AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2013-02-20 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18 > #010, 2013-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013



Նորահայտ նկարիչը

Տեղադրվել է` 2013-05-04 00:20:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1769, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՓՈՐՁԵԼՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՓԻՆԱՃՅԱՆԻՆ

Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հարցազրույց նկարիչ Արա Հայթայանի հետ

«Ժամանակակից աշխարհը ենթադրում է 2 տեսակ արվեստագետի գոյությունՙ լաբորատոր եւ հանրային: Առաջինի դեպքում արվեստագետը այնքան է հղկում իր ստեղծած ձեւերն ու գաղափարները, որ այլեւս ճանապարհ չի մնում դրանք ներկայացնել հանրությանը: Երկրորդի պարագայում ձեւավորման շրջանից սկսած գոհացնելով հանրության գեղագիտական պահանջներըՙ արվեստագետի ստեղծած ձեւերը սովորաբար լինում են խորքային բովանդակությունից զուրկ»:

Խորխե Օտեյզա, Բասկ-իսպանացի քանդակագործ, նկարիչ եւ արդի բասկական արվեստի տեսաբան


Արեւմտյան, հետո նաեւ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները շատ արագ արձագանքեցին այս եզակի տաղանդի բացահայտման առեղծվածին: Արթուր Փինաճյանը (1914-1999) (1) դարձավ հայտնագործված վարպետ աբստրակտ նկարչության բնագավառում:

Այս տարվա փետրվարի 13-ից մինչեւ մարտի 10-ը Նյու Յորքի 57-րդ փողոցի եւ Մեդիսոն պողոտայի խաչմերուկում գտնվող ֆուլլեր շենքի «Antiquorum» դահլիճում, ըստ ճանաչված լրագրողուհի Ֆլորենս Ավագյանի ընդարձակ հաղորդագրության, բացվեց արտիստական ինքնուրույն մի աշխարհ պարունակող կտավների ցուցահանդեսը մի նկարչի, որին կարելի է պայմանականորեն համեմատել Արշիլ Գորկու հետ: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ստացան նաեւ թերթելու նրա մասին պատմող ալբոմը, որտեղ իրենց գնահատանքի խոսքերով հանդես են եկել մի շարք ճանաչված արվեստագետներ:

Ցուցահանդես-վաճառքը, որի հասույթի մի մասը, ըստ վերոնշյալ հաղորդագրության, հատկացվելու է «Հայ օգնության ֆոնդին» (FAR), մեծ հետաքրքություն առաջացրեց մասնավորապես նրանով, որ հանձին Արթուր Փինաճյանի, այն նվիրված էր ընդհանրապես մոռացված կամ չհայտնաբերված արվեստագետներին:

Ցուցահանդեսի բացման օրըՙ փետրվարի 13-ին, ՀՕՖ-ի ներկայացուցիչ Արթօ Որբերյանը ողջունել է ներկաներին, որից հետո վաստակավոր արվեստաբան Պիտեր Հեյստինգս Ֆալկը (2) խոսք առնելով նշել է, որ Փինաճյանը չի հետեւել իր սերնդի նկարիչների ուղուն եւ չի մտել դիլերների եւ բիզնեսի աշխարհը: Նա մեր օրերի ընդունված «նորմերին» չի ցանկացել համապատասխանել: Նկարել է ամեն օր, բայց ոչ ոք չի տեսել նրա կտավները: Ոչ ոք չի գրել նրա նկարների մասին եւ ոչ մի պատկերասրահ չի ցուցադրել նրա գործերը: Եվ ամենատարօրինակըՙ նա ինքը մահվանից (1999 թ.) առաջ խնդրել է ոչնչացնել իր կտավները: Բարեբախտաբար մարդիկ, ում ձեռքերում պատահական հանգրվանել են դրանք, ավելի խոհեմ են գտնվել եւ նախքան կտավները ոչնչացնելը ցույց են տվել մասնագետներին, որոնք ապշած են մնացել տեսնելով նման բարձրորակ գործեր (3):

Ցանկանալով ոչ թե մակերեսայնորեն կամ թերթային լրատվության սահմաններում, այլ արվեստագետի աչքերով ներկայացնել Փինաճյանին, դիմեցինք երիտասարդ, բայց արդեն ճանաչված նկարիչ Արա Հայթայանին, որպեսզի լուրջ մասնագիտական մոտեցումով գնահատի ամերիկահայ մեր նորահայտ նկարչին, քաջատեղյակ, որ մեր իրականության մեջ նա, թերեւս, միակն է, որ հետեւում է Փինաճյան առեղծվածի հանգուցալուծումներին: (*)


Հ.Ծ.- Առաջինը պիտի սկսեմ «ինչո՞ւ հիմա» հարցից: Իմ ունեցած տեղեկություններով արդեն մի քանի տարի էՙ ինչ հայտնաբերել են նրան: Ավելի ստույգ եթե խոսեմ, ասեմ, որ 2007 թվին պրոֆ. Ուիլյամ Իննես Հոմերին առաջարկել են ուսումնասիրել նրա կյանքն ու ստեղծագործությունը: 2010-ին Նյու Յորքում նրա գործերի ցուցադրությունն է տեղի ունեցել, իսկ 2011-ի մայիսի 19-ից հունիսի 19-ը Բըրբենքի նորակառույց Սրբոց Ղեւոնդյանց Մայր տաճարի ներքնահարկում գտնվող «Զորայան» թանգարանում բացվել է մի այլ ցուցահանդես: Բայց այդ բոլորը կարծես աննկատ են անցել: Ինչո՞ւ հիմա է այսքան աղմուկ բարձրացվում նրա անվան շուրջը:

Ա.Հ.- Պայմանականորեն կոչված այդ «աղմուկը» իրականում շատ լուրջ ուսումնասիրությունների եւ նրա արվեստի շուրջ կատարված այլ աշխատանքների արդյունք է: Երբ նայում ենք, թե քանի շերտով են նրան ուսումնասիրում, ապշում ենք: Նա դարձել է բազմակողմանի ուսումնասիրության նյութ, քանի որ արվեստ առարկան եւ արվեստագետ երեւույթը այսօր մեծ կապակցվածության մեջ է դիտարկվում հանրային եւ քաղաքական շարժումների եւ աշխարհի հոգեբանական համակարգի շրջանակներում: Այդ ամբողջը մեկ ընդհանուր համակարգ է համարվում: Ամերիկյան միջավայրը շատ լուրջ է վերաբերվում իր ծոցում ստեղծված գործերի կենսագրությանը, քանի որ նրա ստեղծագործությունները կազմում են երկրի արվեստագիտական կենսագրության անքակտելի մասը, այսինքնՙ արխիվացման գործընթացը ընկալվում է պատմական հոլովույթի մեջ եւ նպաստում է սեփական, տեղական էպոսը կազմավորելուն: Ամերիկան 20-րդ դարի 2-րդ կեսին ձեւավորեց արվեստի իր դիմագիծը հիմնականում Եվրոպայից ներգաղթած արվեստագետների շնորհիվ եւ հասցրեց նոր արվեստում առաջամարտիկ լինել: Դրանից հետո, 60-ականներից սկսած երեւան եկան հենց ամերիկյան հողից ծնված երեւույթները, բայց այդ բոլորը կատարվեց ընդհանուր, համաշխարհային շրջանակների մեջ: Սկսվեց առաջնությունը տալ նորին, անակնկալին, նոր արտահայտչամիջոցներին եւ նոր ասելիքին: Այս առումով չափազանց եզակի է Արթուր Փինաճյան երեւույթը:

Հ.Ծ.- Եվ այստեղ երեւի կարեւոր դեր ունի նրա կենսագրությունը:

Ա.Հ.- Անկասկած: Նրա մասին խոսելիս պետք է անդրադառնանք նրա կենսագրությանը եւ քննության առնենք արվեստի ոլորտում նրա կատարած քայլերը, մարտավարությունը:

Քսան-քսանհինգ տարեկանին արված Փինաճյանի գծանկարներում նշմարելի են դատողությունից դեպի մաքուր ենթագիտակցություն ընթացող գծերը: Վերջին շրջանի (1975-90) գործերը հագեցած են բազմաթիվ փորձարարություններով: Բնությունը էքստազի մեջ է նրա կտավներում: Տեսնում ենք նկարների շարքեր, որոնց մի մասում առկա են արեւելյան, իսկ ուրիշներումՙ վերացական, էքսպրեսիոնիստական մոտիվներ: Այս վերջին շրջանում իր անալիտիկ քննական մտքից մի նոր եզր է դուրս գալիս դեպի բնությունը:

Նրա գործերն ընդհանրապես խիստ անհավասար են, բայց դրանց ընթացքն է չափազանց հետաքրքրական:

Հ.Ծ.- Հաշվի առնելով, որ 1999 թվին նկարչի մահվանից հետո են գտնվել մոտ հիսուն տարիների ընթացքում նրա արտադրած արվեստի գործերը, պատահականությո՞ւն, թե՞ ճակատագիր պետք է համարել տեղի ունեցածը:

Ա.Հ.- Երեւի երկուսն էլ: Բայց կա մի շատ կարեւոր հանգամանք, այնՙ որ արվեստագետը նախընտրել է մենակյաց լինել եւ կյանքի ընթացքում շատ հստակ ու ճակատագրական որոշումներ ընդունել, որոնք կփոխեին իր կյանքը, ապրելաձեւը: Եթե վերցնենք նրա կյանքի առաջին, սկզբնական տարիները, ապա մեր առջեւ կտեսնենք շնորհալի մի անձնավորություն, որ ցանկանում է հաստատվել կյանքում թե՛ իր ապրած նահանգում, եւ թե՛ դրանից դուրս: Նա այդ շրջանում տիպիկ հայկական ընտանիքի զավակ է, որը տարվում է ծաղրանկարչությամբ եւ պատկերապատումով: Սկսում է աշխատակցել թերթերին եւ իր տաղանդի շնորհիվ շուտով դառնում է հռչակավոր: Նրան օգնում է այն, որ դուրս գալով նեղ, հայկական թեմաներից, կարողանում է ուղղակիորեն առնչվել ամերիկյան առօրյա կյանքի, արդյունաբերության, քաղաքականության եւ այլ խնդիրների հետ: Եվ ծաղրանկարներում կատարած նրա հղումները, դիտարկումները չափազանց այժմեական են հնչում:

Այդ շրջանի բնական շարունակությունը կարելի է համարել Երկրորդ համաշխարհային պատերազմում իր մասնակցության ժամանակ արված դիտարկումները, որոնք որպես լրագրողի եւ պատկերանկարչի արտահայտություններՙ հետաքրքրական տեղեկություններ են պարունակում պատերազմի ընթացքի մասին:

Այս շրջանը փաստում է իր գծանկարչական բացառիկ կարողությունների, նաեւ գրքեր ու շապիկներ ձեւավորող նկարչի ունակությունների մասին, նկարիչ, որը ունակ է վարպետորեն համադրել մարդկային ֆիգուրները, տարատեսակները: Նա ԱՄՆ-ում այդ ժանրի հիմնադիրներից մեկը դարձավ, եւ թվում էր, թե իր կայացումը այդ ոլորտում անժխտելի է եւ արվեստագետի հռչակըՙ ապահովված: Բայց հենց այստեղ, Երկրորդ աշխարհամարտից որոշ ժամանակ անց տեղի է ունենում մի այլ բեկում, որի շնորհիվ մեր առաջ հառնում է այսօր Արթուր Փինաճյան գեղանկարիչը:

Հ.Ծ.- Ինչպե՞ս կբացատրեք դա: Ի՞նչ էվոլյուցիա է կատարվել նրանում:

Ա.Հ.- Այդ բեկումը նախ եւ առաջ կապված էր արվեստ հասկացությունը վերարժեւորելու զուտ փինաճյանական վճռից: Իր արխիվները խորապես ուսումնասիրողները կարող են հետեւություններ անել այդ փոփոխության վերաբերյալ, բայց զուտ դատելով իր արվեստիցՙ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որը հետեւյալն է. նա այլեւս սկսում է արվեստը դիտարկել արվեստ առարկայի շրջանակներում եւ հասկանալ, որ անհրաժեշտ է տվյալ ժամանակի հանրային պատմությունից հրաժարվել եւ փորձել մաս կազմել արվեստ առարկայի պատմությանը: Այդ վերարժեւորումը սերնդային էր, եւ մեծապես կախված էր հետպատերազմյան այլ հիմնավոր վերարժեւորումներից: Փլուզվում էր այն առասպելը, ըստ որի արդյունաբերական ծաղկումը պիտի ապահովեր մարդկության երջանկությունը: Այս երեւույթը երեւան եկավ արդյունաբերական տեսանկյունից ամենազարգացած երկրներում: Դա մենք անվանում ենք 60-ականների փոքրիկ հեղափոխություններ կամ շարժումներ:

Փինաճյանը մաս կազմեց մշակույթի դերակատարությունը վերարժեւորող շարժման: Բայց այդ մաս կազմելն էլ ուներ իր յուրահատկությունը: Այդ յուրահատկությունը նրանում էր, որ մի կողմից ինքը միացավ արվեստագետների այն խմբերին, որոնք փորձեցին վերադարձ կատարել դեպի բնությունը, բնականությունը, հեռանալով խիտ ուրբանիզացված բնակավայրերից: Այստեղ հստակեցվում են Փինաճյանի հետաքրքրությունները դեպի կանացի մերկ մարմինները, դեպի նախնականությանը ձգտվող ժամանակակից մարդու ուտոպիաները: Իսկ մյուս կողմից, Փինաճյանը իր արվեստի զարգացման տարբերակ ընտրեց ֆրանսիական կամ եվրոպական անալիտիկ մոտեցումները:

Հ.Ծ.- Կոնկրետ նկարիչներ կամ ուղղություններ կարո՞ղ եք նշել:

Ա.Հ.- Այո: Սեզանի, Մատիսի եւ անալիտիկ կուբիզմի հանդեպ նրա նախասիրությունները չափազանց ակնառու են: Թե՛ իր ապրելակերպի եւ թե՛ իր պատկերագրության կառուցվածքներում հստակ երեւում է Գոգենին եւ Սեզանին տրված նախընտրությունը: Առաջինի մենակյացության տարբերակը եւ երկրորդի բնության մեկ մոտիվը շարունակական շարքերի միջոցով զարգացնելու եւ այդպիսով գեղարվեստի սահմանները ընդարձակելու փորձը: Ինչպես Սեզանի մոտ ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում «Սեն վիկտուար» սարը հանդիսանում է այն գլխավոր գաղափարը, որի մեջ վերջինս զարգացնում է իր պատկերագրությունը, այնպես էլ Փինաճյանի մոտ Վուդստոքի երկնագագաթ սարը դառնում է այն էական հենքը, որի շուրջ սրբագրվում են իր արվեստի հիմնական ձեւերը: Փինաճյանը նախընտրում է մնալ պահպանողական կամ ավանդական, նա հարազատ է մնում դասական «բնանկար», «նատյուրմորտ», «մերկեր» եվրոպական հասկացություններին: Փոխարենըՙ պատկերագրությունը զարգացնելով նկարի ներսում է կատարում փլուզումը, հասնելու համար առավել կատարելագործված մակարդակի:

Հ.Ծ.- Ընդունված «իզմերից» որի՞ն կդասեիք նրան:

Ա.Հ.- Տարբեր «իզմերի» առկայությունն անգամ (անալիտիկ կուբիզմ, կոնստրուկտիվիզմ, ֆովիզմ, էքսպրեսիոնիզմ, աբստրակցիոնիզմ եւ այլն) թույլ չի տալիս Փինաճյանին բնորոշել որպես հարողի այս կամ այն ուղղության: Նա անընդհատ ձեւափոխվում է, անընդհատ զարգացում ապրում: Հստակ է մեկ բան, որ նա հասկացել է ժամանակակից արվեստագետի գոյությանը եւ ստեղծագործելու հնարավորությանը սպառնացող վտանգները: Եվ գիտակցաբար, ի շահ ներանձնական արվեստի զարգացման, հրաժարվել է ժամանակակից աշխարհում արվեստի սպառման եւ իրագործման հիմնական բաղադրատոմսերից: Հրաժարվել է շուկայից, ցուցադրվելուց եւ սեփական անուն ստեղծելուց:

Եվ այն «նվաճումը», որ մենք տեսնում ենք այսօր, հիմնականում պարտական է հրաժարվելու իր այդ վճռին:

Հ.Ծ.- Հաշվի առնելով Արշիլ Գորկու նախադեպը, երբ հայ հասարակությունը սխալ հունով գնաց (կեղծ նամակների թարգմանություն եւ այլն), եւ այժմ որոշ բացահայտումներից հետո կանգնած է «կոտրած տաշտակի» առաջ, ինչպե՞ս կբնորոշեք Փինաճյանի պարագան, եւ արդյո՞ք Վուդստոքի սարի գոյությունն իր կտավներում չի հիշեցնում Արարատը եւ իր հայկական արմատները:

Ա.Հ.- Ենթադրություններ կարելի է անել, որ սարը որպես գերիշխող մոտիվ ընտրելիս Փինաճյանի արմատները դերակատարություն ունեցել են, բայց կուզեի ավելի շատ խոսել այն ենթադրվող ընթացքի մասին, որը Փինաճյանի հռչակի հետ զուգահեռ հնարավոր է սկսվի հայկական շրջանակներում, լինի Հայաստանում, թե Սփյուռքում:

Արշիլ Գորկու պարագան փաստեց մի ճշմարտություն, որ եղեռն վերապրած հայկական մտայնությունը ամեն մի այսպիսի երեւույթ ենթարկելու է հետեւյալին. մի կողմից կիրառելու է որպես զենք աշխարհին ցույց տալու համար իր զոհ լինելը եւ դրա հետեւանքները, եւ մյուս կողմից ինքն իր համար փորձելու է փաստել իր անկոտրում եւ հարատեւ բնութագիրը եւ հանճարը:

Այս ամենը բացահայտվեց Արշիլ Գորկու պարագայում: Հայկական մտածելակերպի հիմնական թերությունը նրանում է, որ մոռացվում է, որ խոսքը վերաբերում է արվեստի ոլորտին: Հայերս արվեստի տեսանկյունից Գորկուն արժեւորելու ոլորտում մնացինք ձեռնունայն: Ցանկալի կլիներ Փինաճյանի պարագայում առավել զգուշավոր լինել եւ Փինաճյանի գործերի թվաբանական նիշերը թմբկահարելու փոխարեն փորձ արվեր տեղային լուրջ ուսումնասիրություններ կատարել իր արվեստի շուրջ եւ նոր միայն հանգել եզրակացությունների:

Հ.Ծ.- Իսկ այստեղ մենք կարո՞ղ ենք բազմակողմանի, լուրջ ուսումնասիրություններ կատարել, գնահատելու համար նրա արվեստը:

Ա.Հ.- Հպանցիկ հայացք նետելով, թե ինչպիսի մասնագիտական խմբեր են Ամերիկայում աշխատում Փինաճյանի տեղը արվեստի աշխարհում որոշելու համար, հասկանում ենք, որ մրցակցությունը լինելու է անհավասար: Այսօր Փինաճյան հանճարի անունը բարձրաձայնվում է ոչ միայն իր ստեղծած արվեստի արժեքավոր գործերի, այլեւ վերջին 5-6 տարում կատարված եւ այժմ շարունակվող հսկայական ուսումնասիրությունների շնորհիվ: Զուտ թվարկեմ, թե ինչ շերտերում են նրան դիտարկում այժմ Ամերիկայում.

- Անհայտ ամերիկյան արվեստի ներկայացուցիչ

- 1850-1950 թվերի ամերիկյան կոմիքսային արվեստի ներկայացուցիչ

- Արվեստագետի տեսակ, որը երեւան եկավ մեծ դեպրեսիայի հետեւանքով

- Ամերիկացի արվեստագետ, որը վերադառնում է եվրոպական արվեստի ակունքները

- Փինաճյանը որպես գրական հերոսի նախատիպ Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» վեպում(4)

- Փինաճյանը որպես հասարակությունից հեռացած մարդու տեսակ

- Փինաճյանը ապոկալիպտիկ ժամանակաշրջանում (Լոուրեն Ժոզեֆի 2007-ին լույս ընծայած «Ապոկալիպս 2012: Գիտական ուսումնասիրություն քաղաքակրթության վերջի մասին» խորագրով «բեստսելլեր» դարձած գրքի հիման վրա)

- Չարլզ Մազըճյանի միջոցով Ֆրանց Կլայնի, Ֆիլիպ Գաստոնի եւ Ջեյկոբ Լոուրենսի հետ Փինաճյանի ծանոթությունը (կապեր, նամակագրություն եւ այլն)

- Եվ վերջապես նրա նամակագրությունը հարազատներիՙ այդ թվում նաեւ իր զարմիկ, ամերիկահայ ժամանակակից գրող Պիտեր Նաճարյանի հետ:

Հ.Ծ.- Ինչպե՞ս կբնութագրեք նրա տեղը հայ եւ ընդհանրապես համաշխարհային կամ թեկուզ ամերիկյան արվեստում:

Ա.Հ.- Առայժմ իր շուրջը պտտվող առասպելը կառուցվում է պահպանելով անհրաժեշտ գաղտնիության շերտերը: Շուկան, այսինքնՙ այն, ինչից նա ժամանակին հրաժարվեց կամովին, սկսում է այսօր յուրացնել Փինաճյանին:

Ենթադրելի ապագայում, ցավոք, Փինաճյանի մասին խոսելիս հիմնական փաստերը պիտի լինեն թվերը (որոնք 2,5 հազարից հասան մինչեւ 30 միլիոն դոլարի):

Ամերիկացիք առավել լուրջ առասպելներ կհյուսեն նրա շուրջը: Հայերըՙ ավելի զգացական, ազգային որոշ հպարտության շեշտադրումնրով: Սակայն սոսկ թվերից կառչելով անբարոյական կլինի Փինաճյանին փորձել դարձնել հայ արվեստի մի մասնիկը, մոռացության տալով տարիներ շարունակ հայրենիքում ստեղծագործող բազմաթիվ արվեստագետների գոյությունը:

Ապագան, ինչ խոսք, ամբողջովին կորոշի նրա տեղն ու նշանակությունը ինչպես ամերիկյան, այնպես էլ համաշխարհային արվեստի բնագավառում: Բայց դեռ շատ ժամանակ կպահանջվի դրա համար:

Հ.Ծ.- Շնորհակալություն խիստ այժմեական ու մասնագիտական զրույցի համար:

Ծանոթագրություններ:

(1) Իսկական անունը եղել է Աշոտ, բայց նախընտրել է կոչվել Արչի: Ծնվել է Յունիըն Սիթիում (Նյու Ջերսի): Սկզբնական շրջանում աշխատել է գորգերի խանութում, իսկ ստեղծագործական աշխատանքով զբաղվել է 1930-ականներից սկսած:

(2) Ֆալկը 37 տարվա փորձառություն ունի համեմատաբար ուշ տարիքում նկարել սկսած արվեստագետներ հայտնաբերելու գործում: Հեղինակ է «Who Was Who in American Art» 3 հատորանոց մասնագիտական աշխատության, որն արժանացել է Ուիթենբոռն մրցանակիՙ Արվեստաբանական գրադարանների ընկերության կողմից:

(3) Բելպորտի (Նյու Յորք) բնակիչ Թոմաս Շուլցը եւ նրա ընկեր, գրող, գործարար Լարրի Ջոզեֆը 2007-ին գնել են Նյու Յորքի արվարձաններից մեկում գտնվող Փինաճյանի հնախարխուլ բունգալոն (առանձնատունը) վերանորոգելու եւ վերավաճառելու նպատակով, բայց վերջին պահին շենքի նկուղում հայտնաբերել են նրա կտավները:

(4) Հետաքրքրական է նկատել զարմանալի նմանություններ Արթուր Փինաճյանի եւ ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը» (Bluebeard) վիպակի (1987 թ.) տարօրինակ հերոսիՙ Ռաբո Կարապեկյանի միջեւ: Երկուսն էլ ամերիկահայեր են, որոնք հասակ են առել 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ ԱՄՆ-ում ապաստան գտած ընտանիքներում: Երկուսն էլ Բ. աշխարհամարտի տարիներին ծառայել են Մ. Նահանգների բանակում եւ արժանացել մի շարք մեդալների ու շքանշանների, այդ թվում նաեւ «Բրոնզե աստղ» շքանշանին: Պատերազմից հետո երկուսն էլ թողել են նկարազարդողի իրենց նախկին կարիերան եւ հետեւել լուրջ նկարչական դասընթացներիՙ նյույորքյան Արվեստի ուսանողների լիգայում: Երկուսն էլ «Գրինիչ Վիլեջի Սեդար Տավեռնում» մտերմացել են աբստրակտ էքսպրեսիոնիստ նկարիչների հետ եւ վերջապես երկուսն էլ Լոնգ Այլենդի օվկիանոսամերձ արեւելյան մասը տեղափոխվելով իրենց կտավները ավտոտնակում են թաքցրելՙ մարդկանց աչքերից հեռու:


(*)Նկարիչ Արա Հայթայանի հետ ծանոթությունը կայացավ Երեւանում ապրիլի 12-ին բացված նրա կտավների ցուցահանդեսի առիթով:

Աբովյան փողոցի N 12-ումՙ դալան, չափսերով համեստ, ցուցասրահում, արվեստագետը ներկայացրել էր երկու տարբեր ոճերի իր կտավները: Մեկը «կորսված բնանկարի այլաբանություն», իսկ մյուսըՙ «նատյուրմորտի լուսանցքներում» խիստ բնորոշ եւ յուրահատուկ խորագրերով:

Առաջինում նա ափսոսանքով կտավին է հանձնել Դալմայի այգու վերջինՙ 2012-ի գարունը, որից հետո իր իսկ խոսքերով «այգին դարձավ պատրանք, մարդկանց սրտերում վերածվեց հույզիՙ աչքերի մեջ թողնելով երանության խաբկանք»:

Անմիջապես խոստովանենք, որ մեր դիտարկումներով այս շարքի մոտ երկու տասնյակ կտավները հիրավի «անմահացրել» են այդ այգին: Չէ՞ որ ամեն շնչող, կենդանի էակի վերջը լուսանկարն է պատից կախված: Նա նույն թեման տարբեր շեշտադրումներով զարգացրել է եւ ստեղծել է բնության հետ երկխոսության մեջ մտնող եւ դրանցով իսկ այդ հրաշալի բնությունը ապրեցնող կտավներ: Ի դեպ այս շարքը փետրվարի 28-ից մինչեւ մարտի 4-ը ցուցադրվել է Ճապոնիայում, «որտեղ կա ավանդույթ զրուցելու եւ նույնանալու բնության հետ»: Տոկիոյի «Գինձա-ի-ճյոմե» պատկերասրահում բացված ցուցահանդեսը մեծ հաջողություն է արձանագրել:

Երկրորդում նա սեփական գեղարվեստի տարածք է բերում եւ փորձում ուղղակի ձեւով զրույց ծավալել անցյալի քաղաքակրթությունների եւ որոշակի ստեղծագործությունների հետ: Իր վրա տպավորություն թողած այդ որոշակի ստեղծագործողներից են հոլանդացի Ֆլորիս վան Սխուտենը (1612-1655), որի Լուվրում ցուցադրված նատյուրմորտից արված ճեպանկարը սկիզբ է դրել ներկա նկարաշարի: Մյուս ազդակը Փարիզի Գիյմե թանգարանում ներկայացված 17-18-րդ դարերի կորեական նատյուրմորտերն են, որոնց ազդեցությամբ էլ Հայթայանը ստեղծել է իր աբստրակցիոնիզմին հարող կտավները:

Նորանոր ցուցահանդեսներ եւ հաջողություններ Արա Հայթայանին:


Նկար 2. «Վուդստոքի երկնագագաթ սարը» (սկզբնական տարբերակ)

Նկար 4. «Վուդստոքի երկնագագաթ սարը» (ձեւափոխումներից հետո)

Նկար 6. Արա Հայթայան. «Կենսակերպ եգիպտական քնարով»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.