AZG Daily #24, 10-02-2012

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՅԻՆ` ՓՐԿԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF Հայերեն | Русский | English | Turkish | Arabic 
#001, 2010-02-27 > #002, 2010-03-13 > #003, 2010-03-27
[0]

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 27-02-2010



Մտորումներ

Տեղադրվել է` 2010-02-26 22:11:20 (GMT +04:00)

ՍԻՐԵԼԻ ՎԱՀԱԳՆԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Գիտեմ, որ արդեն շատ ծեր եմ: Այնպես ծերացա, որ չզգացի: Առ այժմ որ նկարում եմ, որովհետեւ նկարիչ եմ, չեմ զգում, որ ծեր եմ: Ծերության մասին որ հիշում եմ եւ խոսում, չեմ կարող չմտածել, որ ապրելու շատ ժամանակ չի մնացել: Է՜հ, դա էլ ի՞նչ մի օրիգինալ բան է, որ ասում եմ: Ո՞ղջ եմ, ապրո՞ւմ եմՙ դա քի՞չ բան է: Եթե չեմ սխալվում, անգլիացիք են ասել, որ եթե ուզում ես երկար ապրել, ուզես-չուզես պիտի ընդունիս, որ ծերանալու ես: Ֆրանսացիք էլ մի նշանավոր խոսք ունեն, ասում ենՙ «եթե երիտասարդը իմանար, եւ եթե ծերը կարենար...»: Ի՞նչը իմանար... Մի բան պարզ է, որ ծերերը հաճախ են խոսում ժամանակի մասին, շուտ անցնող, շատ արագ անցնող ժամանակի մասին: Եվ քանի որ մարդ հիշողությամբ եւ երեւակայությամբ է օժտված, մի ակնթարթը հերիք է, որ 85 տարեկանին մարդ հայտնվի իր պաշտելի հորը ծնկին նստած, երջանկության ծնկին... Եվ այն ատեն արդեն հավանաբար զգաս սրտիդ կծկվիլը,- մի քիչ ուրիշ կսկիծ է...- եւ դու քեզ հարց տասՙ այդ երեկ չէ՞ր, որ 5 տարեկան էիր, իսկ հիմաՙ 85, այդ 80 տարիները ինչպե՞ս անցան, որ չնկատեցիր: Եվ մի վայրկյան ամբողջ էությամբդ ուզում ես, շա՜տ ես ուզում, որ մոլորակի բոլոր ժամացույցներու սլաքները անշարժանան:

Եվ այստեղ հիշում եմ խեղճ, սիրելի մորս: Մայրս 91 տարի ապրեց, մինչեւ վերջ խելքը գլուխն էր եւ իր գործերը կարողանում էր անել առանց ուրիշի օգնության: Խեղճ ասացի, որովհետեւ 40 տարեկանից այրիացել էր: Ֆիզիկապես եւ հոգեպես առողջ էր, եւ ուրախանում էր, երբ ընկերներիս բերում էի մեր տուն: Հորս ողջության ժամանակ մեր տունը եկող-գացողներ շատ են եղել. մի ժամանակ հորս գործերը լավ են եղել. հայրս ալ սրամիտ, խոսքի մարդ էր: Ընկերներս ալ մորս սիրում էին եւ հետը խոսում ու երբեմն հարցնում էինՙ մայրիկ, քանի տարեկան ես: Մայրս էլ թեթեւհոգի պատասխանում էրՙ ի՞նչ իմանամ, յավրում (թուրքերենՙ ձագս), 70 տարեկան եմ: Երեւում էր, մայրս այդ տարիքը գտել էր, որ բոլոր առումներով շատ հարմար է ներկայանալու համար... կարիք չկա փոխելու, 70 տարեկանը շատ լավ է: Տարիները անցնում էին եւ մայրս նույն պատասխանն էր տալիսՙ 70 տարեկան:

Եվ մի անգամ էլ մեր տանը ընտանիքի մտերիմ մը (ինչի՞ն էր պետք) մորս պատասխանեն չբավարարված սկսավ նրան հարցաքննել եւ վերջում հայտարարեցՙ մայրիկ, դուն ոչ թե 70, այլ արդեն ութսունն ալ անց ես: Խեղճ մայրս անակնկալի եկավ, եւ զգացի, որ իրեն վատ զգաց. չէր սպասում. ինքը որոշել էր, որ 70 տարին է իր կյանքի ժամանակը, դժգոհ չէ 70 տարուց, 100 տարի էլ որ ապրի, իր վեջը չէ, ինքը 70 տարեկան է, էդ 80-ը որտեղի՞ց հայտնվեց... Այդ օրվանից տարիքի մասին չէր խոսվում: Դրանից հետո տարիքի մասին լռում էր:

Այս գրվածքը սիրելի գրող Վահագն Գրիգորյանին է վերաբերվելու, բայց ես կարծեմ մի քիչ խառնվել եմ: Մեկ էՙ վերջը, անշուշտ, Վահագնին մոտ պիտի գնամ: Մի քանի խոսք էլ ծերության մասին:

Մարդ երբ սկսում է ծերանալ, սկսում է նկատել, որ որքան ոգեւորություններ է ունեցել, հավատամքներ, ընկերներ, որոնց պաշտպանության համար որեւէ բանի առջեւ չէր ընկրկելու, չմոռնամՙ հերոսանալ ուզելը, հաղթել ուզելը: Եվ սակայն կամաց-կամաց սկսում է նկատել, որ սկսում է կասկածել իր կարողություններուն:

Կյանքը այդքան ալ հասկանալի չէ, մարդս ինքն ալ լավ չի իմանում, թե ուզածը ի՞նչ է: Բիբլիական հրեաներու արքա Սողոմոն Իմաստունը չի՞ ասելՙ ունայնություն ունայնությանց...: Մի ուրիշ իմաստուն էլ հետագայում չի՞ ասելՙ այն գիտեմ, որ ոչինչ գիտեմ... Վերջը մարդ սկսում է հասկանալ, որ ինքը կյանքը ապրում է ինչպես որ կարողանում է, այլ ոչ թե ինչպես կուզենար ապրիլ: Եվ մանավանդՙ մարդ արարածը առանձին չի ապրում, ապրում է իր նմաններուն հետ, եւ չի կարող չբաժանել իր ուրախությունները եւ իր տխրությունները իր նմաններու հետ: Եվ այդպես ամեն մարդու տեղը ճշտվում է: Էհ, ամենայն դեպս ապրիլը դյուրին չէ, եւ դժբախտ մարդոց թիվը շատ է... Այս պահուս ես մի քիչ նման եմ վարորդի (թեեւ ես ավտո վարել չեմ իմանում), որ hi way-ի վրա սխալ գիծ է մտել...

Ահավասիկ շատախոսության վերջը. բայց ճար չունեմ, պիտի գտնեմ ճիշտ ճամփա եւ պիտի հասնեմ նպատակիսՙ սիրելի գրող Վահագն Գրիգորյանի մոտ: Եվ բախտս բերում է եւ նորից ինձ օգնության է հասնում բարյացակամ ընկերսՙ Յուրի Խաչատրյանը, առանց որի այս գրությունս չեմ կարող շարունակել. վայ թե մի քիչ էլ ուշանամ Վահագնի հետ ժամադրությանս...

Խոսում էի երիտասարդութենեն ծերություն գնացող ճանապարհին մարդուս հրաժարվիլը շատ մը հետաքրքրություններից, հետաքրքրությունների մեծ մասից: Գալով ինծիՙ ունեցել եմ գրեթե մի կիրք, որ պատանեկութենես մինչեւ ծերություն ինձ հետ բերել եմ: Սերս հայ գրականության հանդեպ, սերս գեղեցիկ հայերեն գրվածքներու եւ խոսակցության հանդեպ: Եվ այստեղ ահավասիկ ինծի օգնության հասավ Երվանդ Տեր-Խաչատրյանը, նույն ինքն Յուրի Խաչատրյանը, որու հետ ծանոթությունս հին է, որը վերջին տարիներս վերածվել է մտերմության: Յուրիին եմ պարտական իմ գրածս հոդվածներուՙ տարբեր տարիներու եւ տարբեր տեղերում տպված հոդվածներուս հավաքումը, խմբագրումը եւ գիրքի ձեւով հրատարակումը: Իր դերը անփոխարինելի է եւ անմոռանալի: Եվ այսպես վերջերս մեր տանը այցելության մը ժամանակ Յուրին հիշեց սքանչելի գրող Վահագն Գրիգորյանին, եւ հարցուց որ կուզեի՞ կարդալ նրա նոր հրատարակված գիրքը: Տեղյակ չէի գիրքին մասին, բայց անմիջապես պատասխանեցի, որ Վահագնի մի քանի գիրքերուն ծանոթ եմ, շատ եմ հավանում գրողին եւ շատ կփափագեի կարդալ նոր գիրքը: Երվանդը խոստացավ, որ գիրքը շուտով կունենամ: Շատ ուրախացա, որովհետեւ տարիներ առաջ Վահագնից երկու վեպեր կարդացել էի եւ շատ հավանելՙ «Կարմիր ձյունը» եւ «Թագավորի փոքր որդին», 1974 թվին տպված: Դրանից հետո բան չէի կարդացել: Այդ ժամանակ նույնիսկ ծանոթացել էի անձնապես եւ իր տանն ալ եղել: Վահագնի անձին հանդեպ ավելի էր խորացել սերս: Վահագնը շատ համակրելի, թեեւ զուսպ, բայց փակ մարդ չէր, միշտ մեղմ ժպիտով եւ բարյացակամ, հաճելի զրուցակից, մեկ խոսքովՙ անմոռանալի անձնավորություն: Չեմ գիտերՙ ինչպե՞ս եղավ, որ 1974-ի իր վիպակները կարդալես մի քանի տարիներ անց Վահագնի հետ կապս կտրվեց, եւ Վահագնը իր տիկնոջՙ Նորայի հայրենիքում էր ապրում, գոնե տարվա մի քանի ամիսները: Կինը Բալթիկ ծովի ափերից էր: Եվ հանկարծ Յուրին խոսում է Վահագնի անցյալ տարի հրատարակված գրքի մասին: Ասացի, որ շատ էի ուզում կարդալ Վահագնի նոր գիրքը եւ ինքը ինծի համար մեր լավագույն արձակագիրներից մեկն է, որոնք անշուշտ մեծ թիվ չեն կազմում: Եթե հարցնեքՙ ո՞ր արձակագիրներեն, անշուշտ, առաջինը կհիշեմ Հրանտինՙ Մաթեւոսյանին, որու վաղաժամ հեռանալը մեզնից մեծագույն կորուստը եղավ մեր գրականության համար, եւ անշուշտ, հայերը հոգեպես տկարացան, մանավանդ որ մեր ժողովուրդի գոյատեւման պայքարին հոգեւոր առաջնորդ մըն էր ընկնողը: Գոնե հայ ժողովուրդը միշտ իր գրող զավակին մեջ տեսել է իր առաջնորդին... Եվ պատահակա՞ն է, որ թշնամին, որ միշտ փորձել է մեր ազգը վերջնականապես վերացնել երկիր մոլորակի երեսից եւ այդ փորձը արեց 20-րդ դարուն, առաջին հերթին հավաքեց հայ գրողները եւ մտավորականությունը եւ ոչնչացրեց. նկատի ունիմ Օսմանյան կայսրության հայ հպատակները, եւ այսօր արեւմտահայերը համարյա վերացել են, արմատախիլ եղել իրենց հազարամյա բնօրրանից: Կարծեք հերիք չէր 1915-ին թուրքին ըրածը, ռուսն ալ 1937-ին ոչնչացուց հայ գրողներին: Մեկ խոսքովՙ հայոց լեզվի ուսուցիչներին... Այսօր տեսնում ենք, որ ինչ վիճակի մեջ է հայոց լեզուն, չես իմանումՙ հայերը հա՞յ են, անգլիացի՞ են, ռո՞ւս են... Ազգեր, որոնցից ծնվել են իթթիհատ, բոլշեւիկ, ֆաշիստ, նացիստ... հավիտյան անիծյալ ըլլան... Ի՞նչ ասեմ, քանի որ խոսք գնաց գրողներու մասին, ինչպե՞ս կարելի է այս բաները չհիշել... Մի անգամ էլ վկայակոչեմ սիրելի գրողիս: Կուզեմ հիշեցնել, որ Հրանտը մեծագույն սովետական գրող էր. ինչպե՞ս նա կրնար ուրիշ բան ըլլալ, եթե ապրում էր Սովետական Միությունում եւ սովետական քաղաքացի էր: Հրանտը Չարենցին հետ ամենամեծ գրողն էր, որովհետեւ հակասովետական գրող էր: Մի բան պատահեցավ Հրանտ Մաթեւոսյանին հետ, երբ սովետական զազրելի ռեժիմը փուլ եկավ: Հրանտը այդ տարիներուն սկսավ հրապարակախոսական հոդվածներ գրել եւ հարցազրույցներով հանդես գալ մամուլում: Մեկ էլ անտաղանդ «անվանի» կարգ մը գրողներ հանդես եկան «տեսությամբ»ՙ իբր մեր նոր անկախացած պետության քաղաքացիներս միառժամանակ պետք է մոռանանք գեղարվեստական գրականությունը, հիմա իսկականը հրապարակախոսությունն է. իբր հայ նոր ընթերցողին շա՛տ պետք է հրապարակախոսություն: Անշուշտ, այս հարցերը կրնան լուսաբանել գրականագետները: Ես վախենամ, եթե շարունակեմ, հայտնվիմ փակուղիում... Բայց անմիջապես պարզվեց, որ այն, ինչ որ ասում էին հրապարակախոսություն, չկար: Եղածը տեղական (հայկական) հումքով, զուտ թույնից սարքված զազրախոսություն էր: Դա էլ երեւի պետք է մարդուն: Շատ հայեր կան, որոնք հաճույքով լսում են վատ լուրեր, հաճույքով կրնան դիտել ծեծկռտուք եւ զիրար սպանելը: Ընդունված է հայերուս մոտՙ 10 հոգիով հարձակվիլ մեկ հոգու վրա: Ավելի լավ է չշարունակեմ: Ուզում եմ անդրադառնալ անժամանակ մեզանից հեռացած Հրանտի մի մտահոգության: Հրանտը ասում էր, որ «իմպերիան» մեզ հայերուս շատ պետք է... Նույնպես հրաշալի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանն էլ ասում էր հայերունՙ ինչ էլ լինի, հայեր, ռուսերուն փեշից կառչած մնացեք: Կարծում եմ, որ մեր երկու մեծ հայերն ալ գերագնահատում էին հայերիս: Այստեղ Այգեկցիից, եթե չեմ սխալվում, մի պատմություն հիշեցի: Մայրամուտին աշխատանքից վերադարձող հոգնած-դադրած եզը երբ գյուղին է մոտենում, ճանճը, որ եզին կոտոշին վրա էր, ասում էՙ դե՛ ես գնացի: Եզն ասում էՙ ոչ գալդ իմացա, ոչ ալ երթալդ պիտի գիտնամ:

Մեծ պայթյունիՙ Big bang-ի հաջորդ օրը հեռուստացույցով եմ տեսելՙ Ելցին կոչված բոլշեւիկ հարբեցողը Մոսկվայի Մայր տաճարում Համայն Ռուսիո պատրիարքին իրեն ուղղած խաչն էր համբուրում, ինչպես ավելի ուշ իր ճուտըՙ Պուտինը եկեղեցում խաչակնքում էր... Եվ պարզվեց, որ բոլշեւիկ ղեկավարները ամենանվիրյալ քրիստոնյաներ են եղել եւ մեր վրա խաբար չի եղել: Եվ նրանք Քրիստոսի պատգամները իրենց սրտին մեջ, իրենց կյանքը վտանգելով, հերոսաբար գաղտնի էին պահում... իրենց դուրսպրծածներուն Հիսուսի պատգամները փոխանցելու համար: Ռուսը մնում է ռուս, թուրքըՙ թուրք, հայն ալ ֆուտբոլի գնդակՙ մի տեղից մյուս տեղը տշվելու համար: Մարդ չի իմանումՙ լա, թե՞ խնդա: Է՜հ, հայերը ե՞րբ են խնդացել: Եվ ահավասիկ Ելցինի ելույթից հետո պարզվեց, որ հայերը ունին անկախ հանրապետություն: Եվ նույնիսկ ՄԱԿ-ի անդամ են եւ ունին մշտական համարակալված տեղը ՄԱԿ-ի թատերասրահում: Եվ այդ օրերուն Հայաստանում (3-րդ հանրապետություն) կյանքը եռում էր: Ասում են, որ մահամերձը շունչը փչելուց մի քիչ առաջ մեկ էլ շատ առույգ եւ զվարթ տեսք է ունենում... Այդ օրերից մտքումս տպավորվել են մեր նորանկախ պետության (մանկապարտեզի) դեղնակտուց ղեկավարներու մտքի թե մեկ այլ տեղի արգասիք գոհարներ. «Հայրենակիցներ, ձեզ մի տանջեք, բան չի կա: Մեզ սպասում է փայլուն ապագան: Շուկայական հարաբերությունները բոլոր հարցերը կլուծի»: Կներեք, այս պահուս հիշեցի նշանավոր ըմբոստ լեհ Լեխ Վալենսայի խոսքերը, որՙ կապիտալիզմից սոցիալիզմ անցնելու ուղիները ծանոթ են... բայց սոցիալիզմից կապիտալիզմ անցնելու ուղիները երեւի միայն Աստծուն են ծանոթ: Սաՙ ի միջի այլոց: Մեկ ուրիշ շատ «իմաստուն» առաջնորդ ասում էր, որ մեծագույն իմաստունը ժողովուրդն է. ժողովուրդը բոլոր հարցերու լուծումը գիտի ի ծնե... Եվ պարզվեց, որ մեր ղեկավարը գիտեր ինչ էր ասում: Երբեւիցե ասված ամենախելոք միտքը: Եվ եթե ժողովուրդը չէ, ապա ո՞վ է ամենաիմաստունը: «Ղեկավարը» գիտեր ինչ է ասում, իսկ իմաստուն ժողովուրդը անմիջապես որոշեց, որՙ ճիշտը երթալն է: Մի ուրիշ ղեկավար հայտարարեց, որ հայերու նորանկախ հանրապետությունը մի միլիոնե ավելի բնակչություն պետք չէ ունենա. ուտելիք չկա. հո հայերը իրար պիտի չուտե՞ն: Մեկ միլիոնը շատ է անգամ... Եվ ուրիշ, ի բնե խուժան, ծագումը չպարզված «առաջնորդ» հայտարարեց, որ եթե ուրիշ երկիրներ նավթ ունեն (նավթը ինչ մի բան է որ), հայերը սփյուռք ունեն: Ուրիշ մեկ ղեկավար, մի դատարկ տակառ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց,- ներեցեք, ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից, այլ թելեվիզիոնի մի հարցազրույցի ժամանակ,- որ իրեն ինչպե՜ս էին նախանձում իր օտար կոլեգաները, որ իրենք սփյուռք չունեն, իսկ ինքը ունի: Չես իմանումՙ լաս, թե՞ խնդաս: Բայց մեր հերոսը իրական աստվածահաճո տղա էրՙ օժտված ծիծաղելի դառնալու հատկությամբ, մարդկանց ծիծաղը շարժելու հատկությամբ: Ամենայն դեպս ավելի լավ է Ազգային ժողով ունենալ, ուր մարդիկ ծիծաղում են: Գող է, մարդասպան էՙ նստած է, իր տեղը Ազգային ժողովը չէ, բանտն է, բայց հիմա Ազգային ժողովում է, պատգամավոր է, թող ծիծաղի. վերջը հայ է, մեր եղբայրն է:

Անկախության ժամանակեն ի վեր ի՜նչ հրաշալի խոսքեր, գոհարներ էին թափվում մեր հեղափոխական հերոս գործիչների բերնից, ինչպես առատության եղջյուրից... Պետական քաղաքական գործիչի մի խոսքը կրնա անմահացնել մի ազգ, կրնա պահել մի ազգ... Այս պահուս հիշեցի մեծագույն գիտնական անգլիացի Նյուտոնին մեկ ելույթը, որ կարծեմ արձանագրված է մարդկության մշակույթի պատմության գրքում: Նյուտոնը տարիներ եղել է նաեւ անգլիական խորհրդարանի անդամ, ազգային ժողովի պատգամավոր, եւ մի անգամ Նյուտոնը ելույթի համար խոսք է ուզում. կարծեմ միակ անգամը անգլիական խորհրդարանում: Եվ երբ այդ օրը Նյուտոնը մատը բարձրացրել եւ նախագահից թույլտվություն է խնդրել խոսելու, ամբողջ Մեծն Բրիտանիո խորհրդարանը քարացել էՙ վերջապես քանի տարիներե ի վեր առաջին անգամ խորհրդարանում Նյուտոնը հանդես էր գալու առաջարկությամբ: Ձայնը տրվում է, եւ Նյուտոնը քար լռության մեջ վեր է կենում եւ խնդրում դահլիճի պատուհաններից մեկը փակել, քանզի Նյուտոնը միջանցիկ քամուց նեղվելիս է եղել:

Երվանդ Տեր-Խաչատրյանը մեր տուն այցելեց Վահագն Գրիգորյանի հրատարակված վերջին գիրքըՙ «Ոստանի վերջին ճամփորդությունը» հետը բերելով: Անմիջապես կլանվեցի գրքի ընթերցմամբ: Իր հրաշալի գրելաձեւը ուժը չէր կորցրել, ընդհակառակը, ինչպես միշտ, գրքի ամեն էջը կարծես խոստում էր հաջորդ էջում մի գաղտնիքի բացահայտման... Եվ գիրքը կարդացվում էր հեշտությամբ: Տարիներե ի վեր արդեն բազմահարյուրանոց էջերով գիրքեր չէի կարդում. շուտ հոգնող աչքերս, անշուշտ ծերությունս է պատճառը: Բայց ամեն օր ըստ սովորության մի քանի էջ կարդում եմ անպայման: Եվ այսպես Վահագնի գիրքը զիս երիտասարդացուց: Ինչպես ասացի, հափշտակությամբ կարդացի գիրքըՙ կազմված երկու վեպերից: Բայց կարդալու ընթացքին մի տարօրինակ զգացում կարծես ճնշում էր կուրծքս. այս տեսակ զգացում կյանքումս չեմ ունեցել որեւէ գրողի գիրք կարդալուց: Երբ կարդացի գիրքին վերջին էջը եւ վերջին տողերըՙ «Ազատ հայը», արդեն մի զգացում տիրել էր ինձՙ մի տեսակ անհանգիստ էի: Գիրքը տխուր էր, իսկ գրքի հերոսները կարծեք տհա՞ճ, անհետաքրքի՞ր: Մի անգամից մի տեսակ ընկճվեցի: Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, ինչո՞ւ այդպես եղավ: Բայց չէ՞ որ գրողը ինծի շատ սիրելի էր: Անմիջապես Յուրիին զանգեցի եւ ասացի, որ Վահագնի գիրքը նոր եմ ավարտել... Հարցուցՙ գիրքը տխուր էր, չէ՞: Այո, ըսի, եւ գրքում գործող անձինք էլ համակրելի չէին... Լավ, ըսավ Երվանդը, կուգամ կզրուցենք: Բայց ես ուշքի չէի գալիս, հոգեկան հանգիստս կորցրել էի: Վերջապես ի՞նչ էր պատահել: Հեղինակը մեզի համար (հայերուս) գիրք է գրել մեր ժողովուրդի մասին, ուր նկարագրվում է մեր այսօրվա ժողովուրդի կյանքը, «կյանքը ինչպես որ է»ՙ պիտի ասեր մեծագույն գրող Գրիգոր Զոհրապը: Գրող Վահագն Գրիգորյանը ոչ բարոյախոս է եւ ոչ էլ մանավանդ դատավոր, նա շատ լավ գիտի, որ իր ժողովուրդը փոքր է եւ վտանգված, եւ այս է իր ունեցածը, ուրիշ բան չունի իբրեւ գրող: Եվ սկսեցի մտածել այսօր իր հայրենիքին մեջ ապրող հայուն համար, դարավոր օտարի լուծից ազատված հայուն համար կյանքը հաճելի՞ է... Եվ սկսեցի գլխի ընկնել, որ Վահագն Գրիգորյանը, իբրեւ հայ, իր ժողովուրդի համար տանջվելով է գրել իր բացառիկ արժեքավոր վեպը: Միտքս չէր հանգստանում: Հասկանում էի, որ նկարագրվածը սառցալեռան ջրից դուրս եկած մասն է ընդամենը:

Եվ, դանդաղ, զգացի ներսումս զարթնող մի ոգեւորություն, որը վերածվում էր ուրախության, հպարտության: Ես այլեւս խեղճ ու կրակ աղքատ հայը չէի, ես Վահագն Գրիգորյանի պես եղբայր ունեի: Մեծահարուստ, որ զիս կրնար պաշտպանել: Յուրին խոստացել էր մի քանի օրից ինծի այցելել եւ զրուցել գիրքի մասին, որ ինքն ալ շատ բարձր էր գնահատում: Նպատակ չունիմ այստեղ գիրքին վերլուծությունը անելու: Շատ մեծ գրող է: Կկարծեմ, որ ամեն ընթերցող պիտի նկատե, որ ինքն ալ մի տեղ գրքի հերոսին նման է, չի կրնար նման չըլլալ, նույն ժողովուրդի զավակն է, նույն ցավերով, նույն ճակատագիրով:

Կոչումով եւ կրթությամբ բանասեր է Յուրին, գրականագետ եւ իրեն հանդիպիլը մեր տանը, մի քիչ վիսկի խմելու պատրվակով, ինծի համար առիթ մըն է ստուգելու իմՙ շարքային ընթերցողիս որոշ խորհրդածությունները կամ տեսակետներս հայ գրականության մասին: Մի բան կարող եմ ասել, որ Մելգոնյան կրթական հաստատությունում սովորելու տարիներին դպրոցի գրադարանում պահվող աշխարհաբար հայ գրականության ծանոթացել եմ, որքան որ մատչելի կրնար ըլլալ երախայի մը, պատանիի մը: Սկսելով Մխիթարյան հայրերի եվրոպական գրականության թարգմանություններենՙ 150 տարի առաջվա արեւմտահայերենով, մինչեւ Սովետական Հայաստանի գրականությունը խեղաթյուրված մեսրոպյան ուղղագրության բոլոր վիճակներով: Նաեւ նշեմ, որ երբ կարդում էի Ակսել Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը», Գուրգեն Մահարու «Մանկությունը», չէի կարող իմանալ, որ մեկը անհայտ գերեզմանի խորքն էր, իսկ մյուսը Սիբիրում խոզ էր արածացնում: Բայց «Խոնարհ աղջիկը» իմ քույրս էր... «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն»... եւ «Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե..», եւ «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանալ...»: Կլանված կարդում էի Րաֆֆիի վեպերը, եւ Մխիթարյան հայրերու թարգմանությամբՙ Սենկեւիչի վեպերը:

Ինչ որ է, գամ բուն ըսելիքիս: Վահագն Գրիգորյանի գիրքը կարդալուց մի քանի օր հետո սկսեցի անդրադառնալ, որ Վահագն Գրիգորյանի գիրքը եզակի է 150 տարվա աշխարհաբար հայ գրականության մեջ: Այստեղ խոսք չի գնում գիրքին գեղարվեստական արժեքին (որ ամենաբարձրն է), ոչ ալ մտածում եմ գրողը համեմատել ուրիշ հայ գրողներու հետ... Վերջին 150 տարիներու հայ ազգը ծնավ սքանչելի գրողներ, ավելի ճիշտ կըլլար ըսելՙ սուրբեր, հերոսներ, մեկը մյուսից տարբեր եւ տաղանդավոր... Ըսելիքս այն է, որ (դա իմ կարծիքս է) Վահագն Գրիգորյանի գիրքը բացառիկ երեւույթ մըն է: Չչարաշահեմ ձեր համբերությունը: Ի՞նչն է ինձ հուզում Վահագն Գրիգորյանի գիրքը կարդալիս: Սա նոր ապրում մըն է, որ ինծի ծանոթ չէ հայ գրականության մեջ, գիրք մը, ուր մենք տեսնենք հայ ժողովուրդ: Երեւի հնարավոր չէր ներկայացնել հայ ժողովուրդը, քանի որ մենք մինչեւ 19 տարի առաջ չունեինք անկախ պետություն, երկիր, եւ վրան ապրող հայ քաղաքացի: Առաջին անգամն է, երբ գրող մը մի քանի անհատներ է ժողովրդից առանձնացնում, եւ այդ ընտրված «հերոսներու» վարքագծին, հոգեկան վիճակին, աշխարհայացքին, մտահոգություններուն, ապրումներուն, մարդկային հարաբերություններուն մեջ տեսնում ենք նաեւ մեր ժողովուրդը: Եթե ես սխալ չեմ ասում, երեւի գրականագետները շատ ավելի լավ կարող են գրել այս մասին. եթե իմ կարծիքս վիճելի կամ սխալ է: Անշուշտ հազարամյա անկախության կորուստեն վերջ, այսօր, 19 տարվա անկախության օրերուն մեր բախտը բերավ, որ Վահագն Գրիգորյանի պես բացառիկ տաղանդավոր գրող մը ունինք մեզ հետ: Գիրքը այնքան ճշմարիտ է, որ կրնանք ըսել, թե Վահագն Գրիգորյանը նաեւ պատմաբան է, եւ նաեւ գիրքը այնքան հայկական է, որ եթե օտար լեզվով թարգմանվի, դժվար թե օտար ընթերցողը մի բան հասկանա: Հետո, վերջ ի վերջո, մեր փոքր ժողովուրդի, երկրի, պետության վիճակը ինչո՞վ կրնա հետաքրքրական ըլլալ ուրիշ ժողովուրդներուն: Ես այդպես եմ ասում, բայց ինքը մեծագույն գրող է: Ազնվագույն հոգի: Իր ազգի արժանապատվության ներկայացուցիչ: Արժանապատվությունը փոքր կամ մեծ չի լինում: Գրող Վահագնի հերոսը հայն է, եւ հայ ազգի հերոսն ալ Վահագն Գրիգորյանն է: Աստված պահի երկուսին:

Սիրովՙ ՀԱԿՈԲ

 
  facebook  
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 27-02-2010


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012 ver. 1.3
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua