AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ

Տեսնենք, թե ծիածանի յոթ գույներըՙ կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կանաչը, երկնագույնը, կապույտը եւ մանուշակագույնը ինչ ծագում ունեն, դրանցից քանիսն են բնիկ հայերեն բառեր, քանիսըՙ փոխառություն:

Սկսենք թվարկած հերթականությամբ: Հենց ա՛յս հերթականությամբ են գույներն իրար հաջորդում ծիածանի մեջ: Հիշելու համար կա մի այսպիս ինախադասություն. « Կատուն նստած դռան կողքին երազում է կերի մասին »: Առաջին տառերով հնարավոր է վերականգնել գույների անունները ( կ -կարմիր, ն -նարնջագույն, դ -դեղին, կ -կանաչ, ե -երկնագույն, կ -կապույտ, մ -մանուշակագույն:)

Եվ այսպեսՙ կարմիր : Հր. Աճառյանը սա համարում է փոխառություն պահլավերենից: Այս բառի արմատով կազմված շատ բառեր տարածված են աշխարհի շատ լեզուների մեջՙ եբրայերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, ալբաներեն եւ այլն: Հնդեվրոպական լեզվում արմատն է կրմի , որ նշանակում է «որդ»:

Որդ -ի «կարմիր» նշանակության զարգացման պատճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գույնը պատրաստում էին մի տեսակ որդից, որը կաղնի ծառի վրա աճող մի մակաբույծ էր: Կարծիք կա նաեւ, որ կարմիր որդանը հայկական արտադրություն է եղել, եւ բառն էլ, բնականաբար, հայերենից է անցել աշխարհի մյուս լեզուներին:

«Արնագույն կարմիր» իմաստի համար ունենք բոսոր բառը: Հր. Աճառյանը սա համարում է եբրայերենից փոխառություն, Գ. Ջահուկյանը համարում է բնիկ հնդեվրոպական ծագումով բառ: Իսկ Պետերսոնը բառը կցում է հայերեն բոց բառինՙ կազմված որ մասնիկով: Պայծառ կարմիրի համար ունենք ալ բառը, որը համարվում է փոխառություն թուրքերենից: Կան նաեւ հնդեվրոպական ծագման կողմնակիցներ: «Բաց կարմիր, վարդագույն» իմաստով ունենք հալոզի բառը: Սա Գ. Ջահուկյանը համարում է հնդեվրոպական el արմատից ծագած, որ նշանակում է «կարմիր»: Հալոզի նշանակում է նաեւ «խաղողի մի տեսակ»: «Մութ կարմիր» իմաստի համար ունենք շառ բառը, որի ծագումն անհայտ է:

Նարնջագույն: Նշանակում է «նարնջի գույն ունեցող»: Նարինջ բառը մենք դարձյալ փոխառել ենք պարսկերենից, պարսիկներըՙ հնդիկներից: Հին հնդկերենում բառն ունեցել է նագառանգա ձեւը. նագա ՙ «պղինձ», ռանգ ՙ «երանգ, գույն»: Այսինքնՙ նարինջ նշանակում է «պղնձագույն»:

Դեղին : Բնիկ հայերեն բառ է եւ առաջացել է դեղ արմատից, որի հիմնական նշանակությունը եղել է «խոտ»: Այնուհետեւ նշանակել է «բժշկական խոտ», հետագայումՙ «ներկատու խոտ», եւ ին աճականով տվել է դեղին գույնը: Նույն արմատից է նաեւ մեր դեղձ -ը:

Կանաչ: Գույնի այս անվանման համար որեւէ մեկնաբանություն չկա: Կանաչի զանազան դրսեւորումներ են փիրուզագույնը, խակին, դահանակագույնը, զմրուխտագույնը, պիստակագույնը, մանանեխագույնը եւ այլն: Իսկ խաժ նշանակում է «կապտականաչ»:

Երկնագույն: Նշանակում է «երկնքի գույն ունեցող»: Երկինքն, իհարկե, տարբեր գույներ է ունենում, բայց նկատի է առնվում բաց կապտավունը :

Կապույտ: Փոխառություն է պահլավերենից: Բայց այս գույնի համար մենք ունենք նաեւ բիլ բառը: Հր. Աճառյանը սա, ինչպես նաեւ սղոց, դալ, լոք, կապույտ բառերը համարում է ձկան անվանումներ: Էդ. Աղայանը ցույց է տալիս, որ, ճիշտ է, դրանք ձկան անվանումներ են, բայց ձկներն այդ անվանումներն ստացել են իրենց գույնի պատճառով: Ըստ նրաՙ բիլ -ը բնիկ հայերեն բառ է, նշանակում է «բաց կապույտ», եւ առաջացել է հնդեվրոպական նախալեզվի պլուզ, բլուզ «կապույտ» ձեւից:

Մանուշակագույն: Առաջացել է մանուշակ ծաղկանունից: Մանուշակ -ը դարձյալ փոխառություն է պահլավերենից: Ընդ որում, հայերենում բառը պահպանվել է երկու ձեւով. մանիշակ ՙ փոխառություն ասորերենից, եւ մանուշակ ՙ պարսկերենից:

Այսքանը ծիածանի յոթ գույների մասին:

Ինչպես գիտենք, բնության մեջ սեւ գույն չկա, իսկ սպիտակը բոլոր գույների միախառնումն է. սպիտակից են ծնվում լուսակի (սպեկտրի) բոլոր գույները:

Սեւ : Գրաբարյան գրելաձեւն է սեաւ : Բառը փոխառյալ է պարթեւական պահլավերենից: Նույն արմատից է Շավարշ անձնանունը: Խիստ սեւի համար գործածվել է ճնդիկ (ճնդրիկ) բառը, որի ստուգաբանությունն անհայտ է: Վաղ ժամանակներից ավանդված ունենք թուխ բառը, որ նշանակում է «սեւին տվող մուգ գույն»: Սեւի համար կա նաեւ արջն բառը, որ համարվում է կովկասյան կամ իրանական լեզուներից փոխառություն: Իսկ սեւի եւ սպիտակի խառնուրդը գորշն էՙ «մուգ մոխրագույնը»:

Սպիտակ: Նույնպես պահլավերենից է, ինչպես նաեւ նույնանիշ ճերմակ -ը, որը հին հայերենում գործածվել է միմիայն ձիու համար, իսկ արեւմտահայերենում ձեռք է բերել ընդհանրական իմաստ: Սպիտակ գույնը արտահայտող հայերեն անվանումները եւս հայերենում չեն պահպանվել:

Ինչպես տեսնում ենք, գրեթե բոլոր գլխավոր գույների անվանումները փոխառություններ են: Ի՞նչն է պատճառը. չէ՞ որ մենք, երբ բացել ենք աչքներս, աշխարհը բազմագույն ենք տեսել: Ինչո՞ւ ենք մերը թողել եւ վերցրել ուրիշինը: Սա մեկնաբանվում է նախ եւ առաջ տաբուով: Այսինքնՙ ինչ-ինչ նկատառումներով արգելանք է դրվել բառերի վրա, եւ մենք սկսել ենք կիրառել օտարինը: Արգելանքը դրվում է որեւէ գործողության, բառի վրա. դրա խախտումը, ըստ նախնադարյան մարդու սնոտիապաշտական պատկերացումների, պատժվում էր գերբնական ուժերի կողմից: Թեեւ, կարծում եմ, քիչ դեր չեն խաղացել նաեւ մեր անտարբեր վերաբերմունքը մեր լեզվի նկատմամբ, օտարասիրությունը, օտարամոլությունը, որոնք այսօր էլ իրենց սեւ գործն անում են:

Հեռու չգնանք. մի քանի տասնամյակ առաջ տաբու էր դրված մեր կուսակցություն, հեղափոխություն, հանրապետություն բառերի վրաՙ կուսակցական, պետական արգելանք: Եվ պատժողներն էլ գերբնական ուժերը չէին, այլ անբնական մարդիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.