AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Պատմվածք

Տեղադրվել է` 2010-03-31 02:00:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 6206, Տպվել է` 1308, Ուղարկվել է էլ.փոստով` 193

ՍԱՐԱՀԱՐԹԻ ԶՈՀԵՐԸ (ՄԱՍ 1)

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Սարահարթը ձգում էր ինձ դեռ մանկությանս օրերին, երբ գյուղում էի ու ամեն օր էի այնտեղ լինում, իսկ հետո արդեն ոչ միայն կարոտ էր, այլեւ հիվանդություն ու ցավ, ինչպես ակամա թե անիծելու պես գուշակել էր սարի պահակը: «Մնաս գյուղում, սարերի մեջ, կիսատ ու պակաս կյանքի զգացողությունը կտանջի... Հեռանասՙ կարոտն է տանջելու, էլի ամբողջ կյանքում,- ասաց,- վերջինը լավ է, գիտե՞ս, կարոտը սեր է: Ավելի լավ էՙ կարոտես, քան թե կարիճի պես մաղձի մեջ ապրես»: Իրոք սեր էրՙ հեռվից, երազանքի պես զբաղմունք, դեռեւս... Վերադարձիս մի երկու օր էր դիմանում եւ տեղը զիջում էր հակադարձ պահանջինՙ տարածության եւ նոր տպավորությունների... Հեշտությամբ էի լքում ծննդավայրս, որը նույնպես անտարբերությամբ էր բաց թողնում ինձ, որովհետեւ վերջը գիտեինք...

Անտառ չունեինք, մեր ջրային տարածություն կոչվածը նվազ գետակն էր, որը ձնհալի վարարմանն էր ինքնահավանորեն ահագնանում, մնացած ժամանակ առանց կոշիկ հանելու կարող էինք անցնելՙ քարից քար քայլ գցելով, իսկ ամենախոր տեղը ծնկներս չէր ծածկում: Գետակից զրկվեցինք, երբ շրջանում ջրամբար կառուցեցին: Բնության այլ հրապուրանքներից նույնպես զուրկ էինք: Երկու կողմից հարեւան գյուղերն էին կպած, դիմացի դաշտավայրում գյուղացիների եւ կոլտնտեսության հողերն էին, գյուղացիները կարտոֆիլ էին ցանում, կոլտնտեսությունըՙ եգիպտացորեն ու ճակնդեղ: Մարդուց բարձր եգիպտացորենը թաքցնում էր մեզ, բայց էլի բնություն չէր, որը զգում էինք գյուղի թիկունքից` վերջին տների միջից բարձրացող ու մինչեւ քաղաք տարածվող լերկ սարահարթում, առանց մի հատիկ ծառի ու թփի, միայն քարերով ծածկված լանջերով (խոտի փոխարեն քար էր աճում), տափարակի ցորենի արտերով, որոնք իրարից անջատվում էին լայն, խամրականաչ թմբերով ու հանած քարերի կույտաշարերով:

Չորս-հինգ տարեկանից սարահարթը մեզ համար հարազատ վայր էր, ամառ թե ձմեռ այստեղ էինք:

Ֆուտբոլի փոքր դաշտ էինք սարքել, մեր սեփականը: Գյուղի իսկական, շրջանի ամենամեծ խաղադաշտն օրվա գրեթե բոլոր ժամերին զբաղված էր լինում, մեզ հերթ չէր հասնում: Ձմռանն ինչքան որ սառած գետակի ողորկ, ոլոր-մոլոր ժապավենի վրա էինք ժամանակ անցկացնում, նույնքան եւ ավելիՙ լանջերին: Մանկության տարիներին ձյունն առատ էր, քար չէր երեւում: Սահում էինք ամեն ինչով, որ հնարավոր էր ճարել կամ հարմարեցնել, խանութի եւ ինքնաշեն դահուկներով ու սահնակներով, ստվարաթղթով ու հաստ պարկով, պայուսակով եւ առանց որեւէ բանի:

Խաղերից, գառ արածեցնելուց, ոտքով Լենինական գնալուց ու վերադառնալուց բացի, պարզապես թափառում էինք սարահարթում, սինձ ու փուշ ուտում, ինչ-որ խաղ կազմակերպում կամ հորինում, հարեւան գյուղերի երեխաների հետ մրցում կամ կռվում, որ նույնպես բարձրանում էին սարերըՙ նույն ձգողությամբ:

Դպրոցը սարի վրա էր, որը հրվանդանի պես առաջանում էր գյուղի վերեւումՙ երեք լանջերը տրամադրելով մեզ:

Հետեւի լուսամուտներից ցատկում էինք ու մոտ հիսուն մետրը վազելովՙ իջնում ձորը, ապա հեռանում սարահարթի խորքերը: Մենք գերադասում էինք հեռուն, սարի անուշ օդն ու ցորենի սվսվացող արտերը, մամռակալած քարերի ու թեթեւ քամու խառնված բույրը:

Դաշտի պահակն էր անցնում դանդաղաշարժ, գլուխը միշտ կախ ձիով, նախագահի «Վիլիսն» էր երբեմն շրջում հանդամիջյան նեղ ճանապարհներով: Զոխ քաղող կանանց էին փնտրում, մեզ ուշադրություն չէին դարձնում, քանի դեռ գյուղում չէր տարածվել, որ սեկա ենք խաղում: Սեկա խաղում էինք, եւ մեր անսպառ ու անսանձ երեւակայությանն էինք զարկ տալիս, բայց միայն դրանց համար չէ, որ սար էինք բարձրանում:

Տարիներ անց, երբ երկար ժամանակ ապրեցի ծովի մոտ, հասկացա, թե ինչ էր սարահարթն ինձ համար:

Եվ ինչպես ծովն ու բնության մյուս շքեղ եւ վտանգավոր զավակներըՙ լեռներն ու անտառները, գետերն ու կիրճերը, մեր համեստ, չորուցամաք սարահարթը նույնպես կյանքեր էր խլում: Առաջին հայացքից երկնքի տակ լիովին բաց փռված, միայն արեւին եւ քամուն հանձնված տարածությունը ե՛ւ խորքերով ու թաքնվելու բազմաթիվ վայրերով էր հարուստՙ ձորեր, իջվածքներ, քարափներ, քարանձավներ, որոնցից մեկը, ասում էին, սահմանն էր անցնում, ե՛ւ հին ու նոր ժամանակների պատմություններով, եղելություններով ու մանկության հետ ներծծված, մնայուն, կենդանի պատկերներով: Քարանձավում ամիսներ ապաստանած սիրահարներ, հեղափոխական Ղուկաս Ղուկասյանի հայտնի ծակ քար, որի հետեւում իբր պաշտպանվել է դաշնակներից եւ կրակել անցքից: Գյուղաճակատ քարափների մեզ սովոր, մեղմաբարո կարծես եւ Արարատյան դաշտից տեղափոխված ու մեր սարահարթում հաստատված կատաղի օձերի կռիվներ: Հաճախակի անցկացվող զորավարժություններից կամ մեզ անհայտ պատճառներով երբեմն հայտնվող ծանոթ զինվորականներ, որ հենց տեսնում էին մեզ, իրենք էին բղավումՙ դրուգ, դայ զնաչոկ...

Ամենանշանավոր վայրը կործանված օդանավի բլուրն էր: Ակնածալից սարսուռ առաջացնող լեգենդ էին պատմում օդաչուի մասին, որի հուշարձանը գյուղացիների խոսակցություններում եւ ցանկություններում կառուցվում էր հենց այդտեղ: Օդաչուն պարաշյուտով չէր թռել, որ վթարված կործանիչն անցկացնի գյուղի վրայից: Օդանավն ընկել էր սարահարթում, օդաչուն զոհվել էր:

Գրեթե նույն տեղում դասարանցի Սերոբի հորն էր կայծակը խփել, անձրեւի տակ բահը ուսին դրած վազելիս:

Մոր սուրբն էր հայտնի:

Պատերազմի ժամանակ հարեւան գյուղացի տասնութամյա մի տղա երկու ընկերոջ հետ փախել էր ռազմաճակատ մեկնող գնացքից, թաքնվել էին մեր սարերում: Մի դիվիզիա շրջապատել էր սարահարթը, որը դաշտերի եւ հովիտների մեջ բարձրացող կղզի էրՙ ստորոտներին ու լանջերին փռված գյուղերով, ճանապարհներով ու գետակներով եզերված:

Տղային տեղում էին խփել, երկուսին Լենինականում էին գնդակահարել, շարքի առաջ: Դիակը մորը չեն տվել: Պատմում էին, թե ինչպես էր մղկտումՙ «...դասալիք բալա ջան, դասալիք բալա ջան...»: Սարից չի իջել, բերել են տուն, գիշերը նորից բարձրացել, գնացել է սպանության վայրը, որտեղ էլ գտնում են նրան առավոտյան, իր փորած փոսի մեջ, անշնչացած: Ոչ ոք չի համարձակվում ընդդիմանալ նրա վերջին ցանկությանըՙ թաղվել զավակի փոխարեն...

Որդեկորույս մոր պատմությունը վերհիշվեց ու տարածվեց 15-20 տարի անց, մեր դպրոցական տարիներին:

Մեզ ասել էին, որ հեռու մնանք մոր գերեզմանից, մեծերն էլ էին խուսափում, տղամարդիկ, հոտն ու նախիրն այդ կողմ չէին տանում: Տեղանքը մաքուր էր մնում, ինչ-որ մեկը հետեւում էր նաեւ, կուտակված քարերի մեջ գետինն ավլածի պես էր երեւում: Մենք նույնպես, շատ էլ ասել էին, թե հեռու մնանք, քարեր էինք ավելացնում պատերին: Հետո շիրիմ հայտնվեց, ականատեսներն ասում էին, որ հենց կնոջ փոսի վրա է:

Արտերի պահակին էին կասկածում: Կոլտնտեսության նախագահին ու կուսքարտուղարին փոխեցին: Ակումբում ժողով եղավ, շրջկոմի առաջին քարտուղարն էր հատուկ եկել, որ ելույթ ունենա: Եվրոպական ուղեւորությունից էր խոսում, Միքելանջելոյի քանդակներից, իտալացի հակաֆաշիստների եւ ֆրանսիացի պարտիզանների, Դիմադրության մեջ մարտնչած հայերի մասին... «Իսկ դուք,- տեղայնացրեց նա իր ժամանոց ճառը,- հայրենիքի դավաճանի մոր, ի սեր դավաճանի կյանքը տված կնոջ գերեզմանն եք տեսքի բերում, գուցե սրբացնե՞ք նաեւ»:

Քարտուղարը, որ հռետորական ձիրքով ու ճարտասանությամբ, հայրենասիրական պաթոսով շշմեցրել էլ լեփ-լեցուն դահլիճի սառած ու ամոթահար ժողովականներին, նշավակում ու պախարակում էր անգիտակիցՙ պարզ մարդկային կույր խղճահարությունը, անզգույշ խոսքով սերմ գցեց սրբոց կարգին ու վարքին անծանոթ, հավատազուրկ, սակայն մայրական մորմոքից սահմռկած գյուղացիների մեջ: Տղային չարդարացնելովՙ գոնե ակնարկով, հայացքով, մինչ այդ նրանք սոսկ խղճում էին խեղճ կնոջը, որը ո՛չ դասալիք բառի իմաստն էր հասկացել, ո՛չ պարտքը չկատարելն ու հայրենիքի դավաճանությունը եւ իր որդուց բացի աշխարհ ու կյանք չէր ճանաչում:

Հաջորդ սխալը եղավ սարը բուլդոզեր հանելը, որը հարթեցրեց շիրիմն ու կողքի պատերը, մեծ-մեծ քարեր քշեց բերեց... մոմ վառելու հարմար խորշ ստեղծելով, իսկ թրթուրների տակ խոշտանգված գերեզմանը նահատակի էր ամփոփում արդեն:

Շուտով մոմերի մնացուկների հետ շորերի ծվեններ երեւացին, մազեր, գոտիներ, ուրիշ մանր իրեր, որ բերում էին ուխտավորները: Սկսեցին խոսել նաեւ գերեզմանին իջնող լույսի, բուլդոզերիստի տղայի անհասկանալի հիվանդության եւ մեկ ուրիշՙ գոսացած ձեռքով գառնարած երեխայի հանկարծակի ու հրաշքով ապաքինման մասին, որը քնել էր Մոր սրբի քարերի մոտ:

Գյուղի մերձակայքում երկու ուրիշ սրբավայրեր կային, ուր գալիս էին ամեն իղձ ու փափագովՙ բուժվելու, գիրկապ քանդելու, լուր ստանալու, բախտավորվելու, ամուսնուն հետ բերելու, հոգեպես հանգստանալու, մաքրվելու... Մոր սուրբը զավակների ցավերով տառապող մայրերի ուխտավայրն էր: Գալիս էին ոչ այնքան փրկության կամ հրաշքի ակնկալիքով, որքան լաց լինելու, թեթեւանալու...

Հաջորդ ժողովում շրջկոմի քարտուղարը, կուսակցական աշխատողի ճկունությամբ հարմարվելով իրադրությանը, այս անգամ Րաֆֆու պատմավեպերի եւ հայոց պատմության օրինակներով կառուցած ելույթի վերջում հայտարարեց. «Նույնիսկ մայրը չտարավ որդու դավաճանությունը»:

Մյուս սրբավայրերի հետ էլ հուզիչ ու ողբերգական պատմություններ էին կապված, ավելի հին ու անվկա:

Պատմություններից շատերը գիտեինք վաղուց, շատ բան էլ իմացանք արտերի պահակից... Ինքն իրեն սարի պահակ էր անվանում, հեգնանքով: Նախկին ուսուցիչ էր, չորս տարի գերության մեջ էր եղել, տասնչորս տարիՙ սիբիրյան աքսորում: Նա ինչ-որ դեպք չէր պատմում, խոսում էր ամեն ինչից եւ երկար, եթե այդպիսի ժամերին էինք բռնեցնում: Ավելի հաճախ անցնում էր իր ձիու պես գլուխը կախ, մտքերի մեջ: Նրան մի անգամ տեսանք ձին արագ քշելիս. մահամերձ հարեւանի սիրտը սարի գարնան ձյուն էր ուզել:

Ենթադրում էին, իսկ ես համոզված էի, որ դասալիքի մոր գերեզմանը նա էր խնամում: Բացատրությունը գտել էիՙ ճակատագրի նմանությունը. դասալիք եւ գերի, այսինքնՙ դավաճան, եւ թե ինքն էլ ինչքան վիշտ էր պատճառել իր մորը...

Նրան չհանեցին գործից, խղճացին, կյանքը դժբախտության ու տառապանքների շղթա էր, երբեք ընտանիք չկազմած, առանց մոտ հարազատի, ի վերջո հանգիստ էր գտել հայրենի սարերում...

Սարահարթի ամենաողբերգական դեպքի վկան եղանք, ականատեսըՙ գրեթե մինչեւ վերջ:

Յոթերորդ դասարանում էինք: Աղջիկներն արդեն ձեւավորվում էին, նկատվող մարմնաձեւերով, տղաներից առաջ ընկած: Սեդան փոքր էր երեւում, չորրորդ-հինգերորդ դասարանցուց ոչ մեծ: Ոչ միայն մանկատես էր, այլեւ մանկամիտ: «Սեդաս շատ միամիտ է,- ասում էր ինձ մայրը,- աչքդ վրան կպահես»: Սեդային բռնաբարել էին դպրոցի սարի հետեւի ձորում, որը երբեք ամայի չէր լինում... այդ օրը եղել էր:

Դպրոցը թափվեց ձորը, հետեւիցՙ գյուղը, ծնողները, բարեկամները, լուրը թռել էր:

Սարի պահակի անունը հնչեց, հավատացին միանգամից: Դասամիջոցին ընկերուհիները վրնջյուն էին լսել ձորից, Սեդան ասել էր, որ վախենում է այդ մարդուց: Գյուղացիները խղճում էին սարի պահակին, բայց եւ ծաղրում էին պարզամիտ մարդկանց անգթությամբ, նաեւ զգուշավորությամբ ու կասկածանքով վերաբերվում հիսունն անց ամուրի տղամարդուն: Ասում էին, որ շատ դանդաղ է անցնում արտերում եւ խոտհարքներում աշխատող աղջիկների մոտով, աչք է գցում նրանց, իբր մեկին առաջարկել էր ձիով տանել, այսինքնՙ գիրկը նստեցնել: Մինչդեռ երբ մեզ հետ աղջիկներ էին լինում, հեռու էր մնում, իսկ եթե մենք էինք մոտենում, խոսքասիրությամբ չէր փայլում, ամաչկոտ էր դառնում կարծես: Կասկածելի պահերը հաջորդ օրերին էի հիշում ու բացահայտում, քանի որ ամբողջ ժամանակ Սեդայի, սարի պահակի եւ նրա սարսափելի վախճանի մասին էի մտածում: Որոշ պատկերներ հենց ձորում ակնթարթորեն եկան աչքիս առաջ. ձայնի, հայացքի փոփոխությունները, աղջիկների ներկայությամբ ուրիշ մարդ էր դառնում, ջանում էր թաքցնել, չէր հաջողվում... Այնպես որ այդ օրը բոլորի պես համոզված էի կամ հակվում էի համոզվելու, որ նա է արել...

Գազազած ամբոխը ձորի խորքում տեսավ պահակին, որը ձիուց իջած ծխում էր: Աղմուկ-աղաղակով վազեցին նրա կողմը: Առջեւից սլանում էր Սեդայի մայրըՙ սեւ մազերն ու թեւքերը ծածանելով, աղեկտուր վայնասունով: Պահակը չհասցրեց փախչել... Մի անգամ ասել էր. «Կյանքս անցավ անհասկանալի արագությամբ»: Ահա այդպես, անհասկանալի արագությամբ հասան ու կույտի մեջ առան նրան, ոտնատակ տվեցին, հոշոտեցին առջեւից վազողները, նույնիսկ երեխաներ, երկու աղջիկներ, որ սուր ճիչեր արձակելովՙ եղունգներով ծվատում էին պահակի մազակալած դեմքը...

Մենքՙ դասարանի մեր խմբով, որոշ հեռավորությունից էինք հետեւում: Ուսուցիչները հորդորելով ու ստիպելով հեռացրին մեզ, սարսափելի ինքնադատաստանի վերջը չտեսանք... Սեդայի մայրը քարով ջնջխել էր պահակի գլուխը...

Գյուղը նզովում էր ու թքում, դիակը մնաց անթաղ, ձորում, օձերին ու ցիներին կեր:

Սեդայենց ընտանիքը հեռացավ գյուղից, Հայաստանից, հապճեպորեն, մի քանի օրից:

Մի ինքնաթափ հող դատարկեցին դիակի մնացորդների վրա: Պատմություններ ու զրույցներ սիրող գյուղը մոռացության կտար ու կթաղեր այս սարսափելի դեպքը, սակայն ճշմարտության բացահայտումը նոր ցնցում առաջացրեց:

Սեդային երկու եղբայրներ էին բռնաբարել: Կրտսերը բանակ էր գնալու, եւ ծառայությունից նոր վերադարձած ավագը հասունության դասեր էր տվել եղբորը, որ սա առիթի դեպքում ամոթով չմնա:

Գերմանական գերությունը եւ սիբիրյան աքսորը քաշած մարդը հայրենի գյուղում, հարազատ սարահարթում, որը նրա վերջին եւ գուցե միակ սերն էր, երբ կարծես թե հետեւում էր թողել դժբախտության կծիկը, մեծագույն անարդարության եւ մարդկային անմիտ, խելացնոր կատաղության զոհը դարձավՙ մանկապիղծի խարանով շունչը փչելով, անարգված, խոշտանգված ու ջախջախված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.