AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 09-02-2013



Նախիջեւանյան վկայագրեր

Տեղադրվել է` 2013-02-09 00:34:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2266, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 98

«ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ»...

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայաստանում եւ արտերկրում հայտնի հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանը Նախիջեւանի հայկական հուշարձանների միակ փաստագրական արխիվը պետական սեփականություն դարձնելու համար անցած տարվա վերջին մամուլում («Առավոտ», դեկտեմբերի 4) հանդես եկավ «Կոչ աշխարհասփյուռ հայությանը» մտահոգիչ հայտարարությամբ: Երեւույթը իսկապես անհանգստացնող է ոչ միայն ներկա ժամանակների համար, նաեւ ապագայից, պատմության տեսանկյունից դիտված, եթե դրա ազգային եւ բարոյական նշանակությանը հասու ենք լինում: Բնականաբար, «Ազգը» չէր կարող չարձագանքել այսպիսի կարեւոր խնդրին: Ստորեւՙ Արգամ Այվազյանի պարզաբանումները:


Հարցի դրդապատճառների պարզաբանման համար ուղղակի ընթերցողի դատին եմ ներկայացնում խնդրի վերաբերյալ ՀՀ նախագահին, վարչապետին եւ մշակույթի նախարարին 2012 թ. հոկտեմբերի 23-ին հղած իմ վերջին նամակն ամբողջությամբ, որից` թերթային ծավալից ելնելով, ցավոք, չեն տպագրվելու նամակին առդիր ներկայացված լրացուցիչ պարզաբանումների 7 էջանոց նյութերը:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

ՀՀ մեծարգո նախագահ,

Հարգարժան վարչապետ եւ նախարար,

Ձեզ դիմելուս առիթը վերստին Նախիջեւանի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ իմ ունեցած արխիվի նյութերը գնման միջոցով պետականացնելու խնդիրն է, որի գործընթացին Դուք քաջատեղյակ եք 2008 թ. ապրիլ ամսից ի վեր:

ՀՀ վարչապետի 2008 թ. հուլիսի 17-ի 28068 հանձնարարականով եւ ՀՀ մշակույթի նախարարի 2008 թ. օգոստոսի 8ի 507-Ա հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը 2008 թ. ուսումնասիրել, ծանոթացել է արխիվային նյութերի մի մասին եւ որոշելով նյութերի գնահատման սկուզբունքները` մշակույթի նախարարի հրամանի 2-րդ կետի համաձայն կազմել է համապատասխան նախահաշիվ` ՀՀ Կառավարության համաձայնությանը ներկայացնելու համար:

Հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ մշակույթի նախարարը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, 2008 թ. նոյեմբերի 13-ին 02/3233 նամակով Կառավարությանն է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարությանը այդ նպատակով գումար հատկացնելու համապատասխան որոշման նախագիծը: Վերջինս շրջանառության մեջ դրվելով` ՀՀ ֆինանսների նախարարությունը ի կատարումն ՀՀ վարչապետի 2009 թ. փետրվարի 17-ի 02/14-3/1005-09 հանձնարարականի, իր պատասխանի 1-ին կետով տեղեկացրել է, որ «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ա. Այվազյանի արխիվը ձեռք բերելու նպատակով գումար հատկացնել հնարավոր չէ: Ուստի առաջարկում ենք արխիվի գնման հնարավորության հարցը քննարկել ՀՀ 2009 թ. պետական բյուջեով ՀՀ մշակույթի նախարարությանը նախատեսված հատկացումների շրջանակներում»:

(Եվ այսպես, ՀՀ մշակույթի նախարարությունը 2008 թ-ից` ամեն տարի, այս խնդիրը թե՛ միջնաժամկետային ծրագրերով եւ թե՛ ամեն տարվա պետբյուջեներում (նաեւ փուլային` 2-3 տարվա կտրվածքներով) ներառել է եւ բավարարում չի ստացել):

ՀՀ մշակույթի նախարարությունը խնդրին ինչ-որ չափով հնարավոր լուծում տալու համար 2011 թ. համար նախարարության ենթակայության տակ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ծառայությունների մատուցումից գոյացող արտաբյուջետային միջոցներից 2 մլն դրամի նպատակային հատկացում է կատարել, որը եւ 2011 թ. իրականացվել է: 2012 թ. համար այդ նույն նպատակով նախատեսված 2 մլն 200 հազ. դրամի նյութերը (800 սեւանկարները) իմ կողմից վերոնշյալ ՊՈԱԿ ին ներկայացվել է ս/թ. մարտի 22-ին: Մայիսի 23-ին ՊՈԱԿ-ի ֆոնդային- գնման հանձնաժողովի քննարկման որոշմամբ եւ իմ համաձայնությամբ, ներկայացված սեւանկարները ՊՈԱԿ-ի տնօրենի մայիսի 23-ի 1-298 գրությամբ ուղարկվել են ՀՀ Ազգային արխիվինՙ մասնագիտական «փորձաքննություն անցկացնելու եւ սեւանկարների պիտանելիությունն ու յուրաքանչյուրի արժեքը որոշելու» համար:

ՀՀ Ազգային արխիվը ս/թ. հուլիսի 3-ի 413 պատասխան նամակի /կցվում է/ 1-ին կետով, ցավոք, ակնհայտ եւ անհիմն, անճշտությամբ եզրակացություն է տվել, որ «ներկայացված սեւանկարները (նեգատիվները) իրենց տեխնիկական վիճակներով բաժանվում են երկու` «բավարար» եւ «անբավարար» տեխնիկական վիճակ ունեցող խմբի... «անբավարար» վիճակը հետեւանք է լուսանկարահանման թերության /արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության, ֆոկուսի անճշտության/, ինչը հնարավոր չէ շտկել տեխնիկական սարքերով» (ընդգծումը իմն է - Ա. Ա.): Պատասխան նամակի 4-րդ կետով էլ փաստվում է, որ իբր «որոշ սեւանկարներ վերատպված են»:

Հուլիս-օգոստոս ամիսներին արձակուրդում լինելու պատճառով ՀՀ Ազգային արխիվի փորձագիտական եզրակացությանը ծանոթացել եմ օգոստոսի վերջերին եւ սեպտեմբերի 13-ին «ՀՀ Ազգային արխիվի» եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ների տնօրեններին ներկայացրել եմ իմ փաստարկումները փորձագիտական եզրակացության ոչ ճիշտ լինելու վերաբերյալ: Ազգային արխիվից պատասխան չստանալով` ս/թ. հոկտեմբերի 8-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրենին ուղղված զեկուցագրով (կցվում է) խնդրել եմ հարցի քննարկման ժամանակ ֆոնդային հանձնաժողովի անդամներից բացի տնօրենի մասնակցությունը, ՀՀ Ազգային արխիվի ներկայացուցիչի, ՀՀ մշակույթի նախարարության 2008 թ. օգոստոսի 8-ի հրամանի հանձնաժողովի անդամների մասնակցությունը: Վերջինիս անդամների բացակայությամբ հանձնաժողովի նիստը գումարվել է հոկտեմբերի 19-ին: Նիստի քննարկումների ժամանակ սեւանկարների փորձաքննությունը իրականացրած ՀՀ Ազգային արխիվի «Ֆոտո-ֆոնո արխիվի» վարիչը` Անահիտ Գալստյանը, առանց որեւէ կոնկրետ փաստեր ներկայացնելու կրկնել է Ազգային արխիվի նամակի կետերը: Քննարկմանը, նեգատիվներից բացի, որպես ապացույցներ, ներկայացրել եմ նաեւ նրանց թվային տարբերակները, 250-ից ավելի նյութերի 13x18 չափերի լուսանկարները եւ հենց այդ նեգատիվներից 2005-2007թթ.տպագրված (Բեյրութում եւ Երեւանում) «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը, հատոր Բ, Ագուլիս», «հատոր Գ, Գողթն գավառ» հատորները, որոնք, ուշադրության չեն արժանացել եւ ըստ հարկի չեն քննարկվել փորձաքննության վերաբերյալ սեպտեմբերի 13-ի իմ նամակի փաստարկումները:

Քննարկման արդյունքներից ելնելովՙ հանձնաժողովը ձայների 5-ը 3-ի հարաբերությամբ որոշել է, որ ներկայացված նյութերը պետք է ձեռք բերվեն ընտրությամբ (անշուշտ նկատի ունենալով Ազգային արխիվի վերոնշյալ անհիմն եզրակացությունը, որտեղ բացակայում են փորձաքննության հիմք հանդիսացող, այսպես ասած, «անբավարար», ինչպես նաեւ «վերատպված» սեւանկարների թե՛ համարները եւ թե՛ քանակը: Արդյո՞ք դրանց թիվը 10-ն է, 100-ը, 300-ը...եւ այլն): Համենայն դեպս ի գիտություն հանձնաժողովի` վերստին արձանագրեմ, որ ներկայացված 800 սեւանկարներից միայն 15-ը ունեն լուսանկարչական թերություններ (լուսազգացողություն): Վերջիններս էլ եկեղեցիների ներքին տարածքների (խորան, կամարաղեղներ, քանդակներ) կադրեր են եւ բնականաբար էլ ունեն թույլ երեւակայվածություն: Հատուկ ընդգծեմ նաեւ այն, որ այդ կադրերի լուսանկարներն էլ բավարար որակով տպագրված են իմ աշխատություններում եւ երբեք չեն կարող համարվել տեխնիկական սարքերով չշտկվող նյութեր:

Հաշվի առնելով ՀՀ Ազգային արխիվի եզրակացության ոչ օբյեկտիվ եւ ոչ պատշաճ լինելը, եւ նյութերը ընտրության պայմանով պետականացնելու հանգամանքը, որոնք Նախիջեւանի հուշարձանների 1998-2006 թթ. հիմնովին ավերված եւ մինչավերումների միակ փաստերն են, հրաժարվել եմ այդօրինակ կարգով արխիվի պետականացման գործընթացից: Քանզի բոլոր սեւանկարներն էլ պիտանի են թե՛ գիտական հետազոտությունների եւ թե՛ 98%-ով դրանցից տպագրություն իրականացնելու համար: Այստեղ ամենեւին նկատի չունեմ այն հանգամանքը, որ նյութերի ընտրությամբ ձեռքբերումից ակնկալվող գումարը կարող է նվազել: Ամենեւին ոչ: Մտահոգությունս միայն ու միմիայն նյութերը իրենց ամբողջությամբ պահպանության տակ վերցնելն է, որի պարագայում է, որ հնարավոր է գիտական լիարժեք ուսումնասիրություններ կատարելը: Հավելեմ նաեւ այն, որ նյութերը ընտրությամբ ձեռքբերելու խնդիրը լուծված է դեռեւս 2008 թ. մշակույթի նախարարության հանձնաժողովի կողմից ընդունված սկզբունքներով: Այն է` մի հուշարձանի բոլոր կադրերը, որը տատանվում է 2-30 պատկերների թվաքանակով, դիտել մեկ միավոր եւ կրկնօրինակ սեւանկարները հանձնել անվճար կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջիկայում այս խնդրի վերջնական պարզաբանման եւ լուծման համար` իմ օրենսդրական իրավունքներն ու օրինական շահերը օրենսդրորեն պաշտպանելու սահմաններում անհրաժեշտություն եմ տեսնում եւ ստիպված ու պարտադրված եմ.

ա. Ի մի բերել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ դատարանի միջոցով ապացուցել ՀՀ Ազգային արխիվի վերոնշյալ ապակողմնորոշիչ, ոչ պատշաճ կարգով փորձաքննություն անցկացրած լինելու փաստը եւ շրջանառության մեջ դրվող եզրակացության անընդունելիությունը:

բ. Հրապարակայնություն տալ (նույնիսկ մամուլում հրապարակել սույն նամակը) 2008-ից իր լուծումը չստացող եւ վերոնշյալ անհիմն եզրակացություններով խոչընդոտվող արխիվի պետականացման խնդրին, եւ ի հեճուկս նման մոտեցումների, ջանալու եմ Հայաստանի եւ Սփյուռքի հայկական բարեգործական հիմնադրամների, բարերարների, անհատների, մեկենասների, դրամահավաքություններ կազմակերպելու միջոցներով ի վերջո այն դարձնել ՀՀ պետական սեփականությունը, որի գիտաքաղաքական արժեքը փաստված է Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների բազմաթիվ գիտական, մշակութային, պետական, հասարակական-քաղաքական գործիչներ կողմից: Ի վերջո այդ արխիվի նյութերի (սեւանկարների) հիման վրա են շարադրվել 200-ից ավելի իմ գիտական եւ գիտահանրամատչելի աշխատությունները, որոնցից երեք տասնյակից ավելին առանձին գրքերով են հրատարակվել, որոնց նյութերը (լուսանկարները) իրենց հրապարակումներից ի վեր, որպես փաստավավերագրական արժեքներ, օգտագործվում են թե՛ Հայաստանի եւ թե՛ աշխարհի այլեւայլ երկրների հայագետների, պետական ու քաղաքական գործիչների կողմից:

Ի վերջո այդ սեւանկարներից տպագրված հատորներն են, որոնք արժանացել են Թեքեյան մշակութային միության (2006), ՀՀ նախագահի մրցանակաբաշխության 2010 թ. հումանիտար գիտությունների բնագավառի մրցանակին:

գ. Ընդ որում վերստին փաստեմ, որ արխիվի արժեքի մնացած 21 միլիոն դրամը եւս պետք է ներդնեմ Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի նյութական արժեքների վերաբերյալ հրատարակության պատրաստ իմ 7-8 մեծ ու փոքր հատորների հրատարակման համար: Այստեղ նշեմ միայն «Նախիջեւանի նյութական մշակույթի ժառանգությունը» եռահատորը, որի ամեն մի հատորի միայն տպագրման ծախսը կազմում է 8-10 միլիոն դրամ:

Մի պարզաբանում եւս. ամենեւին ոչ մի նպատակ չեմ հետապնդել եւ չեմ հետապնդում ՀՀ պետբյուջեից կամ էլ այս կամ այն կազմակերպությունից անարժան ու անտեղի գումարներ ստանալու համար, կամ էլ պետական սեփականություն դարձնել անպիտան ու անարժեք նյութեր (վերջիններիս թվում, անշուշտ, կան թույլ, բայց ամենեւին ոչ անպիտան ու անլիարժեք կադրեր, որոնց հնարավոր թերությունները հնարավոր չլինի շտկելու ժամանակակից տեխնիկական սարքերով): Անհասկանալին եւ ցավալին այն է, որ երբ 1998-2006 թթ. Նախիջեւանի եւ Ադրբեջանի իշխանությունները նպատակադրված ոչնչացնում էին հայկական բոլոր հուշարձանները, հենց այդ տարիներին (2006-2007 թթ.) էլ Երեւանում` դեռեւս չպարզաբանված հանգամանքներով, ոչնչացվեց հենց այդ հուշարձանների վերաբերյալ 1990 թ. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տպագրված իմ «Նախիջեւան. գիրք հուշարձանաց» մեծադիր ու մեծածավալ (368 էջ) գրքի 30.000 հազար տպաքանակի 26 հազար պատրաստի օրինակները` պետությանը պատճառելով բազմամիլիոն վնաս: Այժմ էլ, ինչպես պարզվում է, չգիտակցված կամ էլ միտումնավոր փորձեր են արվում հենց այդ ավերված արժեքների փաստավավերագրական վերջին փաստերը պետականացնելու գործընթացը կասեցնելու ուղղությամբ:

Վերջում ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը, մասնավորապես նախարար Հ. Պողոսյանինՙ Նախիջեւանի հուշարձանները արխիվի պետականացման ուղղությամբ 2008 թ-ից գործադրած հետեւողական ջանքերի համար, թեեւ այն դեռեւս իր լուծումը չի ստացել:

Ամենայն բարիք եւ հաջողություններ եմ մաղթում ՀՀ եւ նրա սահմաններից դուրս գտնվող հայոց մեծ ու փոքր, տարի առ տարի ավերվող ու անհետացող նյութական մշակույթի արժեքների պահպանության ու փաստագրման, առկա նյութերը ու փրկված մասունքները պետականացնելու պետական քաղաքականությանը:

Նամակի արձագանքները

Ի լրացումն այս նամակի փաստերի` հավելեմ, որ իմ արխիվի 17-18 հազարի հասնող բնագրային նյութերի դիմաց, 19-րդ դարի վերջերից առ այսօր այլ հեղինակների հրատարակած կամ փաստագրած նախիջեւանյան հուշարձանների լուսանկարների, սեւանկարների եւ սլայդների թվաքանակը չի անցնում 530-ից, որոնք էլ վերաբերում են Նախիջեւանի 5-6 բնակավայրերի որոշ հուշարձաններին:

Կարգի համաձայն ՀՀ նախագահին եւ վարչապետին հղված նամակները, որոնցից կարծում եմ նրանք ամենեւին էլ տեղյակ չեն, վերահասցեագրվել են բնականաբար մշակույթի նախարարությանը: Վերջինս էլ վերադասներին, ինչպեսեւ ինձ ինչ-որ պատասխան տալու համար 2012 թ. նոյեմբերի 7-ին ինձ ուղղված պատասխանով ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը զանց առնելով իմ բողոքի բուն հարցերը, եւ հիմք ընդունելով նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ի ֆոնդային գնահատող հանձնաժողովի արձանագրություններըՙ առաջարկում է «Խնդրի առնչությամբ դիմել ՊՈԱԿ-ի տնօրինությանը»: Այս կարգի նախարարական պատասխանը, թող թույլ տրվի ասելու, դժվար է որոշել, թե այն գիր ու գրագրության որ ժանրին կարելի է վերագրել: Դժվար է, քանզի, ինչպես ստորեւ կհամոզվի ընթերցողը եւս, ֆոնդային հանձնաժողովի նախագահի ու հանձնաժողովի որոշ անդամների դիրքորոշումներն առհասարակ ուղղված էին միմիայն հարցի լուծման դրական ընթացքը խոչընդոտելուն: Այդ իսկ պատճառով էլ, կարծեք թե նախարարությունն էլ իր հերթին ընկել է իր ՊՈԱԿ-ի ֆոնդային հանձնաժողովի ուռկանը եւ ՀՀ առաջին դեմքերին էլ այս խնդրի վերաբերյալ պաշտոնական ոչ ճիշտ պատասխաններ հղել: Անհասկանալի է նաեւ այն հանգամանքը, թե նախարարությունը այս դեպքում ինչու՞ պատասխանատվության չի ենթարկում նախարարի 2008 թ. օգոստոսի 8-ի N 507-Ա հրամանով կազմված միջգերատեսչական հանձնաժողովին, որի կազմած սկզբունքներով ու եզրակացության հիման վրա նախարարությունը` նախարարի ստորագրությամբ, 2008-ից անընդմեջ այդ խնդրի լուծման համար համապատասխան փաստաթղթերով հայտեր էր ներկայացնում, խնդրանք-նամակներ հղում կառավարությանը: Հարցեր, որոնք պատասխաններ ու պարզաբանումներ են պահանջում: Պատասխաններ, որոնք ոչ միայն վարչական ու բարոյական են: Չէ՞ որ խոսքը ոչ թե սովորական առք ու վաճառքի իրերի մասին է, այլեւ հայկական շուրջ 27000 մեծ ու փոքր հուշարձանների փաստավավերագրական միակ նյութերի:

Արխիվային նյութերի մերժման անհիմն պատճառները

Դարձյալ հաշվի առնելով թերթային ծավալներըՙ խնդրի քննարկման երեք նիստերի պաշտոնական արձանագրություններից (հանձնաժողովի անդամների ելույթներից) ուղղակի մեջբերումներ պիտի կատարեմ, որոնցից ընթերցողը թող ինքը պատկերացում կազմի: Քանզի այդ ելույթ - դիրքորոշումներում ակնհայտ է ՀՀ Ազգային արխիվի ֆոտո-ֆոնո մասնաճյուղի վարիչից` Անահիտ Գալստյանից, թող թույլ տրվի ասելու, կորզված եւ ՊՈԱԿ-ին ձեռնտու «փորձաքննության» (իմա` պաշտոնական անփութության ակնհայտ դրսեւորման երկտողի) կանխամտածված հիմնավորելու ջանքերն ու դրսեւորումները, որն էլ իմ կարծիքով նպատակադրված է միմիայն ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից այդ նպատակով հատկացումներ չկատարելու խնդրի հետապնդմանը: Այնպես որ, վերոնշալ կամ ստորեւ նշվելիք անձինք ոչ թե մասնագիտական չիմացությամբ կամ էլ չհասկանալով, այլ շատ լավ հասկանալով են փորձել խոչընդոտել, որն արգահատելի արարք է կամ էլ Ջիվանու խոսքերով ասած.

Աքլորը քարոզչի վերարկու հագած,

Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:

Մերկապարանոց չլինելու, ինչպեսեւ դերանուններով չխոսելու համար խոսքը տանք պաշտոնական արձանագրություններին: Մինչ այդ` հատուկ ուզում եմ ընդգծել, որ ոչ մի նպատակ չեմ ունեցել եւ չունեմ որեւէ մեկի կարծիքը, սկզբունքայնությունն ու մասնագիտական ունակությունները հանիրավի պախարակելու: Եվ եթե ինչ-որ տեղ էլ խոսքս խիստ լինի, ապա դա էլ պայմանավորված է միմիայն նրանց հասցեատերերի մտքերի «գոհարներով»:

Եվ այսպես, արձանագրություն 1-ից.

ա. « Ա. Զաքյանն [ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, այժմ` «Մեծամոր» թանգարանի վարիչ] առաջարկեց հրատարակված նյութերը գնահատել չհրատարակվածներից ավելի ցածր գնով կամ չգնել, քանի որ այսօրվա տեխնիկան թույլ է տալիս հրատարակություններից օգտվել եւ ստանալ բարձրորակ կրկնօրինակներ»: Այստեղ համաձայնենք պրն Զաքյանի հետ եւ միեւնույն ժամանակ հարցնենք. ի՞նչ իրավունքով կարող է որեւէ մեկը իմ հրատարակած նյութերն ամբողջապես տնօրինել-ընդօրինակել, կրկնօրինակել... Եվ եթե իմ հրատարակած գրքերից կարելի է բարձրորակ սեւանկարներ կամ լուսանկարներ ստանալ, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով է թերագնահատվում իրականության մեջ գտնվող դրանց մայր բնագրերը` սեւանկարները: Իմիջիայլոց, պրն. Զաքյանի գլխավորությամբ կատարված մի այսպիսի «բարձորակ կրկնօրինակման» (իմա` գրագողության) եւ ՊՈԱԿ-ի գրիֆով մեկ աշխատանքը առաջիկայում կներկայացնեմ ընթերցողին:

բ. Խոսքը տանք միտումնավորվածությամբ ներծծված հաջորդ ջութակահարին, ճարտարապետ Գրիգոր Ղաֆադարյանին , ով «կասկած հայտնեց սեւանկարների որակի վերաբերյալ` գտնելով որ հետագա օգտագործման համար դրանք պիտանի չեն»: Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ անարժանապատվություն, փաստերի կեղծման դրսեւորում կամ էլ կատարյալ անգիտություն: Պրն Ղաֆադարյանն իր այս միտումնավորվածությունը հետագայում մեղմելովՙ 3-րդ նիստում կողմ քվեարկեց նյութերը միայն ընտրությամբ ընդունելուն:

Արձանագրություն 2-ից.

Իվետա Մկրտչյան [ՀՀ պատմության թանգարանի գիտական գծով տնօրենի տեղակալ]. «Ներկայացված սեւանկարները փոքր չափերի են: Փորձը ցույց է տվել, որ դրանք հետագա օգտագործման համար պիտանի չեն, քանի որ արտատպությունները հիմնականում լավ չեն ստացվում: Դրանք կարող են պահվել որպես միայն սկզբնաղբյուր»:

Մայր թանգարանի երկարամյա աշխատողը նպատակադրված զարգացնելով իր այս անհեթեթությունը, հանձնաժողովի 3-րդ նիստում պնդում է, որ «Սակայն արդեն շատ տարիներ մենք հրաժարվել ենք 3 x 4 սմ չափի սեւանկարներ ընդունելուց, քանի որ դրանք հետագայում չեն հրատարակվում, տեղեկատվությունը անհնար է օգտագործել, իսկ պահպանությունը եւ հաշվառումը շատ ջանքեր են պահանջում:

Հարց` Ա. Փիլիպոսյան [հանձնաժողովի նախագահ, պատմ. գիտ. դոկտոր] - Ինչո՞վ եք բացատրում, որ ժամանակին եւ ՀՀ Ազգային արխիվը, եւ Հայաստանի պատմության թանգարանը հրաժարվել են արխիվը գնելուց:

Պատասխան` Ա. Այվազյան - Ես չեմ ներկայացրել այս արխիվը ոչ մի այլ հիմնարկի` վաճառելու նպատակով:

Պատասխան` Ա. Գալստյան - Մեզ առաջարկվել է գնել արխիվը, ինչին մենք բացասական պատասխան ենք տվել:

Պատասխան` Ի. Մկրտչյան - Տարիներ առաջ քննարկվել է այս հարցը Հայաստանի պատմության թանգարանում եւ բացասական պատասխան է տրվել»:

Արձանագրություն 3-ից.

ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գեւորգյան . «Այսօր ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվում են մոտ 60 հազար միավոր, տարբեր չափերի եւ որակի սեւանկարներ: Դրանք չեն հրատարակվում, եւ ուսումնասիրողները հետաքրքրություն չեն ցուցաբերում դրանց նկատմամբ: Նույնիսկ նվիրաբերելու դեպքում արդեն պետք է վերապահումով մոտենալ, քանի որ հաշվառումը եւ պահպանությունը ապահովելու համար հիմնարկը ծախսում է գումարներ եւ աշխատաժամանակ, իսկ վերջնական արդյունքը դառնում է արդի պահանջներին ոչ համապատասխան սկզբնաղբյուրի ֆոնդավորումը»:

Այստեղ առայժմ ձեռնպահ մնալով տիկին Գեւորգյանի դիրքորոշման մեկնաբանությունիցՙ միայն նշեմ, որ առաջիկայում առիթ կլինի առհասարակ ՊՈԱԿ-ի ֆոնդային արժեքների առկա վիճակի եւ հարակից խնդիրների վերաբերյալ այլ լսարանի առջեւ եւ այլ հարթությունում քննարկելու:

Մինչ այդ նշենք, որ տիկին Գեւորգյանը եւս, ում պաշտոնական պարտականությունների մեջ են մտնում նաեւ մեր հուշարձանների վերաբերյալ գիտահավաքչական նյութերի հայտնաբերման ու հավաքագրման աշխատանքները, ըստ երեւույթին տիկին Ի. Մկրտչյանի եւ վերոնշյալ այլ անձանց նման Նախիջեւանից ու նախիջեւանյան ժառանգությունից օրգանական հակակրանք ունի: Քանզի այդ նյութերիՙ անգամ նվիրատվության պարագայում անգամ, ինչպես հայտարարում է տիկինը, «պետք է վերապահությամբ մոտենալ», որոնց հիման վրա հրատարակած հատորների վերաբերյալ 2011 թ. ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հետեւյալ գնահատանքն է տվել. «...չեմ կարող հատուկ չանդրադառնալ քաղաքական կարեւորություն եւ հնչեղություն ունեցող գործերին: Խոսքս հատկապես (Ի. Չերնիի, Ռ. Գեւորգյանի աշխատությունների թվարկումից հետո...) Արգամ Այվազյանի «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի մասին Է»:

Մի պարզաբանում եւս, որը վերաբերում է սեւանկարների հետ իմ կողմից կոնտակտային լուսանկարների (3 x 4 սմ) չտրամադրած լինելու եւ տեղեկատվության ոչ այնքան ամբողջականությանը: Այս ճիշտ պահանջին իմ պատասխանը եղել է հետեւյալը. «Պատրաստ եմ ներկայացնել կոնտակտային (3 x 4 սմ) կամ 13 x 18 սմ չափի լուսանկարները եւ լրացնել պահանջվող ամբողջ տեղեկատվությունը» (արձանագրություն 3): Նույնիսկ պարտավորվել եմ անվճար կազմել ներկայացվող նյութերի վկայագրերը:

Այնպես որ հանձնաժողովի վերոնշյալ անդամների եւ նրա նախագահի տրամաբանություններն ու հարցի վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակադրված - մթերված ելույթ կարծիքները ի սկզբանե հիմնազուրկ են, որոնք ավելին են ասում, քան դրանց բովանդակած իմաստը: Քանզի սեւանկարների որակի վերաբերյալ անբեկանելի եւ ամենաճշգրիտ հիմքերը հենց դրանցից կատարված լուսանկարներն ու դրանց հրատարակման եղանակով տպագրված լինելն է, որն էլ անհերքելի ապացույցն է եւ դրանում կարող է համոզվել յուրաքանչյուրը, ով գեթ մեկ անգամ թերթի իմ հրատարակած գրքերից որեւէ մեկը: Մի պարզաբանում եւս. Նախիջեւանի տարածքում հայոց ժառանգության իմ ուսումնասիրությունները կատարվել են խիստ գաղտնի կերպով եւ հազար ու մի հնարքներով ու արգելքների հաղթահարումների պայմաններում եւ ոչ թե շատ շատերի նման պետական միջոցների ծախսումների, գործուղումների, տեղական իշխանությունների ու համայնքների սիրալիր դիմավորումների, կերուխումի ու աշխատանքներին աջակցելու պատրաստակամության պայմաններում: Ավելին` որոշ դեպքերում էլ պետական միջոցներով կատարված այս կամ այն նյութերը դարձյալ վաճառվում են պետական այս կամ այն արխիվիներին: Ահա վերոնշյալ մտայնություններով ներծծված ելույթներից ու դիրքորոշումներից ելնելովՙ հանձնաժողովի 3-րդ նիստում ստիպված եմ եղել հիշեցնել հանձնաժողովին, որ «անհրաժեշտ եմ համարում արխիվը ընդունել ամբողջությամբ, այլապես ստիպված կլինեմ արխիվն ամբողջությամբ աճուրդի հանել միջազգային կազմակերպությունների միջոցով...»:

Այնուամենայնիվ, վերոնշյալ մեջբերված հատվածների վերաբերյալ բավարարվենք մեկ-երկու դիտարկումով.

ա. Մինչեւ վերջին 20-30 տասնամյակները ողջ աշխարհի ֆոտոարդյունաբերության (թե՛ սեւ ու սպիտակ, թե՛ գունավոր եւ սլայդ) հիմնական նյութը 3 սմ ֆոտոժապավեններն էին (3 x 4 սմ կադրերով), որոնցից էլ կատարվում էին լուսանկարների տպագրումը եւ գրահրատարակությունները: Նույնն է նաեւ կինոարդյունաբերության բնագավառում, որոնց պիտանելիությունը չգիտես ինչու մեր մայր թանգարանի աշխատակցուհի Ի. Մկրտչյանի քիմքին ու պահանջներին հարիր չէ: Ավելին, առանց արխիվային նյութերը տեսնելու, թանգարանի տրամադրության տակ լինելու էլ, իբր խնդիրը քննարկվել է թանգարանում: Մի բան, որն ակնհայտ ապատեղեկատվություն է, որը վերոնշյալ հայտարարությունից հետո ճշտել եմ թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանի հետ:

բ. Ապատեղեկատվություն է նաեւ տիկին Ա. Գալստյանի հայտարարությունը Ազգային արխիվի վերաբերյալ: Համենայն դեպս տիկին Գալստյանին լուսավորելու եւ ընթերցողին տեղեկացնելու համար ընդգծեմ, որ 1849 թ-ից սկսած բազմահազար միավորներից կազմված իմ արխիվի բնագիր տարաբնույթ` 1500 էջից ավելի նյութերը դեռեւս 2011 թ. սեպտեմբերի 1-ին իմ եւ ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի միջեւ կնքված համապատասխան առք ու վաճառքի պայմանագրով սիրահոժար գնվել-ընդունվել է ազգային արխիվի կողմից: Այնպես որ տիկին Գալստյանը միանգամայն ազատ է թե՛ ծանոթանալու նյութերին եւ թե՛ իր «մասնագիտական» ունակություններով ու տրամաբանությամբ «փորձաքննության» (երեւի թե ճիշտը փորձանքագիտությունն է) ենթարկել:

Այնպես որ տիկիններ Գալստյանն ու Մկրտչանը` ինչ-ինչ հանգամանքներից ելնելովՙ իրենց իրավունքներ են վերապահել թե՛ իրենց կազմակերպությունների անունից եւ թե՛ առանց խնդրո առարկա նյութերի երեսներն անգամ տեսնելու` կանխորոշված կարգով, մերժել դրանց պետականացման-ազգայնացման անհրաժեշտությունը, նպաստել-ձեւավորել այդ նպատակով անհիմն փաստաթղթերի ստեղծմանը, որով եւ անհարկի ստվերվում է հանրապետության մայր թանգարանի եւ մայր արխիվի հեղինակությունը: Իսկ այս ամենը կամա թե ակամա ցուցանում-հուշում է, որ այս գրության մեջ հիշատակված մեծ ու փոքր պաշտոնատար անձինք իրենց տրամաբանությամբ` գիտակցաբար թե անգիտակցաբար, ուղղակիորեն թե անուղղակիորեն աջակցում-հաստատում են Ադրբեջանի պետական, գիտական, քաղաքական ու դիվանագիտական եւ զանազան այլ տրամաչափի ներկայացուցիչներիՙ վերջին 5-6 տարիներում աշխարհով մեկ բնական ու անբնական միջոցներով տարածվող այն կեղծ ու պատիր պնդումները, որ Նախիջեւանի տարածքում ոչ մի հայկական հուշարձան չի եղել եւ բնականաբար էլ չի ոչնչացվել: Այնպես որ Ադրբեջանի համար անհասկանալի է Հայաստանի կողմից այդ ուղղությամբ կատարվող բողոքներն ու զանազան միջազգային հանձնաժողովների պահանջները:

Հետեւությունն այն է, որ ուզես թե չուզես խորհում ես այն մասին, թե այսօրինակ դիրքորոշումների տեր մարդիկ իրենց անիմացություններով, Հայաստանի պետական ու ազգային, գիտական ու քաղաքական շահերից անտեղյակ ու անհաղորդ անձիք, ովքեր, պատկերավոր ասած, իրենց տան շեմից այն կողմ ոչինչ չեն տեսնում (եւ չեն էլ ուզում տեսնել), անուղղակիորեն շարունակում են ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, որն էլ գրեթե անվարանորեն կարելի է դիտել որպես Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հայոց բազմահազար հուշարձանների կործանման-եղեռնագործության հայկական տարբերակ: Հանգամանք, որը կարծեք թե ուղղված է ապագա սերունդներին, հայ ժողովրդին առհասարակ եւ Հայաստանի պետականությանը, զրկելու այդ հուշարձանների վերաբերյալ գոնե արխիվային փաստավավերագրական նյութերն ունենալու-տնօրինելու, պետականորեն պահպանելու իրավունքից:

Այսպիսի ապապետական ու ապազգային վերաբերմունքի հետեւանքներն են, որ դարեր շարունակ տեր ու տիրական չենք լինում մեր արժեքներին եւ տասնամյակներ ու դարեր անց ենք միայն գիտակցում մեր կորուստներն ու նրանց արժեքներին տեր լինելու անհրաժեշտությունը: Ընդսմին, նախիջեւանյան ժառանգության կորուստը, նախիջեւանյան արխիվի պետական ու քաղաքական անվիճելի կռվանի դերն ու նշանակությունը Հայաստանը եւ հայությունը հավանաբար տասնամյակներ հետո միայն ի զորու կլինեն գիտակցելու:

Կարծում եմ, որ մերօրյա իշխանության պատասխանատուները, այդ թվում եւ մշակույթի նախարարությունը, կտրական ու զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն առհասարակ մեր ազգային արժեքների պահպանության խնդիրների նկատմամբ իմիջիայլոց եւ ոչ պետական դրսեւորումների հանդեպ եւ ոչ թե, ինչպես վերեւում նշեցի, ընկնի սրա-նրա ցանկությամբ ձգած կամ գործած ուռկանն ու ցանցը: Քանզի ամեն մի երկրի ու պետության հզորությունը թե՛ ժամանակների եւ թե՛ քաղաքակրթությունների պատմության մեջ կշռվում-արժեւորվում, գնահատվում է նախեւառաջ տվյալ ժողովրդի ստեղծած նյութական ու մշակութային արժեքներով, պատմությամբ ու պատմական հիշողությամբ: Այնպես որ, դարձյալ Ջիվանուն դիմելով նշեմ, որ անհանդուրժելի է երբ.

Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,

Ի՞նչ հսկող են գտել, խելքի աշեցեք:

Հ. Գ. Հայաստանի Հանրապետության ղեկավարներին ուղղված նամակում նշված էր, որ արխիվը ընտրովի ձեռք բերելու որոշումը կայացել է ձայների 5-ը 3-ի հարաբերությամբ: Արխիվը ամբողջովին ձեռք բերելուն կողմ քվեարկել են հանձնաժողովի անդամներ Ա. Այվազյանը, Դ. Մխիթարյանը (բաժնի վարիչի տեղակալ).- «Համարում եմ, որ արխիվը եզակի է, կարեւորում եմ դա ամբողջությամբ ձեռք բերելը» եւ Ս. Գասարջյանը (բաժնի վարիչի տեղակալ).- «Նշում եմ արխիվի կարեւորությունը, քանի որ այդ հուշարձանների մեծ մասը այսօր ոչնչացված է: Կարեւոր եմ համարում ընդունել արխիվը ամբողջությամբ»:

Այն անձինք, ովքեր կկարեւորեն նախիջեւանյան արխիվի պետականացումը, կարող են կապ հաստատել argamaivazianaol.com հասցեով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 09-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.