AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ

Հայերս զարմանալի ենք. երեւի միակ ազգն ենք, որ ունենք գրի աստվածՙ Տիր : Ունեցել ենք նաեւ մեր ամսանունները, որոնց շարքում է նաեւ տրե ամսանունը:

Տեսնենք, թե այս տրե բառն ինչպես է մեկնաբանվում հայոց լեզվի բառարաններում եւ առանձին մեկնիչների կողմից։

Նախ ասենք, որ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», տարօրինակորեն, այս բառն ընդհանրապես չկա։

Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի, տրէ -ն հայոց ամսանուն էՙ նոյեմբեր-դեկտեմբերի միջեւ։ Այստեղ ստուգաբանությունը կապվում է ցերեկները կարճանալու եւ գիշերները երկարելու հետ։

Ըստ Գրիգոր Տաթեւացու, տրէ բառը պարունակում է տիրոջ խորհուրդը. այդ ժամանակ Աստված տիրեց արարածներին։

Ստ. Մալխասյանցն իր «Հայերեն բացատրական բառարանում» գրում է, որ տրէ բառն առաջացել է պահլավերեն tir բառից, որն այնտեղ նշանակում է արեգակնային չորրորդ ամիսը։ Ըստ անշարժ տոմարի, համապատասխանում է նոյեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամանակամիջոցին։

Հայկական հանրագիտարանում կարդում ենք.

ՏՐԵ - հայկական հեթանոսական տոմարի չորրորդ ամիսը։ Կապվում է Տիր աստծու անվան հետ ։

Ինչպես գիտենք, Տիր աստվածը հայոց մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների եւ արվեստների աստվածն էր։ Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը։ Տիրի տաճարը գտնվում էր Վաղարշապատի եւ Արտաշատի միջեւ: Նա գրող էր. մատյանում գրում էր մեռնողների անունները: Եվ երբ ասում ենքՙ գրողը քեզ տանի , ցանկանում ենք, որ Տիրը մարդու անունը գրի իր մահվան մատյանում:

Աստծու անունը ծագում է հնդեվրոպական նախալեզվի տիրէ բառից. այն նշանակել է «փայլել, երեւալ», որից ցեղակից լեզուների մեջ զարգացել են «օր, երկինք, աստված» իմաստները: Հայերենում այդ արմատից են ծագել նաեւ տիվ բառը եւ Տիր աստծու անունը: Տիրը նախապես եղել է ընդհանրապես աստված, բայց հետագայում ավելի հզոր աստվածներիՙ Հայկի, Արամազդի պաշտամունքի հետեւանքով դարձել է գիտության եւ ճարտարության աստված:

Տեսնենք, թե ինչ կապ կա Տիր աստծու եւ հին հայկական տրէ ամսանվան միջեւ, որը հայոց չորրորդ ամսվա անունն է: Կարծիք կա, որ դեռեւս հեթանոս Հայաստանում դպիրները կախարդական, մոգական բանաձեւեր էին գրում, գիր էին անում, գրող էին: Այդտեղից էլ առաջացավ ժողովրդի վախն ու ակնածանքը գրողների նկատմամբ, նրանց ամենազորության նկատմամբ. չէ՞ որ նրանք կարող էին գիր անելով տնօրինել բախտն ու ճակատագիրը: Այդպես գրողները աստիճանաբար ժողովրդի աչքում աստվածացվեցին: Եվ դարերի ընթացքում առաջացան գրողը քեզ տանի, գրողի ծոցը գնաս դարձվածները:

Տիր աստծու եւ տրե ամսանվան կապը դեռեւս 19-րդ դարում նշել է անվանի հայագետ Հյուբշմանը, սակայն այդ ստուգաբանությունը մերժվել է Հր. Աճառյանի կողմից։ Ըստ նրա «Հայերեն արմատական բառարանի»ՙ տրէ բառն առաջացել է պահլավերեն tir բառի գավառական մի ձեւից։

Իսկ Էդ. Աղայանը դժվարընդունելի է համարում այդ ստուգաբանությունը, պատճառաբանելով, որ հին հայոց ամսանունները սեռական հոլովով են կազմվածՙ քաղոց, մարգաց եւ այլն: Այսպես պետք է մտածել նաեւ տրէ ամսանվան մասին եւ համարել այն սեռական հոլով: Այսինքնՙ Տրէ ամսանունը ներկայացնում է մեր Տիր աստծու անվան սեռականը, եւ նշանակել է «Տիրի ամիս»:

Տիր աստծու անունից են առաջացել նաեւ հայերեն Տիրիդատ (Տրդատ) «Տիրի ընծա», Տիրան «Տիրից ծնված» եւ այլ անուններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.