AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ

Այս անգամ կանդրադառնանք մեր մեջ ընդունված եւ չընդունված դիմելաձեւերին, կներկայացնենք դրանց ծագումը: Հետեւությունները պետք է միասին անենք: Եվ այսպես, այսօր ամենատարածված դիմելաձեւիՙ պարոնի մասին:

Հայոց մեջ առաջին անգամ պարոնը գործածվել է Կիլիկյան Հայաստանում: Նշանակել է «իշխան, մեծավոր»: Առաջացել է ֆրանսերեն բարոն «իշխանավոր» բառից, որը գալիս է գերմաներեն բարո «ազատ մարդ» նշանակությունից: Արեւմտահայերը հետագայում գրել են պարոն , որ կարդան բարոն : Մենք հիմա պարոն գրում, պարոն արտասանում ենք: Հարց է առաջանումՙ ինչու՞, երբ մենք ունենք մի քանի հիանալի բառ: Դրանցից առաջինը տիար բառն է:

Տիար բառը ծագում է տիայր կամ տէայր ձեւից, որը կազմված է տէ - մեծ եւ այր - մարդ բառերից: Այսինքնՙ «մեծ մարդ»: Հետագայում տիայրյ -ն ընկել է, եւ ստացվել է տիար հիանալի դիմելաձեւը, որը թե՛ հնչողությամբ, թե՛ ստուգաբանորեն խիստ հայեցի է եւ հանձնարարելի:

Ընդ որում, այս բառը ժամանակին հաստատել է տերմինաբանական կոմիտեն, հետագայումՙ նաեւ լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհուրդը:

Տիայր -ի հնչյունափոխված մեկ այլ ձեւն է տէր -ը:

Այստեղ միանգամից ասենք նաեւ տիկին բառի մասին, որը, նախորդի նմանությամբ, նշանակում է «մեծ կին»:

Այժմ տեր -ը դարձել է միայն հոգեւոր դասի ներկայացուցիչներին դիմելու ձեւ:

Մյուս հիանալի դիմելաձեւը ընկեր բառն է, որը հիմա, ցավոք, կիրառվում է միայն մի շերտի կողմից: Ըստ Հր. Աճառյանիՙ առաջացել է ընդ կեր «միասին ուտող, հացակից, ճաշակից» ձեւից: Ինչպես ընտիր -ըՙ «ընդ դիր» ձեւից եւ այլն: Կա նաեւ «միասին գործող, գործակից» մեկնաբանությունը: Ինչ էլ լինիՙ ընկեր բառը մնում է հիանալի դիմելաձեւ:

Հաջորդ դիմելաձեւը, որն այժմ բավականին տարածում է գտնում եւ շատ խրախուսելի է, եղբայր ձեւն է: Դուք, իհարկե, հիշում եք եղբայր բառի ծագումնաբանությունը: Հիշում եք, թե ինչպես ռուսերեն բրատ , հայերեն եղբայր բառերը ծագել են նախալեզվի բհրատեր բառից:

Եղբայր -ից ստացվել է աղբայր - աղբեր - աղբար - ախբեր - ախպեր : Ահա թե որտեղից է ախպար -ը: Իսկ ախպեր -իցՙ ապեր, ապե եւ ապ : Այսինքնՙ ապ -ը նույն եղբայր բառի կրճատված ձեւն է:

Հաջորդը հորեղբայր -ն է, որն իր երկարության պատճառով կարծեք թե չի դառնում հաճախ գործածվող դիմելաձեւ: Փոխարենը մեր լեզու մուտք է գործում հոպարը , որը հորեղբայր -ի հնչյունափոխված ձեւն է: Թող մուտք գործի, ինչ կա որ: Ձյաձյա -ից, ձաձա -ից, դյադյա -ից, դյադ -ից հաստատ որ լավն է:

Եթե խոսք բացվեց ձյաձյա -ի մասին, նշենք նաեւ քեռի դիմելաձեւը: Կարծիք կա, որ առաջացել է քույր բառի սեռական հոլովիցՙ քեռ : Ինչպես, օրինակ, քեռայրը , որը նշանակում է «քրոջ մարդ, ամուսին»: Քեռի -ն, որպես դիմելաձեւ, հայերենին խորթ պատճենում է, ռուսերենից եկող, այդ պատճառով էլ չի մտնում մեր լեզվի շատ գործածական շերտի մեջ:

Որոշ շրջաններում կիրառում են հարգելի դիմելաձեւը: Հարգելի -ն առաջացել է արգ պարզ արմատից, որ նշանակում է «պատվական»: Ունենք մեծարգո , այսինքնՙ «մեծապատիվ», անարգ ՙ «նվաստ, ստորին»:

Մի քանի խոսք էլ կանանց դիմելաձեւերի մասին: Տիկին բառի մասին արդեն խոսեցինք: Այսօր, ցավալիորեն, մեր լեզվում տիկին բառի փոխարեն արմատացել է մի ժարգոնային անճոռնի բառՙ տյոտյա, (տոտա, ծյոծյա) , որը, ինչպես ասացինք նախորդ զրույցներում, նշանակում է «տատիկ»:

Ունենք օրիորդ գեղեցիկ բառըՙ «կույս աղջիկ» նշանակությամբ, կամ, ավելի լայն իմաստովՙ «ընդհանրապես կին»: Կարծիք կա, որ առաջացել է շումերերեն օար «էգ» բառից, կամ ուրարտերեն «տեր» նշանակությունից:

Մորաքույր դիմելաձեւը նույնպես դուրս չմղեց օտար ծյոծյա -ին: Երկար է, կարճացնում են, դառնում է մորքուր կամ մոքիր , որոնք արդեն ծաղրական իմաստ են ձեռք բերել:

Մայրիկ բառը մնում է անգերազանցելի ծեր կանանց դիմելու համար, ինչպես որ հայրիկ -ըՙ տարիքով տղամարդկանց:

Մյուս դիմելաձեւը աղջիկ -ն է: Աղջիկ բառը առաջացել է աղիջ կամ աղիճ բառից, նշանակում է «կույս, մանկամարդ կին, դուստր, դիցուհի»: Հետաքրքիր է, ո րկոչական ձեւըՙ աղջի, ախչի , լայն տարածում ունի, բայց համարվում է ոչ հանձնարարելի: Դա, ամենայն հավանականությամբ, երկրորդ նշանակությունից է գալիս, որ էՙ «անբարո»:

Այդպես է նաեւ վրացերենում, թուրքերենում, ֆրանսերենում, երբ աղջիկ բառի երկրորդ իմաստն «անբարո կին»-ն է: Ժողովրդական ստուգաբանությամբՙ Ադամը կենդանիների մեջ երբ չգտավ կին, գոչեց. «Ա՜հ, չիք», ասել կուզերՙ աղջիկ : Եվ աստված ստեղծեց Եվային:

Իհարկե, կան նաեւ բարբառային դիմելաձեւերՙ նան, նանի, անա , որոնք գալիս են շատ հին լեզվաշերտից:

Վերջում ավելացնենք մի քանի բարբառային դիմելաձեւեր, որոնք կրճատվել են գոյականներից:

Ծո ՙ արական կոչական ձայնարկություն: Վրացերեն ծուլի ՙ «տղա» բառից: Նույնն ենՙ ձո, ձա :

Ատա, ադա կամ արա ՙ կրճատված է այ տղա ձեւից. այ տղա - այ տա - ատա : Իսկ տր հաճախ է դառնում: Չնայած կարծիք կա, որ արա դիմելաձեւը գալիս է Արա աստծու պաշտամունքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.