AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ

Քանի որ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն», ապա մեր զրույցները կսկսենք Աստծու անունից:

Մենք երբվանի՞ց ենք Արարչին կոչել Աստված, արդյո՞ք հայերեն է հայ Աստվածը, ի՞նչ են ասում այս մասին տարբեր գիտնականներ:

Աստծուն սեմական ազգերը կոչում են Էլ, Ելոհիմ, Ալլահ , հնդիկները, հռոմեացիները, հույներըՙ Տեա, Տեուս, Թեոս, Զեւս , պարսիկներըՙ Խյարա , գերմանացիներըՙ Գոթ , սլավոններըՙ Բոգ եւ այլն: Տեսնենք, թե որտեղից է գալիս մեր Աստված բառը, բնիկ հայերե՞ն է, փոխառությու՞ն, որքա՞ն հին է:

Հայերեն Աստված անունը գալիս է խոր անցյալից: Կարծիքներ կան, որ Աստվածը եղել է մեր գլխավոր եւ ամենահին աստծու անունը: Հետագայում այն դադարել է հատուկ անուն լինելուց: Հայկական պանթեոնում Աստվածի տեղը գրավել են հետագայում հայտնված աստվածներըՙ ասորական Բարշամը , պարսկական Արամազդը , հրեական Եհովան եւ այլն: «Աստուածը կամ Աշտուաշը պարզ երեւում է հայասական Աշտուաշ դիցանվան մեջ», - գրում է Մ. Գավուգչյանը: Այսինքնՙ դեռեւս հայ ժողովրդի կազմավորման փուլում նա մեր աստվածն էր: Այնուհետեւ Աշտուաշ - Աշտի - Արդի - Արա անցումով համարում է, որ մեր գլխավոր աստվածը Արան է եղել: Ի միջի այլոց, նշենք, որ Աստված բառը, գրված բոլոր տառերով, երբեւէ չի հանդիպել մեր հին մատենագրության մեջ, այլ միայն պատվանշանովՙ ԱԾ: Դա է նաեւ պատճառներից մեկը, որ ոմանք համարում են, թե մեր աստծու անունը կարող էր հնչել Ազդուած :

«Շատ իմաստասիրական եւ ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ ած մասնիկը չլիներ, եւ ապա ու մասնիկը բացակայեր, որովհետեւ ազդ -ը եւ ազդու -ն ավելի հզոր են կամ ներգործող են հասկացվում, քան ազդված -ը», - գրում է Ղ. Ալիշանը:

Իսկ հայտնի բանասեր Մկրտիչ Էմինը համարում է ոչ թե «աստ ածող», այլ «հաստատող եւ հաստատված» լինելը: «Հաստված, իբրեւ անփոփոխ հաստատություն»: Իսկ ի՞նչ են ասում սեպագրերը:

Վանի հարավ-արեւմտյան կողմում, Խորխոր ժայռի հարթեցված երեսին պահպանվել է Բիայնա-Նաիրի երկրի ամենախոշոր սեպագիր արձանագրությունըՙ գրված Արգիշտի Ա-ի կողմից: Մինչ ինքը եղած ընթերցումներին կասկածելովՙ արեւելագետ Գ. Ա. Մելիքաշվիլին վերականգնում է բնագրի անհասկանալի մի բառակապակցությունՙ astiu ziirbilani : Երկրորդ բառի առաջին zi վանկը միացնելով առաջին բառին (հիշենք, որ սեպագրերը հիմնականում վանկագրեր են) ստանում է astiuzi irbilani եւ վերականգնում ճիշտ տեսքըՙ «Արգիշտին ասում է. ես լսեցի, թե, իբր, Էտուինի երկրում գողացել են Արդինի քաղաքի astiuzi-ին»: Այսինքնՙ գողացել են աստվածին, նրա կուռք արձանը: Մելիքաշվիլին համարում է, որ astiuzi -ին հայերեն աստուած բառն է:

Աստուած բառի գործածության օրինակն առկա է նաեւ Մենուա արքայի մի սեպագիր արձանագրությունում, որը գտնվել է Վանում: Այստեղ վիմագիրը կրկնված է երեք անգամ. երեքի մեջ էլ աստված -ը կա նույն ձեւովՙ asihuse . «Իշպուինիի որդի Մենուան asihuse-ի այս տունը կառուցեց»: Այսինքնՙ աստծու տունը կառուցեց:

Կան նաեւ հարեւան երկրների աստվածանուններից փոխառություններ համարողներ: Ըստ Մառիՙ հայերեն աստուած-ը փռյուգիական հայտնի աստված Sawazios-ից է փոխառված: Սա նախապաշարված այն տեսության հետեւանքն է, ըստ որի հայերը Բալկաններից են գաղթել: «Փռյուգիական Սաբաձիոսի անունից են բխեցնում Մառը եւ, նրա հետեւողությամբ, Աճառյանը, հայերեն աստուած բառը, որ հնչյունապես քիչ հավանական է», - գրում է Գ. Ջահուկյանը:

Մառը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում, թե արդյո՞ք հաբեթական չէ աստված բառը, որ հետո Փռյուգիա եւ այնտեղից էլ Թրակիա է անցել. հայերենի մեջ տ ձայնը համարում է հետո ավելացած, հին արմատական ձեւըՙ ասված: Գեղեցիկ վարկած, եթե հիշենք, որ ի սկզբանե էր բանը եւ բանն Աստված էր, այսինքնՙ ասվածն էր, խոսքն էր Աստված:

Դարձյալ ամեն տեղ փնտրում ենք մեր Աստծու արմատները, բացի մեր միջից: Ով էլ պնդում է, թե աստված բառը հենց բնիկ հայերեն է, նրան տարբեր պիտակներ են կպցնում:

«Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ երկինքն է, եւ Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջըՙ Երկրին» , - վկայակոչում է Ղ. Ալիշանը եւ շարունակում. «Եթե Հայկը Հաբեթի թոռան թոռն էր, նրա աստվածապաշտությունը հավանական էր, ինչպես հավանական եւ ստույգ էլ է, որ մինչ նահապետների մի քանի սերունդ, ցեղերի մոտ տեղ-տեղ ուղիղ աստվածապաշտություն կար: Նախ Բելը մտցրեց կռապաշտությունը կամ պատկերապաշտությունը, իսկ ըստ ոմանցՙ Սեմի ցեղից Աբրահամի հայրը կամ պապը»:

Այսինքնՙ հայերս պաշտել ենք Նոյի աստծուն, հետո Բելը կամ Աբրահամի հայրը ստեղծել են կռապաշտությունը, Հայկը ընդդիմացել է, հավատարիմ մնացել իր Աստծուն: Բայց, ի վերջո, օտար աստվածները գրավել են նաեւ Հայոց երկինքը: Իսկ հրեաները աշխարհին են տվել իրենց աստծունՙ Եհովային, իբրեւ միակ աստծու:

Հայերը նորից վերադարձել են իրենց միակ աստծուն Քրիստոսի միջոցով: Այս առիթով արժե հիշատակել Արտակ Մովսիսյանի մի ուշագրավ դիտարկում. «Ինչպես տեսանք, Հին Կտակարանի կարեւորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ եւ այլն) Հայաստանը հանդես է գալիս իբրեւ «արեւելք»: Ելնելով դրանիցՙ չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ Նոր Կտակարանում եւս հիշատակվող մոգերն արեւելքից, որոնք առաջինը եկան ողջունելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հայաստանի քրմերն էին...»:

Ահա մինչեւ ուր է առաջնորդում մեզ մեր Աստվածըՙ դեպի անհիշելի ժամանակներ եւ անտեսանելի ապագա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.