AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 06-04-2013



Տուրք բռնակալին

Տեղադրվել է` 2013-04-05 23:07:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1855, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՐԵՎԱՄՈՒՏ

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Խորհրդահայ պոետները Ստալինին

Ես խնդրում եմ սովետական կառավարությանը`

Կրկնապատկել, եռապատկել

Պահակախումբը Ստալինի շիրմի,

Որ Ստալինը վեր չկենա

Եվ նրա հետ` ստալինիզմը...

Եվգենի ԵՎՏՈՒՇԵՆԿՈ

Վերջերս ձեռքս ընկավ մի շատ ուշագրավ գիրքՙ տպագրական բարձր որակով, շքեղ տեսքով, մուգ կապույտ կազմովՙ ոսկյա տառերով վրան դաջած «Ստալին»: Կազմի վերեւի մասում շրջանակի մեջՙ «առաջնորդի» ռելիեֆային դիմաքանդակն է, գրքի կռնակինՙ հայկական ոճի ոսկյա նախշազարդերի միջեւ «Ստալին» անունը եւ թվականըՙ «1949»:

Բացում եմ գիրքը եւ առաջին էջին կարմիր տառերով գրված է վերնագիրըՙ «Ստալինը սովետահայ պոեզիայում»: Ներքեւումՙ «Երեւան, Հայպետհրատ, 1949»: Ֆորզացը ոսկեգույն լուծում ունի, ներքեւում գեղեցիկ օրնամենտ, աջ անկյունում ոսկեներկ առաջնորդի պրոֆիլն է, ֆորզացի ձախ մասումՙ նույնպես ոսկետառ (գրքի գեղարվեստական ձեւավորումը` Ռ. Բեդրոսյանի), Նաիրի Զարյանից մի քառատող.

Քո երդումով լուսավորված ամրոցը մեր աներեր

Ո՜ղջ աշխարհին տալիս է լույս եւ անթառամ օրենքներ:

Քո երդումով դու քանդեցիր մահվան գաղտնիքն ահավոր.

Քո երդումով Լենինը կա, Լենինը դու ես այսօր:

Գիրքն ստեղծված է, ինչպես որ գրված է տիտղոսաթերթին, «Ժողովուրդների մեծ առաջնորդ Ի. Վ. Ստալինինՙ ծննդյան 70-ամյակի առթիվ»:

Ժողովածուն բացվում է Դմիտրի Նալբանդյանի «Գեներալիսիմուս Ի. Վ. Ստալին» 1945 թ. արված մեծադիր գունավոր նկարով. առաջնորդը կանգնած է ողջ հասակով, հավանական է կրեմլյան իր աշխատասենյակում, ետեւը գրասեղանն է, մի եզրով երեւում է անգամ լուսամփոփը, ապա գրադարակն էՙ լցված «Սովետական մեծ հանրագիտարանի» (ռուս. առաջին հրատարակությունը 1929-ից) կարմրավուն հատորներով: Ստալինն ընդգծված կովկասցու դիմագծերով էՙ թավ բեղեր, խրոխտ հայացք, գեներալիսիմուսի համազգեստով, իսկ կիտելի ձախ մասում միայն մեկ պարգեւանշանՙ Սովետական Միության հերոսի Ոսկե աստղը: Իրականությունն ավելի ընդգծելու համար մանրահատակի (պարկետի) վրա Նալբանդյանը պատկերել է ստալինյան երկարաճիտ սեւ սապոգների ստվերը, որ չարագուշակ ձգվում է ողջ աշխատասենյակով, այսինքն` ողջ սովետական երկրով մեկ...

Գրքի բնաբանն է թե նշանաբանը, ինքներդ դատեք, Ստալինի հետեւյալ խոսքերը. «...Միայն Սովետական իշխանության գաղափարը Հայաստանին բերեց խաղաղության եւ ազգային վերածննդի հնարավորություն»: Այս խոսքերում իրոք մեծ ճշմարտություն կա. ոչ թե ստույգ սովետական իշխանությունը, այլ` այդ իշխանության «գաղափարը», այսինքն` իրականության փոխարեն դարձյալ ուտոպիա: Կրկին հետեւենք Ստալինի մտքինՙ «խաղաղություն». ո՞ւր էր որ. հիշենք, որ միայն 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի արյունալից մարտերում հայ ժողովուրդը, որ հեռու էր պատերազմական ռազմաբեմերից, 300.000 զոհ տվեց: Շարունակենքՙ «ազգային վերածնունդ». հիշենք, որ սովետական իշխանության օրոք Արցախը բռնագրավեցին եւ նվիրաբերեցին Ազերբայջանին, Ջավախքը զոռով վրացացնում էին, իսկ Նախիջեւանը կարճ ժամանակում հայաթափ արեցին: Եվ դրա համար Ստալինը օգտագործում է ճիշտ բառըՙ «բերեց... հնարավորություն». էլ ի՞նչ եք ուզում, չէ՞ որ ձեզ տրվել է «հնարավորություն»: Մեզ տրվեց «հնարավորություն», իսկ տարածքներըՙ Ազերբայջանին եւ Վրաստանին: Չէ, Ստալինը զարմանալիորեն անկեղծացել էր, իսկ գիրք կազմողները եւ խմբագիրները պարզապես չէին ընկալել առաջնորդի մտքի ուղղվածությունը:

Ժողովածուն լատինական թվանիշերով բաժանված է տասը մասի: Կազմողների մտահղացմամբ այդ մասերը համախմբված պիտի լինեին մի ինչ-որ ընդհանուր գաղափարով, մոտիվով: Ես այստեղ ներքին բաժանման մոտիվ չեմ նկատում, թերեւս բաժանումը արհեստական ձեւով է արվել: Այդ տասը մասերը չունեն ընդհանրացնող վերնագրեր, այլ` պարզապես լատինական թվեր: Մենք կփորձենք այդ մասերին պայմանական անվանումներ տալ: Եվ ստացվում է մոտավորապես հետեւյալ պատկերը.

I. Ստալին երեւույթի պատմա-միջազգային նշանակությունը

II. Սիրո եւ հավատարմության խոստովանություն

III. Դրվագներ առաջնորդի կյանքի պատումից

IV. Ստալինը եւ Սովետական սահմանադրությունը

V. Առաջնորդը եւ համաժողովրդական ընտրությունները

VI. Ստալինը հաղթանակած Կարմիր բանակի առաջնորդ

VII. Սովետական կյանքի ճարտարապետ

VIII. Հայ ժողովրդի մեծ բարեկամ

IX. Առաջնորդի ծննդավայր Գորի

X. Ստալինը ժողովուրդների երջանիկ ապագայի առհավատչյա

Ինչպես տեսնում եք, այս չափածո «մոնումենտը» կազմողներիՙ Ա. Ասատրյանի եւ Ա. Հայրյանի անանուն 10 մասերին մինչեւ իսկ կարելի է անվանումներ տալ: Իհարկե, կարելի էր պարզապես ժամանակագրական կարգով, մի ընդհանուր շարանով տալ այս բոլոր բանաստեղծությունները: Սակայն, ըստ կազմողների, գիրքը այդ ձեւով ավելի ներկայանալի է. փորձ է արվել չանտեսել առաջնորդի գործունեության ոչ մի բնագավառ:

...1949 թվականն է, ողջ սովետական երկիրը պատրաստվում է մեծ հանդիսությամբ նշելու Ստալինի ծննդյան 70-ամյակը: 60-ամյակը այն չէր, 1937-1938 թթ. դաժանությունները դեռ չէին մոռացվել, դեռ հարյուր-հազարավոր ընտանիքներ մղկտում էին իրենց հարազատների կորուստները, իսկ մյուս կողմիցՙ օր-օրի ավելի ստույգ էր դառնում հիտլերյան Գերմանիայի հետ պատերազմի վտանգը, եւ վերջապես, առաջնորդը դեռեւս իրեն երիտասարդ էր համարում եւ գիտակցում էր հսկայական երկրի առաջնային անելիքները, եւ հոբելյանը կսպասեր: Այլ բան էր 70-ամյակը եւ 1949 թվականը. երկիրը հաղթել է պատմության մեջ նմանը չեղած պատերազմում, Արեւելյան Եվրոպայի կեսը սոցիալիզմ էր կառուցում, եւ Ստալինին ճանաչում որպես առաջնորդ: Սովետական ժողովուրդը, որին 30 տարի առավոտից գիշեր ներարկել են գաղափարը, թե Աստված չկա, այլ կա Ստալին, որ կրոն չկա, այլ կա լենինիզմ-ստալինիզմ, որ չկա հավատք, այլ կա կոմունիզմ... Արդեն 1949 թվականը տվեց իր արդյունքըՙ Ստալինն է ամեն ինչ. արեւը ծագում է Ստալինի անունով, արեւը մայր է մտնում Ստալինի անվամբ... Նա սովետական ժողովուրդների հայրն է: Այնպես որ, ամեն ինչ պատրաստ էր, որ արվի աշխարհացունց հոբելյանը:

Եվ մեր Խորհրդային Հայաստանն էլ պետք է ետ չմնար, եւ եկած տեղն ապացուցեր, որ հայ կոմունիստները Հռոմի պապից ավելի կաթոլիկ են... Սովետական հայ գրողների մի ամբողջ բանակ պետք է ապացուցեր իր հավատարմությունը առ կրեմլյան տիրակալը: Պետք է մեկը մյուսին գերազանցեին ավելի բարձր էպիտետներ առաջնորդին շռայլելով, առավել բարձր երկրային առաքինություններ պարգեւեին, այս յուրահատուկ միտումը մարդկության (արվեստի կամ պոեզիայի) պատմության մեջ միշտ բնորոշ է եղել մեծագույն բռնակալների տիրակալության օրոք, լինի դա Կալիգուլա թե Ներոն, Հիտլեր թե Մաո Ցզե-Դուն: Եվ այն դրոշմված է մոնումենտալ արձաններում, պաթետիկ օրատորիաներում, բանավոր առասպելներում եւ երգերում, ինչպես եւ նման շքեղ գրքերում, որոնցից մեկը մենք գրախոսում ենք:

Ստալինյան փառքը գովերգող հայկական ալմանախին պիտի մասնակցեին բոլոր-բոլորըՙ Ավետիք Իսահակյանը, պրոլետ գրականության հիմնադիր Հակոբ Հակոբյանը, ստալինյան տրուբադուրիզմի ժանրի դասականը` Նաիրի Զարյանը, կրեմլյան «ոսկե դարի» փորձված ձայներ Գեղամ Սարյանը, Սարմենը, Սողոմոն Տարոնցին, Հռիփսիմե Պողոսյանը, Մարո Մարգարյանը, արդեն «անձի պաշտամունքի» փառաբանման մեջ հմտացած ձայներ Աշոտ Գրաշին, Աղավնին, Ռուստամ Զալիի գործի մերօրյա տաղանդավոր շարունակողներ Հովհաննես Շիրազը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, գուսան Համո Սահակյանը (նույն ինքը Համո Սահյանը), Պարույր Սեւակը, Սիլվա Կապուտիկյանը, նույն գործի շարունակողները, բայց շնորհքի այլ մակարդակով, Սուրեն Վահունին, Գեւորգ Էմինը, Գուրգեն Բորյանը, Բաբկեն Կարապետյանը, Սամվել Գրիգորյանը, Գեւորգ Հայրյանը, Հենրիկ Թումանյանը, Վահան Գրիգորյանը, Սաղաթել Հարությունյանը, Ցական Շողենցը, Վահան Արամունին, եւ դեռ բոլորովին երիտասարդ ձայներՙ Արարատ Այվազյան, Գրիգոր Գյուլյան, Անդրանիկ Թերզյան, Գեւորգ Զարգարյան, Գրիգոր Արտունի, Գրիգոր Գարունց...

Մի ամբողջ համքարություն է կազմում փորձված կամ թե անփորձ գուսան-աշուղների ցեխըՙ Գուսան Շերամը, Գուսան Ենոքը, Ալեքզադեն, Գուսան Աշխույժը, Գուսան Հավասին, Գուսան Հրկեզը, Գուսան Սերոբը...

Ինչպես ասացինք, ժանրն ուներ իր դասականը, նրա երկով է սկսվում գիրքը եւ մասերից շատերը, նա գրքի շարժիչ ուժն է, եւ ընդհանրապես մեկնաբանելով Ստալին ֆենոմենը խորհրդային պոեզիայումՙ առաջին հերթին մեր միտքն է գալիս Նաիրի Զարյանի քրեստոմատիկ տարածում ունեցող «Ստալին» բանաստեղծությունը.

Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալինՙ Ֆիրդուսին,

Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին,

Հազար կայծակ փայլատակեց մըրրիկներում արնաներկ,

Ու շողացին գիշերներում հազար ասուպ, հազար երգ:

Այս գրքի գլխավոր խմբավարը կարող է համարվել Նաիրի Զարյանը, այստեղ նրաՙ պալատական երգչի եւ նվիրյալ ստալինիստի տաղանդն իսկապես բացվել է, նրա անունը զարդարում է գրքի համարյա բոլոր մասերը, ինը պանեգիրիկներով է նա հանդես գալիս (հապա փորձեի՞ն ավելի քիչ տեղ տային, բոլորի աչքը կհաներ): Եվ ճշմարտության դեմ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ այս բնագավառում (ներբողներ հյուսելու ժանրում) նա համարյա թե հավասարը չունի, նա այստեղ հասնում է ժանրի բարձունքների: Ասածիս լավագույն վկայությունը «Ստալին» բանաստեղծությունն է, եթե չեմ սխալվում, գրված հենց Մոսկվայում, 1935 թվականին:

...Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գըրիչ ու քընար,

Ու երգելով չեն ըսպառի Ձեր մեծությունն անհնար:

Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,

Կըտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:

Իսկ ես, զինվորըդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,

Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:

Երգում եմ քեզ, մեծ Ստա՛լին, դու հարազատ ամենքին,

Դու` ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին:

Հապա «Դյուցազնագիրք» պոեմը, որից սոսկ նախերգանքն ու վերջերգն են բերված խնդրո առարկա ժողովածուում: Այստեղ կարծես Նաիրի Զարյանն ինքն իր հետ մրցում է, որ աշխարհին ցույց տա, թե չկա իրենից ավելի նվիրյալ Ստալին երկրպագող.

Երբ գիշերվա ուշ պահերին,

Ծըխամորճից անբաժան,

Դու մագիստրալն ես որոշում մեր մարդկային պատմության,-

Հիշում ես քո Սվետլանա՛յին,

Ու, որպես հայր ըզգայուն,

Թերթում նըրա դասագըրքերն ու

տետրակները նայում:

Չափել սահմանը քո սըրտի`

Դըժվար է շատ,

Ուժից վե՜ր,

Պետք է լինել մի Ֆիրդուսի,

Կամ նոր կախարդ մի Հոմեր:

Դու արգելքները պատմության

խորտակեցիր մեծաբար,

Կյանքըդ դարձավ դյուցազնական

դըրվագների լեռնապար:

Ահա կանգնած է իմ առաջ

Որպես Մասիս բարձրաբերձ,

Ցարիցինյան քո էպոպեն,

Եվ ես,

Անխոնջ բանաստեղծ,

Դեպի կատարն եմ մագլցումՙ

Սըրտումըս դող ու կորովՙ

Մեր հայկական վիպերգության

բազմադարյան ոտքերով:

Ինչի ասես, որ պատրաստ չէ Զարյանը իր պաշտամունքի օվսաննան երգելիս: Ահա նա իր «Վերածնունդ» բանաստեղծությունում մահաբեր հարված է տալիս հայոց բուրժուազիային.

...Ու ծնվեցին երկրի վրա ոսկու խարդախ արքաներ:

Քո տառապած մարմնի վրա բուսավ մի նոր թշնամի,

Ավելի ժանտ, քան դահիճներն անցյալ բոլոր դարերի.

Քո թշնամին այդ նենգավոր կոչվում էր հայ փողատեր,

Նա քո արյունը վաճառեց շուկաներում շահաբեր...

Ահա նա երգում է Սեւանի չորացման ստալինյան ծրագիրը.

Սեւանա լիճը, լեռների գեղեցկուհին կապուտաչ,

Որ քեզ դյութել է դարեդար ու մնացել աննըվաճ,

Այսօր իջած իր բարձունքիցՙ անցնում է խոր ձորերովՙ

Տալով քեզ լույս ու զորություն ու ջերմություն ու կորով:

Նաիրի Զարյանի ստալինիադան, որն այնպես ցայտուն երեւում է այս ժողովածուում, խոսում է այն մասին, որ Զարյանը տաղանդից զուրկ բանաստեղծ չէ, վերջին հաշվով եթե գրածը մերկապարանոց դեկլարացիա լինի, սոսկ լոզունգ, նա ազդեցություն չի ունենա ընթերցողի վրա, եւ հետո ի՜նչ երեւակայությամբ պիտի օժտված լինես, որ ինքդ քեզ չկրկնես (հիշենք, որ նա մի շարք գործերում արդեն պարզապես շահագործում է Հոմերոսի կամ Ֆիրդուսու անունները): Այո՛, Զարյանը պիտի զոռ տար իր երեւակայությանը նոր իրավիճակ, նոր պատկեր գտնելու համար, որ իր հավաքած աթոռակներով (տաբուրետներով) ճգներ հասնել Ստալինի սապոգների ծայրին:

«Կոմունիզմի զորավարը» (Մեծ Ստալինին պաշտպանության ժողկոմ նշանակելու առթիվ) պանեգիրիկի համար Զարյանը բնաբան է ընտրում իր իսկ գրած «Դյուցազնագիրք» պոեմից (նույնպես աննախադեպ երեւույթ հայ պոեզիայում): Ի՜նչ աներ Զարյանը, եթե իրենից լավ ոչ ոք չէր կանխորոշել Ստալինի ուղին.

«Եվ ուղարկում էր քեզ Լենինն

Այն ճակատները դաժան,

Որտեղ ապրում էր հայրենիքն

Օրհասական ճգնաժամ»:

Ու էպոսի մշակման փորձ ունեցող Զարյանն այս իր գործի սկզբնամասը սկսում է «Սասունցի Դավիթ» էպոսի ոճով.

Ելավ Ստալինն առաջնորդը մեծ ժողովուրդների,

Ելավ ու կանգնեց իր վիշապաքաղ բանակի գլուխ:

...Իր ձեռքին բռնած Լենինի անունն իբրեւ թուր կայծակ,

Զինված հին ու նոր զորավարների հանճարեղ փորձով,

Դյուցազներգական այն Սուվորովի նման համարձակ,

Եվ խորն ու խոհեմ իբրեւ Կուտուզով:

Իսկապես որ Զարյանն իր ընթերցողին շունչ առնելու ժամանակ չի տալիս: Հազիվ էր լրացել առաջնորդի 60-ամյակը, հազիվ էին հաշվեհարդար տեսել հայոց պոետական այգու «ծառ ու ծաղկի» հետ, եւ որի փոխարեն փարթամ փթթում էր մոլախոտը, եւ ուր որոճում էր հայոց պոեզիայի Պեգասը, երբ վրա հասավ Մեծ հայրենական պատերազմըՙ տալով մի նոր, աննախադեպ հնարավորություն ցուցադրելու հավատարմությունն «առաջնորդին»:

Ու մի նոր փուլ էր սկսում` ռազմական պատմիչի տեսանկյունից գովաբանել առաջնորդ-զորահրամանատարի նոր արժանիքները: Այս ասպեկտով պետք է դիտենք Զարյանի 1942 թ. գրած «Լսե՛ք, դարե՜ր» պաթետիկ դիֆերամբը.

Դուք կըտեսնեք Ստալինի ուրվանկարն ահագին,

Որ մեր դարի պատվանդանին կանգնեց հավետ անսասան

Որպես կամքի, խիզախության մի հրաշակերտ հուշարձան:

Եվ կամ թե «Կոմունիզմի բանակ» հանգավորված լոզունգը: Զարյանը մի մոտիվ էլ է յուրացրել եւ անընդհատ կրկնում է իր պանեգիրիկներում, թե որքան դժբախտ, չարքաշ ու հյուծված, անարգ ու ստրուկ է եղել հայ ժողովուրդը` ոսոխներից հալածված, եւ հիմա, դու, փրկիչ գորիյան, եկար ու ազատագրեցիր իմ տարաբախտ ժողովրդին: Գոնե ասեր. Եսՙ Հայաստան Եղիազարյանս, որբ եմ եղել ու սոված, գաղթել եմ Վանից ամերիկյան որբանոց, ծառայել եմ սկզբում Առաջին Հանրապետությանը, հետոՙ սովետներին եւ չիմանալով անգամ, թե ո՞վ էր Սալիերին, սակայն ապրել եմ նրա նշանաբանով «Հանճարն ու չարիքը անհամատեղելի են»: Ուստի եւ ասում է. «Ո՜վ պողպատե Առաջնո՛րդ», դու ինձ կարգեցիր Հայաստանի «ծաղկածիծաղ լեռներում... մի խանդավառ բանաստեղծ» դարձրիր:

Երկրորդ պատվավոր տեղը առաջնորդի դիֆիրամբներ ձոնելու մրցավազքում պատկանում է մեր սիրելի Հովհաննես Շիրազին:

Դե փաստ է, Շիրազը շատ տաղանդավոր է, փաստ է եւ, որ Շիրազը սիրել է շատ գրել. ապագայի նրա չափածո ստեղծագործությունների հավաքածոն կընդգրկի մոտ 10-12 հատոր. լավ է թե վատ, դատեցեք ինքներդ: Սակայն զուտ բանաստեղծություն մեր մեծ պոետներըՙ Թումանյան, Իսահակյան, Չարենց, 3-4 հատորից ավել չեն գրել:

Իսկ Ստալինին աստվածացնելու (մեղա, Տեր) սոցմրցմանը Շիրազը ըստ ամենայնի լծվել է մեծ եռանդով ու լայն ընդգրկումով. բաց արեք պատերազմական եւ ետպատերազմական խորհրդահայ կենտրոնական թերթերի հավաքածոները եւ ամենուրեք ձեր աչքին կզարկեն Շիրազի բանաստեղծությունները, որոնք ծայրեծայր զբաղեցնում են պաշտոնաթերթերի առաջին էջերը:

Շիրազյան ստալինապատումի մեջ առանձնանում է «Մեծ Ստալինին» (1944 թ.) բանաստեղծությունը: Շիրազը, ինչպես ասացինք, տաղանդավոր բանաստեղծ է եւ տաղանդը չես կարող թաքցնել. ասենք, որ Շիրազը հեռու էր նաեւ կեղծ ու հաշվենկատ գովեստներից, նա վերապրած զգացմունքով է գրել իր ներբողը` չմոռանալով հիշատակել հայության խորհրդանիշի մասին.

Դու չե՛ս թողնի մեր Արարատ լե՛ռն էլ պանդուխտ մնա հեռվում:

Իրապես Շիրազը պրկել է իր պոետական տաղանդը եւ անսանձ երեւակայությունը` ջանալով հավասարվել Զարյանի «Ստալին» բանաստեղծությանը (1935 թ.): Թերեւս բավարարվենք միայն սկզբնական հատվածով.

Դու սրտիս մեջ ու պատկերդ կախած ունեմ իմ սնարին,

Որպես հորս պատկերը սուրբ, որպես ոգի իմ քնարին,

Ու շամբերից մեր կուսական կտրած սրինգն իմ եղեգնյաՙ

Քեզ եմ երգում Զանգու դառած լեռների մեջ մեր բյուրակնյա:

Քեզ արեւ՜ը պիտի լինի հաղթանակի շքանշան,

Քանզի կուրծքդ մի երկինք է քո մեծ սրտով իմաստության:

Եթե ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը պատերազմից հետո սահմանել էր երկրի բարձրագույն պարգեւը «Հաղթանակի շքանշան», իսկ Շիրազը Ստալինի համար իր պարգեւն էր սահմանելՙ «Արեւը»: Թվում է, թե սրանից այն կողմ ի՞նչ կարող է լինել: Այո՛, Շիրազը այստեղ էլ է ուզում գրավել առաջնության դափնին: Մյուս երկու բանաստեղծությունները, մանավանդ «Տաղ Ստալինին»-ը շատ է շիրազյան.

Գարնան աչքից սիրտս մտած արեւի պես անունդ անուշ,

Կարոտակեզ սիրահարի արեւի պես անունդ անուշ:

Եվ եթե մի պահ պատկերացնեինք, թե դա տաղ է` նվիրված սիրեցյալ աղջկա, եւ մի փոքր սրբագրում կատարեինք, կտեսնեինք, որ այս երկը ավելի քնարական զեղում է, քան թե անձի պաշտամունքի արգասիք: Միանգամայն օրիգինալ է իր բնույթով Շիրազիՙ «Օրենք արեւագիր» բանաստեղծությունը, այստեղ եւս իր «Առաջնորդ արեգակով» Շիրազը ձգտում է գերազանցել «ժանրի դասական» Նաիրի Զարյանին:

Ի՞նչ է ցանկացել ասել Շիրազը իր «Օրենք արեւագիր» բանաստեղծությամբ, ընթերցողին մինչեւ վերջ հայտնի չէ, մեզ թվում էՙ Շիրազին էլ հայտնի չէ: Ի դեպ, այս տենդենցը, երբ գեղեցիկ ասելիքը կա, սակայն միտքը չկա, հատուկ է ոչ միայն Շիրազին, այլեւ հայոց ստալինիադայի շատ բանաստեղծների, մարդիկ խինդի ու ցնծման տարերքի մեջ հաճախ ընկնում են էյֆորիայի մեջ եւ կորցնում բանական մտքի թելը... Շիրազն էլ «խորիմաստորեն» ուզեցել է բացահայտել «Օրենք արեւագիր» խոսքերի տակ «Ստալինյան կոնստիտուցիայի» էությունը, սակայն իր պոետական էքստազի մեջ գնում է տիեզերական հեռուները, մոռանալով, որ կոնստիտուցիան գրված էր երկրի վրա ապրող մարդկանց համար.

Տիեզերքում, լույսի գրկում երկու տեղ կա ազատ կյանքով,-

Մեկը իմ նոր երկիրն հզոր, մեկ էլ մեր լայն երկինքը մով...

...Երկրիս վրա մշտադալար կյանքն է գարնան հասակ առնում,

Ինչպես աստղեր ազատասերՙ սրտերն ամեն սեր են դառնում,

Եվ նրանց հետ աշխարհագետ մեր Ստալին արեւ-հսկան

Վարում է ողջ կյանքը անխոնջ դեպի ծովը երջանկության:

Իսկ, օրինակ, շիրազյան «Բաղձանք» բանաստեղծությունը (1939-1949 թթ.) մի խոսուն նմուշ է Շիրազի այն չափածո գործերի, որոնցով նա ողողում էր 1940-ական թվականներից հայաստանյան թերթերը, ընդ որում` հաճախ ծայրից ծայր:

Շիրազի սրտագին բաղձանքն է, որ Ստալինը գա Հայաստան, հանդիպի իր ընտրողներին եւ անձամբ տեսնի այն փոփոխությունները, որ արվել են իր իմաստուն ղեկավարության օրոք: Շիրազն այստեղ եւս ի սպաս է դրել իր ոճին բնորոշ թե չափազանցումները, թե վերամբարձ գեղարվեստական պատկերները: Շիրազն իրոք երկը գրել է մեծ ոգեշնչմամբ.

...Մեր լեռները երբ դու գաս,

Իմ ծերունի մոր սիրտն էլՙ ձնծաղիկով կլցվի:

...Ոտքդ ուր էլ որ դիպչիՙ հողից գարուն կբուրի,

Օրորոցի մանկիկն էլՙ լեզու կառնի, կժպտա,

Թոթովանքով առաջին քո սուրբ անունը կտա...

...Իսկ Սեւանա մեր ծովը, որպես մի թաս, գինով լիՙ

Կբարձրացնենք ձեռքերով մեր Գեղամա լեռների,

Կբարձրացնենք աշխարհում քո կենացը ոսկեղեն,

Քո կենացը ու մեզ հետ աստղերն անգամ կխմեն

Քո կենացը ոսկեղեն...

Ստալինին հայրենի հողի վրա տեսնելու բաղձանքը այնպես է ոգեւորել Շիրազին, որ նա վառ ու քնարական շնչով հագեցած պատկերներ է ստեղծում իր «Բաղձանք»-ում եւ զգում ես, որ Շիրազն ի տարբերություն շատ եւ շատ բանաստեղծների, անկեղծ է իր զեղումներում.

Թեեւ ամեն ծաղկի մեջ քո ժպիտն է բողբոջում,

Թեեւ ամեն սրտի մեջ քո երազն եմ տեսնում ես,

Թեեւ երկրիս լույսերով քո հայացքն է հասնում մեզ,

Թեեւ ամեն մի հոգում քո պատկերն է ճառագում,

Թեեւ գործդ աշխարհն է, բայց սրտիս պես անդադրում

Քեզ են կանչում քո որդիք, ե՞րբ ես գալու մի անգամ,

Քեզ է կանչում իմ կանչով հայ ժողովուրդն անթառամ,

Քեզ է կանչում իմ կանչով զմրուխտ երկիրն իմ հայոց,

Քեզ է կանչում Արարատ գերված կայմը քո որդոց,

Քեզ են կանչում աչքերս Սեւանա ծով, Վանա ծով...

«Բաղձանք» բանաստեղծությունը հաստատում է, որ այս ներբողների դաշտում էլ Շիրազն ի վիճակի է գերազանցել Նաիրի Զարյանին: Դե, Շիրազը մնում է Շիրազ...

Գանք այս գիրք-«մոնումենտը» կերտած մեր մյուս բանաստեղծներին, գանք տարիքային հերթականությամբ, թեեւ այն ժամանակ գերակշռող մասը դեռ միջին հասակի ստեղծագործողներ էին: Երեքական բանաստեղծություններով անթոլոգիայում ներկայացված են Գեղամ Սարյանը, Սարմենը, Սուրեն Վահունին, Աշոտ Գրաշին, Աղավնին, Բորյանը եւ Էմինը: Հարկ է ասել, որ պոետական ցեխում նուրբ քնարերգուի եւ Արեւելքի պերճանքի պոետի համբավ ունեցող Գեղամ Սարյանի մոտ ստալինյան թեման լավ չի ստացվում, եւ ոչ թե նա չի կամեցել կամ քիչ է երգել, ո՛չ, ինչքան ուզեսՙ «Խոսք ընկեր Ստալինի վաթսունամյակի առթիվ», «Երգ Ստալինի մասին», «Հիմն առաջնորդին» եւ դեռ չհաշված բազմաթիվ մյուս գրվածքները, որոնք չեն ընդգրկվել սույն ժողովածուում: Բանաստեղծությունները պարզապես անդեմ են, ոչինչ չասող. լինեն թե չլինենՙ նույն հաշիվն է.

...Մեր ընտանիքն է մեծ,

Սովետական հողում

Մեր մեծ եղբայրության

Դրոշն է շողշողում,

Նրա փայլի ներքո

Հպարտ եւ աննահանջ

Գնում ենք մենք երգով,

Գնում ենք մենք առաջ...

( «Երգ Ստալինի մասին» )

Սա ավելի շատ դպրոցական պատի թերթին է սազական:

Կամ թե ստեղծագործական «տառապանքների» մեջ ծնունդ առած, առաջնորդին ձոնված Սարյանի հիմնը.

...Փա՛ռք քեզ, փա՛ռք քեզ, մեր պայքարի դրոշակ,

Մեծ առաջնորդ, դու աշխարհի փրկություն,

Դու հույս, դու լույս, դու կառուցում, հաղթանակ,

Դու մեծ ուժի եւ հավատի ամրություն:

Այստեղ ո՛չ ինքն է երեւում, ո՛չ Ստալինը: Արդյոք այսքանն էր կարողությունը ճանաչված քնարերգու Գեղամ Սարյանի: Դրությունը չի փրկում նաեւ Սարյանի մոգոնած «Գեղջկուհու երազը», երբ հայ գեղջկուհուն երազի մեջ հերթով գալիս են Լենինն ու Ստալինը. լավ է, որ խեղճ գեղջկուհին չի ցնդում, բայց Գեղամ Սարյանի մոտ իսկապես մի երազ է պատկերած, որ մենակ Ֆրեյդն ի վիճակի կլիներ մեկնաբանել:

Բանաստեղծ Սարմենը, որ Ստալինին շատ բանով է «պարտական» կյանքումՙ հրաշքով փրկվել է ջարդերից, գաղթ, մանկություն մանկատներում, եւ հետո արդեն ստալինյան լույսի ներքո Պետհամալսարանի շրջանավարտ, ՀԳՄ անդամ, ՀՍՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակ: Այնպես որ, նրա պանեգիրիկները` ուղղված Ստալինին, պետք է մտածել, որ անկեղծ սրտով են գրված: Անկեղծը անկեղծ, բայց եւ կան այնպիսի սրբություններ, որ չպետք է ձեռք տալ, անգիտակից մաղթանքներով չցնցել նորմալ բանականությունը.

...Ծիծաղ ծաղկով զարդարվել է մեր վառ կյանքի նորը պայծառ,

Ձմռան բուքին էլ մեր սրտում մայիսական օր է պայծառ,

Հայաստանից հազար ողջույն ժողովրդի հորը պայծառ,

Արարատից երկար ապրես, վեհագագաթ սար Ստալին:

( «Հավերժական հուր» )

Սարմենի «Ստալին» բանաստեղծությունը շատ է հիշեցնում Գեղամ Սարյանի Ստալինապատումի երկերըՙ մարդու ո՛չ մտքին, ո՛չ հոգուն ոչինչ չասող հանգավորված դեկլարացիաներ: 1949 թ. առաջնորդի 70-ամյակի առթիվ է գրված Սարմենի «Երգ երջանկության»-ը: Սա պոետի մենախոսությունն է առ առաջնորդը: Նա ընկերավարի, մտերմիկ դիմում է Ստալինին եւ կենաց բարձրացնում.

Բաժակն առաջին

Խմենք լուսաջինջ

Այն մարդու կենաց,

Որ մեր աշխարհքին

Բերեց խնդագին

Կյանքի այգաբաց:

Եթե Զարյանն ու Շիրազը իրար հետ են մրցում, ապա իրար հետ են մրցում նաեւ Սարյանն ու Սարմենը, եւ այս մրցույթում նրանց են միանում բանաստեղծուհիներ Աղավնին եւ Մարո Մարգարյանը: Աղավնին էլ իր կյանքի պատումով պարտական է խորհրդային իշխանությանը, սակայն նրա գրածն էլ մի կլիշե էրՙ հեռու ստեղծագործական տվայտանքներից: Ամեն ինչ ի սկզբանե որոշված էր, սարքված, մնում էր հեղինակը տակը դներ իր ստորագրությունը, տվյալ դեպքումՙ Աղավնի: Ինչպես եւՙ Մարո Մարգարյան:

Քարոտ էր մեր բախտի ուղին ու կարիքը ծովածավալ,

Բեւեռային գիշերվա պես մեր առօրյան ցուրտ էր, դաժան,

Դո՛ւ էիր, որ ճառագեցիր քո հանճարով արեգնափայլ,

Ու տարար մեզ լուսապարար հանգրվանը երջանկության:

( «Ստալին» )

Ճիշտ է, հաջորդ երկու բանաստեղծություններում Աղավնին փորձում է կոնկրետ սյուժե ներդնելՙ «Ստալինն ու Ելենան». նա պատմում է, թե ինչպես Կրեմլում 1935 թ. շքանշանակիր կոլտնտեսուհի Ելենա Աբրահամյանին բախտ է վիճակվել նկարվել Ստալինի հետ.

Արփաչայի ափերից մինչեւ Կրեմլ նա հասավ,

Ստալինի սիրառատ գգվանքներով լիացավ:

Ու գլուխն իր գանգրահեր հենած մեր հոր լայն կրծքին,

Տեսե՛ք, որքան երջանիկ նա ժպտում է ամենքին:

Ջա՛ն, ծիծաղիր ու ցնծա այդ գգվանքից հարազատ,

Հայրենիքիս վարդ աղջիկ, իրավազոր ու ազատ:

Մյուս երկումՙ «Ցորենը», միչուրինյան մի երիտասարդ գյուղատնտես պատմում է, թե ցորենի նոր մշակած բերքառատ հասկին ինչ գնահատական է տալիս Ստալինը.

Ապա Առաջնորդը, հպարտությամբ մի խոր

Կշռում է ձեռքի մեջ հասկը հինգ թեւանի

Եվ իր վաղածանոթ ժպիտով հմայիչՙ

Դառնում է գյուղացուն, ապա գիտնականին.

- Ցանեցի՞նք:

- Ցանեցի՛նք, Իոսիֆ Վիսարիոնովիչ:

Շարունակելի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 06-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.