AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ

Ժամանակակից բառարանները առակ եւ առասպել բառերի համար տալիս են հետեւյալ նշանակությունները.

Առակ «1.Արձակ կամ չափածո ոչ մեծ այլաբանական երկ բարոյական, երգիծական կամ ծաղրական բովանդակությամբ: 2.Դժվարիմաց այլաբանություն, մեկնության կարոտ հանելուկ: 3.Իմաստալից խոսք, առած»:

Առակ «1.Խայտառակություն, նախատինք: 2.Նախատական խոսք, հայհոյանք»:

Առասպել «1.Հին ժողովրդական զրույց: 2.Անհավատալի, չափազանցված, մտացածին բան: 3.Առակ: 4.Առած»:

Ինչպես տեսնում ենք, այս բառերը ինչ-որ տեղ նույնանում են: Ո՞րն է այս նույնության հիմքը, ի՞նչ ծագում ունեն այս բառերը: Դիտարկենք նաեւ առած բառը, որն, ըստ ժամանակակից բառարանների, նշանակում է «կարճ, իմաստալից ասացվածք»: Իսկ այժմ դիմենք ստուգաբանությանը, տեսնենք, թե այդ մասին ինչ է ասում «Արմատականը»:

Առած «1.Երկնային ներշնչում, հայտնություն, տեսիլ: 2.Աստվածային սպառնալիք, պատգամ»: Ինչպես նաեւՙ «սուրբ հայրերի պատվերները, բարոյական վճիռ կամ իմաստասիրական ճշմարտություն»: Տեսնու՞մ եք, թե ինչ իմաստներ է պարունակել իր մեջ այսօր մի քիչ խեղճացած, երբեմնի հզոր բառը: Առածը կազմված է ած մասնիկով առ (առնուլ) բայից, որը նշանակել է «առնել, գրավել, ձեռք բերել, կրել, ձեռնարկել» եւ այլն: Նշանակել է «մարգարեական շնորհներից ազդված, Սուրբ Հոգուց առնված»: Այսինքնՙ խոսում էին այն, ինչ առել էին Հոգուց, խոսքերը առած էին, ձեռք բերված էին: Այժմ մնացել է բառի միայն փոխաբերական, վերոնշյալ իմաստը:

Ինչպես նշեցինք սկզբում, առակը ինչ-որ իմաստով նույնանում է առածին: Տեսնենք, թե ինչ բան է առակը: Դարձյալ դիմենք «Արմատականին»:

Առակ - առաջին եւ նախնական նշանակությունն է «դիտելու բան, տեսնելու առարկա, օրինակ»:

Ուրիշներին իբր օրինակ դրված առարկան սովորաբար բացասական տիպ է լինում. գողին, անառակին, ավազակին ման էին ածում ժողովրդի մեջ, որպեսզի նրանից օրինակ առնելովՙ չարից հեռանային եւ բարուն հետեւեին: Այսինքնՙ որպես օրինակ դրված առարկան (գողը, անառակը, ավազակը եւ այլն) լինում էր ծանակ, նշավակ, ամոթալի, նախատական մի բան, լինում էր առակ: Հետագայում օրինակը, փոխանակ թանձրացյալ (նյութական) մի առարկա լինելու (գող, անառակ, ավազակ եւ այլն), կարող էր նրա պատկերը լինել, այսինքնՙ «փոքր պատմություն, որտեղ կա մի բարեխրատ օրինակ»: Ահա թե ինչպես օրինակը դարձավ այդ օրինակի մասին պատմող պատմությունՙ առակ:

Ունենք առակ դառնալ «ամոթալի վիճակի մեջ ընկնել, ծաղր ու ծանակի առարկա դառնալ» դարձվածը: Այսօր առակը, խայտառակությունն այն է, որ գողը, ավազակն ու անառակը ինքնակամ են իրենց օրինակ դնում, որ մարդիկ իրենցից օրինակ վերցնեն:

Երբ առակը պարզ չէ եւ նմանությունը դժվարըմբռնելի է, այդ ժամանակ նա դառնում է առեղծված, հանելուկ: Իսկ երբ ամփոփված է մի կարճ ձեւի մեջ, համարվում է առած, ասացվածք: Առակի նշանակություններից բխում են զանազան բառեր: Առակել «առակով պատմել, նշավակել, խայտառակել»: Անառակ «անբարոյական, շվայտ, զեխ», սակայն բարբառներից մեկում անառակ նշանակում է «խելոք, իմաստուն, ամաչելու բան չունեցող»: Ինչպես այժմ մեր անօրինակը , որ նշանակում է «օրինակը, նմանը չունեցող»:

Բարբառներում կա առկվել «իրար հետ անճոռնի կատակներ անել» բառը:

Առակ բառը կազմված է ակն «աչք» բառից առ նախդիրով, որն այստեղ նշանակում է «կողքին, դեմը, առջեւը»: Այսինքնՙ առակ ՙ «աչքի առաջ, աչքի դեմ, աչքի ընկնող, աչք ծակող»: Հայերենից առակ բառը փոխառել են վրացիներըՙ արակի «առակ, պատմություն», արակոխանի «առասպելական»:

Այժմ վերջին բառըՙ առասպել , որ նախնական իմաստով նշանակել է «մտացածին, սուտ պատմություն, առակ» եւ, ինչպես առակը , «առեղծված, հանելուկ»:

Սա եւս շատ հետաքրքիր կազմություն ունի: Բնիկ հայերեն բառ էՙ առ նախդիրով եւ սպել «խոսել, պատմել» արմատով: Այս արմատը կա միայն հայերենում եւգերմաներենում: Հետաքրքիր է, որ առասպել բարբառներում նշանակել է նաեւ «լկտի պատմություն, անբարոյական, անպարկեշտ»:

Ահավասիկ երեք բնիկ հայերեն բառ եւ որքա՜ն հետաքրքիր ստուգաբանություններ, որքա՜ն տեսանելի եւ անտեսանելի կապեր, իմաստային խաչաձեւումներ, նշանակությունների զարգացում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.