AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 09-02-2013



Անցյալի հիշողություններում

Տեղադրվել է` 2013-02-09 00:34:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2245, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 102

ԱՆԼՌԵԼԻ ՊԱՐՈՒՅՐԸ

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Երբ մեր կողքին էր Պարույր Սեւակը...

1966 թվականի գարնանը ավարտում էի ուսումը Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնում: Ապագա աշխատանքիս բնագավառի հետ կապված` ես վերցրել էի դիպլոմային աշխատանք «Ավետիք Իսահակյանի հրապարակախոսությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» թեմայով: Դիպլոմայինի գիտական ղեկավարս էր այդ շրջանում բարձրագույն եւ միջնակարգ կրթության նախարար, ինչպես եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Գեւորգ Հայրյանը, անսահման հումորի տեր մի շռայլ անձնավորություն: Եվ քանի որ մեր կուրսը երկար ընդմիջումից հետո նորաբաց լրագրության բաժնի առաջնեկը պիտի լիներ, Հայրյանը մի իմաստուն որոշում կայացրեց, որ մենք սովորենք ոչ թե հինգ, ինչպես բանասիրականի մնացած կուրսերը, այլ` չորս տարի. «Երկրին պետք են թարմ ժուռնալիստներ, չորս տարին էլ հերիք է»: Եվ բացառության կարգով այս որոշումն ընդունվեց եւ 1966 թվականի հունվարից մենք արագացված կարգով սկսեցինք հանձնել երկու տարվա համար նախատեսված քննությունները:

Հարկ է ասել, որ քննությունները բավականին հաջող էի հանձնումՙ «4» կամ «5» էի ստանում: Մնացել էր դիպլոմայինը գրել. հսկայական նյութ էի հավաքել եւ շեշտը դրել էի մի կարեւոր դրույթի վերհանման վրա: Իսահակյանը, ի դեմս հիտլերյան ֆաշիստական հրոսակների, տեսնում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք ջարդարարներին ոգեշնչող եւ հովանավորող կայսերական Գերմանիայի ժառանգներին: Այս թեմային ես հատուկ գլուխ էի նվիրելՙ «Էությունը նույնն է» վերնագրով, եւ աշխատանքը հիմնականում կառուցել էի դրա շուրջ: Պատահական չէ, որ այն եղավ իմ առաջին տպագիր աշխատությունըՙ «Երիտասարդ գիտնական» ԵՊՀ-ի ամսագրում (1966 թ., N 2), եւ ուղիղ 40 տարի անց ես այն համարյա նույնությամբ վերահրատարակեցի «Բարեւ, Վարպետ» իմ էտապային գրքում (2008 թ.):

Այնպես որ, 1966-ի գարնանը մնում էր նստել եւ շարադրել մի 40-50 էջ: Այդ շրջանում մեր տանը, Իսահակյանի ապագա ակադեմիականի համար ձեռագրերը մշակելու, ուսումնասիրելու նպատակով, Գրականության ինստիտուտից մի փոքր խումբ էր աշխատում գրականագետ Արամ Ինճիկյանի ղեկավարությամբ: Դիպլոմայինի հանձնման ժամանակը մոտենում էր, սակայն մի հանգամանք շատ էր կտրում ինձ գործից. երեկո չկար, որ ընկերներս չհավաքվեին իմ սենյակում: Ես էլ սենյակս որոշակի ֆուտուրիստական ոճով ներկել էի տվել. հանդիպակաց պատերը լիմոնի գույնի եւ դարչնագույնՙ բաժանած երկու մեծ եռանկյունիների. ստացվել էր յուրահատուկ մոդեռն սենյակ: Մենք ընկերական հավաքատեղիի պես մի բան էինք ստեղծել: Հավաքվում էինք, մինչեւ ուշ գիշեր ծխում, խմում եւ սուրճ, եւ նաեւ ոգելից խմիչքներ, հիմնականում «Գետափ» կամ «Հրազդան» գինիներ, խոսում էինք, վիճաբանում, ապագայի վերաբերյալ (որը սակայն շա՜տ մշուշոտ էր) ծրագրեր կազմում: Սովետական արտադրության ժապավենային մագնիտոֆոնն էլ մեր կողքից անբաժան էր, լսում էինք Շառլ Ազնավուր, Բիթլներ, Էլվիս Պրեսլի, Պոլ Անկա, Դոմինիկո Մոդունյո, շատ էինք սիրում Լուի Արմստրոնգի եւ Էլլա Ֆիթցջերալդի ջազային երգերը: «Ամերիկա» ռուսերեն հրատարակվող գունավոր ամսագիրը, ջազը, ինչպես եւ ջինսե շալվարները մեզՙ ջահելներիս մոտ պատրանք էր ստեղծել, որ Ամերիկան հեքիաթային երկիր է... Ե՞րբ գրեի դիպլոմայինը. ցերեկները դասից հետոՙ ճաշ, հետո ընկերներս էին ներս խուժում եւ կամ էլ թե, երբ օրերն արդեն տաքացել էին, մենք մեր ընկերական խմբով թափառում էինք Երեւանով մեկ: Տատս, մայրս գանգատվում էին.- Էնքան եք ծխում, որ պատերից (որոնց քսած ներկը դեռ կարգին չէր չորացել) ծխախոտի հոտ է գալիս... Լավ է, որ սենյակը լայն պատուհան ուներ, որ բացվում էր դեպի պատշգամբը:

Դիպլոմայինիս ծրագիրը ցույց էի տվել մեր շատ հարգելի Արամ Ինճիկյանին, որը հավանություն էր տվել, եւ ասում էր. «Երբ վերջացնես, կտաս կարդամ: Գերմանացիներին Վարպետը միշտ մեղադրել է հայկական ջարդերի մեջ, այդ մասը շատ ուշադիր գրիր»:

Բայց ե՞րբ գրեի...

Տատս ասաց.- Ընկերները շատ են խանգարում:- Ու այդ ժամանակ Արամ Նիկիտիչը շատ տեղին խորհուրդ տվեց.- Ինձ էլ ինստիտուտային գործերս շատ էին խանգարում գրելու Թումանյանի կենսագրության առաջին հատորը, ու խորհուրդ տվեցին գնալ Դիլիջանՙ Կոմպոզիտորների միության նորաբաց ստեղծագործական տուն: Հունվարին մեկ ամսով գնացի, շատ հանգիստ էր, խանգարող ոչինչ չկար, եւ շատ լավ աշխատեցի: Թող Ավիկն էլ գնա, հիմա այնտեղ քիչ մարդ կա:

Եվ այսպես ես հայտնվեցի Դիլիջանի Կոմպոզիտորների տանը: Երրորդ անգամ էի գնում, եւ շատ բան գիտեի: Ապրիլի 26-ն էր, մի քանի օրից Մայիսի մեկը: Ուղեգիրս տասն օրով էր: Իջա Երեւան-Դիլիջան մարշրուտային ավտոբուսից ոլորանների ուղիղ տակը եւ ոտքով բռնեցի սարն ի վեր տանող ճամփան:

Մինչեւ տեղ հասա, տեղավորվեցի, գրելիք նյութերս դասավորեցի, մութն ընկավ: Հիշում էի, որ ճաշարանի տակ մի շատ հարմար բար-սրճարան կար, մենք այդտեղ երկու տարի առաջՙ 1964 թվականի Նոր տարուն, Գրիգոր Հախինյանի ընկերակցությամբ մինչեւ ուշ գիշեր լավ երեկո էինք անցկացրել: Ես, իհարկե, կոմպոզիտորներին այնքան մոտիկից չէի ճանաչում, ինչպես, ասենք, մեր գրողներին կամ կինոյի գործիչներին, բայց մի ընդարձակ շարք լավ գիտեի:

Զբոսնելու համար ուշ էր եւ ցուրտ, եւ մտաբերելով այդ բարը, ոտքերս ուղղվեցին ուղիղ այնտեղ: Հիշում էի նաեւ, որ այնտեղ Տոմա անունով մի գեղեցիկ ռուս բարմենուհի կար. այդ հիշողությունն էլ տպավորվել էր: Բար տանող երկու ճանապարհ կար. մեկը` այգուց, դրսի դռնից, մյուսըՙ ճաշարանի միջից, սանդուղքները ուղիղ դեպի բար էին տանում:

Հենց սանդուղքներից իջնելիս նկատեցի` կիսամութ էր, ներսում համարյա մարդ չկար, բայց հեռվում մի սեղանից քուլա-քուլա օղակներով ծխախոտի ծուխ է բարձրանում եւ մի փոքր լամպ էլ վառվում է բարի եզերքին:

Մոտեցա, եւ երբ արդեն մի երկու քայլի վրա էի, տեսա, որ նստածը, որից այդպես հորդառատ ծուխ էր ելնում, ինձ լավ ծանոթ եւ շատ հարգելի անձնավորություն էՙ Պարույր Սեւակը: Սեղանին կոնյակի շիշ էրՙ կիսով չափ դեռ լիքը, ու «Յավա» մակնիշի թութունի տուփը: Ծխամորճը ձեռքին` իր համար խորասուզված նստած էր, աչքերը կիսախուփ, ասես նիրհի մեջ:

- Պարույր Ռաֆայելովիչ,- զվարթ տոնով արտաբերեցի ես:

Իսկույն ասես սթափվեց, ետ շուռ գալով ու աչքերը բացելով.

- Օ՛հ, Ավիկ ջան, դո՞ւ ես:

- Հա, Պարույր Ռաֆայելովիչ, այսօր եմ եկել, ասի իջնեմ սուրճ խմեմ:

- Ի՜նչ լավ է, ես էլ մենակ նստած էի, ասում էի տեսնես մի ծանոթի կհանդիպե՞մ: Նստի՛ր, նստի՛ր, իսկ կոնյակ խմել գիտե՞ս:

- Հա, ինչպես չէ,- ասացի,- 13 տարեկանից, երբ պապիկիս ժամանակ մեր տանը ընդունելության սեղաններ էին գցում, ես վերջում, երբ հյուրերը գնում էին, մի քանի կում էի անում այդ ոսկեգույն, զարմանալի խմիչքից, եւ հետո տրամադրությունս բարձրանում էր եւ սկսում էի զանգ տալ մեր դպրոցի գեղեցիկ աղջիկներին:

- Տոմա,- ձայնեց Սեւակը,- մի ռյումկա բեր մեր երիտասարդին, ու մի պլիտկա շոկոլադ էլ քեզ գրի:

Ես սիրալիր բարեւեցի Տոմային, իմ հիշած աղջիկն էր, կարծես ավելի գեղեցկացել էր, տեսնես ինձ կհիշե՞ր, սակայն հազիվ թե...

Տոման նույնպես իր հերթին ժպտադեմ բարեւեց ինձ:

Ահա եւ ռյումկան եւ մի փոքրիկ պնակի վրա մոսկովյան շոկոլադի մի սալիկ:

- Շոկոլադը քեզ համար է, ինչո՞ւ բերեցիր...

Սեւակի այս խոսքերի վրա աղջկա վարդագույն թշերը վայրկենապես կարմրեցին, եւ նա շիկնելով ասաց.

- Թող մնա ձեզ կոնյակի հետ, որ չոր-չոր չխմեք, ես մի կտոր կփորձեմ,- եւ գեղեցիկ մատներով մի կտոր կտրեց ու համտեսեց:

- Դե, եթե շոկոլադ կա, բե՛ր նաեւ երկու սուրճ, այդպես չէ՞ սովորույթը...

Աղջկա պատասխանը ավելի լավ է ասեմ ռուսերեն, այն լեզվով, որով ընթանում էր խոսքը:

- У нас на Кубани чай подают с вареньем, а кофе с шоколадкой, - կանացի ընդգծված կոկետությամբ շուտասելուկի պես արտաբերեց Տոման:

- Զարմանալի բան է, չէ՞, աշխարհը, Ավիկ, հինգ րոպե առաջ ուրիշ մտքերի մեջ էի, բոլորովին ուրիշ տեղ, եւ ինչքան էլ որոշել էի ինքս ինձ համար, որ մենակ չխմեմ, բայց չէի կարող չխմեի, ու մի տեսակ դառը գնաց շշի առաջին կեսը: Իսկ հիմա համ դու եկար, մենակությունս ցրվեց, իսկ Տոման էլ... ձ վՈր վՈ ԽցոՈվՌ... համարյա մի բանաստեղծություն արտասանեց, էնպես ասաց, որ սիրտս բացվեց, էնպես որ, արի խմենք կանանց կենացը:

Խմեցինք:

Եկավ սուրճը: Սեւակը վառեց իր ծխամորճը, ես ունեի իմ «Աղթամարը»: Բարը առաջին հարկում էր, եւ նրա մեծ բացվածքով պատուհաններից երեւում էին դիմացի սարերը, ու մինչեւ մենք կրկին բաժակները լցրինք, լուսնյակը սարի եզրից դուրս եկավ ու չորսբոլորը ողողեց արծաթագույն զարմանալի լույսով: Լսվեց էլի Սեւակի խուլ ձայնը.

- Ինչ-որ մի կախարդական բան կա այս Դիլիջանում, եւ հենց այս ձորում, գիշերը երեւի այստեղ չարքեր են լցվում, չէ՞ որ հնչյունները շուտ չեն ցնդում...

Սեւակը հանկարծ լռեց, ծխում էր, մի երկու-երեք անգամ ծուխը ներս քաշումՙ մինչեւ ծխամորճը հանգում էր, հետո մոխիրը թափում ու նորից էր ծխամորճը լցնում, այնպես որ, մոխրամանը շուտ լցվում էր... Ու բարը թաթախվել էր «Յավայի» անուշ բույրով:

- Ես ուշ եմ քնում, փորձում եմ գիշերն աշխատել, եւ նախաճաշի չեմ գնում: Ժամը 12-ի կողմերը իջնում եմ ոտքով ներքեւ, մինչեւ ոլորանների տակը եւ այնտեղ Դիլիջանի կողմի հատվածում մի տաղավար կաՙ չորս կողմից ապակի, մարդիկ անունը դրել են «Բաժակ». այնտեղ տակառի գարեջուր եմ խմում եւ ետ գալիսՙ ճիշտ հասնում ճաշին: Ընկերացիր ինձ, զրուցելով կգնանք...

Առավոտյան զարթնեցի շուտ, որոշեցի ես էլ չգնամ նախաճաշի, մանավանդ որ մայրս հետս ինչ-ինչ ուտեստեղեն էր դրել: Ուզեցի շարադրել աշխատանքս, լավ առիթ էր ստեղծվել, խորհրդային, հակաֆաշիստական բնույթ ունեցող քարոզչության մեջ Վարպետը գտել էր մի հենակետ, որն իրեն թույլ կտար ասելու այնպիսի ճշմարտություններ, որ այդ շրջանում ոչ մի ձեւով չէր արտահայտի: Վարպետի կոնցեպցիան. հայ զինվորը, ի դեմս ֆաշիզմի, պիտի տեսնի ջարդարարների թեւ ու թիկունք կանգնած կայսերական Գերմանիայի ժառանգներին, այսինքնՙ մեր հին թշնամուն, հայոց ջարդերի մեղսակցին: Այս երիցս ճշմարիտ դրույթը հիմք դարձրածՙ ես էլ իմ կողմից կփորձեմ հրապարակ հանել բազում վավերագրական փաստերով հարստացրած: Ուրեմն գտա մի ամբիոն, որտեղից կարող եմ երեւի թե ծնված օրիցս թուրքի հանդեպ կրած ատելությունը երեւան բերել: Եվ սակայն ես գիտեի, որ միայն Վարպետի աջակցությունը բավարար չէ. որպես ապագա լրագրող, երեւույթը պետք է հաստատեի հեղինակավոր փաստերով, վկայություններով: Եվ 1966 թվականի ավարտական թեզիս մեջ ես վկայաբերում եւ վկայակոչում, ցիտում էի այնպիսի անհատների, ինչպիսիք էին Բիսմարկը, Վիլհելմ II-ը, Լլոյդ Ջորջը, Վ. Խվոստովը, Եվգենի Տարլեն, Ժան Ֆինը, Վիկտոր Հյուգոն, ֆելդմարշալ Հինդենբուրգը, Կուրտ Օկային, Բոգդան Գեմբարսկին, Մակիչ Արզումանյանը, Ջոն Կիրակոսյանը: Եվ, իհարկե, շրջանառության մեջ դրեցի Հայկական հարցի հետ կապված որոշ անտիպ գրառումներ Իսահակյանից: Վարպետի թրքատյացությունը իսկապես որ սահման չուներ:

Սկսեցի գրել մինչեւ ժամը 12-ը, հետո իջա ճաշարանի մոտ, ուր փոքր շատրվանի հարեւանությամբ կանգնած էր Սեւակը` իրենից անբաժան ծխամորճը ձեռքին:

Զառիթափով իջանք ցած, անցանք ճանապարհի ուղեփակոցը (շլագբաումը): Գեղեցիկ, անկրկնելի գարնանային օր էր, հանգիստ, շքեղ... Սեւակը համարյա չէր խոսում, շատ թեթեւ քայլվածքով իջնում էր, բոլորովին երիտասարդ:

- Այս գեղեցկության մեջ խուլ պիտի լինես, որ երաժշտություն չգրես. ման արի, լսիր քամիների երգը, ծառերի խշշոցը, թռչունների ծլվլոցը, եւ հնչյունն ինքը քեզ հյուր կգա, մանավանդ գարնանը, երբ ամեն ինչ զարթնում է: Այս օրերին, չգիտեմ, ինձ մոտ էլ բանաստեղծությունը գալիս է մեծ թափով... Հրաշալի վայր: Բարեբեր...

Ի դեպ, պիտի ասեմ, որ Սեւակը շատ գեղեցիկ լռում էր, ու ես սպասում էի նրա խոսքին... Եվ ինքս, իհարկե, սիրտ չէի անում առաջինը խախտել լռությունը...

Այսպես իջանք ոլորաններով, հասանք մայրուղի, որից թեքվեցինք ձախՙ դեպի Դիլիջան, մի հարյուր քայլի վրա աջ կողմիցՙ խճուղու եզրին, փայտե ծածկով մի գողտրիկ կլորաձեւ տաղավար կարՙ չորս կողմից ապակեպատ: Շատ մոդեռն կառույց:

- Ժողովուրդը սրա անունը դրել է «Բաժակ»: Այստեղ մի-մի բաժակ գարեջուր կխմենք, բայց ոչ թե շշի, այլ` տակառի,- նկատեց Սեւակը:

Տակառներ իրոք կային բուֆետանման մի դախլի ետեւում. ի՞նչ տակառներ էինՙ այդպես էլ չիմացա, բայց, իհարկե, ոչ չեխական:

Պարույր Սեւակին ճանաչեցին եւ հարգալից բարեւեցին:

- Մեզ երկու մեծ բաժակով գարեջուր:

Ես չէի ասի, թե նրան 1966 թվականին շատերն էին ճանաչում, եւ հետոՙ ո՞վ էր ելումուտ անում ճամփեզրի այդ գարեջրատանը. հիմնականում վարորդներ, պատահական ուղեւորներ:

Հարկ է ասել, որ այս տաղավարը մինչեւ 1990 թվականի սկիզբը իր տեղում էր, եւ իզուր քանդեցին: Այսօր հենց այն փաստը, որ Սեւակը եղել է այդտեղ հեռավոր 1966 թվականին, կարող էր հիմք լինել, որ այն պահպաներ իր գոյությունը, եւ շատ մարդիկ հետաքրքրությամբ կայցելեին, թեկուզ ճամփի եզրին, թեկուզ գարեջրատուն:

Սեւակը գարեջուրը խմում էր հենց ոտքի վրա. մեր այցերի չորս թե հինգ օրերին, մեկ կամ երկու անգամ, խմել է կրկնակի չափով: Խմում էր լուռ եւ տաղավարում երբեք չէր ծխում: Ծխելու իր վայրն էլ ուներ. երբ կտրում-անցնում էինք խճուղին, այնուհետեւ` դեպի հանգստյան տուն տանող արագահոս գետակի վրայի կամրջակը, այստեղ դադար էր տալիս, հանում էր, որքան էլ զարմանալի թվա, ոչ թե ծխամորճը, այլ` «Աստրա» սիգարետներ: Դե պարզ է, ճամփին թութուն լցնելով չէր զբաղվելու: Լուցկին հանդիսավոր վառում էր եւ առանձնապես մեծ հաճույքով առաջին «ներքաշն» անում:

Պարույր Ռաֆայելովիչ. մտածո՞ւմ էի եսՙ այն ժամանակ 22-ամյա երիտասարդս, թե ում կողքին եմ կանգնած: Վաղուց գրված էր «Անլռելի զանգակատունը», որն ունեցավ իրար ետեւից երեք հրատարակությունՙ 1959 թ. Երեւանում, 1963 թ. Բեյրութում, 1963 թ. Թեհրանում, իսկ ընդամենը մի քանի ամսից հետո այն տպագրվեց Երեւանում, Գրիգոր Խանջյանի հրաշալի նկարազարդումներով եւ ռեկորդային տպաքանակովՙ 25.000 օրինակ: Մտածո՞ւմ էի ես, երբ նա ասում էր «գիշերը ուշ եմ քնում», որ այդ գիշերները իրենից անբաժան սեւ սուրճի ու ծխամորճի ընկերակցությամբ դիլիջանյան մուզֆոնդյան գրասեղանի վրա գրում էր միաժամանակ իր երկու կոթողային աշխատանքներըՙ «Եղիցի լույս» պոետական ժողովածուն եւ «Սայաթ-Նովան»ՙ մեր վերջին կեսդարյա շրջանի գրականագիտական լավագույն ուսումնասիրություններից մեկը: Ասեմ նաեւ, որ հենց Դիլիջանում, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ընկերակցությամբ է գրվել «Էրեբունի-Երեւան» հանրահայտ երգը:

Հասկանո՞ւմ էի ես, թե ում կողքին եմ կանգնած, իսկ երեկ մինչեւ գիշերվա 12-ը բարում մի շիշ կոնյակը դատարկեցինք: Ես, իրերի բերումով, դեռեւս շատ պատանի, բայց ռեալ հնարավորություն էի ունեցել պապիս կողքին շատ մեծ մարդկանց տեսնելուՙ Մարտիրոս Սարյան, Դերենիկ Դեմիրճյան, ծովակալ Իսակով, Հակոբ Կոջոյան, Հրաչյա Ներսիսյան, Ամենայն հայոց կաթողիկոսներ Գեւորգ Զ եւ Վազգեն Ա, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Շիրազ...

Բայց երբ արդեն պապս չկար, ես հազվադեպ էի մեծ մարդու հանդիպում: Եվ ահա իմ կողքին մեկն է, որը թե իր ստեղծագործությամբ, թե իր մարդկային խառնվածքով կարող է բազմել ազգի ընտրանու ամենաբարձր աստիճանին...

- Վարպետը ծխո՞ւմ էր,- լսեցի Սեւակի հարցը:

Հարցրեց իմիջիայլոց, ծխախոտապաշտ մարդու հետաքրքրասիրությամբ:

- Այո՛, եւ համարյա մինչեւ վերջին օրերը: Մահացավ հանկարծակի, քնի մեջ, կարելի է ասելՙ ծխելն այդպես էլ չթողեց:

- Ի՞նչ էր ծխում,- եղավ երկրորդ հարցը:

- Դե, այդ տարիներին միայն հայկական եւ մեկ էլ մոսկովյան ծխախոտներ կային, ինչքան ես հիշում եմ «Մասիս», «ԺՐցչ», իսկ գլանակներիցՙ «Սասունցի Դավիթ», «Արմենիա». այդ երկուսի տուփերը շատ գեղեցիկ էին, Հակոբ Կոջոյանի ձեւավորմամբ: Ասեմ, որ կրակայրիչ չէր սիրում, սիրում էր լուցկիով վառել, ու մոխրամանն էլ միշտ պետք է ձեռքի տակ լիներ: Բայց լսել էի հենց իր պատմածներից, որ արտասահմանյան տարիներին սիրել է ծխել եգիպտական թութունի թանկ սիգարետներ, կարծեմ «Աբդուլլահ»:

- «Աբդուլլա՞հ»... ինչ էլ հնչեղ անուն է...

- Բայց ասեմ, իմ հիշելով, տեսածով, որ քիչ էր ծխում, մանավանդ 1955 թվականի տարեվերջից, երբ սրտի միկրոինֆարկտ տարավ:

- Վարպետն ինֆա՞րկտ էր տարել:

- Այո՛, ինչպես ասում ենՙ միկրո:

Եվ ես այստեղ հարցրի.

- Պարույր Ռաֆայելովիչ, իսկ Դուք ինչո՞ւ մեր տուն չէիք գալիս:

- Ճիշտն ասած, ես ամաչում էի... ես Հրաչիկի, Սերոյի կամ Քոչարի բնավորությունը չունեի, եւ հետոՙ ես իրենց «կոլխոզից» չէի, բայց մի անգամ եկել եմ, Համոյի հետ, բերել էի նվեր «Սիրո ճանապարհը» գիրքս: Վարպետը տկար էր մի թեթեւ, պառկած էր անկողնում, մեզ ընդունեց ննջասենյակում: Մեզ աթոռներ բերին, իսկ ինքը նստած էր անկողնինՙ բարձերին թիկն տված: Տատիկդ էլ մեզ սուրճ հյուրասիրեց: Երկա՜ր-երկար խոսում էինք: Մի մտահոգություն ուներՙ ինչ էր լինելու այս երկրի հետ, մանավանդ Ստալինից հետո. 1954 թիվն էր: Հիշում եմ, իմաստուն խոսք ասաց վերջում. «Տղե՛րք, ինչ էլ որ լինի, ավելի լավ կլինի, քան էդ հրեշի օրոք էր: Նրա պես կերպար սրանք էլ չեն ունենա: Կթուլանան...»:

Հետո կայտառ կրակներ երեւացին աչքերում եւ ասաց.

- Գիտե՞ս, Վարպետն է ինձ ուղարկել Մոսկվա ուսմանՙ Գրական ինստիտուտ, եւ լավ էլ արել էր. փրկեց ինձ պատժամիջոցներից, որ գլխիս ուզում էին բերել մեր գրողները: Եթե Մոսկվա չգնայի, գուցեեւ պոեմս Կոմիտասի մասին չգրեի...

Թե ինչ պատժամիջոցներ եւ ինչի համար, ես չիմացա, եւ սիրտ էլ չարի հարցնել: Իմացա ավելի ուշ. Վարպետը, իրոք Սեւակին ուղարկելով Մոսկվա, նրան շատ բանից էր փրկել... Մի բան կորցնում ես, մեկ ուրիշըՙ գտնում, տվյալ դեպքում շահեց մեր հայ պոեզիան:

Առավոտները, ժամը 12-ի կողմերը, «Բաժակ» տաղավար գնալը պարբերական բնույթ ստացավ:

Մի քանի օր էր անցել, ապրիլի 28-ը թե 29-ն էր, ճաշից հետո ասաց.

- Մի բան եմ ուզում ստուգել, բարձրանանք գրադարան:

Գրադարանը գտնվում էր հանգստյան տան հիմնական մասնաշենքում, երկրորդ հարկում, ճաշարանի գլխին: Ծաղկաձորի Գրողների տան գրադարանի համեմատ այն շատ աղքատ էր: Գրադարանավարուհինՙ մի բարեկիրթ ջահել աղջիկ, Սեւակին շատ սիրալիր բարեւեց:

- Ի՞նչ գրքեր են Ձեզ հետաքրքրում, ընկեր Սեւակ:

- Բառարան, հայոց լեզվի բացատրական բառարան:

Աղջիկը շիկնեց.

- Նման բառարան չունենք:

- Իսկ հայերենի հոմանիշների բառարա՞ն:

Աղջիկը երեւի առաջին անգամ էր լսում հոմանիշների մասին, ուստի էլ ավելի շիկնեց ու կամացուկ ասաց.

- Այդպիսին էլ չունենք, կներեք ինձ, ընկեր Սեւակ...

- Չէ, դուք ի՞նչ մեղք ունեք, մեղավորը մենք ենք, որ այդքան քիչ ենք բառարաններ տպագրում:

Աղջիկը քիչ հանգստացած ժպտաց:

Սեւակը նորից հարցրեց.

- Իսկ կարո՞ղ է ունենաք ռուսերենից հայերեն բառարան:

Իրոք, նման բառարան այս փոքրիկ գրադարանում կար: Սեւակը գիրքը վերցրեց եւ հենց այստեղ գրասեղանին դրեց, բացեց, երեւի իր ուզած բառն էր ման գալիս, եւ շուտով բարձր արտաբերեց.

- «Милость» հայերենՙ ողորմածություն, իսկ ահա «пасть не в милость» ռուսերեն դարձվածքըՙ ողորմածությունից դուրս ընկնել, ողորմա... ողորմա...- ու հանկարծ պայծառացած արտաբերեց,- ողորմազրկվել, գտա, գտա, իհարկե այս բառարանում այն ուղղակի չկար, սակայն բառարանը հուշեց, բառարաններ շատ եմ սիրում, օրերով կարդում եմ: Գիրքը գրանցեք իմ անվամբ, մի քանի օրից կբերեմ:

Եվ սիրալիր հրաժեշտ տալովՙ դուրս եկանք գրադարանի փոքրիկ սենյակից:

Իջանք ցած, երկու շատ համակրելի անձինք` կոմպոզիտորներ Էմին Արիստակեսյանը եւ Յուրի Հարությունյանը մուտքի մոտ կանգնած զրուցում էին: Յուրան ձեռքին բռնած մի փոքր փաթեթ ուներ:

- Ես էլ, Պարույր Ռաֆայելովիչ, Զանգեզուրից մի բարի լուր եմ ստացել, Ձեզ էի ման գալիս: Շուտով տոներ են, բա չիմանա՞նք էս ինչ լուր է:

Էմինը, որ շատ ընկերասեր խառնվածք ուներ (ափսոս, շատ շուտ հեռացավ կյանքից), առաջարկեց իջնել բար, ուր ես հանդիպել էի Սեւակին 2 օր առաջ: Իջանք: Տոման շատ սիրալիր ողջունեց մեր խմբին:

- Եվ այսպես,- պատվիրեց Էմինը,- սուրճ, խնձոր եւ խրուստալե բաժակներ:

Վերջապես Յուրան էլ հանեց «բարի լուրը»: Եվ ինչպես լինում է նման դեպքերում, խմիչք բերողը անպայման պետք է մի փոքր պարզաբանում տա բերածի ազնվական ծագման մասին, հետո շիշը մի լավ ցնցի, ցույց տա շշի կոկորդին գոյացած «զինջիլը» եւ ապա հավաքվածների հավանության ներքո լսի վճիռըՙ «ինքն է», ու նոր միայն լցնի գավաթները: Հրաշալի ծիսակատարություն, մանավանդ որ նստած ես հրաշալի մարդկանց կողքին:

Երբ ընկերական շրջանում կար Սեւակը, ես նկատել էի, ոչ ոք չէր փորձում շատ խոսել, մեջ ընկներ, գլուխ գովեր, բոլորն ուզում էին, որ Սեւակը խոսեր, որ Սեւակը տոն տար սեղանին, իսկ Սեւակը թեՙ

- Ես սիրում եմ Դիլիջանը, ձեր Կոմպոզիտորների հանգստյան տունը, որովհետեւ այստեղ գրող չի լինում: Ի՜նչ երջանկություն է, հանգստանում ես, եւ ոչ մի գրողի չես հանդիպում... Չմտածեք, որ ես չեմ սիրում մեր գրողներին, ոչ, երբեք ո՛չ, բոլորին էլ սիրում եմ: Ես պարզապես ինձ ավելի լավ եմ զգում ձեր կողքին, ինչպես եւ նկարիչների, դերասանների, վարորդների կամ շինարարների...

- Կարեւորը, որ մարդն իրեն լավ զգա ում հետ որ նստել է, հակառակ դեպքում ներվերդ կքայքայես,- միջամտեց Էմինը,- օրինակ, ես այս բարը շատ եմ սիրում, ճաշակով է, գեղեցիկ... Մարսելը (հանգստյան տան տնօրենը) անտառում ինչ հետաքրքիր ծառի ճյուղ, արմատ գտելՙ բերել է... Տաշում է, ձեւ է տալիս, եւ ահա, տեսեք ինչ գեղեցիկ է ձեւավորված, յուրովի քանդակներ են չորս կողմը:

Յուրայի բերած օղին, իսկապես, թե՛ շատ զորեղ էր, թե՛ լավ տրամադրություն էր բացում...

- Մի երկու օր առաջ մարդ չկար, քնելուց առաջ, գիշերով ման էի գալիս, ծառերը խշշում էին, խորհրդավոր ձայներ էին լսվում, ասես չարքերը խոսում էին իրար հետ... ծառերի երկար ստվերներն էլ քամու տակ ճոճվում էին, հսկա ուրվականների նման... իրոք, կախարդական վայր է սա, այստեղ հնչյուններն օդի մեջ են...

Սեւակը, երբ ըմպելիքի դոզան բարձրանում էր, հակված էր լինում միստիկ տրամադրության...

- Մենակ հայերս չենք սիրում Դիլիջանը: Նկատած կլինեք, Պարույր Ռաֆայելովիչ, թե ինչ քանակով հյուրեր են գալիս... Իսկ եթե Նոր տարուն գաք, այստեղ հավաքված մեր աղջիկները, համոզված եմ, որ կարող են աշխարհի գեղեցկուհիների մրցույթին մասնակցել... Ինչ ուզում եք ասեք, բայց առանց կնոջ կյանքը տխուր է,- մտորեց Էմինը:

- Իսկապես,- Յուրան էր,- վատ չենք զգում մեզ, բայց հենց որ Տոման մեր սեղանին մոտենում է, ավելի լավ ենք զգում: Գեղեցկությունը ուժ է...

- Պոետներից ո՞վ է ասելՙ գեղեցիկ կնոջ գրկում լինելը նույնն է, ինչ անմահության գրկում լինելը,- այս էլ ես իմ կողմից ճշտում արի:

Այս խոսքերի վրա Սեւակն ասաց.

- Տղեք, հա խոսում եքՙ գեղեցիկ է, գեղեցկուհի է, անմահության գիրկ... Ի՜նչ եք ընկել գեղեցիկի ետեւից, իսկ դուք ոչ գեղեցիկ, այլ պարզապես տգեղ կին սիրած կա՞ք: Ա՛յ, փորձեք տգեղին սիրեք: Ինչո՞ւ լռեցիք: Հա՞, էլի, լռում եք: Իսկ ես ձեզ ասեմՙ սիրեցեք տգեղին, տգեղ կինը երբ տրվում է, նա այնպես է տրվում, ասես կյանքում վերջին անգամ լինի: Եվ այդ ժամանակ ամեն ինչ մոռանում եք: Իսկ դուքՙ գեղեցիկ հա գեղեցիկ... Տգեղ կնոջ սիրելն ունի ի՛ր փիլիսոփայությունը...

Իհարկե, նման խոստովանությունների ազդեցությունը մեծ էր ներկաների վրա, եւ զարմանում էիր թե՛ բանաստեղծի մարդկային անկեղծությամբ, թե՛ սիրո անիմանալի գաղտնուղիների նրա իմացությամբ:

Այսպես շարունակվում էր զրույցը, երբեմն ընդհատվում էր Սեւակի շռնդալից ծիծաղով...

***

Մոտենում էին Մայիսի մեկի տոները, որոնք սովորաբար մի տասնօրյակ էին տեւում, Մայիսի 9-ը ներառյալ: Եվ քանի որ այդ շրջանում, շնորհիվ Էդվարդ Միրզոյանի, Կոմպոզիտորների տունը ծաղկուն վիճակում էր, ապա Դիլիջան էին գալիս Միության տարբեր կողմերից, եւ այնպիսի մեծանուն անձինք, ինչպես Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լեոնիդ Կոգանը, Բենջամին Բրիտենը... Բայց ամենից շատ հյուրեր գալիս էին հարեւան Վրաստանից:

Ուրեմն, ճաշից հետո, հենց ճաշարանի մի անկյունում, սուրճ էինք խմում, եւ ապրիլի 30-ն էր, նախատոնական օր, երբ Սեւակը եւ ես, կոմպոզիտորներ Յուրի Հարությունյանը եւ Ռուբեն Ալթունյանը միաժամանակ նկատեցինք, որ ասես հաղթական ձեւով ճաշարանի սրահ ներխուժեց եւ մեր կողքով դեպի իրենց սեղանները ընթացավ բառիս բուն իմաստով գեղեցկուհիների մի շքախումբՙ ճաշակով հագնված, շատերը տաբատներով, ինչը ցնցող նորություն էր... Եվ փարիզյան օծանելիքների բույրը տարածած... Եվ վրացերեն խոսող... Իհարկե, նրանք իրենց աղմկոտ ճժերով էին, մի քիչ էլ հայ կանանցից բարձր էին խոսում, սակայն նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ գեղեցկությամբ էր օժտված:

Մեկ-երկու րոպե անց, երբ մենք դեռ փոքր-ինչ շփոթմունքի մեջ էինք շքեղանքի այս անսպասելի «գրոհից», հանկարծ ընդգծված վրացական առոգանությամբ լսվեց.

- Վա, բատոնո Սեւակ, վոտ վստրեչա,- եւ ձեռքերը պարզածՙ ժպտադեմ դեպի Սեւակը եկան վրաց հայտնի կոմպոզիտորներ Գիա Կանչելին («Միմինոյի» երաժշտության հեղինակը), Նովզար Գաբունիան եւ Ֆիլիպ Գլոնտին:

Վրացիք իսկապես ուրախ էին այստեղՙ Կոմպոզիտորների տանը, հանդիպելով մեծ նորարար բանաստեղծինՙ Պարույր Սեւակին: Եվ խոսք առան, որ Սեւակը Մայիսի 1-ի օրը իր ընկերների հետ պիտի ճաշակի Կախեթից հատուկ բերած Խվանչկարա գյուղի գինին:

- Լավ ընկերներս են, Մոսկվա եղած տարիներին նրանց հետ շատ եմ հանդիպել, տաղանդավոր տղաներ են:

Մեկ-երկու րոպե անց մեզ միացավ Գրիգոր Հախինյանըՙ մի հոյակապ անձնավորություն, մեկը նրանցից, ովքեր իրենցով զարդարում են աշխարհը:

- Վրացիները հրավիրում են վաղը, Մայիսի 1-ին, իրենց հետ վրացական գինի համտես անելու. ինչպե՞ս ես նայում, Գրիշա:

- Մեծ սիրով, Պարույր ջան, սակայն մենք նրանց կկանչենք մեր կոտեջը, քանի որ ծննդյանս քառասունամյակի առթիվ, որ լրացել է օրերս, ես որոշել եմ այստեղ, իմ կոտեջում, մի լավ նշենք, ինչքան էլ չլինիՙ հոբելյան է: Քույրս Կիրովականից փուռը դրած գոճի եւ երկհարկանի տորթ է ուղարկել... Չէ՞ որ վրացիներն իրենք հյուրեր են, եւ մենք պիտի հյուրասիրենք:

Այդպես գնաց նախապատրաստությունը իմ կյանքի ամենաանմոռանալի գիշերներից մեկի, որն անմիջապես կապված էր Գրիգոր Մուշեղիչի կամ, ինչպես կոչում էին ընկերները, Օպասնի Գրիշի ծննդյան 40-ամյակի հետ:

- Գրիգոր,- հարցրեց Սեւակը,- մեզ մոտեցան երեք կոմպոզիտորներ, բայց ահա նստած ընթրում են 10-12 կանայք ու երեխաներ. էս ի՞նչ բան է:

- Դե, չգիտե՞ս, վրացիները ճամփորդում են իրենց տնով-տոհմով, կանանցով, քենիներով, հարսներով, բալիկներով: Օրինակ, Ֆիլիպ Գլոնտին իր կնոջ հետ է եկել, բայց կինն էլ իր քրոջն է հետը բերել, նույնն էլ Գաբունիանՙ կնոջ եւ քենու հետ, Կանչելու կինն էլ` իր ընկերուհուն...

Մինչ մենք խոսում էինք, ճաշարանով, իբր շատ մտազբաղ, բայց հայացքը թեքած ընթրող վրացուհիների կողմը, երկար շարֆը վզի շուրջ կրկնակի պտտացրած, անցավ Ավետ (Ֆրեդ) Տերտերյանը, մեր ժամանակի ամենահետաքրքիր կոմպոզիտորներից մեկը:

Եվ պետք է ասեմ, որ մթնոլորտում տոնական տրամադրություն ստեղծվեց ոչ այն պատճառով, որ վաղը Մայիսի 1-ն է, այլ` այն պահից, երբ թիֆլիսյան կանանց շքերթը մուտք գործեց Դիլիջան:

- Ինչ ուզում ես ասա, սակայն գեղեցկությունը ուժ է:

Հենց այդ պահին մեր կողքից անցավ թիֆլիսյան հյուրերից մեկը, ինչպես հետո իմացա, Ֆիլիպ Գլոնտիի կնոջ քույրը: Եվ Սեւակը ընդհատեց մի պահ խոսքը.

- Ի՜նչ սիրուն է, չէ՞:

- Սիրունը սիրուն է, Պարույր Ռաֆայելովիչ, բայց շա՜տ նիհար է,- միջամտեցի ես:

- Ա՛յ դու միամիտ տղա,- ուղղվեց ինձ Սեւակը,- լավ իմացիր, որ յուրաքանչյուր կին, երբ հանվում է, մարդու աչքին երկու ռազմեր մեծ է երեւում:

Ես այդ խոսքերը գուցե իզուր եմ դնում հուշապատումիս մեջ, բայց նրանք այնքան անկեղծ, անմեղ ու տեղին ասվեցին, որ քողարկել պետք չէ, մանավանդ որ նրանք պարադոքսային ճշմարտություն են պարփակում, իսկ ճշմարտությունը միշտ էլ կարելի է արտաբերել: Այդ խոսքերի ճշմարտությունը ավելի շատ ես գիտեի ֆիլմերից եւ, իհարկե, առավել այն ֆիլմերից, որ ցույց էին տալիս երեւանյան Կինոյի տանը փակ դիտումների ժամանակ: Ի՜նչ հրաշք է կինոն. հարեւան մուտքում ապրող, կամ նույն հարկում քեզ հետ սովորող գեղեցկուհուն դու երբեք չես տեսնի նախաստեղծ գեղեցկությամբ, իսկ ահա Փարիզում ապրող Բրիջիդ Բարդոյին կտեսնես, ու նա քեզ համար կդառնա ավելի մոտ ու իրական, քան, քան, քան... Չէ, Պարույր Սեւակը երիցս ճիշտ էր այս հարցում, վկաՙ հենց Բրիջիդի կերպարը:

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 09-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.