AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013



Գունանվագ

Տեղադրվել է` 2013-03-17 00:13:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1726, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ճերմակ թղթի առջեւ խախտվում է բառերի լռությունը. ճերմակ կտավը խախտում է գույների համրությունը: Բառի ու գույնի միջեւ ահա բարձրանում է Ափսոսանքը, դարչնադեղնավուն ճանապարհի անեզրության վրա ձգվող մենավոր հեռագրասյան պես: Հակոբ Հակոբյանի գունանկարի համաչափ լռությունը «խախտվում է» այսօրվա իր լռությամբ. այն լռությունը, որ ստեղծվել-ձեւավորվել էր ու կտավին հավերժացել կյանքի փիլիսոփայական վերծանման իր հանդարտության շնորհիվՙ իմաստուն հանդարտության, որ մեզ փոխանցում էր հոգեւոր ապահովության այն զգացումը, որի բացակայությամբ հերթագայող օրերը նմանվում են անբազրիք աստիճանիՙ վտանգի առաջ միշտ երերուն: Այդ անդորրությունը բացում էր լույսի ճառագայթի մի պատուհան, հետո մեկ ուրիշը, ապա մի երրորդը եւ այդպես շարունակվում էր գեղանկարչի մտածողական հոսքի հետ մեր անընդհատական շփումը, մեր հաղորդակցումը, խոսքի ամեն հանգրվանում անակնկալի բերող: Ինքը կտավին իր կյանքն էր նկարում, իր ներքին ապրումը, լարումը, ցավը, որ իրենից դուրսՙ այլոց համար էր. ճանապարհի մարդու ճակատագրի անհայտության, միաժամանակ ապրած օրերի արժեքի գիտակցման իմաստուն այդ փորձն էր, որ դեպի իրեն էր ձգում մագնիսական ուժով, իր շուրջն էր համախմբում շատերի, միմյանցից հաճախ շատ տարբեր մարդկանց: Բայց իր կողքին զարմանալի ընդհանրության ու ներդաշնակության, ամբողջական-տաք մթնոլորտում էինք զգում, եւ այդ պահերը կյանքի լավագույնն էին, որ պարգեւեց նա մեզ:

Իսկ ահա ժամանակին նա պահ տվեց գեղանկարի իր անբասիր գեղեցկությունը, գույնի մաքրամաքուր-պարզ հեռաստանները, որտեղ հիմա արդեն իր հոգին է թեւածում. բարի, ներողամիտ, հուսադրող: Այնտեղ վերեւում...

Մեր հասարակական մտքի հավասարակշռողն ու միաժամանակ խախտողն էր նա, սլաքավարը, անցյալից բերած իր փորձը, պինդ ապրած ներկան, ապագան շոշափելու ներքին ինտուիտիվ կարողությունը նրան դարձնում էին ժողովրդական ու մատչելի, սիրված ու մերձավոր: Իր տարիքը չէինք զգում, որովհետեւ իր ներքին ռիթմը, իր սրտի բաբախը ժամանակի հետ միշտ համաքայլ էր, միտքըՙ դրանից դուրսՙ անեզրության մեջ: Մեծ մարդ էր ու մեծ հայ, որի հոգին խնդում ու լալիս էր թե՛ թափառիկ անցորդի, թե՛ անոթի-անտունի, կոտրվող ծառի ու վիրավոր թռչունի, թե՛ իր հոգեկից-գաղափարակից ընկերոջ, պարզ աշխատավորի, գիտնականի ու բանաստեղծի հետ:

Բայց ամենից առաջ իր երկրի, իր հայրենիքի մեծ քաղաքացին էր, անհանգիստ հոգիՙ իր ժողովրդի անցյալով խորապես հետաքրքրված, ներկայով մտատանջվող, ապագայով ապրող: Ոչ միայն հետաքրքրվող, այլեւ ուսումնասիրող, պրպտողՙ մանավանդ այդ անցյալի մեջ փնտրելու-գտնելու ամենակարեւոր-հանգուցային այն խնդիրը, արգելքը, սխալը-հիվանդությունը վերջապես, որը հաղթահարելու գնով միայն հայ մարդը, հայ ժողովուրդը կգտնի իր ճշմարիտ ուղին, հուսալի ապագան: Նա մարդու մեջ մարդկայինի որոնողն էր, բարոյականության, ճշմարտության ու սկզբունքի հավատավորը, միաժամանակ արվեստագետի իր միտքն ու հոգին լի էին միանգամայն անսպասելի անակնկալներով ու առաջարկներով, առանց պայմանականությունների, առանց սահմանների: Եվ հենց դաՙ այդ անմիջական պարզությունը, երեւույթների, կյանքի այդքան ամբողջական ու տարաշերտ, համապարփակ ու խորը պարագծումը ստեղծել էին Հակոբյան նկարչի, գեղագետի, էսսեագրի այնքան հարուստ ու բազմաշերտ նկարագիրը, ձեւավորել մեր ժամանակների համար փնտրված մտավորականի կերպարը:

Ի՜նչ ընտրությամբ էր Վարպետը հավաքում իր շուրջը մարդկանց: Ովքե՜ր էին իր կողքին, իր զրուցակիցները, իր հետ բաժակ բարձրացնողները, եւ ի՜նչ մթնոլորտ էր ստեղծվում այդ հավաքներինՙ հոգու, լեզվի, գույնի ինչ զմայլանք. տոն էր դարձնում այդ ժամերը իր եւ մյուսների համար-անմոռանալի հիշողության պահ, ինչպես թանկ լուսանկար: Եվ ինչպես էր կարողանում գնահատել յուրաքանչյուրի ամենաարժեքավոր կողմը, տեսնել այլոց տաղանդըՙ երիտասարդի, թե սերնդակցի: Միայն ինքը այդպես ընտրել գիտեր, փնտրել ու գտնել լավը, հետաքրքրականը, անսովորը, գաղափարական հոգեկցումները, այնքան հստակ տեսնել թե՛ լույսը, թե՛ ստվերը, այդպես ընդգծված արտահայտել իր ընդունող կամ մերժող վերաբերմունքը:

Իր հոգին սահմաններ չէր ճանաչում, ժամանակի ու տարածության առաջ բաց էր, ճշմարիտ ու բնական, խորապես հայ մարդ էր եւ խորապես աշխարհի մարդ: Բնության ձայնը, երկրի ձայնը, ժամանակի ձայնը իր ներսում լսվում էին միաժամանակ ու համաչափ ու կտավներին վերածվում սքանչելի գունանվագի, բյուրեղյա մաքուր ղողանջումների:

...Հիմա գարուն է, գարնան սկիզբը: Հայացքս ամեն պահի Հակոբյանական բնապատկեր է որսում. հողի շերտը բացում է իր երփնագույնը-Հակոբյանական նկարի շունչն է: Ամեն ինչ շուրջը իրեն է հիշեցնում, հանդիպումներ, զրույցներ, մտորումներ, խորհուրդներ, հույզեր, զգացումներ եւ իհարկեՙ դեպի հեռաստաններ ձգվող միայնակ-անհայտ ճանապարհը, որի խոհական երգիչն էր Վարպետը:

Կյանքը հիմա, տարվա այս եղանակին ծառերի չորուկ ճյուղերի մեջ նոր սեր է հյուսում, խանձարուրում նոր հույսՙ մարդու աչքին անտեսանելի, աչքից հեռու: Այդ գալարքը, այդ շարժումը շատ խնամքով, շատ իմաստուն է բնությունը թաքցնում: Մայրացող ծառը մետաֆիզիկ, խոր լռություն ունի, ոչ մի նշան գույնի, շարժումի-խաղաղ անդորրություն: Բայց սաՙ սովորական անցորդի, սովորական հայացքի համար: Հակոբ Հակոբյան գեղանկարչի աչքը սակայնՙ այնքան զգայուն ու նուրբ, տեսնում էր կյանքի թաքնված այդ հրաշքը, նորաբողբոջը, դեռ չծնվածը, ծառի ներսը: Այդ պատճառով է, որ ծառի մերկությունը, հողի ամայությունը, քարի մենակությունը Հակոբյանի կտավներում հոգի ունեն, շնչում են, շարժվում, խոսում:

Վաղ գարունը երբեք այսպես չէի տեսել, երբեք չէի զգացել մերկ ծառի շնչառությունը, օդի մեջ պտտվող կյանքի սաղմը: Այդ բույրը, շունչն էր նկարում Հակոբյանը, վերահաստատում կյանքի գույնը:

Փարիզում Կարիկ Պասմաճյանի հետ ունեցած զրույցում Հակոբ Հակոբյանը իր նկարների խաղաղությունը, անդորրությունն ու առանձնությունը սեփական նկարագրի արտահայտություն է համարում. «Ամեն նկարիչ,- ասում է,- իր աչքերով եւ գույներով կներկայացնե իր աշխարհը, իմը կանաչ Հայաստանը չէ, ավելիՙ աշնանային Հայաստանն է: ... Ավելի ուշ աշնան, ըսենք, երբ բնությունը կսկսի կարծես քնանալ, հանգստանալ, իր աշխուժությունը կվերջանա: Կնկարեմ վաղ գարունն ալՙ որ բնության կուտակված ուժերու չբացված վիճակն է»:

Պաշտում էր Հայաստանը, հայ գիրն ու լեզուն, Արարատն ու Արարատյան դաշտավայրը ու նկարում էր «շատ սիրելով աշնանային տերեւաթափ ծիրանիները եւ հողից նոր հանված խաղողի վազերըՙ գարնանը»:

Հիմա վաղ գարուն է, Վարպետ:

Ու հրաժեշտ է ու հանդիպումՙ Ճանապարհի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.