AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է

Շարունակենք նախորդ զրույցը: Շարունակենք թեթեւակիորեն բացել բառերը, նայել բառերի ներսը:

Առաջին հայացքից էլ բառերի մեջ երեւում են զանազան իրողություններ, որոնք ավելի ու ավելի հետաքրքիր ու զարմանալի են դառնում, երբ ակոսը ավելի խորքից ենք բացում: Հայերեն բառը հարազատ է մեզ, նա իր մեջ պահած տեղեկույթը սիրով տալիս է մեզ, մենք պետք է պատրաստ լինենք ընկալելու դա: Օրինակ, առաջին հայացքից էլ երեւում է, որ հայերեն դեղատուն բառը կազմված է դեղ եւ տուն բաղադրիչներից. դա միանգամից աչքի է զարնում: Նույնը` ջրկիր . այսինքն` «ջուր կրող»: Նման հազարավոր բառեր կան, որոնց բաղադրիչները շատ հեշտ է առանձնացնել: Բայց կան բազմաթիվ այլ բառեր, որոնց բաղադրիչները շատ դժվար է զանազանել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում մի շարք փոփոխություններ են կրել: Օրինակ. այժմ բառի մեջ որեւէ մեկը, եթե չունի լեզվաբանական հատուկ կրթություն, դժվար թե կարողանա առանձնացնել բաղադրիչները: Իսկ դրանք կան` այս եւ ժամ : Տարիների ընթացքում հաճախակի գործածության եւ շեշտը առաջին վանկի վրա լինելու պատճառով միաձուլվելովՙ ս բաղադրիչը եւ ա ձայնավորը կրճատվել են, եւ բաղադրիչները տվել են այսօրվա այժմ բառը: Տեր բառի մեջ դա նկատելը առավել եւս դժվար է: Պարզվում է, որ տեր բառը առաջացել է տի եւ այր բառերի ձուլումից: Տիայր . այսինքն` «մեծ այր», ինչպես տիկին ` «մեծ կին», տիեզերք ` «մեծ եզերք»: Հնչյունափոխվելովՙ տիայր -ը դարձել է տեր : Իսկ ի՞նչ է տիար -ը, որն այժմ առաջարկվում է պարոն ոչ հայեցի ձեւի փոխարեն: Դա նույն տիայր -ն է` այլ փոփոխմամբ: Այսինքնՙ բնիկ հայերեն բառ է եւ արժե գործածել պարոն -ի փոխարեն: Իսկ ինչպե՞ս է առաջացել ամուսին բառը, որը, ինչպես գիտեք, նշանակում է «կնոջ մարդը եւ մարդու կինը»: Սա նույնպես բնիկ հայերեն բառ է, որը կազմված է ամ «կից, միասին» եւ ուս «վարժվել, սովորել» արմատներից եւ -ին մասնիկից: Այսինքն` ամուսին նշանակում է «միասին կամ հետը վարժված, մեծացած»: Մեզ բոլորիս քաջ ծանոթ ընկեր բառը կազմված է ըն(դ) նախդիրով կեր արմատից եւ նշանակում է «միասին ուտող, հացակից, ճաշակից»: ( Ընկեր բառն ունի մեկ այլ մեկնություն. ըստ դրա, ընկեր բառի բաղադրիչներն են ընդ «միասին» նախդիրը եւ կար կամ կեր արմատը, որը պարսկերեն է եւ նշանակում է «գործ, արարք»: Այսինքնՙ ընկեր նշանակում է «միասին գործող, միասին մի բան անող»): Սրան նման է ընտանի բառը, որը կազմված է դարձյալ ընդ նախդիրից եւ տուն բառից, այսինքն` «տան մեջ եղած, տնային»: Բառերի այս շարքից է նաեւ ընտիր բառը` կազմված ընդ նախդիրից եւ դիր (դնել) արմատից, հին ձեւն էՙ ընդիր : Նշանակում է «մի կողմ դնել, ջոկել, առանձնացնել»:

Պարզ բառ է թվում նաեւ մյուս բառը: Բայց արդյո՞ք այդպես է: Պարզվում էՙ ոչ: Մյուս -ը բարդ բառ էՙ կազմված մի + եւս բաղադրիչներից: Սկզբնական միեւս բառը ժամանակի ընթացքում դարձել է միւս եւ հիմաՙ մյուս :

Նույն երեւույթը կա նաեւ այլ լեզուներում: Օրինակ, ռուսերենի нет բառը не եւ есть բառերի միաձուլումից է առաջացել. не есть - несть - нет: Իսկապես, դժվար է առաջին հայացքից գտնել բաղադրիչները: Դիտարկենք մի հետաքրքրական օրինակ եւս` неделя բառը: Բանից պարզվում է, որ շատերիս ծանոթ այս բառը կազմված է не дело բառակապակցությունից, որը նշանակում է «աշխատանքից ( дело ) ազատ օր, գործ չանելու օր»:

Անշուշտ, մյուս լեզուներում էլ կան հետաքրքրաշարժ նման օրինակներ: Բավարարվենք այսքանով ու մեկ անգամ եւս համոզվենք, որ մի բառը մի աշխարհ է:

Իսկ հետագա զրույցների ընթացքում կբացահայտենք այդ աշխարհներից մի քանիսը, կտեսնենք, կհիանանք, կզարմանանք այդ կախարդական աշխարհներով, կգնանք մինչեւ լեզվի ակունքները, կտեսնենք, թե ինչպես է առաջացել այս կամ այն բառը, որ լեզուներին ենք մենք բառեր տվել եւ որ լեզուներից փոխառել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.