AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 06-04-2013



Տեղադրվել է` 2013-04-05 23:07:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1528, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 85

ԵԶԱԿԻ ԵՐԵՎՈՒՅԹ

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Երեւանում

Ապրիլի 11-ին երեկոյան ժամը 19.30-ին Երեւանում առաջին անգամ Արամ Խաչատրյան համերգասրահում, «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Վիեննայի ֆիլհարմոնիկի այցը Երեւանՙ իսկական երեւույթ է հայկական երաժշտական պատմության մեջ: Դա նշանակում է բաց հրավեր համաշխարհային երաժշտական բարձրագույն բոլոր կոլեկտիվների ու կատարողների համար: Ստորեւ թարգմանաբար համացանցից վերցված տեղեկություններ նվագախմբի մասին:

Սովորաբար աշխարհի լավագույնը բնութագրվող Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (գերմաներենՙ Wiener Philharmoniker) հիմնվել է 1842-ին:

Նվագախմբի անդամները ընտրվում են Վիեննայի Պետական օպերայի նվագախմբի մասնակիցներից: Գործընթացը չափազանց երկար է: Օպերայի եւ բալետի թատրոնի համար առնվազն երեք տարի նվագելուց եւ իր կարողությունները առավելագույնս դրսեւորելուց հետո միայն երաժիշտը կարող է դիմել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի վարչությանըՙ աշխատանքի ընդունվելու ակնկալիքով:

Պատմական ակնարկ

Երբ 1842-ին Օտտո Նիկոլայը հիմնեց «Philharmonische Academie-ն», այն ամբողջապես անկախ մի նվագախումբ էր, որը բոլոր որոշումները կայացնում էր իր անդամների ժողովրդավարական քվեների հաշվառման միջոցով: Այս սկզբունքը գործում է մինչեւ օրս:

1847-ին Նիկոլայի մեկնելուց հետո նվագախումբը որոշ ժամանակ կորցրեց իր ակտիվությունը մինչեւ 1860 թվականը, երբ Կարլ Անտոն Էքերտը որպես դիրիժոր միացավ նվագախմբին: Նա չորս բաժանորդագրային համերգներ է կազմակերպել, որոնցից հետո նվագախումբը վերագտել է աշխույժ գործունեությունը եւ մինչեւ օրս շարունակում է հիացնել երաժշտասեր հասարակությանը իր բացառիկ համերգներով:

Բացառությամբ 1882-83 թ. համերգաշրջանի, 1875-1898 թվականներին դիրիժորի պատասխանատու պարտականությունները վստահվել են Հանս Ռիխտերին, որն առաջին անգամ հանրության դատին է ներկայացնում Յոհաննես Բրամսի երկրորդ եւ երրորդ սիմֆոնիաներն ու Անտոն Բրուկների 8-րդ սիմֆոնիան:

Նրան հաջորդել է (1898-1901 թթ.) Գուստավ Մահլերը, որի դիրիժորական փայտիկի ներքո նվագախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել արտասահմանումՙ Փարիզում, 1900-ի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:

Այնուհետեւ դիրիժորներ են դարձել Ֆելիքս Վայնգարտները, Վիլհելմ Ֆուրտվանգլերը եւ Կլեմենս Կրաուսը:

1933-ից ի վեր նվագախումբը մշտական կամ երկարաժամկետ դիրիժորներ չի պահում: Փոխարենը օգտվում է հրավիրված դիրիժորների ծառայություններից. յուրաքանչյուր համերգի համար առանձին դիրիժոր:

Հրավիրված դիրիժորների թվում են եղել Լեոնարդ Բեռնստայնը, Կա7լ Բյոմը, Հերբերտ ֆոն Կարայանը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Արթուրո Տոսկանինին, Էրիխ Կլեբերը եւ տասնյակ ուրիշներ: Այս դիրիժորներից երեքը հատկապես գործել են հետպատերազմյան ժամանակաշրջանում: Դրանցից Հերբերտ ֆոն Կարայանը եւ Կարլ Բյոմը դարձել են պատվավոր դիրիժորներ, իսկ Լեոնարդ Բեռնստայնըՙ նվագախմբի պատվավոր անդամ:

Նվագախումբն առաջին անգամ շրջագայել է Միացյալ Նահանգներում 1955-ինՙ Կարլ Շուրիխտի եւ Անդրե Կլույտենսի դիրիժորությամբ:

Ամեն տարի սկսած 1941 թվի հունվարի 1-ից Նոր տարվա օրը նվագախումբը հովանավորել է Վիեննայի ամանորյա համերգներըՙ նվիրված Շտրաուս ընտանիքի երգահաններին եւ հատկապես կրտսեր Յոհան Շտրաուսին:

Ժողովրդականություն

Տաղանդավոր դիրիժորների, երաժշտական եզակի գործիքների (կլառնետների, ֆագոտների, տուբաների, տրոմբոնների, լիտավրների, հոբոյների, եղջերափողակների, կոնտրաբասերի հատուկ տեսակների) առկայության, ինչպես նաեւ նվագախմբի կատարողական բարձր վարպետության շնորհիվ, Վիեննայի ֆիլհարմոնիկը ճանաչված է որպես Եվրոպայի լավագույն նվագախումբՙ յոթ գլխավոր առեւտրային հրատարակությունների, երկու ռադիոկայանների եւ մեկ օրաթերթի անցկացրած հարցախույզի արդյունքներով:

Համերգային տոմսերի պահանջարկն այնքան մեծ է, որ աշխատանքային օրերի համերգների համար մարդիկ պետք է սպասեն մոտ 6 տարի, իսկ շաբաթավերջի համերգների համարՙ 13 տարի: Ընթացիկ, պատահական տոմսեր անշուշտ կարելի է ձեռք բերել նվագախմբի կայքից կամ վերավաճառողներից:

Նվագախումբն այնքան մեծ ժողովրդայնություն է վայելում, որ ամեն տարի չորս տարբեր անվանական արժեքներով եւ տարբեր չափսերով մաքուր ոսկուց (24 կարատ) մետաղադրամներ են հատվում նվագախմբի անունով, որոնք օգտագործվում են որպես ներդրումային գումարներ, եւ որոնք սովորաբար հայտնվում են հավաքորդների ձեռքերում: Դրանք, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալների, լավագույն ոսկե մետաղադրամներ են ճանաչվել 1992, 1995 եւ 1996 թվականներին:

Վիճահարույց խնդիրներ

Հակառակ համընդհանուր ճանաչման, նվագախումբը քննադատության է ենթարկվել մասնավորապես ֆեմինիստական շարժումների կողմից, որովհետեւ մինչեւ 1997 թվականը կանայք իրավունք չունեին նվագախմբի լիիրավ անդամ դառնալու: Չնայած մի քանի կանայք նվագում էին այնտեղ, բայց նրանք լիիրավ անդամը չէին նվագախմբի: Առաջին անգամ տավղահար Աննա Լելկեսն է 1997-ին դառնում «լիիրավ անդամ»ՙ քսան տարուց ավելի նվագախմբում նվագելուց հետո: Թոշակի անցնելուց հետո նրան որպես միակ կին նվագող փոխարինեց Շարլոտ Բալզերեիտը: Ներկայիս նվագախմբում ներառված են վեց կանայք: 2008-ին Դանայլովան իրավունք է ստացել դառնալու Վիեննայի Պետօպերայի նվագախմբի առաջին կին կոնցերտմեյստերը: Իսկ 2005-ին ավստրալացի Սիմոնա Յանգը առաջին անգամ ղեկավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Քննադատողների խմբին 2010-ին միացել է նաեւ «Ավստրիայի կանաչների կուսակցությունը», նշելով, որ վերջին 13 տարիների ընթացքում ընդամենը երեք կին նվագող է աշխատանքի անցել նվագախմբում, այն դեպքում, երբ 40 թափուր տեղ է հայտարարված եղել (*):

Քննադատությունները, սակայն, միայն կանանց վերաբերող հարցերով չեն սահմանափակվում: Նշվում են նաեւ, որ նվագախմբում չեն աշխատում էթնիկական փոքրամասնությունների անդամները: 1996-ին ֆլեյտահար Դիտեր Ֆլուրին գրել է. «Մեր ձեւով երաժշտություն հորինելը սոսկ տեխնիկական կարողություն չէ, այլ մեծապես առնչվում է հոգեկանի հետ, որն անմիջական կապ ունի արմատների, մեր մշակութային ժառանգության հետ»: 2001 թվականին կիսաասիական ծագում ունեցող մի ջութակահար դարձել է նվագախմբի անդամ:

Քաղաքական քննադատություններ

Գործելով պատմական իրադարձությունների թատերաբեմ հանդիսացող մի երկրումՙ նվագախումբը, երեւի, չէր կարող խուսափել քաղաքական քննադատություններից: Մինչեւ օրս նրան քննադատել են նացիստական կուսակցության հետ ունեցած կապերը թաքցնելու համար: Միայն այս տարվա հունվարին արխիվների եւ փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություններից հետո, պատմաբանները մարտ ամսին հրատարակել են տվյալներ, համաձայն որոնց Վիեննայի ֆիլհարմոնիկը Երրորդ ռայխի հետ իր գործունեության մասին առաջին տեղեկությունները հրապարակ է հանել 1992-ին: Այդ թվին նվագախմբի 150-ամյակի պաշտոնական հաղորդագրության մեջ (464 էջ) ջութակահար Կլեմենս Հելսբերգը (որը 1997-ին դառնալու էր ինքնավար նվագախմբի նախագահը) հայտնում էր, որ Երրորդ ռայխի ժամանակներում ֆիլհարմոնիկի նվագողների մոտ կեսը նացիստական կուսակցության անդամ էր, եւ որ 13 հրեա նվագողներ աշխատանքից ազատվել էին, 6-ը (այժմ այդ թիվը մեկով ավելացել է)ՙ սպանվել: Ֆիլհարմոնիկը մեկ ելույթ է ունեցել ԷՍԷՍ-ի զորամասերում:

Մնացյալ տեղեկությունները «տաբու» էին համարվում: Միայն 2007-ին պատմաբան Ֆրից Տրումպիին հաջողվեց մուտք գործել արգելված արխիվների հորձանուտը: Վերջինս այս տարվա սկզբներին Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Ռաթկոլբի եւ Բեռնադեթ Մայրհոֆերի համագործակցությամբ առավել մանրամասն զեկույց է հրապարակել, որն արդեն տեղադրված է նվագախմբի կայքում: Հավելյալ տեղեկություններ կլինեն այս տարվա օգոստոսին:

Հետագա ծրագրեր

Ինը տարվա ընդմիջումից հետո Լոս Անջելեսում ծնված դիրիժոր-երգահան Մայքլ Թիլսոն Թոմասն այս տարվա ապրիլից դարձյալ սկսել է ղեկավարել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մայքլը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, «Նյու Ուորլդ» սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը եւ գեղարվեստական ղեկավարը եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նրա ձայնագրությունները տասը «Գրեմմի» մրցանակներ են նվաճել: Վիեննայում, Լոնդոնում, Երեւանում եւ Կիեւում կայանալիք համերգների ընթացքում հիմնականում հնչելու են Շուբերտի եւ Բրամսի ստեղծագործությունները: Դաշնամուրի վրա ընկերակցելու է Եֆիմ Բրոնֆմանը:

Ապրիլին երկու համերգ ղեկավարելու է նաեւ նշանավոր դիրիժոր Քրիստոֆ Էշենբախը: Որպես մենակատար հանդես է գալու ամերիկացի սոպրանո Մարիսոլ Մոնտալվոն: Իսկ Վիեննայում եւ Ամստերդամում կայանալիք (դարձյալ ապրիլին) համերգներին նվագախմբին է միանալու դիրիժոր Մարիս Ջենսոնըՙ բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, որն արդեն 20 տարի է, ինչ համագործակցում է Վիեննայի ֆիլհարմոնիկի հետ:

Մայիսին Վիեննայում եւ Լյուքսեմբուրգում կայանալիք համերգները ղեկավարելու է 1992-2009 թվերի լոսանջելեսյան ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրեն եւ 2008-ից Լոնդոնի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական խորհրդատուՙ Էսա-Պեկկա Սալոնենը:

Իսկ ավանդական դարձած «Ամառային գիշերվա» համերգն այս տարի կայանալու է մայիսի 30-ին, Շոնբրունումՙ դիրիժորությամբ երեւանցի երաժշտասերներին արդեն ծանոթ Լորին Մաազելի:

Եվ վերջինՙ Նոր տարվաՙ 2014-ի համերգի համար նվագախումբը հրավիրել է դիրիժոր Դանիել Բարենբոյմին:

***

Երեւանի համերգին ներկա գտնվողներինՙ բարի վայելում:

(*) Ի դեպ, եւրոպական հին նվագախմբերից շատերում է եղել կանանց նկատմամբ խտրականությունըՙ տարբեր դրսեւորումներով: Ասում են, որ հայտնի դիրիժորներից Արթուրո Տոսկանիին, օրինակ, կտրականապես դեմ է եղել նվագախմբերում կանանց ներկայության: Նա հյուրախաղերի գնալուց առաջ միշտ դրել է կանանց բացակայության նախապայմանը, իսկ շեղումների դեպքում առաջին իսկ փորձից առաջ կանանց կոպտորեն դուրս է արել նվագախմբից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 06-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.