AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2013-06-29 > #013, 2013-07-13 > #014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 27-07-2013



Տեղադրվել է` 2013-07-27 01:01:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1853, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԱՐՎԵՍՏԻ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԶԲԻՆ

Զրույցըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ

Այսօրվա իմ զրուցակիցը տաղանդավոր երիտասարդ օպերային երգչուհի Անուշ Հովհաննիսյանն է, որը, ինչպես «Ազգի» նախընթաց համարներում տեղեկացվել է արդեն, մասնակցելով Լոնդոնի արքայական օպերային թատրոնի հայտարարած անցած տարվա երիտասարդական մրցույթինՙ 50 երկրների 360 մասնակիցներից ընտրվել է լավագույն հնգյակի մեջ, եւ աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկումՙ «Քովենտ Գարդենում» աշխատելու հնարավորություն է ստացել:

Երգչուհու հետ մեր հանդիպումը խմբագրատանը, առիթ տվեց հետաքրքական բովանդակությամբ մի զրույցի, որն այս հաջողության մասին ներկայացնելուց բացի, ունի ուսանելի ընդհանրացումներՙ վերաբերմունքի եւ պատկերացումների, չնայած արտիստուհու բեմական ու առհասարակ կյանքի երիտասարդ փորձին: Անշուշտ, կա նաեւ հավատը, որ հայ երգչուհուն «Քովենտ Գարդենում» իր տաղանդի, կամքի ու պատասխանատվության շնորհիվ սպասվելու է ստեղծագործական անակնկալներով լի խոստումնալի ճանապարհ:

Անուշ Հովհաննիսյանը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ է, ավարտել է մագիստրատուրան, ապա եւՙ ասպիրանտուրան, ուսման տարիներին հընթացս աշխատել է կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվ. օպերային ստուդիայում, որպես մեներգչուհի հանդես եկել մի շարք դերերգերով: Մասնակցել է մրցույթների, 2010-ին «Դելֆյան խաղեր»-ում շահել է արծաթե մեդալ, որին հաջորդել է կյանքի հաճելի անակնկալը: Նրան հնարավորություն է ընձեռվել կրթությունը շարունակելու Շոտլանդիայի արքայական կոնսերվատորիայում: Ուսումնառության երեք տարիների ընթացքում սովորել է 2 տարբեր կուրսերում, ընդ որում 1 տարի անց նրան տեղափոխել են երգիչների համար նախատեսված կրթարանի ամենահեղինակավոր կուրսՙ օպերային դպրոց: Այդ ընթացքում մասնակցել է մի շարք համերգային ծրագրերի եւ մրցույթների: Բեմական դեբյուտը կայացել է Լեո Յանաչեկի «Փոքրիկ խորամանկ աղվեսուհին» օպերայում, Անտառապահի կնոջ դերերգովՙ Գլազգոյի արքայական օպերային թատրոնի բեմում: Այնուհետեւ հանդես է եկել Պրոկոֆեւի «Նշանդրեքը մենաստանում», Օտտո Նիկոլայի «Վինձորի զվարճասեր կանայք», Բրիտտենի «Միջամառային գիշերվա երազը» օպերաներում: Մասնակցել եւ դափնեկրի կոչման է արժանացել համաբրիտանական եւ միջազգային տարբեր մրցույթներում, եւ այդ մրցանակները վստահաբար կանխորոշել են նրա ուսման ավարտականըՙ որակային առումով:

Երեւանի կոնսերվատորիայից ստացած կրթությունն ու գիտելիքը նախահիմքն են իհարկե եղել Շոտլանդիայում ստանալիք կրթության, այդուհանդերձ տարբերությունները հաղթահարելու համար Անուշ Հովհաննիսյանից համառ ջանք, ամենօրյա տեւական աշխատանք ու նվիրում է պահանջվել: Եվ ահա փոխհատուցում-արդյունքը: Մենք փորձեցինք այս զրույցի միջոցով արտերկրում երեւանյան բարձրագույն կրթությունը շարունակած հայ արտիստուհու փորձից համեմատական որոշ հետեւությունների հանգել, որը միաժամանակ կարծում ենք սթափեցնող հանգամանք ունի մեզ համար:

Երեւանյան ուսումնառության նշանակությունը

- Ինձ բախտ է վիճակվել Հայաստանում աշխատել եւ սովորել այնպիսի մասնագետների մոտ, որոնք իմ կյանքում շատ մեծ հետք են թողել: Շնորհակալ եմ ճակատագրից, որ զերծ է պահել տհաճ վերաբերմունքից. դեռ ուսանում էի եւ դեռ ակտիվ չէի մասնագիտորեն որպես մենակատար, որպես երգիչ, գուցե այդ պատճառո՞վ: Հայաստանում կարճատեւ, բայց բարեբեր համագործակցություն եմ ունեցել «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի հետՙ մաեստրո Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ: Իմ ստեղծագործական կյանքում իհարկե անգնահատելի է եղել ուսուցչիսՙ Նելլի Փիրումովայի դերը, նրան եմ պարտական ամեն առումով: Երգել եմ հիմնականում կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, չեմ փորձել օպերային թատրոն մտնել կամ ֆիլհարմոնիկի հետ համագործակցել եւ չեմ կարող ասելՙ ինչպիսի արդյունք կունենայի: Օպերային ստուդիան մի առանձին, կարեւոր հատված էր իմ կյանքում:

- Կարելի՞ է համարել, որ տեղի կոնսերվատորիական կրթությունը այնքան է բավարար եղել, որ արտերկրում ուսումը շարունակելու վստահություն է ներշնչել:

- Բավարար կրթություն ունենալով եւ գիտելիքի զգալի պաշար, այնուամենայնիվ, Շոտլանդիայում ես ինձ մերկ էի զգումՙ գիտելիքի առումով:

- Ի՞նչն է հատկապես դժվարացնում, ինչի՞ց են, թող թույլ տրվի ասելու, ավելի խեղճանում մեր ուսանողները:

- Հայ երգիչների համար Եվրոպայում կայանալու ամենամեծ խնդիրը ոճի զգացողության բացակայությունն է եւ լեզուների վատ իմացութունը: Մեր կոնսերվատորիայում սովորում ենք իտալերեն, որ սակայն բավականին անփույթ վերաբերմունքի է արժանանում: Ինքս էլ այդ նույն ուսանողներից մեկն եմ եղել, որովհետեւ եթե կոնսերվատորիայի ուսանողին հարկ եղածի պես չեն բացատրում դասավանդվող առարկայի կարեւորությունը, 17-18 տարեկան երիտասարդն այդ տարիքում այնքան էլ լավ չի կարող գիտակցել դա: Երբ մտնում ես այդ շուկա, հասկանում եսՙ որքան բոբիկ ես, անտեղյակ, չեմ ասում թերի կրթված, ուղղակի անտեղյակ: Այդպես է, որովհետեւ Երեւանի կոնսերվատորիայում գերմաներենի ուսուցումը, որն ինչպես իտալերենը, կարեւոր լեզու է երգչի համար, ֆակուլտատիվ բնույթ է կրում. 8 տարի սովորում եւ կարիքը, դրա գիտակցումը չես էլ ունենում, էլ չեմ ասում ֆրանսերենի մասին, որը նույնպես ուշադրությունից դուրս է, սակայն նույնքան կարեւոր լեզու է:

- Ունե՞նք որեւէ այլ առավելություն:

- Այո, մենք մեծ ձայնային ֆոնդ ունենք, այսինքնՙ հայ երգիչները գրավում են օտար ականջը միայն իրենց տեմբրով եւ ձայնային ունակություններով, բայց այդ ձայնը նրանք ընդունում են որպես անմշակ հումք: Իհարկե սա պայմանավորված է նաեւ Երեւանի կոնսերվատորիայիՙ տարիներ շարունակ միջազգային ասպարեզում չլինելու հանգամանքով, ուստի կրթական ցենզը միջազգային չափանիշներին չի համապատասխանեցվել:

- Կրթական մեթոդների հիմնական ի՞նչ տարբերություններ, առանձնահատկություններ կարող եք նշել:

- Այստեղ եվրոպական դասական երաժշտություն դասավանդում են ակադեմիական կրթություն ստացած մասնագետները: Դրսի կոնսերվատորիայում ուսանողը այդ գիտելիքը ստանում է այդ արվեստի բուն կրողներից, այսինքնՙ նրանցից, ովքեր ապրում են դրա մեջ եւ սովորեցնում են այն, ինչ իրենք են զգում, իրենք են ապրում: Բոլորը գործող արտիստներ են:

Տարբերություններըՙ կրթական մեթոդի, ձեւերի, անհամեմատելի են, անհավատալի մեծ աշխատանք է կատարվում բոլոր երաժիշտների կողմից, բազմակողմանի եւ բազմաճյուղ:

Շոտլանդիայի արքայական կոնսերվատորիայում մի ստեղծագործության վրա աշխատում են 5 տարբեր մասնագետներ, այդ թվում նաեւՙ ուսանողի հիմնական վոկալ երգեցողության դասախոսը, այստեղ աշխատում է միայն վոկալ երգեցողության դասախոսը: Այն ինչ հնարավոր է ստանալ 5 մասնագետից, մեկից չես կարող ստանալ, որքան էլ նա տաղանդավոր լինի: Տարբերությունը հիմնական դա է, եւ իհարկեՙ վերաբերմունքն ու ցանկությունը:

Երեւանում հաճախ ինձ տրվող «կուզենա՞ս վերադառնալ» հարցինՙ ուզում եմ անդրադառնալ անաչառ հարցով.- Երեւանի օպերային թատրոնը մեկ տարի փակ էր. հիմա բացվել է, այդ ընթացքում մի քանի ներկայացում է բեմադրվել, 2 անգամ «Անուշը», տարվա մեջ ընդամենըՙ 3-4 ներկայացում, այդքան մենակատարների պարագայում:

Ներկայացումներ են բեմադրվում կինոյի ռեժիսորի կամ ուրիշ մասնագետի կողմից: Սակայն կինոյի ռեժիսուրան բոլորովին տարբեր մասնագիտություն է: Մինչդեռ երիտասարդ օպերային ռեժիսորներ աշխատանքի են սպասում: Այստեղ հետաքրքրված չեն մասնագետի կարծիքով: Եվս մեկ հանգամանք. արտերկրում եթե մեկը համբավ է ձեռք բերում, սկսում են այստեղ աստվածացնել, սա նույնպես ճիշտ չէ:

Հրավերՙ «Քովենտ Գարդեն»-ից

- Անուշ, ինչպե՞ս ստացվեց «Քովենտ Գարդենի» հրավերը:

- Անցած տարի Լոնդոնի թագավորական օպերային թատրոնը լսումներ էր կազմակերպել այս տարվա սեպտեմբերին սկսվող երիտասարդական ծրագրի համար: Մրցույթը շատ ծավալուն էր: Աշխարհի 50 երկրի 360 դիմորդ էր մասնակցում, եւ վերջին երեք փուլանոց մրցույթում ընտրվեցին հինգը, նրանց հետ կնքվեց աշխատանքային երկամյա պայմանագիրՙ այս տարվա սեպտեմբերից սկսվող: Մրցույթը շատ դաժան էր. հաղթողներից մեկը մեցցո-սոպրանո Նադեժդա Կարիազինանՙ Մեծ թատրոնից էր, մյուսներըՙ ավստրալացի սոպրանո Կիանդրա Հովարտը, իռլանդացի մեցցո-սոպրանո Ռեյչոլ Քելլին, պորտուգալացի տենոր Լուիս Գոմեսը:

- Եվ Հայաստանիցՙ Անուշ Հովհաննիսյանը:

- Դա մեծ պատիվ է ինձ համար, իր տեսակով շատ մեծ հաճոյախոսությունՙ իմ դասախոսներին, այն թիմին, որ սկսած 2003 թվականից պատրաստել են իմ ճանապարհը: Ի դեպ, առաջին հայ երգիչն եմ, որ «Քովենտ Գարդենում» հանդես կգա որպես հաստիքային աշխատող: Այնտեղ Բարսեղ Թումանյանն էլ է երգել, վերջերս Լիանա Ղազարյանը, բայց նրանք հրավիրյալ երգիչներ էին:

- Որպես արտիստ, ի՞նչ զգացողություններ, ապրումներ ունեցաք առաջին այս մեծ հաջողությունից:

- Անշուշտ, ընձեռված նման հնարավորությունը երազանք էր: Իմ ուղին, կարծում եմ, սկսվեց դեռ 4 տարեկանից, երբ դասական երաժշտության ձայնագրություններ լսում էի իմ ընտանիքում, երբ հայրս (կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր, օպերա պատրաստականության ամբիոնի վարիչ Հովհաննես Հովհաննիսյանը) համերգային շրջագայությունից Լեհաստանից բերել էր երեք հայտնի տենորների (Լուչիանո Պավարոտտի, Պլասիդո Դոմինգո, Խոսե Կարերաս) ձայնագրություններ, որոնք ես լսում էի շատ հաճախ: Եվ մեծացա, աճեցի երաժշտական այդպիսի մթնոլորտում: Անակնկալ էր, երբ առաջիկա ծրագիրը ստացա ու տեղեկացա, որ Դոմինգոն է գալու «Քովենտ Գարդեն», եւ ես նրա հետ պիտի աշխատեմ: Նրան լսում էի մանկությանս տարիներից, առավոտյան, դպրոց գնալուց առաջ, չմտածելով, որ երբեւէ այդ երգչի հետ կարող եմ անձնական, առավելեւս աշխատանքային շփումներ ունենալ:

Առհասարակ «Քովենտ Գարդենի» ամբողջ պատմությունը կոնսերվատորիայի ուսանողների համար մեծ դպրոց է: Ուսանելու տարիներին միշտ հետեւել եմ նրանց ներկայացումներին, բոլոր հայտնի երգիչներին գիտեի ձայնագրություններով, փնտրում էի նրանց անունները համացանցում: Եվ այն, որ սեպտեմբերից նույն բեմի վրա նրանց հետ աշխատելու եմ հավասարի իրավունքով, մի փոքր հեքիաթային է թվում ինձ այս պահին: Պատիվ, միաժամանակ մեծ պատասխանատվություն է:

- Ունե՞ք արդյոք վստահությանՙ երգչի համար անհրաժեշտ զգացողությունը:

- Անկախ փորձից, տարիքից, պրոֆեսիոնալիզմից բոլոր կատարողները բեմ բարձրանալուց առաջ մեծ հուզում են ունենում, ես իհարկեՙ նույնպես: Կարծում եմՙ բնական է եւ անխուսափելի ներքին այս անհանգստությունը:

Իմ առաջին կատարումը լինելու է հոկտեմբերի սկզբին կամերային ներկայացումով, «Քովենտ Գարդենի» ստուդիական փոքր բեմում (Linbury Studio), ժամանակակից իսպանացի կոմպոզիտոր Խավիեր Մոնտսալվաժի «Կոշկավոր կատուն» հեքիաթի հիման վրա օպերային ներկայացման մեջ հանդես եմ գալու Արքայադստեր դերերգով: Նոյեմբերից գլխավոր բեմի վրա դեբյուտս սկսվելու է Բիզեի «Կարմեն» օպերայում Ֆրասկիտայի դերերգով, տարբեր նվագախմբերի եւ երգչախմբերի հետ համագործակցությամբ համերգային շրջագայությունների եմ մեկնելու Ֆրանսիայի 5 քաղաքներ:

Շոտլանդական ուսումնառության փորձը. վերաբերմունք եւ գնահատում

- Անշուշտ մտածողական, ասենք այսպես, մենթալիտետային, մշակութային տարբերությունները եղել եւ կան միշտ, ինչպե՞ս է դա հաջողվում հաղթահարել սկսնակին օտար միջավայրում. հոգեբանական այդ գործոնը պետք է որ լինի:

- Իհարկե: Բայց պետք է ասել, որ երաժշտությունը, օպերային արվեստը քանի որ իր բնույթով բազմամշակութային արվեստ է, այդ պատճառով ուրիշ մշակույթ կրող արտիստներն այդքան խորթ չեն թվում: Ներկայումս թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Անտոնիո Պապանոն իտալական ծագումով բրիտանացի է, այսինքնՙ իր մեջ երկու մշակույթներն էլ վառ դրսեւորված են. նա մասնագիտացած է իտալական երաժշտության պատմության մեջ: Ռեժիսորները, որոնց հետ պիտի աշխատեմ, Պորտուգալիայից, Իսպանիայից, Անգլիայից են. այսինքնՙ տարբեր մշակույթներ կրող մասնագետներ են, էլ չասած, որ երգիչները ամենատարբեր երկրներից են: Այդ պատճառով մշակութային տարբերությունները օտար կամ խորթ չեն դիտվում: Կարեւորը նրանց աշխատանքային տեմպին եւ աշխատանքային էթիկային համապատասխանեցվելն է, հարմարվելը:

- Եվ ինչպիսի՞ն է դա:

- Իրենց խոսքը գործ է, քիչ խոսող, շատ գործող են, շատ պահանջկոտ, արտակարգ նրբանկատ եւ շատ գնահատող:

- Այսինքնՙ այն լավագույնը, ինչը հարկավոր է մասնագիտական եւ աշխատանքային առաջընթաց ու որակ ապահովելուն:

- Այո, այո: Այս երեք տարիների շփումները ամենատարբեր մասնագետների հետ ինձ ուղղակի հիացրին, նրանք անդադար աշխատում են սովորեցնել եւ փորձում են իրենք սովորել, երբեք չմնալ նույն տեղում, ձգտում են միշտ նորությունների ավելի լայն իմացությանՙ ստեղծելու ուսման առավել հետաքրքրական մթնոլորտ, իրավիճակ, հնարավորինս ձգտում են տեսնել ուսանողի տաղանդը, բացահայտել դաՙ որքան էլ խորը թաքնված լինի:

- Բնականաբար եւՙ գնահատել:

- Այո, շատ անաչառ են գնահատելիս: Ուսումնառության երկրորդ տարում ինձ ճանաչում էին, գիտեին իմ աշխատելու կերպը, մեծ համակրություն էի վայելում այնտեղ, կոնսերվատորիայում: Զարմանում էի, հավատս ուղղակի չէր գալիս, երբ ադմինիստրատիվ աշխատողները մոտենում, ասում էինՙ «Քո բոլոր համերգներին եկել ենք, քեզ շատ ենք սիրում, խնդրում ենք շարունակեք այդպես»: Երբեք չէիր կարող սպասել, որ կադրերի բաժնի վարիչը ուսանողի բոլոր համերգներին կարող է ներկա գտնվել. էլ չասած բոլոր դասախոսների մասին:

Կոնսերվատորիական ստեղծագործական կյանքը, իրոք, շատ հագեցած է: Գործում են մյուզիքլի, պարի, բեմական դեկորացիաների պատրաստման ֆակուլտետները, երաժշտական դպրոցը, դրամա դպրոցը, ֆիլմարտադրության դպրոցըՙ այդ ամենը կոնսերվատորիական կրթության շրջանակներում:

Արդեն երեւի կպատկերացնեք ուսանողական կյանքի ռիթմը: Յուրաքանչյուր դպրոց պարտադիր մի քանի ներկայացում է ունենում: Կոնսերվատորիան, բացի ուսումնական վայրից, գործող թատրոն է փաստորեն: Օրվա մեջ 2-3 համերգ է տեղի ունենում: Ռեկտորըՙ Ջոն Վոլըսը բոլոր համերգներին ներկա է գտնվում եւ շաբաթվա վերջում իր կարծիքը եւ տպավորությունը ուսանողներին եւ դասախոսներին email-ով փոխանցում է: Մի շաբաթվա ամփոփիչ նամակում գրել էր, որ օպերային դպրոցից Անուշ Հովհաննիսյանը հաղթել է Clonter Opera Prize-2013 մրցույթում եւ կոնսերվատորիային բերել մրցանակային տեղ, հետո ավելացրել էր. «Անո՜ւշ, Գլազգոն քոնն է»: Ազդվել էի, հուզիչ էր շատ:

Հատկապես մի բան եմ ուզում ընդգծելՙ նրբանկատ վերաբերմունքը: Տեղյակ լինելով իմ ֆինանսական դրությանը, նրանք մշտապես աջակցել են, հորդորել ինձ մասնակցելու մրցույթներին, վարպետության դասերին, ներկայացումների անվճար տոմսեր տրամադրել:

Դրանք անչափ գնահատելի քայլեր են, միաժամանակՙ պարտավորեցնող: Երբ տեսնում եսՙ որքան են ոգեւորվում քո արած թեկուզ փոքր քայլով, հաջողությամբ ուրախանում, ձգտում ես ավելիին. դա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, խթան, որ մղում է ավելին իմանալու, սովորելու, իսկապես ձգտում ես կատարելագործման: Բոլորովին ուրիշ աշխարհ է, ուրիշ մոտեցում, ընկալում ու վերաբերմունք:

Պատեհ առիթ է շնորհակալությունս հայտնելու Ասատուր եւ Վիվիեն Գուզելյաններին, դոկտոր Արմեն Սարգսյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը եւ նրա նախագահ Պերճ Սեդրակյանինՙ ուսմանս տարիների իրենց հովանավորության եւ խորհրդատվության համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 27-07-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.