AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-22 23:27:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1743, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ՎՏԱՆԳՎԱԾ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

Հարցազրույցը` ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ

1953 թվականից Փարիզի թիվ 59 ավենյու Ֆոշ հասցեիՙ XIX դարի ճարտարապետական եռահարկ կառույցի առաջին հարկում էր հանգրվանում Ֆրանսիայի հայկական թանգարանը: Հիմնադիրըՙ Նուրհան Ֆրենգյանը 1940-ականներից սկսած Ֆրանսիայում եղած մի քանի մասնավոր հավաքածուներ կարողացավ ի մի բերել եւ ստեղծեց այնպիսի մի թանգարան, որն ակունքներից մինչ այսօր, տարբեր դարաշրջաններ ու շերտեր ներկայացնող հայ մշակույթի արժեքավոր ցուցանմուշների հավաքածո է ընդգրկում, որով իր տեսակի մեջ միակն է Ֆրանսիայում: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1953 թվականինՙ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Վինսենթ Օրիոլի ներկայությամբ: Թանգարանը` չնայած մասնավոր կարգավիճակին, պատկանում է Ֆրանսիայի պետությանը:

Հավաքածոն կազմում են շուրջ 1000 միավոր իրեր. այդ թվումՙ հնարժեք առարկաներՙ բրոնզե դարով թվագրվող նմուշներ, նախաուրարտական շրջանի սափորներ, շուրջ 50 միավորՙ հիմնականում միջնադարյան ձեռագրեր, հնատիպ գրքեր, կաթողիկոսական եւ պատրիարքական կոնդակներ, եկեղեցական սպասք, ծիսական պարագաներ, սփռոցներ, վարագույրներ, ավետարանի մետաղե կազմեր, Քյոթահիայի խեցեգործական արվեստի հրաշալի նմուշներ, առօրյական իրերՙ ձեռագործ հագուստ, արծաթյա գոտիներ, ոսկերչական իրեր, զենք, դաշույն, գորգեր եւ այլն: Մի առանձին բաժին կազմում են հայ դասական եւ ժամանակակից կերպարվեստի արժեքավոր նմուշներՙ մասնավորապեսՙ Էդգար Շահինի, Հովհաննես Այվազովսկու, Սարգիս Խաչատուրյանի, Զարեհ Մութաֆյանի, Հակոբ Գյուրջյանի, Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Փանոս Թերլեմեզյանի, Զաքար Զաքարյանի, Տիգրան Փոլադյանի եւ այլոց գործերից:

Հավաքածոյի լավագույն նմուշները ցուցադրված են եղել թանգարանային երկու սրահում, երրորդ դահլիճը ծառայել է որպես պահեստ: Այս մասին, ցավոք, արդեն անցյալով ենք խոսում. թանգարանը դեռեւս 1993-94 թթ. շենքի հնացածության եւ պայմաններիՙ միջազգային նորմերին չհամապատասխանելու պատճառով ժամանակավորապես փակվել էր: Նմանապես փակվել էր նույն շենքի 2-րդ հարկում գտնվող Էնրիի թանգարանը: Այս վերջինը XIX դարի ֆրանսիացի դիվանագետ Էնրիի (դիվանագիտական առաքելությունն իրականացնում էր Չինաստանում եւ Ճապոնիայում) մանրաքանդակների (նեցկեներ) հավաքածոն էՙ Մերձավոր եւ Ծայրագույն Արեւելքի արվեստի Գիյմե թանգարանին պատկանող, որ սակայն առանձին պահպանվում է իր անունը կրող հիշյալ թանգարանում, եւ որի վերանորոգման վերջին աշխատանքների պատճառով Հայկական թանգարանը ստիպված եղավ հավաքածոն ժամանակավորապես տեղափոխելու:

Անցած տարեվերջին Ֆրանսիայից ստացված լուրերը Հայկական թանգարանի վերաբացմանն առնչվող, մեղմ ասած հուսադրող չէին. ֆրանսիական «Նուվել դ"Արմենի» պարբերականում այս մասին առաջին ահազանգը հնչեցրեց թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրենգյանը (հիմնադրի որդին), որի հոդվածը թարգմանաբար տպագրվեց «Առավոտ» օրաթերթում: Ավելի հանգամանալի տեղեկություններ թանգարանի եւ նրա ներկա վիճակի մասին ստացանք «Ազգ»-ի խմբագրություն այցելած արվեստաբան Էդդա Վարդանյանից: Նա Երեւանի մատենադարանի գիտաշխատող է, հայ միջնադարյան արվեստի մասնագետ. դոկտորական թեզըՙ XV դարի հայ մանրանկարչության վերաբերյալ, պաշտպանել է Սորբոնի համալսարանում: 2006-ից համագործակցում է Ֆրանսիայի հայկական թանգարանի հետՙ նախ էլեկտրոնային կատալոգի պատրաստման, եւ ապաՙ 2007-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում պետության կողմից արտոնված թանգարանի ժամանակավոր վերաբացման եւ այնտեղ կազմակերպված ցուցահանդեսի աշխատանքների մասնակցության առիթներով: Ավելի ուշ, 2012-ին, նրա ջանքերով եւ կազմակերպությամբ Արվանշում բացվեց հայ միջնադարյան հոգեւոր արվեստին նվիրված ցուցահանդես` «Հայաստանի արտացոլումը Ֆրանսիայում» խորագրով. բոլոր ցուցանմուշները Ֆրանսիայից էին, իսկ մեծ մասը տրամադրել էր Ֆրանսիայի հայկական թանգարանը: Միաժամանակ նա ներգրավված է թանգարանում պահվող միջնադարյան ձեռագրերի կատալոգի պատրաստման աշխատանքներում, որոնք առայժմ դադարեցված են թանգարանի ներկա անորոշ վիճակով պայմանավորված: Ինչպես նկատեցինք արդեն, այս թանգարանը Ֆրանսիայում հայ մշակույթի լավագույն այցեքարտն էՙ ի տես հանրության մշտապես ցուցադրվող եւ դրա գործունեության կասեցումըՙ սփյուռքի հայ հոգեւոր կառույցների հերթական փլուզման արտահայտություն է եւ սփյուռքահայության ցավալի նահանջի եւս մեկ նշան:

Այս մտահոգությամբ է մեր զրույցը արվեստաբան Էդդա Վարդանյանի հետ:

- Տարիների աշխատանքային համագործակցությունը Ձեզ հնարավորություն է տվել թե՛ գիտական ուսումնասիրության եւ թե՛ դեպքերին մանրամասն տեղյակ լինելու հանգամանքին: Ի՞նչ է պատմությունը այս թանգարանի:

- 2011-ին երբ Էնրիի թանգարանը որոշեց ձեռնարկել շենքի վերանորոգչական աշխատանքներ, Հայկական թանգարանին իր իսկ անվտանգության շահերից ելնելով խնդրեց ազատել տարածքը: Իհարկե Ֆրեդերիկ Ֆրենգյանին աշխատանքներն ավարտվելուց հետո վերադառնալու եւ իր սրահները վերստանալու փաստաթուղթ տրվեցՙ Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից:

Թանգարանային իրերի մի մասը փաթեթավորվեց եւ տեղափոխվեց, մի փոքր մաս մնաց պահեստում, մեկ մասն էլ ներկայացվեց Արվանշի ցուցահանդեսին, որը բացվեց 2012թ. փետրվարի 1-ին եւ տեւեց 3 ամիս: Էնրիի թանգարանի վերականգնողական աշխատանքների ժամկետը երբ 2012-ի ապրիլին լրացավ, իսկ Արվանշի ցուցադրությունը մայիսի սկզբներին փակվեց, Հայկական թանգարանի տնօրենը որոշեց վերադառնալ իր նախկին տեղը, սակայն պարզվեց, որ դահլիճները զբաղված են ռեստավրացիայի ենթակա Էնրիի թանգարանի իրերով ու պիտի մնան մինչեւ ռեստավրացիայի ավարտը եւ մինչ օրս դեռ զբաղեցված են: Չնայած սրահները կրկին ետ ստանալու փաստաթղթի առկայության, խոստումը չի հարգվում, եւ մշակույթի նախարարությանը յուրաքանչյուր դիմումի պատասխան լինում էՙ մի քիչ էլ սպասեք-ը: Չեն մերժում, բայց հարցի լուծումը ձգձգվում է, Ֆրեդերիկ Ֆրենգյանի նամակները հաճախ մնում են անպատասխան:

Թանգարանի աշխատանքները, փաստորեն, կաթվածահար են, ձեռագրերի ցուցակը հնարավոր չէ շարունակել: Թանգարանը մի օրգանիզմ է, որ ունի իր ինքնուրույն կյանքը, ռիթմը, որը կանգ է առել անհայտ եւ անհասկանալի ժամկետներով:

- Որպես արվեստաբան, ինչպե՞ս եք գնահատում թանգարանային հավաքածոն:

- Արժեքավոր են բոլոր իրերը: Ձեռագրերը մեծարժեք են եւ հետաքրքրություն են ներկայացնում ե՛ւ պատմական, ե՛ւ ձեռագրագիտական, ե՛ւ արվեստաբանության (մանրանկարչական) տեսակետից: Նույնը կարելի է ասել մնացած հավաքածոների վերաբերյալ. Քյոթահիայի XVIII դարի խեցեգործության բավականին լավ պահպանված նմուշներից յուրաքանչյուրը մեծ արժեք է ներկայացնումՙ թե՛ մշակութային, թե՛ պատմական, թե՛ արվեստագիտության առումով, նմանապեսՙ գեղանկարչական հարուստ հավաքածոն, որ շատ տպավորիչ է:

- Ի՞նչ եք կարծում, եթե հարցին դրական լուծում չտրվի, ի՞նչ է լինելու հավաքածոյի ճակատագիրը:

- Հավաքածոն պատկանում է Ֆրանսիայի պետությանը: Եթե փակվի, իրերը պիտի այդպես արկղերով պահպանվեն ինչ-որ տեղ, եւ եթե մոռացության տրվեն, այդպես էլ կմնան տարիներ: Մեր նպատակը դահլիճները ետ ստանալն է, որ թանգարանը չփակվի:

Կարծում եմՙ տեղին կլինի, եթե Հայաստանը հանդես գա պաշտոնական հայտարարությամբՙ ի դեմս սփյուռքի, մշակույթի, արտաքին գործերի նախարարությունների, եւ այդ փաստաթուղթը հանձնվի Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը: Այդկերպ հարցը պաշտոնական բնույթ կստանա:

- Իսկ թանգարանի տնօրենը այս հարցով դիմե՞լ է Հայաստանի իշխանություններին:

- Այո, այս տարվա հունվարի վերջին:

- Արվանշի ցուցահանդեսի առիթով տպագրված կատալոգը կազմել եւ տեքստը հեղինակել եք դուք, այժմ տպագրության եք պատրաստում Ֆրանսիայի հայկական թանգարանի ձեռագրերի գիտական կատալոգը: Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել:

- Իմ մասնակցությունից բացի ավելացնեմ, որ Ֆրանսիայի ազգային գրադարանից Արվանշի ցուցադրությանը ներկայացվել էր ութ ձեռագիր, որոնց նկարագրությունը կատարել է գրադարանի աշխատակից Անի Վերնե Նուրին: Կատալոգի առաջաբանը գրել են Արվանշի թանգարանի ավանդապահը` Ժան - Լյուք Լեսերվուազիեն եւ Ֆրեդերիկ Ֆրենգյանը:

Թանգարանի ձեռագրերի գիտական կատալոգի աշխատանքները դեռեւս անավարտ են, կիսով չափ են արված. կատալոգը լույս կտեսնի «Պետերս» հրատարակչությամբ, իր միջոցներով, «Քրիստոնյա Արեւելքի ձեռագրագիտական ժառանգությունը» մատենաշարով:

- Այս ճանապարհով Հայկական թանգարանի ձեռագրերը կմտնեն գիտական-մշակութային շրջանակներ եւ մասնագիտական առումով շրջանառու կդառնան:

- Այո, մանավանդ որ այս ձեռագրերը մասնագետներին հայտնի չեն. դրանց մեջ մի քանի նմուշներ ձեռագրագիտական եւ պատմական արժեք են ներկայացնում, որոնք կատալոգի միջոցով գիտական շրջանառության մեջ կդրվենՙ ի հայտ բերելով նորություններ: Իսկ նորահայտ ձեռագրերը միշտ ե՛ւ հետաքրքրական են, ե՛ւ կարեւոր: Կատալոգը կազմված է լինելու մանրամասնորեն, որով հնարավորություն կընձեռվի տեղեկանալ ձեռագրի բովանդակությանը, ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի նկարագրությանը: Հիշատակարաններն ամբողջությամբ, առանց կրճատումների կտպագրվեն հայերենով: Ֆրանսերենով կտրվի ձեռագրի համառոտ նկարագրությունը. այսինքնՙ հիմնական տվյալները, եթե հայտնի ենՙ ստեղծման տարեթիվը, վայրը, գրիչը, մանրանկարիչը, պատվիրատուն, ձեռագրի պատմությունը, նրա հետագա ճակատագիրը, ընդհուպ թանգարանում հայտնվելը: Կից ներկայացվելու է յուրաքանչյուր ձեռագրի 2-3 գունավոր վերատպություն:

Այս աշխատանքի արդյունքում ձեռագրերի պատառիկների եւ հմայիլների նկարագրությունների երկու հոդված տպագրվելու է Փարիզում լույս տեսնող գիտական Revue des Etudes Armռniennes հանդեսում: Հոդվածներում ընդգրկած են պատառիկներում եւ հմայիլներում եղած բոլոր տեքստերն ամբողջությամբ: Ծավալների առումով ավելի նպատակահարմար եմ գտել տպագրել դրանք այդպես առանձին:

- Աշխատանքների իրագործման համար աջակիցներ ունեի՞ք:

- Այո, Գյուլբենկյան հիմնարկությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որոնք գումար հատկացրին, եւ հինգ ամիս հնարավոր եղավ աշխատել Փարիզում:

Այսպես անորոշ եւ սպասողական նոտայով ավարտվեց մեր զրույցը Էդդա Վարդանյանի հետ անցած տարեվերջին: Փետրվարին նա Փարիզում էր եւ ինչպես տեղեկացանք անցնող երկու ամսում թանգարանի հետ կապված որեւէ փոփոխություն չի եղել:

Հ. Գ. Էնրիի թանգարանի պաշտոնական բացումը կայացավ 2012 թ. մարտին, այս նույն ժամանակ Ֆրանսիայի հայկական թանգարանը կարող էր տեղափոխվել եւ զբաղեցնել իր նախկին սրահները: Բայց չնայած Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից տրված` դահլիճները ետ ստանալու գրավոր հավաստիացմանը, թանգարանի տնօրենին չի հաջողվում իրագործել դա, այսինքն` պաշտպանել իր իրավունքները: Եվ սա` նույնիսկ Ֆրանսիայի պես առաջադեմ երկրում, վերաբերող մշակութային արժեքների մի հավաքածոյի, որն իրավամբ արժանի է պետական հոգածության եւ պահպանության թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի կողմից: Համոզվելու համար` այցելեք թանգարանի կայքէջը` flickr.com/photos/68118553@N03/:

Նկար 1. Ձեռագրի պատառիկ, 1332

Նկար 2. Քյոթահիայի խեցեգործական արվեստի նմուշ, 18-րդ դար

Նկար 3. Եկեղեցական արծաթյա սպասք, 19-րդ դար

Նկար 4. Եկեղեցական գանձանակ, 1787, Կեսարիա

Նկար 5. Էդգար Շահին. «Օկուպացված Փարիզը. կաթի հերթում», 1942

Նկար 6. Ավետարանի արծաթյա կազմ, 1828

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.