AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Պատմվածք

Տեղադրվել է` 2010-03-31 02:00:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4996, Տպվել է` 1230, Ուղարկվել է էլ.փոստով` 184

ՍԱՐԱՀԱՐԹԻ ԶՈՀԵՐԸ (ՄԱՍ 2)

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Սկիզբըՙ փետրվարի 18-ի համարում

Նզովքին կսկիծը փոխարինեց, մեղավորության համատարած զգացումը: Նույն աղջիկները, որ անճանաչելիորեն ենթարկված կատաղության մոլուցքինՙ մասնակցել էին կույր, հրեշավոր դատաստանին, իսկ հաջորդ օրերին սարսափում էին ձորին մոտենալուց, հենց շրջակայքից քաղած մանրիկ ծաղիկներով էին ծածկում շիրիմ դարձած կույտը:

Այդ աղջիկներից մեկը հասուն տարիքում գժանոց ընկավ, մյուսի դեմքից թույն էր կաթում...

Որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Գյուղացիները ցավում էին աղջկա խորտակված կյանքի, անմեղ զոհի համար, ծնծնացնում էին ու գլուխները տմբտմբացնում, սակայն օրեր անց արդեն բարձրաձայն խոսակցություն չէր հնչում այդ թեմայով: Մեզ ընդհանրապես արգելված էր դեպքի մասին խոսելը: Երեւանից հատուկ մասնագետներ էին գալիս, զրույցներ անցկացնում, հանդիպումներ ու էքսկուրսիաներ էին կազմակերպում: Ուսուցիչները շատ ուշադիր ու հոգատար էին դարձել, հատկապես աղջիկների նկատմամբ:

Բռնաբարություն կոչվածն ինքնին ահավոր էր, ինչքան որ գիտեի ու պատկերացնում էի: Ֆիլմ էինք տեսելՙ այդ ժամանակվա համար բացառիկ կադրով: Գերմանացի զինվորը բռնաբարում էր պարտիզան աղջկան: Ընկերներս հաճույքով էին նկարագրում կարճ պահը. գերմանացին տապալում էր աղջկան եւ քաշում, բացում էր նրա կուրծքը, ապա ցորենի արտն էին ցույց տալիս, աղջկա ճիչերն էին լսվում, հետո ինքնագոհ զինվորը հեռանում էր, աղջիկն ընկած էր մնումՙ ոտքերն ու կուրծքը բաց... Նշանակություն չուներ նույնիսկ, որ պատերազմ էր, թշնամի զինվոր. աղջկա մերկությունը, ձայներն էին հիշում ու նկարագրում, թե ինչպես էր ճչում ու տնքում, երբ ճիչը վերածվեց տնքոցի... Պատմում ու քննարկում էինՙ հաճույքով, ոգեւորությամբ, ձայնարկություններով... Իսկ ես ցավագին էի ընդունում ու դրանից հետո կինո չէի գնում: Ինձ տառապանք էր պատճառում նաեւ ընթերցանությունը, երբ, ասենք, հայ աղջիկը հայտնվում էր պարսիկի կամ թուրքի հարեմում...

Եղբայրները թշնամիներ չէին, սակայն նույնկերպ նրանց էի ատում: Հավանաբար աղջիկներն էլ էին ատում նրանց... կամ զզվում եւ վախենում: Անգամ մեզնից էին խուսափումՙ բոլոր տղաներից: Հենց մեր դասարանում զգում էի սառնության, անվստահության ու զգուշավորության պատը եւ, ամենացավագինը, վախը, որ թափվում էր դեռահասական աշխուժությունից զրկված աղջիկների վրայից, դողահար, սառած ու կաշկանդված, նախկին անմիջական շփումներից իսպառ հրաժարված...

Դեռ վերջը չէր:

Եղբայրներին չէին սիրում, նրանց ընտանիքն էլ հեռացավ գյուղից, մի քանի ամիս հետո: Գյուղը չներեց նրանց, մեկուսացրեց ու արտամղեց, բայց եւ չպատժեց, նույնիսկ... չթողեց, որ պատիժ կրեն, կոծկեց իրականությունը, եւ բոլորը հավատացին, հավատալու տվեցին:

Մեղավորների ընտանիքը, բարեկամներն ազդեցին. գյուղի ուժեղ ու բազմանդամ ցեղերից էին: Գյուղացիներն իրենք էին լուռ ընդունում, որ եղածը եղած է, մեռածին հետ չես բերի, մենակ, անտեր մարդ էր, մի լացող չուներ, «էս ջահելներն էլ չգնան կորչեն»:

Սարի պահակը երկրորդ անգամ սպանվեց դաժանորեն: Նա իր առաջին մահով չփրկվեց անամոթ անարդարությունից:

Երկու շաբաթ չանցած` եղբայրներին մոռացան: Չէին ասում, թե պահակն է արել, այդպիսի ահավոր մեղքի տակ չէին ընկնի, սակայն լռությամբ փաստացի հաստատում էին, որ նա է եղել:

Լռում էր նաեւ միլիցիան, չափազանց շատ փող էր կերել:

Ամռանը ձորում խողովակաշար անցկացրին, վերեւում ջրամբար-բաշխիչ կայան կառուցելու համար տեղ հարթեցին, պահակի գերեզմանակույտը թաղվեց քշված զանգվածի տակ:

Ձորը մեր մշտական խաղավայրերից էր, գյուղի կեսն այստեղով էր սար գնում-գալիս, գառ ու սագ արածեցնող երեխաներն անպակաս էին, ֆուտբոլի դաշտն էր կողքին, գերեզմանոցը, Սրբի քարափը, անընդհատ ոտքի ու աչքի տակ... Ամայացավ դեպքից հետո, քանի դեռ ժամանակը չէր գործել...

Հետո, տարիներ անց, գյուղ գալիս, զարմանքով էի հիշում, որ մենքՙ փոքրուց մինչեւ դպրոցն ավարտելը, ազատ ու անվախ շրջում էինք սարահարթում, որն ընդարձակ գերեզմանոց էր դարձելՙ մեկը մյուսից ողբերգական, սարսափազդու պատմություններով, ժամանակի ընթացքում հայտնի դարձած ու անվանում ստացած վայրերով, եւ ինչքա՜ն մոռացված աճյուններ ու իրողություններ էին ամփոփված սարահարթում ու դարերի խորքերում, արշավանքներ, պատերազմներ, ջարդեր: Ամեն մի քար արյուն ու ոճիր էր տեսել:

Այդուհանդերձ, մռայլ վախի փոխարեն ժամանակի ծանրությունից տափակած սարահարթը բաց ու պարզ, բարի ու անմեղ երեւույթ էր կամ էություն, եւ կարոտը, որ կանչում էր ինձ գյուղ ժամանակ առ ժամանակ, ամենից առաջ հենց ինքն էրՙ սարահարթը, եւ սարի պահակը նրա մասնիկն էր դարձել:

Սկզբում մղձավանջ էր, սարսափ, առավոտյան ինձ պահարանից էին հանում, մահճակալի տակից, օրեր անց նեղ, փակ տեղերից էի վախենում: Երազում ինքնաթափից թափվող հողը ծածկում էր ինձ, վերեւից սահող հողին նայում էի պահակի աչքերով, զգում էի հողի խոնավությունը, որ շարունակում էր թափվել ու թափվել, գուղձերը խփվում էին դեմքիս ու փշրվումՙ վերքերի մրմուռը մեղմացնելով, ապա հողը պարուրում էր ամբողջովին, կարծես թե լավ էր, հանգիստ, հեռու, կտրվածՙ չարությունից ու կատաղությունից, քանի դեռ անհուսության սարսափը չէր կորցրել ամեն ինչ... Բղավոցով արթնացնում էի տագնապահար ծնողներիս...

Դասի ժամին էլ էի տեսնում սարի պահակին: Եթե սովորական վիճակ էր, անցած օրերից մեկը, մեզ հետ զրուցելիս, ձիու մոտ նստած, օձաձեւ մտրակը դաստակից օղակով կախած, «Ավրորա» ծխելով հանգիստ ու դանդաղ պատմելիս... լսում էի, պատասխանում նրան, ծիծաղում... Եթե սպանվելու պահն էր լինում, երբ քաշում էին նրանՙ գլուխը քարերին խփելով, ամեն մեկը ջանալով անպայման հարվածել, թքել, քարկոծել, աչքերը հանել, անմասն չմնալ համընդհանուր դատաստանից, խեղդվում էի, քարանում, բնազդորեն ապավինում փրկարար գոռոցին, սարսռեցնող ցնցումին կամ դասարանցիների միջամտությամբ էի ուշքի գալիս...

«Արձակուրդին տարեք գյուղից,- ծնողներիս ասել էր դասղեկը,- շա՜տ զգայուն է,- եւ ավելացրել էր չարացած,- ամբողջ գյուղը պիտի տեղահանվի, մենք այստեղ ապրելու իրավունք չունենք»:

Ինձ հիվանդ կամ գիժ չէին համարում: Շատ դպրոցականներ էին հոգեպես խեղված սարսափելի դեպքից, որը երկրաշարժի հաջորդական ցնցումներով տարուբերում էր մարդկանց միտքը ոճրագործության եւ անարդարության միջեւ: Ծանր ազդեցություն թողեց ձորի դեպքը աշակերտության եւ ամբողջ սերնդի մեջ, ոչ միայն դպրոցում սովորելու տարիներին, այլեւ հետագա կյանքում, ամոթալի ցավը մնաց իմ հոգում:

Ես հանգստանում էի ձորում, զարմանալիորեն, ոճրագործության վայրում: Պահակի գերեզմանից չէի վախենում` ի տարբերություն շատերի: Գիշերները նրան տեսնելուց եւ հիշելիս դողը բռնում էր ինձ, ձորում վախը վերանում էր: Իրոք նա սարահարթի մաս էր դարձել:

Նա ինձ չէր տարբերել մյուս երեխաներից, ում հետ խոսքի բռնվել սիրում էր: Ոչ էլ ես էի առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ: Մշտական մտատանջությունից մոտեցավ, հարազատացավ: Եվ հարազատի պես անբաժան էր ինձնից, մտապատկերներից ու մտածմունքներից, այն ամբողջից, որ կոչվում է ներքին կամ սեփական աշխարհ:

Սեդան հետո միացավ նրան, երբ ուշքի էի գալիս վախճանի տպավորություններիցՙ ավելի շատ արդեն իր մասին մտածելով, եւ նույնպես մնաց իմ աշխարհում: Դա սեր չէր, ոչ այդ եւ ոչ էլ հետագա անբաժան տարիներին, եւ չէի կարծում, թե Սեդան դասարանում որեւէ մեկին դուր կգար... Շքեղ բարձրդասարանցիներ էին աչքի ընկնում դպրոցում, մեր դասարանում կային նորածիլ գեղեցկուհիներ, որ ստվերում էին մյուս աղջիկներին, իսկ Սեդան ինքնին աննկատ էր, մանրիկ, Մնդրիկՙ ընկերուհիների կնքած անունն էր... Դիմագծերը տգեղ չէին, լուրթ աչքերը գեղեցիկ էին, մեծ, սակայն սառած էին, ինքն էլ աշխույժ չէր, մշտապես քնատ, թմրած, «պաղած տոլմա» էինք ասում, պարզ, դյուրահավատ, հեշտությամբ կարելի էր խաբել նրան... Մի մականուն էլ ուներ, միակը, որ լսելիս ժպտում էրՙ Ձնծաղիկ...

Սեդայենց ընտանիքը կորավ անհետ, անլուր: Ոչ ոք չգիտեր նրանց բնակության վայրը: Գյուղացիները չէին խոսում եղածի մասին, չէին քրքրում վերքը, որը նաեւ իրենցն էր:

Երբ գյուղ էի գալիս (եթե Հայաստանում էի լինում), շրջում էի սարահարթում, վերջում իջնում ձորՙ պահակի գերեզմանի մոտ, կարծես երկուսին էի այցելում, թեեւ Սեդան ողջ էր... հավանաբար:

Ժամանակ անց նույն երեւույթներին ու իրերին ուրիշ կերպ էի նայումՙ ափսոսանքի ու կորստյան զգացումով: Ցավալիորեն դա վերաբերում էր նաեւ մանկական աշխարհինՙ հափշտակությամբ ընթերցած գրքերին, նրբությունն ու փայլը կորցրած դասընկերուհիներիս, սարերին... ընդամենը քսան տարի առաջ բարձր ու հպարտ, հիշում էի ծնկներիս լարվածությունն ու քամու վնգոցը դահուկներով իջնելիս, իսկ հիմա ցածրիկ էին, խեղճ, սմքած, քարածածկ ինչ-որ թեքություն:

Օդաչուի փառքը երբեք չխամրեց: Միշտ հիշվում էր սրբազան ակնածանքով եւ հիշեցնում, որ անձնազոհությունը հեքիաթ կամ հիմարություն չէ:

Օդաչուի բլուրը եւ Մոր սուրբը սարահարթի ամենահիշարժան վայրերն էին, հաստատուն սրբություն: Ոչ մի տեղացի նրանց մասին խոսելու եւ անծանոթներին պատմելու առիթը բաց չէր թողնի: Իսկ սարի պահակին մոռացան, չէին ուզում հիշել, բոլորի բերանը փակել էր ընդհանուր մեղքը, որ ինձ էլ էր լավ ծանոթ: Հետո իմն արդեն ընդհանուր մեղք չէր, առավել եւսՙ լոկ չնչին մաս: Անողոք ինքնամեղադրանքը ջնջեց արդարացումներն ու պատճառաբանությունները, թե տասներեքամյա տղան ի՞նչ կարող էր անել գազազած ամբոխի ու մոլեգնած մոր ցասումի դեմ, կամՙ պահակը թեեւ չէր գործել հանցանքը, բայց իր հոգում եւ ներքին ցանկություններում զերծ չէր այդ արատից, այնքան վատ բաներ էին խոսում եւ վերագրում նրան: Ես մեղավոր էի, որ չէի պաշտպանել եւ չէի փրկել սարի պահակին, եւ մեղավոր էի, որ չէի պաշտպանել Սեդային: Սեփական մեղքի գիտակցումից ազատում չկա, եթե ինչ-որ ժամանակ, հոգեկան զբաղմունքի կամ սովորության պես, չես սկսում սիրել այդ մեղքը, որ գուցե նոր ոճիրներ կամ այլՙ սեփական անվանումով արարքներ է նախանշում...

Չհամարձակվեցի եւ չկարողացա պաշտպանել սարի պահակին, հետո մտածում էի ինչ-որ ձեւով արձանագրել, հաստատել նրա անմեղությունը, դարձյալ չհամարձակվեցի, կամ միշտ հետաձգում էի:

Անողը հայտնվեց:

Զարմանալի կամ ճակատագրական պատահականությամբՙ գյուղում էի եւ բարձրացել էի Հայրենական պատերազմում զոհվածների նոր կառուցված հուշարձանը դիտելու, որը դպրոցից քիչ էր հեռու: Օդաչուի հուշարձանն անկատար ցանկություն մնաց, գյուղացիները նախընտրեցին իրենց հավաքած եւ կոլտնտեսության փողով պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնել: Օդաչուի անունն էլ էին գրել քարին, ցուցակից առանձին, հավելյալ գրությամբ, եւ ցուցանակ էին դրել նրա բլրին:

Սարի պահակի գերեզմանատեղի մեծ քարերի մեջ մարդ էր երեւում, իջա ձոր:

Տարեց մեկը փորագրում էր համեմատաբար ուղիղ եզրերով ժայռաքարի վրա, որի կողքերի հողը քարերից մաքրված էր եւ թմբի պես հավաքված:

- Դու էս գյուղի՞ց ես,- հարցրեց փորագրիչը, ըստ երեւույթին զրուցակցի կարիք ուներ,- ուրեմն էստեղ մա՜րդ է թաղված... Ես ձեր գերեզմանոցում գրել եմ, բայց չէի լսել... Այ մարդ, ինչ զարհուրելի բան... Խեղճ, դժբախտ մարդ... դժբախտ, դժբախտ, էդքան է՞լ դժբախտ...

Առաջին երեք տառերն էր գծագրելՙ ՍԱՐ...

- «Սարի պահա՞կ» կգրես,- կարծում էի, թե կռահել եմ:

- Չէ, ի՞նչ «սարի պահակ», ազգանունն էՙ Սարգսյան... Առ, կարդա:

Փորագրիչը գետնին դրված ծխախոտի տուփի տակից հանեց ծալված թուղթը: Աշակերտական տետրի քառակուսի թերթիկի վրա մեծատառերով գրված էր.

ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՄ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ
1913-1965

- Ո՞վ է գրել տալիս:

- Աղջիկ է, կնիկ էՙ չհասկացա,- փորագրիչը մյուս ծունկը դրեց բարձիկին,- շեկ մազերով, ակնոցով, մեր գերեզմանոցն էր եկել, անունս իմացել էր, շատ խնդրեց, որ գամ, գրեմ...

Քարի մեծ ճակատի ներքեւի մասում էր փորագրում:

- Վերեւն ուրիշ բան պիտի գրվի, հլը չի որոշել:

Ֆուտբոլի դաշտի եւ գերեզմանոցի արանքի նախկին հեղեղատով, Սրբի քարափի դիմաց, սպիտակ «Նիվա» էր գալիս դանդաղորեն: Ջրամբարը կառուցելու ժամանակ բեռնատարներն այնքան էին անցել, որ քարերը սեղմվել էին գետնի մեջՙ ճանապարհ գծելով, որը սարալանջն ուռեցրած պահակի գերեզմանասապատը շրջանցելովՙ ձգվում էր մինչեւ գագաթ:

Աշնան կեսի վերջին տաք օրերից էր, որ քրտնեցրել էր լենինականցի արհեստավորին, հազվադեպ անքամի եւ արեւոտ: Երեւանում արեւն աշնանային փափկությամբ էր շոյում, գյուղում, այն էլ սարում, դեռ վառում էր, թեեւ երեկոներն այստեղ նույնիսկ ամռանն էին ցուրտ լինում:

Իջավ մեքենայից աղջիկը կամ կինը, փաթեթներ ու շշեր հանեց, եկավ մի քանի քայլը, բարակ, շիտակ, բաց գորշավուն տաբատով, նմանագույն կիսավերարկուի բարձրացրած օձիքը մազերի հետ քսվում էր այտին, մուգ ակնոցն ինձ ուղղած: Հենց առաջին հայացքիցՙ փակ տեսք էր, անհաղորդ եւ անարտահայտիչ, շեկ մազերի, բացգույն զգեստների եւ կարծես անգույն դեմքի, ճակատին ու քունքերին կպած մեծադիր ակնոցի եւ բարակ, սեղմված շուրթերի անթափանց շղարշի մեջ: Նույն դեմքը մի փոքր լուսախաղով եւ ժպիտով միանգամայն այլ տպավորություն կթողներ: Եվ ինչպես գյումրեցի արհեստավորը, ես էլ չկարողացա որոշել նրա տարիքը: Համենայն դեպս, քսան տարեկան չէր, ոչ էլ հիսուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.