AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 20-04-2013



Հայագիտություն

Տեղադրվել է` 2013-04-22 23:03:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1943, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ԽՈՀԵՐ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

ՕԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈ

Ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեի անունը քաջ հայտնի է ինչպես նրա հայրենիքում, այնպես էլ Հայաստանում: Լինելով խոշորագույն արեւելագետ, Արձանագրությունների եւ վայելչագրության ֆրանսիական ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Փարիզի Revue des Etudes Armeniennes մեծ հեղինակություն վայելող ամսագրի խմբագրական կոլեգիայի բազմամյա անդամ, իր բազմաթիվ հոդվածներովՙ նվիրված գրական եւ պատմական հնագույն հուշարձանների ուսումնասիրությանը, նա ըստ արժանվույն հեղինակություն է վաստակել գիտական աշխարհում: Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1967 թվին ավարտելուց հետո, այդ նույն, ինչպես նաեւ Ստրասբուրգի համալսարանում դասախոսելով, երիտասարդ գիտնականը 1970-75 թվականներին կլանվեց հայոց, ղպտի, հին վրացերեն լեզուներով` դասեր առնելով այնպիսի հայտնի հայագետների ու արեւելագետների մոտ, ինչպիսիք էին Ժ. Մենարը, Շ. Մերսիեն, Ֆ. Ֆեյդին: 1975-77 թվականներին Երեւանի համալսարանում ֆրանսերեն լեզվի դասավանդման աշխատանքը նրան հնարավորություն տվեց ոչ միայն կատարելագործել հայերենը, այլեւ Մատենադարան հաճախելով, խորանալ հայագիտության մեջ եւ կապեր հաստատել Հայաստանում հայտնի շատ գիտնական-հայագետների հետ:

Անցյալ աշնանը Երեւանում, Թարգմանիչների եւ հրատարակիչների միջազգային համաժողովին ինձ բախտ վիճակվեց մոտիկից ծանոթանալ անվանի գիտնականի հետ, որի մասին մինչ այդ շատ էի լսել: Նա, ինչպես եւ ես, հրավիրվել էր «Փոքր լեզուներից թարգմանության խնդիրները» սեմինարին, որը հիմնականում նվիրված էր այլ երկրներում հայ գրականության տարածման պրոբլեմներին, եւ, ի տարբերություն ուրիշ սեմինարների, նման համաժողովների պատմության մեջ առաջին անգամ կայանում էր հայերենով: Եվ ավելորդ է ասել, որ մեր համատեղ զբոսանքները` մեր հոգուն այնպես սիրելի երեկոյան Երեւանում, վերածվեցին շահեկան զրույցների, որոնց հիմնական թեման հայագիտությունն էրՙ պատմություն, գրականություն, հնագիտություն:

Խոսք գնաց եւ անձանց մասին, որոնք մեծ ավանդ էին ներդրել հայագիտության ասպարեզում, նրանցՙ հաճախ կնճռոտ ճակատագրերի մասին: Նրանցից մեկը, օրինակ, լվովցի պատմաբան Յարոսլավ Դաշկեւիչն էր, որի հայագիտական աշխատությունները խորհրդային ժամանակներում աներեւակայելի դժվարություններով առաքվում էին Արեւմուտք եւ տպագրվում փարիզյան այդ նույն Revue des Etudes Armeniennes-ում, որի գլխավոր խմբագիրը 1979 թվականից Ժան Պիեռ Մահեն էր:

Մինչեւ օրս խնամքով պահում եմ այդ հրատարակությունների սրբագրված տեքստերի ` ժամանակից դեղնած թերթերըՙ անմոռանալի Յարոսլավ Ռոմանովիչի ինքնագրով, որ նա գաղտնի ուղարկում էր ինձ, ահասարսուռ 70-ական թվերին: Այդպիսի բաների համար Ուկրաինայում իսկույնեւեթ աշխատանքից վռնդում էին, ինչը, դժբախտաբար, տեղի ունեցավ եւ նրա հետ: Պարզվեց, որ պարոն Մահեն քաջատեղյակ է ուկրաինացի հայագետիՙ փարիզյան ամսագրում տպագրված հրապարակումների հետ կապված նշավակելի անցքերին, դեռ ավելին` ինքը անմիջականորեն մասնակցել էր այդ նյութերի նախապատրաստմանը, հեղինակի հետ տեքստը համաձայնեցնելու եւ ճշգրտելու աշխատանքներին: Իր երեք երեխաների եւ տիկնոջՙ Աննիի հետ երկու տարի Երեւանում ապրելը դեռեւս այն ժամանակ երիտասարդ ֆրանսիացի գիտնականի աչքերը բացեց եւ հասու դարձրեց խորհրդային քաղաքական համակարգի ողջ էությանը, համակարգ, որ ճնշում էր այլախոհության ամենափոքր դրսեւորումն անգամՙ թե՛ մշակույթում, թե՛ գիտության մեջ, թե՛ հասարակական կյանքում:

Այդ իմաստով մենք լավ էինք հասկանում միմյանց, առավել եւս, որ մենք պրոֆեսորի հետ շփվում էինք հայերենով: Նրա լեզուն անթերի էր, դասական ակադեմիականության թեթեւ երանգով, որն, ավա՜ղ, այժմ անդառնալիորեն դուրս է մղվում ժամանակակից գիտական շփման ոլորտից եւ համալսարանական լսարաններից: Նրա այդ ընտիր ակադեմիականությու՜նը,- ոչ միայն լեզվի իմաստով, այլեւ միտքը շարադրելու տեսակետից,- կարծես մի հատուկ նշագիծ էր, որին ակամա ջանում էին հավասարվել սեմինարի մասնակիցներըՙ բանավեճերի ժամանակ եւ կարծիքներ փոխանակելիս:

Դա շատ կարեւոր էր, քանի որ թարգմանչաց համաժողովի մասնակիցները եկել էին ամենատարբեր երկրներիցՙ հոլանդուհի Աննա-Մարիա Մաատարը եւ անգլերենի թարգմանչուհի Նաիրի Հախվերդին եկել էին Նիդեռլանդներից, Վալդա Սալմինիանՙ Լատվիայից, Լասլո Բարբելինՙ Տրանսիլվանիայից, Հովհաննես Բուդուկյանըՙ Ուրուգվայից, հայ արձակագիր եւ գրականագետ Դիանա Համբարձումյանը: Համաժողովի համադրողը լոռեցու արյունով մեր սքանչելի Դավիթ Մաթեւոսյանն էր, իսկ Հրազդան Մադոյանը Ջավախքից էր: Նրանք ամենքը թարգմանչական գործունեության, ոմանքՙ մեծ, ոմանք ավելի համեստ փորձ ունեին: Սակայն մենք բոլորս ակնածանքով լռում էինք, երբ խոսում էր պրոֆեսոր Մահեն: Նրա դատողությունները ծանրակշիռ էին եւ համոզիչ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում էր Գրիգոր Նարեկացու եւ Մովսես Խորենացու գործերը ֆրանսերենով հնչեցնելու իր թարգմանական աշխատանքի մասին:

Այդ ժամանակ էլ նրա ելույթներից իմացա, որ գիտնականը իր տիկնոջՙ Աննիի հետ միասին ավարտել է «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչեւ մեր օրերը» երկար տարիների իր աշխատությունը եւ հանձնել տպագրության: Եվ որքան մեծ ու հաճելի եղավ իմ ուրախությունը, երբ մի երկու ամիս անց Կիեւի իմ բնակարանում հնչեց դռան զանգը, եւ փոստատարը հանձնեց ծանրումեծ մի փաթեթՙ Փարիզից եւ այնտեղՙ Աննի եւ Ժան-Պիեռ Մահե ամուսինների «Հայաստանի պատմությունը...», որ լույս էր տեսել անցյալ տարվա վերջին Perrin հրատարակչությունում:

Անմիջապես ասեմ, որ գրքի չափազանց հետաքրքրական լինելը պայմանավորված է մի շարք գործոններով: Նախՙ գիրքը գրվել է երկար տարիներ հայագիտական հետազոտություններին նվիրված եւ նյութին փայլուն տիրապետող գիտնականների կողմից, ինչը հաստատում է հրատարակության գիտական ապարատըՙ պատրաստված ամենայն մանրամասնությամբ եւ ընդգրկում է գրքում զետեղված հարյուրավոր այլ հրատարակությունների վերնագրերը, Հայաստանի պատմական քարտեզները, գրադարձության (транслитерация) աղյուսակըՙ մի իսկական գանձ յուրաքանչյուր հայագետի համար: Անշուշտ, այստեղից էլ գալիս է երկրի պատմության համոզիչ շարադրանքը, երկրի, որն այժմ զբաղեցնում է անտիկ Հայաստանի ընդամենը մեկ տասներորդական մասը եւ գտնվում է «աշխարհների սահմանագծում», երկրի, որի տարածքով է անցել բաժանարար գիծը «միջերկրածովյան Արեւելքի եւ Հնդկական օվկիանոսի մեծ քաղաքակրթությունների միջեւ»: Դժվարին մի պատմության, ինչպես նշում է հեղինակը առաջաբանում, քանի որ «յուրաքանչյուրը, ով քաջություն կունենա խորանալ նրանում, դեմ կառնի այնպիսի դժվարությունների, որոնք կարող են թվալ անհաղթահարելի եւ իրարամերժ հակասություններով լի»:

Գիրքը գրել են մարդիկ, որոնք ձգտել են հասու դառնալ մի երկրի էությանը, որի սահմանները այնքա՜ն անգամ ենթարկվել են փոփոխության, ցույց տալ մշակույթի շարունակականությունը, մշակույթ, որը շատ ազդեցություններ է կրել, «երկրի, որը տվել է այդ ժողովրդի պատմությունը ձեւավորող շատ անհատներ` սփռված աշխարհի չորս դին»: Եվ հարկ է պատշաճը հատուցել, գիտնականները կարողացել են հասու դառնալ, ըմբռնման այդ գործընթացի մեջ ներգրավել ընթերցողին, որովհետեւ գիրքը, չնայած գիտական նյութերի եւ պատմական փաստերի հագեցվածությանը (տեքստային 745 էջ) կարդացվում է դյուրորեն եւ հետաքրքությամբ:

Տողերիս հեղինակին ուղղված նամակում պրոֆեսոր Մահեն իրեն հատուկ հեգնական ոճով բացահայտել էր իր ստեղծագործական մեթոդը, որը նրան այդպիսի մեծ հաջողություն էր բերել: «2005 թ.-ին նախաձեռնելով գրքի աշխատանքները,- պատմում է նա,- ես սկսեցի գրել իմ սովորական, համալսարանական ոճովՙ երկար, ծանր, մթին, ճոռոմ նախադասություններով: Աննին ինձ հանդիմանեց թեՙ «ոչ ոք չի կարող հասկանալՙ «ինչի մասին է խոսքդ» եւ պահանջեց բացատրություններ ավելացնեմ: Ես փորձեցի անել դա: Բնագիրս միանգամից հօդս ցնդեց: Ստիպված, բեկորները մի կերպ հավաքեցի, իրար ետեւից շարեցի: Մի տեսակ պատմվածք ստացվեց: Բայց Աննին թույլ եւ խամրած համարեց: Գույներ ավելացրիՙ նա նոր դեպքեր եւ արտահայտիչ խոսքեր պահանջեց: Կարճ ասեմ. գրքի ողջ 15 գլուխները չորս-հինգ անգամ գրեցի, մինչեւ որ Աննին համակերպվեցՙ թե թող մնա, իբր քեզնից անհույս է ավելին ակնկալել»:

Իրոք, որ ընթերցողը գրքում կգտնի ոչ միայն պատմական այս կամ այն աղբյուրի վկայություններ, այլեւ հայ գրականության դասականների գեղարվեստական գործերի բազմաթիվ անդրադարձներ, ինչը զգալիորեն ընդլայնում է տեքստի ճանաչողական շրջանակները, օգնում էլ ավելի համապարփակ ընկալել հայոց պատմությունը: Այդ իմաստով անչափ ուշագրավ է Մահեի աշխատությանՙ Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության մուտքը, որը յուրօրինակ դրամատիկական երանգ է հաղորդում պատմության լուսաբանմանը, պատմություն, որը Մեծ լոռեցին պատկերավոր նմանեցրել է դարերի միջով դեգերող եւ այդ ճանապարհին հազար ու մի դժբախտություն եւ զրկանք տանող քարավանի:

Սակայն, «Հայաստանի պատմությունը...» գրքի ընթերցանության մեջ խորասուզվելով, մտածում ես, որ հեղինակները պատմական իրադարձությունների եւ գրականության միջեւ շատ ավելի խորը կապեր են տեսնում, քան այս կամ այն փաստի լոկ գեղարվեստական վերարտադրումն է: Այսինքնՙ նրանց միջեւ առկա է ընդհանուր հոգեւոր դաշտ: Ի հաստատումն այդ բանի, մեկ անգամ եւս անդրադառնամ պրոֆեսոր Մահեի նամակին. «Ես եւ Աննին,- ասում է նա,- պատմությունից առավել թերեւս սիրում ենք պոեզիա: Ուստի եւ գրքի առաջին իսկ էջերում, ոչ միայն Թումանյանի «Հայոց լեռներում»-ը զետեղեցինք, այլեւ Գիյոմ Ապոլիների (Guillaume Apollinaire) մեր սիրած բանաստեղծության երեք տողերըՙ «Վսեմ է պատմությունը մեր եւ ողբերգական, Հանց դիմակը տիրանի, Չկա պատահական մի մասն անգամ...»: Այդ տողերը, մեր կարծիքով, կատարվելիք աշխատանքի գլխավոր սկզբունքը պիտի լինեին: Մեր շարադրանքի ամբողջ ընթացքում ուզեցինք շեշտել 1915 թվի ցեղասպանությունը կանխագուշակող դեպքերը, մի կողմ թողնելով բոլոր այն մանրամասները, որոնք խանգարում էին դրան: Մեր նպատակին հասանք, բայց մասամբ, որովհետեւ հայ միջնադարյան մատենագիրներին կարդալիս, մերթ հուզվեցինք, մերթ ուրախացանք: Բանն այն է, որ իրենց արձակը հաճախ ավելի քերթողական, բարեհունչ, գեղարվեստական է, քան բանաստեղծներիՙ երբեմն արհեստական, շինծու խոսքերը...»:

Կարելի է ասել, որ այս գրքի հեղինակները հայ մեծ տարեգիրների արժանի աշակերտները դուրս եկան այն իմաստով, որ Հայաստանի պատմությանը նրանք հմտորեն միահյուսել են ե՛ւ պատմական վավերագրեր, ե՛ւ խրատական պատմություններ. ինչպես, օրինակ, «Ակունքներ» գլուխը, որը սկսվում է գերված հայ սպարապետ Վասակ Մամիկոնյանիՙ պարսից ամբարտավան Շապուհ արքային տված արժանապատիվ պատասխանով, հիշեցնելով հայերի ցուցաբերած ռազմական քաջագործությունների մասին:

Եվ կամՙ խորհրդածությունները հայ ժողովրդի ձեւավորման վրա երկրի աշխարհագրական դիրքի ազդեցության, պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայոց լեզվի դերի մասին, երբ «լեզուն, նրա էվոլյուցիան, կարող է ծառայել որպես յուրահատուկ մշակութային մարկերՙ ժամանակները եւ ժամանակաշրջանները զանազանելու, իսկ ավելի ճիշտ, դրանք փոխադարձորեն միահյուսելու եւ, իհարկեՙ պատմության, որ «միշտ խնդրահարույց է»: Եվ այն մասին, թե որքան կարեւոր է, երբ գիտնական-պատմաբանը հավատարիմ է մնում ճշմարտությանը, պատմական փաստին եւ շատ չի հրապուրվում զանազան հիպոթեզներով, որոնք կարող են, ինչպես գրում է Մահեն, գցել նրան այնպիսի դատողությունների մեջ, որ «ավելի կխճճեն, քան Բորխեսի «Ցիրուցան արահետների այգին» պատմվածքում է»: Եվ ամենակարեւորը, որ պատմաբանը «չարժե խոսք բացի այն իրադարձությունների մասին, եթե դրանք իր ժամանակաշրջանի հուզող հարցերին պատասխան չեն տալիս եւ չեն վերաբերվում մեր ժամանակի հասկանալի եւ հրատապ խնդիրներին»:

Ըստ այսուՙ համարձակվում եմ հաստատել, որ Աննի ու Ժան-Պիեռ Մահեների աշխատությունը խիստ այժմեական է, քանզի այն իմաստավորում է ոչ միայն հայ ժողովրդի անցյալի վճռական պահերը, այլեւ այն մարտահրավերները, որոնց առնչվում է նա նորագույն պատմության ընթացքումՙ թե՛ անկախ պետություն կառուցելու եւ պահպանելու գործում, թե՛ ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման գործընթացում, թե` զարգացման արեւելյան կամ արեւմտյան (ժողովրդավարական) վեկտորն ընտրելիս, հանգամանք, որ նպաստում է երկրից բնակչության մեծաքանակ արտահոսքին, որի պատճառով նվազում է նրա ստեղծագործ ռեսուրսը:

Գիրքը հագեցած է բազմաթիվ փաստերով, որոնք վկայում են հայ-ֆրանսիական դարավոր կապերի մասին: Դա Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լեւոն V-ի մասին հիշատակությունն է, որը 1383 թ. եկել էր Փարիզՙ օգնություն խնդրելու Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ից, դա 1915 թ. ֆրանսիացի ծովայինների կողմից Մուսա լեռան լեգենդար պաշտպանների փրկությունն է, ինչպես նաեւ Հինգերորդ հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ հատուկ հարաբերությունները:

Ընդ որում, չեմ թաքցնում, ժամանակաշրջանը բնութագրելու իմաստով ինձ համար շատ հետաքրքրական է, նաեւ ինչ-որ տեսակետից միանգամայն պերճախոս, 1956 թվին Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Քրիստիան Պինոյիՙ Երեւան կատարած այցը: Այն ժամանակ խորհրդային քարոզչությունից խաբված եւ հետապնդումներից հուսալքության դուռը հասած հայրենադարձ հայերը «Մարսելյեզ» երգելով, իրենց երեխաներով շրջապատված ընկան նախարարի ոտքերըՙ «Փրկեցե՜ք մեզ» աղերսելով: Ով գիտե, գուցե նրանցից ոմանք եղել են զավակներն այն մուսալեռցիների, որոնց ողբերգական այն 1915 թվին փրկել էին ֆրանսիացի ծովայինները... Եվ մտածում ես, թե ինչ աներեւակայելի խաղեր է երբեմն խաղացել պատմությունը եւ որքան մարդկային ճակատագրեր խեղել:

Աննի եւ Ժան-Պիեռ Մահեների «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչեւ մեր օրերը» գիրքը, համոզված եմ, իրադարձություն կդառնա բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայկական լեռնաշխարհում անհիշելի ժամանակներից բնակվող ժրաջան եւ զարմանալի տաղանդավոր ժողովրդի դժվարին, միաժամանակ փառավոր պատմության նկատմամբ: Պատմություն, որը գրել են մարդիկ, որոնք սիրահարված են այդ ժողովրդին եւ անկեղծորեն նրա բարին են կամենում: Եվ, իհարկե, ցանկալի կլինի, որ այդ գիրքը հնարավորինս արագ թարգմանվի հայերեն: Չէ՞ որ նման գրքերը ոչ միայն հարստացնում են ընթերցողին, հանրահայտ փաստերին նորովի նայելու հնարավորություն տալիս, այլեւ, որ շատ կարեւոր է, մղում են խորհելու-մտածելու:

Կիեւ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 20-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.