AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013



Անմոռանալի

Տեղադրվել է` 2013-03-17 00:13:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2102, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեծ արվեստագետի ծնունդն ու ներկայությունը Աստծո եւ բնության պարգեւն է ժողովրդին, նա այդ ժողովրդի ուժն է եւ կարողությունը: Ուստի եւ իր հեռացումը, իր մայրամուտը, ինչ տարիքում էլ որ այն լինի, միշտ էլ անփարատ կորուստ է ազգի համար:

Հակոբ Հակոբյանը ավելին էր, քան սոսկ նկարիչը, արվեստագետը: Նա բարձր մտավորականի իսկական տիպար էր, իր երկրի արժանավոր բնակիչը, իր հայրենիքի նվիրյալ զավակը եւ իր հանրապետության անկաշառ քաղաքացին:

Օտար երկինքների տակ ապրած հայը հող էր փնտրում, հող էր հայցում իր ոտքերի վրա ամուր կանգնելու համար: Եվ այդ հողը նա գտավ միայն Հայաստանում: Սիրում էր կրկնելՙ «Նկարիչը, արվեստագետը հող պետք է ունենա իր ոտքերուն տակ: Հիմա ես ոտքերուս տակ հող ունիմ»:

Եվ այդ հողի վրա նա ստեղծեց փառավոր նկարչություն, փառավոր արվեստ: Ճիշտ է, նա Հակոբ Հակոբյան էր դեռեւս Եգիպտոսում, երբ աշակերտում էր իր սիրելի Օննիկ Ավետիսյանին, բայց այն, ինչ նա ստեղծեց Հայաստանում, հոգեւոր մեծ արժեք է մի ամբողջ ժողովրդի համար: Եվ այդ հանգամանքը այսօր նրա անունը դնում է Հարություն Կալենցի եւ Մինասի անունների կողքին:

Հայաստանում Հակոբ Հակոբյանը հայտնագործեց մեր երկրի բոլորովին նոր, մեզ համար անսպասելի եւ անակնկալ դիմապատկերը:

Մերկ բլուրների ու քարքարոտ հեռաստանների արտաքուստ անհրապույր տեսարանները նկարչի վրձնի տակ հեքիաթային հմայք ու գեղեցկություն էին ստանում: Աշնանային աղոտ օրվա լույսի մեջ թեթեւ միգամած բացավայրերի ու արձակ դաշտերի ամայության իր թախծոտ պատկերումները, լուռ, խոհուն, խաղաղ իր վայրապատկերները շոյող մեղմ շունչ եւ բանաստեղծական նուրբ գեղեցկություն ունեն: Հակոբ Հակոբյանի բնանկարն ինքը խորհում է. մերկ դաշտեր, հատուկենտ հեռագրասյուներ, այստեղ-այնտեղ ցաք ու ցրիվ թփուտներ, ճյուղատարած մեկ-երկու չոր ծառ եւ սիրտ ճմլող, բայց մաքուր, բայց լուսավոր, բայց մաքրագործող թախիծ, կյանքի անցողիկության եւ բնության հավերժության փիլիսոփայական խոհ... Հակոբ Հակոբյանը կարողացավ ստեղծել Հայաստանի դիմապատկեր-բնապատկերի ի՛ր տեսողականությունը, նա իսկապես հայտնագործեց այդ բնանկարը:

Իր փայլուն ու կատարյալ հարյուրավոր նատյուրմորտների եւ ամուր կառուցվածք ունեցող իմաստավոր հորինվածքների կողքին մի ուրույն աշխարհ է իր փոքրածավալ քանդակների, մետաղական յուրօրինակ կերտվածքների աշխարհը: Նկարիչը ինքը շատ էր սիրում իր այդ գործերը, աշխատում էր մեծ սիրով եւ, շատ ափսոս, որ չտեսավ դրանց հրապարակային ցուցադրությունը:

Անհատականություններից զերծ մեր այս անգույն ու գորշ ժամանակներում Հակոբ Հակոբյանը բացառիկ անհատականություն էր ու թերեւս վերջինը: Մենք մոռացել ենք, - մեր կյանքից ու գիտակցությունից արտաքսել են, - քաղաքացի բառն ու նրա իսկական նշանակությունը: Հակոբ Հակոբյանը իր երկրի իսկական քաղաքացին էր: Մեծ կրքով էր վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում էր Հայաստանում, Երեւանում, իր շուրջը: Եվ ամեն բան սրտին շատ մոտ էր ընդունում: Թամանյանական Երեւանի ոչնչացումը ապրում էր անձնական ողբերգության պես (քանի անգամ գրել է այդ մասին), շատ ծանր էր տանում անկասելի արտագաղթն ու երկրի դատարկվելը, երկրի ունեցվածքի անխնա կողոպուտը, ժողովրդի սոցիալական ծանր դրությունը, մեր մշակույթի այսօրվա վիճակը, հայոց լեզվի խորտակումը, հայ երաժշտության նսեմացումը, հեռուստատեսության գռեհիկ հաղորդումները, հեռուստատեսության ու թերթերի փողոցային լեզուն ու քրեական աշխարհի ժարգոնը եւ էլի շատ ու շատ բան: Դժվար է հիշել մեկ այլ անձնավորության, որ մեր երկրի ու մեր կյանքի այսօրվա վիճակը ապրեր այդքան ողբերգականորեն եւ այդքան խորությամբ: Եվ այդ ցավից էլ ծնվում էին իր փառահեղ էսսեները, որոնց ընթերցողը սպասում էր անհամբերությամբ: Իր հոդվածների ու էսսեների հատորը` բնական ձայնի այդ ազնիվ գիրքը, հրաշալի ընդունելություն գտավ, երկրորդ հատորը պատրաստ է վաղուց: Ես շատ կուզեի, որ այն, ինչի մասին գրում էր նկարիչ Հակոբ Հակոբյանը, գրեր որեւէ հայ գրող, հրապարակախոս կամ գրչի այլ մարդ: Չկան այդպիսի մարդիկ, չկա այդ մարդը, եւ փաստ է, որ մեր օրերի, մեր կյանքի տագնապների, ցավերի, մեր դժբախտության մասին գրում էր նկարիչ Հակոբ Հակոբյանը:

Նա այն անձնավորությունն էր, որ տեսնում էր իրականությունը այնպես, ինչպես որ այն կա, անվարան մատնացույց էր անում այն, ինչ տեսնում էր, ազատորեն ասում էր այն, ինչ մտածում էր եւ միշտ անկեղծ էր ու միշտ բնական: Նա գիտեր, որ «աշխարհում չի կարելի քծնել ու շողոքորթել ոչ ոքի, նույնիսկ ժողովրդին»: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ ասպարեզի հազարավոր մարդկանց մեջ նա՛ արժանացավ իրոք համաժողովրդական սիրո եւ հարգանքի:

Մեր մշակույթի նահապետը գեղեցիկ հոգի - գեղեցիկ էություն - գեղեցիկ գոյություն էր ե՛ւ իր ապրած կյանքով, ե՛ւ իր արվեստով, ե՛ւ իր անձնավորությամբ: Նահապետը գեղեցիկ էր նաեւ իր մայրամուտին: Անկրկնելի, սքանչելի մարդ էր առօրյա կյանքում, ընտանեկան հարաբերությունների մեջ: Շատ էր սիրում իր ընկերներին եւ մտերիմներին, ապրում էր նրանցով, սիրում էր ժամանակ անցկացնել-սեղանի շուրջ լինել նրանց հետ, մանավանդ սիրում էր հյուրասիրել, պատվել նրանց: Եվ հյուրասիրությունը իր համար միշտ վայելք էր, գրեթե ծիսական արարողության պես մի բան: Սիրում էր իրեն շրջապատել մտերիմներով եւ ընկերական այդ հավաքների հոգին էր Հակոբ Հակոբյանը իր նուրբ, գեղեցիկ հումորով, իր առինքնող խոսքով եւ ընկերների հանդեպ մարդկային անափ սիրով:

Հակոբ Հակոբյանի դռնից ներս մտնողը հայտնվում էր բոլորովին ուրիշ աշխարհումՙ մաքուր, գեղեցիկ հայերեն խոսք, մարդկային գեղեցիկ հարաբերություններ, բարեկիրթ խոսակցություններ ու զրույցներ, մանր շահատակություններից, գռեհիկ իրականությունից տարբեր մի այլ աշխարհ, մի կանաչագեղ օազիս կամ թե տարաշխարհիկ մի վայր: Եվ այդ աշխարհում իշխողը, անշուշտ, նկարչի ներքին էությունն էր. արվեստագետը ապրում էր ա՛յդ կյանքով եւ միշտ լի էր բարությամբ, լույսով ու ստեղծագործությամբ:

Վերջին ամիսներին դժվար էր քայլում: «Ոտքերս, սիրելի Երվանդ, ոտքերս ինծի դավաճանում են, մի քանի քայլից հոգնում եմ»: Եվ այնուամենայնիվ ինքն էր բերում հյուրասիրության պարագաները, ափսեները եւ այլն: Երբ տիկին Մարին միջամտում էրՙ «Ձգե, Հակոբ, դուն գործ չունիս: Դուն հանգիստ նստե», իր նուրբ հումորին մի քիչ թախծոտ տխրություն խառնելով ասում էրՙ «Իրա՞վ կըսես, Մարի»:

Վերջին այցելությունս մահից երեք-չորս օր առաջ էր... Նորից, ինչպես միշտ, հյուրասիրություն, նորից, ինչպես միշտ, իրիկնային երկար զրույց... Դժգոհեց ընդհանուր թուլությունից, ոտքերի ցավից... Հետո խոսքի մեջ ասաց. «Բայց, իմացիր, արդեն գնում եմ»: Այդ պահին այդ նախադասությունը սովորական խոսք, պարզ դժգոհություն թվաց:

Երբ ճանապարհում էր հյուրերին, մուտքի դռան մոտ կանգնում էր մինչեւ հյուրերը անցնեն հարթակը, իջնեն աստիճաններով... Այս անգամ էլ տիկին Մարիի հետ մնաց մուտքին, մինչեւ ես անցա երկար հարթակը եւ շրջվեցի իջնելու աստիճաններով...

Եվ նորից հրաժեշտի նույն սրտառուչ խոսքերը, որ կրկնեց երկու անգամՙ «Ե՞րբ պիտի գաս նորեն... Նայիր, կսպասենք, մեզի չմոռնաս...»:

...Երբեք չեմ մոռանա:

***

Մենք մի օգտակար դաս ենք քաղել մեր սիրելի, հազվադեպ տաղանդով օժտված ընկերոջից: Հայ մարդու իսկական հատկանիշներով նա առնչում է մեզ արվեստի պատմության ամենաուսանելի դասին: Սեփական հոգու աչքերով է նա տեսնում աշխարհը, ուր Հակոբյանը մնում է եզակի երեւույթ եւ զգացնել տալիս, որ մայր հողից սերել է վաղուց, շատ վաղուց:

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ առնչում են մեր հնօրյա արվեստին: Այդ կապերը եթե սերտ լինեն, կարելի կլինի ստեղծել հայկական բարձր արվեստ: Դրանով Հայաստանը կմեծանա այնքան, որով կչափվի աշխարհի խոշորագույն արժանիքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարերքով...

Հակոբյանի արվեստը նման մակարդակի հրաշալի օրինակ է:

ԳԱՌԶՈՒ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.