AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Պատմվածք

Տեղադրվել է` 2010-03-31 02:00:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5653, Տպվել է` 1332, Ուղարկվել է էլ.փոստով` 199

ՍԱՐԱՀԱՐԹԻ ԶՈՀԵՐԸ (ՄԱՍ 6)

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լռությունը ժամանակի եւ հիշողության քարացումն է: Ձորում նա ինքնասպանության մասին չէր մտածում. «Գիշերը պիտի օդանավակայանում լինեմ»,- ասաց: Ի՞նչ էր անելու այնտեղ առանց փաստաթղթերի, գուցե դիմավորում էր... Փաստաթղթերի բացակայությունն առեղծված էր...

- Դու ո՞նց գտար նրան,- հարցրեցի,- եւ ի՞նչ ես անում այստեղ:

Վահանը թերեւս սպասում էր այդ հարցին:

- Ես նրան չէի էլ կորցրել: Ամեն ինչ գիտեիՙ արածն ու չարածը... Հեռախոսն եմ լսել, աշխատանքի տեղում մարդ ունեի... Մի ամիս առաջ որոշեց Հայաստան գալ, հարցուփորձ էր անում քարի վրա գրելու մասին, հետաքրքրվում էր... Ես նրանից մի քանի օր շուտ եկա: Արդեն գիտեի, որ գյուղ է գալու, սարսափում էի, որ ձոր է մտնելու... եւ չէի հավատում... բայց եկավ... Իսկ ես սիրտ չարեցի գյուղ մտնել, ձորին մոտենալ... Ճամփին էի սպասում նրան, ավտոյով... Անցավ ու արագացրեց...

- Տեսա՞վ քեզ, ճանաչե՞ց...

- Դժվար թե, ես շատ եմ փոխված, դու չճանաչեցիր... Հետո զգաց ոնց որ...

Սեդան զգում էր չար բանի մոտենալը...

- Որոշել էի հասնել, կանգնեցնել ու խոսել, չոքեի դեմն ու ատրճանակը դեմ տայի ճակատիս, աչքի առաջ գլուխս ցխեի... 120 էր արագությունս, չէի հասնում... Արդեն իջնում էինք սարից, հիսուն մետր էր առաջ, վերջին ոլորանն էր, ուղիղ շարունակեց, թռավ ասֆալտից ու գլորվեց, մինչեւ վերջ, հասավ ճամփին... Իրեն փրկելու հույսով չթռա հետեւից...

- Դու ես սպանել նրան, քեզնից է փախել...

- Շատ արագ էր քշում վերջում, բայց նա սիրում էր արագ...

- Վթա՞ր էր:

- Վթար թե ինքնասպանությունՙ պատճառը ես եմ... Ես էի սկսել, ես էլ ավարտեցի... նրա մահը... քսան տարի տեւեց... Հանգստացավ վերջը, ինչ հանգիստ է դեմքը, էլ չի վախենում ինձնից... Գրածդ ճիշտ է, կսպանես տականքներին... Իսկ հիմա, ինչ կլինի, թող մեզ իրար հետ, վերջին ու միակ գիշերը... Քսան տարի մենակ տառապեց, գոնե մահվան ճամփին մենակ չթողնեմ... Լուսամուտից ել, գնա գյուղ, Երեւան, ուր կուզես, առավոտյան արի... Ինչ որ հարցնեն, կպատասխանես, մեզ համար մեկ է... Կամ գնա Հայաստանից, ավելի լավ, միշտ գնում ես, չէ՞... Ամեն ինչից կպրծնես...

- Գիշերը մնալու է սեղանի վրա՞...

- Բան չի լինի, եղանակը սառն է, մոտն եմ... Մնացածի համար խոսել եմ, առավոտյան կհերձեն... Հետո նա արդեն շատ հեռու կլինի...

- Տանելո՞ւ ես, տանենք միասին, տանենք գյուղ...

- Վերադարձնենք գյուղ, որից հազի՞վ է ազատվել, տանենք ձոր, որ իր դժբախտության մե՞ջ թաղվի... Չէ, դու գնա, մեր ճամփեն ուրիշ է...

Անկեղծորենՙ ուզում էի հեռանալ: Ամեն ինչ վերջ ունի, վիշտն ու ցավըՙ նույնպես: Գիշերային ճանապարհին ես Սեդային ավելի լավ կպատկերացնեի, քան այստեղՙ իր մոտ, ցուրտ ու մութ դիարանում, նախկին ոճրագործի, այժմ ինքն իրեն մահվան դատապարտածի ընկերակցությամբ:

Մի անգամ էլ շոյեցի Սեդայի վերարկուն, արդեն խուսափում էի մարմնին դիպչելուց, քայլեցի դեպի դուռը, որի կողքին անջատիչ էի տեսել, ձեռքս չմեկնածՙ Վահանն ինձ կանգնեցրեց:

- Լուսամուտի՛ց,- հանգիստ հրամայեց նա,- ուզում ես լույս վառելով մարդկանց ուշադրությո՞ւնը գրավել... Զենքն ամբողջ կյանքում անբաժան է եղել ինձնից, մթանը նույն ձեւի եմ կրակում: Եվ մտքովդ չանցնի դրսում մարդկանց կանչել... Մոտեցիր լուսամուտին, եթե չես ուզում հավիտյան մնալ մեզ հետ...

- Լույսը վառում էի Սեդային վերջին անգամ տեսնելու համար,- արդարացա,- իսկ դրանով չվախեցնես, ես գիտեմ, որ չես կրակի:

- Սեդային տեսնելո՞ւ,- Վահանը չրխկացրեց վառիչը եւ պահեց Սեդայի դեմքի կողքին,- տես, սիրուն է, չէ՞...

Գուցե արդեն գժվել էր:

Բոցի երերուն լեզվակը Սեդայի դեմքի կեսն էր լուսավորելՙ աղճատելով դիմագծերը, մյուս կեսն ավելի թանձրացած մթության մեջ էր: Լուսավոր մասը խաղում էր, շարժվում մազերի խրձի հետ, այդ կողմի աչքը նույնպես ստվերի մեջ էր, ձգված բերանի անկյունը չարախինդ ծիծաղ էր զսպում...

Վահանն անջատել էր վառիչը, երկու անվարագույր, ցանցապատ պատուհաններից թափանցող լուսնի լույսն էր ուրվագծում Սեդային ու նրա վրա կռացած Վահանին... Շնչում էր նրա դեմքի վրա, սանտիմետրեր հեռու բերանից... Կարծես ավելի էր մոտենումՙ գլուխն իջեցնելով ու նոր փղձկոցով... Եվ արդեն միասին էին, համբուրում էր Սեդայի շուրթերըՙ ծծակ ընդունած երեխայի պես լացը կտրելով, խոր ու անհագ, ինչպես կարոտակեզ սիրահարը կհամբուրեր կենդանի աղջկան...

Ես ավելորդ էի:

Ատրճանակը մնացել էր սեղանի ծայրին, կվերցնեի առանց նկատվելու, սակայն չէի կարող նախախնամության գործիքը դառնալ կամ փոխել ինչ-որ բան: Ատրճանակը չլիներՙ համբույրով մահ կընդուներ Սեդայի շուրթերից, ատրճանակը մնարՙ գուցե նույն համբույրը նրան կյանք վերադարձներ, ես կրակեիՙ այս ամենը կվերածվեր սովորական պատժի: Միջամտելու իրավունք չունեի եւ ոչ էլ ուժ: Ես կողքից էի նայում մարդկանցՙ ինքն էր ասում, հետաքրքրվող, ուսումնասիրող, որը երբեք լիովին չի զգա ուրիշի ցավը կամ կհասնի լոկ կարեկցանքի չափինՙ թույլերի ու եսասերների պես ցանկությունից առաջ չանցնելով: Երբեւէ ստիպված կլինեմ չնայել, երբ ինձ հետ կատարվի... Ծնողների մահ տեսել էի, թանկ մարդու մահ, ընկերների եւ սիրո կորուստ, հիասթափություն եւ հուսախաբություն, եւ մահվան սարսափՙ օրեր շարունակ... Վահանի ողբերգությունն ավելի սոսկալի էր թվում, երեքի անափ ողբերգությունըՙ Սեդայի, սարի պահակի, Վահանի... Միացան նրանք, ես մենակ էի մնացել եւ անզոր էի: Վահանը, որին հիշել էի միայն ատելությամբ, հանկարծակի հայտնվեց եւ հաղթեց ինձ...

Լուսամուտի փեղկերը բաց էին... Ես գիտեի, որ օդի հոսանքը վնաս է դիակին, հիվանդանոցում չգիտեին կամ կարեւոր չէին համարել...

Պոկեցի բարակ մետաղացանցը: Վահանի համար ես արդեն գոյություն չունեի...

Բակում աշնան քամին լցվեց բերանս, ջրոտեց աչքերս: Հիվանդանոցի գլխավոր մուտքի լամպն ամայություն էր լուսավորում:

Չպիտի հեռանայի, բայց եւ չէի կարող մնալ այլեւս: Գնալը գոնե շարժում էր, ինչ-որ բան անել, մնալը չգիտեմ, թե ինչ էր...

Ավտոն հիվանդանոցի բակի մուտքից հեռու էի կանգնեցրել, ոչ դիտավորյալ: Գուցե եւ ուշադրություն դարձնող չէր եղել, տպավորություն էր, թե ամայությունը վաղուց է սկիզբ առել:

Սեւ, փայլուն ասֆալտի ու լույսերի վազքով գիշերային ճանապարհը փախուստի միջոց էրՙ սիրուց, մահից, վախից, ցավից, դիակի շուրթերի համբույրից, պահակի մազակալած, անտարբեր դեմքից, մեջքի վրա ձորում ընկած աղջկա քարացած հայացքից, եւ կողքից նայելու հնարավորություն...

Սեդան էլ փախավ, ձորից, հիշողությունից, վերադարձից, ինձնից, ինքն իրենից... դեպի իր մահը... Մանկության ընկերոջ հետ հանդիպումը չպահեց նրան... Մանկության ընկերը փորձ իսկ չարեց պահելու... Գյումրեցի արհեստավորն առաջին անգամ էր տեսնում Սեդային, գլխի ընկավ, որ նա է, իսկ ես չհասկացա...

Ես ձեւացրի, թե չեմ ճանաչել նրան: Մեքենա նստելուց առաջ հապաղեց, վերջին անգամ ոտքը կախ գցեց, դեռ սպասում էրՙ ականջը ձայնիս պահած, իսկ ես, ինքս ինձ խաբելով, թե իբր շփոթահար եմ, իբր անկարելի է, որ Սեդան լինի, թողեցի, որ հեռանա... Կամՙ եթե ինքն է, չի ուզում ճանաչվել...

Նախկին օրերից վերահայտնված պահը նորից բաժանեց մեզ: Մղվում էր դեպի ինձ, երեխա ժամանակՙ անզգայորեն, հասակակցի շփման ու մերձության պահանջով, մեծանալու օրերինՙ վերջին օրերին, գուցե արդեն սիրո սկզբնավորումով... երկչոտ, կաշկանդված, իր վախվորած ժպիտովՙ հանկարծ չջղայնացնի ինձ, տհաճություն չպատճառի, բայց եւ նորից ու նորից, անընդհատ, չհասկանալով, չհավատալով... Վանում էի նրանՙ կոպտորեն, ընկերական անմիջականությամբ, կամ խաբում էի, համոզելով գլուխս ազատում... Այդքանից հետո ամեն առիթով կպչում էր ինձ:

Այս անգամ էլ վանեցի, այս անգամ, սակայն, հասկացավ, հեռացավ, ընդմիշտ:

Ճանապարհը թեքությամբ էր միանում մայրուղուն, Լենինականի ուղղությամբ, հրավիրելով ինձ գյուղ... ձոր վերադառնալով հետ տանեի նաեւ ժամանակը, եթե ոչ քսան տարով, գոնե մի քանի ժամով, երբ Սեդան դիմացս կանգնած նայում էր ինձ ակնոցի միջից ու խոսում հետս... Ընդամենը ժամեր առաջ կարող էի ուղղել քսան տարվա սխալը, ամբողջ կյանքիս սխալը... Իմ դժբախտությունը սթափ միտքն է, որ չի թողնում ցնորվել եւ պայքարել անդառնալի անցման ու քնած սարահարթի դեմ... Չի վերադարձնի ծեր ներքինին իր զոհին...

«Չմոտենաս սարերին,- լսեցի Սեդայի ձայնը, ոչ այսՙ անծանոթ, այլ հին, իսկական ձայնը, մանկական տարիների,- գնա, հեռացիր... Չմտնես ձոր»:

Շրջեցի մեքենանՙ դեպի Երեւան: Կենդանի նախազգուշացումից բացի կար եւ ուրիշ պատճառ. ինչպե՞ս էի անցնելու վթարի տեղանքով, իսկ վերադարձինՙ հիվանդանոցի կողքով...

Հեռանալ էՙ հեռանամ միանգամից, Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան էի գնալուՙ Սեդային գտնելու, էլի գնամ... այնտեղից... Նորից թափառելո՞ւ... անծանոթ ու ծանոթ վայրերով... կամ հանգրվանեմ որեւէ եղած տեղում... ժամանակավորապես... Այլեւս չեմ վերադառնա գյուղ, սարահարթ, երբեք ձոր չեմ մտնի... եւ այս ճանապարհով չեմ անցնի: Ձորը դժբախտացրեց Սեդային, ճանապարհը սպանեց, երկու դեպքում էլ մնացի անտեղյակ եւ անկարողՙ ձեւականորեն...

Փորձած միջոց էր, տարածությունն էր բուժում ինձ, ավելի շուտ, քան ժամանակը: Ճանապարհը ժամանակի արագացում էր: Ինքնաթիռը դեպի արեւելք թռչեր, թե արեւմուտք, աշխարհի փոփոխությունը հետ էր մղում իրադարձությունները եւ ընկալումների ու մտքերի քարացումներըՙ ոչ միայն կողքից, այլեւ հեռվից նայելու հնարավորությամբ:

Վահանը խլեց այս Սեդային, բայց իմ Սեդային չէր կարողՙ դժբախտաբար...

Այնուամենայնիվ նրանք միացան, գուցե արդեն կրակել է Վահանը... կամ դեռ ձգում էՙ մահվան առանձնության մեջ վայելելով իր սիրո միակ գիշերը...

Ձորը քսան տարի Վահանին տառապանք տվեց եւ սեր ի վերջո: Ես հարբում էի չոր կրքի ու պարապ հաճույքի մեջ, որ բթացնում է անդիմադրելի ցավից ոչ պակաս... Քսան տարի մշտապես հիշել էի Սեդային, բայց երբեք չփորձեցի գտնել նրան, մի փոքրիկ անձնազոհությունը զլացա, ինչպես եւ վերջում... Վահանն անձնազոհ չէր, նրա համար դա «սեր եւ երջանկություն էր»: Հպարտ էր նույնիսկ` ինքնասպանությունից առաջ... Իսկ եթե հենց ինքն էր սպանե՞լ Սեդային` հանուն իր սիրո... Անհավատալի էր, բայց եւ չէի զարմանա, այնքան անսպասելի էր նրա հայտնությունը եւ էլ ավելի անսպասելի` զղջումն ու սերը... Նա չհասկացավ, որ իր երջանկությունը կեղծ է, խաբուսիկ, նույն բռնաբարությունն էր, սիրեց եւ տիրացավ Սեդային կրկին առանց նրա համաձայնության... Ուրեմն ես պետք է սպանեի նրան, ինչը եւ արեցիՙ չխանգարելով:

Վահանի ինքնասպանությունը սարահարթի ամենաողբերգական, քսանամյա պատմության սրընթաց ավարտն էր... բոլոր մասնակիցների համար... բացի ինձնից...

Չհագեցավ անկուշտ ծերը դարերի զոհաբերություններով, ամեն ինչ վերցրեց իրենՙ հերոս օդաչուի փառքը, դժբախտ մոր անամոք հոգին, անմեղ մարդու արյունը, մանկամարդ աղջկա մարմինը, եղբայրների երիտասարդությունը, պոկեց եւ չորացրեց մարդկանց խղճմտանքը, ինձնից խլեց սերը...

Մեծ Սեդան ինձ չներեց, զգացի նրա փախուստից, փոքրի սերն անսահման էր... Ոչ թե չէր զգում իմ վերաբերմունքը, երբ վանում էի նրան, ու նորից ձգտում էր համառորեն, այլ ներում ու ներում էր, ինչպես սիրասուն քույրն է հանդուրժում եղբոր կոպտությունները, եւ վերջին անգամ ներեց սարի պահակի գերեզմանաքարի գրությամբ...

Սեդան զգուշացրեց, որ փախչեմ սարահարթից, ուրեմն հաջորդ զոհը ես էի լինելու...

Ճանապարհը նաեւ ազատություն էր, նույնպես փախուստ...

Չէի կարող փախչել միայն փոքր Սեդայից: Ինչքան էլ վանեի նրան ու ջանայի ազատվել, նա իմ ներսում էր, տխուր ու կապտաչյա, փխրուն ձնծաղիկ, որ բեկվեց սարուքարի մեջ... Աչքերն ու սպիներն էին նույնը մնացել, ծածկել էր, որ չտեսնեմ... Տանեմ նրան խուլ, հեռավոր երկիր, հեռու անցյալից, դաժանությունից, նվաստացումից... Այնտեղ սարեր չկան, չկա քարացում, դաշտ է ու հզոր անտառ, մառախուղ ու մոռացում... Եթե չես կարող օգնել ու փրկել, պետք է լռել ու խորասուզվելՙ սիրուց ու ձեւացումից, կորցրած ակնթարթներից ու ցավից վեր, մամուռի պես մորուքը երեսս բռնած, բաց աչքերով, անխռով ու հանդարտ, ինչպես սարահարթը, որի անզիջում կարոտն այնուամենայնիվ կկանչի մի օրՙ պարտքը պահանջելու... Հատուցում ոչ միայն մեղքերի, այլեւ անմեղության ու կյանքի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.