AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #003, 2013-02-23 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013



Թատրոն

Տեղադրվել է` 2013-03-22 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 120, Ուղարկվել է էլ.փոստով` 92

«ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ».

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ, ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆ

ՀԱՅԱՑՔ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆՙ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՖԱՆՏԱԶԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԻՑ

Գուցե բնավ էլ պատահական չէ, որ Գարեգին Նժդեհի կյանքն ու ռազմագիտական եւ ազգայնական աշխատությունները դարձել են ուսումնասիրման նյութ հենց հիմա: Ժամանակաշրջանը փնտրում է հերոսներ, ժամանակաշրջանը պարտադրում է ազգային պատմության ընդերքից դուրս բերել նրանց, ովքեր կարող են ոչ միայն ընդօրինակելի լինել իրենց կերպարով ու կենսագրությամբ, այլեւ յուրովսանն առաջնորդել տակավին գաղափարախոսական կաշկանդումների բեռից չազատագրված ժողովրդին, պատմության նոր մարտահրավերների առջեւ կանգնած հայությանը, որը հատկապես հիմա փորձում է գտնել իր ընթացքը, արդի պատմության մեջ իր տեղն ու վերադառնալ Հայրենիքի ու Հայաստանի ճշմարիտ ընկալումին: «Հայրենիք սիրել, ասել է` խորազգալ, խորհել ու գործել ա՜յն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզորացման եւ հավերժացման համար: Ապրել Ցեղի արժեքներով ու բարոյականով, դրանք կենսաձեւ դարձնել կնշանակի կրել իր մեջ ցեղը, լինել ցեղակիր-ցեղակրոն»: Գարեգին Նժդեհի այս միտքը, որն ազգային կեցության գլխավոր հենարաններից է, այսօր ձեռք է բերում յուրօրինակ արդիականություն ու հնչողություն, նորից առաջադիր դարձնում Հայաստանի ու Ճշմարտության գաղափարը, որն արդեն գոյության գլխավոր կռվանն է: Հայաստանի ու Ճշմարտության ինքնահատուկ բաղադրությունն է ներկայանում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում կյանքի կոչված «Հայաստան եւ ճշմարտություն» խորագրով բեմադրության մեջ, որն իրականացրել են Արման Մազմանյանն ու Աննա Հեքեքյանը: Նժդեհի կերպարը, մասնավորաբար փիլիսոփայական բեւեռների համարժեքն ունեցող այս պատկերացումները բեմական շրջանակի մեջ առնելու եւ թատերային որոշակի արտահայտչականությամբ լուծելու առաջին փորձը չէ սա հենց հեղինակ-բեմադրիչների կողմից, ովքեր դեռեւս 12 տարի առաջ էին կյանքի կոչել սույն բեմադրությունըՙ բոլորովին այլ դերասանախմբի հետ: Ապա բեմադրությունը նոր կյանք ստացավ «Գոյ» թատրոնում, ուր պահպանելով գրական հենքը, դրամատուրգիական կառույցը, Արմեն Մազմանյանը եւ երկրորդ բեմադրիչ Աննա Հեքեքյանը նպատակ էին ունեցել Նժդեհին ներկայացնել պատմության ու ներկայի հավերժական խորհրդանիշ, որին պիտի ձգտի յուրաքանչյուրըՙ պարզելու իր արյան բաղադրությունը, ճշտելու հայրենասիրության իր ընկալումը: Ուրեմն, ստեղծված գրական նյութը, որը ենթարկվում է գրական թատրոնի պլաստիկական սկզբունքային եւ խոսքային նյութի մատուցման ձեւաեղանակներին, Արմեն Մազմանյանի համար երբեք չի կորցնում իր արդիականությունը, բեմադրիչը դերասանական տարբեր սերունդներ ընդգրկելով իր բեմադրության մեջՙ ամեն անգամ առաջնային է դարձնում նաեւ դերասանական սերնդի ինքնատիպությունը եւ խաղարկումների առանձնահատկությունը: Մի առիթով Արմեն Մազմանյանն ասել էր. «Գարեգին Նժդեհից կարեւոր խոսք հայորդու համար պետականաշինության եւ ազգաշինության գործում ոչ ոք չի ասել», ուրեմն, գրական կոմպոզիցիայի հիմքում պետականաշինության, հայրենաշինության եւ ազգաշինության նժդեհյան տեսլականն ու պատկերացումն են, որոնք դարձել են ենթաբնագիր ու ենթահիմքՙ իրենց վրա առնելով գրական կոմպոզիցիայի պատումնային բանվածքն ու սյուժետային ինքնահատուկ զարգացումները:

«Հայաստան եւ ճշմարտություն» ստեղծագործությունը եռամաս դրամատիկական-գրական կառուցվածք է, որի առաջին մասի համար նյութ է հանդիսացել Նժդեհի ինքնակենսագրությունը: Երկրորդ մասում օգտագործված են Նժդեհի բանտային գրառումները, իսկ ահա երրորդ մասը կառուցված է Գարեգին Նժդեհի ասույթների վրաՙ այսպես բեմ բերելով իրապես հետաքրքրական մի երկ, որն արտաքնապես զուրկ է սյուժետային միասնականությունից եւ զարգացումներից, սակայն կոմպոզիցիայի հեղինակին հաջողվել է ստեղծել ներքին կապակցումների վրա հենվող պատում, ուր խոսքային «սյուժեն» աստիճանաբար բեռնավորվում է թատերաարտահայտչական հետաքրքրական հղացումներով, ռեժիսորական-ներբեմական դիտարժան լուծումներով: Արմեն Մազմանյանի եւ Աննա Հեքեքյանի այս բեմադրության մեջ, իբրեւ առաջնային ու կարեւոր ձեռքբերում, դիտարկվում է ոչ դրամատիկական գրի թատերային ընթերցման եւ մատուցման առանձնակիությունը, գեղարվեստականացման միտումը, որը եզակիներից մեկը լինելով մեր թատրոնում եւ յուրովի կապակցվելով «գրական թատրոնի» որոշակի դրսեւորումներինՙ մեզ է ներկայանում որպես յուրատեսակ թատերական ֆանտազիա, խոսքի ու խորհրդանիշայինի կապակցում: Բեմադրության առաջին մասը սկսվում է բացարձակորեն դատարկ բեմում, որն աստիճանաբար բեռնավորվում է դեկոր-դետալներով, ազգային կենցաղի մի շարք խորհրդանիշներովՙ այսպես ձեւավորելով այն կենցաղային-խորհրդանշական միջավայրը, որում սկիզբ է առել Նժդեհի կենսագրությունը: Ծավալուն չէ Նժդեհի ինքնակենսագրությունը, որը կարող է նաեւ քաղաքական փաստաթուղթ դիտարկվել, քանզի նա իր կյանքի պատմությունը սկսում է ոչ թե ծննդյան օրից, այլՙ իր քաղաքական գործունեությունից. «Հայոց Հեղափոխական շարժմանը միացել եմ 17 տարեկան հասակիցՙ իբրեւ գիմնազիստ: Հետագայում լքել եմ համալսարանը եւ գործել ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906-ին անցել եմ Բուլղարիա եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարներ Բորիս Սարաֆովի եւ Լիպով Գուրինի միջնորդությամբ ընդունվել Սոֆիայի սպայական դպրոցՙ Դմիտրի Նիկոլովի անունով: Ավարտելով դպրոցըՙ վերադարձել եմ Կովկասՙ Մուրադի հայդուկային խմբի հետ Հայաստան անցնելու համար: Այնուհետեւ գործել եմ Պարսկաստանում: 1909-ին վերադարձել եմ Կովկաս եւ ձերբակալվել: Բանտերումՙ Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, մնացել եմ ավելի քան 3 տարի, 163 դաշնակցականների ծանոթ դատավարությունից հետո, Սիբիր չընկնելու համար, անցել եմ Բուլղարիա...»: Այս ամենը բեմից հնչում էր ոչ իբրեւ սոսկ կենսագրականի էջերի գրական մատուցում, այլՙ իբրեւ գործողություն, տարբեր դրությունների եւ վիճակների մեջ տրոհված պատկերներ, որոնք ձեւավորում էին հայկական միջավայրի պատկերը, ազգայինի ազդակները կապակցում նժդեհյան կենսագրության մանրամասներինՙ արդեն իսկ այս ռեժիսորական մտահղացմամբ անքակտ դարձնելով անհատին ու Հայաստանը, իր երկիրը: Ուրեմն, բեմադրության մեջ եւ մասնավորաբար նրա ավարտական հատվածում, որը ռեժիսորական մտահղացման եւ պատկերային մտածողության բարձրակետն է, զուգակցվում էին անհատի ու իր երկրի կերպարներըՙ իբրեւ հավերժորեն իրար ագուցված ու անբաժան: Ու թեեւ Նժդեհի ինքնակենսագրությունն ավարտվում է դաժան մի եզրահանգմամբՙ «Հավիտենորեն զզվելի ստրուկնե՜ր, որոնքՙ տկար իրենց չարությունը բավարարելու, իրենց հայազգի «թշնամիները» ոչնչացնել տալու սեւ նպատակով, միշտ էլ օգտվել են օտար ուժերից:

Նվազ զզվելի չեն, սակայն, նաեւ միայն անվանապես ազգայնական տարրերը: Իբրեւ շուկայի բարոյականի տեր էակներՙ անասնանալու աստիճանի սնանկացած են սրանք: Ծանոթ, բարեկամ, ազգական, ոչ ոք իր դուռը չի բանա առջեւդ, եթե անգամ Նազովրեցու խաչն ուսիդ եւ փշե պսակը արնածոր ճակտիդ իր պաշտպանությունը փնտրես: Մոռացա՜ն, մոռացա՜ն բոլորը, որ իմ թափած աշխատանքի շնորհիվ միայն ամբողջ չորս տարի զերծ մնալով հրեաների ճակատագրիցՙ հարստացան ու հարստացան: Նրանք, որոնք դեռ երեկ հայացքդ ու բարեւդ կորսային, այսօր փախչում են անունիցդ, ստվերիցդ անգամ: Կարմիրները սպասում են ինձ. յոթնիցս ստոր է նա, ով գերադասում է կյանքը մահից բոլոր պարագաների մեջ: Թող կատարվի անխուսափելին: Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին: Ո՞ւր ես, ո՞ւր ես դու Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին միշտ է վսեմանում վտանգների ժամանակ: Գաղո՛ւթ, դու մի անգամ եւս ինձ ապրեցրիր ամոթանքի ողբերգությունը- ամո՜թ քեզ»:

Այնուհանդերձ, բեմադրության մեջ Հայրենիքըՙ Հայաստանը, ներկայանում է զարմանալի ոգեղենականությամբ, պարադոքսների մեջ շուլալված, դեպի ինքնամաքրումը ձգտող: Երկրորդ մասում, անսպասելի ու գուցե նժդեհյան տեքստին ոչ համահունչ, Մովսես Խորենացու «Ողբն» է հառնումՙ այսպես ի ցույց դնելով ազգային ճակատագրի ու պատմության տարուբերումների գլխավոր պատճառներըՙ այսպես անսպասելիորեն բոլոր ժամանակների գոյաբանական գլխավոր խոտորումները դարձնելով չափազանց արդիական, հնչեղ: Ինչու՞ են Արմեն Մազմանյանն ու Աննա Հեքեքյանը դիմել Խորենացուն, արդյո՞ք Նժդեհի մտքերի ու ասույթների պակասն է եղել պատճառը: Բնա՛վ: Խնդիրն այստեղ գեղարվեստական չէ, գեղագիտական չէ, այլՙ փիլիսոփայական է, իմաստաբանական է: Նժդեհն ու Հայաստանը հայտնվել էին նույն ախտաբանական կծկումների մեջ, որոնցում հինգերորդ դարի պատմիչն էր, նշանակում էՙ պատմության դասերը երբեմն տրվել են մոռացության, ամեն ինչ մատնվել է կորստիՙ այդպես էլ չպարտադրելով մեզ հետ նայելՙ առաջ գնալու համար: Բեմադրության հեղինակները նժդեհյան պատումի շրջանակներում հարկադրում են իրապես հետ նայելՙ գնահատելու պատմական ընթացքը: Հենց ընթացքը գնահատելու համար էլ բեմադրության երկրորդ մասում հառնում է բանտըՙ տարադեմ ու տարացավ մարդկանց մի հավաքածու, ճակատագրով իրար սերտ, ըմբոստացումի պատրաստ մարդկանց խումբ, որն աստիճանաբար, այսպես կոչվածՙ քննական-վերլուծական կիրքը փոխակերպում է ստամբակումի ու ցասման, ելնում իրականության դեմ: Մարդկային այս խումբը շրջան կազմած քայլում է բեմում, վիճում, բանավիճում, կռվում. նժդեհյան տեքստը այժմ մատուցում է իբրեւ երկխոսությունների ու դիրքավորումների մի շղթաՙ վերաբերմունքի ու ընդգծված արտահայտչականության միջոցով ստեղծելով յուրատեսակ «դրամատիկական գործողությունը», բախումների շարքը: Այն տպավորությունն է, թե Նժդեհը տարրալուծված է ամենքի մեջ, բեմում մոտ երկու տասնյակ Նժդեհ էՙ երկտակված, տարբեր ես-երի դիրքերից գործող ու խոսող: Ու որքան հասունանում է ներքին պայքարը, այնքան ցայտուն ու անխոտոր է դառնում Նժդեհի կերպարը, այնքան հզոր է ներկայանում անհատը, որն այստեղ դիտարկվում է որպես ողբերգական կերպար, պատմության ու բոլորի դեմՙ միայնակ կանգնած: Անհատի մենակությունն արգասիք է նրա անսահման հայրենասիրության եւ ճշմարտության: Այն ճշմարտության, որը չընկալվեց ու չգնահատվեց ժամանակի մեջ: Այս տեսարանում ինքնատիպ զուգահեռ է ձեւավորվում Եղիշե Չարենցի «Ուղղիչ տան» հետ. Նույն պատմական միջավայրը, նույն ժամանակաշրջանը: Ուրեմն, հզոր անհատները ունեն հոգեհարազատություն կենսագրության ծիրի մեջ, նրանք նաեւ ապրում են նույն ողբերգական միայնության եւ չհասկացվածության մեջ: Չփորձելով նյութականացնել-կենտրոնացնել Գարեգին Նժդեհի կերպարըՙ բեմադրիչները ստեղծել են հավաքական-ընդհանարական կերպարՙ այսպես ցայտունորեն ներկայացնելով անհատականությանը: Բեմադրությունն ավարտվում է չափազանց հետաքրքրական ապոթեոզովՙ գեղարվեստական, թատերային լուծումներով ստեղծված բազմաֆիգուր կտավ-տեսարանով, որը Հայաստանն է ներկայացնում, մեր պատմությունն է ներկայացնում, գոյության բազմախորհուրդ խորհրդանիշներն է ներկայացնում: Սա լավատեսականի եւ հավերժականի հաստատումն է: Նժդեհը, նշանակում է, քայլ առ քայլ բոլորին մերձեցրեց ԵՐԿՐԻ կերպարին, բոլորին պարտադրեց տեսնել սեփական հոգու արտացոլանքը երկրի պատմության մեջ: Ինքըՙ Սպարապետ Նժդեհը, իր հոգու արտացոլանքն էր համարում իր երկիրըՙ Հայաստանը, իր համար կարեւորագույն դարձած Ճշմարտության դրույթով մոտենում պատմության եւ իրականության գնահատումին...

Հսկայական եւ հսկայածավալ աշխատանք է կատարվել բեմում: Աշխատանք է կատարվել նաեւ դերասանական խմբի հետ, որը կազմված է ուսանողներից: Մի շարք դեպքերումՙ խոսքի մատուցման բազմազանություն, գունեղություն, իրավիճակ-տեսարանների ճշգրիտ զգացողություն: Երբեմն նաեւՙ «խոսքի գործողության» ոչ ճիշտ ընկալում, ուշագրավորեն հղացված երկխոսությունների ճակատային արտաբերումՙ առանց խորանալու բեմադրության ռեժիսորական առանձնահատկության մեջ: Իսկ առանձնահատկությունը պահանջում է հրաժարում տեքստի գրական մատուցման ձեւերից եւ դրամատիկական խաղի յուրացում, փոխհարաբերությունների, մթնոլորտի, շփումների ընդգծում, բնութագրական կերպարների ճեպագծերի ընդգծում: Երբեմն հաջողվում է այս ամենը, երբեմնՙ մոռացության տրվում... Սակայն կարեւորն այն է, որ բեմադրության որոշ հատվածներ ձեռք են բերում արտակարգ զգացմունքայնություն, հուզական շեշտավորում, ցայտուն դարձնում Անհատի կերպարը, որը մարտահրավեր նետեց իր ժամանակին ու մնաց որպես բոլոր ժամանակների մեծագույն ազգային գործիչ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 23-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.