AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013



Դեմքեր

Տեղադրվել է` 2013-03-22 23:22:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1891, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Անդրանիկ Ծառուկյանն այն մարդկանցից է, որի հետ ամեն հանդիպում ու զրույց հիշում ես, երբեմն ուշացումով հասկանում հեռավոր ու նուրբ ակնարկները:

Ծանոթացել եմ 1975-ին: Ժամանելու էր Մոսկվայից, ամառ էր, երեւանյան տոթ ու կիզիչ ամառ: Դիմավորեցի շարժասանդուղքի մոտՙ իսկույն ճանաչելով: Ներկայանալս ընդունեց շատ սովորական, առանց սփյուռքահային հատուկ հաճոյախոսության, նույնիսկ անտարբեր: Ձեռքից վերցրի անձրեւանոց - վերարկուն ու քայլեցի: Շատ դանդաղ: Ծառուկյանը չի շարժվում, հենվել է գավազանին ու կանգնել: Սրտնեղեցի. ձեռք է առնո՞ւմ, ինչ է: Շարժվեց: Քիչ անց ես նորից ինձ գտա մենակ, նրանՙ բավական հեռվում: Ուշ հասկացա, որ սովորական դանդաղկոտություն չէ: Դժվար է քայլում, շա՜տ դժվար:

Ծառուկյանի երեւանյան օրերն այնքան լեցուն էին անցնում, որ նրան հանդիպելու ժամանակ ու առիթ հաճախ չէր լինում: Նա միշտ շրջապատված էր մտավորականներով, արվեստագետներով, գրասերներով:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը շատ էր գնահատում Ծառուկյանին. երբ վերջինս նրա աշխատասենյակում էրՙ հավաքվում էին հիմնականում գրողներ, բանաստեղծներ, ծառուկյանապաշտներ: Մի անգամ մտանք Համազասպյանի մոտ, նա ձեռքով ցույց տվեց Վահագն Դավթյանին ու ժպտերես ասաց. «Անդրանիկ, Վահագն էլ լավ է, էլ չի խմում»: Ծառուկյանն իր խորամանկ ժպիտով, մեկուսի, որ նախագահը չլսի, փսփսաց. «Չենք կրնար ըսելՙ լավ է, թե վատ...»:

Ժամանել էր բուժման, տեղավորեցինք 4-րդ վարչության հիվանդանոցում: Օրեր անց իմացա, որ վերադարձել է հյուրանոց: Սակայն Համազասպյանը նրան փնտրել ու չէր գտել: Հեռախոսով ասել են, որ վատ է զգացել եւ շտապօգնությունը նրան տարել է:

Առավոտ էր, կիրակի, Համազասպյանը տագնապած ինձ հանձնարարեց շտապ գտնել, թե ուր են տարել Ծառուկյանին:

Շտապօգնությունում չեն կարողանում ասել, թե որ հիվանդանոց են տարել նրան, անցել է երկու օր... Վերջապես տեղեկացա, որ Ծառուկյանին տարել են Նորքի 3-րդ զանգվածում գտնվող հիվանդանոց:

Համազասպյանի հետ բարձրացանք 2-րդ հարկ ու Ծառուկյանին գտանք քույրերի սենյակում մի հավելյալ մահճակալի վրա պառկած:

- Անդրանիկ, ա՛յ մարդ, դու հո օյին չե՞ս, սա ի՞նչ պատմություն ա:

Անդրանիկը, խորամանկ ժպիտը դեմքին, նստեց, հարցական նայում է ու ոտքով հողաթափն է փնտրում, որն իսկույն գտավ մոտ կանգնած բուժքույրն ու ասաց. «Ա՛ռ, ախպեր ջան»: Ծառուկյանի ժպիտը հարցականից փոխվեց ուրախության, նայեց բուժքրոջը եւ, բնականաբար, մեզ ու ցածր, բայց հասկանալի, ասաց. «Շնորհակալություն, քույրի՛կ»:

Պահը, մի լավ ռեժիսորի համար, պատրաստի միզանսցեն էր, Ծառուկյանը յոթերորդ երկնքում, իսկ Համազասպյանի ցանկությունը նրան րոպե առաջ լեչկոմիսիա տանելն էր, որից վարպետը հրաժարվեցՙ ասելով, թե այսպիսի ժողովրդային տեղ մը, Աստված իրեն տվեց, այլ հիվանդանոց տեղափոխվել չի ցանկանում...

Դրա ապացույցը հավաքված բուժքույրերի ու հավաքարարների վկայություններն էին: «Շատ լավ մարդ ա, շատ համեստ մարդ ա, խելոք հայրիկ ա»,- հավատացնում էին նրանք:

Երկու օր անց Ծառուկյանն առանց մեր օգնության նորից գնացել էր «Արմենիա», ուր նրան գտա ֆրանսահայ Ռոժե (Կարպիս) Ջրբաշյանի հետ, հրապարակին նայող մի համարում: Դուրս են նայում ու զրուցում.

- Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ նորից փախաք,- կատակով հարցնում եմ ես:

- Լավ եմ, հանգստի պետք չունիմ, ասիկա ինձի ամենամեծ հանգիստն է, ցույց է տալիս լուսամուտից բացվող տեսարանը: Ռոժեն երկու օրեն պիտի երթա, իր հետ կվերադառնամ:

Քիչ անց պատմեց, որ հիվանդանոցում իրեն տարել են ռենտգեն-նկարման, մերկացրել են (հագուստից թողնելով միայն գավազանը) եւ երբ պատրաստվել են ռենտգեն կաբինետ մտնել, դուռը բացվել է ու բուժքույրերից մեկը երջանիկ ներս է ընկել.

- Մարուշ ջան, Սաթիկն ազատվեց, աչքդ լո՜ւս:

- Ի՜նչ ես ասում, քոնն էլ, քոնն էլ:

- Ի՞նչ է, տղա՞, աղջի՞կ:

..................

- Քաշն ինչքա՞ն է:

..................

- Վա՜յ, ինչ լավ, բո՞յը:

........................

- Ինքը ո՞նց է, ինքը, Համոյի պորտը տեղն ընկավ, կնկա հոգին ուտում էր:

- Տիկին Մարուշ, սառեցա՜:

- Հա, ախպեր ջան, հիմա: Գիտես ինչ, էս կինը 8 տարի զավակ չէր ունենում...

Եւ այսպես տիկին Մարուշը, ջան ու ղուրբանով, սառած Ծառուկյանին պատմում է ողջ պատմությունը:

- Է, լավ, դրա համար մեկնո՞ւմ եք:

- Չէ՜, ջանըմ, նայեցան, ըսին բան մը չունիս, լավ եմ, հոգ մի ըներ, Ռոժեին հետ կերթամ:

Երկու օր անց մեկնեց...

***

«Էքսպրես» սրճարանը Բեյրութի արեւմտյան շրջանի «Համրա» թաղամասի սկզբնամասում է, չնայած իր բարձր վարկին (դրական իմաստով)ՙ առանձնապես մարդաշատ չէ, ունի երկու տարբեր փողոցների հարող բացօթյա մաս:

Քանի որ քաղաքացիական պատերազմի ընթացքում քաղաքը բաժանված էր երկու մասիՙ քրիստոնյա եւ իսլամ, աշխարհագրականորենՙ արեւելյան եւ արեւմտյան, հաճախ չէր, որ հաջողվում էր անցնել մայրաքաղաքի այսպես կոչված կանաչ գիծը: Այս պայմաններում, հատկապես Ծառուկյանի նման մեկը, որը քայլելու դժվարություն ուներ եւ լայն կապեր քաղաքի իսլամական մասում, նշանակել էր օր ու ժամ տեսակցությունների համար: Ծառուկյանն ամեն ուրբաթ առավոտյան, իր տանից, որն արեւելյան մասում էր, գալիս էր «Էքսպրես» եւ հանդիպումներ ունենում իրեն տեսնելու ցանկություն ու անհրաժեշտություն ունեցող մարդկանց հետ:

Զինյալ գործողությունների պատճառով հաճախ էր պատահում, որ «սահմանը» փակվում էր, եւ Ծառուկյանը ուշ-ուշ էր հայտնվում սրճարանում:

Նրա հետ հանդիպումը բոլորիս համար երեւույթ էր, շատ սպասված ու ցանկալի առիթ: Ամեն չորեքշաբթի ես դիմավորում էի Երեւանից ժամանող ինքնաթիռը, ստանում շաբաթվա հայաստանյան մամուլը, Երեւան ուղարկում Բեյրութի մամուլը, եւ ուրբաթ օրը «զինված»ՙ գնում հանդիպման Ծառուկյանի հետ: Որպես ցանկալի հյուր, չգիտեմ ես էի, թե իմ տարած մամուլը, Ծառուկյանը խնդրում էր ինձ սպասել, եւ իր մյուս տեսակցողներին, հատկապեսՙ իր «Նայիրի» թերթի հրատարակչին (որի գործերը երկար էին լինում) ճանապարհի, որ մենք «նստենք գլուխ-գլխի զրույցի»:

Չեմ հիշում ինչ պատճառով (գուցեՙ սեզոնային), Երեւանից ժամանող ինքնաթիռի օրը փոխվեց եւ չորեքշաբթիից դարձավ ուրբաթ: Մեր տեսակցությունները ինչ-որ շրջան չկայացան իմ օդանավակայան գնալու պատճառով: Որքան ժամանակ անցավՙ չեմ կարող մտաբերել, ինքնաթիռի օրը նորից փոխվեց, նախկինի նմանՙ չորեքշաբթի, եւ ես անակնկալ հայտնվեցի «Էքսպրես»-ում:

Ծառուկյանի ուրախությանը չափ չկար, ու զրույցի ժամանակ նա հարցրեց, թե ինչպե՞ս պատահեց, որ կարողացա նորից իր հետ հանդիպման գալ ուրբաթ օրը: Ես շատ լուրջ ներողություն խնդրեցի, որ ինչ-որ շրջան տեսակցությունը չի կայացել եւ ուշացել է, բայց ինձ մեղավոր չեմ զգում, քանի որ Մոսկվա ինքնաթիռի օրը փոխելու խնդրանքի հեռագիրը ուղարկվել էր շատ վաղուց, սակայն պատասխանըՙ ինքնաթիռի ժամանակացույցը դարձնել այնպես, որ չհամընկնի Ծառուկյանի հանդիպումների հետ, եկավ միայն անցյալ շաբաթ:

Լինելով բացառիկ հումորի տերՙ Ծառուկյանը սկսեց բարձր ծիծաղել, ապա կանգնեց, հենվեց գավազանին, գլուխը խոնարհեց, թեՙ փոխանցիր իմ շնորհակալությունները... Մոսկվային:

Այս պատմությունը հաճախ էր հիշում ու պատմում: Մի անգամ էլ, երբ Վահրամ Մավյանի մոտ պատմեց, Վահրամն ասաց. «Թուղթ առ Երեւանը» ռուսերեն թարգմանվա՞ծ է»... ավելի բարձրացնելով հումորի նշաձողը:

***

1982թ. գարնանն էր, Ծառուկյանը ցանկություն հայտնեց բուժման գնալ Հայաստան, Ջերմուկ կամ Հանքավանի տաք ջրեր: Երեւանից լուր տվեցին, թե մայիսին կարող են ընդունել Ծառուկյանին կնոջ հետ, ու քանի որ օրերը լարված էին, վիզայի հարցերը լուծվեցին վաղօրոք: Թե ինչպես էր Երեւան մեկնել Ծառուկյան ամոլը, ես տեղեկություն չունեի, գուցե Հալեպի վրայով: Իմացա միայն վերադարձը, որի առհավատչյան եղավ այս ծաղրագիրըՙ արդեն ամիսներ անց հասնելով ինձ.

Եկայ, տեսայ, զարմացայ...

Երբ իր աթոռին Վարդգէսը չկայՙ

Կապի Կոմիտէն խոր մրափի մէջ

Ձմեռնաքունի օրերն է կ՚ապրի...

Երանեալ աշխարհ, երանեալ մարդիկ,

Անտրէնՙ լռակեաց անժպիտ Պուդդա,

Կարլէնն անճրկած աղբարի դիմակ,

Վահագնը ըսեսՙ արդէն աքսորեալ

Իր ժուռնալին մէջ ի վերին դրախտ...

Սփիւռքահայոց մշտաժպիտ հիւր

Մեր Կոզմոյանին թէ փորձես զանգելՙ

Վերէն Շահազիզն է որ ձայն կուտայ.

Շահէնն ի Սիպիր, Ռոմէնն ի Մոսկուա...

Եւ ամայութեան ու լռութեան մէջ

Շնչող ու շարժող որպես ուրուական

Եւ հէգ պանդուխտիս ցաւին կարեկիցՙ

Լոկ հայորդին կայ տոհմէն Ասլանեան...

Ա.Ծառուկեան, 1982թ.

Սիրելի Վարպետ, մի քանի օր առաջ (ամսի 23-ին), երբ տանը մենակ հերթական մթությունն էի «վայելում», ժամանեցին դոկտոր Հարություն Յոզգաթլյանը տիկնոջ եւ Հանքավանից նոր ժամանած Հովսեփիկի հետ, օր. Սիլվա Ջիգերյանի ուղեկցությամբ:

Բնականաբար, մութը լույս դարձավ ոչ միայն «լյուքսի» (*) հուր արձակող ճառագայթներից, այլեւ միջավայրից:

Երբ հրաժեշտ էինք տալիս, Սիլվան միջանցքում, հայելու առջեւ դրված գրքերի մեջ տեսավ «Վերջին անմեղը» եւ հենց այնպես, ի միջիայլոց հայտնեց, որ իր քովը ծրար մը ունի Ծառուկյանի կողմե: Այս նախաբանը միայն նրա համար, որ հայտնեմ, թե Ձեր 12.09.1983 թվակիր նամակն ինձ հասավ ամսի 26-ին:

Շատ ու շատ ցավեցի, որ առիթ չկայացավ մեկնելուց առաջ «երկու յափրաղ ըլլալու»:

Ե՞րբ եք մեկնել, ամսի քանիսին, այդպես էլ չիմացա: Այսօր Երեւանից վերջապես ժամանած ուսուցիչները նամակ բերեցին: Արմեն Ասլանյանը գրել է. «Ինտուրիստը կատեգորիկ հրաժարվում է մեզ տեղ հատկացնել, խնդրում եմ մարդ չուղարկել մինչեւ նոյեմբերի 2-րդ կեսը: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, նրան կդիմավորեմ վաղը ու կտեղավորեմ, չնայած ինքնաթիռի գալը մազից է կախված» (**):

Դեռ չեմ գրել, բայց պատրաստվում եմ գրելու, որ Ծառուկյանին փնտրեն Փարիզում: Մեծ նավերը մեծ ջրերում են լինում:

Ծառուկյանի նամակը.

Պէյրութ, 12 սեպտեմբեր 1983

Սիրելի Ռոմէն Կոզմոյեան,

Յուսամ ողջ-առողջ էք մեր այս քաոսային քաղաքին մէջ եւ անշուշտ կ՛երազէք խաղաղ Երեւանը եւ... Այտան:

Գալով մեզի, այս երկու շաբթուան ընթացքին դժոխային քանի մը գիշերներ անցուցինք: Մեր տունը գիտէք: Շրջակայ շէնքերուն հրդեհներ եւ կործանումներ եղան, եւ մահ մը ու քանի մը վիրաւորներ: Մեր տունին խնայուեցան ռումբերը: Առայժմ բարեբախտ ենք: Բայց բախտը կրնայ երես դարձնել մեզմէ:

Այս դժոխքէն դուրս գալու համար որոշած եմ Դամասկոս անցնիլ եւ անկէ Փարիզ:

Հայաստանի ծրագիրը ստիպուած եմ ջնջել: Մեր հռչակաւոր «Ուղեգիրը» Դիլիջանի վրայ ըլլալուն, հաւանաբար Երեւանի մէջ մեզի տեղ չըլլայ: Գիտեմ թէ փողոցը չենք մնար, բայց այնպէս ինչպէս գիտեմ ձեր դասաւորումները, դժուար թէ հանգիստ ըլլամ: Ու յետոյ, Մոսկուայի վրայով Փարիզ անցնիլն ալ կասկածելի թուեցաւ, նկատի ունենալով, քորէական օդանաւին անկումով առաջացած օդային գիծերու խանգարումը:

Յամենայնդէպս, Դամասկոս կ՛երթանք, անկէ Փարիզ անցնելու ծրագրով: Թէ որքան կը մնանք այնտեղ, չեմ գիտեր:

***

Սեպտեմբեր ամիսն էր, Բեյրութը նոր էր անցկացրել հերթական ընդհարումը (որն ընդունված էր ռաունդ անվանել), քաղաքը սկսել էր շնչել եւ, հիմնականում, Արեւելյան Բեյրութում գտնվող հայկական կազմակերպությունները նույնպես, աշխուժացել էին, հրավիրելով մեզՙ սովետական դեսպանատան պաշտոնյաներիս, զանազան միջոցառումների:

Ծառուկյան ընտանիքը նույնպես կապի մեջ մտավ եւ պայմանավորվեցինք որոշակի օր ու ժամ իրենց տանը հանդիպելու:

Հանդիպումից մեկ օր առաջ ինձ շտապ կանչեցին Մոսկվա, եւ ստացվեց այնպես, որ ես Ծառուկյանների տուն գնալու դեպքում կվտանգեմ ինքնաթիռին հասնելս: Բեյրութի օդանավականը փակ էր, եւ պետք է մեկնեի Սիրիայից:

Ծառուկյանների հետ հանդիպումն այնքան ցանկալի, հաճելի ու սպասված էր, որ առանց երկար մտածելու որոշեցի երեկոյան գնալ նրանց տուն, առավոտվա ժամը 4-ին-5-ին մեքենայով դուրս գալ դեպի Դամասկոս, որպեսզի ժամը 12-ին հասնեմ ինքնաթիռին:

Ծառուկյանների տանն եմ, ինձ ընդունեցին բացառիկ ջերմությամբ, հապճեպ թերթեցին տարածս երեւանյան մամուլը, որ մի քանի շաբաթ չէին ստացել եւ, ինչպես միշտ, զարմացրին իրենց հյուրասիրությամբ: Նրանց տան հյուրասիրությունները, բացի ջերմությունից, ուրիշ ոչ մեկ բան ունեին հայկական, քանզի, ըստ տան տերերի, հայկականով հայաստանցուն չեն զարմացնի, ուստի, սեղան բացվեց... չինական:

Ժամանակն անցավ այնքան աննկատ ու արագ, որ դարձավ 1.30 րոպե, իսկ ես դեռ տուն պետք է գնամ եւ այնտեղից մեկնեմ:

Հրաժեշտ ենք տալիս, ողջագուրվում, կատակում, ծիծաղում, իսկ իմ ձեռքի պայուսակը չկա ու չկա:

Անհանգստությունն ու լարվածությունը նկարագրել անհնար է, քանզի պայուսակում են անձնագիրս, դիվանագիտական քարտս, որով, ոչ միայն Լիբանանում, այլեւ Սիրիայում եմ ճամփորդում եւ, վերջապես, ինքնաթիռի տոմսակներն ու վարորդականը, իսկ տան բանալիների հարցը լուծելի է:

Վայրկյանի ճշտությամբ հիշում ենք, թե ինչպես մտա տուն, ուր դրի ձեռքիս նվերները, որտեղ նստեցի, բայց անօգուտ. պայուսակը չկա:

Տխուր, տրտում, ահավոր ջարդված ու ազդված նստում եմ մեքենա ու վերադառնում սովետական մշակութային կենտրոն, ուր ժամանակավոր տեղավորված էիՙ ապրածս շենքի ռմբահարված լինելու պատճառով:

Հազար ու մեկ պատճառաբանություն եմ բերում մտքումս, տասնյակ ստեր ու տարբերակներ, թե որտեղ եմ կորցրել պայուսակս, որ ինչ-որ արդարացում լինի, քանի որ դեսպանատանը ասել, թե ճամփի վրա գիշերով անցել եմ Արեւելյան կողմ Ծառուկյանին հանդիպելու, ավելի քան անթույլատրելի ու այպանելի է, խոստովանելու դեպքումՙ ամոթալի:

Քնել չեմ կարողանում, դուրս եմ գալիս «Մանդարին» կոչվող սուպերմարկետին նայող պատշգամբ, խանութի լույսերը կուրացնող են, մի քանի գիշերային պահակ զրուցում են մայթին:

Ասում ենՙ հրաշք չի լինում, սակայն ինձ հետ այդ օրը պատահեց: Աչքերիս չեմ հավատում. Նանիկի «Պեժոն» ահավոր արագությամբ ու ճռռոցով արգելակեց խանութի դռանը, մայր ու աղջիկ (Ծառուկյանի կինն ու դուստրը) բացականչություններով, թեւերը թափահարելով, հուզված ինձ են ցույց տալիս պայուսակը:

Ինչպես եմ հայտնվում մայթինՙ չեմ հիշում, եւ սկսվում է, ինչպես ասում են, «պաչ-պռոշտին»:

Երեքս գրկում ենք իրար եւ երջանկությունից լաց լինում, մայթին կանգնած արաբները շշմած նայում են, իսկ Նանիկն այդ պահին իրեն չի կորցնում ու ասում է. «Երթանք այդ արաբին ալ պաքնենք»:

Այլ բան, քան կատակելը, այդ պահին չէր օգնի, ծիծաղում ենք, հրճվում, ես տիկին Սոնային ու Նանիկին ուղեկցում եմ մինչեւ տուն, վերադառնումՙ կարծես թե խոր քնից արթնացած լինելով, երբ առաջին պահին չես զգում, թե որտեղ ես...

Ի՞նչ է պարզվում:

Երբ ես տուն եմ մտել ու իմ տոպրակների հետ պայուսակը դրել եմ պահարանի բաց մասին, որի ետեւում հայելի է, մեծ ճեղք է եղել, պայուսակս ընկել է պահարանի եւ պատի արանքը:

Մեկնելուց հետո, երբ հյուրընկալներս նորից ու նորից վերականգնել են «սցենարը», Նանիկը ճեղքը նկատել է եւ «հրաշքը» կայացել է:

Ես մեկ շաբաթից վերադարձա, եւ առաջին այցելությունս տվի Ծառուկյաններինՙ առանց պայուսակի:


* Կերոսինով վառվող լամպ, որը պատերազմական Լիբանանում օգտագործում էին գրեթե ամենուր:

** Ռազմական գործողությունների պատճառով Բեյրութի օդանավակայանը հաճախ էր փակվում:

Նկար 1. Ձախից աջՙ տիկին Սոնա Ծառուկյան-Խտըշյան, Վահրամ Մավյան, Անդրանիկ Ծառուկյան, տիկին Աիդա Կոզմոյան, տիկին Իվոն Մավյան-Գասարճյան եւ Ռոմեն Կոզմոյան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.