AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ

Այս անգամ մեր զրույցը լինելու է աջ բառի եւ նրա զանազան դրսեւորումների մասին: Մենք շատ հաճախ ենք գործածում այնպիսի բառեր, որոնք այս կամ այն կերպ առաջացել են աջ բառից, եւ առաջին հայացքից այնքան էլ հեշտ չէ կռահել դա: Օրինակ, հենց նոր ես գործածեցի երկու բառՙ առաջանալ ու առաջին , որոնք կազմված են աջ բառից: Այդ մասինՙ քիչ ուշ:

Ընդհանրապես, բազմաթիվ ժողովուրդների պատկերացումներում աջը համարվել է «լավ, բարեգուշակ, հաջողության» կողմ, իսկ ձախը` «անհաջողության, ձախորդության, չար» կողմ: Դա հայերենում շատ լավ արտահայտված է դարձվածներով: Բերենք մի քանի օրինակ` աջ բառով կազմված.

Ա՞ջ ես, թե՞ ձախ - հաջող է, թե անհաջող:

Աջ ձեռք - մեկի ամենավստահելի եւ ամենահավատարիմ օգնականը:

Աջը հասնի - Աստծո զորությունը օգնի

Գործը աջ գնալ - գործերը հաջող ընթանալ:

Աջն ու ձախը չգիտենալ - իր բարին ու չարը, լավն ու վատը չհասկանալ: Եվ այլն...

Քիչ չեն նաեւ ձախ բառով կազմվածները.

Գործերը ձախ գնալ - գործերը անհաջողության մատնվել:

Ձախ ձեռքով գործ անել - անխնամ, անփույթ, անկատար անել որեւէ բան:

Ձախ ոտքի վրա վեր կենալ - վատ տրամադրություն ունենալ:

Ձախորդ Փանոս - անհաջողակ մարդ: Եվ այլն...

Մութ տարիներին հայ ժողովրդի մեջ շատ էին տարածված ձախ գիծ, ձախ հոսանք, ձախ եկամուտ արտահայտությունները: Սրանք բնույթով չար են, բայց ունեցողի համար բարիք են: Այսօր ձախ գիծն ու ձախ հոսանքը վերացել են, իսկ ձախ եկամուտը եւ ձախ գնալը, երեւի, անմահ են: Այստեղ է, որ ձախն ու աջը խառնվել են իրար ու աջը չգիտե, թե ձախն ինչ է անում : Թվում է, թե «ձախ» գնալը բարի է, բայց հո գիտենք, որ չար է:

Բայց վերադառնանք աջ -ին: Այս բառից կազմվել են աջող, հետագայում` յաջող, յաջողակ , այժմ արդենՙ հաջող, հաջողակ, հաջողություն բառերը: Այսինքն, եթե մեկին ասում ես հաջող կամ հաջողություն , նշանակում է նրան մաղթում ես, որ գործերը աջ գնան, լավ, բարի կատարվեն:

Որտեղ հաջողություն, այնտեղ էլ առաջադիմություն: Այսինքն` առաջ բառը նույնպես աջ բառն է առ մասնիկով: Հետեւաբար առաջին բառն էլ աջ բառի ճյուղերից է, առաջնորդն էլ հետը: Եթե առաջնորդ ես, պետք է ժողովրդին աջ տանես, պետության գործերը աջ տանես. դա է պարտադրում նույնիսկ բառը` առաջնորդ : Ավա՜ղ, շատ են իշխանավորները, սակավ` առաջնորդները, այնքան սակավ, որ գրեթե չկան:

Բայց, մեկ է, մենք տալիս ենք ու չենք սպառվում, այրվում ենք ու չենք վերջանում, լույս ենք դառնում, երբեմն` կայծակ. վկաՙ Սասունցի Դավիթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.