AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013



Շեմս

Տեղադրվել է` 2013-03-22 23:22:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1872, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 96

«ԴԵՐՎԻՇ» ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Քննական կենսագրություն միայնակ ու թափառական մի պոետի

«Յուշեր ունէր բոլոր քաղաքներէն, գրողներէն, գործիչներէն, գիրքերէն, ամենուն մասին ալ անձնական կարծիքով մը, յորդ ու բուռն համակրանքով կամ խոր ու տենդայոյզ արհամարհանքով: ...Արեւամտահայ էր, բայց կը խօսէր արեւլահայերէն, ծանօթ էր երկու գրականութիւններուն ալ, բայց աւելի մօտ կը զգար ինքզինքՙ իր լեզուով, ոճով ու ճաշակներով ալ, արեւելահայ գրողներուն»: Այս տողերը մեջբերված են 1952 թվականի մայիսի 3-ի «Հայրենիք» պարբերաթերթի հոդվածից, որն արտատպված է Վահե Պալատունու խմբագրությամբ «Պայքար» ասոցիացիայի 1994-ին լույս ընծայած «Հմ. Շէմս: Ընտիր երկեր: Յիշատակի հատոր» գրքում: Հոդվածը ավարտվում է «Տէրվիշ մըն է Շեմսը, որ արուեստաեէտ մը ըլլալու կը ձգտի եւ արուեստագէտ մըՙ որ Տէրվիշի մը կեանքը կ՛ապրի» տողերով:

Խոսքը բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, նաեւ պատմության եւ մատենագրության ուսուցիչ եւ ընդհանրապես մտավորական Հմայակ Շեմսի (1896-1952) մասին է: Մի պոետի մասին, որի մոռացությանը նպաստել է ոչ միայն ընթերցանության հանդեպ գոյություն ունեցող մեր օրերի անտարբերությունը, այլեւ բնական աղետի պատճառած վնասը: Առիթըՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի 2012 թվի դեկտեմբերի 22-ի համարում Ամերիկայի Համալսարանական հրատարակչության անգլերեն լեզվով լույս ընծայած Վահե Պալատունու եւ Ջոն Գերիի «Հմայեակ Շէմս: Անաղարտ ոգու տէր բանաստեղծը» (Hmayeak Shems. A Poet of Pure Spirit) գրքի Դեֆնի Աբիլի գրախոսականը, որ թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին, բանաստեղծի մահվան 60-ամյակի կապակցությամբ:

Օտար, մասնավորապես անգլիախոս հասարակությունը ուշ, շատ ուշ ծանոթացավ սփյուռքահայ այս թափառական տրուբադուրի հետ: Նույնիսկ հայկական շրջանակներում նոր սերնդի ներկայացուցիչները քիչ բան կամ համարյա ոչինչ չգիտեն նրա մասին: Ծանոթության համար մենք պարտավոր ենք շնորհակալ լինել Շեմսի քրոջ որդունՙ Վահե Պալատունուն (Սարայտարյան) եւ թարգմանիչ Ջոն Գերիին, որոնք հաղթահարելով բազում դժվարություններ, այսօր անգլիախոս ընթերցողի սեղանին են դրել վերոնշյալ խորագրով գիրքը: Դժվարությունները կապված էին մասամբ նաեւ 2005-ին մոլեգնած «Քեթրին» փոթորիկի հետ, որը սրբեց-տարավ Նոր Օռլեանում Պալատունիների տանը գտնվող Շեմսի գրական արխիվից շատ արժեքավոր նյութեր: Փրկված փաստաթղթերը փոխադրվեցին Վիրջինիա նահանգի «Ֆոլզ» եկեղեցի, որտեղ ապաստան էին գտել Պալատունիները: Իսկ մշտական արխիվի մնացորդները տեղափոխվեցին Երեւանՙ հանգրվանելու Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

Վահե Պալատունին ծնվել է Եգիպտոսում 1925-ին: Իր գրական հակումների եւ ճաշակի ձեւավորման վրա մեծ ազդեցություն է թողել մորեղբայրըՙ Հմայակը: Նրանից ներշնչված նա կատարել է թարգմանություններ անգլիական գրականությունից: Բարձրագույն կրթությունը ստացել է Ամերիկայում: Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանին է արժանացել 1965-ին Իլինոյսի համալսարանում: 1966-ին սկսել է դասախոսել Նոր Օռլեանի պետհամալսարանում: 1973-ին Բեյրութի «Սեւան» տպարանը լույս է ընծայել նրա «Թարգմանություններ» հատորը: 1994-ին կազմել եւ խմբագրել է «Հմ. Շէմս ընտիր երկեր: Յիշատակի հատոր» գիրքը:

Շեմսի կենսագրության թռուցիկ ծանոթությունը բավական է պարզելու, որ կյանքի հատկապես սկզբնական շրջանում նա թափառական է եղել եւ չի սահմանափակվել մի վայրում ապրելով: Ծնվել է 1896-ին Տրաբիզոնից 45 մղոն հարավ-արեւմուտքում գտնվող Պոնտական լեռների արանքում ծվարած Գյումուշխանե ավանում, Սափրիչյանների նյութապես համեստ ընտանիքում: Մայրը տնային տնտեսուհի է եղել, հայրըՙ սափրիչ, որ տքնաջան աշխատել էՙ վաստակելու իր ապրուստը, պահելու մորը, կնոջը եւ 4 զավակներին:

«Պայքար» հրատարակչատան լույս ընծայած 1994 թվի հատորում կարդում ենք. «(Շեմսը) զավակն էր ուսումնասէր ծնողքի մը: Ժառանգած էր իր հօր պայծառ իմացականութիւնը եւ մօրը քնքոյշ զգայնութիւնը: Իսկ իր մեծ մօրՙ «կապուտիկ Նէնէ»ին կը պարտի իր սէրը հայ գրականութեան հանդէպ, որմէ նոյն մեծ մայրը անգիր կ՛արտասանէր երկար հատուածներ»:

Հմայակն իր նախնական ուսումն ստացել է Տրապիզոնի Լուսավորչյան ազգային վարժարանում, որտեղ նա ճանաչվել է որպես դպրոցի «Փոքրիկ բանաստեղծը»: «Ան ունէր ոտանաւորներու ստուար տետր մը, որմէ ... թաւ ու հնչուն ձայնով կ՛արտասանէր իր հեղինակութիւնները», վկայում է իր դասընկերներից Հովակիմ Արշակունին: Այնուհետեւ ուսումը շարունակել է Կարինի Սանասարեան վարժարանում, որտեղ օգտվելով ֆրանսերեն լեզվով ճոխ գրադարանիցՙ ծանոթանում է համաշխարհային գրականությանը: Կլանվում է մասնավորապես Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությամբ: «Հմայեակ կը գրէր եւ կը խօսէր նիչէական շունչով, որ այնքան ալ հաճելի չէր ուսուցչութեան: Դպրոցին ներքին կեանքին եւ սանուց միութեան մէջ Անիշխանական Խմբակը գերակշիռ դիրք ունէր եւ արդէն սկսած էր ըմբոստութեան նշաններ ցոյց տալ: Բայց ի վերջոյ վարժարանին տնօրէնութիւնը կ՛որոշէ վերջ տալ այս շարժումին... ու առաջին զոհը կ՛ըլլայ Հմայեակը: Տարւոյն կէսին (փետրուար 1912) Հմայեակ կը հարկադրուի հեռանալ վարժարանէն»:

Այս շրջանում մյուս հզոր ազդեցությունը նրա վրա թողնում է բուդդայականությունը: Սկսում է հավատալ, որ աշխարհիկ մտահոգություններից ձերբազատվելովՙ կկարողանա նիրվանայի իրավիճակում հայտնվել: Վերջերս լույս տեսած անգլերեն գրքի հեղինակի կարծիքով նիցշեականության եւ բուդդայականության հոգեվիճակները ներկայացնում են Շեմսի բնավորության երկու հակադիր կողմերըՙ մի կողմից ըմբոստ ու անհնազանդ, մյուս կողմիցՙ խաղաղ ու ինքնաբավ:

Սանասարյանից վտարվելուց հետո Հմայակը Տրապիզոն չի վերադառնում, այլ «ոտանաւորներու տետրակը թեւին տակ եւ ճերմակեղէններու ծրար մը կռնակը» մեկնում է Էջմիածին, բայց չի կարողանում ընդունվել Գեւորգյան ճեմարան, քանի որ ուսումնական տարին արդեն բավական առաջ էր գնացել: Փոխարենը հատուկ հանձնարարական նամակով հասնում է Երեւան եւ ընդունվում Հոգեւոր թեմական դպրանոցը, որպես «էքստերն» աշակերտ: Այստեղ իր համեստությամբ եւ ուշիմությամբ արժանանում է իր ուսուցչիՙ Արսեն Տերտերյանի եւ Երեւանի թեմի առաջնորդ Խորեն եպս. Մուրադբեկյանի համակրանքին եւ 1912-1913 թվականներին սկսում է պաշտոնավարել Ազգային առաջնորդարանում: Այնուհետեւ հրավիրվում է Սուխումիՙ ազգային վարժարանում դասավանդելու հայերեն լեզու:

Մեծ եղեռնի օրերին նա դեռ Սուխումիում է եղել, «խորապէս տառապելով իրեն հասնող «կարմիր» լուրերէն»: 1916-ի ապրիլին, երբ ռուսական բանակը գրավում է Տրապիզոնը, Հմայակը վերադառնում է իր «հին տնակը հայրական»: Տարիներ անց վերապրելով այդ պահը, նա գրելու էր.

«Քաղցրութիւններըս բոլոր, Տէ՛ր, խլեցիր շուտ այնքան,

Շուրթիս հազիւ պեխի շուքՙ դուն զիս ըրիր հէք նժդեհ,

Ու... դարձուցի՛ր ալ նորէն հին տընակս հայրական,

Որ մոխիրները գտնեմ... եւ օրհնեմ բախտըս դժնէ»:

Մի քանի ամիս Տրապիզոնում մնալուց հետո, 1917-ի սկզբներին նա տեղափոխվում է Ռուսաստան: «Կովկասի եւ Ռուսաստանի մէջ Հմայեակ դարձած էր թափառական տէրվիշ: Սուխումէն մինչեւ Ձարեցին (այսօրուան Վոլկոկրատը), Կերչէն մինչեւ Ռոսթով եւ Թիֆլիս, Հմայեակ կը մտնէր հասարակական ամէն խաւի մէջ, կ՛ապրէր անոնց հետ, բայց միշտ պահելով իր անհատականութիւնը»:

1918-ին որոշ ժամանակով Հայաստան այցելելուց հետո (որտեղ «հաւաքուած էր արեւմտահայ ծովածաւալ գաղթականութիւնը, կը տիրէր սով ու համաճարակ») նա անցնում է Բաթումի, իսկ այնտեղից էլ դարձյալ Տրապիզոն, որտեղ ստանձնում է հայերենի եւ թվաբանության ուսուցչի պաշտոնը: 1922-ին որբանոց-դպրոցի փակման առիթով աշակերտությունը (մոտ 200 հոգի) փոխադրվում է Հունաստան «Նիըր Իստ Ռիլիֆի» հոգածության ներքո: Հմայակը կարճ ժամանակ Պոլսում մնալուց հետո մեկնում է Ռումինիաՙ պաշտոնավարելու համար նախ Ստրունգայի ռումինահայ որբանոցում (1922-23 թթ.) եւ ապա Կոնստանցիայի Հայկազյան վարժարանում (1923-24 թթ.): Այդ օրերին նա հանդիպում է իր համաքաղաքացի ավագ ընկերոջըՙ Վարդան Գեւորգյանին, որ հետագայում գրելու էր. «Մեր հանդիպումը եղաւ յուզիչ: Հին օրերու կարօտը, անճիտուած ամբողջ սերունդի մը եղերական ճակատագիրը եւ ափ մը վերապրողներու իրարմով մխիթարուելու պարագան դարձած էին անշուշտ այս տեսակցութեան շարժառիթը: ...Այնտեղ են Շէմս, ...Միսաք Թորլաքեան, Բիէր Միքայէլեան եւ եթէ չեմ սխալիր նաեւ Արամ Երկանեան: ...Շէմս, որ վերջին անգամ գտնուած էր Տրապիզոն. կուտար աղեխարշ դրուագներ ջարդերու մասին: Քաղաքը կորսնցուցած էր երբեմնի իր շենշող երեւոյթը: Թուրքերը ատեն մը ապրած էին պարտուողի հոգեբանութիւնը ու ամօթը իրենց գործած անմարդկային նախճիրներուն, բայց այդ բոլորը տեւած էին շատ կարճ»:

Երկարատեւ լռությունից հետո, 1923-ի աշնանը Շեմսը սկսում է հրատարակել իր բանաստեղծություններըՙ Հ. Սիրունիի «Նաւասարդ» (Բուխարեստ), գրական եւ Վարդան Գեւորգյանի «Հրազդան» (Վառնա) երկօրյա պարբերաթերթերում:

Այդ օրերին նա որոնումների մեջ էր: «Հայրենի յիշատակները, մեր մօտաւոր անցեալէն կրած ցնցումները եւ ազգային կեանքի վերիվայրումները խռոված էին իր հոգին» գրում է Պալատունին: Իսկ Վարդան Գեւորգյանին ուղղված 19 դեկտեմբեր 1923 թվակիր նամակում Շեմսը խոստովանում է. «Կը զգամ, որ հարազատ հողէ հեռու ապրիլը շատ բան կը պակսեցնէ մեր եռանդէն ու յոյզերէն: Ես չեմ կրնար ապրիլ հիմա հայրենիքով եւ ոչ ալ համամարդկայինով: Գիշեր մը նստեր է եւ կը ճնշէ: Ելք մը կը փնտռեմ ազատուելու»:

Քսանամյակը հազիվ բոլորած երիտասարդըՙ ինչպես բոլոր վերապրողները, մեծապես ազդված էր կատարված ողբերգությունից: Բացի իր կրտսեր քրոջից, նա կորցրել էր իր ընտանիքի բոլոր անդամներին: Հուսահատական այս մթնոլորտում սկսում է հետզհետե ավելի շատ խմել, ինչը քայքայում է առողջությունը:

«Նաւասարդից» ու «Հրազդանից» հետո, սկսում է աշխատակցել Գուրգեն Մխիթարյանի խմբագրությամբ լույս տեսնող «Նոր Շարժում» (Կահիրե, Եգիպտոս) շաբաթաթերթին եւ «Հայրենիք» (Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ) ամսագրին:

Ընտանեկան մթնոլորտի կարոտիցՙ 1924-ի օգոստոսին տեղափոխվում է Եգիպտոս, եւ Զագազիգում հանգրվանում է քրոջՙ Հայկուհիի մոտ: Վերջինս ամուսնացած էր Հմայակի սանասարյանական դասընկերներից Սուրեն Սարայդարյանի (Պալատունի) հետ եւ ուներ մեկ որդիՙ Վահե անունով:

Նույն տարվա հոկտեմբերին սկսում է հայերեն, հայոց պատմություն եւ բարոյագիտություն դասավանդել Ալեքսանդրիայի Պողոսյան ազգային վարժարանում: Այս շրջանում (1924-27 թթ.) Գ. Թագվորյանի եւ Բ. Թաշյանի համագործակցությամբ ձեռնարկում է «Հայ վարժարան» մանկավարժական ամսագրի հրատարակությունը, որի տասը համարներում Շեմսը ստորագրում է «Ազգային դաստիարակութիւն» խորագրված հոդվածաշարը եւ բազմաթիվ այլ գրություններ: Ըստ Վարդան Գեւորգյանի, այդ ամսագրի շուրջ են հավաքված եղել կրթական ականավոր մշակներ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ա. Աստվածատրյանը, Հ. Հինդլյանը եւ ուրիշներ: Ենթադրվում է, որ այս շրջանին է իր համար գրական ծածկանուն ընտրում «Շեմսը», որ արաբերեն նշանակում է «արեւ»:

Այնուհետեւ 1927-29 թվականներին Փարիզում հետեւում է Անրի Դուրվիլի եւ այլ հիմնարկների հոգեբանական եւ հոգեախտաբանական դասընթացներին, միաժամանակ շարունակելով հոդվածներ գրելՙ այս անգամ Փարիզում բժիշկ Լեւոն Գրիգորյանի խմբագրությամբ լույս տեսնող «Բուժանք» պարբերականում:

«Փարիզը առանձին հիացմունք չառթեց ինձ. քաղաք մը եւ ուրիշ ոչինչ», գրել է նա Վարդան Գեւորգյանին:

Քրոջ ամուսնու մահը ստիպում է նրան վերադառնալ Եգիպտոս: Հոգեբուժական դարմանատուն է բացում Ալեքսանդրիայում, որը թեեւ ոչ նյութական, սակայն մասնագիտական հաջողություն է արձանագրում:

Սակայն ճակատագիրը տնօրինում է, որ նա դարձյալ վերադառնա ուսուցչությանը: Սկսում է պաշտոնավարել Ալեքսանդրիայի Հայկազյան կրթարանում եւ Պալայան վարժարանում, որպես հայոց լեզվի, ազգային պատմության եւ մատենագրության այցելու ուսուցիչ:

«Շէմս ունէր կարկառուն յատկութիւններ: Ունէր նկարագիր, տաղանդ, զարգացում, հմտութիւն եւ ձեռնհասութիւն: Իբրեւ ուսուցիչՙ ...խանդավառ էր ու ներշնչող: Աշակերտները հոգեւին կը սիրէին զինք եւ իր դասերը», գրում է Հայկազյան կրթարանի տեսուչՙ Հայկազուն ավագ քահանա Ոսկերիչյանը: 1933-ին հիմնվում է եգիպտահայ Ուսուցչական միության պարբերաթերթըՙ «Հայ Դպրոցը», որին Շեմսը աշխատակցում է:

Երեսունական թվականներից նա բեղուն գործունեություն է ծավալում «Համազգային» մշակութային ընկերակցության կյանքումՙ վերակենդանացնելով գրական-գեղարվեստական ձեռնարկները Ալեքսանդրիայում:

1943-ին Շեմսը լույս է ընծայում արձակ ու չափածո գրվածքների իր «Ռոշնական» հատորը: Հաջորդ տարիՙ «Սայաթ-Նովա: Մատեան իմաստութեան, գեղեցկութեան եւ անմատոյց սիրոյ» աշխատությունը:

1947-49 ուսումնական տարում հրավիրվում է որպես տնօրեն-ուսուցիչ պաշտոնավարելու Քիրքուքի (Իրաք) Խրիմյան ազգային վարժարանում, սակայն բնակության արտոնագիր ստանալու դժվարությունները ձախողում են պայմանավորվածությունը: Դրա փոխարեն նա սկսում է հանդես գալ ի նպաստ հայրենադարձության: Հրավիրվում է բանախոսելու ներգաղթի համար կազմակերպված հավաքույթներին: Նա մասնակցում է դրանց, նույնիսկ ի հեճուկս Դաշնակցություն կուսակցության կամայականությունների եւ արգելքների:

Անդրադառնալով այս երեւույթինՙ եգիպտահայ հայտնի մտավորական Ստեփան Շահպազը գրում է. «Շէմսին հայրենասիրութիւնըՙ խոր ու յամառ իր մէկ երեսն էր: Ես իրմէ մէկ անգամ լսեցի հրապարակային խօսքՙ այս զգացումին վրայ, ներգաղթին առթիւՙ միթինկի մը մէջ: Ներգաղթին վրայ գրուած ամենէն ջատագով յօդուածներէն ու արտասանուած ճառերէն աւելի անդին անցաւ իր խօսքը, ըսաւ այնՙ ինչ որ ո՛չ ոք համարձակած կամ կրցած էր ըսել: Հայրենիքին իրական իմաստը կար հոն, ու կարտայայտուէր ազատօրէն, առանց որեւէ կ"աշկանդումի, իր սիրտին ձայնին միայն հպատակ»:

1949-ին է նաեւ, որ Շեմսը կվերակոչվի պաշտոնավարելու Հայկազյան կրթարանում: Երկար տարիներ (1925-51 թթ.) աշխատակցել է Կահիրեի «Յուսաբեր» օրաթերթին, նաեւ նույնանուն ամսագրին: Իր վաղահաս մահվանը «Յուսաբեր»-ը հետեւյալ տողերով է անդրադարձել. «Թափառական աշուղ մը, գրեթէ թրուպատուր մը, որ այս աշխարհէն չէր կարծես եւ որ կեանքին տուաւ աւելին, քան կեանքը տուած էր իրեն»:

1952-ի փետրվարին Շեմսը փոխադրվում է հիվանդանոց, որտեղ ամբողջ մարտ ամիսը բժշկական հսկողության տակ էր: Մարտի 30-ին նա հավիտյանս փակում է աչքերը: «Հիւանդանոցը դարձած էր ուխտատեղի մը: Աշակերտներ, ուսուցիչներ, բարեկամներ, ընկերներ, երիտասարդ թէ տարեց, ամէն օր կ՛այցելեն իրեն: Վերջին օրերուն ան դարձած էր գրեթէ անխօս: Բայց մահէն երկու օր առաջՙ մեծ ճիգ ըրած էր անկողնին մէջ նստելու եւ բոլոր ուժերը հաւաքելով ըսած էր իր մօտ գտնուողներուն: «Հայ ազգը պիտի ապրի: Շէմսեր կուգան ու կ՛երթան, բայց ազգը ի վերջոյ պիտի յաղթանակէ ու ապրի», կարդում ենք Վ. Պալատունու կազմած «Հմ. Շէմս: Ընտիր երկեր: Յիշատակի հատոր» գրքում:

Տանջված ու միայնակ, հաճախ թափառական կյանք վարած Շեմսը, այդուհանդերձ, չափազանց վճռական, սկզբունքային եւ ընկերասեր անձնավորություն էր, որի մասին Ստեփան Շահպազը գրել է. «Մտաւորական էր եւ հպարտ: Եղաւ հպարտՙ որպէս ուսուցիչ, եղաւ հպարտՙ նոյնիսկ որպէս կուսակցական: Գլուխ չծռեց: Երբեք չուզեց ընդունիլ չհասկցուած տիսիփլին մը: ...Մինչեւ անգամ հաւատքի մը պէս... պահեց իր անձնական նկարագիրը: Պետք էր հասկնալ զինքը»:

Ժամանակն է, որ ըստ արժանվույն հասկանանք նրան եւ շատ ու շատ ուրիշներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.