AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #003, 2013-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 26-01-2013



Քանդակագործություն

Տեղադրվել է` 2013-01-29 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3826, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 113

50-Ը 3000-Ի ՎՐԱ ԿԱՄ ԾԱՆՈԹ ԹՈՐՈՍԻ ԱՆԾԱՆՈԹ ԱՇԽԱՐՀԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Տպավորություններ Թորոս Ռաստքելենյանի հետահայաց ցուցահանդեսից

Թորոս Ռաստքելենյանին ծանոթ եմ ավելի քան քսան տարի: Այդ ընթացքում բազմիցս այցելել եմ նրան, արվեստանոցում ժամերով զրուցել հետը, ներկա եմ եղել վերջին տարիների նրա գրեթե բոլոր ցուցահանդեսների հանդիսավոր բացմանը, մասնակցել նրան նվիրված փաստագրական ֆիլմի ստեղծմանը, վերջապես, մամուլում մի քանի անգամ անդրադարձել եմ նրա արվեստին... Մի խոսքով, նրա ստեղծագործությունը, նրա անձը, նրա տոհմի, հատկապես նրա մորՙ տիկին Եղսայի հերոսական պատմությունն ինձ քաջ ծանոթ էր:

Սակայն հերթական անգամ պիտի համոզվեի, որ մեծ արվեստագետը նման է այն մայրցամաքին, որով ծայրեծայր որքան էլ ճամփորդես ու պեղես, շարունակ նոր ու անծանոթ անկյուններ եւ թաքնված շերտեր ես հայտնաբերելու...

Ֆրանսիայի հարավում, գտնվող Մոնտելիմար քաղաքի «Մյուզե դ"ար կոնտամպորեն Սեն-Մարտեն» շքեղաշուք թանգարանի ընդարձակ սրահներում, անցած տարվա դեկտեմբերի 14-ին, հանդիսավոր պայմաններում բացվեց հայազգի քանդակագործ Թորոսիՙ «Plռnitude de Toros» («Թորոսի լիությունը») վերնագրված հետահայաց ցուցահանդեսը, որ ներկայացնում էր արվեստագետի վերջին 50 տարվա լավագույն աշխատանքները 3000ք.մ.-ի վրա:

Հայազգի մեծանուն արվեստագետները Ֆրանսիայում քիչ չեն եղել: Նրանցից ոմանք արժանացել են այդ երկրի բարձրագույն գնահատությանն ու տիտղոսներին, սակայն, եթե հիշողությունս չի դավաճանում, նրանցից ոչ մեկն առայժմ այսպիսի շուքով չէր ներկայացվել: Նախ, առավել քան տպավորիչ էր թանգարանի շինությունը, որը պատիվ կբերեր եվրոպական ուզած մայրաքաղաքին, եւ այդ փառահեղ կառույցի ճակատը, վերից վար, ազդարարում էր մշակութային կարեւորագույն իրադարձությունը:

Կարեւոր ոչ միայն, որ բացմանն էին ժամանել պետական բարձրաստիճան անձինք: Ի դեպ, նրանց թվում էր եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որն իր համառոտ, բայց բազմիմաստ ելույթում մասնավորապես ասաց. «Այս ցուցահանդեսն ինձ հնարավորություն է ընձեռում նորից տեսնելու նշանավոր արվեստագետի խորունկ հավատարմությունն իր հայկական մշակութային ինքնությանը»:

Այնուհետեւ Վ. Չիթեչյաննՙ ի հաստատումն իր իսկ ասածի, մեջբերեց Թորոսիՙ թեւավոր խոսք դարձած ինքնաբնորոշումը. «Իմ պտուղները ֆրանսիական են, ծառիս բունը սիրիական է, իսկ արմատներսՙ հայկական»: Այսպիսով հիշատակվեց հավատարմությունը ոչ միայն հայկական ակունքներին, այլեւ երախտագիտությունը մի երկրի հանդեպ, որը փրկության հանգրվան էր եղել Եղեռնից մազապուրծ բազմահազար հայերի, այդ թվում եւ ուրֆացիների համար:

Դեսպանի խոսքում հատկապես նշվեց, որ «Ֆրանսիան կենսահող է եղել բազմաթիվ հայ տաղանդների համար... Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Գառզուի, Ժանսեմի եւ այլոց անուններն ազգային հպարտություն են դարձել Ֆրանսիայի եւ Հայաստանի համար:

Ես շատ հուզվեցի եւ տակնուվրա եղա, սիրելի Վարպետ Թորոս, որ դուք կրում եք ձեր հորեղբորՙ Թորոս Ռաստքելենյանի անունը, որին թուրքերն այրել են Ուրֆայի հայկական եկեղեցում:

Ես պատկերացնում եմ, թե դուք ինչպես եք ցանկացել վերապրեցնել Ցեղասպանության այդ նահատակին, որքա՜ն եք ցանկացել, որ նրա հարությունը կարողանա արտահայտություն եւ երկրորդ կյանք գտնել ձեր գործերում:

Արդ, իմացեք, Վարպետ, որ դուք հաջողել եք, դուք մեն-մենակ կարողացաք մարմնավորել հայ ժողովրդի վերապրելու ուժը, բարբարոսությանն իր արարչագործ կարողությունը հակադրելու կերպը, նրա կապվածությունը մշակութային եւ հոգեւոր արժեքներինՙ որպես միակ ուղի մարդկության այս դժվարին շրջադարձում»:

Չգիտեմ, մեր դեսպանը, արդյոք, լսե՞լ էր Թորոսի մեկ այլ թեւավոր խոսքըՙ շրջանառված բազմաթիվ, այդ թվում եւ մեր հոդվածներում. «Ես չեմ ձգտել քանդակագործ դառնալ, քանզի այդ արվեստն ինքն է եկել եւ պարտադրվել ինձՙ որպես մի ուժ, որ համակել էր իմ ոգին: Եվ այդ ժամանակ ես քանդակեցի հայկական ցեղասպանությունը»:

Քանդակագործի այս խոստովանության գործնական ապացույցները ցուցահանդեսում չկային եւ չէին կարող լինել, քանի որ դրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներումՙ Վալանս, Սենտ-Էտյեն, Էքս-ան-Պրովանս, Վիեն, Մարսել... Ի դեպ, վերջինը, որ դրված է Մարսելի Պրադոյի հայկական եկեղեցու առջեւ, ժամանակինՙ 1981թ., դիվանագիտական սկանդալի առիթ դարձավ. Թուրքիան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին:

Ճիշտ է, 70-80-ականներին Ցեղասպանության խնդիրն արդեն դարձել էր ֆրանսիական հասարակության քննարկման առարկա, սակայն քաղաքական շրջանակներում, ընդհանուր դրական վերաբերմունքով հանդերձ, այնուամենայնիվ, որոշակի զգուշավորություն կար: Այնպես որ, նշված ժամանակաշրջանում տեղադրված Թորոսի հինգ արձանները, որ նվիրված են Ցեղասպանությանը, պետք է համարել արվեստագետի եւ քաղաքացու սխրանք: Մանավանդ որ այդ հինգն էլ իրականացվել են բացառապես քանդակագործի անձնական նախաձեռնության շնորհիվ:

Չմոռանանք նշել նաեւ մի կարեւոր հանգամանք. Թորոսի կայացումը որպես քանդակագործ գերազանցապես այդ տարիներին եղավ: Ասել է, թե նման դեպքերում, դեռեւս չհաստատված, ճանաչում ձեռք չբերած գրողն ու արվեստագետը, օտար միջավայրում ստիպված է չափազանց խոհեմ ու շրջահայաց ռազմավարություն որդեգրել եւ հնարավորին չափ հեռու մնալ քաղաքականությունից, որպեսզի վերջնականապես խաչ չդնի արտիստական իր ճակատագրին: Մինչդեռ Թորոսը, առաջին իսկ քայլերից մերժելով այս վախվորած կեցվածքը, ճիշտ հակառակն էր անում. անդրադառնալով պայթյունավտանգ նյութին, ապացուցուցում էր, որ կարող է կայանալ որպես քանդակագործՙ միայն Ցեղասպանության գաղափարը քանդակելով: Այդպիսով իսկ Թորոսն արժանի ժառանգորդը դարձավ իր մեծ հորեղբորՙ Ուրֆայի ինքնապաշտպանության առասպելական հերոս Հարություն Ռաստքելենյանի:

Տեղին է, հավանաբար, ասել, որ հերոսականը Թորոսը միայն հայոց պատմության մեջ չի տեսնում: Մոնտելիմարի ցուցահանդեսից ուղիղ տասն օր առաջ, դեկտեմբերի 4-ին, Դրոմ դեպարտամենտի պրեֆեկտուրայի առջեւ տեղադրվեց Ֆրանսիայի ազգային հերոս, Դիմադրության ականավոր դեմքերից մեկիՙ Ժան Մուլենի հիշատակը հավերժացնող խորհրդանշական արձանը, որը ներկայացնում է երկնուղեշ մշտավառ մի բոց: «Ֆիգուրատիվ կերպով ներկայացնելու փոխարեն, - ասաց պրեֆեկտ Պիեռ-Անդրե Դյուրանն իր բացման խոսքում, - Թորոսը գերադասել է հերոսի հիշատակը հավերժացնել խորհրդանշանով, ինչն ավելի ընդարձակ իմաստ է հաղորդել. մի բոց, որ բարձրանում է աշխարհի վրա, դա հերոսի մշտաբորբոք հավատն է հայրենիքի հանդեպ, որն այն ժամանակ զգետնված էր, անարգված եւ ստորացված... Դա նաեւ Դիմադրության բոցն է, որը երբեք չի մարի»:

Մնում է ավելացնել, որ այդ հոյակապ արձանը քանդակագործի նվերն էր Վալանս քաղաքին:

Ինչ վերաբերում է Վ. Չիթեչյանի ելույթի այն հուզիչ հատվածին, որտեղ նա խոսում էր 1915թ. Ուրֆայի եկեղեցում այրված քանդակագործի մյուս հորեղբորՙ Թորոսի մասին, ապա դրա հետ կապված մեկ այլ պատմություն կա:

Ընթերցողները հավանաբար հիշում են 2005թ. աշնանը Փարիզի արվարձաններում եւ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ծայր առած անկարգությունները, երբ փողոց իջած հասարակության տականքը ջարդում, փշրում ու հրդեհում էր ամեն ինչ: Նրանք այրեցին նաեւ Ռոման քաղաքի Սեն-Կյուրե դ՛Ար եկեղեցինՙ այդպես արտահայտելով իրենց դժգոհությունը մի երկրից, որը նրանց ապաստան էր տվել եւ լուծել սոցիալական խնդիրներըՙ առաջարկելով մարդավայել ապրելու հնարավորություններ: Տականքն այդպես երախտահատույց եղավ:

Հայ քանդակագործը, որը նույնպես ապաստան էր գտել այդ երկրում, իր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, իր արդար քրտինքով արժանացել բարձր պարգեւների ու շռայլ գնահատությունների, յուրովի հայտնեց իր երախտիքը. նա անհատույց վերականգնեց պղծված եկեղեցու խորանըՙ դնելով այնտեղ պղնձյա ընդարձակ թիթեղի վրա դրվագված բոցարձակ արեւը եւ խաչը:

Ֆրանսիական թերթերից մեկին տրված հարցազրույցում Թորոսն այսպես էր բացատրել արվեստագետի եւ քաղաքացու իր մեծահոգի արարքը. «1915թ. թուրքերը, հորս եղբորը, որը նույնպես կոչվում էր Թորոս, 300 հայ երեխաների հետ ողջ-ողջ այրեցին եկեղեցում... Ամեն անգամ, երբ լսում եմ, որ աշխարհում մի եկեղեցի է այրվել, ինձ թվում է, թե հորեղբայրս ու երեք հարյուր երեխաներն են եղել ներսում...»:

Թորոսի «լիությունը», սակայն ամբողջական չէր, քանի որ միայն այդ հինգը չէին, որ բացակայում էին ցուցահանդեսում: Դրանցից զատ, եւս մի տասնհինգ արձան դրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Այդ երկրի խոշոր քանդակագործներից քչերը կարող են հպարտանալ նման հաջողությամբ: Զարմանալի մի հատկություն ունեն Թորոսի կոթողային արձանները. դրանք հարազատորեն մերվում են տարբեր ժամանակների կառույցներին, ճարտարապետական տարբեր ոճերինՙ լինի դա ռոմանական շրջանի միջնադարյան վանական կառույց, թե անցյալ դարի կոնստրուկտիվիստական երկաթ ու բետոն:

Կոթողային արձանների բացակայությունը, սակայն, չէր աղքատացրել ցուցադրությունը: Ցուցահանդեսի տասներկու ընդարձակ սրահները լցված էին տարբեր ժանրերի արձաններով, գործեր, որոնց մեծ մասն ինձ ծանոթ էր նրա արվեստանոցից կամ տարբեր տարիների ցուցահանդեսներից:

Սակայն ո՞րն էր գաղտնիքը, որ դրանք ներկայանում էին ինձ նորովի...

Մինչեւ հիմա ես դրանք տեսել էի խառնիխուռն, պատահական ընտրությամբ իրար կողքի դրված, եւ թվում էր, թե արձանները խանգարում էին իրարՙ ավելի լավ տեսնվելու եւ առավել խորությամբ ընկալվելու: Մինչդեռ այստեղ հմուտ մի ձեռք այդ արձանները բաժանել էր ըստ ժանրերի, յուրաքանչյուրը ներկայացրել մեկ պայծառՙ յուրաքանչյուր մանրամասնը տեսանելի դարձնող, մեկ միստիկ-խորհրդավոր, մեկ ցրված լուսավորության ներքո: Ես, որ առիթներ եմ ունեցել եվրոպական առաջնակարգ թանգարաններում ու հանրաճանաչ գալերիներում լինելու, առաջին անգամ էի տեսնում, թե ճիշտ ընտրված լուսավորությունն ինչ հրաշքներ կարող է գործել: Սա չի նշանակում, թե անտաղանդ գործը լավ լուսավորությամբ կարելի է տաղանդով օժտել: Ամենեւի՛ն: Պարզապես, տաղանդավոր գործը գտել էր իրեն վայել տարածք ու լուսավորություն եւ ավելի շահեկան ներկայացել:

Թորոսն աշխատում է բոլոր նյութերի վրաՙ քար, կավ, մետաղ... Սակայն նրա նախասիրածը վերջինն է, ավելի ճիշտՙ պղինձը: Թե ինչու, բացատրությունը շատ պարզ է. մինչեւ քանդակագործ դառնալը, իր ծննդավայր Հալեպում նա հիմնովին յուրացրել է պղնձագործի արհեստը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ նա այդ մետաղով կարողանում է հրաշքներ գործել: Օրինակՙ սրահներից մեկը ներկայացնում էր բացառապես կանացի մերկ իրաններ: Ապշել կարելի էր, թե քանդակագործի վարպետ ձեռքն ինչպես էր կարողացել կոշտ մետաղին այդպիսի թրթռուն զգայականություն հաղորդել: Ի դեպ, չորս տարի առաջ Ռոման քաղաքում բացված նրա ցուցահանդեսը վերնագրված էր հենց այդպես. «La voluptռ de Toros», այսինքնՙ «Թորոսի զգայասիրությունը»:

Առավել քան սադրիչ վերնագիր, սակայն գուցե ոչ Ֆրանսիայի համար, ուր ցուցահանդեսն ընդունվեց պատշաճ գնահատությամբ, մանավանդ որ կանացի մերկ իրանները զետեղված էին միջնադարյան վաղուց լքված մենաստանի բակում եւ ամենեւին չէին հակասում այդ հաստատության խստամբեր կարգուկանոնին, քանի որ այդ մերկությունը հաղորդում էր ոչ միայն կենսական գրգիռներ, այլեւ ծածկված էր աներեւույթ մի ողջախոհությամբ:

...Ցուցահանդեսի հանդիսավոր բացումն ամփոփվեց հիմնական «մեղավորի»ՙ Թորոսի կարճառոտ խոսքով: Որպես կանոն, նա խոսում է առանց թղթի, աֆորիզմներով եւ միշտ մի անակնկալ մատուցում: Այս անգամն էլ նախորդների պես էր: Նախ իր երախտագիտությունը հայտնեց մատուցված պատիվների համար եւ, անսպասելի, խոսեց նաեւ իր ծննդավայր Հալեպում ծայր առած «բարբարոսության» մասին: Սրտացավ արվեստագետի բնորոշումն, անշուշտ, հասցեագրված էր «ժողովրդավարություն» արտահանող ուժերին եւ կիրառողներին: Բացմանը ներկա պետական բարձրաստիճան այրերն, ամենայն հավանականությամբ, բառը հասկացան յուրովի, այնպես, ինչպես իրենց երկրի օրվա քաղաքականությունն էր պահանջում, միաժամանակ լավ հասկանալով, թե քանդակագործն այդ բառի տակ ինչ է հասկանում: Իսկ հաջորդ օրը, «Լը Դոֆինե լիբերե» թերթի թղթակից Ժանետ Մոլենը, ցուցահանդեսի բացմանը նվիրված իր ռեպորտաժում, Աստծո եւ Կեսարի տուրքը հավասարապես բաշխելով, կարծում ենք ճիշտ մեկնաբանեց Թորոսին. «Հալեպի զավակը վերանալով իր քանդակներից եւ արձագանքելով Սիրիայում մոլեգնող «բարբարոսություններին», ասաց. «Աշխարհը փոխվում է, սակայն պետք է, որ մա՛րդը փոխվի»:

Մոնտելիմար-Փարիզ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 26-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.