AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013



Մնջախաղ

Տեղադրվել է` 2013-03-22 23:22:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2542, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 82

ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈՅԻ ԱՐՎԵՍՏԻ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՎԱՀՐԱՄ ԶԱՐՅԱՆ

Նվիրվում է երջանկահիշատակ վարպետիս` պերճախոս լռության հանճարեղ պոետին

Ֆրանսիացի մնջախաղաց Մարսել Մարսոն ծնվել է 1923 թ. մարտի 22-ին Ստրասբուրգում, հրեական ընտանիքում: Դերասանական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ ծագել է Չարլի Չապլինի ֆիլմերի ազդեցությամբ: Լիմոժում հաճախել է դեկորատիվ արվեստի դպրոց, հետո սովորել Փարիզի «Սառա Բեռնարի թատրոնում»ՙ հռչակավոր Շառլ Դյուլլենի եւ «մաքուր մնջախաղի» հիմնադիր Էթիեն Դեկրուի մոտ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված էր փախչել ընտանիքովՙ մասնակցելու «Դիմադրություն» շարժմանը: Իր հարազատներից շատերը, այդ թվում հայրը նահատակվեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում:

1947-ին Մարսոն կերտեց իր ALTER EGO-ն հանդիսացող Բիպին: Տարբեր իրավիճակներում հանդես եկող ճերմակադեմ, զոլավոր բլուզով, ճմռթված գլխարկով քնարերգական կերպարը նրան բերեց համաշխարհային ճանաչում: Այդ ժամանակ էր, որ նա ձեւավորեց «Մնջախաղացների միությունը, որը գոյատեւեց մինչեւ 1960 թվականը:

Մարսոյի ներմեղեդային պլաստիկայից ազդվել են շատերը, այդ թվումՙ փոփ արքա Մայքլ Ջեքսոնը. վերջինս աշակերտել է մնջախաղացին եւ իր հանրահռչակ պարային «լուսնե քայլվածքը» մշակել է միմի «Քամուն հակառակ քայլողը» ռեպրիզից:

1966թ.-ին Մարսոն Միացյալ Նահանգներում հիմնադրեց բեմարվեստի այս ճյուղի աջակցման ֆոնդը, իսկ 1978-ին ստեղծեց Մնջախաղի փարիզյան դպրոցը:

Մարսել Մարսոն պարգեւատրվել է Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգեւովՙ «Պատվո լեգեոն» շքանշանով, 2002-ին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն էր: Հյուրախաղերով եղել է ԽՍՀՄ-ում, հանդես եկել նաեւ Երեւանում:


Մարսոն մահացել է 2007 թ. սեպտեմբերի 22-ին, 85 տարեկանում, թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Մնջախաղի համաշխարհային պատմության մեջ Մարսել Մարսոյի իրագործած բարեշրջումների վճռորոշությունը անվիճելի փաստ էր դեռեւս անցյալ դարի վաթսունականներին: Նրան էր վերագրվում ֆրանսիական մնջախաղային թատրոնի հին սովորույթների վերածնումը, այն գերմանական էքսպրեսիոնիզմի ավանդույթներով` պարային դրամատիկական մնջախաղով հարստացնելն ու «պոետիկ լռության երաժշտության» արդի հնչեցումը: Խոսքերի չչափազանցվածությունը ճշտելու համար բավական է միաժամանակ բիբլիական Գողիաթին ու պատանի Դավիթին ներկայացնող նրա «Բիպի» մասին նրա ժամանակակից թատերագետներից մեկի հուշերը մտաբերել: Թատերական քննադատը պատմում է, որ Մարսել Մարսոյի խաղացած ողբերգական մանրապատումում, անխոս եղել են թատրոնի բոլոր տարրերը, ինչը կարող էր իրագործել միայն քանդակագործի, գիմնաստի, պարողի եւ դրամատիկական թատրոնի դերասանի շնորհներին տիրապետող արվեստագետը: Բնականաբար, ստեղծագործական նման «բազմաձայնությամբ» օժտված արտիստի արվեստի խառնվածքը ոմանց համար այժմ էլ առաջ է քաշում հարցեր, որոնց պատասխանները դեռեւս մշուշոտ են:

Խնդիրն ավելի պարզորոշ մանրամասնելու համար անհրաժեշտ է մեկնաբանել Մարսոյի էսթետիկան: Իսկ նրա գեղագետ տեսակը բնորոշելը հնարավոր է միայն մնջախաղի հետքերով, նույնիսկ` մինչեւ սկզբնավորում գնալով: Պոետիկ լռության վարպետի արտահայտչամիջոցներում ներառված են ե՛ւ Դեբյուրոն, ե՛ւ Դեկրուն, ե՛ւ Կոմեդի դել Արտեն: Ու այս ամենն, իհարկե, անցնում է միմի իր տեսակի` ստեղծագործ նորարարության խողովակի միջով: Հետեւաբար, Մարսոյի մանկավարժական մեթոդաբանությունն էլ օժտված է համանման այլազանությամբ: Քանի որ տեխնիկան համարվում էր առաջնակարգ, ուստի, խիստ կարեւորվում է ֆիզիկական պատրաստվածությունը, որի առաջին գրավականը վարժանքներն ու մարզումներն են: Այդ գործընթացում Մարսոյի տեխնիկայից բացի ուսուցանվում է Դեկրուինը, ինչպես նաեւ` դասական պար, որը մարմնի շարժմանը հատուկ էսթետիկա է հաղորդում: Սա, անշուշտ, հավաստում է Մարսոյի մնջախաղային «քերականության» մեջ ոճավորման կարեւորությունը: Սակայն նույն Մարսոյի որոշ ներկայացումներում դերասանի` ուշադրության կենտրոնում լինելուց զատ, գլխավոր նյութը ժամանակակից իրականությունն էր, եւ նա հանդիսատեսին հուշում էր կերպարների սոցիալական դիրքը, բնավորությունները, ով լինելը: Նյութի այսօրինակ ընտրությունն ու վերարտադրությունը իրապաշտական մոտեցում է, բայց ոչ բացարձակ ռեալիզմ, որը կնշանակեր սիմվոլից հրաժարում: Կարելի է ասել, որ Մարսոյի պարագայում բեմում դա անհնար էր, քանի որ դեպի կատարելություն ձգտող ձեւի եւ բովանդակության ներդաշնակումն է նրա ստեղծագործություններին պարզություն հաղորդողը: Նշանակում է նա ռեալիզմի եւ սիմվոլիզմի յուրահատուկ համադրում է կատարել: Այդպիսի ներկայացումներից են տարատեսակ «Բիպ»-երի բեմադրությունները, որոնցում բնավ պլաստիկական դիրքերի գեղեցկայնությունն ու պարային շարժումների նազանքը չէր, այլ ամեն հոգեւոր շարժման ու մկանի ծառայեցումը մարդկային խորը ճշմարտությամբ լի բանաստեղծական գաղափարին:

Որ թատրոնում պոետիկ մտահղացումը պայմանականություն է ենթադրել տալիս, ինքնին հասկանալի է, բայց «հոգեւոր» դաշտում ստեղծագործող Մարսոյի համար միայն այդքանով բավարարվելը համահավասար կլիներ ոչինչ չանելուն, ուստիեւ նա իր բանաստեղծական գաղափարի միջուկն է դարձնում համամարդկայինը: Պատահական չէ «L"Humanitռ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Մարսել Մարսոյի այն խոստովանությունը, թե առանց «Բիպ»-ի հնարավոր է եւ չլիներ «Շինել»-ը: Վերջինս, մեկ ուրիշ առիթով էլ խորունկ իրականության սրտից հանճարի պոկած անմահ տխրապատումի մասին խոսելիս նշել է, որ այն իրենց թատրոնին առաջնորդող գիծն է դարձել: Ավելին, ըստ Մարսոյի` «Շինել»-ի շնորհիվ են առաջացել «Մոնմարտրից Պիերոն», «Երեք կեղծամ» եւ նույնիսկ, «Փոքրիկ կրկես» գործերը: Այսինքն, վերոգրյալ մարդկային խորը ճշմարտությունը նրա գեղարվեստական հայեցակարգի առանցքն է: Ու իրենում ծվարած այդ հումանիստական հայեցումով է նա ուսանողների հետ բեմադրել Ն.Գոգոլի «Շինել»-ը. խորապես ընկալելով մուշտակի երազանքով ապրող Ակակի տեսակն ու վերջինիս հետ կատարվածը` երեւույթը ներկայացրել է այսօրեականության մոտիվներով: Դրամատիկ իրողությունը ցուցադրելով համամարդկայինի լույսի ներքո` առարկայական աշխարհը մատուցում է ենթադրական դաշտում. գլխարկը, շինելը ժեստային խորհրդակերպումներով հանրամատչելիորեն հրամցվում է հանդիսատեսին:

Նշված ստեղծագործությունները («Բիպ», «Շինել») ավելի շատ պանտոմիմ են, այլ ոչ թե միմոդրամա, որովհետեւ առաջինի տարրերն են գերակշռողը: Երբեմն այս տարատեսակները շփոթում են, կամ անգամ չեն էլ զատորոշում, քանի որ հայերենում երկուսի դեպքում էլ մնջախաղ տերմինն է օգտագործվում: Բայց Մարսոյի համար հույժ կարեւոր էր պանտոմիմի եւ միմոդրամայի տարբերությունները. նրա ստեղծագործական կյանքում գրեթե համահավասար մասնակիցներ են մնջախաղային այս տեսակները: Պանտոմիմի առանձնահատկությունը կենցաղային իրադարձության հնարավորին չափ գեղարվեստական մեկնությունն է: Մարսոյի հայացքից կարելի էր կռահել, թե նա ինչ է տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ նա դիտելով տեսնել գիտեր: Կան դերասաններ, որ մասնագիտական «կուրությամբ» են տառապում: Մնջախաղում էլ այդ ներքնատեսությունը իր բնականոն վերարտադրությունն է ստանում: Կյանքում սովորականից ավելի ուշադիր ես շրջապատող երեւույթների նկատմամբ եւ մարմնի լեզվով սկսում ես խոսել քեզ անհանգստացնող հարցի մասին` փորձելով ինչ-որ բան փոխել, ինչպես եւ վարվում էր Մարսել Մարսոն: Եվ պլաստիկան` որպես հուզանքների արտահայտիչ, երբեմն ավելի խորը հոգեբանական նրբերանգներ է պարունակում, քան թե խոսքը, քանզի մարմնի լեզուն ավելի մոտ է կանգնած մարդու բնությանը: Ու շարժման այդ «հուզականությունն» է դիտողի զգայական աշխարհում գործընթացներ խթանողը: ՉԷ՞ որ դերասանի առաջին խնդիրը հանդիսատեսին հուզելն է: Եթե հուզմունքը մի քանի ակնթարթ եղավ, նշանակում է` ներկայացումը ստացվել է: Այդ ժամանակ գաղափարներիդ ընկալման խնդիրն էլ է ձերբազատվում խրթինությունից, քանի որ կիրառված սիմվոլն առավել օրգանական է դառնում:

Ներընկալման դիտանկյունից պայմանաձեւերն այլ են Մարսոյի միմոդրամային գործելակերպում: Այստեղ արտահայտչամիջոցային մենաշնորհը սիմվոլինն է, ինչպես օրինակ` «Ձեռքեր» համարը, որում աշխատում է զուտ խորհրդակերպումներով: Թեեւ բեմում յուրաքանչյուր շարժում ենթադրում է որոշակի պատմություն, սակայն այստեղ չկար ինչ-որ տեղից վերցրած գրական հենք, կա բարին եւ չարը` մշակված հատուկ էսթետիկ ժեստերով: Այս սիմվոլներն ինքնակա են` պարտավորված չլինելով սպասարկել լոկ դեպքերի ընթացքի տրամաբանության պահանջների միանշանակությունը: Այդկերպ սյուժետային որոշակիությանը փոխարինում է բովանդակային ընդհանրականությունը, եւ դիպաշարային գծի լուծը կրում է դերասան-ռեժիսորը:

Սույն տեսանկյունից ավելի քան կարեւոր է բեմական գործիչների աշխատանքը դրամատուրգի հետ, որպեսզի ստեղծվի այդ մնջադրաման: Մասնագետ` ով ռեժիսորի հետ աշխատում է որոշակի տարածքում, որոշակի ներկայացման համար: Առերեւույթ թեկուզեւ տարօրինակ թվա, բայց մնջախաղային սցենարների համար պարզապես գտածոներ են Փարաջանովի կոլաժները: Ավելին, նրա եւ Մարսոյի միջեւ նշմարելի են ընդհանուր գծեր: Առաջին մնջախաղային հայկական ֆիլմը «Նռան գույնը»-ն է, որում օգտագործված ժեստերը կարելի է կարդալ Մարսոյի «քերականությամբ»: Հնարավոր է գտնել շարժումներ, որոնք Մարսոն օգտագործել է հատուկ տերմիններով, այսինքն` ընթերցել վերջինիս մնջախաղի լեքսիկոնով: Անգամ ներկայիս եվրոպական շարժման թատրոնի բազմաբղետ արվեստում էլ աներկբայորեն նկատելի են մարսոյական հնարքները եւ առհասարակ նրա ծանրակշիռ ազդեցությունը: Պատճառն էլ թերեւս այն է` մնջախաղում Մարսոյի բարեփոխումների համակարգը գեղարվեստականի եւ գեղագիտականի միահյուսման մի ուրույն «վարդապետություն» է: Այսպիսին է իր պլաստիկական զինանոցում ձեռքերի ժեստերի մոտ հարյուր տերմին ունեցող վիրտուոզը` գրեթե բոլոր ժամանակաշրջաններում մատչելի լինելով հանուրի համար:

Փարիզ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.