AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 20-04-2013



Հոգու պարտք

Տեղադրվել է` 2013-04-22 23:03:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1798, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ՀՈՒՇԻ ՄԱՆՐԱՆԿԱՐ

ԱՐՏԵՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձեւով եւ այդ պատճառովՙ շատերի համար անհասկանալի. ֆիլմի տեսարանները նման էին կտավների եւ կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային եւ խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը եւ մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա անհասկանալի էր սահմանափակ մտածողությամբ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդունելիՙ մանավանդ Հայաստանում, որովհետեւ հայերը միշտ ծայրահեղորեն են վերաբերվել հատկապես Մոսկվայից եկող հրամաններին:

Նրանք ավելի շատ էին կոմունիստ եւ ինտերնացիոնալիստ, քան Մոսկվայում եւ ի դժբախտություն հայ ժողովրդի, անսահման ջանում էին Մոսկվայի հրամանները կատարելիս: Սովետական մյուս հանրապետությունների համեմատությամբ ավելի շատ հայեր են քշվել Սիբիր: Շատ հայ մտավորականներ եւ գրողներ ստիպված էին տառապել իրենց կոմունիստ համերկրացիների չափազանցված պահվածքից: Երկրորդ համաշխարհայինում նույնպես հայերը չափազանցրել են «Հայրենական պատերազմում իրենց ծառայությունը»: Երկու միլիոնից քիչ բնակչություն ունեցող փոքր երկիրը 300 000 զոհ է տվել. զոհերի ամենամեծ քանակը մյուս հանրապետությունների բնակչության թվի համեմատությամբ:

«Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունից հետո իմ գործընկերն ասաց, որ Փարաջանովը ձերբակալվել է: Պատճառները մեզ համար անհասկանալի էին, նա մեղադրվում էր համասեռամոլության, ԱՄՆ դոլարով եւ անտիկվարիատով առեւտուր անելու եւ նման բաների մեջ: Արեւմուտքում շատ էին գրում Փարաջանովի եւ նրա ճակատագրի մասին, նրա ֆիլմերը ցուցադրվում էին տարբեր հեռուստատեսություններով եւ բազմաթիվ մրցանակներ էին շահում կինոփառատոներում: Արտասահմանի, ինչպես նաեւ ՍՍՀՄ-ի իր գործընկերների ջանքերով Փարաջանովին ժամկետից շուտ ազատեցին բանտից, եւ նրան թույլ տրվեց ապրել Թիֆլիսում: Փարաջանովին այցելում էին ֆիլմարվեստի հայտնի անհատականություններ, ինչպես Մաստրոյանին կամ Տարկովսկին: Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո Փարաջանովը իրավունք ստացավ նկարահանելու: Նրա «Աշուղ Ղարիբ» ֆիլմը նկարահանվել է Թիֆլիսում, Վրաստանի պետական կինոստուդիայում:

Ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբեւէ նրա հետ կծանոթանա՞մ, մտածում էի այն ժամանակ:

Երբ արեւմուտքից մանիպուլացված Գորբաչովը սկսեց իր պերեստրոյկան, մուտքը Սովետական Միություն հեշտացավ, եւ 1988թ. աշնանը մի քանի ավստրիացի գործընկերների հետ կարողացա առաջին անգամ այցելել Հայրենիք: Այնուհետեւ հաճախ էի Թիֆլիսով ճամփորդում Հայաստան, քանի որ Վիեննայից ուղիղ թռիչք չկար Երեւան: Այդ ժամանակ ավստրիական հեռուստատեսությունը ցուցադրում էր Փարաջանովի ֆիլմերը, եւ ես առաջարկեցի հեռուստատեսության իմ գործընկերներին Թիֆլիսում Փարաջանովից հարցազրույց վերցնել: Առաջարկը ընդունվեց, 1989թ. գարնանը Հայասատան գնալիս Թիֆլիսում իմ ծանոթներից մեկը տարավ նրա մոտ: Նա ինձ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես Վիեննայի իր համերկրացին եմ եւ դրա հետ մեկտեղ նաեւ ֆիլմեր եմ նկարահանում ավստրիական հեռուստատեսության համար, ակնհայտորեն ուրախացավ: Ցավոք Փարաջանովը հայերեն համարյա չէր խոսում, եւ իմ ծանոթը ստիպված էր թարգմանել: Ես նրան ասացի, որ իր ֆիլմերը ցուցադրվում են ավստրիական հեռուստատեսությամբ, եւ որ ես կուզենայի իրենից հարցազրույց վերցնել: Նա համաձայնեց, բայց անմիջապես հարցրեց, թեՙ արդյոք ընդհանրապես ծանոթ եմ իր ֆիլմերին: Իհարկեՙ պատասխանեցի ես: «Այդ դեպքում ես քեզ ցույց կտամ իմ վերջին ֆիլմը` «Աշուղ Ղարիբը», ասաց նա: Հաջորդ օրը կինոստուդիայում միասին դիտեցինք նրա վերջին ֆիլմը: Ֆիլմը շատ լավն էր, դե, փարաջանովյան էր: Երբ մենք հետո խոսում էինք ֆիլմի եւ ֆիլմերի մասին, ես նրան անմիջականորեն հարցրեցի, թե արդյոք պատրաստ է մի ֆիլմ նկարահանել Վիեննայում: «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ եւ ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել: Բացի այդ ես շուտով սկսելու իմ իմ «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Մնա այստեղ, եղիր իմ ասիստենտը, ինչ ունես Վիեննայում, ասաց նա: Ավելի մեծ մշակութային քաղաք քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»: Ես շնորհակալություն հայտնելով մերժեցի:

Փարաջանովից հարցազրույց վերցրեցի Թիֆլիսի պանթեոնում, որտեղ հայտնի մարդիկ են թաղված: Նկարահանումների ժամանակ, ի զարմանս ինձ, նա ասաց, որ հետաքրքրական կլիներ ֆիլմ նկարահանել Մոցարտի եւ Սալիերիի մասին, ըստ Պուշկինի, եւ որ Վիեննան հիանալի կուլիսներ կծառայեր:

Նա ասաց, որ Ֆորմանի ֆիլմը, որտեղ Մոցարտը ծաղրածուի նման է ներկայացվում, իրեն ընդհանրապես դուր չի գալիս: Եվ ահա մի քանի օր անց մենք արդեն պայմանագիր էինք ստորագրել Մոցարտի մասին ֆիլմ նկարահանել Վիեննայում:

***

Մի օր, երբ այցելել էի իրեն, եկավ «Աշուղ Ղարիբի» գլխավոր դերակատարը` Յուրան: Նա մի շատ գեղեցիկ քուրդ էր, որն ապրում էր Փարաջանովից մի քանի տուն հեռու: Յուրայի մայրը` միջին տարիքի հմայիչ մի կին, Փարաջանովին հաճախ ուտելիք էր բերում: Փարաջանովը ապրում էր մենակ, քանի որ նրա գեղեցիկ ուկրաինուհի կինը որդու հետ ապրում էր Կիեւում: Փարաջանովի մոտ ծանոթացա Թիֆլիսի եւ Երեւանի շատ արվեստագետների եւ կինոգործիչների հետ, գրեթե ամեն երեկո նրանք այցելում էին նրանՙ իրենց հետ հաճախ բերելով ուտելիք եւ խմիչք: Փարաջանովը համարվում էր Վրաստանի արվեստագետների ոչ պաշտոնական նահապետը: Թեեւ բնակարանը միշտ լի էր արվեստագետներով եւ ընկերներով, ես զգացի նրա միայնությունը, որովհետեւ ընտանիքը օտարացել էր իրենից: Այդպես էր նաեւ Վիլյամ Սարոյանը: Շրջապատված լինելով բազմաթիվ ծանոթներով ու երկրպագուներովՙ նա միայնակ էր: Դա է հանճարների ճակատագիրը:

Իր ազատ ժամերին Փարաջանովը նկարում էր եւ կոլաժներ պատրաստում, նրա բնակարանը լի էր նկարներով եւ կոլաժներով: Մի օր ինձ հարցրեց, թե ես որդի ունե՞մ: «Այո», պատասխանեցի: «Ինչպե՞ս է անունը», հարցրեց: «Ալբերտ», պատասխանեցի ես: Նա վերցրեց «Մոնա-Լիզա» մի կոլաժ, ետեւի մասում գրեց. «Ալբերտի համար», ստորագրեց եւ ասացՙ տուր սա որդուդ: Ես այնքան զարմացած էի, որ կարողացա միայն շնորհակալություն ասել: Մի օր էլ, երբ դարձյալ այցելեցի, նա նստածՙ կանաչ գույնի ապակե մարգարիտներով թուրքմենական կախիչով վզնոց էր սարքում: Վզնոցն ավարտելուց հետո ասացՙ սիրո՞ւն է, ասացիՙ այո: Դե, սա կկախես վզիդ, ասաց եւ տվեց վզնոցն ինձ: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր ընկերներին նկարներ կամ կոլաժներ նվիրում: Հետո նկարեց ինձ: Ես նայեցի նկարին եւ զարմացած մտածեցիՙ սա ե՞ս եմ:

Փարաջանովի տանը հանդիպեցի հայտնի հայ նկարիչ Ալբերտ Դիլբարյանին: Ես մեկնեցի Երեւան եւ մի շաբաթ անց Վիեննա վերադարձիս նորից Թիֆլիսում էի: Եվ բնական էր, որ գնացի Փարաջանովին այցի: Սենյակը սովորականի պես լիքն էր մարդկանցով: Նա ինձ ներկայացրեց ընկերներին եւ ասաց. «Նայիր, այնտեղ իմ նոր աշխատանքներն են»: Ես մոտեցա եւ սկսեցի գնահատել նրա նոր գործերըՙ «Խոստովանություն» ֆիլմի համար արված կերպարները: Անսպասելի կանչեց ինձ եւ ասացՙ նստիր: Հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Նա ինձ տվեց իր «Խոստովանություն» ֆիլմի սցենարը: Բացեցի սցենարը եւ հմայվեցի այն բազմաթիվ սկիցներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ եւ մարդկային բնավորություններ: Ես թերթում էի սցենարը, բայց նա ետ ուզեց: Զարմացած մեկնեցի գիրքը: «Գրիչ», ասաց նա: Ինչ-որ մեկը գրիչ տվեց: առաջին էջին գրեց. «Արտեմին Փարաջանյանից» եւ սցենարը նետեց իմ կողմը: Առաջին անգամ նա ստորագրեց Փարաջանյան եւ ոչ թե Փարաջանով: Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում եւ դիտում էր ինձ: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ եւ շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել: Այդպիսին էր Փարաջանովը, որն անչափ ուրախանում էր, երբ կարողանում էր որեւէ մեկին ուրախություն պատճառել: Երբ ուզում էի հրաժեշտ տալ, ասաց, թե ինչու ես Վիեննայից իրեր չեմ բերում: «Ի՞նչ իրեր», հարցրի զարմացած: «...Միեւնույն է, ես ամեն ինչ էլ կծախեմ, դու միայն բեր»: Ես ծիծաղեցի եւ հրաժեշտ տվեցի:

***

Փարաջանովը սկսեց իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները, բայց նկարահանումների երկրորդ օրը իրեն անսպասելիորեն այնքան վատ էր զգացել, որ չէր կարողացել շարունակել աշխատանքը: Նկարահանումներն ընդհատվել էին, եւ նրան տարել էին հիվանդանոց - ախտորոշումը` թոքերի քաղցկեղ: Նրան անմիջապես Մոսկվա էին տեղափոխել եւ այնտեղ վիրահատել: Բայց արդեն ուշ էր: Վերադարձավ Թիֆլիս, սակայն աշխատել այլեւս չկարողացավ: Ամռանը ես նորից գնացի Թիֆլիս: Այցելեցի եւ իմացա նրա ցավալի ճակատագրի մասին: Թույլ եւ հոգնած նստած էր, կատակներ էր անում, բայց բոլորիս համար էլ պարզ էր, որ նրա օրերը հաշված էին: Նույն տարվա աշնանը կնոջս հետ մեկնեցի Թիֆլիսՙ նրան այցելելու: Սովորականի պես նստած էր պատշգամբում իր աթոռին եւ դիտում էր ներքեւի անցուդարձը: Երբ մեզ տեսավ, բացականչեց. «Արտեմը իր դստեր հետ գալիս է»: Մի քանի նվեր ունեի, եւ նա ուրախացավ երեխայի նման: Յուրան էլ եկավ: Փարաջանովը հարցրեց, թե ի՞նչ եմ բերել Յուրայի համար: Ես շփոթված պատասխանեցիՙ ոչինչ: «Դու գեղեցիկ սվիտր ունես հագիդ, տուր այն Յուրային»: Ես հանեցի սվիտրս եւ տվեցի Յուրային: «Հագիր», ասաց Փարաջանովը, եւ Յուրան հագավ: «Լավ է», ասաց Փարաջանովը: Կինս հավանաբար շատ դուր եկավ Փարաջանովին, հրաժեշտ տալիս ասաց. «Վաղը կեսօրից առաջ եկեք ինձ մոտ»: Հաջորդ օրը, երբ թակեցի դուռը, քնաթաթախ նայեց վարագույրի ետեւից եւ բացեց: Հազիվ էինք մտել սենյակ, երբ մեզ իսկույն տարավ իր ննջասենյակը ու ասաց. «Մնացեք այստեղ», իսկ ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք եւ մնացինք կանգնած: Հետո վերադարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ եւ նորից ասացՙ «կանգնեք այստեղ», ինքը գնաց դեպի պատը եւ բացեց «Մոնա-Լիզա»-ի կոլաժներից մեկը: Գիշերը նա այդ կոլաժն էր պատրաստել: «Սա քոնն է», ասաց կնոջս եւ նկարի ետեւում գրեց. «Նասրինին Փարաջանովից»: Այդպիսին էր նա:

Մի օր, երբ մենք կրկին իր տանն էինք, նրան այցելեց նկարչուհի Գայանե Խաչատուրյանը: Փարաջանովի հրահանգով նրա ծանոթ կանանցից մեկը կնոջս պարանոցից կախեց թուրքմենական վզնոցներ եւ մեկ խաչ, որը Փարաջանովը նրան տվեց: Երբ կինս արդեն զարդարված էր Փարաջանովի վզնոցներով, նա ասաց. «Դու պետք է շղթաներն ու խաչը այնպես կրես, ինչպես որ ես դրանք կախել տվեցի»: Եվ հրավիրեց բոլորիս երեկոյան օպերային թատրոն, որտեղ նրա ընկերը բալետային ներկայացում ուներ: Այդտեղ Փարաջանովը պարողների սկիցն արեց, ստորագրեց, տվեց Գայանեին, ասացՙ ստորագրիր եւ որպես այդ երեկոյի հիշատակ, նվիրեց մեզ:

Հաջորդ այցին մենք Փարաջանովի մոտ հանդիպեցինք նկարիչ Ալբերտ Դիլբարյանին: Նա Դիլբոյին (այդպես էին նրան անվանում ընկերները) ասաց. «Դու պետք է անպայման Նասրինին նկարես»: Դիլբոն համաձայնեց, եւ մենք նրա հետ պայմանավորվեցինք: Պայմանավորված օրը, սակայն, Դիլբոն չեկավ: Մենք այդ մասին պատմեցինք Փարաջանովին: Նա ասաց միայն. «Դիլբո քաք»: Իմ կարծիքով Դիլբոն ժամանակակից հայ լավագույն նկարիչներից մեկն էր: Նա վրացական Ակադեմիայի պրոֆեսոր էր եւ հարգված բոլորից: Դժբախտաբար, ողբերգական վախճան ունեցավ: Երեկոյան տուն վերադառնալիս, սայթաքում եւ ընկնում է տան դռան առջեւ նոր փորած հողի վրա: Ծոծրակին մի փոքր քերծվածք է ստանում, որին կարեւորություն չտալով, մաքրում են միայն վերքը: Մի քանի ժամ անց նա մահանում է: Կարկամախտ:

Փարաջանովը մի հետաքրքրական, հին կարպետ ուներ, որն ուզում էր ինձ նվիրել: Ես հրաժարվեցի վերցնել, իսկ նա վիրավորված կնոջս հարցրեցՙ արդյոք այս կարպետը վա՞տն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Փարաջանովն ասացՙ տես, Նասրին նույնպես հավանեց այս կարպետը: «Սերգեյ, այս կարպետը ես չեմ կարող դուրս տանել, մաքսատունը դա թույլ չի տա», փորձեցի համոզել: «Ի՜նչ, բացականչեց նա, հիմա կգրեմ, որ ես, Փարաջանովս, նվիրում եմ այս կարպետը Արտեմին. ո՞ր մի հիմարը իրավունք կունենա քեզ անհանգստացնել: Նա վերցրեց նկարներից մեկը եւ գրեց, որ ինքըՙ Փարաջանովը նվիրում է այս կարպետը Արտեմին եւ ստորագրեց. «Ցույց տուր այս նամակը եւ ոչ ոք քեզ չի անհանգստացնի»: Այդ կարպետն այսօր իմ տանն է:

Երբ Փարաջանովին հրաժեշտ էինք տալիս, նա կնոջս ասաց. «Նասրին, հաջորդ անգամ, երբ գաս, ես էլ չեմ լինի», եւ այդպես էլ եղավ, կինս նրան էլ երբեք չտեսավ: Փարաջանովին ուղարկեցին Փարիզ, բայց իզուր, բժիշկներն այլեւս ոչինչ չկարողացան անել: Նրան տարան Երեւան: Նա այնքան վատ էր, որ գրեթե ոչ ոքի չէր ճանաչում: Մի երեկո նրան ուղեկցեցին Հայաստանի կիրառական արվեստի թանգարան: Երբ նրան թանգարան բերեցին, միայն մի քանի հոգու կարողացավ ճանաչել: Բոլորս լաց էինք լինում, Փարաջանովըՙ նույնպես:

Թանգարանի ներկայիս տնօրեն Զավեն Սարգսյանի ջանքերով Երեւանում Փարաջանովի տուն-թանգարան հիմնվեց: Փարաջանովի ցուցումով Զավենը նրա բոլոր աշխատանքները եւ կահույքի որոշ կտորներ Թիֆլիսից բերեց Երեւան:

Վիեննա հասնելուց հետո ես կարդացի, որ հայ մեծ ռեժիսոր Փարաջանովը հուլիսին Երեւանում մահացել է: Նրան հուղարկավորել էին Երեւանի Պանթեոն:

Փարաջանովի տուն- թանգարանը այսօր Երեւանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է:

1992-1994 թթ. ես Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացուցիչն էի Ավստրիայում: Այդ ընթացքում ավստրիական ֆիլմերի շաբաթ կազմակերպեցի Երեւանում եւ Դասավանդման, գիտության եւ մշակույթի նախարարի տեղակալիՙ Դր. Տեմնիչկայի հետ մեկնեցի Հայաստան` ավստրիական ֆիլմերի օրերը Երեւանում բացելու: Դրանից անմիջապես հետո կազմակերպեցի երկշաբաթյա հայկական մշակույթի օրեր Վիեննայում: Հայաստանից վեց հյուր էինք հրավիրել. Սովետական Միությունում եւ Արեւելյան Եվրոպայում հայտնի եւ մեծ համարում ունեցող գրող Հրանտ Մաթեւոսյանին եւ իր տիկնոջը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանին, նկարիչ Վիգեն Թադեւոսյանին, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին, որն իր հետ Վիեննա բերեց Փարաջանովի կոլաժներն ու նկարները, եւ հայտնի դոկումենտալիստ-ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Հայկական ֆիլմերի շաբաթը տեղի ունեցավ արվեստագետների կինոյի տանը` Վիեննայի մշակութային կյանքի կենտրոնում, որտեղ միաժամանակ ցուցադրվեցին Փարաջանովի կոլաժներն ու նկարները: Մենք կազմակերպեցինք հայ նկարիչների ցուցահանդես, այդ թվում նաեւ Գայանե Խաչատուրյանի նկարներից, ընթերցումներ Հրանտ Մաթեւոսյանի գործերից, զեկուցումներ հայ գրականության, երաժշտության եւ արվեստի մասին, ինչպես նաեւ պարոն Թրիմբախերի հավաքածուից հայկական գորգերի ցուցահանդես: Այդ օրերին ավստրիացիներին ներկայացվեցին հայկական արվեստի բոլոր ճյուղերը:

Կինոյի տանը ցուցադրեցինք Փարաջանովի բոլոր ֆիլմերը, նաեւ հայ ռեժիսորների գեղարվեստական բարձրարժեք ֆիլմեր: Փարաջանովի բոլոր ֆիլմերը ոգեւորությամբ ընդունեց ավստրիացի կինոհանդիսատեսը:

Մի քանի տարի հետո Վիեննայում եվրոպական մի հեռուստաալիքով Փարջանովի մասին վավերագրական մի ֆիլմ դիտեցի: Ես բարկացած եւ հիասթափված էի: Ինչպե՞ս կարելի է Փարաջանովի մասին այդպիսի մակերեսային հաղորդում պատրաստել: Իրար կցած սիրողական նկարահանումներ, իր ֆիլմերից հատվածներ, հարցազրույցներ եւ հետո հիվանդ Փարաջանովը, որը հազիվ էր կարողանում խոսել: Եվ ես որոշեցի նրա մասին խաղարկային վավերագրական կենսագրական նկարահանել: Իմ առաջարկն ընդունվեց ավստրիական հեռուստատեսության կողմից եւ 1999-ի վերջերին Երեւանում եւ Թիֆլիսում հայ դերասանների եւ հայկական խմբի հետ, օպերատորն Ալբերտ Յավուրյանն էր, նկարահանեցի Փարաջանովի մասին կենսագրական խաղարկային ֆիլմը: Ֆիլմը պատրաստվեց հայերենով, գերմաներեն տիտրերով: 2001թ. ավստրիական հեռուստատեսությունը այն ուղարկեց Չիկագո` ֆիլմերի եւ հեռուստատեսության միջազգային փառատոնին, որտեղ ստացավ Silver Screen մրցանակը:

Տարիներ անց Երեւանում Փարաջանովի ընկերներին եւ ծանոթներին հրավիրեցի այդ ֆիլմի ցուցադրությանը: Երբ ֆիլմը ավարտվեց, բոլորիս աչքերին արցունքներ կային:

Ես կատարել էի իմ պարտքը Փարաջանովին:

Վիեննա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 20-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.