AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ

Ինչպես գիտենք, ավետիս, ավետիք նշանակում է «ուրախ լուր»: Արմատն է ավետ , որ գրաբարում գործածվել է իբրեւ անկախ բառ եւ նշանակել է «բարի լուր, բարեւ, ողջույն»: Ավելի հաճախ գործածվել է ավետիք ածանցյալ ձեւով եւ, իբրեւ բայՙ ավետել : Բառի ծագման վերաբերյալ կան բազմաթի վստուգաբանություններ: Կան կարծիքներ, որ բառը լծորդ է լատիներեն ave, avete «ողջ կամ ուրախ եղիր» բառին, հնդեվրոպական նախալեզվի vid «գիտենալ» արմատից է, սանսկրիտերեն av «գոչել» կամ vadami «ասել, խոսել» արմատներից է, հնդկական Վեդա -իցՙ Ավետարան եւ այլն:

Դիտարկելով այդ կարծիքներըՙ Հր. Աճառյանը այդպես էլ չի ստուգաբանում բառը:

Իսկ Էդ. Աղայանը համարում է, որ ավետ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հնդեվրոպական նախալեզվի aud «խոսել» արմատից: Բառը պահպանված է նա եւհունարենումՙ աւդո «փառաբանել», հին հնդկերենումՙ vadati «խոսում է, ողջունում է» նշանակություններով:

Ավետիս բերողին պարգեւ են տալիս ինչպես հիմա, այնպես էլ տվել են հնում, եւ այդ պարգեւը անվանել են ավետչեայ : Ավետչեայ բառը, ձեւափոխվելով, դարձել է ավետչեայք , ապաՙ ավետչեք , բառարաններ է մտել ավետչեք ձեւով: Իսկ այսօր ավետչյա բառը շատ լավ կարող է փոխարինել մաղարիչ բառին, քանի դեռ կա այդ սովորույթը: Ասենք նաեւ, որ ավետչեք բառի վերջի չեք -ը, ինչպես կռահում եք, ոչ մի կապ չունի ռուսերենից մեզ հասած չեկ բառի հետ, որի համար արդեն գործածում են վճարագիր բառը: Իբրեւ կրոնական բառՙ պահպանվել է ավետարան եւ ավետիս ձեւերով:

Գիտենք, որ Ավետարանը Աստվածաշնչի այն մասն է, որ պարունակում է Քրիստոսի վարդապետության ու նրա կյանքի պատմությունները: Ավետիս -ը, բացի ընդհանրապես «բարի լուր» նշանակելուց, նշանակում է «Ծննդյան գիշերը տնից-տուն ման գալով «Խորհուրդ մեծ» երգելը եւ տոնը շնորհավորելը». «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» :

Ավետիս -ի հականիշն է բոթ -ը, որ նշանակում է «գույժ, վատ լուր»: Կարծիք կա, որ առաջացել է ավետաւ արմատիցՙ բ բացասականովՙ բաւթ = բօթ : Գիտենք, որ աւ -ն դառնում է օ : Սրա համար իբրեւ ապացույց կարող է ծառայել վրացերեն բավթի «բոթ» բառը, որ վրացերենը փոխառել է հայերենից:

Ավետիք -ը նաեւ շատ տարածված հայերեն անձնանուն է:

Հր. Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարանում» թվարկում է Ավետիք անունով 116 նշանավոր մարդու: Օրինակ, նշանավոր է եղել Ավետիք մեքենագետը, որը, պարսպակործան մեքենա հնարելով, օգնեց խաչակիրներին, որոնք հետո «առատապես վարձատրեցին զվարպետն Աւետիք»:

Ոսկան Երեւանցու եղբոր անունը նույնպես Ավետիս էր, որը 1660 թվականին Հոլանդիայում հիմնել է տպարան եւ հետո նվիրել Էջմիածնին:

Ավետիք անունից են Ավետիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո անձնանունները: Հիշենք հերոս Ավոյինՙ Մոնթե Մելքոնյանին, եւ զօղորմի տանք: Չհիշենք եւ ողորմի չտանք մարդակեր Ավիսին:

Եվ վերջում ավելացնենք. թող մեր ժողովրդի կյանքում բազում լինեն ավետիսները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.