետո նրա կուրծքը բացել են, տեսել են, որ նա կրկնակի սիրտ է ունեցել: Երբ Տեր-Գրիգորը սրտից վիրավոր ընկել է, նրա արյունոտ ձին սուրացել է տուն: Տանն են եղել նրա եղբայրներ Արամը եւ աժդահա Պետրոսը (հայրը` Բագրատը վաղուց մահացել էր կամ սպանել են` այս մասը չեմ հիշում): Նրանք շտապ զինվում են եւ մի քանի այլ մարդ վերցնելով` շտապում են Տեր-Գրիգորին ընդառաջ, բայց երբ հասնում են, Տեր-Գրիգորը մահացած է լինում: Նրան թաղելուց հետո գիշերով նրա գերեզմանը բացելու եւ գլուխը հափշտակելու երկու փորձ է եղել: Դրանից հետո նրան վերաթաղում են տոհմական դամբարանից հեռու, ըստ որոշ տեղեկությունների` հենց Մեծ Քափանակի (Մեծ Մուսայելյանի) հիմնական կալվածքի բակում շինված ժամատան մոտ, եւ հասարակ քար են դնում վրան: Ապա Պետրոսը ազգական, բայց հակառակորդ եւ Տեր-Գրիգորի սպանության մեջ մեղադրվող տոհմից 14 հոգու է սպանում (այս թիվը հավանաբար պատմողներն են մեծացնում): Բայց Պետրոսին եւս հետապնդել է ճակատագիրը. մի օր Կարսի կալվածքներից Մեծ Քափանակ վերադառնալիս նա նստած է եղել ջահել ու անվարժ ձիու վրա, մի քիչ էլ խմած է եղել: Ձին ինչ-որ բանից խրտնել է եւ Պետրոսին վայր նետել: Վերջինս, քանի որ սթափ չի եղել, չի կարողացել կրկին արագ բարձրանալ ձիու վրա կամ ոտքերն ասպանդակից հանել, ինչը սթափ վիճակում վարկենապես կաներ: Ձին մինչեւ Քափանակի (Մուսայելյանի) կալվածքը քարշ է տվել նրան: Այնպես որ Պետրոսը եւս պետք է թաղված լինի Մուսայելյանի տոհմական գերեզմանում: 1918 թվականին թուրքերն առանձնապես ձեռք չտվին Մեծ Քափանակի կալվածքին, նրանց մեջ կրոնական վախ կար ժամատան նկատմամբ` քանի որ նրանց եւս հասել էր ժամատան սրբի լեգենդը: Ասում էին, որ կողպեքով փակված ժամատանը գիշերները հայտնվում էր հերարձակ, գլխի շուրջ թույլ լուսապսակով մի կին եւ լաց էր լինում` աելով.«Ես ձեզ համար եմ լաց լինում»:

1920 թվականին Քյազիմ Կարաբեքիրի ներխուժման ժամանակ Մեծ Քափանակ գյուղի հայրենական կալվածքներում միայն մորական պապիս եղբայր Արամն էր մնացել:Նա մի ջոկատ զինեց: Իմ պապ Գրիշը (Գրիգոր) այդ ժամանակ 23 տարեկան էր, ծնվել է 1897 թվականին եւ նույն ջոկատում էր: Արամն անհավասար ուժերով դիմադրություն ցույց տալով` դանդաղ նահանջեց, այդպես օգնելով, որ գյուղի հիմնական բնակչությունն անվտանգ նահանջի: Բայց Արամի եղբայր եւ իմ պապի հայր, լուսահոգի Տեր Գրիգորի կինը, երեցկինը, ինչպես դիմում էին նրան, նրա հետ էլ բնակչության մի մասը, չցանկացան հեռանալ իրենց տներից: Երեցկինը միամտաբար ասաց.«18 թվի ներխուժմանը մեզ ձեռք չտվին, սուրբը մեզ պաշտպանում էր, հիմա էլ, աստված օգնական, ձեռք չեն տա»:Պատմեցի` լեգենդ կար, որ մորս պապական տանը սրբի տեսիլք է հայտնվում եւ դժվար պահերին պաշտպանում նրա բնակիչներին:

Արամը նահանջեց Ապարանի կողմերը, որտեղ ժամանակավորապես սարերի լանջերին ապաստանեց, իր հետ տարած բնակչությանն էլ կերակրում էր քրդերից խլած անասունի մսով:

Բայց թուրքերի մոտ գերի էին մնացել մորս մորական պապը` երկումետրանոց աժդահա Ալեքը, Արամի եղբայր Պետրոսի Սպանդար (Սպանդարատ էր, բայց Սպանդար էին կանչում) ու Մելիք որդիները: Թուրքերն աշխատեցնում էին գերիներին, իսկ ուտելիք որպես տալիս էին կիսաեփ ու աղի բազուկի թուփ, դեռ վրան էլ միզում էին: Հնարամիտ Ալեքը մի երկաթե աման էր գտել, որի մեջ եփում էր բազուկի թփերը` մի լավ լվանալուց հետո, ապա Սպանդարի ու Մելիքի հետ ուտում: 19-ամյա Սպանդարը չդիմացավ այդ վիճակին ու մեռավ: Իսկ Ալեքը, որ հաճախ էր կարողանում ամենանեղ իրավիճակներից դուրս պրծնել, 120 տարի ապրեց, եւ այդտեղ որեւէ չափազանցություն չկա:Նա ծնվել էր 1825 թվականին, եւ 1945 թվականի ապրիլին, երբ կոլխոզի ցուլը խփեց նրան, նա նույնքան առույգ էր, որքան իր 100-ամյակի օրը: Նա բաղձանքով սպասում էր իր թոռան` իմ խորթ քեռի Արզումանի վերադարձին պատերազմից:Գյուղում այդ պահին երկու տղամարդ կար` Ալեքը եւ կոլխոզի նախագահ, վատահամբավ Գեորգին, որոնք եկուսն էլ փորձում էին հանգստացնել գոմից ելած եւ կատաղած ցուլին: Ցուլն իր սուր պոզերով հարվածել էր Ալեքի փորին, որը 2 օր պառկեց դրանից հետո եւ մեռավ:

Վերադառնալով Քյազիմ Կարաբեքիրի ներխուժմանը մորս պապական գյուղ` գանք այն պատմությանը, ըստ որի արյունռուշտ թուրքին հմայել էր երեցկինը (մորս տատը)` իր գեղեցիկ հագուստներով, կրթվածությամբ, գեղեցկությամբ ու շարժուձեւով, ու չնայած երեցկինը 40-ին էր մոտենում, Կարաբեքիրը հիացած առաջարկում է երեցկնոջը մահմեդականություն ընդունել եւ գնալ իր հարեմը: Երեցկինը թքում է նրա երեսին, իսկ կատաղած Կարաբեքիրը հրամայում է նրան ու գյուղի էլի 500 կանանց լցնել գյուղական եկեղեցին ու կրակ տալ: Թուրքերը կենդանի են թողնում միայն մի ծեր կնոջ` պառավ Սոսեին, ապսպրելով հետո պատմել իրենց «հերոսությունների» մասին:

Երբ թուրքը քաշվեց, Արամն ու իր հետ եղած ջոկատայինների` կենդանի մնացած մասը վերադարձան, Սոսեն էր մնացել միակ ականատեսը, որ պատմեց տեղի ունեցած արհավիրքի մասին: Երբ կորուստնեը սգացին ու մի փոքր խաղաղվեցին, նույն Սոսեն մի օր Արամին ասաց. «Ձեր ունեցվածքը թուրքերը չգտան, տնից մենակ մի փոքրիկ տոպրակ ոսկի են հանել ու Խրիմյան Հայրիկի խաչը: Իսկ ձեր զարդեղենը նրանք չտարան: Ես գիտեմ, որովհետեւ տարիներով, երբ ձեր հարսնուաղջիկ տոներին եկեղեցի էին գնում, նրանց զարդերը տեսնում էի: Միայն երեցկնոջ մարգարիտներով մեծ շարանը 12 մետր էր: Ձեր ազգի զարդերը մի քանի փութ կլինեին ու տարեցտարի ավելանում էին»:Դե, պառավ Սոսեն մարգարտե շարանի մետրերն ու ոսկե զարդերի փթերը երեւի մի փոքր բազմապատկել է, բայց Տերետերանց կորած ոսկու վերաբերյալ լեգենդները մինչեւ օրս էլ կենդանի են: Իսկ նրանց թոռ Ստեփանն, ահա, առանց գրպանում մեկ դրամի, պառկած է ու գրում է այդ մասին:

Եկան բոլշեւիկները:

Այդ ժամանակ իմ պապ Գրիշը գործերով Թիֆլիս` մեր ազգականների մոտ էր գնացել. այնտեղ էին ամուսնացած նրա հորեղբոր աղջիկները, նրանցից մեկի` Նազանի անունն է փոխանցվել, իսկ նրանցից մեկի որդի վարպետ Կարոն մեխի, երկաթացանցի արտադրամասեր ուներ Մառնեուլում:

Բոլշեվիկները Գրիշի բացակա ժամանակ գյուղում հավաքելով գյուղացիներին` ժողով են անում ու ասում. «Արամը հարուստ է, նրան Սիբիր քշենք, նրա ունեցվածքը ձեզ կտանք` լավ կապրեք»: Որոշ չլուտ-չբլախներ ձեռք են բարձրացնում, հուսալով, որ Արամի հարստությունից մի բան իրենց կհասնի, բայց գյուղացիների մեծամասնությունը լռում է: Այդ ժամանակ հարցնում են նոր թխած կոմսոմոլ Մելիքին եւ Կամսարին` Արամի եղբայների տղաներին (Մելիքը հետո Կրեմլում էր աշխատում, իսկ Կամսարը 60-ականներին նույնիսկ Հայաստանի երկաթուղու պետ է եղել եւ գնդապետի աստիճան ուներ). «Մելիք,Կամսար, ձեր հորեղբայրը հարուստ է եւ հակա, ի՞նչ եք ասում, քշե՞նք»: Կոմսոմոլները պատասխանում են. «Եթե հակա է` քշեք»: Արամը զույգ ձեռքով բռնում է գլուխը: Չէր սպասում, որ հարազատ եղբայրների որդիները կդավաճանեն: Իսկ գյուղացիներն ամոթից կախել էին գլուխները: Նրանք հիշում էին, թե ինչպես էր Արամը փախեփախի ժամանակ իրենց թիկունքը պահում, քրդերից անասուն խլում-իրենց կերակրում:

Արամին ուրիշների հետ տարան Կրասնովոդսկ (Միջին Ասիա):

Թիֆլիսից վերադարձած պապս` Գրիշը շան քոթակ տվեց Մելիքին ու Կամսարին (Կամսարն իր եղբայրն էր, Մելիքը` Պետրոս հորեղբոր որդին), բայց ինչ` բանը բանից անցել էր: Գրիշը գրպանները փող լցրեց ու գնաց ազատելու հորեղբորը, բայց ուշացել էր: Կրասնովոդսկ հասնելուց հետո Արամն ապրել էր 3 օր եւ մահացել` չդիմանալով ծանր մտքերի բեռին:

Պապիս մեծ եղբայր Հարութիկն Ամերիկա էր գնացել մինչեւ 1920 թիվը: Հետո սահմանները փակվեցին, ու նա չկարողացավ վերադառնալ:Նրանից մնացել էր նրա որդի Գեւորգը, որը նույնպես դեն նետեց Տեր-Սահակյան ազգանվան Տերը ու դարձավ քաղաշխատող, Լենինականի տեքստիլ ֆաբրիկայի պարտկոմ,«Բանվոր» թերթի խմբագիր: Հետո պատերազմի ժամանակ քաղղեկ ու ավագ քաղղեկ էր: Ապա կռիվ գնաց, կռվեց Բրեժնեւի հետ Մալայա Զեմլյայում, ինչը հետո նրան բավականին լավ ծառայություն մատուցեց: Պատերազմը նա ավարտեց, եթե չեմ սխալվում, գնդապետի կոչումով, հետո տարբեր պաշտոններ ստանձնեց, իսկ մինչեւ իր մահը Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի գործերի կառավարիչն էր (Գերագույն խորհրդի քարտուղար եւս եղել է): Գեւորգի տղա Ֆերդիկը մահացավ 1972 թվականին, 32 տարեկանում, նրան չփրկեց անգամ հորաքրոջ տված երիկամը, իսկ Գեւորգի թոռ Տիկոն, ավելի շուտ` Տիգրանը, հիմա դատավոր է:

Գեւորգի ու նրա հոր` Հարութիկի հետ էլ է մի պատմություն կապվում: Երբ սահմանները փակվեցին եւ Հարութիկը չկարողացավ վերադառնալ, նա այնտեղ ամուսնացավ: Եւ ասում էին, թե նա ապրում է Լոս-Անջելեսում, ունի 4 տղա եւ կոշիկի ֆաբրիկա: 30-ական թվականներին նա նամակներ եւ դոլարներ էր ուղարկել եղբորը` պապիս եւ իր որդի Գեւորգին: Այդ մասին իմացան HKBD-ականները ու եկան-հարցրին Գեւորգի մոտ` ճի՞շտ է: Այն ժամանակ խմբագիր Գեւորգը պատասխանեց.«Ես հայր չունեմ, նա ինձ համար վաղուց մեռած է»: Այս պատասխանը շատ էր զայրացրել պապիս, որը գնալով եղբոր տղայի մոտ` բղավել էր.«Չոշո", հորի՞ցդ ես հրաժարվում», եւ ապտակել էր նրան: Պապս իր եղբոր տղա Գեւորգից մեծ էր ընդամենը 4 տարով: Քույրս հիշում է, որ Հարութիկի ուղարկած դոլարներից մի քանիսը մայրս պահում էր որպես հիշատակ, եւ նույնիսկ 1927 թվականի 1 դոլարանոց մնացել էր քրոջս տանը: Այդ մեկ դոլարանոցը 2005 թվականին հանձնել էր նրա որդի Դավիթը, երբ ընկերուհու ծննդյան օրը նվեր գնելու փող չէր ունեցել. անցյալ դարասկզբի դոլարները ԱՄՆ-ը գնահատում է որպես անտիկվար առարկա եւ վճարում բավական գումար դրա դիմաց` անկախ դոլարի վրա գրված արժեքից:

Վերադառնալով Կրասնովոդսկից` Գրիշը կարգավորեց կուլակաթափությունից հետո դեռեւս մնացած կալվածքները, ամուսնացավ տատիս` Ալեքի աղջիկ Շողոկաթի հետ, որի առաջին ամուսնուն` ցարական պորուչիկ եւ Գեորգիեւյան չգիտեմ որ աստիճանի խաչի կավալեր Լեւոնին բոլշեւիկները կախել էին, բայց մնացել էր նրանց որդին,1918 թվականին ծնված Արզումանը: Արզումանը պատերազմ որ գնացել էր` 120 տարեկան Ալեքը սպասում էր նրա վերադարձին, ասում էր` չմեռնեմ, թոռիս գալը տեսնեմ, բայց մեռավ, ինչպես պատմել եմ` ոչ իր բնական մահով: Ալեքի կին Խանումը, որ նրանից փոքր էր երկու տարով, նույնպես հասավ 120-ի եւ մահացավ 1947 թվականին:

Արզումանը ռոմանոգերմանական լեզուների մասնագետ էր եւ գերազանց տիրապետում էր 5 լեզվի: Նա պատերազմի ժամանակ ծառայեց հակահետախուզությունում, որտեղից նրան ներդրել էին գերմանական բանակում: Մեզ մոտ ստացել էր կապիտանի կոչում եւ բազմաթիվ պարգեւատրումների արժանացել, իսկ գերմանական բանակում հասել էր հաուպտմանի աստիճանի, ստացել Երկաթե խաչ, ինչը պատերազմեց հետո վատ անդրադարձավ նրա ճակատագրի վրա. նախանձողներն այդ փաստերը շուռ էին տալիս` ինչպես իրենց էր պետք: Զորացրվելուց առաջ ծննդավայրից բնութագիր է պահանջվել: Կոլխոզի նախագահ Գեորգին, իր գավառական մտածողությամբ զգուշանալով, որ Արզումանը եթե գյուղ գա, իր բոլոր ապօրինությունները ջրի երես կհանի, եւ գլխի չընկնելով, որ Արզումանն ավելի բարձր թռիչքների թռչուն է, քան խղճուկ կոլխոզի նախագահի պաշտոնն է, բնութագրում ավելացրեց.«Նրա հայրը ցարական սպա էր, որին կախել են բոլշեւիկները»: Երկար քննությունից եւ ստուգումից հետո Արզումանին (Պետրոսյան) ի վերջո բաց թողեցին, եւ նա, զայրացած համագյուղացիների վրա, ոչ միայն հայրենի գյուղ, այլեւ Հայաստան անգամ չեկավ ու մինչեւ մահ աշխատում էր Կրեմլում: Այս Արզումանը լավ կրթություն էր ստացել իմ մորական պապ Գրիշի շնորհիվ, որը կնոջն ասել էր.«Քո առաջին ամուսնու որդուն իմ տանը չտեսնեմ, բայց փողով ինչքան ուզում ես` օգնիր»: Արզումանին մեծացրել եւ լավ կրթության էր ուղարկել Ալեքը` իմ պապ Գրիշի փողերով:

Երբ սկսվեց կոլխոզային շարժումը, Գրիշը, հասկանալով, որ իրեն ոչ մի լավ բան չի սպասում, տեղափոխվեց քաղաք, Լենինական (Ալեքպոլն արդեն Լենինական էին կոչել), տուն գնեց Ավզնոց թաղամասում եւ տեղավորվեց աշխատանքի: Մորս պատմելով` նա Հայաստանի ճանապարհային բուֆետների եւ ռեստորանների տրեստի կառավարիչ էր: Քաղաքում անգրագետ տատս ասել է.«Քա վայ, այ Գրիշ, բա մենք առանց կովի, առանց թարմ կաթ-մածունի, շոռի ու հում սերի ի՞նչխ բդի ապրինք»: Պապս, քեֆը լավ մի օր, առնում է 12 շվեյցարական ցեղական կով եւ քշողներին հրամայում` քշել-հասցնել Ավզնոցի իրենց տան բակ: Տատս քեֆը լավ ամուսնու կատակը չի հասկացել եւ վախեցած հարցրել է.«Քա Գրիշ, էսքանին ի՞նչխ տիրություն անեմ»: Պապս էլ ձեռք է առել.«Չոշոյի աղջիկ, կով էիր ուզում` բերել եմ», ու գնացել է քնելու: Մի երկու ժամից, երբ քեֆը թողել է, տեսել է, որ անհարիր բան է արել, նորից քշողներ է վարձել, ինքը նստել ֆայտոն եւ կովերին քշել տվել Մեծ Մուսայելյան: Այնտեղ 6 կով նվիրել է կոլխոզին, իսկ մնացած 6-ը բաժանել ազգականներին` պայմանով, որ իր ընտանիքը միշտ թարմ կաթնամթերք ունենա: Կովերից մեկը նա տվել է Ղեւանդին, որին համարում էին տրոցկիստ: Այդ առթիվ նրան կանչում են քաղաքային HKBD, թե` տրոցկիստին կով ես տալիս, ուրեմն դու էլ ես տրոցկիստ: Գրիշը, զայրանալով, նստում է ֆայտոն, կրկին գնում է գյուղ, վերցնում այդ կովը եւ մի քշողի օգնությամբ հասցնում Մալի մեյդան, որտեղ անասուն էին մորթում: Կովը մորթել է տալիս եւ բարձելով համալներին` տանում է HKBD ու դնում պետի սեղանին. այն ժամանակ սոված ժամանակներ էին, եւ մոտ 100 կգ միսը բավականին փող արժեր: Գրիշն ասում է.«Դե կեր ու դու էլ դարձի տրոցկիստ»:Պետը մի լավ ծիծաղում է, հետո ձեռքը դնում է նրա ուսին, ինչը նշանակում է, որ ընդունում է «տրոցկիստական» միսը.«Չգիտեի, որ այդքան լավ մարդ ես, հանգիստ գնա, ես քո թիկունքին կանգնած եմ», ասում է:

Գրիշը չէր սիրում սովետական կարգերը, եւ երկրորդ համաշխարհային պատերազմը հայերինս չէր համարում, ու շատ ազգականների ազատեց բանակից` փողով «բրոնյա» ձեւակերպելով: Շատ էր խմում ու ծխում, քիչ ուտում: Նա մահացավ սրտի կաթվածից, 1943 թվականի օգոստոսի 8-ին: Մահանալիս հասցրեց ասել.«Ժամատան հատակը աչքաթող չէնեք»: Հետո զավակների ու կնոջ ճիչերից մի քանի րոպեով հոգեդարձ եղավ, հարցրեց.«Էս ի՞նչ է էղե, ընչի՞ եք շուրջբոլորս հավաքվել»: Ու մահացավ վերջնականապես:

1956 թվականին եղբայրներից միակ ողջ մնացած Կամսարը, որ Երեւանում էր բնակվում, գնաց Լենինական ու Շողո տատիս առաջարկեց. «Իմ երեխաները բոլորը սովորում են ինստիտուտում, աշխատավարձով շատ դժվար ենք ապրում, արի ծախենք Մեծ Մուսայելյանի մեր տունը եւ փողը կիսենք»: Ժամատունը մորս պապենական տան բակում էր: Այստեղ առաջացավ զարդերը ժամատանը որոնելու խնդիրը, բայց անգրագետ տատս ասաց. «Ես մե տղա ու մե փեսա ունիմ, տղես մե աչքս է, փեսես` մյուս, ո՞րը հանես, որ ցավ չտա: Ժամատանը ձեռք տվողին աստված պատժելու է»: Խոսքը Գրիշի ու Շողոյի Սպանդար որդու եւ Բագրատանուշ դստեր ու 50-ականների սկզբին նրա հետ ամուսնացած Վարդան հորս մասին էր: Տատս այդպես էլ վախեցել է նրանց ուղարկել Մուսայելյան` ժամատան հատակը քանդելու, որտեղ ենթադրվում էր, որ պահ է տրված եղել Տերտերանց ոսկին:

Այդպես էլ Կամսարը ծախեց տունը` ժամատան հետ միասին, վերցրեց վաճառքի 100 հազար ռուբլին եւ գնաց Երեւան, որտեղ կայարանին հարակից շենքերից մեկում էր բնակվում ընտանիքով:

Այն ժամանակ աթեիզմի տարիներ էին եւ գնորդ համագյուղացին որոշեց քանդել ժամատունը, եւ քանի որ քարերը սրբատաշ էին, որոշեց դրանցով նոր տուն սարքել: Քանդելու հաջորդ օրը, սակայն, համագյուղացիները տեսան, որ այդ առնողի անասունը մնացել է գոմում, ինչ ուներ-չուներ` տանն է, բայց այդ գնորդն ընտանիքով կորել է: Երբ մտան ժամատուն` տեսան, որ հատակի մի քանի սալաքար հանված է: Գյուղացիներից մեկը տեսել էր, որ նրանք քարերի տակից մի մեծ կճուճ են հանել մթնշաղի դեմ: Ու այդտեղ բոլորը հիշել են պառավ Սոսեի պատմածները: Ոսկին գտնողներն, ուրեմն, գիշերը լծել են սայլը, ամբողջ ընտանիքով լցվել մեջն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Նրանց մասին այլեւս ոչինչ հայտնի չէ:

Դեռ չեմ գրել իմ մորական զարմիկներ Արշալույսի, Շողակի, Ցոլակի եւ Երանակ հորքուրի մասին: Ի դեպ` Շողակը 30-ական թվականներին մորական պապիս` Տեր Գրիգորի տետրերը, որոնց մեջ չափածո ստեղծագործություններ էին, տարել է Ավետիք Իսահակյանի մոտ, որ նա օգնի տպագրել: Իսահակյանը կարդալով` ասել է.«Այս տողերը քոնը չեն, ես գիտեմ` ումն են», ու չի վերադարձրել տետրերը: Մորական կողմի ազգականներիցս ոչ ոք չի փորձել պարզել` արդյո՞ք պահպանվում են Տեր Գրիգորի տետրերն Իսահակյանի արխիվում: Համենայնդեպս հայտնի է, որ Շողակն ու Իսահակյանը բարեկամանական հարաբերություններ են ունեցել:

Այն օրը, երբ ես սկսեցի գրել իմ մորական ազգականների մասին Գյումրիից, քրոջս զանգահարեց ողջ մնացած քեռուս` 75 -ամյա Սպանդարի կին Վիկտորը եւ հարցրեց իմ մասին` ասելով. «Ստյոպի վրա քեռիդ լավ երազ է տեսել, խաբար կա՞»: Զարմանալի է: 20 տարի նրանց չեմ տեսել, բայց արյունն ու արյունակցական կապն, անշուշտ, ինչ- որ հեռակապ ունեն իրենց մեջ, ինչ-որ կոդ, ինֆորմացիայի փոխանցման ինչ- որ ձեւ, քանի որ ազգական մարդիկ հեռազգացմամբ իրար մասին ինֆորմացիա ստանում են երեւի: Հարցն այն է, թե կարողանո՞ւմ են նրանք տարբեր ճանպարհներով փոխանցվածը մեկնել կամ հասկանալ նշանները: Այդ մասին որ խոսեցինք` քույրս մի քանի օրինակ բերեց. այն գիշեր, երբ քույրս երազում տեսել է, թե մեր մորաքրոջ աղջկա` Հասմիկի ամուսին Վռամն իր տուն հյուր է եկել գույնը գցած, հիվանդ տեսքով եւ խնդրել է իր համար անկողին գցել, քանի որ շատ հոգնած է, այդ գիշեր Վռամը մահացել է` իր 50-ամյակի օրը շատ խմելուց: Իսկ այն տարին, երբ ես Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում ես ընկել եմ մեքենայի տակ եւ կիսամեռ վիճակում մի քանի ամիս պառկել հիվանդանոցում, այդ տարին տարբեր ամիսների վիրահատել են քրոջս ու հորս: Բոլոր դեպքերում քույրս քեռուս ու քեռակնոջս չէր ասել, որ ինձ գտել է` նրանք գիտեին միայն 19 տարի ինձանից լուր չունենալու մասին:

Իմ մորական պապ Գրիշը միայն մի որդի ուներ` Սպանդարը, որին, եթե խորը մտածենք` էլի հետապնդել է ճակատագիրը: Նա ուշ ամուսնացավ, քանի որ իրենից փոքր Սիրուշ մորաքրոջս եւ իր մեծ քույր, առանց ամուսնու մնացած Աղունի Հասմիկ դստերն էր մեծացնում: Երեսունն անց ամուսնանալով Վիկտորյայի հետ` ունեցավ երեք զավակ` Գրիշը, Գագոն, Անահիտը: Վիկտոր քեռակինը Սպանդար անունը տգեղ համարելով` քեռուս անվանում էր Սպարտակ: Նրանք Ավզնոցից տեղափոխվեցին Շիրակի փողոցի նորակառույց երկար շենքի մի գեղեցիկ բնակարան: Անահիտն ու Գրիշի նորապսակ կինը երկրաշարժի ժամանակ մնացին Գյումրու Շիրակի փողոցում գտնվող հայտնի այդ շենքի փլատակների տակ` շենքն ամբողջությամբ փլվել էր: Սպանդարի փոքր որդին` Գագոն 18 տարեկանում մահացավ կույր աղիքի հետվիրահատական բարդություններից, իսկ ողջ մնացած միակ որդին երկար դեգերում էր Գերմանիայի եւ Ավստրիայի փախստականների ճամբարներում եւ միայն վերջերս է կարողացել ժամանակավոր գրանցում ստանալ ու ամուսնանալ: Ծերուկ Սպանդարն ու իր կին Վիկտորյան մեծացնում են Գրիշի` հայաստանյան երկրորդ ամուսնությունից մնացած դստերը` միայն հեռախոսով շփվելով իրենց որդու հետ:

Սիրուշ մորաքրոջս տղաները եւս աստանդական են` մեկը Ռուսատանում է, մյուսը` Գերմանիայում: Սիրուշն իր մոր առաջին ամուսնու որդու անունը, իր մոր խնդրանքով չկորցնելու համար, տվել է իր ավագ որդուն` Արզումանն է հենց Գերմանիայում (ճակատագրի հեգնանք,քանի որ Գերմանիան ու գերմաներենը շատ բան են որոշել նախորդ Արզումանի ճակատագրում):

19 տարի հետո ես գտա ուրիշ, ինձ համար անճանաչելի Հայաստան: Օտար է թվում ամեն ինչ. բոլոր ընկերներս, ովքեր առաջին օրն ինձ հետ հանդիպում էին ջերմությամբ, մյուս օրերին անհասանելի էին: Քույրս ասում էր, թե հիմա ոչ ոք ժամանակ չունի հին ընկերությունները մտաբերելու, ամենքը զբաղված են իրենց օրվա հացը վաստակելով` դժվար ժամանականեր են:.

Մարինկայի միջանկյալ գրառումներից

Ստյոպն այսքանը գրելուց հետո աշխատանք գտավ` սկսեց ցրել ինչ-որ անհայտ «Լույս ու ստվեր» ամսագիր` նախապես հայտնի հասցեներով: Իմ դիտողություններին, թե ինքը բարձրագույն կրթություն ունի, այժմ շատ հարկավոր մասնագիտություն` կիրառական մաթեմատիկ, եւ արժե նորից որակավորվել, ի պատասխան նա մի քանի էքսցենտրիկ կատակ արեց եւ իր փիլիսոփայական դատողություններով այնպես թթվեց ականջիս, որ նրան վռնդեցի իր սենյակը, որոշելով չխառնվել: Ընդհանրապես` նա իմ ճանաչած մարդը չէ, որին ես 1989 թվականի հոկտեմբերի 4-ին ճանապարհ դրեցի իմ տնից: Այն ժամանակ 4-րդ հարկի իմ պատուհանից հայացքով ճանապարհ դնելով` մտապահեցի երիտասարդ, շենշող, լավ հագնված նրա արտաքինը, եւ այդպիսին էր նա 19 տարի իմ մտապատկերում: Իսկ 2008 թվականի փետրվարի 21-ին ես ստացա սպիտակ մազերով, բազմաթիվ հիվանդություններով, մի աչքի լույսը կորցրած, նիհար ուրվական, որի մեջ շատ դժվար էր ճանաչել նախկին Ստյոպին: Ահա Հայաստանից մեկնողների հանրագումարը, մտածում եմ հիմա: Դե` փոքրամասնություն հաջողակներին եւ անվանի մեծահարուստներին հանած: Լավ է գոնե, որ հիմա նա մասամբ արտաքինով վերադառնում է նախկին կերպարին, բայց դժբախտությունների ու փորձանքների միջով անցած նրա հոգին անհաղորդ է ինձ: Երբեմն նա ինձ թվում է իր տակառում նստած այն անտիկ փիլիսոփան, որի կերպարի հետ են կապում կյանքի բոլոր երեւույթներին մի թեթեւ ցինիզմով նայելու պարագան: Նրա ցինիզմը հիմա նաեւ ինձ է խանգարում ուրախանալ կյանքի փոքրիկ ուրախություններով: Տխրելն ու ուրախանալը նրա համար միեւնուն մարդկային թուլությունն են` հավասարապես արժանի արհամարհանքի: Մի բան է գնահատելի` փիլիսոփայի իր կեցվածքը բոլոր սահմանային իրավիճակներում, եւ միայն: Դժվար կյանք է սպասվում նրան, ով կհամարձակվի նրա կողքին լինել, չնայած բարի-անվնասի սովորական բնույթին ու կեցվածքին, կամ` գուցե ավելի շուտ դիմակին.

Դժվարին կյանքն ու փորձանքները ճզմել են նրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.