AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013



Անցյալի հիշողություններում

Տեղադրվել է` 2013-02-22 23:27:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2088, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 110

ԱՆԼՌԵԼԻ ՊԱՐՈՒՅՐԸ

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Երբ մեր կողքին էր Պարույր Սեւակը...

Սկիզբըՙ նախորդ համարում

***

Պարույր Սեւակն ու Գրիգոր Հախինյանն իմ հիշողության մեջ մնացին միշտ երիտասարդ, միշտ 40 տարեկան եւ ոչ մի օրով ավել: Նրանց արյան բաղադրությունը պարունակում էր բացառիկ պոետական կամ երաժշտական տաղանդ: Երկուսն էլ մեծ ընկերասեր էին եւ անկեղծ սեր էին տածում Բաքոսի հանդեպ: Բարի, շռայլ, միամիտ: Ցավոք, հիմա շատ քիչ են այդ տիպի մարդիկ:

Մայիսի 1-ի երեկոյան, ինչպես պայմանավորվել էինք, համարյա բոլորը, ովքեր Կոմպոզիտորների տանն էին, եւ իհարկե վրացի հյուրերը, հրավիրվել էին Հախինյանի կոտեջը` տոնելու նրա քառասունամյակը: Իհարկե, հյուրերի մեջ իր աստղային կրակով, սրամտությամբ, բուռն պոռթկումով ուշադրության կենտրոնում էր Սեւակը: Սեւակը, երբեմն ընդդիմանալով հյուր կանանց խնդրանքներինՙ որեւէ բան ընթերցել իր գրածներից, ասում էր.

- Ես իմ գրածները արտասանել չեմ սիրում. նրանք արտասանելու համար չեն գրված: Կենացներ ասելը իմ ասպարեզը չէ, թողեք պարզապես ուրախանամ, խմեմ, քեֆ անեմ եւ հիանամ այսքան գեղեցկուհիներով:

Այստեղ հարկ կա մի փոքր միջամտության. իրոք, 60-70-80-ական թթ. բարձրագույն երկնակամարներում այնպես էր ստացվել, որ գեղեցիկ կանայք ծնվում էին Թբիլիսիում: Ռուսթավելու պողոտայով ճեմեիր, Թիֆլիսի Օպերայում ներկայացում դիտեիր եւ մինչեւ իսկ նշանավոր «ԹՏՊօ խՏչՌՊջպ» պավիլիոնում լիմոնադ խմեիրՙ ամենուրեք աչքիդ կզարկեին ոչ երկրային գեղեցկության դեմքեր, աչքեր, քթիկներ, հոնքեր, ճակատներ, արժի՞ ասել, թե՞ հասկանալի էՙ սլացիկ ոտքեր եւ բարակիրան մարմիններ: Մի խոսքովՙ Վրաստանը հագեցած էր գեղեցկուհիներով: Եվ սակայն 2000-2010-ական թվականներից Աֆրոդիտե աստվածուհին բարեհոգի եղավ նաեւ հայերիս հանդեպ, եւ իրավիճակը սկսեց փոխվել հօգուտ մեր լեռնային երկրի:

Սեւակին կանայք շատ էին սիրում: Բավական էր, որ նա ժպտար բարի, անհուն, մաքուր ժպիտով ու սկսեր խոսել, տուրք տալով իր խռպոտ, հազային ընդմիջումներին, եւ սեւ, խելոք աչքերը ուղղեր հենց լսողին, ապա տիկնոջ հոգին տակնուվրա էր լինում ու գերվում էր Սեւակով:

Գրիգոր Մուշեղիչի քույրը իրոք որ հոյակապ ուտեստեղեն էր ուղարկել կոմպոզիտոր եղբոր 40-ամյակի առթիվ, իսկ մեր վրացի հյուրերի երեք լիտրանոց ապակե տարաներով բերած Խվանչկարա գյուղի գինին նույնպես աներեւակայելի համեղ էր: Այդ օրը շատ բան աներեւակայելի էր: Երբ հերթական անգամ դուրս եկա պատշգամբ` մաքուր օդի, նկատեցի, որ մենակ չեմ: Պատշգամբ էր դուրս եկել եւ Ֆիլիպ Գլոնտիի կնոջ փոքր քույրըՙ Զիզին, գինով բաժակը ձեռքին: Մենք, իհարկե, ծանոթացել էինք եւ հիմա էլ մի երեք-չորս ժամ նույն հարկի ներքո էինք: Ես նկատել էի, որ զարմանալի գեղեցիկ էր նաեւ Գաբունիայի կինը, սակայն նա զգալիորեն զիջում էր Զիզիին, վերջինս շատ մարդամոտ եւ սիրալիր խառնվածք ուներ: Պատահական չէ, որ նա թիֆլիսյան հեռուստատեսության հաղորդավարուհի էր եւ սիրված անուն Վրաստանում: Վրացուհիները ընդհանրապես մեծ հմայք ունեցող կանայք են, չափավորված կոկետությամբ եւ բնականից շատ կանացի, ասում են (օրինակ, հայրս կամ նրա ընկեր Ժիրայրը), թե նրանք հիշեցնում են ֆրանսուհիներին: Չգիտեմ, քանի որ ես ոչ մի երկրում, մեր ԽՍՀՄ-ից բացի, այդ տարիներին չէի եղել, բայց վերոհիշյալ բնորոշումների ճշմարտացիությունը վրացուհիների կապակցությամբ լիովին ընդունում էի: Ինչպես ասացի, Զիզին դուրս էր եկել պատշգամբ` գինով բաժակը ձեռքին, եւ ինչպես գալուս օրը Սեւակի հետ գիշերով սուրճ էինք խմում բարում, հանկարծ հանդիպակաց լեռան ետեւից իր ողջ արծաթափայլ զորությամբ երեւաց լուսինը: Ինչ-որ մի պահ այն կախարդական ներգործություն ունեցավ իր քողի տակ պատսպարած անտառի ծառերի կատարների վրա, եւ ծառերն իրենց տերեւների զարդաքանդակներով դրոշմվեցին մեր պատշգամբի պատին, ամեն-ամենն առնելով լույսի ու ստվերի դողացող խաղերի մեջ, որն իհարկե առավել զգալի էր աղջկա դեմքին: Ու կարծես կախարդանքից դուրս գալով` լսվեց նրա ձայնը.

- Այստեղ Դիլիջանում յասամանները ուշ են բացվում, իսկ մենք ճանապարհին Թիֆլիսից գալիս ամենուրեք բացված յասամաններ էինք տեսնում, երեխաները ճամփեքին փնջեր էին ծախում, ինձ թվաց այստեղ ավելի շուտ կբացվեն յասամանները:

- Այո, կբացվեն, բայց մի տասն օրից, հիմա նրանք դեռ կոկոն են, իսկ Երեւանում եւ մեր տան այգում էլ ծաղկել են:

Եվ հարցրի.

- Դուք մշտապես Թիֆլիսո՞ւմ եք ապրում:

- Այո, եւ սովորում եմ կոնսերվատորիայում, դաշնամուրի բաժնում, միաժամանակ աշխատում եմ մեր հեռուստատեսությունում:

- Հրաշալի մասնագիտություն է, ամեն տան մեջ ձեզ երեւի անհամբեր սպասում են, որ երեւաք էկրանին եւ ձեր գեղեցիկ ձայնը լսեն, ինչպես երաժշտություն,- կարծես անկախ ինձանից արտաբերեցի ես:

Այսպես մեկ-երկու խոսք էինք փոխանակել իրար հետ, եւ զգացի, որ լուսինն իրՙ կարծես գահ դարձած սարի կատարից մի արահետ բացեց ուղիղ մեր ուղղությամբ: Պահն իրապես շատ խորհրդավոր էր, մի վայրկյանում մարդու գլխով հազար ու մի բան անցավՙ «Իսկ ի՞նչ եմ ես տեսել այս կյանքում: Անընդհատ լսում ես մեր կոմպոզիտորների կամ երաժիշտ-կատարողների ֆրազները. «Այս ամառ, երբ ես Փարիզում էի, իմ գործը կատարելու համար... հունիսին Իսպանիա եմ գնալու... Նոր տարուն մենք Վիեննայում էինք, իսկ ես հրավերք ունեմ Լոս Անջելեսից...», եւ այսպես շարունակ: Իրավիճակն այնպիսին էր, որ դու քո ստատուսով կարծես թե ազատ մարդ ես, ձերբակալված չես, շուտով եւ համալսարանավարտ ժուռնալիստի դիպլոմ կստանաս, բայց դու, այնպես, ինչպես ասենք «Շերեմետեւո» օդանավակայանի բեռնակիրը չի կարող իր բեռը անցկացնել չեզոք զոնայից այն կողմ, դու էլ պետք է նրա նման կանգնած մնաս. կարմիր գծից անդին ճամփան քեզ համար չէ:

- Իսկ ի՞նչ կա էս սարից էն կողմ, էն սարից էլ էն կողմՙ հեռո՜ւ-հեռո՜ւ-հեռո՜ւ...- ինքս լսեցի իմ ձայնը:

Աղջիկը շատ ինքնաբուխ ձայնակցեց.

- Գնանք, թռչենք այս բալկոնից ու այս լուսնե արահետով գնա՜նք, գնա՜նք, գնա՜նք մինչեւ աշխարհի վերջը...

Ու մենք զգալի մոտեցանք իրար...

Այդ պահին սրահի դուռը լայնակի բացվեց եւ պատշգամբ դուրս եկան Սեւակը, Կանչելին, Գրիշան, Ավետ Տերտերյանը, քանդակագործուհի Թերեզան, Յուրան... Ու փոքր սեղան դրվեց այդտեղ, քանզի ներսը տոթ էր եւ շատ էին ծխել: Ծխում էին նաեւ բոլոր կանայք: Զվարթ զրույցը գնում էր եռալեզու. հայերը հայերի հետ խոսում էին հայերեն, վրացիները վրացիների հետՙ վրացերեն, եւ բոլորը միասինՙ ռուսերեն:

Բնականաբար, կենացների մեծ մասն ուղղված էր Գրիգոր Հախինյանին, օրվա հոբելյարին:

- Ես գիտեմՙ ձեզ անվանել են Опасный Гриша, որովհետեւ դուք հայտնի որսորդ եք, եւ վտանգ եք ներկայացնում կանանց համար,- մտերմաբար դիմում էր Գրիշային Գաբունիայի կինը:

- Ոչ, այդ կանայք են մեծ վտանգ ներկայացնում մեզՙ տղամարդկանց համար, փաստորեն մենք ենք նրանց որսի թիրախը...- զուր փորձում էր արդարանալ Հախինյանը:

- Իսկ ո՞վ է Ձեզ առաջինը կոչել Опасный Гриша,- շարունակվում էին հարցերը:

- Ռասուլ Համզատովը: Միասին Լեհաստանում էինք, մի պատվիրակության կազմում, զգուշացնում էր լեհուհիներին, որ ուշադրությունը իր կողմը շեղի:

- Պարույրը, ասում են, հրաշալի պոեմ է գրել Կոմիտասի մասին, հրաշալի թեմա է, եւ ինչո՞ւ դուքՙ հայ կոմպոզիտորներդ, մի օպերա չեք գրում Պարույրի պոեմի հիման վրա,- լսվեց Կանչելու առաջարկը:

Սեւակն ասաց.

- Էդգար Հովհաննիսյանը արդեն երկու տարի խոստացել է գրել նման օպերա: Ես սպասում եմ:

- Ա՛յ, եթե ես հայ լինեի, կգրեի,- շարունակում էր Կանչելին:

Կանայք վրա տվին.

- Գրեցեք, Գիա, հրաշալի համագործակցություն կստացվի:

Կանչելին առարկեց.

- Ոչ, այ, Սայաթ-Նովայի մասին գուցե գրեի, բայց Կոմիտասի մասին հայը պետք է գրի:

- Իսկ հայը, օրինակ, գրում է Թիֆլիսում ապրած եւ մահացած հայտնի հեղափոխականի մասին: Ես նկատի ունեմ, որ Գրիգոր Հախինյանը արդեն երրորդ տարին է օպերա է գրում Կամոյի մասին,- ի պաշտպանություն հայ կոմպոզիտորների, ասաց Էմին Արիստակեսյանը:

- Եթե այս տեմպերով նա աշխատի, Կամոն այդպես էլ օպերային բեմ չի բարձրանա,- դժգոհեց կոմպոզիտորի կինը:

- Ոչինչ, ոչինչ, այդ դեպքում դա կլինի օպերաՙ «Կամոյի երազը»,- զվարթ պատասխանեց Գրիշան:

Ի դեպ, ասենք, որ Հախինյանի օպերան ավարտվեց եւ հաջողությամբ մայր բեմ բարձրացավ:

Եվ ես մտածեցի. եթե մեր կոմպոզիտորները գրող լինեին, թող Իսահակյանի «Լիլիթի» համար բալետ գրեին, ախր երաժշտությունը ինքնին թաքնված է այդ լեգենդի տողերում:

...Եվ էլի բաժակաճառեր, սիրո երդումներ, նորանոր կենացներ: Գինին իսկապես հոյակապ էր, ուղիղ Խվանչկարա գյուղից, հիշեցնում էին մեզ վրացիները:

Զիզին պատշգամբի մյուս ծայրին էր հայտնվել, ուր Յուրան նրան ինչ-որ մի երկար պատմություն էր պատմում: Նա ինձ մեղմ ժպտաց, ես հայացքս տարա դեպի լուսնե արահետը, որով մենք այդպես էլ չբարձրացանք լեռն ի վեր...

Իսկ մեր հավաքատեղից ընդամենը մեկ բլրակ վեր այս ուշ ժամին անվրդով ննջում էր նա, ում հետ պիտի անցնեի լուսնե այդ արահետով...

***

Մայիսի երեքին, ժամը 12-ի կողմը Սեւակը չկար, մի քիչ սպասեցի, չկար նաեւ ճաշարանում, որոշեցի բարձրանալ նրա 7-րդ կոտեջը: Երբ հասա մուտքի մոտ, տեսա մի նոր «Վոլգա-24» ավտոմեքենա է կանգնած փայլուն կողերով եւ ավտոյի թափքից ինչ-որ արկղներ են հանում: Աչքիս դիպան այն օրերին մեծ դեֆիցիտ մոսկովյան «Մոսկովսկի» կանաչավուն պիտակով օղու շշերը, էքսպորտային կատարմամբ: Յուրաքանչյուր արկղում 12 շիշ, ուրեմնՙ 24 շիշ: Սեւակը ծրագրում էր մնալ մինչեւ մայիսի վերջերը... Այդտեղ երեւաց գրող-լրագրող Արտաշես Քալանթարյանը, որը բավականին լայն ընկերական շրջապատ ունեցող մարդ էր: Ակտիվ եռուզեռի մեջ էր: Երեւաց եւ Սեւակը:

Ծանոթացրեց ինձ Քալանթարյանի հետ եկած, հավանաբար ավտոյի տիրոջ հետ.

- Արիսն է, ճանաչիր, Երեւանի Գուտապի խանութներից մեկի տնօրենն է: Էս էլ Ավիկն է, որ փարատում է իմ մենությունը Դիլիջանում:

Արիսն իր հերթին, Քալանթարյանից ոչ պակաս ակտիվությամբ, մեքենայից նոր բարիքներ էր հանում: Ես հասկացա, որ այսօր, երեւի եւ վաղը Սեւակը «Բաժակ» գնացողը չէ, եւ գնացի իմ գործինՙ երեւան բերելու թուրքերի եւ նեմեցների հանդեպ Վարպետի ատելության նոր փաստեր:

Փառք Աստծո, գործը լավ առաջ էր գնում, մի քանի օրից կվերջացնեի եւ ամսի 6-ին հանգիստ ետ կգնայի:

***

Կյանքը գնում էր իր հունով:

1967 թվականի հոկտեմբերի 17-ին լրացավ տասը տարին, որ Վարպետը չկար: Հիշեցին, որ դեռեւս տասը տարի առաջ որոշում էր կայացվել, որ Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտը ձեռնամուխ պետք է լիներ Իսահակյանի երկերի գիտական (ակադեմիական) հրատարակության իրականացմանը: Ճիշտն ասածՙ ժամանակինՙ 1963-1964 թթ., երբ Գրականության ինստիտուտի տնօրենը դեռ պրոֆեսոր Գուրգեն Հովնանն էր, մեր տանը Արամ Ինճիկյանի ղեկավարությամբ ամեն օր տեքստաբանների մի խումբ (ներկայումս կա այդ խմբի ակտիվ աշխատակցուհիներից մեր Անահիտ Վարդանյանը) սկսել էր աշխատանքը Վարպետի ակադեմիականի ուղղությամբ, մշակում, դասդասում էին ձեռագրերը, պատրաստում էին ապագա ակադեմիականի հատորների ծրագիրը: Եվ տատիկս շա՜տ ոգեւորված էր ու ինչքան կարող էր օգնում էր խմբի աշխատանքներին: Իր ձեռքով կաթով սուրճ էր պատրաստում, մայրս էլ` խմորեղեն: Բոլորն էլ գիտեին, որ ազգօգուտ գործ է արվում: Երբ սկսեցին այդ աշխատանքները, ես հազիվ 19 տարեկան էի եւ չնայած լավ կարդում էի պապիս ձեռագրերը, բայց մեր գիտնականները մի տեսակ խանդով էին նայում այն հանգամանքին, երբ տատս կանչում էր, թեՙ Ավիկ, Ավի՛կ, եկ տե՛ս ինչ է գրել Ավետիքը, տե՛ս ինչեր է ասում թուրքերի մասին... Եվ երբ մոտենում էի սեղանին, նրանց թվում էր, թե իրենց «աշխատանքին», որ բացառիկ գաղտնի բնույթ ունի, կարող է տեղյակ լինի մեկը, որը չուներ այդ արտոնությունը: Եվ փոքր-ինչ շփոթմունք էր տիրում այն տիրույթում, ուր փռված էին պապիս ձեռագրերը... Դե, իսկ ձեռագրերը խոսել չգիտեին, բայց օժտված էին համբերությամբ, որ կգա պահը, եւ Ավիկը մոտիկ կգա... Երեւի ինստիտուտի տնօրենությունը ցուցում էր տվել, թե այնպես արեք, որ Վարպետի գրածների բովանդակությունը ձեզանից բացի մարդ չիմանա: Թեեւ թույլտվությունը ընդհանրապես Ավետիքի ձեռագրերը ուսումնասիրելու առնչությամբ այդ խմբին տատս էր տվել, սակայն այդ մասին «մոռանում էին»: Եվ երբ նրանք գնում էին, ես եւ տատս նստում, երկար նայում, կարդում էինք միմյանց իմաստուն կտորներ եւ զարմանում. արդեն 7 տարի է, որ Վարպետը մահացած էր, մի՞թե չէր կարելի մի հատոր նրա անտիպներից տպագրել: Արամ Նիկիտիչն ասում էրՙ դեռ շուտ է, այ, մի քանի տարուց... Եվ մի բան, որ ուշանում է, ժամանակին չի արվում, հետո ավելի չարագուշակ բնույթ է ստանում: Ռազմաճակատից եկած եւ ապա 10 տարի Գրականության ինստիտուտում աշխատած Հովնանին 1954 թվականին նշանակում են ինստիտուտի տնօրեն եւ ուղիղ տասը տարի նա մնաց այդ պաշտոնում: Հարկ է ասել, որ Հովնանի օրոք տպագրվել են ինստիտուտի լավագույն հրատարակությունները, մանավանդ հայ դասականների ակադեմիական հատորների գծով: Հենց Հովնանն էլ նախաձեռնեց Իսահակյանի ակադեմիականը: Սակայն 1964 թվականին նշանակեցին Գրականության ինստիտուտի նոր տնօրեն` Վաչե Նալբանդյանին, նույնպես պատերազմի բովով անցած, սակայն հետագայում ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատող, որն, ի դեպ, լինելով Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, իր դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Թիֆլիսում, քանզի նրա դոկտորականի առաջին պաշտպանությունը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի գիտխորհրդում տապալվեց, թեեւ քվեարկողների մեծ մասը նախօրոք իրեն շնորհավորել էին` այդ շրջանում նաեւ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալին: Ուստիեւ ակադեմիական ինստիտուտի տնօրենը, թողած այն գիտխորհուրդը, որն ինքն էր ղեկավարում, գնում է ատենախոսություն պաշտպանելու հարեւան Վրաստանում:

Մի խոսքով, կարճահասակ Հովնանին փոխարինեց բարձրահասակ Նալբանդյանը: Վերջինս էլ, քանի որ իր թեկնածուական դիսերտացիան գրել էր «Սովետական պատմավեպը եւ Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը»» թեմայով (կարծես թե պատմավեպը կարող է լինել կապիտալիստական կամ դեմոկրատական), որոշեց կանգնեցնել Իսահակյանի ակադեմիական հրատարակության խմբի աշխատանքները եւ փոխարենը ձեռնամուխ լինել Դեմիրճյանի ակադեմիականին: Նալբանդյանը կուսակցական ցենտրալիզմի հրաշալի գիտակ էր: Շուտով գտնվեց Վարպետի ակադեմիականի դադարեցման պատրվակը: Հարիր չէ, որ գիտական խումբը աշխատեր տնային պայմաններում, թեկուզ այդ տունը Վարպետինն էր եւ այդտեղ էր բանաստեղծի ողջ արխիվը: Պետությունը աշխատավարձ է տալիս, սակայն աշխատում են մասնավոր անձի առանձնատանը. մինչեւ բոլոր ձեռագրերը չկոմպլեկտավորվեն պետական հարկի ներքո, մինչեւ չիմանանք, թե ինչ է գրել Վարպետը իր «թափառ կյանքում» եւ ինչ է պատրաստվում տպագրել Ինճիկյանի խումբը, ինչպե՞ս կարելի է նման գործունեությունը շարունակել: Թե չէ սա ընդհատակյա աշխատանքի պես մի բան է: Իսկ եթե մի նամակ կամ այլախոհ բանաստեղծություն ընկնի դաշնակցական մամուլի ձե՞ռքը: Ու այս հարցը, որպեսզի օրինական լուծում ստանա, դրվեց Գրականության ինստիտուտի գիտխորհրդի նիստի, որը տեղի ունեցավ 1966 թվականի աշնանըՙ բրեժնեւյան «լճացման» սկզբնական շրջանում: Ինձ էլ էին հրավիրել: Որպես հնարավոր տարբերակՙ մեզ ասում էինՙ Վարպետի ձեռագրերը պահ տվեք մեզ, ենթադրենք մի հինգ տարով, հետո այն մենք ձեզ կվերադարձնենք: Ինչպե՞ս կարող էինք մենք համաձայնվել ոչ իրավաբանական հիմք ունեցող նման մի առաջարկի հետ: Այն, որ տատս աչքի լույսի պես պահել էՙ վտանգի ենթարկելով իր կյանքը, մի քանի անգամ անցկացրել ռուսական միապետության սահմաններով, եւ հետոՙ այն տարիներ շարունակ սրբություն է եղել մեր օջախում, ինչպե՞ս հանձնես բախտի քմահաճույքին:

Բնական է, մերոնք չհամաձայնվեցին: Դրությունը «պատային» էր:

Ինչպես ասացի, Իսահակյանի ակադեմիականի վերաբերյալ որոշվեց ինստիտուտի գիտխորհրդի ժողով հրավիրել, եւ ինձ էլ էին կանչել: Ես չեմ վերապատմի ժողովն ամբողջությամբ, միայն կբերեմ հատվածներ Սեւակի ելույթից.

«Մի պրորաբի մեկ տարում թալանածին հավասարարժեք գումարը ի՞նչ է, չե՞նք կարող հատուցում տալ Իսահակյանների ընտանիքին: Աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկի ձեռագրերը գին չունեն, ինչի՞ մասին է խոսքը, ամոթ չէ՞, մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ:»

Սեւակը խոսում էր մեծ պոռթկումով, զայրացած.

«Քիչ է, որ Վարպետի մահից հետո մենք մի տող չենք տպել նրա անտիպ գրվածքներից, անհայտության մեջ է դեռ նրա «Ուստա Կարո» վեպը, ինչպես կար, այսօր էլ մնում են անտիպ նրա ձեռագիր գանձերը: Հայ ժողովուրդը սպասում է Վարպետի երկերին, իսկ մենք շուկա ենք սարքելՙ այսքան տա՞նք, թե՞ չտանք, տա՞նն աշխատեն, թե՞ թանգարանում: Ինչո՞ւ ձեռագրերը պետք է լինեն պետական վերահսկողության տակ: Վարպետը նոր բան հո չէ՞ր գրելու, ինչ կա` սա է... Ի՞նչ է, վերջապես, մենք Գրականության ինստիտո՞ւտ ենք, թե՞ ֆինանսների նախարարություն: Մենք պետք է պահանջենք, որ պետությունը ձեռք բերի Վարպետի ձեռագրերը, եւ մենք պետք է տպագրենք դրանք եւ տպագրենք անհապաղՙ հենց այս տարի, հենց այս ամիս, հենց վաղվանից»:

Այս խոսքերը ես բերում եմ ոչ միայն հիշողությամբ, ազդված մեծ գրողի ելույթից: Ես դրանք հենց նույն օրը գրի եմ առել: Այդ ժողովի մասնակիցներից, փառք Աստծո, այսօր կան ակադեմիկոսներ Սերգեյ Սարինյանը, Արամ Գրիգորյանը, Սարգիս Հարությունյանը, գրականագետներ Քնարիկ Տեր-Դավթյանը, Հասմիկ Աբեղյանը, Ալմաստ Զաքարյանը (որն, ի դեպ, նույնպես մի կրակոտ ելույթ ունեցավ Վարպետի ակադեմիականի տպագրման անհրաժեշտության մասին), այնպես որ, իմ խոսքերը կարող են գործընկերներս լրացնել:

Բոլորը, բոլորը կողմ էին, բայց եղավ հակառակը, այսինքն` ի վնաս Վարպետի: Կա՞ արդյոք այնպիսի մի երկիր, ուր անցնի ոչ թե մեծամասնության, այլ` տնօրենի տեսակետը. այո, կա՛ր այդպիսի երկիր, եւ դա «հաղթանակած սոցիալիզմի» երկիրն էր:

...Եվ ինչքանո՞վ էր պատշաճ, որ Իսահակյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին տպագրության իջան նրա կրտսեր ընկերոջՙ Դերենիկ Դեմիրճյանի ակադեմիականի հատորները: Արժեքների սուբորդինացիայի նման խախտում առաջին հերթին չէր ողջունի հենց ինքը` իմաստուն Դերենիկ Դեմիրճյանը...

Երբ ժողովն ավարտվեց, ես մոտեցա Պարույր Սեւակին եւ սրտանց շնորհակալություն հայտնեցի.

- Թեպետ այսքան մարդ կար, բայց ոչ մեկի սիրտը, բացի ձեզնից, չի ցավում: Ամենաթունդը, ազդեցիկը ձեր ելույթն էր:

Սեւակը դառը ժպտաց.

- Է, գիտես, Ավիկ ջան, մի բան կփոխվի՞: Էլի պատը կմնա պատ, Կպակասի մի լավ ճակատ,- ու գլուխը տանելով նախագահության կողմըՙ ասաց ռուսերեն.-«Он еще много дров наломает»...

Գիտե՞ր արդյոք Սեւակը այս խոսքերը արտաբերելիս, որ չորս տարի անց Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամի ընտրություններին տեղի կունենար աղաղակող անարդարություն, իբր թե փակ-գաղտնի ընտրությունների արդյունքում Պարույր Սեւակին գերազանցել էր նրա նոմենկլատուրային ախոյանըՙ նույն ինքը Վաչե Նալբանդյանը...

***

Մեծն Կոմիտասի 100-ամյակից երեք տարի առաջ լույս տեսավ «Անլռելի զանգակատուն» պոեմըՙ Գրիգոր Խանջյանի գերազանց ձեւավորումներով եւ մի նոր աստիճանի բարձրացրեց հեղինակի անունը: Սեւակն իր քաղաքացիական խիզախությամբ ու մաքրությամբ կուռք էր դարձել հայրենյաց երիտասարդության համար:

1969 թվականի սկզբներին «Գրական թերթում» (N 9) լույս տեսավ Սեւակի «Թումանյանի հետ» հոդվածը, որ գրված էր մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին ընդառաջ:

Աբովյան փողոցով անցնելիս, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց տեսա Սեւակին: Ջերմ բարեւեցինք: Երեւի տարուց ավելի չէի տեսել:

- Պարույր Ռաֆայելովիչ, այդ ի՜նչ հոյակապ հոդված էիք գրել Թումանյանի մասին: Ա՛յ այսպիսին պետք է լինի ստեղծագործողի գնահատականը, թե չէ մերկապարանոց հայտարարություններ են անում...

- Ե՞րբ է Իսահակյանի 100-ամյակը:

Ես ասացի.

- Վեց տարուց, 1975 թվին...

- Ուրեմն մի փոքր սպասիր, տե՛ս ի՜նչ հոդված եմ գրելու Իսահակյանի մասին, - եւ մի փոքր լռելուց հետո ավելացրեց,- ախր նա՛ է իմ պոետը, գնալով ես դրա մեջ ավելի եմ համոզվում, նա՛ է իմ պոետը...

- Կսպասեմ անհամբեր:

- Չէ, երեւի ավելի շուտ կգրեմ, թող անցնի թումանյանական տարին, եւ ես իմ ասելիքս ի հայտ կբերեմ Վարպետի մասին:

Հրաժեշտին հարցրեց.

- Ինչո՞վ ես զբաղվում:

- Սովորում եմ Մոսկվայում, Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում:

- Հայեր շա՞տ կան ինստիտուտում:

- Ինձանից բացի Աշոտ Սահրադյանը, Հենրիկ Էդոյանը եւ Արտեմ Հարությունյանը:

- Հա, հա, գիտեմ, առաջինը ինձանից մի քանի բան է թարգմանել, իսկ մյուս երկուսը «նոր ալիքի» շնորհալի բանաստեղծներ են, ունեն իրենց ասելիքը, տեսնենք ինչ դուրս կգա... Դե լավ է, որ Մոսկվայում, նման հեղինակավոր ինստիտուտում եք սովորում, շատ բան կշահեք:

- Պարույր Ռաֆայելովիչ, ամեն անգամ Մոսկվայում Գրականության ինստիտուտի մոտով անցնելիս ձեզ եմ հիշում: Մոսկվան իրո՞ք օգտակար եղավ ձեզ համար:

- Այո, շա՛տ, մարդ չի կարող նույն թավայում երկար տապակվել, եւ այն էլ ասեմՙ ռուս նոմենկլատուրային չինովնիկը աչքիս այնքան ատելի չէ, որքան մերըՙ տեղականը:

- Դե, օտարի վատը մեր սրտին չի դիպչում: Նավահանգիստ ենք մտել, օրը կգաՙ մեր նավը դուրս կբերենք, իսկ տնից ո՞ւր դուրս գաս...

- Երեւի դրա համար են մեզ այսպես պինդ բռնած պահում: Ասում ենՙ Վարպետն էլ невыездной էր...

Երբ մենք խոսում էինք, ընդամենը տասներկու տարի էր, որ Վարպետը չկար, եւ ես հայացքս վեր հառելով Ֆիլհարմոնիայի շենքին, փոքր-ինչ շեղվելով մեր թեմայիցՙ ասացի.

- Պարույր Ռաֆայելովիչ, մենք կանգնած ենք այն շենքի շեմին, որը եղավ Վարպետի կյանքի վերջին երկրային կանգառը:

- Ինչպես թե չէ, լավ հիշում եմ... ես եղել եմ մեկը, որ իր ուսերի վրա տարել է Վարպետի աճյունը այս դահլիճից մինչեւ բեռնատարի թափքը, հետո էլ մի կերպ գցեցի ինձ այդ նույն մեքենայի թափքը եւ ամբողջ ճամփին, մինչեւ Կոմիտասի այգի, ընթացել եմ ձեռքս դրած նրա դագաղին:

Ավետիք Իսահակյանի թանգարանում պահվում է այդ պատմական լուսանկարըՙ Սեւակը բեռնատարի թափքին, Վարպետի դագաղի մոտ...

Սա մեր վերջին հանդիպումը չեղավ: 1971 թվի հունիսի 1-3-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության 6-րդ համագումարը: Արտաքինից իշխանությունները իբր գրականությանը մեծ տեղ էին հատկացնում: Համագումարն իր աշխատանքները անց էր կացնում ՀԽՍՀ կառավարության շենքի Սովետների նիստերի դահլիճում (ուր հիմա ամեն մի ինքնաստեղծ կուսակցություն կարող է իր համագումարն անցկացնել):

Մենքՙ որպես գրականության բնագավառի երիտասարդ հետեւորդներ, հրավիրատոմս էինք ձեռք բերել: Ասում էինՙ Սիլվայի եւ Պարույրի կողմից թունդ ելույթներ են լինելու: Դա այն շրջանն էր, երբ շատ սուր էր դրված միութենական հանրապետություններում (մանավանդ Վրաստանում եւ Հայաստանում) ազգային լեզուների հարցը: Սուսլովը եւ նրա յուրայինները պահանջում էին, որ խորհրդային քաղաքացու անձնագրում չնշվի ազգային պատկանելության պարագան, պարզապես գրվի ազգության դիմացՙ ՍՍՀՄ քաղաքացի, եւ առաջին լեզուն բոլորի համար համարվի ռուսերենը: Առաջինը վրացիներն էին բողոքի ձայն բարձրացրել եւ սպասվում էր, որ նրանց պատվիրակությունն էլ այդ մասին պիտի խոսի, եւ հետո նրանց իր ելույթով ձայնակցեց Սիլվա Կապուտիկյանը, որ խոսեց նաեւ Հայաստանում աղետալի չափերի հասած կոռուպցիայի երեւույթի մասին: Վրացիները մեծ հավանություն էին տալիս Սիլվայինՙ համարելով նրան ամենահամարձակը հայ գրողներից: Սեւակը երկու թե երեք օր լռում էր, սակայն ծայրահեղ նյարդացած էր երեւում, ինչպես ասում էր ժողովուրդը` «Սեւակը կարծես ավելի սեւացել էր»... Վերջին օրը խոսեց եւ շատ զուսպ ու հակիրճ արտահայտեց իր դիրքորոշումը, որ ինքը հոգնել է հասարակական բնույթի, ոչ գրողական աշխատանքներից, որ 1970 թվականից ինքը հրաժարվեց ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ լինելուց (ընտրվել էր 1967 թվականին, Հայաստանին տրված մշակութային գործչի քվոտայով, եւ այդ «երանելի» մանդատը 1970 թ. կրկին հանձնվեց «Գյուլնարա» եւ «Իսպանիայի պատանի հերոսները» գրքերի հեղինակ Գեղամ Սարյանին, ըստ էության անվնաս մի մարդու, որը շատ հարմար էր խորհրդային դեպուտատ տրագիկոմիկ հասկացողությանը), որ ներկայումս խնդրում է իրեն չառաջադրել ՀԳՄ վարչության կազմում, ինչպես եւ նախօրոք հրաժարվում է ընդգրկվել Գրողների համամիութենական համագումարին Մոսկվա մեկնելիք պատվիրակության կազմում:

Սեւակը փաստորեն դուրս էր գալիս իրեն զոռով հրամցրած խաղի կանոններիցՙ ո՛չ ՀԳՄ քարտուղար, ո՛չ միութենական Գերագույն խորհրդի դեպուտատ, ո՛չ համամիութենական գրական ֆորումի մասնակից... Նա շատ ռեալ հասկացնել տվեցՙ դուք ձեզ համար, եսՙ ինձ համար... Նրան ձեւական արտոնություններ պետք չէին: Նա ուզում էր տերը լինել իր արածի: Դեռեւս 1967 թ. պաշտպանել էր ատենախոսությունըՙ նվիրված Սայաթ-Նովային, իսկ համամիութենական ԲՈՀ-ը հայաստանյան իր գործակալների աջակցությամբ խոչընդոտում էր նրա գիտական աստիճանի հաստատմանը: Եվ միայն 1970 թ. ԲՈՀ-ը հաստատեց Սեւակին բանասիրության դոկտորի գիտական աստիճանի շնորհումը: 1969 թվականին Պետհրատի ծրագրից անձամբ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանի կարգադրությամբ հանվեց «Անլռելի զանգակատան» երկրորդ հրատարակությունը, եւ կոմիտասյան հոբելյանն անցավ առանց Սեւակի գլուխգործոցային պոեմի նոր հրատարակության: Ստեղծագործական վերջին տարիների հանրագումարային «Եղիցի լույս» գիրքը փաստորեն դրվեց կալանքի տակ:

Բանաստեղծի համար նույնը չէ՞րՙ իրե՞ն ձերբակալեին, թե՞ իր գիրքը: Երկու տարի կրկին ծանր սպասողական վիճակ եւ վերջապես վերջին կաթիլը համբերության, երբ 1971 թ. տարեսկզբին ինքը հաղթանակեց Ակադեմիայի ընտրություններում, սակայն ընտրության արդյունքները, ինչպես ծուռ հայելիների թագավորությունում, ցույց տվեցին ուրիշի հաղթանակը: «Անլռելի զանգակատուն» պոեմի եւ «Սայաթ-Նովա» մենագրության հեղինակը, այնպիսի անհատականություն, որ ծնվում է 100 տարին մեկ, չարժանացավ ազգային ակադեմիայի անդամ լինելու...

Այո, այսօր արդեն շատ բան չի հիշվում, եւ դրա համար ենք մենք գրում, որ չմոռացվեն 40-50 տարի առաջ արված սեւ գործերը: Մենք պիտի հիշենք, որ դրանք չկրկնվեն:

Չանախչիից Թբիլիսի գնացող մեքենայի ճամփին պարտադիր չէր մարդասպան ուղարկել, բավական էր խենթացնել, կատաղության եզրին հասցնել հենց վարորդին: Մնացածը անխուսափելի էր, ինչպես դա եղավ Պարույր Սեւակի դեպքում:

***

Իր հիսունամյակի բանկետին «Արմենիա» ռեստորանում Սեւակը հրավիրել էր մի հրաշալի ընկերություն: Սեղանի գլխինՙ պատվավոր տեղը հատկացված էր Եղիշե Չարենցին: Հետո հերթականությամբ նստած էին Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Սիմոն Հակոբյանը, Եղիա Չուբարը, Մկրտիչ Ջանանը, Պողոս Մակինցյանը, Կարեն Միքայելյանը եւ Գավրոշը: Եվ տա Աստված, որ այս ցուցակը շարունակություն չունենա... Գոնե մեր օրերում: Նրանք մեր այս հանցագործ աշխարհից գնացին ոչ հոժարակամ, նրանցից ոչ մեկը իր կյանքում դույզն-ինչ մեղք չէր գործել, որ արժանանար նման արեւամուտի:

Բայց այդ օրը` 1974 թ. հունվարի 26-ին նրանք հավաքվել էին իրենց բախտակից ընկերոջՙ մեծ բանաստեղծի 50-ամյակին: Երեւանի սրտումՙ մեր հանրապետության կենտրոնական հրապարակում խոյացած «Արմենիա» հյուրանոցում: Գուցե Սեւակը կուզենար այդ երեկոյին հրավիրել եւ իր ընկեր գրողներին, նկարիչներին, կոմպոզիտորներին, իր սիրած ու դեռեւս չսիրած կանանց, բայց նա այդ հնարավորությունը չուներ, եւ իրավունքն էլ չուներ անդիի աշխարհ կանչելու...

Ուստիեւ այդ հավաքը, որ տեղի էր ունենում կեսգիշերին` «Արմենիա» հյուրանոցում, ինչքան էլ Երեւանը ողողված լիներ կրակներով ու լույսերով, մթի մեջ էր, այստեղ կարելի էր անգամ Համլետի հոր ուրվականին հանդիպել, այնտեղ ժամանակը դուրս էր եկել իր ափերից եւ հոսում էր դեպի հավերժություն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.