AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 09-02-2013



Տեղադրվել է` 2013-02-09 00:34:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2122, Տպվել է` 141, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ՓԱՌԱՎՈՐՎԵՑ ՀԱՅ ԳԻՐՔԸ, ԲԱՅՑ ՈՉ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ տարվա մեր մշակութային ամենակարեւոր իրադարձությունը, անկասկած, հայ գրատպության 500-ամյակի տոնակատարությունների շարքն էր, հանդիսավորապես նշված գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ հայերեն առաջին գրքերն են լույս տեսելՙ Վենետիկ, Ամստերդամ, Վիեննա եւ այլուր: Մեծ ու փոքր ձեռնարկներՙ ցուցահանդես, գիտաժողով, հանդիսություն, հրատարակություններՙ պետական կազմակերպմամբ կամ մասնակցությամբ, երբեմն նույնիսկ միջազգային տարողությամբ: Բնականաբար ամենաճոխ ու տարաբնույթ ձեռնարկները տեղի ունեցան Երեւանում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել էր 2012 տարվա գրքի միջազգային մայրաքաղաք: Դրանց մասնակցեցին համարյա մեր բոլոր մշակութային, կրթական ու գիտական կենտրոններն ու կազմակերպություններըՙ Երեւանի մատենադարանից եւ Ազգային գրադարանից մինչեւ համալսարաններ, դպրոցներ, գրադարաններ, ստեղծագործական միություններ եւլնՙ գլխավորությամբ մշակույթի նախարարության: Մեր հրատարակչություններն ու տպագրատներըՙ «Տիգրան Մեծ», «Փրինթինֆո», «Զանգակ-97», «Անտարես», «Նաիրի», Պետհամալսարան եւ այլք, որոնց վերջին տասնամյակի աշխուժությունն իսկապես տպավորիչ է, ոչ մի ջանք չխնայեցին իրենց լավագույն արտադրանքով ներկայանալու Մոսկվայի, Ֆրանկֆուրտի, Ժնեւի եւ միջազգային այլ ոստանների ամենամյա ցուցահանդեսներինՙ արժանանալով մրցանակների, գովասանագրերի եւ... մեր ոխերիմ հարեւանի ջղագրգռությանը: Իսկ այդ բոլորի փառքն ու պսակը դարձավ Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանի հոյակապ շենքի բացումը:

Իսկապես արժե այս ամենն ամփոփել ու տեսնել, թե 500-ամյակը ինչ տվեց մեզ, մեր ժողովրդին: Ներդրված միջոցներն ու ջանքերը որքանով արդյունավորվեցին որպես գրասիրություն, ընթերցասիրություն, որպես մտքի արտադրանք ու հոգեմտավոր սնունդ: Դա լուրջ աշխատանք կլինի, պետական, հանրային, անհատական ներդրումների ճշգրիտ հաշվեկշիռՙ պարագայականի ու մնայունի հակադրմամբ: Քանզի մեր օրերում ձեւական ու հանդիսանքային ձեռնարկները դարձել են ավելի կարեւոր, քան մնայուն ձեռքբերումները.- մեծադղորդ հանդեսներից հետո մեր մեջ համեցող ափսոսանքի զգացողությունը վկա՛: Կարծում եմՙ 500-ամյակը այլ չափումների ու գնահատանքի է արժանի:

Համենայնդեպս, իմ տպավորությամբ, 500-ամյակի գլխավոր բացական տպագրությունն էր. ընդհանրապես կարեւորվեց արտադրանքը, բայց ոչ արտադրողը, արտադրամիջոցը: Բացակա էին տպարանը, տպարանատերը, տպագրիչը, տառ ու տառատեսակ ստեղծողը, փորագրիչը, ձուլողը, քլիշե սարքող արհեստավորը, կազմարարը: Բացակա էր գրաշա՛րըՙ հայ գրքի ու մամուլի համեստ, մեծամասամբ անծանոթ, տոկուն ու չարքաշ այդ արհեստավորը, որ մի քանի դար շարունակ հատիկ-հատիկ գիր ու գիծ է շարել եւ էջադրել մեր փառավոր գրքերը, հազարավոր անուն թերթերն ու ամսագրերը, իսկ ավելի ուշ, նախորդ հարյուրամյակի սկզբին, երբ ստեղծվեց տողաշար մեքենան (linotype), սիրտ մաշեցնող այդ սարքի վրա, տող-տողի հետեւից շարել մեր գրողների, գիտնականների, լրագրողների, խմբագիրների մտքի արտադրանքը: Չպատմված ինչպիսի՜ պատմություններ կան կապված նրանց հետ: Անգամ մեծն Աճառյանը, Գառնիկ Ստեփանյանը, Անդրանիկ Անդրեասյանը, Բուզանդ Թոփալյանն ու ուրիշներ երբեմն ստիպված են եղել իրենք շարելու իրենց գրքերն ու թերթերը, մինչ Կահիրեի «Արեւ» օրաթերթը տասնամյակներ ամբողջ լույս է տեսել հայերեն տառերին, ստորակետին, բութին ու տողադարձին տիրապետող արաբ գրաշարների ձեռքով: Նրանքՙ մեր գրաշարները, միաժամանակ եղել են հրաշալի հայերենագետ, ուղղագրությանը հմուտ: Խմբագիրներ գիտեմ, գրողներ նաեւ, որ գրաշարներից շատ բան են սովորել, նրանց թվումՙ ես: Ինքս, Բեյրութի «Զարթօնք» օրաթերթում աշխատածս տարիներին, գրություններս նախքան գրաշարապետ Ջորջ Ալեմյանին կամ գրաշարներ Սեդրակ Գալայճյանին, Հովհ. Զաքարյանին ու Շահե Պավուկտանին հանձնելը ստուգում էի մի քանի անգամ: Ամաչում էի սխալներիս համար: Հեղինակության հարց էր:

500-ամյակի ողջ տարում ոչինչ չգրվեց, գոնե ես չեմ հանդիպել, հայկական տպագրական տառատեսակների մեծ բարեփոխիչ «Արամյան» տառատեսակների ստեղծող Ջանիկ (Ճանիկ) Արամյանի մասին, որ 1850-ական թվականներին, Փարիզում, ինչպես Լեոն է վկայում (տեսՙ Լեո, «Հայ գրքի տօնը», Բ տպագրություն, Թիֆլիզ, 1913 թ.), «ֆրանսիական նուրբ եւ քնքոյշ ճաշակը տուել էր այդ տառերինՙ գեղեցիկ, համաչափ տեսք, բայց որ գլխաւորն էՙ փոխել գեղեցկացրել էր մեր հին անճոռնի գլխատառերը: Ստեղծագործող երեւակայութիւնը թիւրքահայ (այդ) արհեստաւորին եւ նրա ցուցմունքներով գործող ֆրանսիացի փորագրիչներին թելադրել էր տառերի մի բազմազանութիւն, որ ամբողջ մի ճոխութիւն էր մտցնում հայ տպագրութեան մէջ»:

Արժանի ոչ մի տուրք չտրվեց նաեւ, հետագայում, Խ. Հայաստանում գրատպության բուռն զարգացման թափի մեջ մեր նկարիչների, դիզայներների, պոլիգրաֆիստների արդյունավոր աշխատանքի մասին, նորանոր տառատեսակների ստեղծման հանգամանքների եւ ստեղծողների մասին: Ոչինչ չգրվեց, օրինակ, Կարո Տիրատուրյանի (Երեւան), Օննիկ Ավետիսյանի (Կահիրե), Սամվել Սամվելյանի (Երեւան) հորինած նոր տառատեսակների վերաբերյալ: Չհիշատակվեց անունը այն երախտավորների, որոնք, արդեն մեր ժամանակներում, համակարգչային տպագրության հաղթարշավի սկզբնամասում, մեծ ոգեւորությամբ ու նվիրումով լծվեցին համակարգչային նոր եւ նորացված տառատեսակներ, ծրագրեր ստեղծելու գործին- Պավել Դալլաքյան, Վահրամ Մխիթարյան, Արի Թոփուզյան, Մկրտիչ Մաթեւոսյան, Վահան Քոչար, Ռուբեն Թառումյան եւ ուրիշներ: 90-ական թվականներին, քիչ ուշացած համաշխարհային այդ «հեղափոխությունից», նրանք այնուամենայնիվ ապահովեցին հայ տպագրության անցումը 21-րդ դար:

Արժանին պետք էր մատուցվեր նաեւ մեր ձեռներեցներին- Վրեժ Մարկոսյան («Տիգրան Մեծ»), Արամ Մեհրաբյան («Փրինթինֆո»), Արմեն Մարտիրոսյան («Անտարես») եւ ուրիշներ- որոնք համեմատաբար կարճ ժամանակամիջոցում արդիականացրին մեր պոլիգրաֆիանՙ իրենց հետեւից տանելով միջին ու մանր տպարաններին:

Այսօր նրանց արտադրանքը գրեթե ոչնչով չի զիջում միջազգայինին: Գրեթե ամեն ինչ դրսից ներկրելու պայմաններում- սարքավորում, թուղթ, ներկ եւլն- նրանք հաջողեցին շահաբեր բիզնեսի վերածել 90-ականների մեր խեղճ ու կրակ տպագրական գործը: Այսօր նույնիսկ սփյուռքահայ շատ հեղինակներ իրենց գործերի տպագրությունը իրականացնում են Հայաստանում, մինչդեռ շատ կարճ ժամանակ առաջ պատկերը հակառակն էր:

Տպարանն է խթանում մտքի արտադրությանը: Այս միտքը լավագույնս արտահայտել է Լեոն իր վերոհիշյալ գրքույկում, բերելով օրինակը Մկրտիչ Խրիմյան վարդապետի (Հայրիկ), որ 19-րդ դարի 50-ական թվականներին Պոլսից մի փոքրիկ տպարան տանելով Վան (Վարագա վանք), զարկ տվեց «գավառական» կոչված մեր գրականությանը արդեն բուն Հայաստանում: «Այսքան սքանչելագործ էր տպարանը,- գրում է Լեոն:- Գրականութիւն ստեղծում էր նոյնիսկ այնպիսի խուլ անկիւններում, ուր մինչեւ նրա երեւան գալը մահուան լռութիւն էր տիրում»:

Արդ, 500-ամյակի այս մեծ բացթողումը ինչպե՞ս կարելի է լրացնել: Կարծում եմՙ լավագույնը կլինի ստեղծել հատուկ մի փոքր թանգարան հայ տպագրությանը նվիրված: Մեր երիտասարդ սերունդը չգիտի, չի տեսել, իրեն չեն բացատրել, թե, օրինակ, Գերմանիայի Մայնց քաղաքում 1455 թվականին Գուտենբերգը ի՞նչ մեքենա է հնարել, եւ կամ Հակոբ Մեղապարտն ու Ոսկան Երեւանցին ինչպիսի մամուլի տակ են տպել կամ տպել տվել հայերեն առաջին գրքերը: Մեր երիտասարդները չգիտեն անգամ մամուլ (press) բառի ծագումը: Չգիտեն, եւ շատ դժվար է նրանց բացատրել, թե առաջին գրքերը, սկսած փայտափորագրությունից մինչեւ արճճե տառերի ձուլումը, ինչպես էին տպագրվում: Չգիտենՙ ի՞նչ է քասան, կոմպասը, փունթոները չափող քանոնը, քլիշեն, տողաշար մեքենան (linotype), այնուհետեւ ֆոտոշարվածքը (compugraphic), բարձր տպագրությունը, հետոՙ օֆսեթ տպագրությունը, մինչեւ ժամանակակից տպագրական փոքր ու մեծ սարքավորումները, մինչեւ առաջին գողտրիկ ու խելացի «Մակինթոշ» համակարգիչներ: Դժվար չէ կոմպլեկտավորել այդպիսի ցուցասրահ- թանգարան. մեր հեռավոր գյուղավաններում պետք է մնացած լինեն հին տպարաններից ինչ-որ բաներ: Թերեւս կարելի է դիմել նաեւ Վենետիկի կամ Վիեննայի մխիթարյաններին, որոնց թանգարաններում կան 17-րդ եւ 18-րդ դարերի տպագրական մեքենաներ, ինչպես Սպահանի (Նոր Ջուղա) Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանում:

Նման թանգարանը մեծ դպրոց կլինի մեր աշակերտների եւ ուսանողների, նաեւ ուսուցիչների համար, միաժամանակ լավագույն վկայարանը մեր գրատպության եւ մամուլի պատմության համարՙ նոր նյութերով հետզհետե հարստանալու երաշխիքով:

Նկար 1. Գուտենբերգյան ժամանակաշրջանի տպագրական մեքենա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 09-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.