AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #003, 2013-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 26-01-2013



Ի պահպանումն ձեռագրաց

Տեղադրվել է` 2013-01-29 23:09:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2448, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 118

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ

ՎԱՐԴԻ ՔԵՇԻՇՅԱՆ

«Մեզանից հետո աշխարհ եկող մարդիկ, վայ ինձ, որովհետեւ ուզում եմ տեսնել ձեզ, բայց չեմ կարող, քանի որ հող եմ դարձել գերեզմանում: Ապա ուրեմնՙ այս գրքերովս կխոսեմ ձեզ հետ մինչեւ հինգ եւ յոթ սերունդ, եւ հոգով ձեր մեջ կմնամ»:

Այսպիսի տողեր է առաքել մեզՙ հետնորդներիս 13-րդ դարի ըմբոստ մեծերից մեկը` առակագիր Վարդան Այգեկցին: Իբրեւ պատգամ հնչող այս խոսքը հույսից ավելիՙ հավատամք էՙ ուղղված գալիքին: Կարո՞ղ էր կռահել մեծ խորհողը, թե իրենից հետո ահա հինգ, յոթ եւ արդէն տասնյակ սերունդներ անց, ո՛չ միայն սրբությամբ պահվում ու պահպանվում են անցյալից մեզ հասած հոգեւոր արժեքները, այլեւ ժամանակի հետ ավելի հարստացած ու շքեղացած, ապրում են մեր հոգիներում, ամեն օր մի քիչ ավելի ու նորովի իմաստավորելով մեր կյանքը:

Այդպես է, որ մեր հոգեւոր եւ նյութական մշակույթի վկաներըՙ մեր գրչագիր մատյանները այսօր էլ խոսում են մեզ հետ: Նրանքՙ անցյալից մեզ հետ խոսողները, իրենց հոգիի աչքերով տեսնում են մեզ, պատմում անցյալի նեղ ու դառը ժամանակների, դեմքերի եւ դեպքերի մասին, բայց ավելի շատ ու հպարտությամբՙ վկայում են անցյալի փառքերի մասին:

Եվ որքան լավ է որ կա՛, շարունակվում է այդ հարստությունը սերնդե-սերունդ փոխանցելու ավանդույթը, եւ կան մարդիկ, որոնք նվիրված են այդ գործին հավատարմորեն, պատասխանատվության ու հանձնառության բարձր գիտակցումով:

Հայերեն ձեռագրական հարուստ ժառանգությունը պահպանելու, պաշտպանելու, այլեւ նվիրագործելու մի յուրօրինակ իրագործման մասին է մեր այս ակնարկը, որ ավելի ճիշտ պիտի լիներ կոչել մի վկայությունՙանցյալի եւ ապագայի միջեւ:

Ասելիքս պիտի սկսեմ փոքր ինչ հեռվիցՙ Միջերկրականի ափերին փռված Մայրիների երկրից, եւ անդՙ ծովահայաց լեռանկատարին շքեղորեն բազմած Զմմառի հայավանքից, ուր տանում են անցյալի մեր ոտնահետքերը, եւ ուր վերադառնում ենք ամեն անգամՙ մեր մշակույթի գանձերի հետ հաղորդվելու:

Լեռնալիբանանի գեղատեսիլ բարձունքի վրա մեզ է դիմավորում Զմմառի սուրբ Տիրամոր վանքը: Այս վանաստանը հիմնվել է Հայ Կաթոլիկ առաջին պատրիարք-կաթողիկոս Աբրահամ Պետրոս Ա. Արծիվյանի կողմից, երբ հոգեւոր գաղափարի ու սկզբունքի այս հավատավորը, երկար դեգերումներից հետոՙ 1742-ին Հռոմում Բենեդիկտոս ԺԴ. պապից հաստատություն ստանալով, ի վերջո խարիսխ նետեց Լիբանանում, ուր լեռնային Քրեյմ գյուղում կառուցեց վանքՙ հիմը դնելով միաբանության, իսկ 1749-ին, իր մահից քիչ առաջ Քրեյմից ոչ հեռուՙ Քեսրվանի լեռների վրա ձեռնարկեց նոր վանքիՙ ներկայիս Զմմառի վանքի շինության:

Այստեղ, Լիբանանի ազատ եւ հոգեւոր խաղաղ միջավայրում, «Արծիվյան» միաբանությունը ո՛չ միայն աճեց ու զարգացավ, այլեւ իր կենսահաստատ տեղը գրավեց հայ հոգեւոր-մշակութային կյանքում:

Պատմությունը ուշագրավ զուգահեռներ է գծում Լեռնալիբանանի մեջ հաստատված այս հայավանքի եւ գրեթե նույն ժամանակ հայ իրականության մեջ ճառագող Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյան միաբանության միջեւ: Հատկանշական է, որ Մխիթար Սեբաստացին եւ Աբրահամ Արծիվյանը հանուն հավատքի ու գաղափարի հալածանքի ու աքսորի իրենց դեգերումների մեջՙ երիցս հանդիպել են իրար, նաեւ հայտնի է նրանց միջեւ կանոնավոր թղթակցության փաստը: Ստուգիվ չգիտենք, չենք կարող իմանալ, թե մտքի եւ հոգու ինչ առկայծումներ են փոխանցել նրանք միմյանց, սակայն, այսօր պատմության հեռավորությունից վստահորեն կարելի է ասել, թե այդ առկայծումները հայոց երկնակամարի վրա վերածվեցին երկու լուսաշող աստեղատուների, մեկըՙ լիբանանյան լեռներիՙ Քեսրվանի լանջերին, մյուսըՙ իտալական ջրերի վրաՙ Ս. Ղազար կղզում:

Արծիվյանի հիմնած վանաստանը շարունակություն գտավ իր հաջորդներիՙ կաթողիկոս, եպիսկոպոս, միաբան վարդապետների անձնդիր ծառայության մեջ, որոնց հավատավոր աշխատանքի շնորհիվ, սկզբնական մի քանի խցերից ու մատուռից բաղկացած հաստատությունը, տարիների ընթացքում վերածվեց վանական հսկա համալիրի:

Բազմաբնույթ ու բազմակողմանի է Միաբանության գործունեության ծիրը, այն չի սահմանափակվում սոսկ հովվական առաքելությամբ: Հին հայկական վանքերի նմանՙ Զմմառի վանքը հոգեւոր-կրոնական, մշակութային եւ կրթական իր ճառագայթներն է տարածում բոլոր ուղղություններովՙ հասնելու համար անգամ ամենահեռավոր հայ գաղութներին: Անգնահատելի է հատկապես Միաբանության կրթա-ուսումնական գործունեությունը, իր Ժառանգավորաց վարժարանով եւ Ընծայարանով, որոնք ավելի քան 250 տարվա պատմություն ունեն եւ որոնց ցանած սերմերը շարունակում են արգասավորել աշխարհով մեկ սփռված հայ կաթոլիկ համայնքների հոգեւոր-եկեղեցական կյանքը:

Այս բոլորի կողքին, Զմմառի վանքը իր վրա է վերցրել նաեւ հայ մշակութային արժեքների հավաքման եւ պահպանման կարեւոր առաքելությունը: Դեռեւս հիմնադրության առաջին տարիներից, միաբան վարդապետները մեղվի ջանասիրությամբ լծվում են մշակութային արժեքների հավաքման ու պահպանման աշխատանքին, որ հետզհետե ծավալ է ստանում, ի վերջո վերածվելու համար այն հրաշալի գանձատուն-թանգարանին, որպիսին այսօր մեզ է ներկայանում Զմմառի վանքը: Իսկապես, մարդ չի կարող զսպել իր հիացումն ու հպարտությունը, ի տես հայ հոգեւոր-մշակութային գանձերի այսքա՛ն շքեղ ու այսքա՛ն ճոխ հավաքումի: Այստեղ, վանքի քարակոփ նեղ ու երկար, մեծ ու փոքր սրահներում հայի ստեղծագործ միտքն ու արարումն է թեւածում. հայ տպագիր գրքի առաջին օրինակներից մինչեւ հայկական արվեստի ու ձեռարվեստի սքանչելիքներ, եկեղեցական սպասքի ու ծիսական առարկաների, հայկական դրամների, հնագիտական նյութերի հազվագյուտ հավաքածուներ: Որպեսզի պատկերը ամբողջական լինի, նշենք որ հավաքածոյի մեջ մեծ տեղ են գրավում նաեւ ոչ հայկական մշակութային արժեքները:

Բայց այս ամենից առաջ եւ վերջ, Զմմառի վանքը հայ հոգեւոր-մշակութային կյանքում բացառիկ տեղ է գրավումՙ իբրեւ հայկական ձեռագրերի կարեւորագույն հավաքածու ունեցող կենտրոններից մեկը: Այդ հանգամանքով Զմմառի վանքը իր մնայուն տեղն է ապահովել Հայաստանից դուրս գտնվող մեր մյուս նշանավոր կենտրոններիՙ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան վանքերի շարքին:

Զմմառի վանքը ներկայիս տեր է ավելի քան 2000 ձեռագրերի: Հավաքածուն հարուստ է հայ միջնադարյան գրական-ձեռագրական մշակույթը ներկայացնող արժեքավոր ձեռագրերով, այդ թվումՙ գիտական եւ ուսումնական տարբեր ասպարեզների վերաբերող եզակի միավորներով: Հավաքածոյի զարդն են կազմում տասնյակ Շարակնոցներըՙ խազագրված եւ զարդանկար: Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Կիլիկյան Հայաստանի բժշկագիտական դպրոցի դրոշմը կրող Բժշկարանները, հայ ինքնուրույն եւ թարգմանական գրականության հուշարձանները: Մեծ արժեք ունեն եկեղեցական հայրերի դավանաբանական խնդիրների վերաբերյալ երկասիրություններն ու մեկնողական գրականության հնագույն եւ լավագույն օրինակները: Ցավոք, այս գանձերը մեծ մասամբ անծանոթ են հայագիտությանը, քանի որ հավաքածուն դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Զմմառի վանքի ձեռագրերի ցուցակը պատրաստող Մեսրոպ վրդ. Քեշիշյանը նկարագրել է միայն այն ձեռագրերը, որոնք 1924-ին մաս էին կազմում վանքի հավաքածոյին, ընդ որումՙ ցուցակագրել է մասնակիորեն, ընդգրկելով ժամանակով առավել հին ձեռագրերը (Ցուցակ Զմմառի, հատ. Ա.): Հետագայում Կ. Պոլսից Զմմառ են տեղափոխվել նաեւ նախկին Անտոնյան միաբանության ձեռագրերը, որոնք նկարագրել են Հ. Ներսես Ակինյանը եւ Հ. Համազասպ Ոսկյանը (Ցուցակ Զմմառի, հատ. Բ): Բնականաբար, այդ ժամանակից ի վեր Զմմառյան հավաքածուն համալրվել է նորանոր ձեռագրերով, որոնց վրա պետք է ավելացնել նաեւ ցանկերից դուրս մնացած ձեռագրերը: Այսպիսով, 2000-ից ավելի ձեռագրերից նկարագրված է ընդամենը 782 միավոր, մնացած ավելի քան 1200 ձեռագրերը սպասում են իրենց ուսումնասիրողին: Մինչ այդ կարելի է միայն ենթադրել, թե մատենագիտական ի՛նչ նորություններ ու անակնկալներ են սպասվում եթե երբեք դրանք լույսի բերվեն:

Ուրախությամբ պետք է նշել, որ վերջին շրջանում Մաշտոցի անվան Մատենադարանի եւ Զմմառի կենտրոնի միջեւ հաստատվել է գիտական համագործակցության կենսունակ մի դաշտ, եւ արվում է ամեն ինչ, որպեսզի այդ գործակցությունը ավելի ու ավելի արդյունավորվի: Անցնող տարվա վերջին Մաշտոցի մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի եւ Պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Հ. Գաբրիել ծ. վրդ. Մուրադյանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Մատենադարանը իր վրա է վերցնում գիտականորեն անմշակ ձեռագրերի նկարագրության աշխատանքները, որի արդյունքում Զմմառի մատենադարանի ձեռագրացուցակի նախորդ երկու հատորներին կգումարվեն եւս չորս ստվար հատորներ: Այդպիսով, հայերեն ձեռագրերի մի կարեւոր հավաքածու ամբողջական եւ համակարգված ձեւով կդրվի գիտական շրջանառության մեջ եւ մատչելի կդառնա մասնագիտական շրջանակների համար: Այս համաձայնությունը հնարավոր դարձավ գոյացնել համատեղ ջանքերի շնորհիվ, փոխադարձ այցելությունների ու հանդիպումների ընթացքում, մասնավորապես Մաշտոցյան մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանեանի տարած աշխատանքների արդյունքում: Հարկ է նաեւ արժանին մատուցել Սփյուռքի նախարարությանՙ այս ծրագրի հաջողության իր բերած անմիջական մասնակցության եւ աջակցության համար:

Խորհրդանշական է, որ մեծ կարեւորություն ունեցող այս համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանիՙ Լիբանան պաշտոնական այցելության շրջանակներում, նախագահի բարձր հովանավորությամբ եւ ներկայությամբ, ինչը հավելյալ շուք եւ իմաստ հաղորդեց օրվանՙ միանգամայն ընդգծելով պետական ամենաբարձր մակարդակներում խնդրի կարեւորումն ու արժեւորումը: Արդարեւ, լիբանանյան կարճատեւ այցելության օրերին, նախագահ Սարգսյանն այցելեց Զմմառի վանք, ուր եւ հանդիսավոր պայմաններում հաստատվեց երկկողմանի համաձայնագիրը: Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշեց Զմմառի վանքի նշանակալի դերը հայ եւ լիբանանյան հոգեւոր-մշակութային կապերի ամրապնդման ու զորացման մեջ. իզուր չէ ասված, որ Զմմառի վանքով են Լիբանանն ու լիբանանցի ժողովուրդը ճանաչել հայն ու հայկականը: Նախագահը միաժամանակ կարեւորեց Մատենադարանի դերը արտերկրում եւ սփյուռքի զանազան գաղթօջախներում գտնվող խոշոր ձեռագրատների եւ մասնավոր հավաքածուների հետ նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ, նշելով որ Մատենադարանն ունի նման աշխատանքների կազմակերպման տասնամյակների ավանդույթ, իսկ այժմ, նոր գիտական համալիրի կառուցումից հետո, իր պահպանման, վերականգնման, թվայնացման արդիական համակարգերով դարձել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը:

Որպես հայերեն ձեռագրերի խոշորագույն կենտրոն եւ այս ասպարեզում գիտական միակ եւ անփոխարինելի հաստատություն, Մատենադարանը, որդեգրելով հայերեն ձեռագրական ժառանգությունը ազգային հարստություն ճանաչելու եւ համընդգրկուն ուսումնասիրության առարկա դարձնելու ուղին, շարունակում է հանձնառու մնալ աշխարհով մեկ ցրված հայերեն ձեռագրերի պահպանման ու պաշտպանության գործին: Ելակետային այս մոտեցումով Մաշտոցյան Մատենադարանն այսօր հանդես է գալիս ձեռագրական հավաքածու ունեցող մյուս կենտրոններին գործնականորեն սատարելու առաջադրությամբ, որպեսզի ձեռագրագիտական ատաղձ ներկայացնող բոլոր նյութերը ուղղվեն մասնագիտական ոլորտ: Առանց գիտական այդ հենքը ապահովելու դժվար է, եթե ոչ անհնար մեզ հասած հայերեն ձեռագրական հարստությունը պահպանել, ոչ իսկ անցյալի պատմությունը վերակոչել:

Մատենադարանի գիտական աշխատակազմը պատրաստ է իր գիտական ներուժն ու մասնագիտական լավագույն փորձը ի սպաս դնել, նպաստելու, որպեսզի տեղերում պահվող ձեռագրական հավաքածուները ժամանակակից գիտական սկզբունքներով համապատասխան մշակման ենթարկվեն, այդ թվումՙ վերականգման, վերամշակման կարելի է ասել փրկարար աշխատանքներից, մինչեւ ձեռագրերի թվայնացման, ձեռագրացուցակների կազմման, հետազոտական-հրատարակչական հիմնարար գործառույթներ:

Ավելորդ է նկատել, թե ինչպիսի կարեւոր իրագործման նախադուռ է բացվում երկու կողմերի միջեւ կնքված այս համաձայնությամբ, որի նշանակությունը հետագա տարիների ու աշխատանքների մեջ պիտի արտացոլվի:

Ի պատիվ Զմմառի վանքի պատասխանատուների, հարկ է նշել, որ համագործակցության այս նախագիծը, սկզբից եւեթ ոչ միայն խանդավառ ընդունելություն գտավ, այլեւ ընկալվեց գործի կարեւորության գիտակցումով, պատմության ու սերունդների առջեւ պատասխանատվության խոր ըմբռնումով: Ի վերջո նպատակը մեկն էՙ պահպանել եւ գիտնականի գրասեղանին հասցնել հայ հոգեւոր մշակույթի պատկառելի մի կուտակում, որի ճանաչողությունը նոր շավիղներով պիտի հարստացնի հայ պատմության, մատենագրության ոսկի էջերը: Այդ գիտակցությամբ է, որ Զմմառի միաբան հայրերը ի գին ամեն զոհողության, հավաքել ու պահպանել են այդ գանձերը, ու այսօր նույն այդ գիտակցությամբ, նրանց հաջորդները այդ հարստությունը բացում են գիտության առջեւ. քանի որ չկա ավելի տխուր ու ցավալի իրողություն, քան լռության մատնված, համրացած գիրքը: Հնուց ի վեր մեր ժողովրդը սրբացրել է գիրքը, հավատացել, թե ձեռագրերը հոգի ունեն, անգամ պատահել է, որ այս կամ այն պատճառով «մահացած» ձեռագրի համար թաղման կարգ է կատարվել: Սակայն, այդ մասին չէ որ ուզում էի ասել, այլ այն մասին, որ լռության մատնված, կամ նույնն է թեՙ անխնամ ու թող լքված ձեռագիրը դատապարտված է մահվան, չէ՞ որ ձեռագիր գիրքը, ինչպես մարդըՙ ծերանում է, հիվանդանում ու մի օր էլ կարող է դադարել շնչել, մասնագետների բառովՙ կարող է իսպառ քարանալ: Ձեռագրերը մեր նախնիներն են ու պիտի շարունակեն մեզ հետ խոսել, քանի դեռ մենք հոգածու ենք նրանց, եւ սա ո՛չ միայն բարոյական, այլեւ պարտադրական պահանջ է:

Հուսանք, որ Զմմառի վանքի օրինակը իր շարունակությունն ունենա, եւ մեր մյուս ձեռագրական կենտրոններն ու անհատ հավաքածուների տնօրինողները, նույնպիսի կամեցողությամբ բանան իրենց դռներըՙ ի փառս եւ ի հպարտություն մեր ժողովրդի ու նրա դարավոր մշակույթի հավերժացման: Միայն այդ դեպքում կարող է իրականանալ մեծն առակագրի երազանքը, ու այդ կերպ մեզ հասած բոլոր գրչագիր մատյանները լեզու առած կխոսեն մեզ հետՙ դարերի խորքերից, դարերի միջով:

Մնում է մաղթել, որ միշտ շեն ու ծաղկուն մնա լեռան կատարին բացված այս ծաղիկըՙ որ կոչվում է Զմմառի վանք, եւ թող միշտ անմար մնա հայ մշակույթի կրակը այս տան մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 26-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.