AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #004, 2013-03-16 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 06-04-2013



Կերպարվեստ

Տեղադրվել է` 2013-04-05 23:07:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1630, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

Արշակ Սարգսյանի գեղարվեստի աշխարհը

2012 թվականի վերջին «Փրինթինֆո» հրատարակչությունը լույս ընծայեց երեւանցի երիտասարդ նկարիչ, քանդակագործ Արշակ Սարգսյանի ալբոմը (անգլերեն լեզվով): Գիրքը բացվում է արվեստաբաններ Նուրիցա Մաթոսյանի (Անգլիա) եւ Վարդան Ջալոյանի (Հայաստան) մասնագիտական գնահատականով Արշակի ստեղծագործության վերաբերյալ: Ներկայացնում ենք Վարդան Ջալոյանի հոդվածի բնագիրը:

Ժամանակակից աշխարհում հնարավո՞ր է արդյոք գեղանկարչությունը: Ամեն օր շուկա են նետվում հազարավոր գեղանկարչական գործեր, բայց դրանց մի փոքր մասն է պատկանում ժամանակակից արվեստին: Ֆիգուրան պատկերելու առաքելությունը կարծես լիովին փոխանցվել է վիդեո եւ ֆոտո միջոցներին: Թվում է, թե ավանդական ֆիգուրատիվ գեղանկարչությունը չի կարող զարմացնել, այն այլեւս այն տեղը չէ, որտեղ հնարավոր է արմատական եւ համարձակ ժեսթը: Բայց Արշակին հաջողվում է զարմացնել, եւ նրա գեղանկարչությունը հենց այդպիսին էՙ արմատական եւ համարձակ:

Ժամանակակից արվեստագետը, որ զբաղվում է գեղանկարչությամբ, առաջին հերթին ներկայացնում է գեղանկարչությամբ զբաղվելու փաստը, իր վարպետության փաստը, ոչ թե այն, ինչ նկարում է: Այլեւս չկան էական բովանդակություններ, էականը հենց ինքը արվեստագետն է:

Գեղանկարչությունն այսօր հնարավոր է իբրեւ ժամանակակից արվեստ, որովհետեւ իր մեջ պարունակում է հնարավորություններ, որոնք այլ միջոցներ չունեն կամ ունեն պակաս չափով: Առաջին հերթին հզոր ավանդույթն է, որ ունի գեղանկարչությունըՙ գերազանցող մյուս վիզուալ ժանրերին: Այդ ավանդույթը գեղանկարիչները միշտ փորձելու են վերաիմաստավորելՙ ընդարձակելով եւ վերափոխելով: Գեղանկարչությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է, որովհետեւ այնտեղ կարելի է իմաստային եւ կերպարային մեծ խտություններ ստեղծել: Որքան մեծ է այդ խտությունը, այնքան գեղանկարչական գործը հզոր է իր ազդեցությամբ: Գլխավոր բարդությունն այն է, որ այդ խտությունը ձեռք բերելու համար պետք է վերանայել նկարը դիտելու ավանդական ձեւերը, ստեղծել աշխարհի պատկերման նորՙ սեփական համակարգը:

Գեղանկարչությունն, ի տարբերություն մուլտիմեդիայի, կոնցեպտուալ օբյեկտի, վիդեո-արտի, կրում է իր մեջ մարդկային մարմնականության ապրումը, մարդկային ժեսթը, ձեռքի շարժումը, մատների ջանքը, որոնց միջոցով ներկը փոխանցվում է կտավին: Վրձնահարվածները, գեղանկարչական տեքստուրան վկայում են մարդկային ներկայության մասին, գեղանկարչության փիլիսոփայությունը մարդաբանությունն է: Գեղանկարչության փառքի պահերը նրանք են, որոնք հեղափոխական են նաեւ մարդաբանության մեջ: Հիշենք բարոկկոն կամ էքպրեսիոնիզմը. այս ոճերը հնարավոր դարձան մարդաբանական պատկերացումների փոփոխության շնորհիվ: Այսօր մարդաբանությունը ճգնաժամ է ապրում, որովհետեւ խնդրական են դարձել մահվան եւ կյանքի, չափի եւ չափազանցության (տրանսգրեսիայի) հարաբերությունները: Գեղանկարչությունը պահանջված է, որովհետեւ մարդկային կյանքում իշխող են դարձել թվային տեխնոլոգիաները, եւ մարդկայինը փնտրելիս կրկին հարկավոր է դիմել ֆիգուրատիվ արվեստին:

Արշակ գեղանկարչի համարձակությունը արտահայտվում է իրականը եւ ֆանտաստիկը, մարդկայինը եւ անմարդկայինը, մշակութայինը եւ վայրենին նորովի միացնելով: Նրա գծանկարները երեւակայությունը գերազանցող բարդություն եւ նրբություն ունեն, նա այն քիչ արվեստագետներից է, որ ընդունակ է ստեղծելու բազմաֆիգուր, բարդ կառուցվածքով մեծ կտավներ: Որպես գեղանկարիչ նա միաժամանակ մարդկային հոգեվիճակների մարդաբան է: Արվեստագետը իր հերոսների հետ հաճախ պատկերում է նաեւ կենդանիներ, ինչը չի կարող ֆիզիոգնոմիստական շփոթեցնող մեկնաբանության տեղիք չտալ:

Կերպարները բազմազան են եւ իրենց մեջ խտացնում են արեւմտաեվրոպական կերպարային մեծ ժառանգությունը: Արշակը ընդունակ է նոր ներդաշնակություն ստեղծել իրականի եւ անիրականի միջեւ: Սեփական վկայության համաձայնՙ նա իր կերպարների նախատիպերը վերցնում է մեծ քաղաքների բազմազան ենթամշակույթներիցՙ արձանագրելով այն մարդաբանական մուտացիաները, որ այնտեղ տեղի են ունենում:

Գոյություն ունի կենսական գոտի, որտեղ մարդկայինը եւ կենդանականը դառնում են անտարբերելի: Այս գոտու բնակիչներին բնորոշում են իբրեւ հրեշներ, որոնք մարդու եւ կենդանու խառնուրդ են: Հրեշավորը շեղումն է մարդկային նորմայից, եւ հրեշավորի խորհուրդը փոփոխությունն էՙ այն բանի վկայությունը, որ անհրաժեշտ է ընդարձակել կյանքի գոտին, վերացնել հին, իրենց դարն ապրած չափանիշները եւ հաստատել նորերը, որոնք նպաստում են արդիականացմանը եւ սոցիալական առաջընթացին: Ժամանակակից փիլիսոփա Ս. Ժիժեկը գրում է. «Ինչ է նշանակում հրեշ: Այն կարող է նշանակել սոցիալական հեղափոխության հրեշավորությունը, որդիներին, որոնք ապստամբել են հայրերի, ժամանակակից արդյունաբերական արտադրության, ասեքսուալ վերարտադրության, գիտական գիտելիքի դեմ»#: Ցանկության դեպքում Արշակի կտավներում բոլորն էլ կարելի է գտնել: Հենց այդ պատճառով նրա կենցաղային տեսարանները լեցուն են թվում սոցիալական եւ քաղաքական կոնտեքստով:

Այսօր քաղաքականություն ասելով նկատի ունեն կենսաքաղաքականությունըՙ քաղաքական հսկողությունը մարդկային կյանքի դրսեւորումների վրա, ինչը ենթադրում է հրեշայինի բացառում: Արշակի հերոսները գուցե նրանք են, ովքեր փախել են այդ կենսաքաղաքական հսկողությունից: Պատճառներից մեկը, որ այլեւս հնարավոր չէ ֆիգուրատիվ պլաստիկական արվեստ կոչել, այն փաստն է, որ ժամանակակից կյանքը դադարել է լինել պլաստիկ: Արշակը փնտրում եւ գտնում է այդ պլաստիկ կյանքը հսկողությունից խուսափող ենթամշակույթներում, բայց առավելՙ իր երեւակայության մեջ:

Եթե գեղանկարչությունը կրկին դառնում է արդիական, ապա գաղտնիքը պետք է փնտրել մարդաբանական մշակույթում: Արդիական է դառնում, որովհետեւ ներկայացնում է մարդու նոր տեսակը: Մարդաբանական ոչ պլաստիկ մշակույթը համապատասխանում է մեդիալ եւ տեխնոլոգիական մարդուն, որի կերպարը կապված է էկրանի հետ: Կտավը փորձում է լինել ավելի գայթակղիչ, ավելի վառ եւ կենդանի, քան գովազդը: Այս առումով Արշակի արվեստի հիմնական ուղերձը հասարակությանը հետեւյալն է. հայտնվել է մարդու նոր տեսակ, եւ գիտակցության նոր ձեւեր են ի հայտ եկել, որոնք իրենց հայտնում են ժեսթերի, միմիկայի, հագուստ կրելու նոր մշակույթի միջոցովՙ այլ, գովազդներում ներկայացվող մշակույթից տարբեր:

Արշակը մի քանի գրաֆիկական եւ գեղանկարչական աշխտանքներ ունի, որոնք կրում են «Նվագախմբի փորձը» անվանումը: Անշուշտ, նվագախումբը հասարակության մոդելն է, բայց ինչպիսի հասարակության: Նվագախմբի երաժիշտներն ունեն յուրահատուկ սոցիալական բնավորություն, որը հրաշալի ներկայացրել է Թեոդոր Ադոռնոն իր «Դիրիժորը եւ նվագախումբը» հոդվածում#: Ադոռնոն գրում է, որ նվագախմբի երաժիշտներին հատուկ է սադիստական հումորը, անընդհատ կատակելու հակումը, նրանք սիրում են անպատշաճ խաղարկումներ: Որպես հաստատում կարելի է հիշել Ֆեդերիկո Ֆելինիի «Նվագախմբի փորձը» ֆիլմը: Հավանաբար այս երեւույթը կապված է այն բանի հետ, որ երաժշտական տարածությունում մարդու համար փակ են սուբլիմացիայի բազմաթիվ ուղիներ: Դա հատկապես արտահայտվում է երաժիշտների հայտնի համառության մեջ: Նրանք մշտապես դժգոհ են նվագախմբում իրենց ունեցած դիրքից եւ մշտապես հիասթափություն են ապրում իրենց ընտրած մասնագիտությունից: Նվագախումբը ժամանակակից հասարակության մինի մոդելն է, երբ ինքնաարտահայտման ազատություն է տրված, բայց այդ ազատությունը ծնում է հիասթափություններ:

Կարելի է ենթադրել, որ Արշակի բոլոր հերոսներն էլ իրենց սոցիալական խառնվածքով «նվագախմբի երաժիշտներ» են եւ կարող են արտահայտվել գործիքների միջոցով. օրինակՙ կնոջ մի ձեռքին հովհար է, մյուս ձեռքումՙ ձմերուկի կտոր: Նրանք ազատ են, կենսախինդ, հաճախ թափթված տեսք ունեն, հավանաբար համառ են, ինչպես Ֆելինիի հերոսները, բայց այդ ժխորում շարունակական բունտը մնում է միշտ այստեղ եւ հիմա, եւ նշանակալի ոչինչ տեղի չի ունենալու:

Արշակի նկարների եւ քանդակների մեջ հագուստը առաջնակարգ նշանակություն ունի: Նրա վառ վիզուալ պատմությունները պատմվում են ոչ միայն ժեսթի, միմիկայի, պոզայի, այլեւ հատկապես հագուստի միջոցով: Կերպարների հագուստը հաճախ կախված է պարկի նման, անփույթ տեսք ունի, երբեմն նույնիսկՙ ողորմելի: Հագուստը խորհրդանշում է սոցիալական կեղեքվածությունը, երբեմնՙ փախուստը սոցիալականից, քանզի հագուստի ներսում է, որ մարդը ապրում է եւ կատարում իր արարքները:

Գրաֆիկական եւ գեղանկարչական գործերից բացի Արշակի արվեստում կարեւոր նշանակություն ունի քանդակը: 50-ականներին Բառնետ Նյումանը ասել է. «Քանդակը այն է, որի վրա դու սայթաքում ես, երբ հետ-հետ ես գնում կտավը դիտելու համար»: Այս անփույթ դատողությունը մեզ հուշում է, որ քանդակի եւ կտավի տարբերությունը այն դիտելու եղանակի մեջ էՙ կտավին նայում են, քանդակի շուրջը պտտվում են: Արշակի քանդակները «դուրս են եկել» իր գրաֆիկական եւ գեղանկարչական գործերից եւ նրանց էլ համապատասխանաբար այլ կերպ է հարկավոր նայել: Օրինակՙ գրաֆիկական գործում ծնվում է ինքնատիպ կերպար, որը հետո կարող է փոխանցվել գեղանկարին, իսկ ապաՙ դառնալ քանդակ: Այս ձեւափոխությունների ընթացքում այդ կերպարները դառնում են ավելի վառ, ավելի կենդանի, որովհետեւ թեման կյանքի գաղտնիքն էՙ սեփական սահմանները զանցող, ափերից դուրս եկած կյանքը:

Արշակի ե՛ւ կտավները, ե՛ւ քանդակները դրամատուրգիական լիցք ունեն, այնտեղ կյանքը ինքն իրեն բեմադրում է, ցուցադրում իր ողջ հզորությունը: Ես կուզենայի նրա քանդակները անվանել «տարածական նկարչություն», բայց հայտնի է, որ այս տերմինը արդեն օգտագործել է հրաշալի ոսկերիչ եւ քանդակագործ Խուլիո Գոնսալեսը միանգամայն այլ բնույթի քանդակների համար: Արշակը իր քանդակներում մնում է գեղանկարիչ, ինչը չի կարող չհիշեցնել Դեգայի «Պարուհիների» դիպվածը. Դեգայի հրաշալի քանդակները ստեղծվել են իր գեղանկարչական կերպարները շոշափելի տեսնելու ցանկության արդյունքում:

Ժամանակակից հասարակությունը փորձում է գտնել եւ սահմանել թույլատրելին, իսկ գիտությունը եւ բիոտեխնոլոգիաները խնդրահարույց են դարձնում մարդուն եւ անմարդկայինը, կյանքի եւ անկենդանի սահմանները: Ավելի ու ավելի հաճախ ենք մենք մեր վարքը փոխում, կարծես ինչ-որ անմարդկային բան ներխուժել է մեր կյանք: Եթե կարելի է համաձայնել Սլավոյ Ժիժեկի բնութագրման հետ, ապա, իհարկե, Արշակի կտավներին հատուկ է հեղափոխականությունը, բայց դա ոչ թե սոցիալական, այլՙ մարդաբանական հեղափոխություն է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 06-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.