AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-02-09 > #005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013



Քանդակներ

Տեղադրվել է` 2013-03-17 00:13:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1751, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 111

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ

Ինձ համար ամենատպավորիչ եւ հուզիչ նկարը մարդ ներկայացնող նկարն է: Միայն շատ մեծ նկարիչը կարող է մարդ նկարել, մարդու մասին պատմել եւ նաեւՙ իր մասին: Միլիոնավոր սքանչելի նկարչական գործեր կան աշխարհում: Շատ մեծ նկարիչներ կան, որոնց կտավներում մարդու կերպարը բացակայում է: Նրանք, ունենալով գույնի, գծի, ձեւի մեծ զգացողություն եւ երեւակայություն, իրենց գործերով կարող են դիտողին գեղագիտական հաճույք պատճառել: Նկարչության մեջ ինձ ավելի շատ մարդու կերպարն է հուզում, որովհետեւ այս կարճ կյանքի ընթացքում մեր մարդկային բոլոր զգացմունքներըՙ ուրախությունն ու տխրությունը, երջանկությունն ու դժբախտությունը, մեզ լավ կամ վատ զգալը պայմանավորված է ուրիշ մարդկանցՙ մեզ հետ ունեցած հարաբերություններով: Ո՞ւմ ենք ուղղում մեր սերը կամ հակակրանքը, հաղթության, պարտության եւ մյուս զգացումները, եթե կյանքն առհասարակ բարդ, անհասկանալի բան է, բայց այդ զգացումները միմյանց հանդեպ կան եւ անխուսափելի են: Այնպես որ, ես չեմ կարող փախչել մարդուց եւ ոչ էլ անտեսել նրան: Ես գոյություն չունեմ առանց ուրիշ մարդկանց: Նկարում պատկերված մարդու մեջ ես ինձ եմ տեսնում, իմ մեկ տեսակը, մեկ մասը:

Քսան տարեկան էի, երբ առաջին անգամ նկարեցի մարդկանց, որոնց միջոցով ուզում էի արտահայտել զգացումներս: Դրանք տխուր մարդու տխուր զգացումներ էին, մարդ, որն իրեն զգում է խեղճ, պարտված, անկարող, վախկոտ, նվաստացած եւ վիրավորված: Դրանից մի քանի տարի առաջ, երբ տասնհինգ տարեկան էի եւ սովորում էի գիշերօթիկ դպրոցում, պատահաբար տեսա Վան Գոգի ինքնանկարի վերատպությունը, նկարից ինձ էր նայում տանջված, հյուծված, հիվանդ Վան Գոգը: Սիրտս կծկվեց: Համարյա խորշանքի զգացում ունեցա, չէի կարող տեսնել մարդուն այդ վիճակի մեջ: Եսՙ պարզ, անապաստան մի երեխա, սարսափում էի այլասերումից, անառողջից, դժբախտից եւ խղճալիից: Մի քանի տարի հետո, երբ արդեն գիշերօթիկից մտել էի կյանք, տեսա, որ ինքս մի թույլ եւ դատապարտված մարդ եմ:

Հենց այդ ժամանակ ինձ սկսեց հուզել մարդու այդ խեղճ, թշվառ տեսակը: Ես ուզում էի այդպիսիներին նկարել եւ նրանց միջոցով ինձ էի նկարում: Հավանաբար, ուզում էի ուժեղների գութը շարժել խեղճերի հանդեպ կամ, պարզապես, հուսահատությունս էի նկարում: Այսպես էր մինչեւ Եգիպտոսից հայրենիք գալս: Սովետական Հայաստան գալով, ես ուզում էի ազատվել իմ խեղճությունից, օտար երկրներում ունեցածս հոգեկան եւ ֆիզիկական անապահովությունից:

Ո՛չ մեկ բան հայերուս վիշտին մասին, մեր անչափ մեծ կորուստին, մեր հայրենիքին տասը տասնմեկերորդի կորստի մասին, մեր նախահայրերու բնօրրանին պղծվելու մասին այնպես չի հիշեցնում, ինչպես մեր նորանկախ հայրենիքի մայրաքաղաքից, Երեւանից, օրնիբուն մեր աչքերուն երեւացող Արարատ լեռան տեսիլքը:

Հայ մարդու համար, մանավանդ օտարության մեջ, հայրենիքեն վտարված հայ մարդու համար Արարատ անունը հոմանիշ է Հայաստանին: Արարատ լեռը Հայաստանն է, ուզում է լինի փշալարերի այս կողմը, ուզում է լինի փշալարերի այն կողմը:

... Աշնան լուսավոր մի օր, եղանակը մեղմ էր, որոշեցի Գառնի տանող ավտոբուսը նստել եւ ճանապարհին եթե հետաքրքրական մի բանի պատահեի, կարող էի իջնել ավտոբուսից: Երեւանեն դուրս էինք ելել, Ջրվեժի բլուրներին էինք մոտենում, երբ նկատեցի, որ բլուրներուն վրա ալյուրի պես սպիտակ ձյուն էր նստել: Սիրտս կոտրվեց, չեմ սիրում ձմեռ նկարել, մանավանդ ձյունոտ գետնի վրա նստիլ, բայց ի՞նչ կարող էի անել: Մտածեցիՙ լա՛վ, եթե նույնիսկ չկարողանամ նկարել, հաճելի օր է, ավտոբուսի լուսամուտից նայելով եւ դիտելով բնությունը, կհասնիմ մինչեւ Գառնի, եւ հետո նույն ավտոբուսով ալ կը վերադառնամ տուն:

Եվ այստեղ պատահեցավ նկարչական կյանքիս ամենագեղեցիկ անակնկալներեն մեկը: Հազիվ մտել էինք Ողջաբերդ գյուղը, ավտոբուսը կանգնեց, ես հանկարծ տեսա Արարատը. չէի հավատում աչքերիս, Արարատը իր ամբողջությամբ, հիմքից մինչեւ գագաթը այնպես հստակ, լուսավոր, ձյունով ծածկված գագաթներով, կարծեք ամբողջ սարը բյուրեղապակի ըլլար: Հազիվ ուշքի եկա, վարորդին խնդրեցի կանգնեցնել ավտոբուսը եւ դուրս թռա: Ուրախութենես չէի իմանում ինչ անելս, բայց մանավանդ դողում էի, որ հանկարծ եղանակը չի փոխվի, մի բան չպատահի, որ այդ երազային պահը չփշրվի: 12 տարի ապրելով, Արարատը այս կերպարանքով չէի տեսել:

Ճամփու եզրին անմիջապես մի տեղ գտա, դրի աթոռակս, նստեցի եւ սկսեցի նկարել. բոլոր սիրած բաները դիմացս էին, այգի, շարված քարերով ցանկապատով, որ հիմա հազվագյուտ է գյուղերում, բետոնը գյուղ մտած է: Տերեւաթափ ծիրանի ծառեր, առաջին պլանի վրա, հետո սկսում էին բլուրները եւ Արարատըՙ անհավատալի գեղեցիկ, մաս-մաքուր թափանցիկ երկինքին մեջ: Աշխատում էի տենդագինՙ դողալով, որ հանկարծ չկորսնցնեմ այս գեղեցկությունը, մի բան չպատահի սիրելիիս: Բարեբախտաբար կրցա ավարտել ջրաներկ նկարս. իսկապես երջանիկ էի:

Եվ մանավանդ հայտնաբերել էի այն համոզմունքը, որ ես կարող եմ նկարել Արարատը. վերջապես տեսել էի Արարատը եւ միացել Արարատին. ալ հոգս չէր, որ այդ նկարիս Արարատը ոեւէ բան ասո՞ւմ է անգլիացիին կամ ճապոնացիին, Արարատը իմս էր: Այդ օրվանից մի նոր վիճակ սկսեց նկարչական կյանքիս մեջ, ես ուզում էի, որ կրկնվեր եղածը, Արարատ նկարելը ինձ համար դարձել էր մտասեւեռում. ուզում էի ամեն օր նկարել Արարատ:

Առանց առողջացման Հայաստանը ինչպե՞ս կարող է «հզոր» երկիր դառնալ: Ես ծեր մարդ եմ, երեւի չտեսնեմ մեր ժողովուրդը բուժված, երեւի երկարատեւ բուժում պետք է: Բայց ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը կրնա բուժվիլ, Արարատի փեշերուն անկարելի է որ չգտնվին բուժման միջոցներ: Անկարելի է, որ հազարավոր տարիներ ամեն տեսակ փորձություններ անցած ժողովուրդ մը, շատ անգամներ մահվան, վերջնական կորստյան ճիրաններից փրկված ժողովուրդը չունենա, թեկուզ այս պահուն քիչ, բուժման միջոցներ: Սիրելի ընթերցող, կրնաս թերահավատությամբ եւ կասկածանքով կարդալ գրածս: Ես կհավատամ, որ հայը թեեւ ըսի քիչ, բայց ունի հզոր բուժման միջոց, եւ այդ դեղը միշտ ալ ես կոչում եմ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:

Հայ ժողովուրդ, բուժիր դուն քեզ, օտարը քեզ չի բուժելու...

Նկար 1. Վերջին լուսանկարը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 16-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.