AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2013-07-27 > #015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013



60-ամյակ

Տեղադրվել է` 2013-09-13 23:44:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1315, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 35

«...ԿԱ ԱՅԴ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԴՐՍՈՒՄ»

ԱՐԱ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Սեպտեմբերի 11-ին լրացավ Արա Գուրզադյանի 60-ամյակը: 2003 թ. դեկտեմբերի 1-ին 50 տարին նոր բոլորած նա հրաժեշտ տվեց կյանքին. հեռացավ մեզանիցՙ թողնելով անավարտության, կիսատության կեղեքող զգացում, լքվածության սուր ցավ: Դա պատահեց իր ստեղծագործական տարիների հասուն եւ ամենածաղկուն շրջանում: Կյանքի հանելուկը ինչպես շատ հաճախ, իր պարագայում հատկապես, առեղծվածի նման անբացատրելի մնաց:

Արա Գուրզադյանը մտավորական էր բառի ամենալայն ընդգրկումով, բացառիկ այն երեւույթներից, որոնց կարելի է ինչ-որ տեղ անհամատեղելի համարել իրենց ժամանակի ոգուն ու բարքերին: Իր մտածողությամբ, աշխարհայացքով, կյանքը, դրա բազմաշերտությունը դժվարորեն ապրելու իր եզակիությամբ եւ առաքինությամբ անշուշտ, հոգեւոր կայացած փորձով ու փորձառությամբ, նա ասես պատկանում էր մեկ ուրիշ իրականության, ուրիշ ժամանակի ու միջավայրի: Այդպիսի զգացողություն գուցե ինքը եւս ուներ, երբ ասում էր. «Իմ կապը ինձանից հազար եւ ավելի տարիներ առաջ գնացածների հետ է».- նկատի ուներ անցյալի հոգեւոր մեծ ուսուցիչներին, մտածողներին, փիլիսոփաներին, գեղագետներին, արվեստագետներին: Այդ ձայնի շարունակողն էր նա: Եվ այն, ինչ հասցրեց տալ մեզ, թողնել ապագայինՙ իմացական, ճանաչողական, գեղագիտական եւ բարոյական նշանակությամբ, հիրավի, անգնահատելի արժեքավոր է, որի անսակարկ պատասխանը ժամանակն է տալու:

Ստորեւ ներկայացվող հրապարակումը լրագրային կրճատ տարբերակն է Արա Գուրզադյանին նվիրված հեռուստատեսային հաղորդման (2000թ., Հ1, «Մարդու ժամանակը»), ավելի շուտ մտավորականի մենախոսությունն է իր եւ իր ապրած ժամանակի հոգեւոր-մշակութային իրականության մասին:

Մ. Բ.


...Ուսանողական տարիներին մի տեսակ ներքին հեղաշրջում ապրեցի, եւ մասնագիտությունն իմ, որ պիտի թերեւս դառնար ֆիզիկան, փոփոխություն կրեց, եւ ես սկսեցի լրջորեն զբաղվել արվեստով: Այսինքն` պրոֆեսիոնալ ձեւով զբաղվել արվեստով, որովհետեւ նկարչությամբ զբաղվել եմ վաղուց, դեռ փոքր հասակից: Այդ տարիներին սկսեցի հասկանալ, թե ինչու պիտի զբաղվեմ նկարչությամբ եւ ավելի լայն առումով` արվեստով: Որովհետեւ այդ ժամանակ փաստորեն ձեւավորվեց իմ ներքին կյանքը, եւ տեղի ունեցավ մասնագիտության այսպիսի փոփոխություն, որի համար բնավ չեմ զղջում: Շատ ուրախ եմ, որ ստացել եմ գիտական կրթություն, որովհետեւ դա զարգացնում է ճշգրիտ մտածողությունը. փաստորեն արվեստի դաշտ մտել եմ գիտության ոլորտից, որը 20-րդ դարի կոնտեքստում շատ կարեւոր երեւույթ է:

...Պապս ու տատս` հորս կողմից, գաղթել են Արեւմտյան Հայաստանիցՙ Եղեռնից հետո, այսինքն` Եղեռնն ապրած մարդիկ են եղել, հետո ընկել են Բաղդադ` ամերիկյան որբանոց: 1924 թվականին, երբ սկսվեց ներգաղթը, եկել են Հայաստան: Ուրեմն, մի կողմից իմ ձեւավորման հարցում դեր է խաղացել Արեւմտյան Հայաստանը, 1915-ի Մեծ եղեռնի ողբերգությունը, որը շոշափելիորեն առկա է, որովհետեւ ես ներքուստ զգում եմ այն ամբողջ արհավիրքը, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ դարասկզբին: Մորս կողմից` տատս եւ պապս ծագում են Զանգեզուրից, ինչ-որ մի շրջան ապրել են Ադրբեջանում` Բաքվում: Պապիս եղբայրը եղել է հայտնի հեղափոխական` Միշա Մանուչարով անունով, որը եղել է Ստեփան Շահումյանի ընկերը. սոցիալիստական հեղափոխությունը Բաքվում կատարվել է նրանց ձեռքով: Նա 1937 թվականին աքսորվեց, 20 տարի Սիբիրում նստեց: Իմ պապըՙ 31-32 տարեկան, բանտարկվեց Գորիսում այն պատճառով, որ եղբայրը ժողովրդի դավաճան էր պիտակվել եւ այնտեղ, բանտում էլ շատ կարճ ժամանակ հետո մահացավ: Այսինքն, այս` իրարից շատ տարբեր հայկական ճակատագրերի երկու ասպեկտները` մի կողմից սոցիալիստական-կոմունիստական հեղափոխությունը եւ դրան հետեւող ստալինյան շրջանի ռեպրեսիաները, մյուս կողմից` Արեւմտյան Հայաստանի, Մեծ եղեռնի ողբերգությունը, մի տեսակ եկան ու լցվեցին ծնողներիս միջոցով իմ մեջ: Այս երկու կողմերը շոշափելիորեն առկա են եղել իմ կեսագրության մեջ, առ այսօր որպես գիտակցական փաստ ուղեկցում են ինձ: Նաեւ շատ երջանիկ եմ, որ, փաստորեն, ժառանգական մակարդակի վրա եմ զգում Հայաստանի պատմական այդ կոնֆիգուրացիան: 1953-ականների, այսինքն` ստալինյան ռեպրեսիաներից հետո եկած մեր սերունդը իր մեջ տարբեր ձեւերով կրում էր հայ Ժողովրդի այդ ճակատագրի տարբեր ասպեկտները. այդպես ձեւավորվեց նաեւ իմ կյանքը, մեր սերնդի կյանքը:

***

Այն տարիներին ես ինձ զգում էի անտանելի, անհարմարվողական վիճակում: Չէի ընդունում այս երկրի ստի մթնոլորտը, եւ ինչ աստիճան ստի մեջ էինք մենք ապրում, դա դառնում էր հաճախ անտանելի զգացողական վիճակ, որի վերջը չէր երեւում: Բայց հիմա, երբ ետ եմ նայում այսօրվա մեր իրականության տեսադաշտից, իմ ընկերների հետ այդ շրջանում ապրել եմ գիտակցական բարձր վերելքի տարիներ` մեծ էնտուզիազմի, մեծ գաղափարների: Ապրել ենք, իհարկե, հասարակական պրոցեսներից բացարձակապես դուրս, ստվերում, այսպես ասած` օֆիցիալ մթնոլորտից ամբողջովին դուրս, եւ այդ միջավայրում ձեւավորվեցին մեր ներաշխարհը, մեր մտածելակերպը, մեր աշխարհայացքը:

Երբ Սովետական Միությունը ապրեց այս փլուզումը, ես իմ որոշ ընկերների նման ապրեցի, այսպես ասած, հայ ժողովրդին, առհասարակ Սովետական Միության պատմությանը բնորոշ աքսորի երեւույթը, բայց այս անգամ աքսորը ոչ թե դեպի Սիբիր էր, այլՙ Արեւմուտք: 1992 թվականին ես ակամայից հայտնվեցի դեպորտացիայի մեջ, կամավոր դեպորտացիայի, մենք ընտանիքով հայտնվեցինք արտասահմանում, Կենտրոնական Եվրոպայում, մասնավորապես` Արեւմտյան Գերմանիայում, 5-6 տարի ապրեցինք այդ երկրում: Իհարկե, ամեն տարի գալիս էինք Հայաստան, որովհետեւ մենք չէինք գնացել մշտական բնակության: Ես այդպիսի մտադրություն երբեք չեմ ունեցել: Ուսանողական տարիներին ունեցել եմ երկրից հեռանալու ցանկություն, որովհետեւ աշխարհայացքային այդ միատարրությունը, այսինքն` պարտադրված աշխարհայացքի, մատերալիստական, մարքսիստական աշխարհայացքի առկայությունն անտանելի էր ինձ եւ ինձ նման մարդկանց համար, որովհետեւ մեր փնտրումները տեղի էին ունենում բոլորովին այլ տարածքներում, մենք ուղղակի դատապարտված էինք լինել ճգնավոր` լավագույն դեպքում: Բայց, երբ տեսա Արեւմուտքը ներսից, որի համար շնորհակալ եմ ճակատագրին, ինձ, փաստորեն, հաջողվեց երկու իրարամերժ կենսափորձ ձեռք բերել. երկուՙ բացարձակապես իրար հակադիր սոցիալ-տնտեսական-մշակութային համակարգերում եւ ներսից ճանաչել այդ երկրների էությունը: Դա շատ կարեւոր էր, որովհետեւ կար մի շրջան, երբ իսկապես մենք արեւմտամետ տրամադրություններ ունեինք, եւ մեր իդեալները կապված էին Արեւմուտքի հետ միարժեքորեն, որովհետեւ ազատությունը, ի վերջո, գալիս էր այդ երկրներից` էլեմենտար, ասենք, ռոք երաժշտության, ջազային երաժշտության, արվեստին վերաբերող թեկուզ կցկտուր ինֆորմացիան ինչ-որ ձեւերով այնտեղից էր մտնում Հայաստան: Մենք դրանով էինք ապրում: Եվ մեզ թվում էրՙ Արեւմուտքը, իրոք, այդ իդեալների հայրենիքն է, չնայած գիտեինք մամուլից, որ դա այդպես չէ, չի կարող այդպես լինել եւ այլն: Երբ հայտնվեցի Արեւմուտքում, եւ տեսա, թե դա ինչ համակարգ է եւ ինչպիսի պրոբլեմներ գոյություն ունեն այնտեղ, գիտակցեցի, որ դա մեր իդեալներից բավականին հեռու հասկացություն է: Այդ իդեալները կարծես կախվեցին օդում: Դրանք չվերացան իհարկե, որովհետեւ այդ իդեալները մարմնավորված են արեւմտյան մշակույթում: Սակայն մշակույթը այսօրվա քաղաքակրթական իրականության մեջ չունի արդեն այն դերը, որ ունեցել է, ասենք, 20-րդ դարասկզբին: Մշակույթը քաղաքակրթական զարգացման պրոցեսների հետեւանքով դարձավ մի տեսակ անպետք, երկրորդական, միայն այսպես ասած մասնագետների հետաքրքրության եւ մասնագիտության առարկա:

Գերմանիայում ապրած այդ հինգ տարիները, սակայն, շատ կարեւոր էին. գերմանական մշակույթի հետ իմ կապերը եղել են վաղ հասակից, ես սերտորեն կապված եմ եղել գերմանական մտածելակերպի, կուլտուրայի տարբեր ասպեկտներին` երաժշտությունից, գրականությունից մինչեւ փիլիսոփայություն: Այդ առումով ինձ համար շատ հեշտ էր այդ երկրներում ապրել, ես կարող էի այնտեղ մնալ, եւ շարունակել իմ կյանքը: Իրոք կարող էի այդպես ապրել, բայց տեղի ունեցավ զարմանալի մի բան, երբ ըստ էության, վերջնականորեն հասկացա այն իրողության իմաստը, որը կապված է կոնկրետ այս հողատարածքի հետ` իմ` այս տարածաշրջանում ծնվելու փաստի հետ. սա ինչ-որ չափով հասկացել էի արդեն տարիներ առաջ:

***

Բայց իրոք կա այդ ճշմարտությունը, որ հայրենիքդ ճանաչում ես դրսում: Մենք մի ժողովուրդ ենք եղել, որն առանց որեւէ վախի ասիմիլացրել է համաշխարհային մտքի, մշակույթի, արվեստի բարձրագույն արժեքները: Բայց նա չի եղել միայն կապկողի, ընդօրինակողի կարգավիճակում: Նա միաժամանակ եղել է ստեղծագործող, Աստվածաշունչը թարգմանելուց հետո հայ ժողովուրդը տվել է նաեւ ինքնուրույն մտածողության, ինքնուրույն մշակութային դրսեւորումների բարձր նմուշներ: Եվ դրա հաշվին է, որ մենք այսօր դեռ կարող ենք մեզ համարել որպես մշակութային գոյություն ունեցող միավոր աշխարհում: Ցավոք, վերջին հարյուրամյակների ընթացքում դա արդեն այդպես չէր, որովհետեւ մենք դուրս չեկանք միջնադարյան ֆեոդալական փոխհարաբերությունների տարածքից, մենք չանցանք Վերածննդի շրջանը: Ի դեպ, Վերածննդի ֆենոմենը հաճախ սխալ է հասկացվում, ասենք համարում են, որ 10-րդ դարում ապրած Նարեկացին Վերածնության երեւույթ է: Դա այդ ֆենոմենի բացարձակ սխալ ըմբռնում է, որովհետեւ Վերածնունդը միայն մի ստեղծագործության կամ մի անհատի մեջ չի դրսեւորվում: Վերածնության ֆենոմենը, որը տեղի ունեցավ Եվրոպայումՙ Իտալիայում, այնուհետեւ տարածվեց եվրոպական մյուս երկրներում, մի երեւույթ էր, որի հետեւանքով ավարտվեցին ֆեոդալական միջնադարյան փոխհարաբերությունները տնտեսական տարածքում, անցան մշակութային տարբեր ոլորտներ եւ, նորից անդրադառնալով հունա-հռոմեական մշակույթին, ստեղծվեց նոր տիպի մենթալիտետ, որի հիման վրա ձեւավորվեցին կապիտալիստական հարաբերությունները, եւ Եվրոպան` Արեւմուտքը մտավ կապիտալիստական հարաբերությունների մեջ: Հայաստանն այդ գործընթացները չի անցել, դրա համար մենք գտնվում ենք շատ պարադոքսալ իրականության մեջ, որովհետեւ կիսաֆեոդալական փոխհարաբերություններից մենք միանգամից հարկադրված ընկանք պսեւդո-սոցիալիստական փոխհարաբերությունների մեջ, որը սոցիալիզմի հետ որեւէ կապ չուներ փաստորեն: Եվ ահա այսօր հայտնվել ենք մի անպիսի իրականության մեջ, երբ ոչ ոք չի կարող ասել` մենք ինչ ֆորմացիայի մեջ ենք ապրում. սա ի՞նչ է, ֆեոդալի՞զմ է, ստրկատիրությու՞ն է, կապիտալի՞զմ է, թե՞ սոցիալիզմ: Ոչ մի ձեւակերպում չունի փաստորեն այսօրվա մեր կեցությունը:

Սրանք պարզապես խոսակցություններ չեն, քանի որ սերտորեն կապված են համամարդկային քաղաքակրթական արժեքների յուրացման պրոցեսի հետՙ վերջին հարյուրամյակներում համամարդկային այդ ահռելի, իրոք ահռելի արժեքների հետ: Եվրոպայում հինգ տարի գտնվելու միակ հանգամանքը, երեւույթը, որի վրա ես կարող էի իրապես հենվել, այդ երկրներում ձեւավորված մշակույթն էր: Այդ մշակույթի ինֆրաստրուկտուրան տեսնելուց հետո պիտի համակերպվես, որ այդ երկրները պիտի լինեն այսօր իշխողն աշխարհում, որովհետեւ իրենք են արել այդ քայլերը, իրենք են ձեւավորել այդ մտածելակերպը, իրենք են դարձել համաշխարհային արժեքների տերն ու տիրակալը, որովհետեւ իրենք են առաջին անգամ գիտակցել, մշակել, արժեւորել եւ առհասարակ ակտուալիզացրել համաշխարհային կուլտուրան` համաշխարհային կուլտուրան` հնագույն ժամանակներից մինչեւ այսօր: Այդ պրոցեսը տեղի ունեցավ հատկապես 20-րդ դարում` սկսելով 19-րդ դարից իհարկե, ինչ-որ տեղ Վերածննդից, բայց իր կուլմինացիային հասավ 20-րդ դարում:

Հայաստանը, ըստ իս, այլեւս չի կարող անցնել եվրոպական զարգացման այդ տրամաբանությամբ, այդ ողջ փուլերով, ժամանակի մեջ ուղղակի դա հնարավոր չէ հետ բերել: Մենք դատապարտված ենք անընդհատ գտնվելու հետ մնացողի, հետադիմողի կարգավիճակում- որովհետեւ տեսեք, քաղաքականությունն էլ է այդպիսին, այդ տրամաբանությամբ է արվում, որովհետեւ կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք թույլ չեն տալիս` որոշակի սահմանից այն կողմ զարգանաս: Սա բարդագույն իրադրություն է ստեղծում մեզ համար: Սակայն ես համոզված եմ, որ կան ալտերնատիվ ճանապարհներ, իսկ այդ ալտերնատիվ ճանապարհները ալտերնատիվ գիտակցության զարգացման սկզբունքների հետ են կապված, այսինքն` պետք չէ, որ մենք նորից անցնենք եվրոպական ռացիոնալիզմի, ինտելեկտուալիզմի այդ հաջորդական փուլերը: Սակայն մեզ պետք է շատ արագ յուրացնել այդ ռացիոնալիզմի ու ինտելեկտուալիզմի արդյունքները, որպեսզի կարողանանք զարգացնել մի գիտակցություն, որը վեր է ռացիոնալ եւ զուտ ինտելեկտուալ կարողություններից: Սա շատ բարդ խնդիր է: Ի դեպ, այդ խնդիրներն արդեն դրված են, 20-րդ դարում արդեն դրվել են եվրոպական մշակույթում, որովհետեւ մի բան պարզ է` եվրոպական եւ արեւմտյան մշակույթն այսօր գտնվում է գլոբալ ճգնաժամի մեջ, այսինքն` ճգնաժամը միայն մերը չէ, ճգնաժամը համաշխարհային է, դա պետք է գիտակցել: Ուղղակի Արեւմուտք գնացողները հաճախ կարճ ժամանակում չեն տեսնում այդ ճգնաժամը, որովհետեւ ճգնաժամն այսպես ասած չի երեւում փողոցներում: Որովհետեւ այնտեղ ամեն ինչ արված է այնպես, որ ճգնաժամի ոչ մի հոտ ու հետք անգամ չկա, այդ ճգնաժամը հոգեւոր է: Այդ հոգեւոր ճգնաժամը մի օր կդառնա նաեւ տեսանելի, այսինքն` անտեսանելիությունից աստիճանաբար կդառնա տեսանելի, ինչպես մեր ճգնաժամը դարձավ տեսանելի ու ավելի ու ավելի տեսանելիանում է:

Մենք, որպեսզի կարողանանք ինչ-որ քայլեր անել այս իրադրության մեջ, պետք է իրոք լավ ճանաչենք հատկապես Արեւմտյան աշխարհը, հասկանանք դրա զարգացման տրամաբանությունը եւ կարողանանք անել հետեւություններ: Պրոբլեմը միակն է. եթե չլուծվի հոգեւոր խնդիրը` առհասարակ հասկանալու ինչ բան է հոգեւորը 20-րդ դարում, մենք շանսեր չունենք դուրս գալու այս իրականությունից: Այլապես նյութատնտեսական, սոցիալական, շուկայական եւ այլ տիպի հարաբերությունները մեզ ամեն օր ավելի ու ավելի խորը կներքաշեն այս ամենի մեջ, ինչը մենք որդեգրում ենք նորից Արեւմուտքից: Բոլոր այս փոխհարաբերությունները` սկսած խանութների ցուցանակներից վերջացրած այս քանակությամբ կազինոներով եւ այլն, մեզ տանում են արեւմտյան փորձի նեգատիվ ոլորտները:

Բայց մի՞թե հնարավոր չէ ուշադրությունը մի փոքր սեւեռել արեւմտյան փորձի դրական ոլորտներին: Իհարկե, հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է օրգան` ճանաչելու արեւմտյան փորձի դրական ասպեկտները: Այդ օրգանի ձեւավորման խնդիրն է այսօր դրված: Միայն դա մեզ հնարավորություն կընձեռի դուրս գալ այս ճգնաժամից: Ուրիշ տարբերակ ես ուղղակի չեմ տեսնում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 14-09-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.