AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-26 > #002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013



Գրախոսական

Տեղադրվել է` 2013-02-22 23:27:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2040, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 101

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ. ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ, ԴՐՈՇՆԵՐ, ՊԱՐԳԵՎՆԵՐ»

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ, պատմական գիտությունների դոկտոր

(կազմող եւ գլխ. խմբագիրՙ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյան, Երեւան, 2012) աշխատության մասին

Եթե խորհրդային տարիներին հայկական ազգային խորհրդանշանների նկատմամբ վերաբերմունքը էապես սահմանափակված էր գաղափարախոսական դրույթներով, եւ այդ թեման առավելապես տարաբնույթ կոլեկցիոներների հետաքրքրությունների ոլորտումն էր, ապա ներկայումՙ պայմանավորված, թերեւս, անկախ պետականության վերականգնման փաստով, երբ շեշտադրումները ազգային թեմատիկայի ուղղությամբ ավելի ու ավելի են խորանում, զուտ հետաքրքրասիրությունը տեղի է տվել ազգային անցյալի իմացության, նորանոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկության: Սրա դրսեւորումներից է հայկական խորհրդանշանների գիտական քննությանը նվիրված, դրանց համեմատաբար լայն կիրառմամբ ստեղծված տարաբնույթ աշխատությունների լույս աշխարհ գալը, որոնց թվում հատկապես արժանահիշատակ են Ռաֆայել Մաթեւոսյանի «Հայկական զինանշաններ» մենագրությունը (2002), «Մեր հաղթանակները» (սկսած 2008-ից) եւ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» շարքերը (սկսած 2009-ից) եւ այլն:

Խորհրդանշանները մաս են կազմում գիտության եւ արվեստի խաչմերուկում գտնվող եւ ավելի լայն ընդգրկում ունեցող «պատկերագրության» ճյուղի: Մարդկային գործունեության տարբեր բնագավառներում պատկերների միջոցով տեղեկատվության, հիշողության գրանցման, պահպանման ու փոխանցման միջոցը հայտնի է հնուց անտի, եղել է բավականին արդյունավետ եւ գործածական է մինչ օրս: Պատկերագրության հայտնի մասնագետ Թոմաս Միտչելի համոզմամբ, «Խոսքային ներկայացումը չի կարող ներկայացնել, այսինքնՙ ներկա դարձնել իր օբյեկտը նույն ճանապարհով, ինչ տեսողականը: Այն կարող է հիշատակել օբյեկտը, նկարագրել այն, դիմել նրան, սակայն երբեք չի կարող ներկայացնել նրա պատկերը մեր առջեւ նույն կերպ, ինչ նկարներն են անում: Բառերը կարող են «վկայակոչել» (cite), բայց ոչ երբեք «տեսնել» (sight) իրենց օբյեկտները»: Զուր չէ ասված անգլո-ամերիկյան մի դարձվածքում, որ «պատկերը հազարավոր բառերից ավելի խոսուն է» (a picture is worth a thousand words): Այսինքն, մատուցվող նյութը դառնում է շատ ավելի ընկալելի եւ հիշողության մեջ դրոշմվող, եթե այն ուղեկցվում է համապատասխան պատկերներով ու, մասնավորապես, խորհրդանշաններով: Ահա այս տեսանկյունից գրախոսվող աշխատանքը հայ եւ, մասնավորապես, հայաստանյան իրականության մեջ իմի բերված ձեւով ներկայացված պատկերագրական նյութի բազմազանությամբ, հարստությամբ եւ համահավաքությամբ հավակնում է լինել, թերեւս, առաջինը:

Աշխատանքը բաղկացած է քսան բաժիններից, ուր ներկայացված են հայկական զինանշանները, դրոշները, պետական եւ ազգային խորհրդանշանները հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Բաժինների առանձնացումը լոկ ժամանակագրական սկզբունքով չէ. առկա հարուստ նյութը կազմողին թույլ է տալիս առանձնացնել նաեւ թեմատիկ խմբեր, ինչպես օրինակՙ «ռազմի եւ հաղթանակի», «կորստի եւ վերածննդի» խորհրդանշաններ եւ այլն: Խորհրդանշանների պատկերներով էջերը ուղեկցվում են համառոտ բացատրագրերով, իսկ պատկերներից յուրաքանչյուրն ունի հստակ բնութագրերՙ անվանում, հնագիտական գտածոների հայտնաբերման վայր, ժամանակաշրջան, հաճախ նաեւՙ պահպանության վայր: Աշխատանքի կազմողը ոչ թե սոսկ ժամանակաշրջաններին համեմատ իրար կողք է դնում հայտնի ու նորահայտ զինանշանները, այլ նաեւ դիտարկում է որոշակի թեմաների առաջացման եւ զարգացման գործընթացը: Այդպիսիների շարքում են, օրինակ, երկառյուծ պատկերները, ռազմիկները, կենդանակերպ եւ դիցաբանական ֆիգուրները, ցլապատկերները, որոշակի զինատեսակները, կենաց ծառի եւ արծվի պատկերները, կեռխաչերը եւ այլն: Խորհրդանշանները ներկայացված են ոչ միայն իրերի լուսանկարներով, այլ նաեւ բարձրորակ գծապատկերներով, դրանցՙ գործողության մեջ գտնվելը ցուցող վերակազմություններով: Բացատրագրերը, որպես կանոն, համեմված են հայ եւ օտար պատմիչներից (Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, Եղիշե, Փ. Բուզանդ, Պ. Կեսարացի, Հ. Դրասխանակերտցի, Թ. Արծրունի) բերված վկայություններով, ինչն ավելի հիմնավոր է դարձնում խորհրդանշանների մեկնաբանությունները:

Դատելով գրքում բերված պատկերներից, զինանշան-դրոշները հանդիպում են արդեն իսկ Վանի թագավորության շրջանում, իսկ այդ ժամանակներում տարածում գտած զինանշանների որոշ տարրեր հետագայում ներառվեցին հայկական իշխանատների եւ արքայական հարստությունների զինանշաններում: Հերալդիկ խորհրդանշաններով հատկապես տեղեկատու են Արտաշիսյան հայոց արքաների թագերի պատկերները, պակաս խոսուն չեն նրանց հատած դրամները, կնիքները, որոնք թույլ են տալիս ենթադրել Հայոց թագավորության պետական զինանշանների ինչպիսին լինելու մասին: Թերեւս անտիկ շրջանի հռոմեական հաղթադրամներում է առաջին անգամ կինը հանդես գալիս որպես Հայաստանի խորհրդանիշ, մի երեւույթ, որը, գուցե թե որոշ ընդհատումներով, գոյատեւում է մինչեւ մեր օրերը: Արշակունյաց թագավորների մինչքրիստոնեական շրջանի խորհրդանշաններն ու զինանշանները (ու հատկապես արծվի պատկերով խորհրդանիշը), թերեւս, սերտ առնչություն են ունեցել պարթեւական զինանշանների հետ: Այս շրջանից է, որ խորհրդանշանների աղբյուրագիտական հենքի մեջ սկսում է մեծ տեղ գրավել եկեղեցիների ու խաչքարերի վրա, մանրանկարչության մեջ հանդիպող նյութը: Քրիստոնեության ընդունումից հետո զինանշանային համակարգում տիրապետող են դառնում, մասնավորապես, խաչային հորինվածքները: Արքայական-պետական զինանշանների դրվագներ հանդիպում են Բագրատունյաց արքաների հագուստում, գրակալներում, նյութական մշակույթի տարաբնույթ առարկաներում: Նման խիստ հարուստ նյութ է հանդիպում հատկապես Կարս եւ Անի քաղաքների մշակութային ժառանգության մեջ: Հեղինակն անընդհատ հետամուտ է լինում գրքի առաջին իսկ էջերում վեր հանված եւ ողջ շարադրանքում «կարմիր թելի» նման անցնող թեմաների բազմապիսի դրսեւորումներին: Նշանակալի ուշադրություն է հատկացվում նաեւ առանձին իշխանական տների զինանշաններին, այդ կերպ ընդգրկումը դարձնելով համահայկական:

Հատկապես ուշագրավ է «Ռազմի եւ հաղթանակի խորհրդանշաններ» բաժինը, ուր դիտարկվում են ռազմական շքերթները, մարտադաշտ դուրս բերված դրոշների, զինանշանների պատկերները: Ճիշտ է, հայ մանրանկարչության, նաեւ հայ եւ համաշխարհային գեղանկարչության մեջ Ավարայրի ճակատամարտին վերաբերող պատկերները շատ ավելի ուշ ժամանակների են, բայց եւ այնպես որոշակի տեսողական նյութ են ներկայացնում ինչպես ճակատամարտի մասին պատկերացումների շուրջ, նույնպես եւ ժամանակաշրջանի ռազմի խորհրդանշաններիՙ հանդերձանքի, սպառազինության եւ այլ կարեւոր տարրերի մասին: Այստեղ եւս պատկերային բարձրորակ նյութըՙ վերցված շատ տարբեր հավաքածուներից, նպատակաուղղված շեշտադրումներով, երբեմն առաջին անգամ լայն շրջանառության մեջ դրվողՙ ուղեկցվում է համապատասխան բացատրագրերով:

Մի առանձին բաժին է հատկացված աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկիՙ Հայ առաքելական եկեղեցու պատկերագրական ու խորհրդանշանային հարուստ ավանդույթներին: Այս բաժնում իմի բերված նյութը նույնպես աչքի է ընկնում բազմազանությամբ. համադրված են ոչ միայն հայտնի, այլ նաեւ շատ քիչ հանդիպող պատկերներ, ինչն այս ժողովածուի կարեւորագույն եւ, այդ կերպ, այն եզակի դարձնող առանձնահատկություններից մեկն է:

Բաժիններից մեկը նվիրված է բյուզանդական եւ հայկական զինանշաններին, դրանց համադրությանը. բերված են հետաքրքրական տվյալներ Բյուզանդիայի հայազգի իշխանների ու արքաների, նրանց հատած դրամների, կնիքների ու դրանց վրա հանդիպող պատկերների մասին, Հայոց Գագիկ Բ արքայի քիչ հանդիպող պատկերներ բյուզանդական ձեռագիր մատյաններից եւ այլն:

Պատկերագրական հարուստ լուծումներով աչքի էր ընկնում Կիլիկյան Հայաստանի զինանշանային համակարգը, որը մեծապես ազդված էր խաչակիրների համանման հորինվածքային լուծումներից: Այստեղ կրկին հանդիպում է զույգ առյուծների, երկգլխանի արծիվների, ինչպես նաեւ «Կաթողիկե խաչի» թեման, բերված են շուրջ մեկ տասնյակ կիլիկյան քաղաքների եւ ամրոցների զինանշանները, կիլիկյան դրոշների վերակազմությունները: Համոզեցուցիչ ձեւով ցույց է տրվում, որ առյուծը («կարմիր առյուծը») Կիլիկյան Հայաստանի պետական զինանշանի հիմնական հերալդիկ կենդանին էր եւ պատկերված էր թագավորության դրոշների եւ հայ արքաների հատած դրամների ու զինանշանների վրա: Բազմաթիվ բնութագրական օրինակներով, որոնցից մի քանիսն առաջին անգամ է դրվում լայն շրջանառության մեջ, ցույց է տրված կիլիկյան հայկական զինանշանների եվրոպական (ապա նաեւ ռուսական) մեկնաբանությունները ինչպես կիլիկյան, նույնպես եւ թագավորության անկմանը հաջորդող ժամանակաշրջաններում:

Պատկերագրական բազմազան նյութով ծավալուն անդրադարձ է արվում հայ իշխանական տներիՙ Մամիկոնյանների, Պռոշյանների եւ Օրբելյանների, Կյուրիկյանների եւ Պահլավունիների, Զաքարյանների, Գնթունիների եւ Կամսարականների, Արծրունիների, Արցախի իշխանների ու մելիքների, հայ վաճառականների զինանշաններին: Պատկերագրական հարուստ ժառանգության ներկայացմամբ մեր առջեւ վեր է հառնում մի երկիր, որն իր հին թե միջնադարյան ազգային խորհրդանշանների համակարգերով, անգամ պետականությունից զրկված ժամանակներում, բնավ չի զիջում ժամանակի պետություններին, իսկ երբեմն էլ առաջնակարգ տեղ է գրավում որոշ թեմաների մշակվածության եւ ներկայացվածության առումով:

Նորույթային բազմաթիվ դրվագներով աչքի է ընկնում «Նոր դարաշրջանի խորհրդանշանները» բաժինը, ուր ներկայացված են հայկական դրոշների ու զինանշանների 18-19-րդ դարերում ստեղծված նախագծերի ու վերակազմությունների հետաքրքրագույն պատկերներ, նաեւ հայկական ծագմամբ եվրոպական ու ռուսական (Լորիս-Մելիքով, Արղությաններ, Սերեբրյակով, Դելյանովներ) ազնվականական ընտանիքների հերալդիկ խորհրդանշաններ: Այս կերպ, մասնավորապես, ընթերցողին քայլ առ քայլ ցույց է տրվում Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանի (ինչպես ամբողջության մեջ, այնպես դրա առանձին տարրերի) եւ եռագույն դրոշի հիմնավոր նախօրինակներ ունենալը (այդ մոտեցումը շարունակվում է նաեւ հաջորդող բաժնում. հմմտ հեղինակի համանման դիտարկումը էջ 249-ում): Մի քանի էջերում մեկտեղված են Ռուսական կայսրության հայաբնակ եւ հայաշատ քաղաքների զինանշանները: Բաժինն ավարտվում է հայկական զինանշանով եւ հայոց պատմության հերոսների պատկերներով 19-րդ դարասկզբի գործվածքի լուսանկարով. սրանում արտացոլված թեմատիկան լայնորեն տեղ է գտնում նույն դարի երկրորդ կեսի ազգային խորհրդանշանային համակարգում, որին ավելի մանրամասն անդրադարձ է կատարված գրքի հաջորդող հատվածներում:

Ներկայացված նյութերի հարստությամբ հատկապես աչքի է ընկնում 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանշաններին նվիրված դիտարկվող ժողովածուի ծավալով ամենաընդարձակ բաժինը, որը սկսվում է «Նշանակք Հայաստանեաց» խոսուն վերնագիրն ունեցող եզակի մի պաստառի պատկերով, ուր ներկայացված են հայկական տարաբնույթ զինանշաններն ու հատկապես այդ տասնամյակներին մեծ տարածում ունեցող «Մայր Հայաստանը»: Այս հարյուրամյակն աչքի էր ընկնում ազգային ինքնագիտակցության զարթոնքով եւ ազգայնական գաղափարների տարածմամբ, ինչն ակներեւորեն բերելու էր դրան թեմատիկորեն համարժեք խորհրդանշանների տարածմանը, դրանց մեծ ժողովրդականությանը: Բաժինը հարուստ է բացատրական տեքստերով, ինչպես նաեւ ՀՅԴ թանգարանի հավաքածուից վերցված մարդկանց եւ իրերի տարաբնույթ, բայց եզակի լուսանկարներով: Շատ խոսուն են հատկապես դրոշներն ու պաստառները, դրանց վրայի գրություններն ու պատկերները: Դեմոյանին հաջողվել է հետեւողականորեն հետամուտ լինել նյութի ըստ ամենայնի բացահայտման ու նաեւ անհրաժեշտ մեջբերումների օգնությամբ ժամանակաշրջանի բավականին ընդգրկուն պատկերի ստեղծման մեջ: Հեղինակը շատ ճիշտ է նկատում, որ «Ազգային թեմաներով ու պատմական հերոսների կերպարներով այդ բացիկները, պաստառները, դրոշմանիշներն ու թռուցիկները կարեւոր առաքելություն էին իրականացնում ազտագրական պայքարի գաղափարների տարածման գործում» (էջ 231): Հայդուկների, զինվորական ու կուսակցական, հասարակական ու քաղաքական գործիչների պատկերներով փոքրածավալ բացիկներն անգամ մարդկանց ներարկում էին ուժ, հավատ, զգացում, որ տեղական բնույթ ունեցող պայքարն անգամ մաս է կազմում շատ ավելի մեծ երեւույթի, որ իրենք միայնակ չեն կայսրության դեմ արդարացի ընդվզումներում, որ ունեն ղեկավարներ, հերոսներ, ում կարելի է եւ պետք է նմանվել, ում շուրջը կարելի է համախմբվել հանուն Հայրենիքի ազատագրման վեհ գաղափարների: Նույն գործառույթն էին իրականացնում նաեւ երբեմն անպաճույճ մետաղական զինանշանները, մեդալիոններն ու կրծքանշանները, որոնց լուսանկարները եւս տեղ են գտել այս բաժնում: Ուշագրավ է, որ խորհրդանշանների մեծ մասում անդրադարձ է կատարվում հայոց պատմության հերոսական դրվագներինՙ սկսած առասպելական ժամանակներից ու Տիգրան Մեծից մինչեւ նոր ժամանակների հայազգի գործիչները. սա եւս մի լրացուցիչ վկայություն է հայոց ազգային գիտակցության մակարդակի, միասնական լինելու անհրաժեշտության գաղափարի, հավաքական ուժի միջոցով հաղթանակի հասնելու անկոտրում հավատի, անցյալի, ներկայի ու ապագայի սերտ կապի դրսեւորման: Նման պատկերներով ընդհանրացումները (որ հաճախ ունեն «Հայաստանի փառքը» խոսուն վերնագիրը) շարունակում են մնալ հոգեհարազատ նաեւ մեր օրերում եւ օգտագործվում են մինչեւ անգամ ժողովրդական վարպետների բազմապիսի ստեղծագործություններում: Լիովին կիսում եմ հեղինակի այն միտքը, որ «Պետականության վերականգնման նկատմամբ հայորդիների բազմաթիվ սերունդների կարոտի եւ ոգեշնչման մեկ այլ վկայություն է հայկական զինանշանների կիրառությունը բավականին անսպասելի, երբեմն արտառոց ոլորտներում, օրինակ, ապրանքների պիտակավորման, դրանց գովազդի ժամանակ, կամ ներքին նամակագրության համար թողարկված հայկական դրոշմանիշներով: Սրանք պետականության բացակայության ընթացքում դեպի ազգային խորհրդանշաններն ունեցած յուրօրինակ հարգանքի դրսեւորումներ են» (էջ 259): Ես կավելացնեի նաեւՙ իրականության մեջ գոյություն չունեցող, սակայն հայ մարդկանց մտքերում արդեն իսկ առկա հայկական պետականության վիրտուալ դրսեւորումներ: Բնութագրական օրինակներով հեղինակին հաջողվել է ցույց տալ «Մայր Հայաստանի» կերպարի փոփոխության գործընթացըՙ Հայաստանի պատմական մայրաքաղաքների ավերակների վրա ողբացող այլաբանական կնոջ կերպարից մինչեւ պայքարի խորհրդանիշ դրոշակակիր կնոջ կերպարը:

«Կորստի եւ վերածննդի խորհրդանշաններ» բաժնում Հ. Դեմոյանը ժամանակաշրջանի պատկերների միջոցով կարողացել է ցույց տալ, թե ինչպես է հայ ժողովրդի ողբերգությունըՙ ցեղասպանությունը, հայությանը ցուցաբերվող օժանդակության ճանապարհով, դառնում համաշխարհային իրականության, մարդկային կարեկցանքի եւ բարեգործական հզոր ալիքի մաս: «Մայր Հայաստանի» ավանդական կերպարին այստեղ ավելանում է օտարների պաշտպանությանն ապավինած հայ որբուկի թեման:

Մեծ հետաքրքրությամբ են դիտվում նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Խորհրդային Հայաստանի խորհրդանշաններին նվիրված բաժինները: Պետականության վերականգնումն ուղեկցվում էր նոր տիպի եւ բազմազան խորհրդանիշերի ծնունդով, սակայն կապն անցյալի հետ այս կամ այն կերպՙ գունային թե թեմատիկ լուծումներով, առանձին տարրերի ներմուծմամբ թե ռազմական ու հերոսական տեսարանների կիրառմամբ, պաթոսով թե գրաֆիկական լուծումներով միեւնույն է, դրսեւորվում էր: Այսինքն, «հին աշխարհը» «ամբողջովին ու հիմնովին» չէր քանդվում, ինչպես հաճախ բնութագրումներում ներկայացվում է խորհրդային իրականությունը: Հայաստանի Երրորդ Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ազդարարվեց Ղարաբաղյան շարժումով եւ ազատամարտով: Պատերազմի տարիներին կրկին մեջտեղ եկան կամավորական ջոկատներն իրենց մարտական դրոշներով ու զինանշաններով, ավանդական խորհրդանիշների տարրերով: Անկախությունն ու դրան ուղեկցող բանակաշինությունը ազգային խորհրդանշանային դաշտում բերեց ոչ միայն նորովի վերադարձ հնին, դրա վերաիմաստավորումներ, այլեւ բազմաթիվ նոր տարրեր, որոնք, այնուամենայնիվ, կրում են ավանդական ազգայինի խորը ազդեցությունը, ինչն էլ սերունդների միջեւ թե՛ նյութական, թե՛ հոգեւոր կապի դրսեւորումներից մեկն է: Խորհրդանշաններում կրկին հին ու նոր հերոսներն են, պատմիչներն ու գիտնականները, գրողներն ու մշակույթի գործիչները, քրիստոնեական հավատքի տարրերը, գունային ծանոթ լուծումները: Աշխատության մեջ հեղինակը պատկերագրական հարուստ նյութով մեկառմեկ ներկայացնում է հայկական բանակի (ՀՀ եւ ԼՂՀ) մեդալները, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պարգեւները, դրանց արժանանալու համար անհրաժեշտ նախապայմանները:

Ժողովածուի կազմող եւ գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը հսկայական ստեղծագործական աշխատանք է իրականացրել: Դեպի այս ժողովածուն հեղինակն ընթացել է երկար ժամանակ, քայլ առ քայլ, փշրանք առ փշրանք հավաքելով, իմի բերելով տարբեր ժամանակաշրջաններին ու թեմաներին վերաբերող, հաճախ ոչ էական ընկալվող, սակայն իր մեջ հզոր ներուժ ունեցող տարաբնույթ առարկաների պատկերներ: Այս աշխատությամբ ընթերցողի առջեւ վեր է հառնում Հայոց պատկերագիր պատմությունը: Անկախ այն հանգամանքից, որ այս բարձրարժեք ժողովածուում ներկայացված նյութերի մի մասը արդեն իսկ հրատարակված է տարբեր գործերում (ինչի վկայությունն է հեղինակի ներկայացրած օգտագործված գրականության ցանկը), սակայն դրանց համատեղումն է մեկ համակարգված աշխատության մեջ ստեղծում մի արդյունք, որն ի զորու է էապես փոխել Հայոց անցյալի մասին 20-րդ դարի խորհրդային տարիներին ձեւավորված կարծրատիպերը, ընթերցողին (ու, մանավանդ, մատաղ սերնդին) ներարկել հպարտություն, նաեւ մի լրացուցիչ հավատ անկախ պետականության անժամանցելի արժեքի նկատմամբ:

1 փետրվարի 2013 թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 23-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.