AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2013-08-31 > #016, 2013-09-14 > #017, 2013-09-28 > #018, 2013-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 28-09-2013



Տեղադրվել է` 2013-09-28 00:07:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1183, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 21

«ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՉԳՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՀԱՄԱՐԵՄ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քանիցս ապացուցել էՙ իր համար փակ սահմաններ չկան, ազատ թռիչքը, որ մեզ հասնելիս ճախրանք է դառնում, ամենօրյա տքնանքի, տաղանդի, լավատեսության, հաստատակամության, ստեղծագործական ներշնչանքների խաչաձեւումների արդյունքն է: Նա ի վերջո ընտրյալ էՙ թարգմանը կամ ավելի ճիշտ վերծանողը հանճարների ստեղծածի: Այդ է պատճառը, որ նրա ներկայությամբ բեմը դառնում է արարումի տարածք, երկրի ու երկնքի չպառակտվող կամուրջ, որի վրա լուռ շարվում է ունկնդիրըՙ նրա պիանիսիմոն որսալու համար, մինչեւ համերգի իր հերթը գա... Ու լսվում է դահլիճի զարկերակըՙ չընդհատվող ծափերին վարձահատույց խոնարհումի մի այնպիսի ծես, որ թվում է, սրտից սիրտ լավագույն բեմադրությունն է: Հասմիկ Պապյանի հետ ստորեւ ներկայացվող մեր զրույցի առիթը ոչ միայն հուլիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՖՆ-ի հետ նրա երկու բաժնից կազմված համերգն էր, ուր հնչեց Վերդի եւ Վագներ, այլեւՙ սեպտեմբեր 25, 26, 27-ին Զալցբուրգում, սեպտեմբեր 29-ին Լինցում Բրիտենի 100-ամյակին նվիրված համերգը: Երեւանյան մամուլն իհարկե անդրադարձավ հուլիսի 25-ի համերգին, բայց այն առավել շատ քննարկվեց բանավոր տարածքումՙ դրանով նաեւ տեղ ապահովելով գրավոր եզերքում ի մի բերվելու: Երաժշտագետ Արաքս Սարյանի հետ մեր զրույցին հավելենք նաեւ ճեմասրահում արձանագրած մի քանի կարծիք:


Րաֆֆի Հովհաննիսյան (քաղաքական գործիչ) - Հասմիկ Պապյանը ոչ միայն համահայկական, այլեւ համաշխարհային արժեք է: Այսօր կատարում է համաշխարհային մեծերին, ինքը պարծանք է, ինքը մեր դրոշակն է, ունենք շատ աստղեր, որ պիտի դառնան համաստեղություն թե՛ երկրի ներսում, թե՛ ողջ աշխարհում: Սիրում եմ թե՛ Վագներ, թե՛ Վերդի, երկուսի երաժշտությունն էլ ծանոթ է ինձ, բայց Հասմիկի մեկնաբանմամբՙ դա դառնում է տոնակատարություն, շնորհավորում եմ իրեն:

Աշոտ Հովակիմյան (դիվանագետ) - Հասմիկ Պապյանը իմ շատ մոտ ընկերն է, բարեկամն է: Իսկապես հռչակավոր մարդ, հռչակավոր երաժիշտ, այսօր այստեղ չգալը զարմանալի կլիներ: Սիրում եմ Վագներ եւ Վերդիՙ հատկապես Հասմիկի կատարմամբ

Վահրամ Կաժոյան (դիվանագետ) - Մի անգամ Նյու Յորքում եմ առիթն ունեցել ունկնդրել Հասմիկ Պապյանին եւ հիմա Երեւանում, շատ հաճելի է: Եթե ֆիլհարմոնիկը մեզ հաճախ առիթ տա նման համերգներ ունկնդրել... մեկ շաբաթ առաջ էլ ունկնդեցինք Բրուկների 9-րդ սիմֆոնիան, հրաշալի էր:

Արամ Աբրահամյան (լրագրող, խմբագիր, երաժշտագետ) - Ես շատ եմ սիրում Հասմիկ Պապյանին: Շատ ուրախ եմ, որ այս երկու կոմպոզիտորների գործերը միաժամանակ կատարում է: Դա համենայնդեպս օրիգինալ գաղափար է: Կարծում եմՙ այսպիսի իրադարձություններ շատ պիտի լինեն մեր երաժշտական կյանքում:

Ռայներ Մորել (ԳԴՀ դեսպան) - Շատ հրաշալի համերգ է: Ֆանտաստիկ ծրագիր է, ուր ամեն ինչ հիանալի համապատասխանում է: Երգչուհուն առաջին անգամ եմ ունկնդրում, նվագախումբըՙ Թոփչյանի ղեկավարությամբ, ծանոթ է ինձ, շատ բարձր մակարդակ ունի, շնորհավորում եմ թե՛ երգչուհուն, թե՛ նվագախմբին: Վագները շատ լավ հնչեց, զարմանալի է, թե ինչպես այդ բարդ երաժշտությունը կարող է այդքան զգացմունքայնորեն կատարվել:

Էդուարդ Թոփչյան (դիրիժոր) - Ուրախացեք, որ երկու մեծ կոմպոզիտորների Վագների եւ Վերդիի 200-ամյակն է, տխրեք, որ մեր օպերային թատրոնում չեն հնչում նրանք: «Տրիստան եւ Իզոլդան» եթե Հայաստանում կատարվի, կտեսնեն մեր թոռներն ու ծոռները: Բայց ավելի փոքր օպերաներ, ասենքՙ «Լոհենգրին», «Թռչող հոլանդացի», «Թանհոյզեր», հնարավոր է: Դա կախված է նրանից, թե երգիչների ողջ կազմը կարո՞ղ ենք գտնել: Մենք ունենք երգիչներ, որ Վերդիի ուղղվածություն ունեն, Վագներ չեն կարող երգել: Եթե Վագներ կատարենք, երգիչների ողջ կազմը դրսից պիտի բերենք: Կա այդպիսի ծրագիր, կստացվի՞, թե ոչ, չգիտեմ:

Արաքսի Սարյան (երաժշտագետ) - Հասմիկն ինձ համար շատ սիրելի անհատ է, նրան գիտեմ ուսանողական տարիներից: Պապյանն անցավ իսկական նվիրումի ճանապարհՙ նվիրում իր գործինՙ ամենաբարձր մակարդակով, իր ձայնի, երաժշտի հնարավորությունները նա պարուրեց մեծ աշխատասիրությամբ: Այսօր հպարտանալու իրավունք ունենք, որ մեր հայուհին, իսկ նա հայուհի է բառի իսկական իմաստով, շատ սերտ կպած է հայրենի հողին, իր երկրի, իր ժողովրդի ավանդական սովորույթներին եւ ավանդական նկարագրին, շարունակում է գնալ եւ լինել աշխարհում հայտնի երգչուհիներից մեկը, ամենակարեւորըՙ պահանջվող: Հասմիկը կատարելու է անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի «Պատերազմի ռեքվիեմը»: Դա ժամանակակից բարդ ստեղծագործություն է, որ վկայում է, թե որքան մեծ են նրա ռեպերտուարի ընդգրկումները: Ուղղակի հիացնող է, որ Հասմիկը կարողացավ ժամանակակից ստեղծագործությունները ներկայացնել իր դասական օպերային երկացանկի ամենաբարդ ստեղծագործությունների կողքին: Ինչ վերաբերում է նրա վերջին համերգին, որ տեղի ունեցավ հուլիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, շատ կարճ ժամանակամիջոցում մտածվեց եւ իրականացվեց: Ասում եմ կարճ, որովհետեւ դրսում փորձ ունեցող նվագախմբերը, համերգային կազմակերպությունները բավական երկար ժամանակ են տրամադրում Վերդի կամ Վագներ կատարելու համար: Համերգը շատ մեծ գեղարվեստական ներգործություն ունեցավ մեր ունկնդրի վրա, դիտում էի դահլիճը եւ տեսնում, որ ունկնդիրը երաժշտական չէր, որ կարող էր հեշտ հասկանալ Վագներ, Վերդիին ավելի հեշտ է հասկանալ, այդուհանդերձ հանրությունը շատ բարձր գնահատեց համերգը: Ուզում էի, որ Պապյանն ունենար այնպիսի համերգ, ուր ամբողջապես կներկայացվեր նրա երգչուհու կարողությունները: Հասմիկ Պապյանը շատ ամբողջական երգչուհի է, կոմպոզիտորի ոճը, իր ձայնային կարողությունները կուլտուրայով ցուցադրելու շնորհքն ու խելքն ունի, որ շատ մեծ բան է: Երբ երիտասարդ էի, ասում էին, թե երգչուհուն շատ խելք պետք չէ: Բայց արի ու տես, որ շատ պետք է: Դրա օրինակները ունենք, չեմ կարող չհիշել Զարուհի Դոլուխանովային, որը նույնպես շատ մեծ նվաճումների հասավ, որովհետեւ խելքը նույնպես աշխատեց երաժշտական կարողությունների հետ մեկտեղ: Այսօր Հասմիկը դրա լավագույն օրինակն է, իսկ ասածիս դրսեւորումը նույն այդ համերգին տեսանելի դարձավ, որովհետեւ երգելով շատ բարդ ստեղծագործական հատվածներ ոչ միայն Վագների, այլեւ Վերդիի ստեղծագործություններից, կարողանում էր զգալ, թե ինչ է ինքը կատարում, իսկ դրանք տարբեր էինՙ ասենք Վագների մոտ դա Սենտայի հատվածն էր «Թռչող հոլանդացուց», «Թանհոյզերից» Էլիզաբեթի արիան եւ Իզոլդան, որ պետք է ասել Վագների գլուխգործոցներից է: «Տրիստան եւ Իզոլդա» ստեղծագործության էությունը առանձնանում է. սիրո եւ մահվան զուգակցման բավական բարդ հոգեբանական վիճակի դրսեւորումն իհարկե միայն մեկ արիայով կարողացանք զգալ, թե ինչպես է Պապյանը հասկանում այդ ստեղծագործությունը: Մանրամասն կուզենայի անդրադառնալ Իզոլդային: Հասմիկը վերջերս Մագդեբուրգում իրականացրեց այդ դերակատարումը, գերմանական մամուլը շատ բարձր գնահատեց այդ կատարումը: Անշուշտ կուզենայի տեսնել Իզոլդայի դերակատարումը, բայց դրա հնարավորությունը չունենք, համերգին ունկնդրելով մահերգի արիան, կարողացա հասկանալՙ ճշմարիտ է գերմանական մամուլը, երգչուհին, դերասանուհին, հասկանալով վագներյանՙերաժշտական աշխարհը հեղափոխած արվեստի առանձնահատկությունը, կարողացել է հասնել կերպարի երաժշտական ճշմարիտ մեկնաբանմանը

- Հասմիկ, հայաստանյան հանդիսատեսին համերգաշրջանի փակման դելիկատեսը Դուք մատուցեցիքՙ Ձեր հուլիսի 25-ին կայացած համերգով: Մագդեբուրգում 5 փայլուն բեմելից հետո Ձեր Իզոլդան այս համերգին հնչեց մի արիայով: «Ազգում» կայացած մեր հարցազրույցում խոսում էինք Վագների այդ օպերան համերգային կատարմամբ այստեղ հնչեցնելու հնարավորությունների մասին: Դուք հայ ունկնդրին արդեն տվեցիք առիթն այն պահանջելու:

- Երբ Մագդեբուրգում փորձում էի Տրիստանը եւ ընդհանրապես Իզոլդայի կերպարի վրա աշխատելու ընթացքում անընդհատ միտքս այն էր, թե ինչպես կարելի է այս ստեղծագործությանը հաղորդակից դարձնել հայ հանդիսատեսին, հայ դասական երաժշտություն սիրող մարդուն: Հետո երբ երգեցի, ավելի ամրացավ եւ վերջումՙ ուղղակի մնաց երազ: Բայց որ դա այդքան արագ, ինչ-որ չափով կկարողանա իրականություն դառնալ, չէի կարող անգամ երազել: Պատահականությունն իր դերը խաղաց. Թոփչյանի առաջարկին ասացիՙ շատ հոգնած եմ, պիտի հանգստանամ, այս կարճ ժամանակում չեմ կարող: Ասացՙ ինչ-որ բան երգիր, ինչ որ մի հատված: Ասացի 1 օր ժամանակ տուր ինձ, երբ տուն եկա, մտածեցիՙ եթե մի բան պիտի երգեմ, պիտի լինի կարեւոր եւ գեղեցիկ, տարբեր մի բան: Եվ իհարկե միտքս կանգ առավ Վերդիի եւ Վագների վրա: Շատ ուրախ եմ, այդպիսի ընդունելություն չէի սպասում. ամենակարեւորը, որ ունկնդիրը շատ բազմաշերտ էր, մարդիկ կային, որ կարող եմ ասել ոչ թե Վագներ, այլ երեւի դասական երաժշտություն էլ չէին լսել: Եկել էին պատահական կամՙ հետաքրքրասիրությունից դրդված, բայց լավ երաժշտություն լսելու, այդպիսի ծարավ ու այդպիսի ընդունելիություն, այդպիսի ծափողջույններ իսկապես չէի սպասում: Իսկապես երջանիկ եմ եւ գոտեպնդվածՙ 90- ից ավել երաժիշտ հայոց բեմի վրա... Գիտե՞ք ինչը ինձ նաեւ ոգեւորեցՙ այդ միասնականությունը, առանց միասնականության հնարավոր չէր այդ գործը գլուխ բերել: Զգացի, որ մեծ էր գործը կատարելու պատվախնդրությունը: Ինձ համար շատ խորհրդանշական էր, շատ կարեւոր, արդիականՙ այսօրվա փոքրիկ Հայաստանը խորհրդանշող դահլիճ էր, ավելի ճիշտ վաղվա Հայաստանն էր, որ տեսա եւ թեւեր առա:

- Վերդին Ձեր մատուցմամբ քիչ թե շատ ծանոթ էր հայաստանյան ունկնդրին, նույնը չի կարելի ասել Վագների մասին: Երաժշտագետների կարծիքն եմ փոխանցում ընտրել էիք շատ բարդ դերեգեր: Ինչն էր պատճառը այդպիսի ծրագիր ընտրելու:

- Ավելի հարմար կտորներ չկան Վագներից: Ինչպես գիտենք, Վագները ավարտուն արիաներ չի գրել: Դրանք համերգային կատարման համար ամենահարմար կտորներն էին: Պիտի ասեմ, որ իմ ընտրածները դեռ շատ մատչելի էին

- Մենք չանդրադարձանք նրան, որ Դուք հայ կատարողական արվեստը հարստացրեցիք Վագների Ձեր մեկնաբանությամբ: Սա հնարավոր է, որ շարունակություն ունենա: Կարծեմՙ հայ երգչուհիները Վագներին շատ չեն անդրադարձել: Դուք, թերեւս, Իզոլդա կատարած առաջին հայ երգչուհին եք:

- Ինչքան գիտեմ, հայ երգչուհիներից Վագներ է կատարել միայն Լուսին Ամարան: Նա երգել է Էլիզաբեթ («Թանհոյզեր»), երգել է Լոհենգրին: Շարունակություն իհարկե կարող է ունենալ, բայց մինչ Վագները ունենք մի բաց տարածք, որ թողել ենք այս տարիներին, եւ սկզբում դա պիտի լրացնենք: Օպերային թատրոնը նախեւառաջ պիտի համալրի իր խաղացանկըՙ Մոցարտ, Պուչչինի... Կան ներկայացումներ, որ այստեղ չեն բեմադրվել շատ երկար ժամանակ չկա բելկանտո, Դոնիցետտի, Վերդի... շատ աղքատ խաղացանկ կա: Եթե սրանք լինեն, կհասնենք նաեւ Վագներին, առաջին հերթինՙ համերգային կատարմամբ: Առաջարկեցի, եւ Էդվարդ Թոփչյանը շատ ոգեւորվեց:

- Առաջիկա Ձեր համերգը Ավստրիայում է սեպտեմբերի 25-ին: Երգելու եք Բենջամին Բրիտենի «Պատերազմի ռեքվիեմը»ՙ կոմպոզիտորի 100- ամյակի առիթով: Հայաստանյան ունկնդրին կենդանի մեկնաբանմամբ այս ստեղծագործությունը ծանոթ չէ:

- Ծանոթ չէ, բայց Բրիտենը եղել է Հայաստանում Դիլիջանի կոմպոզիտորների տանը, ուր կա նաեւ նրա հուշատախտակը: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում «Պատերազմի ռեքվիեմը» ընդհանրապես քիչ է կատարվում: Սա 100- ամյակի շրջանակներում է: Ցավոք սրտի, պատերազմի թեման շատ արդիական է: Պիտի երգեմ պատերազմի մասին, բայց խորհուրդն իհարկեՙ խաղաղությունն է: Անդադար աղոթում եմ մեր երկրի խաղաղության համար նախեւառաջ եւ հուսով եմ, որ ձայնս կհասնի Աստծուն:

- Անդրադառնանք Բրիտենին: Ենթադրում եմ Դիլիջանի կոմպոզիտորների տունը պահածո կլինի Բրիտենի հիշատակը: Հնարավոր է առաջիկայում 100- ամյակի շրջանակներում հնչեցնեք նրան հայաստանյան բեմում:

- Իմ դերակատարումն այս գործում այնքան էլ մեծ չէ: Ընդամենը մեներգիչներից մեկն եմ, կա հսկայական նվագախմբային կազմ, երգչախումբ: Դժվար է անել, չնայած ցանկության դեպքում, իհարկե կարելի է: Բայց մինչ Բրիտենը կան ուրիշ գործեր, որ ցանկալի է հնչեն:

- Դեռ 10 տարի առաջ մեր զրույցներից մեկում խոսում էիք Իզոլդա երգելու երազի մասին: Մի քանի օրից սակավ հնչող Բրիտենի ռեքվիեմն եք կատարելու: Մարտահրավերներին ընդառաջ գնալու ցանկությունը դեռ չի՞ սպառվել: Որն է հաջորդը:

- Այդ օվկիանոսն այնքան անհատակ է: Ամեն ստեղծագործություն ընտրելիս ասում եմՙ սա վերջինը կլինի, բայց գայթակղությունները մեծ են, կան առաջարկներ, պիտի կարողանամ շարունակել այնքան, ինչքան իմ պատկերացմամբ դեռ կարող եմ կանգնել բեմումՄագդեբուրգում Իզոլդան երգեցի ճապոնացի շատ լավ դիրիժորի հետ Կիմբո Այշիի Էտո (Kimbo Ishii-Eto): Բայց հաջորդ երազս է Իզոլդան երգել գերմանացի դիրիժոր Քրիստիան Թիլեմանի հետ (Christian Thielemann, «Ով այսօր «Վագներ» է ասում, նկատի ունի «Թիլեմանին», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ», 23.07.2013- Ան.Հ.): Նկատի ունենալով գերմանացու լեզվամտածողությունը, հետաքրքրական կլինի, թե ինչ կարող եմ նրանից վերցնել:

- Ձեր երկրպագուներից մեկը հարցրել էր, երբ եք հայ ժողովրդական երգ կատարելու:

- Հայ ժողովրդական երգ հրապարակավ չեմ երգել, բայց միշտ մտմտում եմ քթիս տակ:

- Եվ որ երգն եք առավել հաճախ երգում:

- Ամեն ինչՙ սկսած մեր շարականներից, միջնադարյան տաղերից, Կոմիտաս: Շատ եմ սիրում Սայաթ-Նովա, աշուղական երգեր, Ջիվանի, Շերամ, բայց քանի որ մյուսներն էլ երգում են եւ լավ են երգում, չեմ պատկերացնում, թե կարիք կա, որ ես էլ երգեմ: Մանավանդ երիտասարդները շատ լավ են երգում:

- Անուններ չեք ասի:

- Օրինակ Մհերը: Նա ուղղակի լավ երգիչ է: Բաբաջանյանը նրա կատարմամբ շատ հավանեցի

- Հասմիկ, Դուք առաջին կատարողն եք եղել նաեւ արդի շատ հեղինակների, օրինակՙ Տիգրան Մանսուրյանի չարենցյան շարքի: Էլի կան իրենց բեմելին սպասող դեռեւս չկատարված ստեղծագործություններ:

- Կան: Չգիտեմ որտե՞ղ,ե՞րբ, բայց օրինակ Գեղունի Չթչյան պիտի երգեմ անպայման: Ընդհանրապես հայ կոմպոզիտորներին շատ եմ երգել դեռ ուսանող տարիներից Վահրամ Բաբայան, Էդգար Հովհաննիսյան, նա ինձ է նվիրել իր 3 ռոմանսը, որին շատ կուզենամ նորից անդրադառնալ: Էդվարդ Միրզոյան, Յուրի Հարությունյան, Իզաբելա Ռազովա, Ստեփան Լուսիկյան, Հարություն Դելալյանիցՙ մի փոքրիկ ստեղծագործությունՙ Դրամատիկ կանտատ, Էդվարդ Հայրապետյան, Աշոտ Զոհրաբյան: Այս ցանկը շատ -շատ երկար է, ֆոնդում բավականին ձայնագրություններ էլ կան: 1992-ին երգեցի Արամ Խաչատրյանի 3 համերգային արիաները, որ 1942 թվականին Մակսակովայից հետո ոչ ոք չէր երգել: Իմիջիայլոց դա այստեղ ֆիլհարմոնիկի հետ վերջին ելույթս էր: Բացի Գեղունի Չթչյանից, Նուբար Ասլանյանին խոստացել եմ կատարել իր ստեղծագործությունները: Համբարձում Պերպերյանի ողջ ժառանգությունը ստացել եմ նրա որդուց, ինձ է ուղարկել համարյա բոլոր ստեղծագործությունները, իրավունքները: Ստեղծագործություններ կան, որ դեռ չեն հնչել, ժամանակ է պետք, որ ես դրանցով զբաղվեմ: Դրա ժամանակը դեռ չի եկել:

- Քանի որ Դուք հետամուտ եք եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն անընդհատ հնչեցնելուն, Ձեզ մեր ռադիոն չի առաջարկել դրանք ձայնագրել, իր պահոցը հարստացնել:

- Որոշ բաներ կան, ամբողջն իհարկեՙ չէ: Հայրապետյանի գործը երգել եմ օրինակ Տալլինում, փառատոնինՎահրամ Բաբայանի ստեղծագործությունը երգել եմ Օդեսայի նվագախմբի հետ, այստեղ, սրա ֆոնդային ձայնագրությունը կա: Այն ժամանակ կոմպոզիտորների միությունը շատ հարուստ էր, այդ ստեղծագործությունները չէին մնում դարակներում, երգվում, կատարվում էին միության դահլիճներում: Այն ժամանակ երգել եմ, բայց ի՞նչ է ձայնագրվել, տեղյակ չեմ:

- Փառատոներով հարուստ Երեւանում ինչ կուզենայիք տեսնել, որ չկա:

- Շատ կուզենայի, որ ամառային ամիսներին մշակութային կյանք լիներ ՀայաստանումԱյստեղ բացօթյա վայրերում փառատոններ անցկացնելու բացառիկ հնարավորություն կա: Արամ Ղարաբեկյանը դա հրաշալի իրականացնում էր Գառնիում, Շուշիում, Զվարթնոցում: Պետք է շարունակել, դրանով կարող ենք զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Ունենք շատ լավ ձայներ, եւ օպերային վերազինված դահլիճում ավելի հաճախ պիտի երգեն: Չեմ կարողանում հասկանալՙ ինչո՞ւ են տարին մեկ անգամ երգում, որտե՞ղ պիտի աճեն մեր երգիչները: Պակասում է երիտասարդ սերնդի հանդեպ համատարած ուշադրությունը: Մեր հողը շատ բերրի է, անսահմանափակ ծիլեր է տալիս, պարզապես նրանց հանդեպ պետք է լինի պետական հոգածություն: Ինձ չի անհանգստացնում, թե նրանք դուրս են գնալու, այդպես պիտի կայանան, ինքնահաստատվեն, բայց այստեղի պարարտ հողը նրանց պիտի պատրաստի դրսում ներկայացնելու համար: Նրանք կարող են գնալ, վերադառնալ, տարին 2 անգամ երգել, նվագել, իրենց փորձը ցույց տալ:

- Հայաստանը միշտ Ձեր թիկունքն է եղել, եւ Դուքՙ Հայաստանի թիկունքը, իմ կարծիքով: Այդ երկուսի արանքում ինչ կա պակաս, որ կուզենայիք Հայաստանում ապրելով լրացնել:

- Հայաստանում ապրելով նախեւառաջ իմ անձնական հոգու, սրտի, մտքի ծարավը պիտի լրացնեմ, դա իմ բացթողումն է, իմ կորուստը: Հայաստանը ոչինչ չի կորցնում: Որեւէ խնդիր չկա ինձ համար, միայն դստերսՙ Սիրանույշի դպրոցի հարցն է: Դժվար եմ պատկերացնումՙ ինչպե՞ս կտրել նրան կես ճանապարհին իր միջավայրից: Պիտի սպասեմ, մինչեւ ավարտի դպրոցը: Բայց ես հիմա ավելի հաճախ պիտի գամ Հայաստանՙ իրականացնելու իմ ծրագրերըՙ տարբեր առիթներով երգելու, տարբեր փառատոնների մասնակցելու: Այսպիսովՙ ապահովելով իմ վերադարձը:

- Սա ուրիշների համար վերադարձի լավագույն գովազդն է, չէ՞:

- Շատ անհատական հարց է: Եթե իմ օրինակով մարդիկ չգնան Հայաստանից, իմ մեծագույն հաղթանակը կհամարեմ:

25 հուլիսի 2013 թ.

Նկար 1. Հասմիկ Պապյանին Փարաջանովի ստեղծած գլխարկով տեսնելու փաստ է դարձրել Զավեն Սարգսյանը, օգոստոս, 2013 թ.: Լուսանկարը տպագրվում է առաջին անգամ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 28-09-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.