AZG Daily #38, 28-11-2014

Armenian Genocide

American Councils for International Education: ACTR/ACCELS

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդեն 10 տարի էՙ գոյություն ունի «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը: Այդ տարիների ընթացքում նրա միջոցով բազմաթիվ նորակազմություններ են կյանք մտել, հավանության արժանացել: Հիշենք մի քանիսը միայն. խառնագիր , երբ բառի տառերը խառը կարգով են գրվում: Նույնտառիկ կամ գրաշրջում (անագրամա), երբ բառի բոլոր տառերից տեղափոխմամբ կազմվում է նոր բառ, օրինակՙ մարզանք - զարմանք, կտակարան - կարկատան - նկարատակ : Նկարելուկռեբուս օտար բառի հայերեն համարժեքն էՙ ավելի ընդհանրական իմաստով: («Ի՞նչ ես նկարելուկներով խոսում»:) Դարձգիր (պալինդրոմ), երբ բառը կամ արտահայտությունը երկու կողմից կարդալիս նույն բանն է ստացվում, օրինակՙ կատակ, Տաճատ, մուծում, մեծ եմ: Մենակ կատակ կանեմ: Իշխան, սաթե թաս նախշի: Մեռավ նորեկ ծառա Ներոնը. նորեն առած կերոնՙ վառեմ: Արա իմ, առած դրամՙ քաղաքեքաղաք մարդ ծառա մի արա : Նույնիսկ գրել եմ փոքրիկ ոտանավորներ, որոնց բոլոր տողերը, աջից եւ ձախից կարդալիս, նույնն են. օրինակՙ

Նազա՛ն,

Եթե

Սեր ես,

Ծառադ դառած

Քաղաքեքաղաք

Քնար ածեմ ու մեծարանք

Կանեմ մենակ,

Սերամա՜հ եթե համարես,

Ապա մեռած ծառ եմ, ապա

Կա մահը համակՙ

Անխնա :

Շատ սովորական բառեր են կազմվել եւ տարածվել, որոնցից յուրաքանչյուրը լեզվաբանական որեւէ խնդրի, առաջադըրանքի անուն է, օրինակՙ բառաբուրգ, բառաշտարակ, բառագումար, բառաշղթա, տառաբավիղ, բառաբավիղ, բառաստիճան, հաշվելուկ, մտածելուկ, սուտասելուկ, բառհանելուկ, տառհանելուկ եւ այլն եւ այլն:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում երկու բառի վրաՙ խնդուկ եւ խնդմնդուկ : Այս բառերը բավականին վեճերի տեղիք են տվելՙ իբր սխալ կազմություններ, իբր կան դրանց համարժեքներըՙ անեկդոտ, խնդուք եւ այլն:

Նախՙ տեսնենք, թե հայերենում կա՞ն նման կարգով ստեղծված բառեր, այսինքնՙ բայարմատի վրա ուկ վերջածանցի ավելացումով ստեղծված նոր բառեր: Հենց այս սկզբունքով են կազմվել խնդուկ եւ խնդմնդուկ բառերըՙ խնդալ + ուկ եւ խնդմընդալ + ուկ : Ընդ որում, խնդմնդալ նշանակում է «քթի տակ ծիծաղել», հետեւաբարՙ ծիծաղել, այսինքնՙ այն, ինչ շատ բնորոշ է անեկդոտին:

Դիտարկենք այդ սկզբունքով կառուցված մի քանի բառ (գոյականներ): Ասենք, որ դրանք բավականին շատ են:

Բերուկ «քամու, ջրի հոսանքով բերված հող, ավազ» եւ այլն ( բերել բայիցՙ ուկ վերջածանցով):

Մնացուկ - «մշակելուց հետո ավելացածը, մնացորդը» ( մնալ բայից):

Պատրաստուկ - «ուսումնասիրության համար պատրաստված քիմիական նյութ» ( պատրաստել բայից): Կա նաեւ պատրաստուք ձեւը, որ նշանակում է նախնական մշակման ենթարկված հումք: Այսինքնՙ լեզուն տարբերակել է ուկ եւ ուք ածանցներով բառերը, ինչպես եւ մենքՙ խնդուկ եւ խնդուք : Վերջինս նշանակում է ծիծաղ, քրքիջ, խնդություն, ցնծություն, բայց ոչ երբեքՙ անեկդոտ:

Մզուկ - «մզած հյութը, քամվածք» ( մզել բայից):

Քաշքշուկ - «քաշքշելը, ձգձգում, հետաձգում» ( քաշքշել բայից):

Կապուկ - «միատեսակ իրերի միասին կապված փունջ, տրցակ» ( կապել բայից):

Կաթուկ - «շատ հասած եւ ծառից վայր ընկած պտուղ» ( կաթել բայից):

Հատուկ խումբ են կազմում լեզվատրամաբանական զանազան առաջադրանքների հին եւ նորաստեղծ անվանումները:

Նկարելուկ - նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության եւ պատկերային այլ հնարքների համակցությամբ ծածկագրված բառեր կա մարտահայտություններ, որոնք համապատասխան միջոցներով ենթակա են վերծանման:

Գլուխկոտրուկ - դժվարին խնդիր, հանելուկ, որի լուծման համար պետք է ունենալ մեծ հնարամտություն ու դատողականություն:

Մտածելուկ - վերլուծելով ու հետեւություններ անելով, դատելով ու կշռադատելով, ծանրութեթեւ անելով, մտմտալով, մտովի պատկերացնելով, երեւույթները զուգադրելով լուծվող առաջադրանքների տեսակ:

Շուտասելուկ - նմանահունչ բառերից կազմված ասույթ, որը արագ ասել դժվար է, եւ արտասանողը հաճախ սխալվում էՙ ծիծաղելի աղավաղումներ կատարելով: Օրինակ, «Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր»:

Սուտասելուկ - կատակային բնույթի, հիմնականում չափածո փոքրիկ ստեղծագործություն, որի մեջ գլխավոր դերում պոզով-պոչով սուտն է: Օրինակ.

Ես ունեմ մի հայելիՙ

Արմանք-զարմանք նայելի.

Հենց նայում եմ ես նրանՙ

Գլխիվայր է ամեն բան:

Որ ամեն ինչ լինի ճիշտ,

Որ նա ցույց տա ինչպես միշտ,

Հենց գալիս եմ կամ գնումՙ

Գլխի վրա եմ կանգնում:

Հաշվելուկ - փոքրիկների հետ բարձրաձայն ասվող ոտանավորՙ նրանց հաշվել եւ արտասանել սովորեցնելու նպատակով: Օգտագործվում է նաեւ մանկական խաղերում դերերը բաշխելու համար (ռուսերեն считалка բառի համարժեքը): Որպես օրինակ, ներկայացնենք այս գրքի խմբագիր Հրանտ Վարդանյանիհաշվելուկը.

Մեկ, երկու, երեք

Լուսերեսին ներս բերեք,

Չորս, հինգ, վեց,

Լուսերեսը հայտնվեց:

Յոթ, ութ,

Ձեռքին ունի մի սեւ թութ,

Սեւացել են քիթ-մռութ:

Ինը, տասը,

Բերեք թասը,

Քիթ մռութը լվանանք,

Լույս երեսով հիանանք:

Հանելուկ - այլաբանական կարճ նկարագրություն որեւէ առարկայի կամ երեւույթի, որ պետք է իմանալ, լուծել:

Բառհանելուկ կամ տառհանելուկ - հանելուկի տեսակ, որի լուծման առարկան բառն է կամ տառը: Օրինակ.

Ի՞նչն է, ի՞նչը.

Փոշու մեջ է, շանՙ առջեւում:

(Խոսքը «շ» տառի մասին է:)

Ինչպես տեսնում ենք, ինչպես այս բառերն ունեն գոյության իրավունք, այնպես էլ մեր խնդուկն ու խնդմնդուկը ՙ որպես կարճ, զվարճալի, սրամիտ պատմվածքՙ ծիծաղաշարժ կամ արտասովոր որեւէ դեպքի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.