AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ

Նախորդ զրույցում խոսեցինք կենդանիների խմբերի մասին: Այս զրույցում կներկայացնենք դարձյալ կենդանիների խումբ նշանակող բառՙ տավար : Տեսնենք, թե ինչ է նշանակում տավար բառը, արդյոք բնիկ հայերե՞ն բառ է. չէ որ շատ ու շատ լեզուներում էլ կա այդ բառը, ո՞վ է ումից վերցրել: Այս հարցերին է նվիրված մեր զրույցը:

Այսօր տավար -ը խոշոր եղջերավոր ընտանի կենդանիների (կով, եզ, գոմեշ, երինջ, մոզի, հորթ, արջառ) ընդհանուր անվանումն է: Բառի գրաբարյան գրելաձեւն է տուար եւ նշանակել է «արջառ»: Ծագել է հնդեվրոպական նախալեզվի արջառ բառից: Այն սկզբնապես դիտվել է որպես «զոհի անասուն» եւ շատ լեզուներում հենց այդ իմաստով էլ կա մինչեւ օրս:

Այս բառը տարածված է Միջին Ասիայից մինչեւ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպա: Թուրքերեն տավար նշանակում է «արջառ, նախիր», թաթարերենՙ «գույք, ինչք», մոնղոլերենՙ «ինչք, հարստություն», քրդերեն ,լազերենՙ «արջառ», գնչուերենՙ «ձի, անասուն», ասորերենՙ «կով», կովկասյան լեզուներումՙ «արջառ, կով, նախիր»: Սլավոնական լեզուներում. հին սլավոներենՙ «ապրանք, բեռ, ինչք», ուկրաիներենՙ «տավար, ինչք, ապրանք», ռուսերենՙ товар «ապրանք», товарищ «ընկեր»: (Ինչպես մեր բառըՙ ընկեր -ը, նշանակում է «միասին ուտող» ( ընդ + կեր ), այնպես էլ ռուսերեն товарищ -ը սկզբնապես նշանակել է «առեւտրային, ապրանքային ընկեր», հետո արդեն ընդհանրական իմաստ է ձեռք բերել):

Տավար բառը նույն հնչողությամբ եւ նույն իմաստով գործածում են նաեւ սերբերը, խորվաթները, ռումինները եւ այլ ազգեր: Բառը տարածված է նաեւ ուգրո-ֆիննական լեզուներումՙ ֆիններենում, հունգարերենում եւ այլն:

Անվանի սլավոնագետները վերոհիշյալ բառերը համարում են թուրքերենից փոխառյալ: Իսկ ի՞նչ կապ ունի մեր տավար -ը այս ամենի հետ: Բանն այն է, որ թուրքերենն էլ, իր հերթին, տավար բառը փոխառել է հայերենից: Դա առաջին անգամ ցույց է տվել դանիացի անվանի լեզվաբան Հոլգեր Պեդերսենը: Այդ փաստը հետագայում ընդունել են բոլոր նշանավոր լեզվաբանները:

Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մենք ժամանակին շատ հասկացությունների ու առարկաների ենք անուններ տվել, եւ մեր ստեղծածը ուրիշները տարածել են աշխարհով մեկ: Իսկ սրանից էլ հետեւում է, որ չպետք է մոռանանք մեր ստեղծածը, պետք է տեր կանգնենք մեր լեզվին, մեր հեռուստահաղորդումների անունները օտար լեզվով ու օտար բառերով չկնքենք, մեր քաղաքը «չզարդարենք» օտար ցուցանակներով, ի վերջո, մեր հոգին չպղտորենք օտար արժեքներովՙ մոռանալով մերը: Նման մարդկանց բնութագրելու համար մեր լեզուն ունի համապատասխան արտահայտություններ տավար բառով. տավարի հրեշտակ , այսինքնՙ «անբան, ապուշ մարդ», տավարի ցավ ՙ «անպիտան, վատ մարդ»: Ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.